Վարդան Հակոբյան

Փակիր աչքերդ` չերևաս

VH
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ` ՉԵՐԵՎԱՍ
հատընտիր բանաստեղծություններ
Կազմեց և խմբագրեց`
Արքմենիկ Նիկողոսյանը
 
 
ԴՈՒ ՉԵ՞Ս ՀՈԳՆԵԼ ՀՈՒՇ ԼԻՆԵԼՈՒՑ

Ամենագեղեցիկ ծաղիկը միշտ բուսնում է
ամենահեռվում: Եվ չունենք ոչինչ ավելի
ինքնուրույն, քան մեր տեսողությունն է:
 
Չգիտեմ` ճանապարհների՞ն ավելի շատ
ճամփորդներ կան, թե՞ ճամփորդների մեջ`
ճանապարհներ: Երբ չեն ծնվում հայրենիքում`
մի՞թե ծնվում են:
 
Այնպես եմ մի չեղած անձրևի կարոտել, թվում է` մորս
ձեռքով թրծված կավը իմ մեջ ճաք է տվել. Սաթենիկ,
դու չե՞ս հոգնել հուշ լինելուց: Այո՞: Ո՞չ:
 
Մեկը ուշ գիշերով ծեծում է դուռս: Գնամ` բացեմ,
տեսնեմ ո՞վ է: Գուցե հենց ե՞ս եմ:
Ձայնս նժարում է տիեզերքի լռությունը:
 
Հեռուն անվերջ գումարվում է ինքն իրեն, և
աչքերիս մեջ մայրանում է երազը: Իսկ ամենաշատ
օրորոցները լինում են մեղվանոցներում:
 
Հեքիաթների ծաղիկը միշտ բուսնում է այնտեղ, ուր
հնարավոր չէ հասնել: Բայց մեղուն
անսխալ թռչում, իջնում է իրեն սպասող ծաղկի վրա:
 
 
ՀԵՔԻԱԹԻՑ ԴՈՒՐՍ
 
Տխուր է` մտածել, թե ուր էլ որ գնաս`
ոչ մի տեղ չես գնում,
պարզապես ճանապարհը հավաքում ես ոտքերիդ մեջ:
 
Որ ճշմարտությունը կատարյալ սուտ է,
քանի դեռ նրան հավատում են
անվերապահորեն: Այն, ինչ միայն իմն է, իմն էլ չէ:
 
Որ երկիրը, եթե բանակում զինվորյալ չէ
թագավորի որդին, դատապարտված է
կործանման: Իսկ ծաղիկը առեղծվածն է արևի:
 
Որ եթե չլինեն իմաստուն երևալու ճիգերը,
անշուշտ, այսքան համատարած չէր լինի
հիմարությունը: Մհերին քարայրում փնտրելը զուր է այլևս:
 
Որ անցյալը երբեք չի անցյալանալու,
քանի դեռ մեր աչքերը` հեռուների սերմեր աստղե,
չենք ցրում ներկայի սև ցելերում:
Գեղեցիկ չէ հուշը` երբ հուշ չէ:
 
Տխուր է մտածել, թե ինչ էլ որ ասես`
ոչ մի բան չես ասում,
և, ընդհանրապես, ավելորդ է աշխարհում ամեն խոսք:
 
 
ԼՈՒՍԱՆՑՈՒՄՆԵՐ` ԿԱՐՄԻՐԻ ՏԱԿ
 
Երբ խոսքերի մեջ բացակայում են
աչքերը, ուրեմն` ճշմարտությունը
հաստատապես չկա ոչ մի տեղ:
 
Հավքը չիջավ ուսիս, թռավ անհասանելի
աստղին: Երազը վերցրու հեռվից և
հեռուն կդադարի հեռու լինելուց:
 
Ամեն ինչ այլ է: Զուր մի փնտրիր այնտեղ,
ուր չկա: Խոտերը, որոնց միջով քայլում եմ.
սրբիչ-վարսերն են Մարիամ Մագթաղենացու:
 
Մոռացություն` ահա ժամանակի
կեղևը: Հուշը վերցրու անցյալից և
անցյալը կդադարի անցյալ լինելուց:
 
Ինձ այնպես է թվում, թե աշխարհում
չի եղել ու չկա բացարձակապես
ճշմարիտ ոչ մի թիվ կամ գոնե` խոսք:
 
Սևի սահմանումը սպիտակն է տալիս: Համառորեն
գեղեցիկ: Վերցրու կնոջը դրախտից և
դրախտը կդադարի դրախտ լինելուց:
 
Կյանքը քամահրական է` ինչպես բյուջեի
խորքից ելած չինովնիկի բարև` պատահած
պոետին: Ձյունը սպիտակ է փոխառված լույսից:
 
Ծարավը զուլալ է որպես ջուրը, որ
մատուցում է Էսկիֆեն: Իմ կարոտից վերցրու
քո աչքերը, և ես կդադարեմ ես լինելուց:
 
Հ.Գ.
Երբ առաջին անգամ հանդիպում են երկու բառ,
ես ևս ուզում եմ ներկա լինել: Քեզ ինձանից թաքցնում ես
աչքերիս իմ աչքերի մեջ: Եվ տխրությունը ձգվում է`
որպես մի անհայտ շարունակություն:
 
 
 
ԻՄ ՉՈՒՆԵՑԱԾ ՁԻՆ
 
Երբ փոքրիկ էի` ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի` ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ` կուզեի ձի ունենալ…
 
Երևի ձին էլ կուզենար,
որ ես իրեն ունենայի,
որվհետև ես ուրիշներից լավ գիտեմ`
ինչպես ջերմ ու պարզ լինել ձիերի հետ:
 
Ես ուրիշի ձիով մի օր ուզում էի գնալ մի հեռու տեղ,
բայց աչքակալներ ուներ այդ ձին,
և չգիտեր` ինչ գեղեցիկ սարերով ինքը վարգում,
ու թեկուզ արդեն հասնում էինք,
ինձ թվում էր, որ չենք հասնի մենք ոչ մի տեղ…
Ու մինչև հիմա չգիտեմ` հասանք, թե ոչ…
 
Այնպես շա~տ եմ ուզում ձի ունենալ:
Ես իմ ձիով կհասնեի ամենուրեք,
Իմ մանկության հեքիաթների դղյակն անգամ…
 
Իմ չունեցած ձին տեսնես ո՞ւմն է հիմա…
 
Երբ փոքրիկ էի` ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի` ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ` կուզեի ձի ունենալ,
երբ ես չեմ լինի` կուզենամ ձի ունենալ…
 
 
ՃԱԽՐԱՆՔ
 
Ես կարոտում եմ հազարավոր թռչունների, որոնք
                այդպես էլ չիջան իմ այգու ծառերին: Թվում է`
                գիտեմ` ինչ է պոեզիան, սակայն չեմ ասում,
                որովհետև իմացածը միշտ ճիշտ է, ասվածը` սխալ:
 
Իմ որոնածն այնտեղ է, ուր երբեք չեմ հասնելու: Թեև
                հեռուն ինքն է փորձում ինձ հասնել: Անունս հեծում է
                անդունդների մեջ, ուր դեռ բոլոր մահապարտները չէ, որ
                փչել են իրենց վերջին շունչը` առաջինին այնքան նման:
 
Խնձորենին բաց է թողել, հաստատ, տարվա եղանակներից
                մեկը, բայց, ճիշտն ասած, չգիտե` որը: Ջրի
                գլգլոցը ափով վերցրու, և հազար տարվա ծարավները
                կելնեն անապատներից, ուր նրանք երբեք չեն եղել:
 
Ես ու դու ինձ տարել էինք թաղելու, սակայն դա այնքան էլ
                ցանկալի չէր տվյալ օրվա համար: Աչքերը երամներ են
                հիշեցնում թևերի: Բաժանումը սիրո նշան է:
                Եվ մարդկանց պիտի իրարից հեռացնել անընդհատ,
                որ նրանց մեջ չկորչի միավորվելու իղձը:
 
Աշխարհը կառավարում է անհամաձայնությունը, համաձայնությունը
                ավերում: Արևելքը երբ ձուլվում է Արևմուտքին, արևը
                տեսնես որտեղի՞ց է ծագելու: Իրերի ընթացքը պահերի
                կանգառն է: Եվ անզգուշությունը ոչ մի տեղ այնքան
                չի դրսևորվում, որքան զգուշության մեջ:
 
Ես կարոտում եմ… Ի սեր Աստծո, ոչինչ մի ասա: Ոչինչ: Ինձ
                համար անբացատրելի բավականություն է, երբ
                բանաստեղծություն եմ լսում իմ չիմացած
                լեզվով: Թվում է` այդ պահին կարդում եմ դեռևս
                գալիք դարերում գրվելիք երգեր: Իսկ այգին,
                նայիր, թռչում է հավքերի ետևից:
 
 
ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ
 
Ծաղիկը, լույսը, երեխան,
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց:
 
Կանգնել է ճամփի մոտ ծաղիկը,
ճչում է սեթևեթ,
չպոկես` ի՞նչ անես…
 
Անձրևը, շողը, հավատը,
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց:
 
Կանգնել է ճամփի մեջ երեխան,
ձեռքը մեկնել է,
չգրկես` ի՞նչ անես…
 
Կարոտը, տունը և ճամփան
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց:
 
Կանգնել է ճամփին մեր տունը հին,
կանչում է հայացքով,
չգնաս` ի՞նչ անես…
 
Երազը, հույսը և սերը
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց:
 
Կանգնել է ճամփին մեր սերը մեծ`
հրեղեն փշերով,
չվառվես` ի՞նչ անես…
 
 
ԼՌՈՒԹՅԱՆ ԾԻՐԱՆԻ
 
Ես ոչ մեկի մոտ անկեղծ չեմ այնքան,
որքան մենակության հետ: Քամին
բաղկացած է վայրի խնձորենու ծաղիկներից, իսկ դու
իմ աչքերից ես բաղկացած: Լռությունը
իմ շուրջ սկսում է դողալ,
ինչպես բարդու տերևները
մոտեցող արագիլի թևերի տակ:
 
Կարոտը մոռացման սկիզբն է: Հիշողությունս
հիմա զբաղվում է մանրանկարչությամբ,
և սենտիմենտալ աշնան վերջին
վարդն աննախանձելիորեն ինձ վրա ծիծաղում է` փշերով,
որոնք, անկասկած, երկարակյաց են անհամեմատ,
քան թերթիկները, որովհետև այն
ինչ մեզ կապում-միացնում է, ընդամենը
իմ ու քո միջև ընկած հեռավորությունն է:
 
Ծաղիկը, դիմադրելով իմ աչքերին, ապրում է իր
վերածնունդը: Ծաղկումը ես եմ: Իսկ Գեղարդն, ասում են,
ապագայի երևակայությունն է: Թեև երբեք
ես չեմ տաքանում այն կրակով, ուր իմ հուշերն են,
և չեմ գնում այն ճանապարհով, որը իմը չէ,
ոտքերս սովոր են միայն արգելքների:
 
Արեգակը նայում է թեք: Եվ լույսի մեջ հրաժեշտի տխրություն կա:
Ինքնակենտրոնացում: Ես զգում եմ վարսանդափոշու
համը շուրթերիս վրա` որպես գարնան շնչառություն: Եվ ես
մտնում եմ Պարթենոն, և ես
գրկում եմ ծնկները Աթենաս կույսի`
Ֆիդիասի ծանր ժպիտների տակ: Գիտեմ`
հոգին մութի և լույսի բեկորներ է: Քո անզուսպ
գեղեցկությունն ինձ ակամա դարձնում է
բարբարոս: Ներիր:
 
Սիրում եմ մեր անցած վայրերով քայլելը, այն մի քիչ
նման է քեզ հետ հանդիպելուն: Երբ հիշում եմ քեզ,
և քեզ մոտ գալով`
ես ավելի շուտ քեզ եմ վերադարձնում քեզ:
Ի~նչ գեղեցիկ է հոշոտում եղնիկն առյուծին: Եվ
իմ վերքից արյան տաք շիթերը մարմանդ-մարմանդ
ընկնում են հողին` ինչպես ծիրանածաղկի
կարմիր թերթիկներ:
 
Մի փետուր լողում խորքերում, և ափը չի երևում:
 
 
 
 ՀԵՏՀԱՍՑԵ
 
Հեռուն ծնում է թախիծ.
Հեռուն ծնում է երազներ:
Իսկ առանց արյուն
ոչ մի ճամփա չի հոսում:
 
Ես աշխարհում ամենուր կարող եմ հասնել,
միայն թե իմ ուղին դուրս չգա ինձանից:
Ծանր սպասման արցունքներ են քարերը,
և բոլոր ծաղիկների տակ քնած պոետներ կան,
մի’ պոկեք:
 
(Եթե բառերը չլինեին, մենք ավելի
լավ կհասկանայինք իրար):
 
Մենությունը չի փարատվում անգամ ոչ մենությամբ:
Աստղերը կանչում են: Իսկ լռությամբ
բառը խորանում է:
 
Տխուր եղանակ` անհատակ անցյալ,
ծառերի ծանոթ մտերմաշրշյուն –
քո ձեռքը մթության մեջ ինձ միշտ տեսնում է:
Եվ առվի հետհասցեն ծաղիկներն են դարձյալ:
 
Թիթեռնե’ր,
ծառերի բներին, եղեգներին, խոտերին
կառչեք, քամին ձեզ չտանի:
 
«Կրիան ոչ մի տեղից ոչ մի ժամանակ չի ուշանում», -
տիեզերական հրթիռի հետևից:
 
Աղանց աղբյուրից առած զուլալ ջուր է շպրտում
Սարինյանը: Ողջույն, Նոստրադամուս: Կանտ: Պըլը-Պուղի:
 
Հեռուն ծնում է թախիծ,
քամին բացում է անթիվ ծրարները
կապույտի և ամպի, և ամեն մեկի մեջ միայն
մի բառ է` Արցախ:
 
Եվ բոլոր ծաղիկների տակ քնած զինվորներ կան:
 
 
ՊԱՐԱՆՈՅԱ
 
Հիշողություններս
նախապատրաստում են իմ
ապագան,
հոգալով և այն օրերի մասին,
որ անցնելու են առանց ինձ:
 
Սաղարթների միջով սողոսկած շողը
կտցահարում է
մութը: Եվ գեղեցկությունը
փորձում է փրկել
աշխարհը, առաջին հերթին` իրենից:
 
Իմ ներկայության շարունակությունն է
բացակայությունս: Ճանապարհը
հերքումն է ճանապարհի: Եվ ինձ
գլխարկ պետք չէ ամենևին, երբ
երկինք կա գլխավերևում:
 
(Քամու մեջ բնակվող տերևներ, որ
ճանապարհ եք ընկել
երազի կացարանը հասնելու համար,
մի՞թե ոչինչ չունեք ասելու ինձ):
 
Տխրել են Փարվանայի թիթեռները:
Ուղին քայլ առ քայլ
ոչնչացնում է ուղևորներին, և
արևի ու սիրո թույնը
կործանում է ամեն-ամեն ինչ:
 
Ո՞ւմ էր պետք խաղաղությունը, երբ
պատերազմ չկար: Աշխարհում ամենքը
միանման են սիրում, դրա
համար էլ ամենքն իրար սպանում են
միանման: Ձայն` խոնարհեք բոլոր
դրոշները` մոտենում է կինը:
 
Լույսը, որ արթնացել է
դեմքիս վրա, շատացնում է
ստվերները մտքերի շուրջ, որոնք
առավել վարակիչ են, քան
Էզրա Փաունդի հոգեկան
հիվանդությունը: Իսկ մարդ
ապրում է այնքան ժամանակ,
քանի դեռ չի մեռել ճանապարհը:
 
 
ԵԹԵ
 
Եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս,
որովհետև սիրելի ես դու ավելի, քան կարելի է սիրելի լինել,
որովհետև գեղեցիկ ես դու ավելի, քան կարելի է գեղեցիկ լինել,
որովհետև մանուշակ ես դու ավելի, քան կարող է մանուշակը լինել,
եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս:
 
Եթե քեզ համոզեն, որ դու միակն ես, երեխա հո չե՞ս, սիրելիս,
վերծանում ես զարկը սրտի և այն ժամանակ, երբ այն դեռ չի հնչել,
դու ցողվում ես լույսով և այն ժամանակ, երբ այն դեռ չի բացվել,
դու ճամփա ես գնում և այն ժամանակ, երբ դեռ ճանապարհ չկա,
եթե քեզ համոզեն, որ դու միակն ես, երեխա հո չե՞ս, սիրելիս:
 
Եթե աչքով էլ տեսնես վարդը, մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս,
երկինքը չվել է աշնան հավքերի հետ, կապույտը թռել է տաք եզերքներ,
քաշիր ձյունեղեն սավանները և կտեսնես, որ տեղում չէ և ոչ մի լեռ,
ոտից գլուխ քեզ չափիր, տես այդ դու՞ ես, թե՞ աղջիկն է հարևանի,
Եթե աչքով էլ տեսնես վարդը, մի խաբվիր, վարդ չէ, սիրելիս:
 
Եթե քաղցրախոսեն, ուրեմն` դառնությունն է ժրում, սիրելիս,
ժամադրվեն` հիշիր, անհնար են դարձնում հանդիպումը, անշուշտ,
սիրո ամեն խոսք հյուսվում է նուրբ ցանցաթելից ուռկանի, սիրելիս,
քնքուշս, աչքերդ մի թող, որ մոլորվեն, որ սիրտ ունենաս միշտ,
Եթե քաղցրախոսեն, ուրեմն` դառնությունն է ժրում, սիրելիս:
 
Եթե քեզ ասեն, որ սիրում են, չհավատաս հանկարծ, սիրելիս,
որովհետև սիրելի ես դու ավելի, քան կարելի է սիրելի լինել,
որովհետև գեղեցիկ ես դու ավելի, քան կարելի է գեղեցիկ լինել,
որովհետև մանուշակ ես դու ավելի, քան կարող է մանուշակը լինել,
եթե քեզ ասեն, որ չեն սիրում, միամիտ հո չե՞ս, սիրելիս:
 
 
ԳԻՇԵՐԱԿԱՑ
 
Բառերն այնքան են բռնաբարվել,
որ մարդ ամաչում է երկու տող գրել:
Բայց ես ժամանակի ավուր տարածքներից պոկած
ու դեռ չպղծված պահեր եմ բերում ձեզ:
 
Ես ասում եմ` հաստատ,
որ ուրիշ,
բոլորովին ուրիշ վայրից եմ գալիս`
անհայտ-ընդերքներում երկրի,
և դեռ ոչ ոք չի եղել այնտեղ, ուր գնում եմ:
 
Խավարը թանձրանում է հնձից հետո.
Մենակ թողնված արտերի տխրությամբ է պարուրվում`
իրիկնակալի ոսկե մղեղը վրան:
 
Գիշերաթախիծը դանդաղ սողոսկում է լեռան ճեղքերը,
որտեղից գարնանը ծաղիկներ կելնեն` ամբողջովին լուսե:
Աշխարհակալ մութն այնքան է խտացել հորիզոնում,
որ չի երևում Դիոգենեսն անգամ` իր վառած ճրագով:
 
 
ՎՐՁԻՆՈՎ ԿԱՊԻԿՆԵՐ ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ ՄՈՒԼՅԱԺՆԵՐ
 
ծաղիկներ առյուծի աչքեր են ծամում դաշտում
և սերը պսպղում է ջրի ամենահատակում ծղրիդի
երգը համտեսում է լուսինը «տիտանիկը»
կամաց-կամաց բարձրանում է անանուն խորքերից
երկինքը դեմքը թաքցնում է պղտորված
ամպերի տակ և եսենինի շունը ճանկռոտելով
հողը գետնափոսերից մի կերպ հանում է ձագերին
մորեխն իջել է մի ոտքի վրա պարող սատանայի
քթին կապիկը ձեռքն է առել պիկասսոյի վրձինը
և սենայի ափին նկարում է բոլորովին մերկ մի աղջկա
բնորդուհին «կրում է միայն մի գլխարկ ու
մանյակ» հորիզոնի կանացի հրապույրները
որ իշխանությունները հատուկ ջերմոցներում
դեմոկրատական սկզբունքներով աճեցնում են
արհեստավարժ «ընդդիմություններ» և խումբ-խումբ
ցրում ամբողջ երկրով մեկ իսկ աշխարհի ամենագեղեցիկ
աղջիկները միշտ եղել են նրանք որոնց ես սիրել եմ:
 
 
ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՅՆԿՈՂՄ
 
Իմ և լեռան հարաբերությունը
ձյունն է:
Եվ` թռչունը, որ իջնում է ահա ափիս մեջ:
 
Իսկ դու մի արի, պարզապես միշտ հիշիր, որ
խոստացել ես մի օր գալ:
 
Վայրագ գույների տաք հետքեր`
այստեղով անցել է մայիսը,
ուղեպարկը, երևի, քսելով փշոտ մասրենուն:
 
Անմութ գիշերներ: Օրվա տեսադաշտից դուրս տխուր մի ամպ
շտապում է ժայռի թիկունքով դուրս սողալ:
Աղոտանշմար եզրակարերում ժամանակի
լռությունը սսկվել է:
Իմ ճամփան գիշերն է: Քավարան են գնում միայն
անմեղները: Սևի հասնող մանուշակի կապույտ:
 
Համառորեն մոռանում ես: Թեև ամեն ինչ աշխարհում
ենթակա է կորսվելու,
բայց կա մի բան, չգիտեմ ինչ, որ չի լքում հոգիս: Իսկ
տարածությունը մեր միջև չի կայանում երբեք, քանզի
մենք չենք հեռանում և այն ժամանակ, երբ
չենք հեռանում, ահա թե ինչու
դժվար է այնքան վերադարձը և գրեթե` անկարելի:
Դու մի’ արի, պարզապես միշտ հիշիր, որ
խոստացել ես մի օր գալ:
 
Բոլոր երգերն աշխարհի անհաս սերեր են,
հասանելի սերերը
շարունակություն են և երգեր չեն դառնում:
Անցած ժամանակը վերադառնալ կարող է, եթե
կանուլ տրված չէ: Իսկ եթե
հանդիպել եք Սիլվիան Դյուպյուին, ապա
ձեզանից մեկը պիտի լինի
բանտում, որ մյուսն ազատության մեջ լինի:
 
Ծավալվող ստվերների թևին լեռը հեռանում է և ինձ
ընդառաջ է գալիս ժամանակից ու տարածությունից
այն կողմ: Արցախում հիմա ոչինչ չկա հարաբերական,
Արցախում ամեն ինչ բացարձակ է հիմա և անքննելի:
 
 
ԱՆԵՂԱՆԱԿ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
 
Ճանապարհը ծնունդ է տալիս մեզ: Ծնվելուց հետո
մարդ դառնում է օտարական: Միակ տունը, որ ունեցել եմ`
եղել է մինչև ծնվելս:
Պսակակիր ցավ: Եվ երկինքը ստվերի նման քարշ է գալիս
մի աստղի հետևից: Անեղանակ տխրություն:
Չեմ չեմ սիրում անցած և ընթացիկ թվականները,
որտեղ ինձ սպանել են մի քանի անգամ,
ես նախընտրում եմ տարիները չեկած,
որտեղ միշտ ապրում եմ, և պոեզիան, որ փորձում է
ազատագրվել բառից:
 
Ոչ ոք չի հասնում ոչ ոքի, որովհետև
ոչ ոք չի ձգտում ոչ ոքի, ամեն մեկը
հասնում է ինքն իրեն և այստեղ էլ
հանդիպում են մարդիկ: Թեպետ շատ հաճախ
հակառակն է լինում` բոլորը հանդիպում են բոլորին,
սակայն ոչ մեկը չի հասնում ինքն իրեն:
Ես ուզում եմ ապրել, բայց դու ինձ սպանիր, խնդրում եմ:
Անձրևի տակ քայլում եմ` կարծես անձրև չի գալիս:
Եվ չեմ թրջվում:
Գույնը աչքախաբություն է:
Առավել ևս` խավարը:
Երկինքը թռչում է այնտեղով, որտեղով ոչ մի հավք դեռ չի անցել:
 
Ժամապահ զինվորը քայլում է խրամատն ի վար,
ի վեր, իսկ լուսնի եղջյուրից թափվում են ճերմակ
վարդեր ու աղջիկներ: Ամուսնության
առաջին գիշերում տեսնես ի՞նչ էր տեսնում
հեռադիտակով, երբ անկողնում սպասող իր հարսնացուին
մոռացած` անընդհատ աստղերն էր դիտում
Գալիլեյը:
 
Բարդիներն առվի խշշոցները տարել են երկինք:
Վշտից դուրս գալու լավագույն պայմանը վշտի մեջ
ավելի խորը սուզվելն է: Անրջամետ գիշերներ:
Հույսը թեև արքա է, բայց նա չի ապրում արքունիքում,
նրա օրրանը խուղն է թշվառների:
 
Ուր որ գոյություն չունի ոչ մի ճանապարհ, այնտեղ
փնտրեք իմ ճանապարհը: Մյուս միակ տունը,
որ կունենամ, չգիտեմ երբ եմ ստանալու: Բնակարանահերթում ենք
բոլորս: Եվ եթե ես հաճախ եմ նայում ժամացույցին,
ապա միայն նրա համար,
որ իմանամ` ժամը քանի՞սը չէ:
 
 
ԱՉՔԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
Գարունը ծաղիկներից հավաքեց քո աչքերը, և ես զգացի, որ
դժբախտությունը սիրում է այցելել միայն անտխուր
պահերին: Իսկ արևածագը Մեծ քարի վրա ամեն օր
նման է լինում արտակարգ ու
աննախադեպ
իրադարձության:
 
Ես պահի վկան եմ: Եվ
ականատեսը: Բոլորիդ հետ
մի երկիր եմ: Հոսում եմ ինչպես անապատի աղբյուր`
Մովսեսի գավազանի ծայրին: Ուզում եմ միշտ
այնտեղ լինել, ուր միայն երգը կարող է
տանել: Դաշտը չի հասցեագրում իր ծաղիկը
որևէ մեկին, պարզապես բուրում է:
 
Գիշերվա ծոցի մեջ`
մարմնավաճառ
մոմեր:
Հույժ հրատապ լռություն:
 
Իր մեղվին սպասող եղրևանու շուքի տակ նստել է գայլը:
 
Բանաստեղծությունը Ադամի ու Եվայի առաջին
հանդիպումներից սկսած իր մեջ տանում է
ապագայի մոդուլը և ինքն իրեն մոտենում է` Ադամին
ու Եվային սպանելով: Բայց իմ պսակը աստղի հետ
ավելի հմայիչ է դարձրել մութը, քանի որ
բառի և սպիտակ թղթի հանդիպումը
չի հադուրժում ոչ մի ժամադրություն:
 
Մարդն ուր էլ լինի, չի կարող
հեռանալ ամբողջովին: Մինչդեռ
բանն ընդամենը փարձ է աշխարհը շտկելու, իսկ
գրել, նշանակում է`
ընդդիմանալ:
 
Չկա ոչինչ ավելի անօրինակելի, քան ինքը`
օրինակելին: Ավա՜ղ, լեզուն և դրամը
հաղորդակցության մրցակիցներ են: Թեև փողոցով գնում եմ
ահա, բայց տեսնում եմ, որ փողոցով չեմ գնում: Տագնապ կա
իմ մեջ. «Մարդն ինքն իր վատթար տեսակն է»:
Վախենում եմ հանկարծ այնքան թույլ լինեմ, որ
անգամ չկարողանամ մեռնել:
 
Ինքն իր հանդեպ այնպես անտարբեր է, որ դիմացինին
այլևս չի նկատում: Ես հիմա ոչ թե ես չեմ, այլ նա եմ, որ
մի քիչ նման է ոչ ինձ: Իսկ արևածագը Մեծ քարի վրա միակ
նշանն է, որով կարող եմ վերադառնալ, սկսած այն ժամանակներից,
երբ գարունը աչքեր էր հավաքում ծաղիկներից,
և բառերը արտաբերվում էին միայն ձեռքով:
 
ԿՐԿԻՆ ԲՈՂԲՈՋԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
 
Կա մի ծաղիկ, որ աճում է միայն բանտերի
պատուհաններին, որոնցով միշտ դուրս են նայում
կալանավորների երազկոտ աչքերը:
 
