Արուսիկ Գրիգորյան. Պոստմոդեռնիզմը և բիթնիկական գրականությունը (պոեզիա)

Arusik-Grigoryan
    «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողով (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)


 
    Պոստմոդեռնիզմ (ժամանակային ընդգրկումը, առանձնահատկությունները) 
    Պոստմոդեռնիզմը` որպես 20-րդ դարի մշակութային խոշորագույն երևույթ, ժամանակային հստակ որոշակիացում չունի. տեսաբանները պոստմոդեռնիզմի դրսևորման ժամանակային տարբեր շրջաններ են առանձնացնում` ինչպես 40-ական, այնպես էլ 60-70-ական թվականներ: Լինելով միաժամանակ և´ հակառեակցիա նախորդած մշակութային էտապին` մոդեռնիզմին, և´ պատմական հայտնի դեպքերին (Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հերոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծում և այլն)` պոստմոդեռնիստական մշակույթի ժամանակային ընթացքը, ըստ էության, համապատասխանում է 40-ական և 60-70-ական թվականների համակցված հաջորդականությանը` 40-ականները մշակութային որակական նոր սկիզբ (պատմական-հասարակական ազդեցիկ իրողության/իրողությունների տրամաբանական հակազդեցություն-շարունակությունը նրանցից հետո կամ զուգահեռաբար ձևավորվող նախորդ շրջափուլից էապես տարբերվող, հաճախ այն բացառող, էսթետիկական-փիլիսոփայական, հասարակական այլ դիրքորոշման/ դիրքորոշումների վրա հենվող մշակութային նոր, խոշոր օղակի դրսևորումն է), 60-70-ականները` հասունացման, բուռն զարգացման շրջան: Պոստմոդեռնիզմի ժամանակային սահմանափակման հարցը նույնքան վիճահարույց է, սակայն, քանի-որ թեմայի դիտարկումը ծավալվում է պոստմոդենիզմի սկզբնավորման և զարգացման շրջանակներում, հետևաբար՝ պոստմոդեռնիստական մշակույթի սպառման և ժամանակային որոշակի ընթացքի համընկման պրոբլեմատիկայի տեսանկյունից անհրաժեշտ է պարզապես նշել` տեսաբանների մի մասը մատնացույց է անում 80-ական թթ.-ը, առավել ծանրակշիռ հատվածը հակված է պոստմոդեռնիզմի շարունակական և նույնիսկ այժմյան գոյության մտքին:
    Ժամանակային պայմանական տիրույթում (գլոբալ առումով պոստմոդեռնիստական քրոնիկայի հետագիծը սահմանող սկզբնակետը և վերջնակետը, ինչպես նկատեցինք, հստակեցված չեն, տրամաբանական է` որոշակի կայուն դիրքորոշումը, նեղ առումով, պայմանական է) ստեղծված պոստմոդեռնիստական մշակույթը` մասնավորապես գրականությունը, հենվում է առանցքային, էական նշանակություն ունեցող հետևյալ գործոնների վրա` հեղինակի մահվան գաղափարը (Ռ. Բարտ) / իրոնիա, պարոդիա, խաղային բնույթ, սև հումոր / ինտերտեքստայնություն (ցիտատային գրականություն) / պաստիշ / պարանոիկ զգացողություն / քաոսայնության, աշխարհակործանման վախ/ իրականության և ֆանտաստիկային, երևակայականի չտարանջատվածություն/ աբսուրդայնություն / ժամանակային աղավաղվածություն / երազի, զուգահեռ իրականության կիրառում և այլն: Հիշատակված ստրուկտուրալ-կոմպոզիցիոն «հենման կետերի» վրա են կառուցվում, բարձրանում Սեմյուել Բեքեթի, Էժեն Իոնեսկոյի, Արթյուր Ադամովի, Խուլիո Կորտասարի, Մարգարետ Էտվուդի, Պոլ Օստերի, Գաբրիել Գարսիա Մարկեսի (հիշենք` ըստ տեսաբանների մեծամասնության` աբսուրդի գրականությունը և մոգական ռեալիզմը, համապատասխան գաղափարական-կառուցվածքային առանձնահատկություններով, դասվում են պոստմոդեռնիստական ուղղությունների շարքին) և այլոց ստեղծագործությունները:
Որքանո՞վ է բիթնիկական գրականությունը պոստմոդեռնիստական, ի՞նչ դեր և ի՞նչ նշանակություն ունի բիթնիկական գրականությունը պոստմոդեռնիստական մշակութային համակարգում, կարելի է հստակորեն ասել բիթնիկական մշակույթին և մասնավորապես գրականությանը անդրադառնալուց հետո:
 
