Կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցույթի արդյունքները

Caxkadzor 29.09.12 03

    Հոկտեմբերի 2 -ին Կամերային երաժշտության տանը կայացավ երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցույթի 2-րդ փուլը: Այն անցկացրեց «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամը և Հայկական Երաժշտական Համաժողովը:
    Մրցույթն ընթացավ 2 փուլով` ընտրական և եզրափակիչ: Ընտրական փուլը կայացավ սեպտեմբերի 3-ին, որտեղ ստեղծագործություններն ընտրվեցին ժյուրիի` կողմից ըստ ներկայացված նոտաների, որի արդյունքում եզրափակիչ փուլ անցան 14 կոմպոզիտորից 6-ը, յուրաքանչյուրը մեկական ստեղծագործությամբ:
    Մրցույթի կազմակերպիչն էր կոպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Լևոն Չաուշյանը: Ժյուրիի անդամներն էին` Վահրամ Բաբայան (կոմպոզիտոր, ժյուրիի նախագահ), Արմինե Գրիգորյան (դաշնակահարուհի), Ռոմեն Դավթյան (կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր), Սուրեն Զաքարյան (կոմպոզիտոր) և Մարգարիտ Կանայան (դաշնակահարուհի):
    Եզրափակիչ փուլի մասնակիցներն էին Արսեն Բաբաջանյանը, Ալեքսանդր Իրադյանը, Դավիթ Պիվազյանը, Հեղինե Սարգսյանը, Ժիրայր Շահրիմանյանը և Շուշան Սարգսյանը:
    Առաջին բաժնում հնչեց Դավիթ Պիվազյանի Տրիոն`դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար: Կատարողներն էին` Դավիթ Պիվազյան (ջութակ), Անժելա Սարգսյան (թավջութակ), Վարդուհի Հակոբյան (դաշնամուր): Ստեղծագործության մեջ գրեթե ամեն ինչ մտածված էր և ճիշտ կերպով հաշվարկված: Բացահայտ էր գործիքներից ջութակի «գերիշխանություն»-ը, որն ամեն կերպ փորձում էր ցուցադրել իր տեխնիկական հնարները` առաջացնելով անհավասարակշռություն: Այս ամենը հանգեցրեց նրան, որ իրապես տուժեց ստեղծագործության զգացմունքային ոլորտը: Ինձ համար ասելիքը չհասավ իր նպատակային վերջնակետին:
    Հաջորդեց Ալեքսանդր Իրադյանի «Պայմանականություններ» ստեղծագործությունը` ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար: Այն կատարեցին Արամ Ասատրյանը (ջութակ), Լևոն Առաքելյանը (թավջութակ) և Ալեքսանդր Իրադյանը (դաշնամուր): Այստեղ նկատվեց իրապես արված աշխատանք, որտեղ մանրակրկիտ կերպով հաշվարկված էր ամեն մի դետալ: ժամանակակից երաժշտության մեջ այդքան տարածում գտած տարաբնույթ էֆեկտներ, որոնք այս դեպքում մի փոքր չափն անցան: Հեղինակը ամբողջությամբ հավատում էր իր ստեղծած աշխարհին, իհարկե պատրաստված ունկնդրի համար Ալեքսանդրը ոչ մի նորություն չբացահայտեց, բայց որպես երիտասարդ կոմպոզիտոր, իրեն ցուցադրեց բոլորովին այլ գունապնակով:
    Առաջին բաժինը եզրափակեց Ժիրայր Շահրիմանյանը` ներկայացնելով լարային կվարտետ: Կատարողներն էին`Թերեզա Նաչարյան (1-ին ջութակ), Լիլիթ Խաչատրյան (2-րդ ջութակ), Յանա Դարյան (ալտ), Լևոն Առաքելյան (թավջութակ): Եթե Դավիթ Պիվազյանի Տրիոյում տեղ-տեղ զգացվում էր զգացմունքայնության կորուստ, Իրադյանի «Պայմանականություններ»-ում տեղ-տեղ կար զգացմունքայնության գերազանցում (որն ինձ համար ավելի նախընտրելի է), սակայն այս դեպքում ամեն ինչ ավելի վատ էր: Բացակայում էր հուզականությունը, չկար դրամատուրգիկ մտածողություն և անhասկանալի էր, թե ինչով էր պայմանավորված ստեղծագործության մեկնարկից մինչ ավարտը թավջութակահարի ջանասիրաբար չափ տալը, որին 2-րդ մասից միացավ նաև ալտահարուհին: Կվարտետի 4-րդ մասը չուներ ոչ մի ընդհանուր տրամաբանական գիծ, ասելիքն անհասկանալի էր:
