Սամյուել Բեքեթ. Երկու պահանջմունք (Էսսե «Բեկորներ» ժողովածուից)

beckett
    Իսկ դեղագործը… սկսեց երգել կոկորդով մեկ. «Երկու սպիտակ եզ իմ տաղավարում, Երկու ահռելի սպիտակ եզ…»: Սենեկալը փակեց նրա բերանը չէր սիրում անկարգությունը:
Գուստավ Ֆլոբեր, «Զգացմունքների դաստիարակում»

    Կասկած չկա, որ միայն արվեստագետը կարող է տեսնել (և ցանկության դեպքում կիսվել իր տեսածով այն քչերի հետ, ում համար ապրում է) ցանկությունների, մտքերի, արարքների և տառապանքի միապաղաղ կենտրոնացվածությունը` գոյը: Արվեստագետը, չդադարելով ամբողջովին տրվել մտահայեցմանը, անգամ եթե դրանից ընդհանրապես գլուխ չի հանում, մինչև սեփական անզորությունը խոստովանելը կարող է հասնել գոնե ըմբռնման:
     Համենայն դեպս, Գալիլեյի օրորոցը շարժվում է:
    Ակնհայտորեն, կենտրոնի մասին, որի շուրջ արվեստագետը մտորում է ինքն իր շուրջ պտտվող մոնադի պես, անհնար է խոսել` առանց աղավաղելու գաղափարները, ճիշտ այնպես, ինչպես անհնար է իրական մոնադների մասին խոսելը: Յուրաքանչյուրը դա անում է յուրովի: Կոչենք դա պահանջմունք, մյուս կոչումներից, թերևս, վատը չէ:
    Ուրիշները` անձինք երանելի և ողջամիտ, թվով անհաշվելի, արհամարհում են այդ կենտրոնը՝ իզուր փորձելով կենտրոնանալ որոշակիացված մի բանի վրա, զբաղեցնում սենյակն այն տեսքով, որով գտել են: Նրանք չեն թողնի իրենց տանը ցանկապատ դնել` հատակի դիմացկունությունը չփորձելու համար: Համարձակվում եմ ասել, որ մանր պահանջմունքներով նրանք զբաղվում են ի վնաս գերագույն պահանջմունքի: Այստեղից է բխում անսկզբունք ընթացող կյանքը` հյուսված որոշումներից, հաճույքներից, պատասխաններից: Մանր պահանջմունքների կյանքը, ճամփաբաժանի վրա աճող բույսի կյանքը, մտածող կաղամբի կյանքը: Կյանքը հնարավոր է միայն նրանց դեպքում, ովքեր այն երկարացնելու անհրաժեշտություն են տեսնում:
     Ի՞նչ պահանջմունք, կհարցնեք: Պահանջմունք` ունենալու պահանջմունք:
    Երկու պահանջմունքն էլ ստեղծում է արվեստը: Ամեն կերպ պետք է զգուշանալ դրանք որպես առաջնային կամ երկրորդական ընկալելուց: Լինում են օրեր, հատկապես Եվրոպայում, երբ ճանապարհն ավելի լավ է արտացոլում, քան հայելին: Գերադասել մի մասնիկը մյուսից կնշանակի խցկվել մետաֆիզիկայի տիրույթ, կամ էլ, ամենաքիչը, Մաքսվելլի հրեշի վերածվել:
     Ավելի բարդացնենք:
                                                           triangle
    Պահանջմունք` ունենալու պահանջմունք (DEF) և պահանջմունք, որն իր մեջ արդեն իսկ ներառում է պահանջմունքը (ABC), պահանջմունքի գիտակցում ունենալու պահանջմունք (ab), պահանջմունքի գիտակցումն իր մեջ ներառող պահանջմունք (de), քաոսի ելքը ձևավորված տեսնելու ցանկությունից (Aab), խորասուզումը տեսածի անիրականության մեջ (Dde), բացումը և ստեղծագործական աշխատանքի վերջը (abcdef). այսպիսին է սահմանները մատնանշելու եղանակներից մեկը, որոնցում արվեստագետը տալիս է հարցեր, ստանում պատասխաններ, որոնք վերածվում են հռետորական հարցերի` առանց ճարտասանության: 
    Ճիշտ դոդեկաեդր[1] է, չափազանց ճիշտ, որի չափսերին համապատասխան՝ Ամենակարողը սկսեց նպատակ հետապնդել` ստեղծել չորս տարերքները, Պյութագորասի ստորագրությունը, աստվածային քանդակ, որի ստեղծումը կախված է իռացիոնալությունից, ավելի կոնկրետ` քառակուսու անկյունագծի և կողմի անհամաչափությունից, առանց թվականի և դեմքի: Մի՞թե այս մռայլ գաղտնիքը ժողովրդականացնելու համար նշանակված ժամանակից շուտ չմեռավ Հիպպասոսը[2], արդյո՞ք ոչ այս պատճառով՝ քաղցած, կուսական, անհագ հավատացյալների ոհմակը նետեց նրան միջատներով լցված անդունդը: Հիպպասոսը ոչ ֆաշիստ էր, ոչ էլ կոմունիստ: 
    Կողմ և անկյունագիծ, երկու պահանջմունք, երկու էություն, երևույթ, որ ինքը պահանջմունքն է, իռացիոնալի դժոխքը, որից բխում է անիմաստ ճիչը, մաքուր հարցերի հերթագայությունը, ստեղծումը: 
   Եթե այս դեպքում թույլատրված է խոսել որևէ գործող սկզբունքի մասին, ապա դա, շնորհակալություն Աստծուն և Պուանկարեին[3], համարժեք չէ գիտնականների տրամաբանության սխալների կառավարման և աստվածաբանների տապալված լոգոսների սկզբունքներին, որ սնում է համոզմունքների և մերժումների աղիքային փոթորիկները՝ անընդհատ ստեղծելով հոգևորը և նյութականը ապոստերիորի, որից հուսահատության մեջ են ընկնում նախնադարյան ցեղերը: Այդ սկզբունքը նման է նռնակով արկի, որի «այո»-ն և «ոչ»-ը հետևում էին իրար, մինչև չպայթի ճշմարտությունը: Կրկին և անդառնալի: Մեռյալներն ու վիրավորները վկաներ են: 
    Այլ կերպ ասած` սրբազան գունդ, lubricum et periculorum locus[4]: Ոչինչ ստեղագործական ընթացքից ավելի հեռու չէ, քան կատաղած որդի ցնցումների և մտորումների ջղաձգություններում դեպի ընտրություն քարշ եկող լեշը: Արվեստի համոզումներում ոչ թե եզրակացություններն են բացակայում, այլ ելակետերը:
      Մինչ նոր ծանուցում:

                                                                                            Ռուսերենից թարգմանեց Մերի Շարոյանը


[1] Բազմանկյուն, որ ունի 12 կողմ, հունարեն՝ δωδεκάεδρον, δώδεκα դոդեկա - տասներկու + ἕδρα հեդրա, էդրա - կողմ:
[2] Մետապոնտացի Հիպպասոս (հունարեն՝ ππασος) – պյութագորասյան փիլիսոփա:
[3] Ժյուլ Հենրի Պուանկարե (Jules Henri Poincaré – 1854-1912թթ.) – ֆրանսիացի  մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա:
[4] վտանգավոր և լպրծուն տեղ (լատ.)

Ստեղծագործություններ