    1.   «Բիթնիկ» (տերմինի ծագումնաբանությունը, նշանակությունը) 
    «Բիթնիկ» (Beatniks կամ The Beats) բառի «beat» արմատը թարգմանաբար նշանակում է զարկ, բաբախում, տակտ, ռիթմ, պտույտ, սուսերամարտում զարկի հատուկ տեսակ, ամերիկյան ժարգոնային լեզվով` լրագրական սենսացիա, անբան, ծույլ մարդ, ջազային ժարգոնով` աղքատ, վհատ, «to beat»` խփել, ծեծել, զարկել, բաբախել, կռել, կոփել, հաղթել, գերազանցել, խուսանավել, հարել, հոսանքին հակառակ գնալ, զինվորագրվել, «beaten»` պարտված, ջախջախված, անհամ, ծեծված, հոգնած, տանջված, տրորված և այլն: «Բիթ/beat» արմատից և «նիկ/nik» ածանցից բաղադրված «բիթնիկ» բառի ստեղծման պատմությունը երկու տարբեր անձանց է առնչվում` մի կողմից բիթ-սերնդի առաջնորդ համարվող Ջեք Կերուակին (Jack Kerouac), մյուս կողմից` լրագրող Գերբ Կայենին (Herb Caen). Կերուակն իր«Կոտրված սերնդի» ակունքները» («The Origins of the Beat Generation»/ «Истоки “разбитого поколения”») հոդվածում նշում է. «Հիշում եմ, թե ինչպես 1948թ.-ին Ջոն Քլելլոն Հոլմսի (John Clellon Holmes/ գրող) հետ նստած պարզաբանում էինք «մոլորյալ սերունդ»-ի նշանակությունը: Այդ ժամանակ ես ասացի. «Գիտեք, սա իսկապես կոտրված սերունդ է»: Զրուցակիցս, վեր թռչելով, բացականչեց. «Ճի´շտ է, հենց այդպես»… Գուցե հենց այդ պատճառով է ինձ համար նախասահմանված «կոտրված սերունդ»-ի ձայնը դառնալը (տերմինի հեղինակային պատանելիությունն իմն է…)»[1], իսկ լրագրող Գերբ Կայենը, ինչպես հիշատակում են Պոլ Դիքսոնը, Վիլիամ Լավլորը, ստեղծել է բիթնիկ բառը` փոխառելով միայն սովետական «Սպուտնիկ-1»-ի համանուն եզրույթից «նիկ/nik» վերջածանցը: «Բիթնիկ» բառը, ըստ էության, կրելով վերոնշված արմատային, հիմնական նշանակությունները, ձեռք է բերել նաև հավելյալ իմաստային մեկնաբանություններ, բնորոշումներ` նյույորքյան արտիստական միջավայր, «ամերիկյան երազանք»-ով թեթևակիորեն հրապուրված երիտասարդություն: «Ամերիկան 1950-ական թթ.-ին» գրքի հեղինակ Չարլզ Վիլսի (Charles Wills) հավաստմամբ` 50-ական թթ.-ի վերջերին «բիթնիկ» ասելով նկատի ունեին բարձր օձիք ունեցող սև սվիտեր և բերետ կրող երիտասարդի` արվարձանային հին կաֆեներում թրև եկող և բոնգո նվագող, ըստ Կերուակի` «Ի սկզբանե «բիթնիկ» բառը նշանակել է աղքատ, հուսալքված, սարսափելիորեն թևաթափ եղած մարդու` ուրիշների հաշվին ապրող, վհատ, մետրոյում քնող, այժմ տվյալ բառը, կիրառվելով հստակ նպատակադրմամբ, ընդլայնել է նշանակությունը. «բիթնիկ» ասելով նկատի է առնվում ոչ թե մետրոյում քնող մարդկանց, այլ մարդկանց, ովքեր առանձնանում են որոշակի նոր դիրքորոշմամբ…»[2] («Կոտրված սերնդի» ակունքները»): Նույն հոդվածում «բիթնիկ» բառի իմաստի էվոլյուցիոն մեկ այլ` կրոնական աստիճան ենք նկատում` «երանելի» վերաիմաստավորմամբ (թերևս ամենաառանցքայինը` ելնելով բիթ-մշակույթի հիմքում ընկած ելակետային, կենսարար տեսություններից (կրոնական)` «…մի անգամ կեսօրից հետո ես այցելեցի Լոուելլի (Մասաչուսեթս) Սբ. Ժաննա դ’Արկ եկեղեցին, այն եկեղեցին (եկեղեցիներից մեկը), որտեղ մանկության տարիներին հաճախ էի լինում: Իմ աչքերն անսպասելիորեն արցունքոտվեցին և ինձ համար պարզվեց այն ճշմարիտ իմաստը, որն էլ, իրականում,  ամփոփված է «կոտրվածսերունդ»-ի հիմքում… տեսա բիթնիկ բառը նորովի լուսավորված` երանելի իմաստով…[3] («Կոտրված սերնդի» ակունքները»):
 