    Երկրորդ բաժինը սկսվեց Շուշան Սարգսյանի «Արևելք և Արևմուտք» ստեղծագործությամբ, գրված հայկական վիոլայի, թավջութակի, զանգակների և դաշնամուրի համար: Կատարողներն էին Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Անահիտ Դիլբարյանը (զանգակներ և դաշնամուր): Նախորդող ստեղծագործությունների համեմատ այստեղ տեսնում ենք բոլորովին այլ գեղագիտություն, մտածողության ինքնատիպություն: Արևելքի և արևմուտքի հանդիպում միևնույն դահլիճում, որտեղ ունկնդրին հնարավորություն տրվեց վայլելու, զմայլվելու հնչյունների գեղեցկությամբ: Գնահատելի էր կատարողների տարվածությունը ստեղծագործության դրամատուրգիայով, որն էլ ավելի վառ կերպով արտահայտեց հեղինակի երաժշտության նուրբ երանգները:
    Այնուհետև հաջորդեց Արսեն Բաբաջանյանի Շարքը` ջութակի և դաշնամուրի համար: Կատարողներ` Արամ Ասատրյան (ջութակ) և Լիլիթ Դումանյան (դաշնամուր): Մինչ երաժշտությանն անդրադառնալը կցանկանայի նշել այն փաստը, որ այս երեկոյի շրջանակներում հնչած ստեղծագործություններից ամենաանսամբլիկ համարն էր, որտեղ ակնհայտ էր կատարողների փոխհամաձայնությունը միմյանց միջև: Դաշնամուրի և ջութակի հնչողության կատարյալ ներդաշնակություն և միաձուլում: Լակոնիկ կերպով գրված այս հինգ մասանի շարքում կար ճիշտ զգացմունքային շեշտադրություն, «զուսպ» դրամատիկ մտածողություն, մեղեդիական նյութի ծորունություն և յուրահատուկ հանդարտության մեջ գրավիչ շարժողականություն:
    Համերգը եզրափակեց Հեղինե Սարգսյանը` ներկայացնելով կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, գալարափողի և ֆագոտի համար: Կատարեցին`Տիգրան Գևորգյան (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյան (հոբոյ), Վյաչեսլավ Մանուչարյան (կլարնետ), Անդրանիկ Քոչարյան (ֆագոտ), Էնրիկ Կամարասա (գալարափող), Վարդուհի Մինասյան (դիրիժոր): Այս համարն, ի տարբերություն նախորդի, աչքի չընկավ կատարողների հմտությամբ, որն էլ բերեց ստեղծագործության սխալ ընկալման: Կվինտետը գրված էր հատուկ հնարների և նրբագծերի հաշվարկումով, բայց դիրիժոր Վարդուհի Մինասյանի ղեկավարությամբ և կատարողների մեկնաբանությամբ ունկնդիրը ստացավ միայն մոտավոր պատկերացում: Զգալի էր կոմպոզիտորի մտահաղացումների և կատարողական անձնակազմի ընկալման անհամաձայնություն, որից էապես տուժեց բավականին հետաքրքիր ստեղծագործությունը:
    Մրցույթի արդյունքները հայտարարվեցին համեգի ավարտից 10 րոպե անց, իսկ մինչ այդ ունկնդիրը հնարավորություն ուներ քվեարկելու իր նախընտրած մասնակցի օգտին: Ինչևէ: Արդյունքները հաղորդեց ժյուրիի նախագահ Վահրամ Բաբայանը: Առաջին տեղում էր Ժիրայր Շահրիմանյանը, 2-րդ մրցանակ Ալեքսանդր Իրադյան և 3-րդ մրցանակը կիսեցին Դավիթ Պիվազյանը և Շուշան Սարգսյանը:
    Թերևս ինձ համար ամենակարևոր, նվիրական մրցանակը` հանդիսատեսի համակրանքը, հանձնվեց Արսեն Բաբաջանյանին: Մրցույթին իրենց ներկայությամբ էին պատվել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Աշոտ Զոհրաբյանը, Վարդան Աճեմյանը, Էդուարդ Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը, ունկնդրի շարքերում էր նաև Էդուարդ Թոփչյանը:
    Երևույթn ինքնին շատ գեղեցիկ էր և ողջունելի: