«Թմկաբերդի առումը» Արթուր Սարգսյանի բեմադրությամբ

poeziayi-tatron
    Պոեզիայի թատրոն, տեսակ, որը իր ժանրային բարդություններով է առանձնանում, պահանջում թատրոնի և գրական ստեղծագործության նուրբ զգացողություն, պրոֆեսիոնալ կատարում: Արթուր Սարգսյանի շնորհիվ մենք այսօր մեծ հպարտությամբ խոսում ենք հայ թատերական մշակույթի մի նոր ու վառ երանգի` «Պոեզիայի թատրոնի» մասին:
    Դերասան Ա. Սարգսյանը իր ուսումնառությունը ավարտելով Հրաչյա Ղափլանյանի մոտ` նրա հրավերով անմիջապես աշխատանքի է անցնում Դրամատիկական թատրոնում: Այնուհետև, դերասանը երկար տարիներ անցնում է հանգստի, որից հետո նոր եռանդով վերադառնում թատերական գործունեության: Տքնաջան աշխատանքի արդյունքում այս արվեստագետին հաջողվում է հիմնել Հայաստանում նմանը չունեցող թատրոն` «Պոեզիայի թատրոն»-ը: Թատրոն, որը շուրջ տասնամյա գոյության ընթացքում իր սրբազան պարտքն է դարձրել մեծանուն հայերի պոեմները բեմ բարձրացնելը, նրանց վառ հիշատակը անմահ պահելը, մարդկային վեհ, առաքինի արժեքներով նոր սերնդին կրթելը:
    Ժողովրդականություն վայելող թատրոն, որը պոեզիայի իր առավել պատկերավոր ու դյուրընկալ կերպավորմամբ հասանելի դարձավ միաժամանակ թե´ դպրոցական և թե´ հասուն հանդիսատեսի համար: Այսօրվա հենց այս հանդիսատեսն է, որ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ ողջունում է թատերարվեստի այս տեսակը, անհամբերությամբ սպասում առավել հաճախակի կրկնվող հանդիպումների: Այս փաստն արդեն անվիճելիորեն խոսում է այս` իր տեսակի մեջ եզակի թատրոնի մեծ ու անփոխարինելի դերի, նվաճած հաղթանակի մասին: Սակայն այսօր մենք ցավալիորեն կանգնած ենք մի փաստի առջև` դա թատրոնի սեփական տանիքի բացակայությունն ու սուղ պայմաններում առանց պետական աջակցության մեծ նվիրումով աշխատելն է, բարձրարժեք արվեստ ստեղծելը:
tmkaberdi-arumy    Դերասան Ա. Սարգսյանի գեղարվեստական խոսքն անբռնազբոս է, անմիջական, հավասարակշռված, նա, ասես, խոսքը խաղարկում է` իմաստավորված պատկերի վերածելով: Ա. Սարգսյանը աչքի է ընկնում հզոր ու ծավալուն ձայնով, պատկերավոր և կերպարային խոսքով, ինքնաբուխ ու անմիջական կատարմամբ: Նրա կոմպոզիցիոն կատարումները էպիկական են, մասշտաբային: Կատարող-դերասանին տեսնում ենք որպես Աբու-Լալա Մահարի, Կոմիտաս, հեղինակ կամ մարդ, ով տարիների հեռվից իր ուղին է քննում ներքին մի զսպված խռովքով` իր ուրույն պայքարով:
    «Պոեզիայի թատրոնը» իր մեջ ներդաշնակ կերպով սինթեզում է երաժշտությունն ու պարը: Արդյունքում ստեղծվում են կուռ գրական-երաժշտական, թատերային ու պարային կոմպոզիցիաներ, որոնք կենդանություն են առնում որոշակի բեմական միջավայրում ու գեղագիտական հաճույք փոխանցում:
   Նորից է բացվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վարագույրը: Եվ նորից Ա. Սարգսյանն է բեմում:  Տեսնես ով է  խորքում բազմած այն լայն ու երկար վերնազգեստով, սանդալներով պարոնը: Ա՜խ, այո՛, չէ՞ որ Աշուղն է` Թումանյանի Աշուղը: Ուրիշ էլ ո՞վ իրեն ունկնդրելու նման հորդորով հանդես կգար, էլ ու՞մ խոսքը կսլանար «քաջ որսկանի գյուլլի պես»,  եթե ոչ` նրա:
    Հասկանալի է` բեմ է բարձրացել «Թմկաբերդի առումը» պոեմը: Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակին նվիրված այս բեմադրությամբ Ա. Սարգսյանը բոլորովին նոր բեմադրական համակարգ ու մոտեցում է բերել, ներկայացել առավել լայնամասշտաբ աշխատանքով: Արդեն որերորդ անգամ նկատելի է ռեժիսորի կողմից տեքստին ցուցաբերած խնամքով ու նուրբ աշխատանք և դրա շուրջ ծավալվող վառ երևակայություն: Բեմադրիչը բեմ է բերել պոեմի բոլոր հերոսներին, ովքեր էլ ներկայանում են պարային համարներով: Մասսայական տեսարանները` զորքերի բախման և խրախճանքի, օպերային թատրոնի սկզբունքով է բեմադրել: Թատրոնի այս տեսակն են հիշեցնում նաև պոեմի գլխավոր հերոսների մի շարք հանդիպումներ: Սա, իհարկե, նոր և միանգամայն ողջունելի խոսք է թատերարվեստի այս տեսակում:  
    Աշուղ-Սարգսյանը իր հանդիսատեսի հետ զրույց է ծավալում անմիջական ու մտերմիկ տոնով: Իրազեկելով տեղի ունեցող դեպքերի մասին՝ նա միևնույն ժամանակ «կազմակերպում է» հերոսների մուտքերը: Այս Աշուղը յուրաքանչյուր հերոսի նկատմամբ իր սեփական և հատուկ վերաբերմունքն ունի, որն արտահայտվում է ձայնային բնորոշող նրբերանգներով: Աշուղը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում նաև տեղի ունեցող բոլոր իրադարձություններին: Եթե տվյալ տեսարանը ճակատամարտի մասին է, նա խոսքը զենք է դարձնում, դուրս գալիս պայքարի, եթե դավի, նրա խոսքը վերածվում է կոչնակի ու ձայնում աղեկտուր, ահաբեկված, լացակումած: Եթե խրախճանք է, Ա. Սարգսյանի շուրթերից հնչող բառերը ստանում են հեղեղի պես հոսող գինու խոխոջյունն ու բեմից ցած հոսում: Այսպիսով, նա մե՛կ թևաթափ փիլիսոփայում է կյանքի անցողիկության մասին, մե՛կ վշտից գլուխը ձեռքերի մեջ առած ու խեղճացած՝ այս ու այն կողմ նետվում, մե՛կ պայքարի դուրս գալիս, մե՛կ ցնծում հաղթանակած,  մե՛կ էլ...