    2. Բիթ-շարժում (հասարակական-մշակութային շարժման ընթացքը, յուրահատկու-
թյունները)
 
    Բիթ-շարժումը` որպես հասարակական-մշակութային ուժգին ալիք, ձևավորվել է ԱՄՆ-ում 40-ական թթ. վերջերից` որպես սուր և նպատակաուղղված հակառեակցիա ժամանակի համաշխարհային և հատկապես ամերիկյան իրադարձություններին և միևնույն ժամանակ միտում` նոր կենսակերպ, մտածողություն և մշակույթ ստեղծելու, այսպես` Ջեք Կերուակը նշում է. ««Բիթ-սերունդ»-ը պարզապես դարձավ լոզունգ` Ամերիկայում բարքերի հեղափոխությունը մատնացույց անող»[4]: Բիթ-կուլտուրան մշակութային բարձրակետը նվաճում է 50-ական թթ.-ին և աստիճանաբար մարում 60-ական թթ. Վերջերին: «Կոտրված սերնդի» ակունքները» հոդվածում Կերուակն ամփոփ կերպով ներկայացնում է բիթ-մշակույթի զարգացման ընթացքը` ««Ճանապարհին» վեպը գրելը խլեց ինձնից երեք շաբաթ: 1951թ.-ի մայիսն էր… 1952թ.-ին «Նյու Յորք Թայմս» կիրակնօրյա հանդեսը «Սա կոտրված սերունդ է» խորագրով հոդված հրապարակեց... Դրանից հետո սկիզբ առան որոշ խոսակցություններ… 1955թ.-ին Ժան-Լուի գրական ծածկանունով տպագրեցի հատված «Ճանապարհին» վեպից: Այն ստացավ «Կոտրված սերնդի ջազ» անվանումը և վերատպվեց որպես գրման ընթացքում գտնվող վեպի էպիզոդ: Վեպը ներկայացված էր «Բիթնիկների սերունդ» վերնագրով (ավելի ուշ, իմ նոր խմբագրի պնդմամբ, փոխարինեցի այդ վերնագիրը մեկ այլ` «Ճանապարհին» վերնագրով)… Տերմինի տարածմանը զուգահեռ աճում էր այն մարդկանց թվաքանակը, ովքեր իրենց համարում էին բիթ-սերնդի ներկայացուցիչ… Հետզհետե շարժումն ընդլայնվում էր: Եվ 1957թ.-ին, երբ հրատարակիչները վերջապես համարձակվեցին տպել իմ  «Ճանապարհին» վեպը, շարժումը ձեռք բերեց աննախադեպ ընթացք… Բիթ-սերնդի մասին բացականչում էին բոլոր անկյուններից… Մարդիկ կոչում էին իրենց և´ բիթնիկեր, և´ ջազնիկներ, և´ բոփնիկներ…»[5]:
    Բիթ-շարժումը, սակայն, դիտարկվում է հիփսթերական շարժմանը սերտորեն համակցված, ավելին` անկախ ներքին տարբերակվածության (բիբոփ ջազի աֆրոամերիկացի նորարարներ, լյումպեն դասի (մարդիկ, որոնք չեն ցանկանում և չեն կարող աշխատել, չունեն սեփականություն, չեն հետևում էթիկայի որոշակի նորմերի և այլն) ներկայացուցիչներ), գաղափարական հողի վրա նույնացող հիփսթերական շարժումը պետք է համարել բիթ-շարժման նախասկիզբը` Կերուակ. «Ամեն դեպքում հիփսթերներն իրենց բիբոփով նման էին հանցագործների, սակայն նրանք խոսում էին այն ամենի մասին, ինչ դուր էր գալիս ինձ… 1948թ.