Ալեքսանդր Հարությունյանի Հայրենիքը

    Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլյան վերջին համերգը նվիրված էր անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի արվեստին: Մեծանուն կոմպոզիտորի բազմաժանր երաժշտական ժառանգության մեջ քիչ չեն ստեղծագոր­ծությունները` նվիրված Հայրենիքին, ուստի պատահական չէր այն, որ ապրիլի 30-ին տեղի ունեցած համերգը կրում էր «Հայրենիք» խորագիրը:
    Համերգային ծրագիրն ընդգրկում էր երեք ստեղծագործություն` գրված կոմպո­զիտորի կյանքի տարբեր տարիներին. «Կանտատ Հայրենիքիս մասին» (խոսք` Ա.Գրաշու և Սարմենի, 1948թ.), «Ասք հայ ժողովրդի մասին» (խոսք` Ա.Գրաշու, 1960թ.) և  «Հայրենիքիս հետ» (խոսք`Հ.Թումանյանի, 1969թ.) վոկալ-սիմֆոնիկ երկերը, հնչելով մեկ երեկոյի ընթացքում, կարծես ուղենշում էին այն «ճանապարհը» և զարգացումը (կամ գուցե հակառակը), որն անցել է Հայրենիքի թեման Ալ. Հարությունյանի կոմպոզիտորական արվեստում:
    Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի վեհությամբ և ջերմությամբ լի բաց­մանք խոսքը ներկաներին համակեց հայրենասիրության, ազգանվիրության և հպարտության զգացումով, որը ողջ երեկոյի ընթացքում չէր դադարում իշխել համերգասրահում: Սա այն համերգներից էր, երբ հանդիսատեսը ոչ թե պարզապես ունկնդիր էր հնչող երաժշտության, այլ իր էությամբ դարձել էր վերջինիս կենդանի մասնակիցը:
filharmonik2    Անշո´ւշտ, պատմական առումով և իրենց արժեքով վերոնշյալ երեք ստեղծագործությունները մեծ նշանակություն ունեն հայ ազգային կոմպոզիտորական արվեստի ժառանգության մեջ, սակայն, այնուամենայնիվ, փոքր-ինչ ուշադիր ունկնդրելիս նկատում ենք, որ նրանցում (հատկապես «Հայրենիքի մասին» կանտատում, որի շնորհիվ 1949թ. 28-ամյա կոմպոզիտորն արժանացավ ստալինյան մրցանակի) առկա է ժամանակի` սովետական գաղափարախոսության ազդե­ցությունը: Մի կողմից ստեղծագործություններն ընկալվում են որպես ձոն առ Մայր Հայաստանը և մյուս կողմից` առ Խորհրդային Հայաստանը: Իհա´րկե, դա հասկանալի է, քանի որ ցանկացած դարաշրջանում ժամանակի իրականությունն իր արտացոլումը գտնում է արվեստում, սակայն առաջանում է այն հարցը, թե որքանով են տվյալ ստեղծագործություններն իրենց «բովանդակությամբ» արդիական այսօր` անկախ Հայաստանի օրոք: Ունե՞ն կյանք այդ ստեղծագործությունները ժամանակ հասկացության շրջանակներից դուրս, թե՞ դիտարկվում են միայն պատմական որոշակի ժամանակահատվածի համատեքստում: Գուցե համերգի ներկաներն ունեն (կամ  ոչ) այս հարցերի պատասխանները, սակայն միանշանակ արժե խորհել դրանց շուրջ:
    Համերգը պատմամշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից կարևոր իրադարձություն էր, քանի որ երկար` մոտ 40-ամյա «մոռացությունից» հետո կրկին անգամ կատարվեց «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, երկար դադարից հետո ևս մեկ անգամ հնչեց «Հայրենիքիս մասին» կանտատը:
    Ստեղծագործությունների կատարման մասին նշենք, որ նկատելի էր, թե ինչպիսի մեծ աշխատանք էր արված Էդուարդ Թոփչյանի կողմից` առավելագույնս բարձր կերպով ներկայանալու համար. ստեղծագործությունների կատարումները կերտող յուրաքանչյուր բաղադրիչը` նվագախումբը, երգչախումբը և մենակա­տարները իրենց դրսևորեցին լավագույն կերպով: Հիրավի այս համերգը կարելի է համարել յուրատեսակ հաղթանակ:
    Հարկ է նշել Արթուր Ութմազյանի ասմունքը «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմում, ում թավշյա տեմբրը և ասմունքի ժանրին վարպետորեն տիրապետումը անտարբեր չթողեցին և ոչ մեկին:
topchyan    Ակնհայտ է այն, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագա­խումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան), մենակատարներ` Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գոհար Ազիզյանը (մեցո-սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Ռիչարդ Մադլենյանը (բաս), և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արթուր Ութմազյանը ներկայացրեցին համատեղ մեծամասշտաբ աշխատանք, որը միանշանակ արժանի է գովեստի, քանի որ Ալ. Հարությունյանի վոկալ-գործիքային այս կտավները հնչեցին ժամանակակից մեկնաբանմամբ: Դա չի նշանակում, թե փոփոխություններ էին արվել բուն երաժշտական երկերի մեջ, այլ` որ փորձ էր արվել նորովի ներկայացնել երաժշտության բովանդակային էությունը: Կարծում ենք` ստեղծագործությունների կատարումները և ունկնդիրների ջերմ ընդունելությունն ապացուցեցին այն, որ այդ փորձը հաջողվեց: Անկասկած, մաեստրո Է. Թոփչյանի ջանքերը «պսակվեցին»  արժանի և ցանկալի հաջողությամբ:
    Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ում հովանավորությամբ էր անց կացվում համերգը), ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, մի շարք հոգևորականներ, Գևորգյան ճեմարանի սաներ, ում ներկայությունը որոշակի հոգևոր խորհուրդ էր հաղորդում երեկոյին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլք:
    Սոնա Անդրեասյան 
Լուսանկարները Սոնա Անդրեասյանի, ՀՊՖՆ լրատվական բաժին
  • Hits: 5919

Հարակից նյութեր

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: