Անրի Գրիգորյան

Երեքնուկները

anri_grigoryan
    Ինչքան բան կարող եմ պատմել հորս մասին ու չգիտեմ, թե որտեղից սկսեմ: Սկիզբը չեմ հիշում, որովհետև սկիզբն իմ ծնունդն է, իսկ վերջն էլ ծնունդի պես մի բան է:
    Հայրս միայն մի անգամ է ինձ ծեծել: Ես հենց այդ ժամանակ առաջին անգամ զգացի մարմինս: Զգացի, որ միսն ու ոսկորը ինչ-որ հրաշքով սերտաճել են ինձ՝ մարմին դառնալով: Մարմինս չէր կարողանում պաշտպանել ինձ: 
    Ես չէի զգում գոտին: Հորս աչքերն էին ցավեցնում ինձ: Ծեծելիս նրա քթածակերը հետզհետե լայնանում էին, իսկ շրթունքները՝ սեղմվում: Հասկանալով, որ անիմաստ է բռնվել գոտուց` փորձում էի կախվել հորս ձեռքերից: Հորս ձեռքերը սառն էին ու ամուր: Ես չէի զգում գոտու պատճառած ցավը: Միայն զգում էի, որ գոտին տաք է: Հորս ձեռքերի տաքությունը գոտին էր կլանել:
    Ու երբ ականջիս հասան հեռացող հորս քայլերն, ու երբ գոտին զգացնել տվեց իրեն, ես մարմնիցս փախչելու աննորմալ ցանկություն զգացի: Հորս հեռացող քայլերը չոքում էին մարմնիս վրա: Հայրս արդեն նստել էր խոհանոցում, բայց նրա ծանր քայլերը շարունակում էին ներթափանցել ու պառկել մարմնիս մեջ:
    Ես հիշում եմ հորս դեմքը, երբ նա պատուհանից հետևում էր ինձ՝ ծաղիկներս ջրելիս: Ծաղիկերս... Կապույտ ու երկնագույն ծաղիկներս... Երբ նկատեցի հորս, թաքուն ուրախացա, որ ծաղիկներս հետաքրքրել են նրան:
    - Թո՜ւ... տղես գոմիկ ա մեծանում...
    Ծաղիկներս մեռան: Կապույտ ու երկնագույն ծաղիկներս մեռան ծիրանագույն մայրամուտին: Նրանց ցողունների քաղցրահամ հյութը չորացավ հանցագործ մատներիս վրա:
    Երեկոյան, երբ հայրս գիրք էր կարդում, ես հետևում էի նրան: Նա շատ արագ է կարդում: Ես սիրում եմ հետևել նրա ձեռքերում հալվող գրքերին: Նա ինձ երբեք չի նկատում, երբ ուշիուշով հետևում եմ նրա ձեռքերին, ճակատին ու հոնքերին: Նա միշտ լավ ընթերցող է ինձ թվացել, քանի որ կարողանում է այնքան փոքրանալ, որ տեղավորվի գրքի մեջ:          
    - Բայց ինչ անհասկացողի մեկն ես,- ասացի հորս: Նա դանդաղ բարձրացրեց աչքերը: Ինձ թվաց, թե ծիրանագույն արևը մայր էր մտել նրա աչքերում: Նա փակեց գիրքը, բռնեց թևիցս ու տարավ սենյակ՝ ծեծելու:
    Ես այլևս չէի զգում մարմնիս մեջ մեխված հորս քայլերը: Միայն զգում էի, որ ինչ-որ կլոր բան քսվում էր ոտքերիս ու փորձում բարձրանալ ոտքերն ի վեր: Քիչ հետո գնդակը գլորվում էր փորիս մեջ:
    Ես այդ գնդակը զգացի նաև այն պահին, երբ հայրս պինդ գրկել էր ինձ իր ամուր թևերի մեջ ու համբուրում էր դեմքս: Նա վերցրեց ճամպրուկն ու հեռացավ: Անտանելի դատարկությամբ լցվեց ներսս: Գնդակն էլ կծկվեց ու քաշվեց խորքերը:
