Արամ Պաչյան

Սիգարի մասին

A. Pachyan
    Իմ առաջին սիգարները ես գնում էի Թումանյան փողոցի մի կրպակից, որտեղ թերթերից, ծամոններից ու լոտոյից բացի նաեւ վաճառվում էին վալերիանա, կոլա, հոլիվուդյան դերասանների սեւ-սպիտակ լուսանկարներ, սուրճ եփող չոր սպիրտ, որի հատիկները անալգինի խոշորացված հաբերի են նման: Կրպակի ցուցափեղկը տնտղելով՝ ես սևեռվում էի ապակուն հպված փայտե տուփին, որի բերանը միշտ բաց էր, մեղրամոմի գույն ունեցող փակի լեզուն կախ, ունկը` սպասման մեջ, ներսում պառկած էին սրճագույն տորպեդոները: Ամեն անգամ ես հաշվում էի հատիկները ու թիվը մտապահում մինչև հաջորդ շաբաթ: Տուփը ուշ էր դատարկվում:
    Նույնիսկ ձգում էր մինչև երկու ամիս: Ինչքան տուփը դանդաղ էր սպառվում` երջանկությունս երկարում էր: Ընդհանրապես գնորդներից շատերը սիգարի իսկական սիրահարներ չէին, առնում էին հատիկով՝ կոկոները տաքացրած, սրա-նրա մոտ թիթիզանալու համար: Հենց սկզբում որոշել էի, որ երբեք կոնկրետ նպատակի, ցուցադրության համար կամ իրավիճակներից ելնելով՝ սիգար չեմ ծխելու: Որովհետև դրանով առաջին հերթին կնսեմանա հետաքրքրասիրության սերը, որից հետո հեշտությամբ ու ստորաբար կհրաժարվեմ ինքս ինձ հետ լինելու մշակույթից: Քանի որ շուկայում սիգարի գինը բարձր է, անհասանելիությունը նրա կյանքը  կապել է բուրժուազիայի, հանցավոր աշխարհի թափթփուկների դիվանին: Գրեթե ամեն օր ամսագրերում ու հեռուստասերիալներում երևում են գործարարներ, գողեր ու մարդասպաններ, շոու-բիզնեսի գլամուրային կապիկներ, ովքեր տեսախցիկների դիմաց չեն զլանում իրենց նողկալի էությունը պատկերել ատամների կամ մատների արանքում սխալ ձևով սեղմված, սխալ վառվող սիգարներով:
    Սրանք սիգարի թշնամիներն են:
    Պատճառներից մեկն էլ այդ է, որ մեզ մոտ, սրճարանում միջին հնարավորությունների տեր մարդու ձեռքի սիգարը ոչ մի կերպ չի ընկալվում, ինչպես և գիրքը: Իսկ ընկալվելուց էլ` մեծամտության երանգով, համեմված դիմախաղի հեգնական ծամածռությամբ: Ամենամեծ ստորացումը, որ հասցվում է սիգարին` նրա կյանքը ճղճիմ ակնթարթների ու մանր գործառույթների մեջ վատնելն է: Ի՜նչ մեծ է տարբերությունը, երբ այն ծխում են Հավանայի փողոցներում թափառող պոռնիկները, աշխատանքից փրփրակալած ձկնորսները, ստացված ու չստացված հեղափոխականները, քաֆթառ պապիկները, ճղճղված շորերով աղքատ լակոտները, արկածախնդիրներն ու երազկոտները: Ոչ դիմացը, ոչ էլ հետևում կանգնողը, ոչ մի ճանաչված ամսագիր, անվանի գովազդային գործակալություն անկարող են շեղել ծխով պարուրված միտքը: Ինքն իր հետ հաղորդակցվողը մեծ հաշվով թքած ունի շուրջը թպրտացող քաղաքակրթական խաղերի ու դրանց արդյունքների վրա, թեպետ տաղանդավոր մի ֆոտոլրագրող եթե պահը որսա, մենք անձավների քարերից գլխիվար կախված չղջիկների աչքերով ականատեսը կլինենք մենակության ու բերկրանքի սիրախաղին:
    Եվ ուրեմն, Թումանյան փողոցի կրպակներից մեկում ես գտնում էի ինձ վերագտնելու հույսը: Երբ տուփի մեջ մի քանիսն էր մնում, թվում էր, թե ուր որ է կյանքը կվերջանա: Հայհոյում ու աղոթում էի, որ մինչև հաջորդ օրը ոչ մի հարբածի սիրտ հանկարծ սիգար ծխել չուզի, որ ոչ մի ցիցիկի մտքով չանցնի կրպակի կողմ թեքվել: Երբ նոր տուփ էր բացվում, կյանքը նոր սկիզբ էր առնում: Բոլոր փող չունեցող սիգար ծխողները կհասկանան ինձ: Գումար հավաքելու ողջ ժամանակահատվածում երևակայությունը ասեղնագործում է ապագան: Պատրաստի էքստազ: Ահա, հավաքած գումարն ափիդ մեջ, մոտենում ես կրպակին, տագնապով նայում տուփի մեջ` տեղում է: Վերցնում ես սիգարը, հրճվելով հեռանում: Այգում ես: Իծապտուկ խաղողի ճութ ես քաղում, ցողում ես սառը ջրով: Մոխրաման պետք չի: Հողը քեզ անծիր մոխրաման: Պառկում ես խոտերի մեջ, մեջքդ հենում ծառաբնին, հանում ես սիգարն ու լուցկին: Խնամքով կպցնում ես: Պիտի լավ կպցնել: Մի օրում սիգար կպցնել չեն սովորում: Ծխում ես ու վայելում խաղողի հատիկները: Ծխում լայնարձակ, մինչև օրվա անկումը:
    Կրպակավաճառը հավատացնում էր, որ իր սիգարները Կուբայից են ներմուծվում` պատրաստված աղջիկների ձեռքով, ովքեր օրական մի հարյուր անգամ իրենց ազդրերի վրա ալիքում են թուխ տերևը: Ու հենց այս սիգարներով են Ֆիդելի ջոկատները մտել Հավանա: Ես հավատում էի նրան, որովհետև ուզում էի, որ իմ սիգարը փաթաթված լիներ աղջկա մերկ ազդրի վրա, ուզում էի մասնակցել հեղափոխականների հաղթարշավին` վստահ, որ երբ վառեմ սիգարս, ամեն ինչ կկենդանանա:
    Կամակոր մանկան պես էի ուզում:
    Ծառայության ժամանակ, գյուղի խանութներից մեկում առևտուր անելիս, ձավարեղենի կողքը մի քանի սիգար տեսա: Ամերիկյան անորակ բաներ էին: Երբ հենակետում ես ու ընկերս վառեցինք` համը սարսափելի էր, թվաց՝ ոչխարի բուրդ ենք ծխում: Ու իրոք որ ոչխարի բուրդ էր: Գուցե խանութի տերն էր մտահղացել` իր ոչխարի խուզած բրդից լցոնել ինչ-որ շագանակագույն թղթի մեջ ու ստեղծել նոր բրենդ: Համենայնդեպս, մեր բերաններից մխող ոչխարի բրդին հաջողվել էր իսկական սիգարի խաբկանք ստեղծել:
    Իմ ամենասիրելի սիգարը մնում է «Jose L. Piedra»-ն:
    Իմ առաջին սերը:
    Ես այն հազար դրամով գնում էի Սարյան փողոցի վրա գտնող «Դոն Սիգար» խանութից, որը մի քանի ամիս առաջ փակվեց: Սուր հոտ, սքանչելի փափկահամ, որ կեսից զայրանալ ու բռնկվել գիտի: Օրվա մեղեդին` միագույն, քնքուշ մազանոթներով ծածկութատերևի ճրթճրթոցը: Վերջերգը` անզգայացած քիմք, նիրհող լեզու ու գիտակցություն, որտեղ լողում են կենսագրություն չունեցող տեսիլքներ: Աշխարհը գիտի հռչակավոր անուններ, ովքեր սիգարի մոլի սիրահարներ են եղել: Նրանց լուսանկարները դեռ երկար կպահպանվեն: Չէ, Ֆրոյդ, Մարկ Տվեն, Ջոն Քենեդի և ուրիշներ: Բայց սիգարով նրանց լուսանկարները ինձ ամենաքիչն են հուզում, բացառությամբ մի քանիսի, որտեղ սիգարը չի ծառայում որպես էգոցենտրիկությունը մատնանշող միջոց, այլ հանդիսանում է որպես ունիվերսալ անհատականություն: Մեծ դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի լուսանկարը: Նստած է: Ասես բանկ թալանող խուժան լինի: Հագին երկար, սև կաշվից անձրևանոց, դեմքը խորամանկ ժպտում է: Ձախ ձեռքը թափվում է թիկնաթոռին, աջը՝ ոտքին, մատների արանքում վառվում է սիգարը: Փնտրտուքի պատրաստ գազանի ամենաթողության ու կամքի մաքուր զուգադրում: Ժան Լյուկ Գոդար: Սիգարն ատամների արանքում, երկու ձեռքով վեր է պարզել ժապավենը: Հանդիպում արդյունքի հետ` բացարձակ առանձնության մեջ: Սեմյուել Բեկետ: Հանճարեղ պրոֆիլը խավարի մեջ: Բարակ սիգար ջրիմուռների պես ծածանվող մատների արանքում: Սիգարը նրա մատների շարունակությունն է:
    Հերոսն իմ երևակայության մեջ միշտ սիգարով է պատկերվում, հերոսությունը` մինչև վերջ, մինչև կճատի շուրթերը խարկող դանդաղահոս մենամարտ: Ով ապրելու ժամանակ չունի` սիգարը նրա խելքի բանը չէ: Ով օրուգիշեր աշխատում է ու հապճեպություն ձեռք բերում, ավելի լավ է չդիպչի անգործության ճոճանակին: Աշխարհն ապրում է իր ժամանակով, սիգար ծխողը` իր: Մանուշակագույն ծուխը շպարում է երկինքը, բույրը կանգնեցնում վայրկյանաչափը: Սիգարի երակներում եռում է տամկության, արևի շառայլների, մանրամաղ անձրևի ամփոփված նեկտարը: Մերձակայքում տիրող ողբ ու կականը, զարմանահրաշ բառաչյունները թող անհետանան շորորվող օղակների հետ: Միայն թե կրակդ չհանգչի: Մահն ու դժբախտությունը պարտադրված սովորույթներ են` հեռացրու դրանց պոկվող մոխրի հետ: Մենակության ու բերկրանքի ճանապարհը արհեստական ոչ մի պատնեշով չկտրես: Թող սուրա երակներովդ, լցվի ծովիդ մեջ: Կյանքի տարբեր տրամաչափի կոշիկների տակ ճզմվելիս սիգարը ծխողի ուշքնումիտքը կրակը պահպանելու առաքելության մեջ է: Թող պոկեն ոտքդ, ջարդեն գլուխդ, կրծեն փորոտիքդ, միայն թե կրակը չհանգի:
    Երբ ես մեռնեմ, կուզեմ դագաղի մեջ 18 x 66 դյույմանոց ատամներիս արանքը սեղմած սիգարով պառկել: Երանելի հրաժեշտ: Իսկ եթե հանկարծ Աստված-պապիկին հանդիպեմ, մեծ հաճույքով սիգար կվառեմ, որ զրույցն ավելի ջերմ ստացվի, ու եթե ցանկանա, մի սիգար էլ նրան կհյուրասիրեմ` հետաքրքիր անակնկալի առիթով:
 

Ստեղծագործություններ