Էլլա Ասատրյան. Անհատի և ամբոխի փոխհարաբերությունը Դոն ԴեԼիլլոյի «Մաո II» վեպում

ella asatryan
    «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողով (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)

    Ապագան պատկանում է ամբոխներին: Ահա սա է այն հիմնական գաղափարներից մեկը, որն ընկած է ամերիկացի պոստմոդեռն գրող Դոն ԴեԼիլլոյի «Մաո II» վեպի հիմքում: Սա մի ստեղծագործություն է, որը կարելի է բնորոշել մեկ բառով` մարգարեական: Գրելով այս վեպը դեռևս 1991 թվականին` հեղինակը կանխատեսում է ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ տեղի ունենալու հավանականությունը: Ամերիկացի գրողն ուրվագծում է մի նոր աշխարհ, որտեղ լրատվամիջոցները կյանքի և իրականության այլընտրանքային տարբերակ են դառնում: Այս վեպում ԴեԼիլլոն առաջ է քաշում նաև գրողի կերպարը, ով իր մեջ կրում է ստեղծագործողների ամբողջությունը, որոնք ժամանակին եղել են հզոր ուժ և ազդել են հասարակական գործընթացների և մարդկանց մտածողության վրա, այնինչ ժամանակակից զարգացող աշխարհում այդ դերը ստանձնել են ահաբեկիչներն ու զանգվածային լրատվությունը: Այս ստեղծագործությունն ամբողջապես արտահայտում է հեղինակի այն մտավախությունը, որ գրողն այսօր կորցնում է իր ստեղծագործություններով ուղղորդելու գործառույթը: Վեպը նաև ահազանգ է վաղվա օրվա համար, որն այլևս լի է դարի չարիքներով, մասնավորապես՝ ահաբեկչությամբ: 
«Մաո II» վեպը, փաստորեն, դիտարկելու ենք երեք հիմնախնդիրների տեսանկյունից, որոնք են`
  1. Լրատվամիջոցների ազդեցությունը անհատի և հասարակության վրա
  2. Ահաբեկչության և գրականության կապը, որն արտահայտված է ստեղծա­գործության գլխավոր հերոս Բիլ Գրեյի կերպարով
  3. Քաղաքակրթությունների միաձուլման հավանականությունը:
    Այս եռամիության համատեքստում էլ քննարկելու ենք անհատի և ամբոխի փոխհարաբերությունը` փորձելով պարզել, թե այս նոր աշխարհում որքան է անհատը դառնում ամբոխի մի մաս և որքանով է նա ընդդիմանում:
    Կարևոր ենք համարում անդրադառնալ վեպի կառուցվածքին, որը բաղկացած է երկու հիմնական մասից: Հետաքրքիր է այն փաստը, որ վեպն ունի ընդգծված նախաբան, ինչն իհարկե բնորոշ չէ պոստմոդեռնիստական ավանդույթին: Այնուամենայնիվ, այս առաջաբանն մեծ կարևորություն  ունի, քանզի հենց այս հատվածում ընթերցողը դեմ առ դեմ բախվում է անհատ-ամբոխ խնդրին: Ընթերցողն ականատես է հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունենում բեյսբոլի մարզադաշտում: Սա ոչ թե մեկ, այլ հազարավոր զույգերի ամուսնություն է, որոնք կրոնական խմբավորման անդամ են: Նրանք բոլորը նույնանման են մտածում, նույն կերպ են խոսում, նույն հավատալիքն ու կյանքի իմաստն ունեն: Անգամ նոր լեզվով են խոսում. հատուկ եզրույթներով և արտահայտություններով, որը հասկանալի է միայն իրենց: «Նրանք նոր ազգ են, - մտածում է նա,-  որի հիմնաքարը դյուրահավատությունն է: Նրանք գործիք են, որ աշխատում են վստահության շնորհիվ: Նրանք արտահայտվում են իրենց լեզվով` արդեն իսկ պատրաստ եզրույթներով և դատարկ արտահայտություն­ներով»[1]:  Իսկ սիրո մեջ  գործում է մաթեմատիկական չոր հաշվարկը. ոչ մի զգացմունք, ոչ մի թրթիռ: Այստեղ մենք միանգամից կապ ենք տեսնում 20-րդ դարի անգլիացի ականավոր