    Ես մի պահ դադարեցի շնչել: Ականջներումս բզզոցը ուժգնանում էր, ինչ-որ բան ուր-որ է խայթելու էր սիրտս: Ես հասկացա, որ եթե չշնչեմ, ապա կմեռնեմ, ու շնչեցի, բայց շատ զգույշ ու անհամարձակ: Այնուհետև սկսեցի ագահորեն կուլ տալ օդը, կարծես այն լցնում էր ներսիս դատարկությունը ու զգացնել տալիս իմ ազատությունը, որովհետև տան միակ տղամարդը հիմա ես էի:
    Ես հիմնականում չէի կարոտում հորս: Բայց երբ հարցնում էին ինձ այդ մասին, ես առանց տատանվելու պատասխանում էի, որ կարոտում եմ: Հետն էլ անչափ: Այնքան, որ երբեմն նրան տեսնում եմ երազում՝ մեր խոհանոցում գիրք կարդալիս, թեյ խմելիս կամ լվացք անելիս:
    Ինչու եմ ասում հիմնականում, որովհետև երբեմն պահեր էին լինում, երբ կարոտում էի թռիչքը: Երբեմն ես ու հայրս դիտմամբ թռնում ենք եզրից, որ թռիչքի պահին ստիպված բռնվենք իրարից ու մոտիկ լինենք իրար:
    Թռիչքը այդքան տաք երբեք չէր եղել, երբ ես հայտնվեցի հորս գրկում՝ աշնան առաջին լուսաբացին, երբ նա վերադարձավ նույն ճամպրուկով, որից հիմա օտար հոտ էր փչում ու գրգռում հետաքրքրասիրությունս: Ես զգում էի հորս տաք արցունքը, որը խցկվել էր մեր այտերի արանքն ու հետզհետե շատանում էր: Հետո երկար նայում էի նրա աչքերին ու մտածում, որ հայրս փոխվել է:
    Ճամպրուկի մեջ հորս հին շորերն էին ու մի քանի Աստվածաշունչ: Հայրս հայտարարեց, որ հիմա ինքը միայն Աստվածաշունչ է կարդում: Այդ օրը նա խոսում էր միայն Աստծուց: Ես հիասթափված նայում էի բաց ճամպրուկին: Հայրս ճամպրուկով Աստծուն էր բերել ինչ-որ հեռու տեղից, ու հիմա համակերպվելու էի նրա ներկայությանը մեր տանը: 
    Հայրս չէր ստիպում ընդունել Աստծուն, չէր ստիպում աղոթել, չէր ստիպում Աստվածաշունչ կարդալ: Նա միայն փորձում էր օրինակելի լինել՝ հետևելով Աստծու խոսքին ու ականջ դնելով նրա շնչառությանը: 
    Նա ոչ ոքի քրիստոնյա չէր համարում, ինքն իրեն՝ նույնպես: Նրա համար քրիստոնյա լինելը կատարելիություն էր նշանակում, վերջնական արդյունք, ինչին հնարավոր է հասնել միայն մեղքերը քավելու միջոցով: Իսկ քավելը այդքան էլ հեշտ չէ: Այսինքն, եթե մեր հարևանուհին թղթին գրում էր՝ ես այս շաբաթ էլ էն բանից արեցի ու խոթում քահանայի ձեռքը, որը հինգ-վեց բառ էր երկարացնում իր մորուքի հետ՝ հերթական մեղքին թողություն տալով, ապա դա չի նշանակում, որ այդ կինն իրականում ներվել է Աստծու կողմից: Նախ՝ ապաշխարելուց հետո նորից նույն բանը չես կրկնելու: Հետո էլ՝ մեղքդ ոչ թե թղթին ես հանձնելու, այլ Աստծուց սրտով խնդրելու ես, որ ների քեզ:
      - Բա Աստծուն ո՞նց ա ասելու, որ էն բանից ա արել,- հարցրեց մեկը:
    Հայրս բացատրում էր, պատասխանում էր անթիվ հարցերին, օրինակներ բերում ու հատվածներ կարդում Աստվածաշնչից: Մարդիկ լսում էին, ոմանք՝ թերահավտորեն, ոմանք՝ երկյուղած, ոմանք՝ հեգնանքով, ոմանք՝ հավատով, ոմանք՝ պարզապես հորս չնեղացնելու համար: 
    Ես մեկ-մեկ մտածում էի, որ հայրս ամեն ինչ սրտին շատ մոտ է ընդունել, բայց մեկ-մեկ էլ երկյուղով մտածում էի՝ իսկ գուցե նա ճի՞շտ է ասում, որ պետք է ոչ թե խաղալ Աստծու բառերի հետ, այլ հետևել դրանց: 
    - Ես դաշնամուրի եմ ուզում գնալ,- ասացի ես, երբ ճաշում էինք:
    - Չի ստացվի, երաժշտական լսողություն չունես,- չոր-չոր ասաց հայրս՝ մերկացնելով ձկան ողնաշարը:
    - Բայց ե՞րբ ես ստուգել՝ ունեմ, թե չունեմ,- պատասխանեցի խոցված:
    Հայրս բարձրացրեց աչքերն ու հառեց վրաս:
    - Ես քեզ չեմ կարողանում ճանաչել եկած օրվանից:
    Աստված իմ, նա այնպես էր նայում ինձ, կարծես կորցրել էր ինձ ու հիմա զարմանում էր, թե ինչու: Նրա բռունցքը գնալով կորցնում էր գույնը, շնչառությունը ծանրանում էր, իսկ աչքերում ծորում էր իմ մանկության կարմրած արևը:
    «Հա, պապա, իրոք փոխվել եմ,- ասացի մտքումս,- առաջվա լակոտը չեմ, էն օրվանից, ինչ հեռացար, ես զգացի, որ մարմինս ազատ ա, մտքերս ու զգացմունքներս՝ առավել ևս: Ես հանկարծ զգացի, որ սիրում եմ մեր հարևանի աղջկան: Հիշո՞ւմ ես, նրա մասին ասում էիր, որ մոր նման բոզ կմեծանա: Իսկ  ես սիրահարվեցի նրան: Ես փոխվել եմ, ես հիմա գիտեմ, թե ինչ ա նշանակում, երբ աղջիկը սիրտդ սեղմում ա բռի մեջ, քամում ա, հետն էլ ժպտում ա էնքան քաղցր, որ կարծում ես, վերջ, քոնն ա իր ամեն ինչով՝ մտքերով, զգացմունքներով, շուրթերով, կրծքերով, բայց արի ու տես՝ նա հետո պաչպչվում ա Հակոբի հետ, որին մուկ էիր ասում ու ավելացնում՝ հոր նման կռիս կմեծանա: Ի դեպ, նրա հորը տանել չէիր կարողանում ու մի անգամ, երբ հարբել էիր, ծեծեցիր նրան՝ մեղադրելով, իբր ուրիշ աչքով էր քեզ նայում, ուզում էր կպցնել քեզ, ինչքան էիր հռհռում տանը, պապ, ես էլ էի հռհռում, ցանկանալով մոտիկ լինել քեզ, էն թռիչքի պահերից էր... Բա, պապ ջան, դու ճիշտ էիր՝ նա մոր նման բոզ ա մեծանում... Իսկ գիտես, երբ ծյոծ Կլարան ձեռք էր գցում ինձ, ես հեռու մնացի նրանից, որովհետև գիտեի՝ ժամանակին նա քածդ էր եղել: Պապ, արի քննարկենք էլի, ես տղամարդու պես ինձ պահեցի՞, որ ձեռ չտվեցի նախկին քածիդ, թե՞ սխալվեցի...»:
    - Չէ՜... ես ուրեմն չեմ սիրում քեզ, եթե մինչև հիմա երկար լեզվիդ համար չեմ ծեծել քեզ... Աստված ասում է, որ...
    - Բայց ի՞նչ ասացի, պապ, որ նեղացար...