    Թե´ բեմադրական և թե´ կատարման առումով հզոր կուլմինացիոն տեսարան էր Աշուղի կողմից չարի դեմ խոսքով պայքարի դուրս գալու տեսարանը: Այստեղ հզոր տարերքով բառերը իրար են բախվում, ճակատամարտում, ձորեր թնդանցում: Ա. Սարգսյանի բեմական կեցվածքը մատնում է մի աներևույթ ուժի դեմ ելած մարդու մասին , ով չի երկնչում ու հաղթանակած է ի սկզբանե:    
Հանգիստ, նուրբ ու քնարական երանգով է Աշուղը բեմ «հրավիրում» Թմկա տիրուհուն /Աննա Կարապետյան/: Նա ալ կարմիր և սև գույների համադրությամբ շրջազգեստով է, որը,  խորհրդանշելով արյուն ու մահ, հանդիսատեսին հուշում է կերպարի հետագա ճակատագիրը: Պարը դառնում է հիմնական արտահայտչամիջոց` բացահայտելով հերոսուհու ներաշխարհը, կերպավորում ջավախքի դստեր` Աշուղի խոսքերից գերվելը, տատանումները, կասկածները, բայց և թագ կրելու փափագի հաղթանակը: Բավական անկոտրում կեցվածքով է այս «սևաչյա մատնիչը» գնում մահին ընդառաջ, բայց և նկատելի է սիրտը ամոքող ինչ-որ վիշտ:
    Աշուղի խրոխտ ու մարտական տրամադրություն մատնող խոսքը իր հետ բեմ է «բերում» Թմկաբերդի իշխանին /Սևակ Ավետիսյան/: Սիրուց խենթացած, հաղթանակով արբեցած այս քաջը այնքան հպարտորեն է ետ նետում թիկնոցի փեշն ու վերցնում գինու գավը, որ միայն հիանալ կարելի է: Դերասանը լիարժեք գիտակցում է իր քաջ հերոսի ճաշակած ողջ բերկրանքը, և նրա պարում ճախրանք է նկատվում, և նրա պարում խանդաղատանք է նկատվում, վստահություն է նկատվում: Առանց թրի՝ մարտում հաղթելու պատրաստ այս հերոսը նույն բերկրանքն էլ սրտում հրաժեշտ է տալիս կյանքին: 
    Աշուղը վրդովված է: Չար ու դաժան դեմքի արտահայտությունը մատնում է Նադիր Շահի գալուստը: Շահը /Սարգիս Հակոբյան/ տիրական, խրոխտ կեցվածքով է: Թիկնոցի խաղարկումը և դեմքի արտահայտությունը, միանալով պարին, ամբողջական են դարձնում նրա կերպարային նկարագիրը: Դերասանը կերպարի պատմությունը զարգացնում է աստիճանական: Սա այն Շահը չէ, ով հեշտորեն կարող է կուլ տալ Աշուղի գովեստները: Նադիրը սկզբում անտարբեր է, նույնիսկ մեջքով շրջված, պատրաստ՝ հեռանալու: Այնուհետև քիչ-քիչ նրա ուշադրությունը գրավում են սևաչյա գեղեցկուհուն փառաբանող խոսքերը, և ի վերջո վերջինիս գլխում սկսում են պտտվել նենգ մտքեր, ու նա վճռական  հրահանգ է տալիս:
Գործողության մեջ խնամքով ներգրավված են նաև էպիզոդիկ կերպարները, ովքեր կոչված են Թաթուլի գովքն անելու:
    Իրադարձությունները զարգանոմ են Թմկաբերդի պարիսպների մատույցները հիշեցնող ձևավորման ներքո:
    Երաժշտական ձևավորումը /Մարգարիտա Սարգսյան/ թույլատրում է կանխատեսել կատարվելիք իրադարձությունները, նաև բխում` տեղի ունեցող անցքերից, արձագանքում հերոսների հոգուն:
    Ճախրանք… Խոսքերի, մեղեդիների մի յուրօրինակ ճախրանք… Հոգիդ իր հետ դեպ գունեղ հեռուները տանող ճախրանք… 
 
Ռուզաննա Առաքելյան
թատերագետ