Հայ ժողովրդական և եկեղեցական երգերը (Դասախոսություն հ. Կոմիտաս վարդապետի)

l 1
                          I
   Կոմիտաս վարդապետն իր երկու համերգներից հետո, որոնք Թիֆլիսի հասարակության և մամուլի բուռն ուշադրության առարկա դարձան, ապրիլի 6-ին Հովնանյան դպրոցի դահլիճում դասախոսեց մեր ժողովրդական և եկեղեցական երգերի մասին: Չնայած, որ դասախոսությունը կրում էր անակնկալի բնավորություն, դահլիճը ծայրեծայր լիքն էր ունկնդիրներով: Դասախոսը տեսականին միացնում էր գործնականը անձամբ կամ իր երգեցիկ խմբով: Քիչ անգամ է առիթ ունեցել Թիֆլիսի հասարակությունը ներկա լինել մի այդպիսի վերին աստիճանի հետաքրքիր դասախոսության: Այդ դասախոսությունը շատ բան էր պարզում նախորդ համերգների մութ մնացած կողմերից: Շատերը ափսոսում էին, որ համերգները նախապես չէին ընկերացած այդպիսի պարզ, հստակ, հանրամատչելի և ցայտուն բացատրություններով: Շատ ու շատ ցանկալի էր, որ վարդապետը կրկներ իր դասախոսությունը հասարակության ավելի լայն շրջանի առաջ:

   Ահա իր խոշոր գծերով Կոմիտաս վարդապետի դասախոսությունը:
___

   Ի՞նչ է ազգային երաժշտությունը, ի՞նչն է նյութ տալիս ազգային ժողովրդական երգերին: Արդյոք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դեպքերը և անցքերը, ժողովրդի ներքին և արտաքին կյանքը – այո, այս բոլորը, բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների և մտքի վրա:
   Ինչպես գեղարվեստի ամեն ճյուղ, նույնպես երաժշտությունը ունեցել է իր մանկության, հասունության և լրիվ զարգացման շրջանը:
   Այսպես, օրինակ, ինչպես մանուկը, որ նոր է թևակոխում մտավոր կյանքի մեջ, նրա արտահայտության եղանակները պարզ են, կարճ և կրում են բացականչական ձև: Քանի մանուկը թե՛ արտաքին և թե՛ ներքին կյանքով աճում է, նրա արտահայտության ձևը հետզհետե բարդանում է, ընդարձակվում է և կրում է եղանակավորված ձև: Երբ մանուկը դառնում է զարգացած, կազմված մարդ, նրա արտահայտության եղանակը լինում է ավելի խոր, ավելի բնորոշ և ավելի ներդաշնակ:
    Ահա՛ այս երեք գլխավոր շրջաններից անցնում է ամեն երաժշտություն:
   Մեր նախնական երաժշտությունը եղել է պարզ, անպաճույճ և հազիվ մի քանի ձայներից միայն բաղկացած: Հետո երաժշտական եղանակները հետզհետե նրբացել, բազմացել, ընդարձակվել և կորացել են: Վայրենիները, որ ներկայացնում են մարդկության նախնական շրջանը, ունեն առհասարակ երկու ձայնից և նույնիսկ երկու կիսաձայնից կազմված եղանակներ: Օրինակ, Մշու դաշտում մենք հանդիպում ենք այնպիսի եղանակների, որոնք հիշեցնում են մեր նախնական երաժշտության հետքերը և որոնք կազմված են մի քանի կիսաձայներից միայն: Այդ եղանակները կրում են ճոշպար անունը:
     Մեր երաժշտությունը երկու գլխավոր խմբի է բաժանվում.
     1) Եկեղեցական:
     2) Աշխարհական կամ ավելի ուղիղն ասած՝ ժողովրդական:
  Այս երկու խմբի եղանակները այն հատկանշական երևույթն են ներկայացնում, որ և՛ ձայնը, և՛ խոսքը, կամ ուրիշ բառերով և՛ երաժշտությունը, և՛ բանաստեղծությունը միաժամանակ և միևնույն անձի ստեղծագործության կնիքն են կրում:
   Երաժշտությունը մի տեսակ շարժողություն է, ինչպես լույսը, ինչպես ջերմությունը, էլէկտրականությունը և այլն: Եվ սա շատ պարզ է, որովհետև երաժշտությունը կազմված է ձայներից, որոնք ուրիշ բան չեն, բայց եթե օդում առաջ եկած շորժումներ:
Հետևաբար մի երգի, մի եղանակի մեջ պետք է տեսնել նախ շարժողություն: Եվ այդ շարժողությունը համապատասխանում է ներքին շարժողության, այսինքն՝ զգացումների և հույզերի: Արդ, մարդու ներքին աշխարհի շարժումները արդյունք են արտաքին աշխարհի շարժումների: Այսպես, միջավայրի զանազանությունը ծնունդ է տալիս զգացումների զանազանության և երաժշտությունը, արտացոլում լինելով զգացումների, մեզ ներկայանում է տխուր, ուրախ, վեհ, նայելով այն միջավայրին, ուր ապրում, զգում և արտադրում է մի ժողովուրդ: Օրինակ, լեռնային տեղերում դուք պիտի հանդիպեք առհասարակ բիրտ, բուռն և ցասկոտ, ըմբոստ և մի խոսքով մարտական եղանակների, որովհետև ինքը բնությունը այնտեղ անընդհատ կռվի մեջ է, փոթորիկ, որոտ, կայծակ, հեղեղ և այլն: Իսկ, ընդհակառակը, դաշտավայրերում ապրող ժողովուրդների մեջ հանդիպում եք խաղաղ, մեղմ, փափուկ, քնքուշ եղանակների, որոնք արդյունք են համապատասխան բնության: Այսպես, երբ փոխադրում եք մի դաշտային եղանակ լեռնոտ ժողովուրդների մեջ, այդ եղանակը, պահելով իր ներքին կազմը, փոփոխում է իր աստիճանը և ավելի է բարձրանում: Օրինակ, «Հով արեք» երգը Արաքսի մոտ, Բլուր գյուղում և Արագածի վրա Մաստարայում այս բնորոշ երևույթն են ներկայացնում. նույնպես և «Հաբրբանը»՝ Իգդիրում և Ախալքալաքում:
     Ամփոփելով ասենք՝ երաժշտության արտահայտության եղանակը, ոգին կախումն ունի բնությունից: Իսկ ինչ վերաբերում  է նրա բովանդակությանը, դա կախված է ժողովրդի կյանքի պայմաններից: Քրդերը իբր լեռնական ունեն մի երաժշտություն, որ զորապես կրում է բնության կնիքը, իսկ իբրև թափառաշրջիկ և խաշնարած՝ նա՝ այդ երաժշտությունը, անկայուն է և պտտվում է ոչխարների և այծերի շուրջը: Սրան իբրև օրինակ բերեց Լուր դա լուրի հայտնի ավանդությունը, ուր մի հովիվ իր տղայի աղջկան տիրանալու համար սրնգի նվագով ոչխարներին է դյութում:
                                                            II 
      Այժմ անցնենք մեր ժողովրդական երգերին: Այդ երգերը բաժանվում են հետևյալ տեսակների:
    1) Մանկական երգեր, որոնք ամենապարզ կազմն ունեն:
   2) Պարերգեր, որոնք կոչվում են յայլի և մի քիչ ավելի զարգացած են, քան առաջինները:
   3) Դյուցազներգեր, որոնք նվիրված են լինում որևէ հերոսի գովքին:
  4) Մահերգեր՝ նվիրված դիպվածների և պատահարների զոհ գնացողների հիշատակին: Այս բաժնի մեջ մտնում են և ողբերգերը՝ մեռելները սգալու եղանակները:
  5) Հարսանեկան երգեր, որոնք երգվում են հարսանեկան զանազան արարողությունների ժամանակ, պսակից հետո:
   6) Բնության երգեր, որոնք ամենագունագեղերն ու հետաքրքիրներն են: Օրինակ, գութանի, վար ու ցանքի, սայլի, չութի, կալի, հունձքի, քաղհանի երգերը: Ուրեմն, ինչպես երևում է, բնության երգերն իրենց նյութն ստանում են շինականի աշխատանքի այլ և այլ հանգամանքներից: Եվ նայելով, թե այդ աշխատանքը մինչև որ աստիճան բեղմնավոր է դառնում գյուղացու համար, նրա համեմատ էլ երգը կրում է տխուր կամ զվարթ բնավորություն: Ապարանի գյուղերում, ուր հունձքը հաճախ ենթարկված է լինում բնության պատուհասներին, գութաներգը տխուր է և մելամաղձիկ: Իսկ օրինակ, Լոռու գութաներգը զվարթ է և կայտառ: Ասացինք, որ բնության երգերը ամենագունագեղերն ու բարդն են: Արդարև գութաներգի մեջ մտնում են շատ տարրեր, ինչպես գութանի անիվի ճռճռոցը, շղթաների շրխկոցը, եզների կամ գոմեշների փռնչոցը, մաճկալի այլ և այլ բացականչությունները գործի ժամանակ, օրինակ՝ անուշադիր հոտաղին ուղղված կշտամբանքը, լծկաններին շռայլված խրախույսը, խանդաղատանքը, սերը և այլն: Իհարկե երաժշտության այս բարդ կազմը բնազդական է, ինքնաբուխ, անգիտակից: Մի այլ տեղի, օրինակ, Ղարաբաղի, մանավանդ Մարանդի գութաներգի հիմքը կազմում է բացականչությունը:
       Հարսանեկան երգերը նույնպես բազմատեսակ և խորհրդավոր են: Նրանց թիվն առայժմ հասնում է 78-ի: Հետաքրքիր են այս շարքում այն երգերը, որոնք կրում են ծաղկոց անունը և 16 հատ են: Այս երգերը երգում են հարսնացուի մոտ ընկերուհիները, պսակի նախընթաց ամբողջ գիշերը մինչև լույս հարսնացուին զուգելու, զարդարելու ժամանակ: Նրա գովքն են անում, նմանեցնում են նրա կյանքը ծառի, ծաղկի, լուսնի և այլն: Իսկ մյուս երգերը վերաբերվում են փեսային, հարս ու փեսի մորը, փեսայի ազապ ընկերներին, հարսնևորներին և այլն: Մի քանիսն էլ հանելուկներ են և զվարճական երգեր:
      Մահերգերը, պատահարների հետ կապված լինելով, ունեն պատահական և մղկտացնող եղանակ: Սկսում են կամ ափսոսանքներով, ավաղներով, որ հետո կրկնակ, հանկերգ են դառնում, կամ կենսագրական նկարագրություններով, որոնց կցվում են բնության տխուր տեսարանների պատկերները:
       Դյուցազներգերը գլխավորապես հիմնվում են պատմական ավանդությունների վրա, որոնց թվում հայտնի է Մոկաց Միրզայինը:
     Պարերգերը ծագումն են առնում պարի ժամանակ տղայի և աղջկա միջև առաջացած զգացմունքներից, եղանակները համապատասխանում են քայլերին և թռիչքներին և կարճ են առհասարակ պարողներին չհոգնեցնելու համար: Նրանք սկսում են ինչպես պարերը, ծանր հանդիսավոր և ապա կամաց-կամաց տաքանում և արագանում: Պարագլուխը երգում է առանձին նախադասությունը մինչև վերջին բառը, խումբը առնում է վերջին բառից և կրկնում նույն նախադասությունը, որի վերջին բառից դարձյալ սկսում է պարագլուխը և շարունակում է երկրորդ նախադասության մինչև վերջին բառը և այսպես հաջորդաբար:
   Այնուհետև Կոմիտաս վարդապետն անցավ ժողովրդական և եկեղեցական եղանակների միջև գտնված սերտ առնչության հարցին: Արվեստագետ վարդապետը կենդանի օրինակներով ցույց տվեց նրանց հիմնական կապերը: Հետո շեշտեց այն հանգամանքի վրա, որ ոմանք՝ անկարող իջնելու մեր եղանակների խորքը, անկարող նրանց վերլուծելու, դատելով նրանց արտաքին, եթե կարելի է այսպես ասել կեղևային, մակերևութային կազմությունից, եզրակացնում են, որ մեր ժողովրդական և եկեղեցական եղանակները բոլորովին տարբեր նկարագիր ունեն: Այդ թյուրիմացության պատճառը համարեց օտար, գլխավորապես թուրք և պարսիկ երաժշտությունների ազդեցությունը: Օրինակ Կ. Պոլսի տիրացուները ամիրաներին դուր գալու և նրանց զվարճացնելու համար սկսել են եկեղեցական եղանակները շարգիների, թուրքիների և մանիների ազդեցության տակ կլկլացնել, զարդարել. այդպիսով, շարականների, մանավանդ տոնականների վրա պատվաստվել է օտար ոճը և պղտորել նրանց հարազատությունը: Այդ թյուրիմացության հիմք են ծառայել նաև այն եկեղեցական երգերը, որոնք պատկանում են կիլիկյան շրջանին և ուր նկատվում է խորապես արաբ երաժշտության ազդեցությունը: Օրինակ՝ Շնորհալու և Լամբրոնացու հոգևոր երգերից ոմանք:
      Մեր ժողովրդական և եկեղեցական եղանակները հավասար չափով չեն զարգացած: Առաջինները արտաքին քաղաքական պայմանների ազդեցության տակ ճնշվել, սեղմվել, ամփոփվել են՝ առանց կորցնելու իրենց խորությունը և արտահայտիչ ուժը: Իսկ երկրորդները եկեղեցու անձեռնմխելի հովանու տակ աճել, ընդլայնվել և զարգացել են:
   Կոմիտաս վարդապետը վերջացրեց խոսքը մեր եկեղեցական և ժողովրդական երգերի խանդավառ ջատագովությամբ, և նրանց մեջ տեսավ այն խոր և ամուր հիմքերը, որոնց վրա պիտի բարձրանա մեր ազգային երաժշտության գեղարվեստական բարդ ու բազմակողմանի շենքը:

   Մեջբերումը ըստ «Կոմիտաս Վարդապետ. ուսումնասիրութիւններ և յօդուածներ», Գիրք Ա, Ե., 2005թ., էջ 324-329:
 

Ստեղծագործություններ