Ավարտվեցին Տիգրան Համասյանի վարպետության դասերը

tigran-hamasyan
    Տիգրան Համասյանին ճանաչում են բոլորը: Նա ծնունդով գյումրեցի, 25-ամյա երիտասարդ է, ով արդեն հայտնի է ամբողջ աշխարհում: Նա նվագում է, ջազ է նվագում, լավ է նվագում: Իրապես օժտված մի երաժիշտ: Մի շարք ձայնասկավառակների հեղինակ, բազմաթիվ փառատոների ու մրցույթների մասնակից և հաղթող: Առանձնահատուկ է նրա հաղթանակը 2006թ. կայացած Thelonious Monk jazz piano competition մրցույթում, որից հետո նրա կարիերան կարծես նոր թափ հավաքեց: «Հասուն և մեծ, հարուստ և խորը արտիստ», «հաջորդ Keith Jarrett-ը», «A-may-zing!», «Բրավո Տիգրան, դու խզարեցիր» և այլ նմանատիպ գովեստի խոսքեր չեմ շռայլի, դա արդեն արել են միջազգային ճանաչում վայելող բազմաթիվ արտիստներ (Chick Corea, Trilok Gurtu, Herbie Hancock, անծանոթը նախավերջին շարքից): Եթե վստահ եք, որ չեք ճանաչում Տիգրանին, Google-ը ձեզ օգնական: Տիգրան Մանսուրյանից և Տիգրան Մեծից հետո կգտնեք նրա անունը: Սակայն այժմ չենք քննարկի նրան որպես երաժիշտ, ինչը քննարկման գուցե ենթակա էլ չէ, կքննարկենք նրա տված մաստերկլասները:
    Երկար մտածում էի՝ գրե՞լ, թե՞ չգրել. վախենում էի սխալ հասկացվել, հատկապես, որ շատերը համաձայն չէին տեսանկյանս հետ, քիչ չէին նաև ասողները՝ «ի՞նչ գործ ունես», «բա քեզ պե՞տք ա», «ԾՈ ԽԵԼՌԱ՞Ր»… Ինչևէ, որոշեցի գրել՝ ելնելով Տիգրան Համասյան երաժշտի նկատմամբ հարգանքից և, հատկապես, ի հակադրություն բոլոր հիացմունքով լի հայտարարությունների, որոնց մեծամասնությունը, ցավոք, այդպես էլ մնացին առանց հիմնավորումների: Խոսքս վերաբերում է Համասյանի`  «Նարեկացի» արվեստի միությունում անցկացրած վարպետության դասերին, որոնք ընթացան հինգ օր: Միանգամից ասեմ, որ սպասելիքներն ավելին էին:
    Համընդհանուր խարազանումից խուսափելու ցանկությամբ լի կսկսեմ դրական երևույթներից և կփորձեմ հնարավորինս հիմնավորված խոսել:
    Դասընթացների լուրը արագ տարածվեց և շատ ոգևորիչ էր: Բազմաթիվ սկսնակ (և ոչ միայն) երաժիշտների և ուղղակի ջազի սիրահարների համար սա բացառիկ առիթ էր շփվելու նման բարձրակարգ երաժշտի հետ, իսկ լրագրողների մասնակցության արգելումը առանձնահատուկ հմայք և սպասում էր հաղորդել կայանալիք միջոցառմանը (չմոռանամ նշել, որ մուտքն ազատ էր): Շփումը միանշանակ կայացավ և շատ ջերմ ու ռիթմիկ ընթացքով: Տիգրանին անգամ հաջողվում էր որոշ ժամանակով պրոցեսին ներգրավել ողջ դահլիճը: Խոստովանենք, որ ծափահարելը հայերիս ամենասիրելի զբաղմունքը չէ, հատկապես, որ այս դեպքում դա հարկավոր էր անել կոնկրետ չափերի (երաժշտական չափերի) մեջ` ջազին հատուկ բազմապիսի շեշտադրական տեղաշարժերով: Բոլոր օրերին դահլիճը լեցուն tigran hamasyan-master classէր, ինչպես և սպասվում էր: Ներկաները մեծամասամբ երիտասարդ երաժիշտներ էին, բայց ուրախությամբ պետք է նշել, որ հանդիսատեսը շատ բազմազան էր թե՛ սերնդային, թե՛ մասնագիտական առումով: Բազմազան և բազմաժանր էին նաև բեմում գտնվողները: Այնտեղ կարելի էր տեսնել դուդուկահարներ, դաշնակահարներ, երգչուհիներ, քանոն, ջութակ, հարվածային գործիքներ և այլն: Դասնթացների ընթացքում Տիգրանը նաև ներկայացրեց «մելոդիկա» կամ «մելոդիոն» գործիքը`այլ կերպ ասած ստեղնաշարային հարմոն, որը շատերին անծանոթ էր: Մաստերկլասները խմբակային բնույթ ունեին և հատկապես ուշադրություն էր դարձվում միասնական աշխատանքին: Ընթացքում լսում էինք տարբեր ձայնագրություններ` հայկական և հնդկական ժողովրդական մեղեդիներից մինչև  էլէկտրոնային միքսեր: Մաստերկլասները եզրափակվեցին համասյանական իմպրովիզներով` հարուստ ռիթմիկայով, ձևի հստակ զգացողությամբ և ինքնատիպ մեղեդայնությամբ, որտեղ ցայտուն արտահայտված էր նրա հայ տեսակը: Մինչ երևանյան մաստերկլասները Տիգրանը դասեր էր անցկացրել հարազատ Գյումրիում: Այցելեց նաև Գորիս, իսկ օրեր առաջ` մայիսի 10-ին, Շուշիում անցկացրած փոքրիկ համերգով եզրափակեց վարպետության դասերի շարքը` երգչուհի Լուսինե Ազարյանի հետ համատեղ կատարելով Կոմիտասյան մեղեդիներ: «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի հյուրընկալ հարկի տակ կայացած այդ համերգը խորհրդանշական էր և ընդունվել է մեծ խանդավառությամբ: Թերևս մարզերով շրջագայելու գաղափարը նախաձեռնության ամենադրական կողմերից մեկն էր:    