    Բռունցքը պայթեց սեղանի վրա: Նա վեր թռավ տեղից, բռնեց օձիքիցս ու քարշ տվեց սենյակ: Նա շպրտեց ինձ անկողնու վրա: Հանեց գոտին ու նայեց աչքերիս: Նա անշարժ ու լուռ նայում էր համր աչքերիս: Նա զգում էր, որ փոխվել էին աչքերս ու չէր համարձակվում ծեծել ինձ: Գոտու առաջին հարվածը կախվել-մնացել էր օդում, ու ես ամեն վայրկյան համոզվում էի, որ հայրս չի սիրում ինձ:
    Նա գցեց գոտին ու նստեց անկողնուն՝ գլուխը ձեռքերի մեջ առնելով: Ես գրկեցի ծնկներս ու զգացի, որ գնդակը թռվռում է ներսումս, ցատկոտում է, տակնուվրա անում:
    - Ես գտա նրան ու խոսեցի հետը:
    Հայրս շրջվեց ու հարցական նայեց վրաս:
    - Տղուդ... մեծ տղուդ հետ եմ...
    Մի պահ բռունցքը նոր ուժ հավաքեց:
    - Նա չուզեց, որ ընկերներ լինենք: Ես առաջարկեցի, պապ, բայց նա չուզեց: Ես հասկանում եմ նրան:
    Ես ուզում էի, որ հայրս հարվածի ինձ, որովհետև ես նմանվել էի նրա ապօրինի որդուն: Հայրս եբեք չէր ծեծի նրան, որովհետև նա իր համար օտար էր: Եթե նույնիսկ պատահաբար հանդիպեին, ու եթե նա իր մաղձը թափեր հորս վրա, հայրս անտարբեր կանցներ: Չէր ծեծի, որովհետև չէր խոցվի նրա խոսքերից: 
    Հայրս թափ տվեց ձեռքն ու դուրս եկավ սենյակից: Նրա քայլերը սպանված զինվորների պես պառկում էին մարմնիս վրա: Ու ես սկսեցի աղոթել: Առաջին անգամ աղոթեցի՝ մտածելով յուրաքանչյուր բառի մասին, ձգտելով հասկանալ, թե ինչ էր Աստված ուզում ասել «Հայր մեր»-ով: Ես այն գրեթե չէի հասկանում: Ու ես գիտակցեցի, որ այդ աղոթքը դեպի հայրս տանող կարճ ու խաղաղ ճանապարհն էր, քանի որ միայն նա կարող էր ինձ բացատրել աղոթքի իմաստը: Աստծուն այդքան մոտ երբեք չէի եղել, ինչպես այդ պահին: Ես համարյա լսում էի նրա շնչառությունը:
    Ես ուզում եմ հորս ցավ պատճառել: Չնայած երբեմն խղճում եմ նրան: Ես պատկերացնում եմ, թե նա ինչ հիասթափություն պիտի ապրած լիներ, որ փակելով Աստվածաշունչը՝ վերադարձավ իր նախկին գրքերին ու սկսեց խմել: Նրան չհաջողվեց անհավատ մարդկանց շրջապատում իր համար անապատ ստեղծել: Բացի դրանից հայրս սկսեց գանգատվել կյանքից: Հիմա ես էի նրա գլխին քարոզ կարդում: Ինձ թվում էր, թե ես անընդհատ ապտակում եմ ուշագնաց հորս: Բայց այնքան էր հոգնել, որ չէր ուզում ուշքի գալ: Ի վերջո ո՞ւմ էր նա հավատում՝ Աստծո՞ւն, թե՞ ժամանակին:
    Ես մի պահ զգացի այն դատարկությունը, որը մի անգամ արդեն զգացել էի: Գնդակն էլ գժվեց ներսումս՝ սկսեց թռվռալ, ցատկոտել, տակնուվրա անել: Այս անգամ տնից ճամպրուկով  հեռացել էր Աստվածը:
    Ես ուզում եմ հորս ցավ պատճառեմ, որովհետև նա գիտի, թե ես ինչ էի զգում, երբ փողոցով քարշ էի տալիս նրա հարբած մարմինը, երբ ամեն վայրկյան հաղթահարում էի նրան թողնելու ցանկությունն ու երանի տալիս նրա ապօրինի որդուն: Իսկ մարդիկ նայում էին՝ կարծելով, որ հորս մարմինը թեթև է, որովհետև հարբածի մարմինը միշտ էլ թեթև է թվում, մինչդեռ հայրս գնալով ծանրանում էր մարմնիս վրա: Ու մարմինս չէր կարողանում լքել հորս մարմինը, իսկ հորս մարմինը կրկին ցավեցնում էր մարմինս: Ու ես կրկին ուզում էի փախչել ու թաքնվել մեր թուլամորթ մարմիններից: 
    Իսկ մի քանի օր առաջ ես հասկացա, որ հայրս սկսել է ծերանալ, այնինչ ես հոգնել եմ նրա փոփոխություններին հարմարվելուց: Հիմա էլ ծերանում է: Գրողը տանի: Ծերանում է:
    Երբ մտա խոհանոց: Նստած էր աթոռին ու ապուշի հայացքով նայում էր ծորակից կաթկթող ջրին: Նա հարբած հայացքը դարձրեց ինձ, հետո բարձրացրեց մատները՝ ցույց տալով եղունգները:
    Ես կտրում էի հորս սև ու կոշտ եղունգները: Զգույշ էի, չգիտես ինչու՝ վախենում էի նրան ցավ պատճառել: Չստացվեց՝ եղունգի անկյունում մկրատը բռնեց նրա միսը: Հայրս մատը տարավ բերանը: Ես, որ մինչ այդ խուսափում էի նրան նայելուց, հայացքս դանդաղ բարձրացրի ու հառեցի դեմքին: Հորս աչքերը ներում էին ինձ: Քրիստոնյա հորս աչքերը ասում էին, որ չանհանգստանամ, որ դա չնչին, անհեթեթ բան է, կանցնի, ոչինչ, ինքը չի բարկանում, վերջ, անցավ, այլևս չի ցավում... Ու նա ժպտաց: Ժպտաց մայր մտնող արևի պես: Ու ես հասկացա, որ նա ծերանում է: Իսկ դա նշանակում է, որ ես պարտվում եմ...
    Ես ուզում եմ հորս դեմքին ցավ տեսնել: Հիմա քայլում եմ նրա սենյակի կողմը: Քայլերս պարտված զինվորների պես պառկում են հորս մարմնի վրա: Ես կանգնում եմ նրա սենյակի դռան առաջ ու ականջ դնում նրա ծանր շնչառությանը: Նա նորից հարբած է տուն եկել: Եկել է տուն, որ քնի, հետո զարթնի ու նորից գնա խմելու:
    Ես հրում եմ դուռն ու ներս մտնում: Օղու անտանելի հոտը փակում է քթանցքներս: Փոշեկոլոլ հայրս փռված է անկողնուն: Արյունը չորացել է քունքին:
    Հորս ձեռքին երեքնուկներ են... Երեքնուկները բուսնել են հորս ճաք տված մարմնից... Նրանք բուրում են հորս սև ու կոշտ մատներում... Ինչ էլ սիրուն են երեքնուկները... Փոփոխական հորս մութ անկյունում պատսպարված երեքնուկները... 
    Ու գնդակը թռվռում է ներսումս, ցատկոտում է, տակնուվրա անում: Հետո լսում եմ, թե ինչպես է գնդակը թմփոցով ընկնում հատակին: Ես նայում եմ հատակին գլորվող գնդակին, որը՝ հասնելով պատին՝ ճեղքում է այն ու դուրս թռչում:
    Երեքնուկները... Հայրս բռի մեջ սեղմել է երեքնուկները... Նրանք աճել են հորս ցավերի միջից... Երեքնուկները ծիկրակում են հորս հարբած մատների արանքից...
 
2013թ.

Ստեղծագործություններ