Աշխարհում առաջին վերադարձը
սրբագործել են աղավնիները:
Վճռաբեկ
ժամանակ:
 
Օրը` հիշատակի համար հոտնկայս անցնող
րոպեներ: Գերցավը մարդուն դարձնում է գերմարդ:
Ամեն աղջկա ձեռքին վարդ կա` անգամ
եթե չկա, պարզապես մեր աչքերը տառապում են
կարճատեսությամբ:
 
Արդյոք աստղին
հաջողվո՞ւմ է հասնել
ինքն իրեն: Ավելի ու ավելի շատանում են
սիրո երգիչներն աշխարհում` քանի դեռ սեր չկա:
 
Ուղեղիս մեջ այս ի±նչ բառեր են. «Ներիր, Երևան,
արյան հոտ կա վարդերիդ մեջ»: Մեծագույն սխրանքը
տիեզերքում` բողբոջի բացումն է: Հասնելը կորցնել է, անշուշտ:
 
Եվ չկա ավելի հիմար հարց, քան «ո՞ւր ես գնում»-ը,
որովհետև բոլորս, ի վերջո, նույն տեղն ենք գնում:
Տխուր օդ: Անծանոթ ստվերուհի: Իսկ Գյուստավ Ֆլոբերն
ասում է, թե կա մի ծառ` բաբելոնյան ինչ-որ հասցեով, որի
ճյուղերին, մրգերի տեղակ, մարդկային
գլուխներ են աճում:
 
Մի մրջյուն ծառի բունն ի վեր բարձրանում է, երևի` երկինք:
 
 
ՈՏՆԱՀԵՏՔԵՐ` ՋՐԵՐԻ ՎՐԱ
 
Սիրում եմ մենակ գնալ ճանապարհը: Եվ սիրում եմ չհասնելը,
քանի որ հասնելու մեջ
խաբկանք կա, անշուշտ,
չէ՞ որ աշխարհը վերջ չունի:
 
Արծիվը ճախրում է հայոց քարոտ կապույտներում,
բարձր-բարձր, և ես Նյու-Յորքի փողոցներում,
յոթ երկնքի ու յոթ լեռան ետևում անգամ, զգում եմ նրա
թեվերի քամին` ճակատիս վրա: Լացելու
ցանկությունից սկսում եմ երգել:
 
Արևի ետևից վազող օրերը մնացել են խավարում,
պահիր ինձ հիշողությանդ մեջ, աղբյուր:
Լույսը մաքառման զավակն է, որ իջել է Գանձասարի
սուրբ խաչի վրա, և, սակայն, ենթատեքստի մեջ
տխուր օրերի ձյան փաթիլներ կան:
 
Թեպետ բոլորը քայլում են նույն ճանապարհով,
բայց ամեն մեկն իր ճամփան է գնում,
խարույկի մոտ կանգնելիս` Ջորդանո Բրունոյի պատկերից
սարսռում եմ: Զոհված զինվոր եմ, որ, տարիներ հետո,
սպասող չունի այլևս, սակայն եկել է:
 
Ասպտուկը կուլ տվեց արևին ասելիք խոսքն առաջին,
և դու, հեռաստան, գեղեցիկ ես ավելի, քանի դեռ
քեզ չեմ հասել, ներիր, տանել չեմ կարող
իրականությունը, որովհետև խելագարորեն սիրում եմ երազը:
 
Թռչուններն իմ ճախրող ձեռքերն են աշնան երկնքում:
Չեմ հասել երբեք, կորցրել եմ մինչև գտնելն այնքան, որ
հիմա արդեն սովոր եմ` կորցնել ու կարոտել: Հիշում իմ Իզիդային.
«Ողջույն, ողջույն, Եգիպտոսի սև հող»:
 
Սիրում եմ մենակ գնալ ճանապարհը: Ցավն ինձ հարազատ է,
քան խնդումը, իսկ աչքերդ երբ նայում են ինձ`
իմ մեջ միանգամից շատանում են մանուշակները,
որ ոչ ոք չի ցանել, ես միշտ ճանապարհ եմ ելնում
Հիսուսի քայլերով` ոտնահետքերս թողնելով ծովերի վրա:
 
 
ԱՆՀԱՍԱՆԵԼԻՆ
 
Հայացքդ այնքան է թափառել հեռուներում,
որ աչքերդ դարձել են բոլորովին կապույտ:
 
Ցնորամիտ քամու փեշերից հազար ու մի
զանգուլակ է կախել
աշունը:
 
Ընդունելի չէ ոչինչ, եթե տրվում է
հարկադրաբար, անգամ, եթե դա լինի
ազատությունը,
առավել ևս` սերը և ոչ սերը:
 
Ավելորդ են դառնում աշխարհի բոլոր լեզուները
և շաղկապները,
երբ հանդիպում են իրար որոնող աչքերը:
 