    Հիմա մնացինք մենք մերոնցով:
    Որքան էլ հաճելի էր շփումը Տիգրանի և հին ու նոր ծանոթների հետ, ուսուցողական առումով մաստերկլասները շատ անարդյունավետ էին և որքան էլ կոպիտ հնչի` սիրողական: Կարծում եմ՝ Տիգրանին դեռ վաղ էր վարպետության դասեր տալը: Պակասում էր նպատակայնությունը. քիչ թե շատ պրոֆեսիոնալի համար պարզունակ էր, մյուսներին` անհասկանալի: Շեշտը ամբողջովին դրված էր ռիթմի վրա: Երկարատև ծափերի միջոցով (ընդհուպ մինչև կես ժամ) փորձ էր արվում ամրապնդել տվյալ մեղեդին և ռիթմիկ պատկերները, իսկ ընկալումն ավելի «հեշտացնելու» համար Տիգրանը որոշ գրառումներ էր անում գրատախտակին, նաև բաժանվել էին թղթեր, որտեղ կարող էիք տեսնել զրոյից ինը բոլոր թվերը` բազմապիսի կոմբինացիաներով: Նրանց, ում հաջողվեց վերծանել այս ամենը, գուցե և օգտակար եղան: Սակայն իրականում ամեն բան այնքան էլ բարդ չէր, բարդեցված էր, նման էր աջ ձեռքով (ոտքով) ձախ ականջը քորելու: Շատ չմանրանամ մասնագիտական նյուանսների մեջ, բայց համոզված եմ, որ ավանդական 4/4 կամ 6/8 չափերով շատ ավելի ճիշտ և արագ կընկալվեին բոլոր ռիթմերը և կարիք չէր լինի այդքան երկար կրկնել դրանք: Չնայած պետք է նշել, որ կրկնողությունների tigran hamasyan-master class220-րդ րոպեից ժամանակն այլևս չէիր զգում, ինչպես նաև որոշ վերջույթներ, բայց սա գուցե իմ անձնական խնդիրն էր, այդ թվում` ընթացքում սկսվող գլխացավս: Ռիթմի նշանակությունն անկասկած ամենակարևորներից է ջազում և առհասարակ ժամանակակից երաժշտության մեջ, բայց այս դեպքում հարմոնիան բացարձակապես անտեսված էր (նկատի չունեմ միայն ավանդական ակորդիկ կամ բասային հարմոնիան), ինչին անդրադարձ եղավ միայն վերջում և բավական անհարմար մատուցմամբ, քանի որ բեմը հիշեցնում էր «Պարֆյումեր»-ի վերջին տեսարանը և փոքր ինչ հապաղելու դեպքում այլևս անհնար կլիներ հասնել ռոյալին: Սա իր հերթին խոսում էր միջոցառումը վատ պլանավորելու մասին: Ինչպես արդեն նշեցի, վարպետության դասերը տևեցին հինգ օր, սակայն մոտեցման որևէ փոփոխություն կամ պրոգրեսիա չնկատվեց. նույն հաջողությամբ դասերը կարող էին ընթանալ երեք, յոթ կամ մեկ օր: Չնայած Տիգրանի անմիջականությանը և ակնհայտ ձգտմանը ջնջել «ամբիոնի կոմպլեքս»-ը՝ ուղիղ կոնտակտի մեջ մտնելով հանդիսատեսի հետ առանց աստղային հիվանդության ախտանիշների, այնուամենայնիվ չէր հաջողվում ապահովել սահուն ընթացքն ու հանդիսատեսի հետաքրքրվածությունը: Կարող եմ դեռ շատ երկար շարունակել, բայց ուզում եմ պարզ լինի, որ նպատակս փնովելը չէ: Մեծ հաշվով, Տիգրան Համասյանի այս նախաձեռնությունը անտեղի է բացասաբար դիտարկելը, թեև այն ոչ մի կերպ չէր կարելի անվանել մաստերկլաս: Դրանք հաճելի հանդիպումներ էին անշպար ջազին առնչվելու, Տիգրան Համասյանի կատարումներն ու խոսքը լսելու, ոմանց համար էլ գուցե ծանոթանալու, լուսանկարվելու կամ ստորագրություն վերցնելու հարմար առիթ: Խոսքն այնքան էլ շատ չէր, բայց խորհուրդը` ուղղված դասական երաժիշտներին լինել ավելի ազատ և հենվել լսողության վրա, այլ ոչ նոտաների, սրտովս էր: Ես էլ իմ հերթին ուզում եմ խորհուրդ տալ երիտասարդ երաժիշտներին, հատկապես երաժշտագետներին, լինել ավելի համարձակ, ազատվել կարծրատիպերից և կայուն ու հիմնավոր կարծիք ունենալու դեպքում չերկմտել`անկախ անձի հեղինակությունից, ճանաչվածության աստիճանից կամ թեկուզ ազգությունից:
    Գիտեմ, որ շատերին դուր չի գա քննադատությունս, գիտեմ նաև, որ շատերը լռելյայն կհամաձայնվեն, բայց սա կարծիք է, որը իրավունք ունի ապրելու, որը օբյեկտիվ է և որը այդպես էլ չբարձրաձայնվեց:
Գևորգ Բադալյան, կոմպոզիտոր, դաշնակահար