գրող Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործության հետ, որտեղ նույնպես առկա է  նոր լեզվի, անհատի պաշտան­մունքի և անհատականությունը սպանելու գաղափարները: Օրուելի ստեղծա­գործությունում առաջ է գալիս մշակված նոր լեզու, որի անգլերեն տարբերակը հստակ ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսքը` newspeak և oldspeak[2], որ  թարգմանաբար նշանակում են նոր լեզու/խոսք և հին լեզու/խոսք:  Նոր խոսք/լեզվի իմաստն այն էր, որ արդեն գոյություն ունեցող լեզուն որքան հնարավոր է պարզեցնում էին` «մաքրելով»   այնպիսի բառերից և արտահայտություններից, որոնք կարող էին վտանգ ներկայացնել տարածված գաղափարախոսության համար: Որքան քիչ էին բառերը, այնքան ավելի փոքր էր գայթակղությունը մտածելու և սեփական  եզրահանգումներ անելու համար: Ապշեցուցիչ է, թե ինչպես է Ջորջ Օրուելն իր ստեղծագործության մեջ կանխատեսել լեզվի կիրառումը ժամանակակից բռնապետական աղանդների գաղափարա­խոսություն­ներում:
    Ամբոխի կամ ինչպես հեղինակն է նշում  «միատարր զանգվածի»[3] պատկերումով ԴեԼիլլոն ցույց է տալիս,  որ նրանք բոլորը մեկն  են, ամբոխ՝ բաղկացած անհատներից, որոնք այլևս անհատ չեն, չունեն սեփական ես ու գաղափարներ: Նրանք բոլորը մեկ վերջնարդյունքի են ձգտում՝ «ազատվել ազատ կամքի և մտքի ծանր բեռից»[4]: Եվ այս տեսարանում ամենահետաքրքիրն ու սարսափելին այն է, որ, այսպես կոչված, հարսանեկան արարողությանը ներկա են տարբեր երկրներից ժամանած անհատներ: Այսինքն՝ հեղինակը խնդիրը համամարդկային հարթություն  է դուրս բերում՝ կոտրելով պետական սահմաններն ու վտանգելով անհատականություն հասկացությունը աշխարհի բոլոր հատվածներում: Այս հատվածը ավարտվում է վեպի բանալի հանդիսացող գաղափարներից մեկով. այն է`ապագան պատկանում է ամբոխներին:  
    Փորձենք դիտարկել, թե հեղինակն ինչպես է ներկայացնում լրատվամիջոցների դերը անհատ-ամբոխ փոխհարաբերություններում: Նախ նշենք, որ ստեղծա­գործության գլխավոր հերոսը Բիլ Գրեյն է` երկու հաջողված գրքերի հեղինակ, ով, սակայն, արդեն քսան և ավելի տարի է, ինչ  հեռացել է մարդկանց աշխարհից և ապրում է Նյու Յորքից հեռու մի անմարդաբնակ տարածքում:  Եվ արդեն քսան տարի է` Գրեյն աշխատում է իր երրորդ գրքի վրա, որն այդպես էլ լույս չի տեսնում` խորհրդանշելով, որ արվեստի ներկայացուցիչն այլևս չի կարող որևէ բան փոխել զարգացող աշխարհում, որը կերտում են  լրատվամիջոցները:  Նշենք, որ ԴեԼիլլոն հիանալի խաղարկում է պատկեր հասկացությունը` նույնացնելով այն լուսանկարի, հեռուստատեսային պատկերի, նկարի հետ: Պատկերը այն ընդհանուր հասկացությունն է, որ խորհրդանշում է նոր աշխարհն ու նոր մշակույթը: Այս նոր աշխարհը, որ ստեղծված է պատկերով, անհատին մատուցվում է հեռուստատեսության, թերթերի, լուսանկարի միջոցով, որոնք սակայն անցողիկ երևույթներ են: Նորությունները, գովազդները, պատկերները, կատարում են իրենց գործառույթը. անհատին արվեստի նոր տեսակ են մատուցում և անհայտանում են: Սա նշանակում է, որ ժամանակակից արվեստը, այսպես կոչված, «պատկերային» արվեստն իրականում անկայուն և անհաստատ երևույթ է, հետևաբար անկայուն է նաև այն աշխարհը, որում ապրում է այսօրվա անհատը: Եվ այդ աշխարհում ձևավորված հասարակությունը, որի իրական դեմքը ամբոխն է, ոչնչացնում է անհատին: Զարմանալի չէ ԴեԼիլլոյի այն մտավախությունը, որ աշխարհը զուտ  պատկեր է. «Իսկ մեր աշխարհում մենք քնում ենք պատկերների հետ, աղոթում ենք պատկերներին, ուտում և մեր մեջ ենք տեղավորում դրանց»:[5]