-ին հիփսթերները կամ բիփսթերները բաժանվում էին երկու խմբի` «խաղաղ/հանգիստ» և «ակտիվ/բուռն»… Ստեղծագործող անհատների մեծ մասը, որն առնչվում էր բիթ-սերնդին, պատկանում էր հիփսթերների երկրորդ` «բուռն» տեսակին»[6] (««Կոտրված սերնդի» ակունքները»): Տեսաբանների մի մասը նույնիսկ տարբերակում չի դնում հիփսթերների և բիթնիկների միջև` բացարձակապես նույնացնելով վերջիններիս, այսպես`Հերբերտ Գոլդը նշում է. «Հիփսթերներն ունեն մի տարօրինակ ճանապարհ, որը հանգեցնում է ոչ ավանդական կրոնական կողմնորոշման, ինչպես նշում է Ջեք Կերուակը` «Մենք գտնվում ենք նոր կրոնի առաջավոր մասում»[7] («Բիթնիկների առեղծվածը»/ «Загадка битников»): Անհրաժեշտ է նշել` հիփսթերական շարժումից սկզբնավորվելով և իր ինքնակա զարգացման ընթացքում հասարակական շարժման ընդգծված շեշտեր կրելով` բիթ-շարժումը 60-ականների վերջին վերափոխվում է հիպպիական շարժման` եզրափակելով մշակութային պատմության տվյալ` բիթնիկական փուլը:
    Գրեթե երկու տասնամյակ գործած բիթ-սերունդն առանձնանում է ոչ միայն իր բացառիկ մտածողությամբ, հոգեբանությամբ, այլև իր իսկ ստեղծած մշակութային համակարգում արմատային նշանակություն և պարզ լինելիությունից բացի իմաստային որոշակի մատնանշման արժեք ունեցող (հիշենք Չարլզ Վիլսին) արտաքին էլեմենտների առկայությամբ և կիրառությամբ` բարձր վզով սև սվիտերներ, բերետներ, երկար մազեր և «այծային մորուք» (տղամարդկանց համար), անթափանց սև ակնոց, բոնգոյի թմբուկների պարտադիր կրում, ինչպես նաև իրական բիթնիկությունը բավարարող մի շարք պայմաններով` «Իրականում, իսկական բիթնիկը, եթե դուք ցանկանում եք զրուցել բիթնիկների` որպես կոտրված մարդկանց մասին, նա է, ով դաջել է խաչելությունը… (Կերուակը նկատի ունի խաչը` Հիսուսի խաչելությամբ քանդակված, փորագրված)»[8] կամ «Ոչ, ես ցանկանում եմ խոսել կենդանի արարածների, խաչելության համար… Ես խոսում եմ Բուդդայի համար, Լաո Ցզիի և Չժուան Ցզիի համար, ես խոսում եմ Դ. Տ. Սուձուկիի (Դայսեցու Տեյտարո Սուձուկի) համար: Ինչո՞ւ ես պետք է կշտամբեմ այն մարդկանց, ում սիրում եմ կյանքիցս առավել. բիթնիկն այդպես չի անում…»[9] (««Կոտրված սերնդի» ակունքները») և այլն:
    Ամփոփելով վերոբերվածը` պետք է նաև հավելել` բիթ-շարժումը միանշանակ ընդունելություն չի գտել. ամերիկյան քննադական թևը մշակութային իրողության տեսանկյունից բիթ-կուլտուրան (բոլոր բիթ-ձևերը) համարել է ինտելեկտուալ հիմքի բացակայությամբ ապակառուցողական, ռեգրեսիվ երևույթ` Ջոն Չիարդի/Սիարդի (John Ciardi/ գրող, քննադատ). «Ես սփոփում եմ ինձ հույսով` հաջորդ անգամ, երբ երիտասարդները կորոշեն ինտելեկտուալ շարժում/բողոք կազմակերպել, նախ և առաջ կգնան գրադարան… Գրադարանը շարունակում է մնալ մարդկային իմաստության հիմնական աղբյուրը...»[10] («Ձոնվում է մարած բիթնիկներին»/ «Epitaph for the Dead Beats»/ «Угасшим битникам посвящается»):
 
