Արփի Ոսկանյան

Երկրորդ գալուստը

Arpi-Voskanyan
     (որ այդպես էլ չկայացավ մի  աղջնակի պատճառով, որն ուզում էր սիրել) 
 
    Մթնում էր։ Կեղտագույն փոշի էր թափվում երկնքից։ Թափվում էր սև, լայն թիկնոցիս վրա։ Հետո հասկացա, որ դա թիկնոց չէր, այլ մազերս էին։ Երբ փոշին սկսեց սևանալ, ես հասկացա նաև, որ դա ամենասովորական առաջին ձյունն էր, որն արդեն սկսել էր դադարել։
    Ծառուղին, որով քայլում էի, նույնպես սև էր։ Այստեղ-այնտեղ վառարաններ կային դրված, և դրանց շուրջը հավաքված էին սև սքեմներով մարդիկ։ Ոմանք տաքանում էին, ոմանք շտապում էին ինչ-որ տեղ։ Նրանց սքեմների վրա կեղտագույն խաչեր էին դաջված։ իսկ սքեմների տակ էլի սքեմներ կային։ Նրանք այլայլված նայում էին ինձ։ Չհասկացա, թե ինչու։ Ներսոմս ինչ-որ նողկանք սկսեց առաջանալ…
    Ծառուղին, թվում էր, վերջ չունի։ Ճանապարհին նորանոր սքեմավորներ էին հանդիպում։ Նրանցից շատերի դեմքերը ծանոթ էին, բայց չէի կարողանում հիշել, թե որտեղից։ Բոլորը նայում էին ինձ ապակե աչքերում թաքցրած ատելությամբ։ Հենց ուզում էի բարևել, նրանք իրենց ապակե հայացքները հառում էին երկինք։ Ներսիս նողկանքը սկսեց բարձրանալ։
    Դիմացից եկող սքեմավորին իր սքեմը շատ էր սազում։ Դեմքը վերջապես հիշեցի։ Դասընկերս էր։ Մի ժամանակ նա հաճախում էր հոգեգալստականների հավաքներին և ինձ հայհոյում էր կտակարանով։ Չնայած այդ ամենին՝ ցանկություն ունեցա հետը զրուցելու և մոտեցա։ Նա չռված աչքերով նայեց ինձ ու, այն է՝ ուզում էի բարևել, գոռաց ապակե ձայնով.
    - Դարձի՛ եկ, մեղավո՛ր կին, ծածկի՛ր վավաշոտ կրծքերդ և ապաշխարհի՛ր։ Մոտ է Հիսուսի գալուստը…
Նա էլի ինչ-որ բաներ էր ասում։ Խոսում էր, խոսում, բայց ես չէի լսում, որովհետև ափերով ամուր փակել էի ականջներս և վազում էի։ Հանկած զգացի, որ ծառուղին իսկապես վերջ չունի…
    Ինչ-որ մեկը բռնեց թևս։ Իսկույն ճանաչեցի՝ շաբաթապահներից էր։ Միայն անունը չկարողացա հիշել։ Ի՞նչ էր անունը… Նա մի ժամանակ հաճախ էր գալիս մեր տուն։ ասում էր, թե ես սատանայի ծնունդ եմ։ Այն ժամանակ ծնողներս շատ էին հավանում նրան։
    Նա ամուր սեղմեց թևս իր ապակե ձեռքով.
    - Եկուր, ու քեզի կցուցանեմ այն մեծ պոռնիկին դատաստանը, որուն հետ երկրին թագավորները պոռնկացան, ու երկրին բնակիչները անոր պոռնկության գինովը գինովցան…
    Ես ցանկացա փախչել, բայց չէի ուզում մողեսի պոչի նման ձեռքս թողնել ապակե աքցանի մեջ։ Կոշիկիս վրա մի մեծ, կարմիր ռուբին կար։ Ես ամբողջ ուժով հարվածեցի շաբաթապահի ամորձիներին։ Նա մի պահ կծկվեց, ու ես կարողացա փախչել։
    Վազելիս ազդրերս քսվում էին իրար՝ հաճելի զգացում առաջացնելով։ Հանկարծ նկատեցի, որ մերկ եմ, բոլորովին մերկ։ Հասկացա, թե ինչու էին բոլորն այլայլված նայում ինձ։ Փորձեցի հիշել, թե որտեղ եմ մոռացել զգեստներս, բայց չկարողացա։ Զարմանալի էր, որ չէի մրսում, որովհետև դիմացից դեպի ինձ հոսող ծանոթ դեմքերը, իրենց սքեմների մեջ փաթաթված, սառցակալել էին։ Ես նայում էի նրանց, ու նողականքը բարձրանում էր։
    Հանկարծ հեռվում, կեղտագույն մշուշի միջից նկատեցի քեզ։ Զգացի, որ այսքան ժամանակ քեզ էի որոնում՝ քո մորուքը, քո բազուկները… Որոնում ամենուր՝ բոլորի մեջ, բոլորի գրկում… Զգացի, որ սարսափելի երկար եմ քեզ սպասել։ Ախր դու խոստացել էիր, որ կգաս, ինչպե՞ս կարող էի ես քեզ չսպասել։ Այն երբ էր, որ եկար, գուցե անցյալ կյանքերից մեկում էր…Այն երբ էր, որ գնացիր… Այն օրից անընդհատ ականջիս մեջ էր քո ջութակի հեռավոր երգը, որ մերթ ընդ մերթ մոտենում էր։ Հիշողությանս մեջ թույլ ուրվագծվում էր քո աղոտ ստվերը։ Միակը, որ մնացել էր պարզորորշ ու հստակ, հարազատությունն էր։ Մեկ էլ կարոտը։ Ես ճանաչեցի քեզ հարազատությամբ ու կարոտով և խելակորույս վազեցի դեպի քեզ։ Կարոտից չնկատեցի քո սև սքեմը և չտեսա աչքերիդ ապակին…
    - Բարև,- չհասկացա, թե ինչ էի ուզում ասել դրանով։  Նետված քարից ջարդվող ապակու ճիչ լսվեց։ Դու իջեցրիր կոպերդ։ Ես, սառած ձեռքդ բռնելով, շշնջացի.
    - Վախենում եմ… Կգա՞ս ինձ հետ։
    - Ների՛ր, չեմ կարող,- ասացիր դու առանց կոպերդ բարձրացնելու,- Հիսուսը գալիս է։
    Հանեցիր ձեռքդ ափիս միջից ու փակ կոպերով հեռացար։ Ես երկար նայեցի քո հետևից։ Ինձ թվաց՝ ավելի երկար, քան սպասել էի։ Հետո հոգնեցի ու շարունակեցի ծառուղիս։
    Կողքովս հոսում էին սքեմավորները։ Նրանց սքեմների կեղտագույն խաչերը մթության մեջ սպիտակին էին տալիս։ Հետո նրանք շատացան, և ես սկսեցի ճեղքել նրանց՝ հոսանքին հակառակ լողալու նման։ Նրանց ձայները հնչում էին իրար բախվող ապակե զանգերի պես.
    - …շտապել է պետք…
    - …շուտով դռները կփակվեն…
    - …ուշացածները կմնան դրսում…
    - …տերը կտանի իր հարսներին…
    Ես զգացի, թե ինչպես նողկանքը բարձրացավ ու թափվեց…Երբ նայեցի, սքեմներն այլևս չէին երևում։ Երևում էին միայն նրանց վրայի կեղտագույն խաչերը՝ իրար միացած ու շարժվող։ Դա նման էր ճահճացած ու մածուցիկ կեղտաջրի, որ գրկում էր ինձ ու լիզում ստինքներս։
    Ես սկսեցի վաչել։ Այնքան արագ, ինչքան ուժ կար ոտքերումս։ Ճահիճը հետապնդում էր ինձ։ Իմ ու նրա միջև մի քանի քայլ տարածություն էր։ Կածանի փոխված ծառուղու եզրերին որտեղից որտեղ բսնած մասրենիները կառչում էին մազերիցս, չանգռտում ազդրերս, դեմքս… Քարերը չարությամբ ծակծկում էին ներբաններս, և դարուփոսերը հռհռում էին ոլորվող ոտլերիս վրա։
    Ինչ-որ մի ձայն ասաց.
    - Հիսուսը գալիս է։
    Գմբեթավոր, սև եկեղեցու բակում մի ծանոթ, սրտաճմլիկ ձայն լսեցի։ Քո ջութակն էր։ Այնքան մոտ էր, որ քիչ մնաց խելագարվեմ։ Ո՞ւր կորավ ճահիճը, չգիտեմ, ես մոռացա նրան… Խելակորույս խուժեցի եկեղեցի ու սկսեցի որոնել քեզ։ Առաջինը, որ բախվեց աչքիս, սատանան էր՝ մի սովորական, գիրուկ մարդ, որը մոմ էր վաճառում։ Իսկույն ճանաչեցի նրան, նա էլ նկատեց ինձ։
    - Կորի՛ր այստեղից,- գոռացի ես ու դիմեցի մարդկանց,- բռնեցե՛ք սրան…
    Բայց պարզվեց, որ ոչ ոք ինձ չէր լսում, բացի նրանից։ Իսկ նա ժպտում էր։ Այդ ժպիտը ես շատ էի տեսել երազներում։ Նա ծածկեց գլխարկը, վերցրեց ձեռնափայտը ու մոտեցավ ինձ։ Ուսս սառավ նրա ձեռքի ծանրությունից, և ես տեսա նրա ապակե աչքերի փայլը։
    - Ես կարծում էի, թե դու այլևս իմը չես,- ասաց նա,- բայց հիմա տեսնում եմ, որ դեռ հույսեր կան,- նույն փայը կար նաև նրա ձգվող շուրթերին, և ես ակամա ձգվեցի դեպի նա։ Նա անհետացավ, ու ես շրմփացի գետին։
    Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց։ Բոլորը զբաղված էին։ ամեն մեկն ինչ-որ բան էր անում. պարում էր, ճչում, աղաղակում, ծիծաղում, ողբում, մուրում։ Նրանց մարմինները փայլփլում էին տարօրինակ ու զզվելի փայլով։ Օդը լցվել էր նրանց քրտինքի գոլորշիներով ու գարշահոտությամբ։Օդ չկար, և ես, շնչահեղձ լինելով, ինչ-որ բան էի գոռում։ Չգիտեմ՝ ինչ, որովհետև ձայնս խլանում էր աղմուկի մեջ, և ես չէի կարողանում հասկանալ։
    Շուրջս մերկ ու կիսամերկ մարդիկ էին։ Նրանց մարմինները տձև էին, կնճռոտ, զզվելի։ Դասընկերս և այն շաբաթապահը, ում ծնողներս հավանում էին, գետնին շնանում էին մի պոռնիկի հետ։ Ինչ-որ մեկը խոսում էր սուրբ երրորդության մասին։ Մի ուրիշ հիմար անվերջ կրկնում էր.
    - Գազանը, որ կա ու չկա, անիկա ութերորդն է, որ յոթնեն է ու դեպի կորուստ կերթա…
    Տեսա նաև գազանին։ Նրա վրա մի կիսամերկ կին էր նստած։ Գազանի աչքերը փայլում էին ապակու նման, իսկ կնոջը չէին երևում, գզգզված մազերը թափվել էին դեմքին։ Նա ցանցավոր կրծկալ ուներ և կարմիր թիկնոց։ Մերթ ընդ մերթ բարձրացնում էր ոտքը և ուղղում բթամատին դրված մատանին։ Մատանուց ճանաչեցի՝ խորթ մայրս էր։ Ավելի ճիշտ՝ հորս սիրուհին։ Բայց նրա նպատակը մատանին ուղղելը չէր. նրան հազարավոր տղամարդիկ էին նայում։ ինչ-որ մեկն ասաց, թե դրանցից ոմանք թագավորներ են։
    Այստեղ էր նաև հայրս՝ ծերացած, կռացած, խեղճ։ Նա մոտենում էր անասելի տգեղ ու պառաված կանանց, որոնք հրում էին նրան։
    - Երդում եմ տալիս ձեզ, ո՜վ Երուսաղեմի աղջկերք,- երգում էր մերկ վկաների երգչախումբը,- մի՛ զարթնեցրեք և վեր մի՛ կացրեք սիրուհուն, մինչև որ ինքը չբարեհաճե…
Ինչ-որ մեկը լիմոնի միջուկով ծամոն էր վաճառում, մյուսը՝ խաչբառների գրքույկ՝ բոլորովին ձրի։ Բայց գնող չկար։ Բոլորը զբաղված էին։
    - Զգույշ եղեք, որ չանարգեք այս պստիկներեն մեկը, որոնք ինծի կհավատան,- ասում էր մի տարեց տղա՝ ճմռելով կողքին նստած կնոջ պարարտ կուրծքը,- քանզի կսեմ ձեզի, թե երկնքի մեջ անոնց հրեշտակները կտեսնեն Հոր երեսը…
    Տղայի դեմքը արտասովոր ծանոթ թվաց ինձ։ Բայց չկարողացա հիշել։ Մի կին սկուտեղի վրա կտրված ու արնածոր գլուխ էր տանում։ Գլխի վրա, վարսերի փոխերեն սև ու սպիտակ օձեր էին գալարվում։ Կնոջ վարսերն էլ էին նման այդ օձերին։ Ճղճղված տունիկայով մի հիմար ծերունի գոռում էր.
    - Օ՜ֆ, Աթենքի  հզոր տիրուհի՛, վերադարձրու՛ ծեր ռազմիկիս նախկին ուժն ու կորովը։
    Ինչ-որ մի խելագար պատմում էր ֆուտբոլի վերջին առաջնության մասին։ Նրա մուրացող ափերի մեջ մարդիկ մոմի մնացորդներ էին լցնում։ Ես էլ էի ուզում տալ, երբ կրկին լսվեց քո ջութակի  ձայնը… Լսվեց գժվեցնելու չափ մոտիկ։ Ես սթափվեցի ու խելակորույս սկեցի որոնել քեզ։ Չէի հասկանում, թե ուր եմ վազում։ Անընդհատ ընկնում էի շնացող եռյակների վրա, բախվում էի հաստամարմին տղամարդկանց առնանդամներին…
    Քո ջութակի ձայնը սկսեց կտրտվել՝ շնչառությանս նման։ Ապա բոլորովին դադարեց։ Հանկարծ ես հասկացա, որ դու չկաս։ Գուցե բոլորովին չես էլ եղել։ Ե՞ս եմ քեզ հորինել։ Հանկարծ  այս ամենը դարձավ ձանձրացնելու չափ սովորական, և թոքերս ընտելացան գարշահոտ անօդությանը։ Ականջներիս մեջ աղմուկը սկսեց նվազել։ Մարդիկ  սկսեցին ինձ ճանապարհ տալ, ծաղիկներ գցել ոտքերիս տակ, ուռենու ճյուղեր ու ամեն տեսակի աղբ… Ինձ ասացին, որ դու եղել ես այստեղ։ Ի՞նչ իմացան, որ քեզ եմ որոնում։ Կամ, առհասարակ, որ մենք ծանոթ ենք։ Այն խելագար ծերուկը  դիմեց ինձ Լուսին անվամբ, իսկ չսանրած մազերով մի հնդկացի կին համբուրեց ձեռքս  ու գոչեց.
    - Օ, յոթերորդ թագավորի դուստր, ահա՛ քո ամուսինները ու սիրեկանները,- նա ձեռքով ցույց տվեց այդ կիսամերկ տղամարկանց ու կանանց և տարավ ինձ նրանց միջով։ Բոլորի ձեռքին շամպայնով լի բաժակներ կային, և նրանք, հաճույքից հառաչելով, շամպայնը հեղում էին գլխիս։
    Նողկանքը բարձրանում էր։ Բայց թունելի վերջում լույս երևաց։ Լույսի տակ սարսափով հայտնաբերեցի, որ հագիս սև սքեմ կա։ Նաև՝ որ կանգնած եմ խորանի առջև։ Փախչելու տեղ չկար. հետևում ամբոխն էր, առջևում՝ խորանը։ Խորանի վրա մեծ, փայլուն լուսին կար, լուսնի վրա՝ մի կնոջ դեմք, որ գրկին տղա երեխա ուներ՝ ծեր մարդու հայացքով։ Մտածեցի ու չկարողացա հասկանալ, թե լուսինը ինչ կապ ունի մոր և հատկապես այդ զզվելի երեխայի հետ։
    Ինչ-որ բան արած լինելու համար սկսեցի երգել։ «Բիթլզի» երգերից էր, կարծեմ «Միշելը»։ Մեջքով զգացի, թե նչպես է ամբոխի մեջ  դժգոհության ալիք բարձրանում։ Ինձ սկսեցին քարկոծել։ Ես, չգիտեմ ինչու, նայեցի այն տղային, որ ճմռում էր կողքին նստած կնոջ պարարտ կուրծքը։ Նա էլ էր քար վերցրել։ Ես զգացի, թե ինչպես նողկանքը բարձրացավ ու թափվեց…
    Հենց այդ պահին տաք անձրև սկսվեց, թեպետ եկեղեցին առողջ տանիք ուներ։ Հետո անձրևն այնքան տաքացավ, որ սկսեց սառցնել։ Ոմանք դուրս վազեցին, ոմանք անհետացան։ Մնացի միայն ես։ Փորձեցի, բայց չկարողացա շարժվել։ Ոտքիս տակից սկսեց ջուր բխել։ Ես նկատեցի, որ հագիս ոչ մի սքեմ էլ չկա։ Պարզապես ուսերիս թափված սև մազերս շատ էին երկարել։
    Ես նայեցի վեր։ Գմբեթը պտտվում էր, վիտրաժները փայլփլուն ցոլքեր էին նետում։ Ինձ թվաց, թե դա նույն ճահիճն է։ Վերևից  պարանով ինչ-որ բան էր սրնթաց իջնում վրաս։ Նա կախվեց իմ դիմաց ու ես աներևակայելի բարձր գոռացի, որովհետև մեծ ու լպրծուն սարդ էր։
    Վերջապես եկար դու՝ ինը հրեշտականման ու զզվելի արարածների հետ։ Դու գրկեցիր ինձ ու դուրս փախցրիր։ Ես դարձյալ լսեցի ծանոթ աղմուկը, քրտնած ձեռքերի հպումը սրունքներիս ու ուսերիս։ Բայց այլևս ոչնչից չէի վախենում։ Ի՜նչ լավ էր, որ եկար։ Ախր հնարավոր չէր, որ չգայիր։ Չէ՞ որ խոստացել էիր։ Չէ՞ որ սպասում էի քեզ։
    Ես ձեռքս սահեցրի քո՝ հարազատ դեմքի վրայով։ Աչքերիդ շուրջը ապակու մանր փշրանքներ կային… Ես, կոպերդ համբուրելով, կուլ տվեցի դրանք… Ափով զգացի, որ ժպտում ես։ Քեզ պես։
    Վերջապես հասանք։ Ո՞ւր՝ չգիտեմ։ Դուռը բացեց գայթակղիչ գիշերազգեստով մի կին։ Դու նրանից քնելու տեղ խնդրեցիր։ Նա քննախույզ  նայեց ինձ.
    - Ավելորդ մահճակալ չունենք…
    - Ինչպե՞ս,- զարմացար դու։
    - Այդպես։ Ձեր անունը Կենաց Գրքում չկա։
    Ասաց ու մեր քթի տակ շրխկացրեց դուռը։ Աշխարհում ինչքան զայրույթ, կարոտ ու ցանկություն կար, խտացել էր քո աչքերում։ Դու բռնեցիր իմ ձեռքը ու սեղմեցիր այնպես ամուր, որ ես ճչացի ցավից։ Բայց դու ուշադրություն չդարձրեցիր դրա վրա ու սկսեցիր քարշ տալ ինձ վերև՝ խարխուլ ու հին աստիճաններով։ Ձեռքս մռմռում էր, և արցունքներս հոսում էին  շիթ-շիթ։ Հանկարծ աստիճաններից մեկը պոկվեց, ու ես կախվեցի ներքև։ Դու շրջվեցիր։ Ձեռքերդ աքցանների նման բռնեցին ինձ թևատակերից ու բարձրացրեցին։ Դու ինձ էլ չիջեցրիր աստիճանների վրա, այլ սեղմեցիր կրծքիդ այնպես ամուր, որ ես հառաչեցի ցավից։ Բայց դու ուշադրություն չդարձրեցիր  դրա վրա, ու մենք շարունակեցինք բարձրանալ։ Մենք՝ երկու քշվածներս, բարձրանում էինք ու բարձրանում խարխուլ աստիճաններով, որ վերջ չունեին։ Մարմինս ցավում էր քո ձեռքերի մեջ, բայց հաճելի ու սիրելի էր  ցավը։ Ես լսում էի քո սրտի զարկերն այնպես պարզ, ասես իմ սրտինը լինեին։ Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե մենք երկուսով մի սիրտ ունենք…
    Վերջապես կանգնեցինք փակ դռան դեմ։ Դու, ինձ բաց բաց չթողնելով, ոտքով խփեցիր դռանը։ Դուռը ճռնչալով բացվեց։ Այդ ճռնչոցը ինչ-որ բան հիշեցրեց ինձ, բայց չկարողացա հասկանալ, թե ինչ։ Մենք մտանք ներս։ Սենյակը լուսավարված էր ճրագի լույսով, բայց ճրագը չկար։ Դու, մի ձեռքով ինձ բռնած, մյուսով ճղում էիր խիտ-խիտ սարդոստայնները։ Այստեղ-այնտեղ հնամաշ ճամպրուկներ էին ընկած, դատարկ շշեր, փալասներ… Պատից  ծուռ կախված նկարի վրա լուսին էր պատկերված, վրան՝ մի կնոջ դեմք, որ գրկին տղա երեխա ուներ՝ ծեր մարդու հայացքով։ Առաստաղի կենտրոնից էլեկտրական լամպի տեղում, պարանով կախվել էր քո ջութակը։ Քրքրված ու ժանգոտ լարերը կտրվել էին ու լեզուների նման կախ ընկել… Նեղ մահճակալի վրա, որ նախատեսված էր երևի կես հոգու համար։ Ես մտովի փորձեցի նստել, և նա այնպիսի մի ճռռոց հանեց, որ վեր  թռա։
    - Ինչի՞ց ես վախենում, ես քեզ հետ եմ,- գրկեցիր ինձ այնպես քնքուշ, որ ուժասպառ եղա։
    - Կարոտել եմ քեզ,- ասացիր այնքան ցածր, որ ականջս խուտուտ եկավ։ Համբուրեցիր ականջս ու, աչքերիս նայելով, պառկեցրիր մահճակալի վրա։ Մահճակալն այնպես ճռռաց, որ  պատուհանի տակից վախեցած դեսուդեն թռավ չղջիկների մի ամբողջ երամ, և սենյակը լցվեց նրանց թևաբախյոնների ձայներով։
    Ես ինչ-որ բան հիշեցի ու սկսեցի ծիծաղել։ Դու էլ նույնը հիշեցիր, ու մենք միասին ծիծաղեցինք՝ բարձր-բարձր։ Ես մտածեցի, որ մենք այսպես իրար գրկած կքնենք այս կես հոգանոց մահճակալի վրա։ Իմ մտքի վրա դու խորամանկ ժպտացիր, և ողջ մարմինս ծածկվեց համբույրներով։ Ես ուզում էի գոռալ, որ ուզում եմ քեզ, բայց չհասցրեցի. դու ինձ մոտեցրիր քո դեմքը, և ես զգացի ապակե աչքերիդ սառը փայլը։ Սարսափած ցանկացա փախչել, բայց մարմինդ շիրմաքարի պես ծանրացել էր վրաս։
    Դու աասացիր, որ մինչև չծնվես, Հիսուսը չի գա։ Ես իսկույն հասկացա, որ սա ծուղակ է, որ դու ամենևին էլ դու չես, այլ սատանան։ Բայց չհասկացա, թե ես ինչ կապ ունեմ այդ քաղաքական պայքարի հետ։
    Դու ուզում էիր ինձ բռնաբարել։ Ես կոշիկիս կարմիր ռուբինով ուժեղ հարվածեցի քո ամորձիներին։ Դու մի պահ կծկվեցիր, և ես կարողացա փախչել։ Երբ դռան մոտ մի պահ հետ շրջվեցի, դու՝  այսինքն նա, այլևս չկար։ Նրա փոխարեն սև սքեմների կեղտագույն խաչերից գոյացած գարշահոտ ճահիճն էր։ Ես սարսափած սկսեցի փախչել, իջնել աստիճաններով, որ վերջ չունեին…
    Ես գիտեմ, որ այս ամենը ծուղակ էր։ Գիտեմ՝ այդ սատանան էր եկել քո պատկերով, և ոչ՝ դու։ Եկել էր նրա համար, որ ես քեզ չսիրեմ։ Բայց ես ուզում եմ սիրել քեզ։ Ինձ օդի պես պետք է քեզ սիրել, այլապես կխելագարվեմ այս սքեմավոր  ամբոխի մեջ, որ քաշքշում է մազերիցս, կառչում ստինքներիցս,  յուղոտ, լպրծուն ճիրաններով բռնում թևերս ու ոտքերս...Կխելագարվեմ այս ճահիճից, որ հետապնդում է ինձ անվերջ ու ամենուր։
    Դարձյալ հայտնվեցի եկեղեցու բակում։ Ուզում էի ներս մտնել, բայց շեմին կանգնած էր սատանա- մոմավաճառը։ Նա հյուրընկալ ժպտաց ինձ։ Ես նրան լեզու ցույց տվեցի։  Բայց փախչելու տեղ չկար. մի կողմում եկեղեցին էր, մյուսում՝ ամբոխը, որ ավելի  ու ավելի էր մոտենում ինձ։ Ես վազում էի շրջանագծով։ Ճահիճը վազում էր հետևիցս՝ պահպանելով արագությունն ու հեռավորությունը։ Ես երեք անգամ վազեցի նույն ուղեծրով, ապա, գետնից թափ առնելով, թռա։ Ավելի ճիշտ սլացա՝ վերև՜, վերև՜ ու էլ ավելի վերև՜…
    Ճահիճը փորձեց բարձրանալ իմ հետևից, բայց չկարողացավ։ Սքեմավորները զարմացած գոռում էին.
    - Տեսե՛ք, թռա՜վ, թռա՜վ, թռա՜վ…
    Ես բարձրացա այնքան, որ սքեմավորներն ու ճահիճը դարձան մի փոքր, սև կետ, ապա ընդհանրապես անհետացան։ Ես զարմացա, որ չեմ վախենում։ Նաև՝ որ չեմ մրսում, որովհետև վերևում օդը ավելի սառն էր, և ձյուն էր գալիս, իսկ ես բոլորովին մերկ էի։ Բայց շուտով մոռացա այդ մասին։ Մոռացա ամեն ինչի մասին։ Բոլոր տառերն ու բառերը ջնջվեցին։ Ներսիս տպագրական մեքենան անվերջ նույն տողն էր տպում, միայն մի տող.
    - Ես սիրում եմ քեզ… Ես սիրում եմ քեզ… Ես սիրում եմ քեզ…   

                                                                                 1996թ. սեպտեմբեր

Ստեղծագործություններ