Սակավախոս հոլանդացին. ՊԱՏԿԵՐԱԽԱՂ ըստ Յոս ՍՏԵԼԻՆԳԻ

jos-stelling-filmt-duitsland-rusland_copy1
    Հոլանդացի ականավոր ռեժիսոր Յոս Ստելինգի ֆիլմերը իսկական «նրբուտեստներ» են, ինչպես ասում են` «կինոգուրմանների» վայելք: Դրանում համոզվելու համար բավական է տեսնել մեկ-երկու դրվագ: Իսկ ինչի՞ց է նա կինո ստեղծում՝ կարելի է ասել, գրեթե ոչնչից: Կադրում, կարծես, առանձնապես բան տեղի չի ունենում կամ ներառված է շատ սովորական գործողություն (հերոսուհին պայուսակում շրթներկ է փնտրում, անձրևի տակ կանգնած տղամարդը սիգարետ է ուզում վառել, մի ուրիշ ֆիլմում հերոսը, ցուցափեղկի առաջ կանգնած, ինչ-որ բան է ուտում…), իսկ դու աչքդ էկրանից կտրել չես կարողանում: Պատկերի՝ գույնի և լույսի տիրական ուժով գայթակղված՝ տրվում ես Ստելինգի մոգության սեանսին: «Լույսը, կինոխցիկի շարժումը և դերասանների միջև ընկած տարածությունն են պատմում, թե ինչի մասին է ֆիլմը»,- պարզաբանում է իր ֆիլմերում խիստ սակավախոս այս ռեժիսորը: Հիրավի, նրա կինոաշխարհում «խոսում է» կինոխցիկը, և այն էլ ի՜նչ հումորով՝ նրբաճաշակ, խորիմաստ, տեղ-տեղ՝ դառը ու տխուր: Ինչպես ինքն է ասում, կինոյում չի սիրում «խոսող գլուխներ», բայց ինչ խոսուն են նրա ֆիլմերում մարդկային դեմքերը, իրերը, և նույնիսկ լռությունը, որ նրա համոզմամբ՝ «նույնպես հնչյուն է, ձայն»: Պատկերի անճառելի զգայական խորհուրդը բացահայտող, բազմերանգ գույներով ու ստվերախաղով հագեցած, անթերի կոմպոզիցիայով, առեղծվածային նրա կադրերն ուղեկցվում են արտասովոր և հաճախ՝ ենթատեքստ կրող հնչյունաշարով:
    Իր հայրենիքում կինոդպրոցի բացակայության պայմաններում, Ստելինգը, «որպես ուսուցիչ ընտրելով կինոյի պատմությունը» (առաջին կինոտպավորությունները եղել են նեոռեալիզմի գլուխգործոցները՝ Դե Սիկայի և Ռոսելինիի ֆիլմերը), ձեռնամուխ է լինում ստեղծելու իր հեղինակային, չափազանց ինքնատիպ կինեմատոգրաֆը և, սուղ միջոցներով, 1974-ին նկարահանում է իր առաջին՝ «Մարիկեն վան Նյումեգեն» ֆիլմը՝ աշխատելով միայն հանգստյան օրերին, այն էլ ոչ պրոֆեսիոնալների հետ: Այդ աշխատանքներին մասնակից միակ պրոֆեսիոնալը ժապավենը մոնտաժողն էր, սակայն ֆիլմն ընդգրկվեց Կաննի մրցութային ծրագրի մեջ: Եվ առաջին հատկանշական բանը, ինչով այն ապշեցրեց թե՛ քննադատներին, թե՛ հանդիսատեսին՝ պատկերաշարն էր: Ռեմբրանդտի, Բոսխի, Վերմեերի և վրձնի վարպետ մյուս հոլանդացիների հայրենակիցը էլ ինչո՞վ պետք է զարմացներ: Այս անսպասելի հաջողությունից հետո նրա՝ 1977-ին նկարած «Ռեմբրանդտ» ֆիլմը համեմատաբար սառն ընդունելություն գտավ: Բայց դա չվհատեցրեց կինոպատկերի կախարդանքով մեկընդմիշտ համակված Ստելինգին: Որոշ ժամանակ անց հայտնվեց նրա «Աճպարարը» (1983), որ մինչ օրս ապշեցնում է իր արտառոց հումորով: Հետագա տարիներին Ստելինգը ստեղծեց երկու անզուգական կինոնկար` «Սլաքավարը» (1986) եւ «Թռչող հոլանդացին» (1995, ի դեպ, այս ֆիլմում հանդես է եկել իտալացի հայտնի դերասան Նինո Մանֆրեդին), որոնք դասվել են կինոյի ողջ պատմության ընթացքում ստեղծված լավագույն գործերի շարքը:
    Յուրօրինակ այս ռեժիսորն ապրում է Նիդեռլանդների Ուտրեխտ ոչ մեծ քաղաքում, ունի լավ, ամուր ընտանիք, իսկ իր սեփականությունը հանդիսացող կինոթատրոնից ու բարից ստացված եկամուտը ոչ միայն ապրուստի միջոց է, այլև թույլ է տալիս նրան որպես անկախ ռեժիսոր ըմբոշխնել աշխատանքի յուրաքանչյուր պահը: «Կինոն ավելի մոտ է երաժշտությանը, քան գրականությանը, որովհետև երաժշտությունն ուղղված է սրտին: Երկխոսությունները բանական են, իսկ կինոհանդիսատեսն ու կինոռեժիսորը պետք է սրտից ելնելով ստեղծեն ֆիլմը»: Ահա այսպես ուրեմն` հանդիսատեսը ֆիլմի ռեժիսորի համահեղինակն է: Ասել է թե՝ արարումը շարունակվում է և այնժամ, երբ ավարտված են ֆիլմի ստեղծման աշխատանքները:
    Իր իսկ խոստովանությամբ, «միշտ  միևնույն ֆիլմը նկարող» այս ռեժիսորի հիմնական թեման մարդու մենակությունն է: Թե ո՞ւր կարող են տանել Յոս Ստելինգին մենակության զուգախաղերը, մեր հանդիսատեսը 2008-ին տեսավ ռեժիսորի հերթական նրբագեղ գլուխկոտրուկ-կինոնկարում` «Դուշկա» վերնագրով (գլխավոր դերերից մեկում հանդես է եկել ռուս դերասան Սերգեյ Մակովեցկին): Ֆիլմն ընդգրկված էր  «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում: Այն տարբերվում է ռեժիսորի նախորդ ֆիլմերից խոսքի` երկխոսությունների առկայությամբ: Բայց միևնույն է, դա ամեն առումով ստելինգյան կինեմատոգրաֆի նմուշ է, որ դարձյալ ճանաչվում է առաջին իսկ կադրերից: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ նրա կինեմատոգրաֆիկ ցնորքներում հանդիսատեսը հավատում է դիպաշարի ամենաանհավանական, անկանխատեսելի շրջադարձերին: Բավական է սկսվի դիտումը, և մենք կարծես արդեն ծանոթ ենք խաղի կանոններին:
    Յոս Ստելինգի կինեմատոգրաֆն էկրանին վայելելու բացառիկ հնարավորություն հայ կինոսիրողներն ունեցան դեռևս 2005-ին՝ «Ոսկե ծիրան» միջազգային 2-րդ կինոփառատոնի ժամանակ, երբ հետահայաց դիտումների ծրագրում ընդգրկվել էին ռեժիսորին համաշխարհային ճանաչում բերած վերոհիշյալ «Սլաքավարը», «Թռչող հոլանդացին» ֆիլմերը, ինչպես նաեւ` «Գալերեա» («Առեւտրի սրահ»), «Բենզալցակայան» կարճամետրաժները: Այդ տարի Ստելինգն ընդգրկված էր փառատոնի ժյուրիի կազմում և, չնայած ընտանիքին շատ կապված լինելուն, ուրախությամբ համաձայնվեց իր 60-ամյակը նշել այստեղ՝ Երևանում, Փարաջանովի տուն-թանգարանում: Սերգեյ Փարաջանովի հետ Յոս Ստելինգի էսթետիկ հարազատության զգացումն ակնհայտ է՝ առանց երկխոսությունների գունագեղ պատկերային աշխարհ, լռությունից կորզված երաժշտություն` պատկերի երաժշտություն: Փարաջանովը կախարդանք էր համարում ռեժիսուրան՝ տատիկի սնտուկում պահ տրված գործվածքների հետ խաղալը, աներևակայելի կերպարանափոխումներով մեծահասակներին ցնցելը… Իսկ փոքրիկ Յոսը սիրում էր շրջագայել հացթուխ հոր եռանիվ հեծանվի հետնամասում տեղադրված հացի մեծ արկղի մեջ նստած, որի ներսը պատված էր սպիտակ թղթով: Իհարկե, թղթի վրա թողնված էր մի անցք՝ օդի թափանցման համար, իսկ իրեն հրաշագործ զգացող տղայի համար այն վերածվում էր «կինոօբյեկտիվի», որի օգնությամբ վերջինս տարբեր դիտանկյուններով հետևում էր իր շուրջն ընթացող կյանքին: Դա այն կինոյի նախերգանք էր, որ հետո պիտի նկարահաներ ինքնուս այս ռեժիսորը:
 
Սիրանույշ Գալստյան
ԿԻՆՈՍՐԱՀ «Ոսկե ծիրան» ամսաթերթ, 6/2010

Ստեղծագործություններ