    3. Բիթնիկական գրականություն (ազդեցությունները, տեսական հիմնավորումները, պոեզիայի ելակետային սկզբունքները) 
    Բիթ-մշակույթի ծանրության կենտրոնը` գրականությունը (ներկայացուցիչներն են` Կերուակ, Գինսբերգ, Վ. Ս. Բերրոուզ, Գրեգորի Կորսո, Գարի Սնայդեր, Դիանա դի Պրիմա, Ռոբերտ Կրիլի, Պիտեր Օռլովսկի և այլք), ստացել է իր գեղարվեստական-էսթետիկական` առնչություններ և ազդեցություններ, կառուցվածքային-կոմպոզիցիոն սկզբունքներ, տեխնիկական հմտություններ և այլն, կրոնա-փիլիսոփայական հիմնավորումները մի շարք մանիֆեստային արժեք ունեցող հոդվածներում` Ջեք Կերուակ ««Կոտրված սերնդի» ակունքները» («The Origins of the Beat Generation»/ «Истоки “разбитого поколения”»), «Իմպրովիզային արձակի հիմնական սկզբունքները», «Հավատը և տեխնիկական հնարքները ժամանակակից արձակում, «Պոետիկայի մասին», Հերբ Գոլդ «Բիթնիկների առեղծվածը», Լոուրենս Ֆերլինգետտի (Lawrence Ferlinghetti) «Պոետիկայի մասին», Ալեն Գինսբերգի (Irwin Allen Ginsberg) «Նշումներ «Ոռնոց» և այլ բանաստեղծությունների վերաբերյալ», Գարի Սնայդեր (Gary Snyder) «Պոետիկայի մասին», «Կրոնական միտումների մասին», Լերոյ Ջոնս (Leroy Jones) «Ինչպե՞ս ես դու հնչում», Մայքլ ՄքՔլյուր (Michael McClure) «Օրագրից» և այլն:
Գրական ազդեցությունների, առնչությունների շրջանակը, որը հիշատակում են նշված և այլ հոդվածներում բիթ-գրողները, բավականին  տարողունակ է, բազմազան (բազմազան նաև ժամանակային տեսանկյունից) և երբեմն անսպասելի, այսպես` Գինսբերգ. «…ես լսում էի Բլեյքի հինավուրց ձայնը…»[11] կամ «Նա, ով մերժում է ոլորտի (նկատի ունի բարձրագույն աստվածային ոլորտը) երաժշտությունը, մերժում է պոեզիան, մերժում է մարդուն և արհամարհում է Բլեյքին, Շելլիին…»[12]: Գինսբերգը մեծապես ազդվել է Ուիթմենից. «Ուիթմենը հարատև մնալու է այն լեռը, որի մեծությունն ամբողջովին չի կարող գիտակցվել»[13] («Նշումներ «Ոռնոց» և այլ բանաստեղծությունների վերաբերյալ»), Մայքլ ՄքՔլյուր` «Ինձ հարազատ են Լոուրենսը և Մելվիլլը…»[14] կամ «Ջոն Վեբստերի պիեսները, Ջոն Միլտոնի արձակը, Մելվիլլի, Բլեյքի, Արտոյի և Լոուրենսի վեպերը, Գյոթեն և Դանթեն. այն ամբողջ գրականությունը, որն ինձ համար ունի նշանակություն այն նույն շարքից է, որը թվարկվեց:»[15] («Օրագրից»), Կերուակ` «Ես շարունակում էի գրել, քանզի իմ կուռքը Գյոթեն էր, և ես հավատում էի արվեստին` հուսալովմի օր ստեղծել «Ֆաուստի» երրորդ հատվածը…»[16] (««Կոտրված սերնդի» ակունքները»), Կերուակը խորապես ազդվել է նաև Մարսել Պրուստից, Հեմինգուեյից, Թոմաս Վուլֆից և այլն, Լերոյ Ջոնս` «Ամենամեծ ազդեցությունը ես կրել եմ Լորկայից, Վիլիամսից, Պաունդից, Չարլզ Օլսոնից…»[17] («Ինչպե՞ս ես դու հնչում»): Բիթ-գրականության ձևավորման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն Թ. Էլիոթը, Էդգար Պոն, իսկ տեսական մակարդակում` Տրիստան Տցարան (դադիզմ), Անդրե Բրետոնը (սյուրռեալիզմ), Անտոնեն Արտոն (դաժանության թատրոն) և այլք:
    Բիթ-մշակույթի հիմքում ընկած կրոնական-փիլիսոփայական հայեցակետերը այնպես, ինչպես գրական ազդեցությունները, բազմազան են` Հերբերտ Գոլդը նշում է. «Որոշ ժամանակ հիփսթերները (նույն բիթնիկները ըստ Գոլդի) տարված էին Սբ. Խուան դե լա Կրուսով, կաթոլիկական արարողություններով, Ֆրանցիսկ Ասսիզեցիով, այնուհետև նրանք անցան բյուզանդականին, հունականին և ուղղափառին… Վերջին տարիներին հիփսթերները համարում են իրենց «ձեն-հիփսթերներ»: Ձեն-բուդդիզմի տարածումը նման էր ասիական գրիպի վարակին…»[18], Գարի Սնայդերը, ներկայացնելով բիթ-մշակույթի երեք կարևորագույն դրույթները, հիշատակում է նաև հետևյալ կրոնական ուղղություններն ու ուսմունքները` «Սեր, հարգանք կյանքի նկատմամբ, Ուիթմեն, պացիֆիզմ, անարխիզմ և այլն. այս ամբողջը բխում է տարբեր ավանդույթներից, որոնցից են կվակերները, շինշու-բուդդիզմ, սուֆիզմ (տասավվուֆ կամ սուֆիական իսլամ)»[19] («Կրոնական միտումների մասին»), սակայն, անկախ փոփոխություններից, դրանք կարևորագույն, հիմնաքարային դերակատարում ունեն բիթ-կուլտուրայի համակարգում: Ինչպես բիթ-կուլտուրան իր ամբողջության մեջ, այնպես էլ նրա առանձին դիրքորոշումներ` տվյալ պարագայում կրոնական-փիլիսոփայական, չվրիպեցին քննադատական հայացքներից, այսպես` Ջոն Չիարդին գրում է. «Ուսմունքն (ձեն-բուդդիզմ) ամենավերջին երևույթն էր այս աշխարհում, որին նրանք (բիթնիկները) ձգտում էին: Փոխարենը ձեն-բուդդիզմը ամենահարմար միջոցն էր բոլոր ցանկություններին պարզ բացատրություն տվող»[20](«Ձոնվում է մարած բիթնիկներին»):
    Անդրադառնալով բիթ-գրականության` մասնավորապես պոեզիայի ստեղծման հոգեբանական և տեխնիկական հմտություններին, ստրուկտուրալ առանձնահատկություններին, նշենք, որ դրանցից շատերը նախատեսված են հենց արձակի համար, սակայն միաժամանակ և պոետական ոլորտում դրանք դիտարկելը պայմանավորված է պոեզիայի և արձակի համար նույն սկզբունքով գործելու հանգամանքով, այսպիսով` ամփոփ կերպով ներկայացնենք բիթ-պոեզիան բաղադրող մի շարք առանցքային գործոններ (թե´ զուտ պոետական, թե´ ընդհանրական)`
    1. Ռիթմը` Կերուակ. «Այն ռիթմը, որն որոշել եք կիրառել` «հրելու» շարադրանքը, որոշում է ամբողջական բանաստեղծության ռիթմը` լինի տողատված բանաստեղծություն կամ բանաստեղծություն, որը գրվում է մեկ անվերջ տողով և կոչվում է արձակ (անգամ հաշվի առնելով պարբերությունները)»[21] (նկատի ունի արձակ բանաստեղծությունը):
    2. Երաժշտականություն և երաժշտություն (բիթ-պոեզիայի ընթերցումը զուգակցվում էր ջազային երաժշտությամբ):
    3. Կետադրական նշանների` հատկապես վերջակետի, միտումնավոր բացթողում, խոսքի չհատվող շարունակականություն, օր.` Ռոբերտ Կրիլի (Robert Creeley)`
 