Այս ամենն արտացոլված է Բիլ Գրեյի կերպարում, ով, ընդունելով ժամանակակից աշխարհի կործանանար բնույթը, կարծում է, որ լուսանկարը միակ միջոցն է, որ դեռ կարող է փոխել ինչ-որ բան, անմահացնել գրողին, ազդել անհատի վրա, քանի որ անհատն այլևս հավատում է միայն լրատվամիջոցին և լուսանկարին, որոնք շատ հաճախ ներկայացվում են որպես իլյուզիա, անիրական մի բան: Լուսանկարը, պատկերը, հեռուստատեսությունը նոր իրականություն են կերտում, որը հաճախ չի համընկնում իրենցից դուրս գոյություն ունեցող իրականության հետ: Անհատի համար բարդ խնդիր է դառնում տարանջատել իրականությունն ու ոչ իրականությունը: Այս դեպքում հստակ տեսնում ենք սիմուլյակր հասկացության դրսևորումը, այսինքն ստեղծել ինչ-որ երևույթ մեկ այլ երևույթի նմանությամբ: Սիմուլյակրի, ինչպես նաև «իրականություն և ոչ իրականություն» հասկացությունների մասին գրում է  ֆրանսիացի մշակութաբան, փիլիսոփա և պոստմոդեռնիստ Ժան Բոդրիյարը, ըստ որի նոր ստեղծված ոչ իրականությունը դառնում է միակը, ճշմարիտն ու իրականը: Իրականության  և ոչ իրականության միաձուլման թեմային անդրադառնալով` Բոդրիյարը  որպես վառ օրինակ ներկայացնում է ռեալիթի շոուները և մի ամերիկյան ընտանիքի օրինակով ցույց է տալիս, որ հեռուստատեսության ստեղծած իրականությունն ու դրանից դուրս իրականությունն այլևս նույնն են և դժվար է գտնել դրանց առանձնացնող սահմանագիծը: Երբ ողջ հասարակությունը դառնում է հեռուստատեսությամբ ցուցադրվող ընտանիքի կյանքի մի մասը,  այն դառնում է նաև այդ իրականության մի մասնիկը և այդ իրականության կրողը: Այս միաձուլումը կարծես նոր աշխարհի բանաձևն է:  Ըստ Բոդրիյարի` լրատվամիջոցները` որպես առանձին և մի ամբողջական երևույթ, այլևս գոյություն չունեն: Դրանք մասնատված և ցրված են իրականության մեջ և այլևս չկա դրանց  ակնհայտ ազդեցությունը. Այն տեղի է ունենում ինքնաբերաբար. «Հեռուստա­տեսության միաձուլումը կյանքին և կյանքի միաձուլումը հեռուստատեսությանը միատարր լուծույթ է ստեղծում. մենք բոլորս Լաուդների ընտանիքն ենք, որ լրատվամիջոցների կողմից դատապարտված ենք ոչ թե ներխուժման, ճնշման և շանտաժի, այլ դատապարտված ենք դրանց կողմից աննկատ բռնաբարության»:[6] Բոդրիյարի դրույթն ամբողջանում է հեղինակի այն մտքով, որ երևակայական պատկերը որպես իրականություն ստեղծելը բավական դյուրին է այսօրվա աշխարհում` շնորհիվ ժամանակակից աշխարհի ընձեռած հնարավորությունների, երբ տարածությունն ու ժամանակը հաղթահարվում են ուղղակի վայրկյանների ընթացքում. «Մենք գիտենք, ինչպես ՀՈՐԻՆԵԼ իրականությունը:  Մարդը նստած է չորս պատի մեջ և նրա գլխում ծագած միտքն ուղղակի դուրս է թռչում, ինչպես արյունը կհոսի վերքից, և տարածվում է ողջ աշխարհում: Մտքին արգելք չկա: Իսկ մտքի և գործողության միջև տարածական և բարոյական հեռավորություն մեր օրերում այլևս գոյություն չունի»[7]:
    Այսօր  հեռուստատեսությամբ գնալով ավելանում են No Comment  (Առանց մեկնաբանության) անվանումը կրող տեսաշարերը, երբ մեկնաբանողն ու որևէ եզրակացություն անողը դառնում է ունկնդիրը: Գոյություն ունի միայն հեռուստադիտողն ու էկրանին մատուցվող պատկերը, և հեռուստադիտողը հենց ինքն է դառնում որոշակի իրականության ստեղծողը, որին ցանկանում է հավատալ: Այս No Comment տեսաշարը, փաստորեն, անհատին ընտրության հնարավորություն է տալիս` կերտելու իր իրականությունը, իր սիմուլյակրը: Այս միտքը մեզ նորից տանում է դեպի Բոդրիյարի այն դրույթը, թե լրատվամիջոցները լիովին ստեղծում են նոր և կառավարելի իրականություն. «Հեռուստատեսային կերպարի միջոցով, ինչն այս նոր դարաշրջանում կատարյալ երևույթ է, մեր իսկ սեփական մարմինն ու մեզ շրջապատող ողջ տիեզերքը դառնում են որոշակի ղեկավարելի էկրան»[8]:
    Ուշագրավ է այն փաստը, որ վեպի հերոսներից մեկը` երիտասարդ մի աղջիկ, սիրում է հեռուստացույց դիտել առանց ձայնի՝ հետևելով մեկը մյուսին հաջորդող աղետալի իրադարձություններին: Նա հաճախ միայն պատկերից վերականգնում է իրականությունը և մի քանի անգամ դիտում նույն կադրերը. «Քարենը միջազգային նորությունների ամփոփիչ թողարկումն էր դիտում: Նրան ձայնը չէր հետաքրքրում: Ինչ էլ կատարվեր էկրանին, միակ բանը, որ նրան հետաքրքրում էր, միայն ու միայն պատկերն էր: Ծիծաղելի է, որքան հեշտությամբ կարելի է հորինել նորությունները` ուղղակի նայելով պատկերին»[9]:  Սա կարծես հաղորդագրություն է, որ ժամանակակից կյանքում ամեն ինչ այնքան համամարդկայնորեն կանխատեսելի է դարձել, որ միայն պատկերով առանց ձայնի կարելի է գուշակել, թե ինչ է հաղորդվում:
   Ժամանակակից աշխարհում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ահաբեկիչները, որոնք անընդհատ հիշեցնում են իրենց գոյության և իրենց ստեղծած իրականության մասին` բազում ողբերգական դեպքերի հեղինակներ դառնալով, որոնցից ամենաաղետալին, թերևս, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն են: ԴեԼիլլոն, լինելով այդ ամենի ականատեսը, ուղղակի չէր կարող չանդրադառնալ նաև այդ խնդրին, ինչի մասին նա խոսում է 2007 թվականին լույս տեսած և մեծ աղմուկ բարձրացրած «Ընկնող մարդը» ստեղծագործությունում: Հեղինակի հանճարեղությունն այն է, որ նա ահաբեկչության աճի ու այսօրվա աշխարհում դրա հստակ տեղի մասին գրել է դեռևս 1991 թվականին «Մաո II» վեպում: Այստեղ հեղինակը մտավախություն է արտահայտում, որ գրողը` որպես մշակութային օղակ, դադարում է գոյություն ունենալուց. «Տարիներ առաջ մտածում էի, թե գրողն ի վիճակի է ինչ-որ բան փոխել մշակույթում: Այժմ այդ դերը կատարում են ռումբերով և հրացաններով տղաները: Նրանք մեկ ակնթարթում նվաճում են մարդկանց հոգիները, այնինչ առաջ մենք էինք անում դա` գրողներս, մինչ ամեն ինչ կատարելապես չվերածվեց բիզնեսի»:[10] Ահաբեկչությունն ու գրականությունն ասես կշեռքի երկու նժարների վրա լինեն և այսօրվա աշխարհում ահաբեկչության նժարն անհամեմատելիորեն ծանր է գրականության նժարից: Փաստորեն գրողի ուժն ու կարևորությունը, որով նա ազդում էր հասարակության զանգվածների վրա, այլևս չկա և փոխարինվել է ահաբեկիչներով. «Այն, ինչը ահաբեկիչները նվաճում են, գրողները կորցնում են: Ահաբեկիչների ազդեցության աճը զանգվածների գիտակցության վրա հավասար է մեր իշխանության նվազմանը ընթերցողների մտքերի և զգացմունքների վրա: Ահաբեկիչների վտանգավոր լինելը հստակորեն համազոր է մեզ` գրողներիս, ոչ վտանգավոր լինելուն»:[11]
    Հարկ ենք համարում դիտարկել նաև վեպի հստակ առանձնացված վերջաբանը, որտեղ  ներկայացված է Բեյրութն ու ահաբեկչական մի խմբավորում: Տեսնում ենք ահաբեկիչներին, որոնք  կրում են շապիկներ` իրենց առաջնորդի նկարով, իսկ նրանց գլուխները ծածկված են պարկերով, ինչը խորհրդանշում է, թե  բոլորը նույնն են, «բոլորը մի դեմք ունեն»:[12] Նրանք մասնակցում են պատերազմների, նկարահանում և լուսանկարում են սպանվածներին և տարածում՝ նյութ ապահովելով համաշխարհային լրատվամիջոցների համար մի աշխարհում, որտեղ մարդիկ ցանկանում են լսել միայն աղետների մասին. «Աղետների մասին հաղորդումներ. ահա և ամենը, այլ տեքստեր մարդկանց հարկավոր չեն: Որքան մռայլ է նորությունը, այնքան ավելի վառ է պատմվածքը: Լրատվությունը այսօրվա խենթությունն է, որին վաղը փոխարինելու է… արդեն չգիտեմ թե ինչը»[13]:
    Ի վերջո անդրադառնալով մեզ հետաքրքրող երրորդ խնդրին՝  որը վերաբերում է քաղաքակրթությունների միաձուլմանը, պետք է նշել այն հանգամանքը, ոը ԴեԼիլլոն «Մաո II» վեպում քաղաքակրթությունների և տարածական միաձուլման փորձ է իրականացնում, ինչը նրան հաջողվում է: Հեղինակը սա հիանալի ներկայացնում է այն դրվագում, երբ հերոսներից մեկը` Սքոթը, քայլելով Մանհեթենով /Նյու Յորք/, բախվում է գովազդային ցուցանակների տարօրինակ, ասես թե նոր լեզվով գրված բառերի շարքի հետ, որոնք իրականում ճապոնական ծագում ունեն. «Իսկապես որ տարօրինակ է: Այս ինչի՞ է վերածվել Նյու Յորքը: Նա իր շուրջն էր նայում և թվում էր, թե ժամանակն ու տարածությունը վերանում են: Նայում էր նեոնային գրություններին` «Միտա», «Միդորի», «Կիրին», «Մագնո», «Սունթորի». բառեր, որ ասես ինչ-որ արհեստական զանգվածային լեզվից լինեին»[14]:
    Իսկ հետագայում մենք կտեսնենք, որ նույն կերպ ամերիկյան արժեքները սողոսկում են այլ տարածություններ, ինչպես օրինակ Բեյրութում հայտնվում են գովազդային պաստառներ Coke II անվանումով, որն իր մեջ ներառում է Մաո II և Կոկա Կոլա հասկացությունների ամբողջությունը: ԴեԼիլլոն այս կերպ անդրադառնում է գլոբալիզացիային, որը հաճախ ամերիկանացում հոմանիշով է փոխարինվում: Աշխարհի տարբեր վայրերում ամերիկյան արժեքների տարածումը հենց գլոբալիզացիայի ապացույցն է, սակայն, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ում էլ այլ արժեքներ են հայտնվում, այսինքն գլոբալիզացիան անդրադառնում է հենց իր՝ Միացյալ Նահանգների դեմ: Այսպիսով, հեղինակը կոտրում է տարածական, ժամանակային, ազգային բոլոր պատնեշները` դրանց մի ամբողջության որակավորում տալով և այդպիսով բացառելով անհատի յուրօրինակությունը:
    Դոն ԴեԼիլլոն իր «Մաո II» վեպում առաջ է քաշում ժամանակակից աշխարհի խնդիրները` հատուկ ուշադրություն դարձնելով ահաբեկչությանն ու լրատվամիջոցներին, որոնք կեցության այլընտրանքային տարբերակ են դառնում նոր աշխարհում: Դիտարկելով անհատ-ամբոխ փոխհարաբերության խնդիրը վերը նշված հասկացությունների համատեքստում՝ կարող ենք ասել, որ անհատը կորցնում է իր դեմքը, իր ես-ը` դառնալով ահաբեկչության և լրատվամիջոցների  կողմից ստեղծած նոր իրականության կրողը:
 
 
The Conflict Between an Individual and  the Crowd in Don DeLillo’s Novel Mao II
 
Key WOrds: Individual, crowd, conflict, DeLillo, mass media, terrorism, globalization.
