Թմբուկային մնջակատակներ Ճապոնիայից

hayfest3

    Անդրադարձ «Հայ ֆեստ» միջազգային թատերական 10-րդ փառատոնին
    Պատկերացրեք բեմականացված համերգ, հնչյունային ու պլաստիկ լուծումներ, կատակային դրվագներ, պարով համեմված երաժշտական կատարումներ, թեթևակի կլոունադա, խաղ դահլիճի հետ. կարծես հատուկ փառատոնի բացման համար նախատեսված, դրայվ հաղորդող, թեթև ներկայացում: Մի քանի հայերեն նախադասություն էլ ճապոնացի արտիստներից, և հայ հանդիսատեսը հրճվանքի մեջ է: Այսպիսի ոգևորություն մեր դահլիճներում ամեն օր չես տեսնի: Ճապոնական ուրախ հեքիաթը ստիպեց հայ հանդիսատեսին խախտել իր «սառնարյուն հանդիսատեսային դիրքը» և ուրախանալ: Թմբուկների ձայնն այնքան հզոր էր, որ ոսկորներդ դղրդում էին ուժգնությունից, ասես հին, սովետական գնացքի մեջ լինեիր: Բեմից եկող այդ կատաղի ձայնային բարձրությունը նման էր շոկային թերապիայի, որը միանգամից սթափեցնում է, մի վայրկյանում մոռացության է մատնում hf1ամեն ինչ: Սակայն դժվար է, իհարկե, այս ելույթը ներկայացում անվանել… Առաջադեմ թատերասերները կընդդիմանան, կասեն՝ սա ժամանակակից թատրոն է: Թատրոնը մի կարևոր առաքելություն ունի, անկախ ժանրից՝ նա մի հատուկ գաղափար է փոխանցում մեզ, նա գալիս է փոխելու մեր ներսում փոքրիկ կամ մեծ մի մասնիկ… իսկ այստեղ միայն զվարճանք է, կրկեսային փայլուն ելույթ: Անկասկած ամեն մի կատակը, ամեն մի հնչյունային լուծումը արդարացված էր և տրամաբանորեն լուծված, արտիստները իդեալական ֆիզիկական պատրաստվածություն ու անմարդկային, անսպառ էներգիա ունեին, ամեն ինչ այնքան գունեղ էր և այնքան շլացնող, բայց… Բայց մի տեսակ դատարկություն է մնում էս ամենից հետո: Մեծ աղմուկ ոչնչից…  
hayfest2    Եթե չլիներ այդ անդադար կոնտակտը դահլիճի հետ, եթե արտիստներն անխոս մնային մինչև ներկայացման ամենավերջին պահը և չխախտեին մարդկային լռության խորհրդավոր սահմանը, ելույթը շատ ավելի ձգող կլիներ: Ինչևէ, կարմիր թմբուկների այս «կատակերգությունը» թարմություն էր մեր քաղաքի համար: Իսկական տոն էր, իսկական անակնկալ: Շնորհակալ ենք Ծագող արևի երկրի մեր բարեկամներին:

                                                                                                             Անի Հակոբյան, կինոգետ (2012թ.)