I think I grow tensions
like flowers
in a wood where
nobody goes.
 
Each wound is perfect,
encloses itself in a tiny
imperceptible blossom,
making pain.
 
Pain is a flower like that one,
like this one,
like that one,
like this one.[22]
(«The Flower»/ «Ծաղիկը»)
    4. Բառային գիտակցված ընտրության մերժում. «Չտալ ոչ մի դադար, որպեսզի նպատակադրված չընտրել համապատասխան բառը»[23] կամ «Ամենևին անհրաժեշտ չէ կերպարի մասին սկսել խոսել նախապես մտածված բառերով»[24]:
    5. Մտքի պարզություն (ըստ որոշ քննադատների՝ մտքի պարզությունը բիթ-պոեզիայում վերածվել է պրիմիտիվիզմի, զգացմունքի բառային արտահայտման անկարողության):
    6. Չափազանց երկար կամ հնարավորինս կարճ նախադասություների կիրառում, օր.` Ալեն Գինսբերգ հատված «Howl»-ից («Ոռնոց») և Դիանա դի Պրիմա «More or less love poems» («Քիչ թե շատ սիրային բանաստեղծություններ»)` համապատասխանաբար`
 
    I saw the best minds of my generation destroyed by madness, starving hysterical naked, dragging themselves through the negro streets at dawn looking for an angry fix,
angelheaded hipsters burning for the ancient heavenly connection to the starry dynamo in the machinery of night,
who poverty and tatters and hollow-eyed and high sat up smoking in the supernatural darkness of cold-water flats floating across the tops of cities contemplating jazz…[25]
և
In your arms baby
I don’t feel no
spring in winter
but I guess I can do
without
galoshes…[26]
 
    7. Արևելյան` հատկապես չինական, կայուն բանաստեղծական ձևերի նախապատվություն, օր.` Ջեք Կերուակ «Արևմտյան հոքուներ» («Western Haiku») շարքից`
 
Birds singing
in the dark
- Rainy dawn.[27]
 
Elephants munching
on grass - loving
Head side by side.[28]
 
    8. Ավարտուն գործի վերանայման, սխալների ուղղման մերժում:
    9. Ստեղծագործական մտքի, երևակայության, կառուցվածքային ձևերի, թեմայի ընտրության բացարձակ ազատություն` Լերոյ Ջոնս. «Իմ պոեզիան այն է, ինչ ես ինքս ինձ համարում եմ… Ես կարող եմ լինել այն ամենը, ինչ կարող եմ… Ես պոեզիա ստեղծում եմ նրանից, ինչ համարում եմ օգտակար… Գրասենյակային պոեզիա գոյություն չունի»[29], Գարի Սնայդեր. «…իմ բանաստեղծությունների ռիթմը համընկնում է իմ կատարած աշխատանքի, իմ կյանքի որոշ պատառիկների ռիթմին…»[30] և այլն:
 
    Տեխնիկական-հոգեբանական մի շարք հմտություններ (ըստ Ջեք Կերուակի «Իմպրովիզային արձակի հիմնական սկզբունքները», «Հավատը և տեխնիկական հնարքները ժամանակակից արձակում» հոդվածների)`
    1. Ենթագիտակցության դաշտ թափանցելու ու այն վերլուծելու համար անհրաժեշտ է ստեղծագործել կիսատրանսային, հնարավորինս անգիտակից վիճակում: Կենտրոնացեք ձեր առջև եղած առարկայի վրա, խորը թափանցեք այդ առարկայի շուրջ ծագած մտքերի մեջ:
    2. Ներդաշնակ և խաղաղ եղեք ձեր կյանքի հետ, սիրեք այն:
    3. Գրեք այն, ինչ ցանկանում եք և այնպես, ինչպես ստացվում է:
    4. Մի մտածեք բառերի մասին, եթե կանգ եք առել, պարզապես ավելի ուշադիր նայեք պատկերին:
    5. Գրեք` օգտագործելով հիշողությունը և զարմացնելով ինքներդ ձեզ:
    6. Չպետք է լինի ոչ մի վախ կամ ամոթ` ձեր փորձը, լեզուն և գիտելիքը ստվերող:
    7. Պատմեք իրական պատմություն աշխարհի մասին` ներքին մենախոսության միջոցով:
    8. Այն, ինչ զգում եք, վաղ թե ուշ համապատասխան ձևն է գտնելու:
    9. Գրքույկները, ինչպես նաև անկանոն ցրված թղթերը, հեռու պահեք օտար աչքից. ամբողջը ձեր իսկ հաճույքի համար է:
    10. Հիշե´ք,  դուք կայացած հանճար եք, և հանճարեղությունը մշտապես ձեզ հետ կլինի… և այլն:
 