The article discusses the conflict of an individual and the crowd the in novel Mao II written by the American prominent writer Don DeLillo. The thorough analyses of the problem in the context of mass media, terrorism and globalization, shows that an individual becomes isolated from his ego thus becoming the carrier of a new reality created by media and terrorism. So, the authors fear and vision that future belongs to crowds is considered to be justified.
 
Элла Асатрян, ЕГЛУ
Конфликт личности и толпы в романе Дона ДеЛилло "Мао II"
Ключевые слова: личность, толпа, конфликт, ДеЛилло связи массовой информации, терроризм,  глобализация.
В статье рассматривается конфликт личности и толпы в романе "Мао II" выдающегося американского писателя Дона Делилло. Тщательный анализ проблемы в контексте  средств массовой информации, терроризма и глобализации, показывает, что личность изолируется от своего эго, становясь носителем новой реальности созданной средствами массовой информации и террористическими организациями. Таким образом, страх и предвидение автора того, что будущее принадлежит толпам, считается оправданным.
 


[1] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992,  p. 3 (Այս և հետագա բոլոր մեջբերումները թարգմանված են հեղինակի կողմից):
[2] Orwell, G. Nineteen Eighty-Four. Appendix. The Principles of Newspeak. http://orwell.ru/library/novels/1984/english/en_app, 27.02.2013/7:00
[3] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992,  p.2.
[4] Նույն տեղում, էջ 3:
[5] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992, p.  17.
[6] Бодрийяр, Ж. Симулякры и Симуляция, http://lit.lib.ru/k/kachalow_a/simulacres_et_simulation.shtml, 27.02.2013/7:10.
[7] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992, p.  62.
[8] Baudrillard, J.  Ecstasy of Communication .The Anti-Aesthetic. Essays on Postmodern Culture. http://iris.nyit.edu/~rcody/Thesis/Readings/The%20Ecstacy%20of%20Communication%20-%, 20.02.2013/8:10.
[9] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992, p. 28.
[10] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992, p. 20.
[11] Նույն տեղում, էջ 73:
[12] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992, p. 107.
[13] Նույն տեղում, էջ 20:
[14] DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992, p. 13.

Օգտագործված գրականության ցանկ
1. Baudrillard, J.  Ecstasy of Communication. The Anti-Aesthetic. Essays on Postmodern Culture.  20.02.2013/8:10.
2. Baudrillard, J. The Spirit of Terrorism: And Other Essays. Translated by Chris Turner Verso. New York 2003.
3. DeLillo, D. Mao II. Peguin Books USA Inc. New York. 1992.
4.      Orwell, G. Nineteen Eighty-Four. Appendix. The Principles of Newspeak. http://orwell.ru/library/novels/1984/english/en_app, 27.02.2013/7:00
5.Бодрийяр, Ж. Симулякры и Симуляция,  http://lit.lib.ru/k/kachalow_a/simulacres_et_simulation.shtml, 27.02.2013/7:10
Ella Asatryan, YSLU


Ստեղծագործություններ