Թռչնաձագերի կտուցները բնից վեր պարզված
դեղին ծիլեր են, որոնց մեջ
հասունանում է արևը…
 
Քարերից բարձրացող մեղեդին անդիմադրելի գեղեցիկ է:
 
 
ԳԱՐՆԱՆ  ՏԵՐԵՎՆԵՐՈՎ  ԱՇՈՒՆ
 
Ես քո մասին ոչինչ չեմ ասելու, որովհետև
հեքիաթը մեռնում է, երբ որ
պատմում են, և
պատուհանի ապակիներին այլևս չի տկտկացնում լույսը,
և մարդ դադարում է հայրենիք լինելուց: Հուշի, սիրո, լեռան:
Հողի հետ չհամաձայնեցված անձրև է գալիս, ես
ուղղակի զզվել եմ հայտնի ճանապարհներից:
 
Մի օր, երբ մի մատ երեխա էի ու լացում էի
մայր մտնող արևի համար,
մայրս ինձ հանգստացրել է` սիրտ տալով, թե
մինչև ես քնեմ-վեր կենամ, արևը նորից դուրս եկած կլինի: Բայց
այն արևը իր վրա կրում էր
գետակի հոսքը, որի մեջ ես խաղում էի:
Հագնվելը տուրք է
մերկության: Խավարը
բուժում ունի՞:
Գույների դեմոկրատիան սկսվում է «Ոչ»-ից, որը, ո՞վ ասաց`
սկիզբն է «Այո»-ի: Իսկ Գոգենը`«նիհար գայլ, առանց վզափոկի»,
ամենուրեք պնդում է, որ ճշգրիտ գույնը միշտ ստում է:
 
Սպասումը չի վերջանում, անգամ եթե գալիս է նա, ում
սպասում էիր: Գարնան տերևներով աշուն: ժամանակավոր են
առվի, ջրի, իմ, քո, դաշտի, բոլոր ժամանակները,
բայց
հույս ունեմ` ո’չ ժամանակավրեպ:
Ես աշխարհի չերևացող մասերը տեսնելու համար նայում եմ խորքս:
Մերկություն է լույսը: Եվ դույլն անընդհատ իջնում է դեպի հատակը:
Մենք անվերջ բաժանվում ենք` վառելով դարձի բոլոր կամուրջները,
և հետո արդեն գալիս է մի չպայմանավորված պահ,
երբ տեսնում ենք, որ քայլում ենք
դարձյալ միասին:
 
Հասունանում է սպիտակն իր հակոտնյա տարածքներում:
Ես միշտ քեզ ընդառաջ եմ քայլում նրա համար, որ քո մեջ չկա այն,
որը ես սիրում եմ խելագարորեն: Թռչունը,
որ չքացավ քամու մեջ,
իր մահից հետո ինձ համար երգում է:
 
Ես քո մասին ոչինչ չեմ ասելու, որովհետև
հեքիաթը մեռնում է, երբ որ
պատմում են: Եվ
կռունկների թևին հեռանում է եղեգնուտներում ուշացած աստղիկը,
և մարդ դառնում է ինքն իր ներսում մեռած հայրենիք:
 
 
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Իմ խոսքը, քո ժպիտը և այս վարդերը
պայմանավորված են աստղերով`
որպես գիշերային մեղմախոսություններ,
և, մանավանդ, ոչ ոք չի ուզում կտրել այն ճյուղը,
որի վրա դեռ չի հասցրել
կանգնել հավքը, գուցե և` երգել:
 
Իսկ աստղերը ծնվում են իմ կարոտից
և երկնքի վրա ասեղնագործում են աչքեր, քո աչքերը:
(Իմ աչքերը անհասանելի հեռվի նվերներ են):
 
Հեքիաթում, ասում են,
երկրորդ անգամ ծաղիկը չի ծաղկում,
որ հեքիաթը մնա իսկապես հեքիաթ,
աստղերը, սակայն, երկնքում աստղում են և հազարերորդ անգամ,
և երազը մնում է երազ:
Մեր համբյուրը շարժումն է աստղերի:
 
(Երբ գրում եմ որևէ առարկայի մասին,
նշանակում է` երազում եմ,
նշանակում է` ոչնչացնում եմ
առարկայի մեջ առարկան`
ոգեկոչելով նրանում միմիայն հոգին):
 
Անհայտը այրումներ ունի անկրկնելի,
և հայտնին պարզապես դուռ է բացված նրա խորքերի վրա`
տիեզերքի ափի մեջ: Եվ մարդը
չէր ծնվի, եթե
Աստծո ստեղծած աշխարհը կատարյալ լիներ:
 
Իմ խոսքը, քո աչքերը և շարժվող
մոլորակների երգը պյութագորասյան`
պայմանավորված են այն
ճյուղով, որ դեռ չի կտրվել
և որի վրա դեռ չի հասցրել
կանգնել հավքը, գուցե և` երգել:
 

Ստեղծագործություններ