    4. Բիթնիկական գրականությունը և պոստմոդեռնիզմը 
    Վերոբերված ամբողջ նյութն ամփոփելով և հենվելով դրա վրա` կարող ենք, ի վերջո, հստակեցնել պոստմոդեռնիզմ և բիթ-գրականություն առնչությունները` լուծում տալով ուսումնասիրության ընթացքում առաջ քաշված հետևյալ չորս հարցադրումներին`
    1. Բիթ-գրականությունը մոդեռնիստական ուղղություն` պոստմոդեռնիստական ժամանակագրությամբ և հակառակը` բիթ-գրականությունը մոդեռնիստական ժամանակագրությամբ պոստմոդեռնիստական ուղղություն.
    2. Բիթ-գրականությունը զուտ պոստմոդեռնիստական ուղղություն պոստմոդեռնիստական ժամանակագրությամբ.
    3. Բիթ-գրականությունը պոստմոդեռնիստական հաղթահարում.
    4. Բիթ-գրականությունը գրական երևույթի տեսանկյունից զրոյական փաստ:
    Մեր ուսումնասիրության առաջին և չորրորդ գլուխներում քննված խնդիրները`պոստմոդեռնիզմի ժամանակային ընթացքի հստակեցման և տեսական հիմնավորման շուրջ, թույլ է տալիս վերոնշված առաջին հարցադրումը համարել ոչ ճիշտ. բիթ-կուլտուրան 40-ականների վերջի ծնունդ է, հետևաբար այն ներառվում է պոստմոդեռնիստական քրոնիկայում, գաղափարական պատկանելիության տեսանկյունից եղած մոդեռնիստական և նախամոդեռնիստական առնչությունների առկայությունը ևս բավարար պայման չէ բիթ-գրականությունը դասելու մոդեռնիստական ուղղությունների կողքին, քանզի խորքային  մի քանի հատկանիշների նույնության, ազդեցությունների կողքին բիթ-գրականությունը դրսևորեց զգալիորեն տարբեր որակական դիրքորոշումներ, առանձնահատկություններ:
    Չորրորդ հարցադրումը կարելի է պարզապես ծայրահեղություն համարել. երկու տասնամյակի ընթացքում գոյատևած բիթ-կուլտուրայի տարատեսակ ձևերի առկայությունը ուղղակիորեն փաստում է նրա բավականին ազդեցիկ մշակութային երևույթ լինելը:
    Երկրորդ և երրորդ հարցադրումներին անդրադառնալիս բիթ-գրականությունը պետք է դիտարկել նրանից հետո ստեղծված գրականության զուգորդմամբ, սա, թերևս, կլինի նաև հավաստի և լիարժեք դիտարկում` պոստմոդեռնիզմ բիթ-գրականություն առնչությունների հարցը սպառելու (հարաբերականորեն) դիտանկյունից. լինելով ժամանակային տեսանկյունից պոստմոդեռնիստական երևույթ` բիթ-գրականությունը` միայն իրեն բնորոշ, մյուս ուղղություններից հստակորեն տարբերակվող հոգեբանական, փիլիսոփայական, գրական-գեղագիտական, հասարակական հայեցակետերով, դիրքորոշումներով, գաղափարական տեսանկյունից պոստմոդեռնիստական հաղթահարում էր, որը, սակայն, լիակատար կերպով չիրացվեց (վերածելով բիթ-գրականությունը թվացյալ անախրոնիզմի)` նախ այն մարեց որպես հասարակական շարժում և ոչ զուտ գրական երևույթ, ապա նրան հաջորդած գրականությունը դարձավ ոչ թե զարգացման մի նոր օղակ, որը կարդարացներ բիթ-գրականության հաղթահարումը, այլ պարզապես հղում պոստմոդեռնիստական և նույնիսկ մոդեռնիստական գրականություններին: 
 

 
[1]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 607.
[2]Նույն տեղում, էջ 612:
[3]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 613-614.
[4]Նույն տեղում, էջ 612:
[5]Նույն տեղում, էջ 612-613:
[6]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 610, 611.
[7]Նույն տեղում, էջ 645:
[8]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр.605.
[9]Նույն տեղում, էջ 606:
[10]Նույն տեղում, էջ 662:
[11]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 665.
[12]Նույն տեղում, էջ 668:
[13]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр.666.
[14]Նույն տեղում, էջ 671:
[15]Նույն տեղում, էջ 673:
[16]Նույն տեղում, էջ 613:
[17]Նույն տեղում, էջ 674:
[18]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 645-646.
[19]Նույն տեղում, էջ 675:
[20]Նույն տեղում, էջ 655.
[21]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 663.
[22]Նույն տեղում, էջ 527:
[23]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 616.
[24]Նույն տեղում, էջ 617:
[25]http://www.wussu.com/poems/agh.htm
[26]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 431.
[27]http://anyportinastorm.proboards.com/index.cgi?board=books&action=display&thread=3089
[28]http://anyportinastorm.proboards.com/index.cgi?board=books&action=display&thread=3089
[29]Антология поэзии битников, Сост. Галина Андреева, M., 2004 г., стр. 674
[30]Նույն տեղում, էջ 669:

Ստեղծագործություններ