Merry-Mkrtchyan
    Կշիռ չունեցող մանրադրամի պես այսպես, իջեցնում է գլուխը, ծնոտը քսում շորին: Չգիտեր՝ որտեղ են կոտրվում ակնկալիքները: Անշուշտ, չէր ուզել ոտքի կանգնելուց հետո հանկարծ հետ նստելու ցանկությամբ վառվել: Այդ պատճառով հավատաց, որ ժամանակը սկզբին է տրվում ու վերջ: Ուրեմն համակերպվեց: Վերևում կախված ջահը աչքերով պտտեցնել կարող էր, կարող էր այդ աչքերով իր վրա դանդաղ թափել քարերը: Մեծ, շատ մեծ կառույցի: Նույնիսկ կարելի էր երևակայել, թե ինչպես են տոննա կշռող բեկորներն ընկնում իրենից աջ ու ձախ, իսկ ինքը փոշու մեջ է: Ուերմն փոշու մեջ:  Կարող էր լսել աշխարհի մի լրիվ ուրիշ ծայրում գտնվող հավերի ոտնաձայները, որոնք ածելուց հետո պիտի որ կոտրեին իրենց ածած ձվերը: Աքլորի պես կանցներ անտարբեր ու հենց չզսպեր իրեն ու սուլեր, կզղջար: Երբեք էլ չիմացավ ՝որտեղ են կոտրվում ակնկալիքները:
    Իսկ նրանք, ովքեր չաղոթեցին գիշերվա այս ժամին, որ մոռացան փակել դուռ-դարպաս, դուռ-պատուհան, նրանց համար, որ չկրկնվի եղածն այսուհետ: Հենց նրանց համար: Ասաց: Եթե աշակերտ լիներ, լիներ թմրած ժամին անպատեհ մի որևէ առիթով այդ սենյակում, կլռեր ու չէր պատասխանի… Ուսուցչի անվերջանալի ձայները:  Կլռեր պատուհանից դուրս նաև, որտեղ կանգնած մեքենայի վրայի փոշու հաստ շերտի մեջ  մեկը գրություն էր թողել՝ սիրտդ ուրիշ տեղ թափ տուր:
    Ծնոտը կքսեր, թեկուզ չնչին մի դյութիչ վայրկյան: Վերջապես ավելի վատ լինել չէր կարող: Աղվամազերը եզերվում են արևով, իսկ մայրամուտը դիմացից քայլող աղջկա շրջազգեստից  վեր է: Ուրեմն դժվար է՝ էլ ավելի գնալիս չթողնել ուրիշ  ցամաքի մասին պատմող համարը, երկնքում աստղ խոստանալուց հետո: Չնվաճված աստղեր: Ուրեմն  բոլոր մարող երազների արագությունը նույն էր: Իսկ ինքը վաղուց կինո չի գնացել:  Ընդամենը: Ւնքը աշխարհի բազմանշանակություններից ծորացող անտառ է մութ, բալես,- ասաց,- հասկանում ես՝ մենք բուտիլկա չենք: Ախր չենք էլ եղել: Այդ ամենաբարձր թնդյունները ամենաբարակ ծաղիկներն ընկնելիս են գալիս:  Թեև սահմանված բաները, հասկանո՞ւմ ես, չնչին բաներ հո՞ չեն: Բնական է ձախողվելը,  անսովոր բաները շատ են աննյութեղեն: Ինքն, օրինակ, մի անգամ փունջ ծաղիկ զոհաբերեց Աստծուն: Ու դա մի անգամ էր: Ու  գիտե՞ք՝ ինչի համար՝ հոր մորը գտնելու: Պատկերացրեք,  որ լեռան վրա կանգնած քաղում է ու փունջ կապում, քաղում-կապում, հետո զգում է, որ իր հոր մայրը կողքին չէ: Վերջապես ինքն արդեն ծնվել է: Երկար ձայնում է, վազում սարի երկարությամբ, ընկնում-բարձրանում: Ծանր, տաք արև:  Շատ բարձր ու միայնակ լեռան վրա շատ ճերմակ աչքերով վերև է նայում ու Աստծուն խոստանում  նետել հավաքած փունջը հոր մորը վերադարձնելու պայմանով: Ու այո, նետում է, ծաղիկները նետում է ու հատկապես այնպես, որ հեռու ընկնեն, որ Աստծուն չթվար, թե հետո հետ էր գնալու, վերցներ: Հատկապես որովհետև դժվար էր դրանք հավաքելը:

    Մաս 1
    Այդ անուրախ երեկոյի մեջ կարելի է և չարձագանքել սուլողներին, վերջապես դու միշտ վախենում ես չլսված մնալուց, դու անտանելի վախենում ես ու ամաչում անտանելի  ուրիշների  մահերի համար, որոնք ավելի վաղ են պատկերվում քո մեջ: Հետո պատկերվում է ձյունը, որ իջնում է դիմացից քայլող տղաների սին մազերի մեջ: Կան կանայք, ու նրանք, հավատացած եմ, չեն ծնվել օտար լինելու համար՝ ծխելով խորթ տղամարդկանց աչքերի կենտրոնում ու այնտեղով անցնող համեմատությունների մեջ: Նա, որ ոչինչ չհասցրեց կապել, ոչնչին: Եվ վախեցավ ամենակարևորի մեջ եղած բառերից, որոնք կարող էին չարտասանվել, ամենակարևորի մեջ եղած բառերի քաղցից,  և վախեցավ մոռանալ աղոթել՝ ենթադրենք, վաղը: Դու գիտես, կա լռության անմխիթար պայքար, իսկ տեղացող ձյան պատճառով թատրոններում կտրուկ աճեց հեռացողների թիվը:
    Շները հարձակվում են տղամարդու վրա, և սիրտը անկշիռ է այդ պահի համար, նրան օգնելու են գալիս իր քույրերը:
    Արծաթագույն դռները բացվելիս ճռռում են դանդաղ: Ի՞նքը, ոչ, ինքը ամենևին էլ չի լացում, պարզապես, կորցնելով իր բոլոր ներշնչաքի պահերը՝ հորն է դառնում, ասում է՝ հեծկլտոցի ձայն-մայնը գուցե նրանից են գալիս:
    Ուրիշներն իր մեջ կորցրին իրենց ինքնաթիռները, եկան փնտրելու, չգտան: Հետո  մտքերն անգամ թևեր առան՝ ձվադրելով ուրիշ բներում: Նայեց իր աչքերի մեջ, ասաց՝ չես կարող, դու, որ ամենաշատը գիտեիր, որ հիվանդ եմ: Հող, չկամ: Ասաց ու նորից նայեց աչքերի մեջ:
 
     Շպերունգ
     Հետո ինքն  ու Սարգսյանը կանգնեցին միջանցքում:
    - Խոսիր,- ասաց:
    - Տրական հոլովը, դա այն առարկան կամ իրն է…
    - Այո, այո, շարունակիր:
    - Դա…
    - Քեզ ի՞նչ եղավ:
    - Չեմ շարունակում,-ասաց ու դուրս եկավ:
    Գուցե դրա համար էլ դուրս եկավ, որովհետև գնաց ու ասաց, թե իր մատների վրա փակեցին դուռը, որ գուցե ինքը եկավ ետնախորշերից բազմանշանակության, ուրացումների, կարծեցյալ անլռելի, բայց իմաստազուրկ անհեթեթությունների, որ իր արարքների մեջ էր բացվում, և որ ինքը, անընդհատ բացառելով երևույթների նյութական հավերժության բացակայությունը, սահեց իրենից բացվող դաշտերի մեջ, դաշտերի մեջ…
    Վերջապես, ոչ ոք չի եկել սիրտ ճմլելու չափ սիրտ թափելու՝ հասկանալու համար, թե որտեղ են կոտրվում ակնկալիքները:
    Եթե երկնքում  ճախրող թռչունները բարի լինեին, չէին թևածի: Գուցե փետուրները անահազանգ ընկնեին մեծ բերան ունեցող մարդկանց մեջ,  կամ լացող երեխաների, որոնք կխեղդվեին հավանաբար:
    Կան աշխարհում երկու հոգի, որ իրեն բարդի են ասում, ու նաև եղանակ, որի ժամանակ բարդուց բամբականման փաթիլներ են պոկվում ու փողոցներն անում ոտնատակ: Կա աշխարհում մի հոգի, ով փորձում է իրեն բաժանել միակ ընկերոջից, ու կա ցավալի հետևանք՝ ինքն ընդհանրապես դեմ չէ: Ոչ ոք երբեք չի գա ու հարցնի իրեն.
    - էսօր ամսի քանիսի՞ն է:
    Կամ թե՝ թուղթ կուզե՞ս:  Այդպես լինում է, ու երբ ինքն ուզում է ինչ-որ բանի վրա թոթվել ուսերը, չի գտնում դա պառճառաբանված անելու համար  ոչ մի բան:
    Ուրեմն ոտքերը հավաքեց գլխի տակ, դունչը քսեց ծնկներին, ազդրերի վրա պրոֆիլով հենվեց:
    Սարգսյանը հավատում է, որ իր որդին մեքենա վարել չգիտի: Դրա համար էլ ինչ-որ թաքնված սպասելիքով անպայման որդուն ուղեկցում է, մինչև որ նա վարորդ է դառնում ու հեռանում, այն էլ անհաշիվ անգամ: Երևի Սարգսյանը ուզում է անպայման տեսած լինել՝ ինչպես է տեղի ունենում վթարը, իսկ թե ինչի՝ ոչ ոքի ասելու  բան չէ:  Նա անպայման նայում է այնքան, մինչև որ հորիզոնում փոշին վերադառնում-նստում է  ասֆալտին, որի վրա ոչ մի կերպ չի գծվում որևէ մեքենայի հետք: Սառնասիրտն է,- մտածեց ինքն իրեն ու հրճվեց:  Հետո կորցրեց Սարգսյանին:
    Հազար չգիտեմ որ թվականին սովետական միության տարածքում փորվել է հողը, հնչել են կաղկանձանքներ ու հեծկլտոցներ: Հազար չգիտեմ որ թվական. Քրիստոսից հետո սովետական միությունում այլևս ոչ ոք չլսեց փորված հողերի մասին:
    Իրեն էլ բան չմնաց անելու ուրեմն: Ինքը քարը դրեց գլխին ու պառկեց:

    Մաս 2
    Եթե ինքը վախենում է, ամենաշատը վախենում է լվացքի պարաններից, որ կքվում են ծանրության տակ: Եթե ինքը քնում է, երազում տեսնում է մարդկանց, որ արհամարհեցին իրեն: Դրանցից մեկը ջղային աչքերով բենզին է լցնում իր վրա ու փախչում: Իսկ ինքը ահավոր սպասում է, բայց չի վառվում. երևի սիրում են վրեժ լուծել ու դա կիսատ թողնել այն պահին, երբ օբյեկտը հասկանում է վերահաս   բանը, իսկ լուծողն այստեղ քիթը ցցած ձեռքերը թափ է տալիս: Ուրեմն կանխամտածված բաներ:
    Ուրեմն երբ խոսեցին իր մասին, շատերը մտածեցին, որ գնում է ու պետք է իմանալ՝ ուր: Մնացածն էլ ասացին, թե իր որոշելու բանն է, և միայն Սարգսյանը հասկացավ, որ իրեն ընդամենը պետք է հարցնել՝ ինչի՞ չի գնում, այլ ոչ թե ասել՝ մնա:  Այդ ժամանակ, երբ ինքը երեխա է, շատ անհրաժեշտ է ուշադրությունը որոշակի բացակայությունների հանդեպ: Իսկ դա չեղավ: Ու իրենք գիտեն, եթե չեղավ, ուրեմն չեղավ:
    Առաջ ամեն անգամ աչքերի մեջ մի գդալ աղ էր լցնում: Սենյակում թողնում էր ծաղիկը՝ չջրված ու անտեր, և աղոթում էր, որ կողքին  ոչ ոք չնստեր, չհարցներ՝ ինչի է ցուրտ, ու որ ոչ ոք կողքը չնստեր, պայուսակի պարունակությունը հատ-հատ շարում էր եկեղեցու դատարկ նստարաններին: Ինքը եկավ ամեն անգամ ավելի խոցված, ինչի՞ չուրացավ ուրեմն, եթե անգամ սայթաքեց ու պատռեց կոշիկ-սիրտ-կոշիկ: Ախր ինքը եկավ ամպեր ճանկռելու, աշխարհ ճղելու անբավարարվածությունից, բայց ամեն անգամ է՛լ ավելի անտարբեր, երբ եղունգների տակ չգտավ աստղեր: Իր կենացների համար  բաժակ չդարձրին, գինի չունեցան, սիրտ չտվեցին: Ինքը չեկավ ողնաշար թեքելու, լինելու սիրուն՝ չգնահատվելու, օր-օր ավելի ծանր բառերով կքվելու, և ոչ մի օր էլ չեկավ ամենավերջում հասկանալու, որ իր որոշելու բանը չէ չսփոփվելը, որ խռովելով՝ երեսը այլուր չի դառնա, որ չի կարողանա թաքնվել, թե նեղացնեն:
 
    Շպերունգ
    Միշտ ամենաքիչը իր մոր ուրանալուն էր սպասել, որովհետև ամենաշատը նրան էր տարել բաց թողնված տեղերը լցնելու: Ինքն ինչ էր անելու, եթե Սարգսյանը մեռներ: Երևի մի երկու անգամ թաքուն խանդել էր էդ կնոջ որդուն, միայն թե փոքր ժամանակ, որովհետև հիմա արդեն մեկ է: Եթե հարազատներ ունենար, նրանց պատուհանից էր նայելու, ցույց չէր տալու, որ շատ է սիրում, երկար ձևացնելու էր, թե չի լսում, ու էդպես լիքը բաներ էր որոշել, որ չարեց:  Երևի ոչինչ էլ չաներ, եթե Սարգսյանը մեռներ: Գնալու էր, գալու էր: Ու երբ մտածում էր երկար, աչքերը չէր պոկում Սարգսյանից, հանգիստ չէր տալիս կնոջը երևակայության մեջ:  Որքան երկար էր ինքը էդ կնոջը թույլ տվել նկատել իրեն, իրեն այդքան առանձին-առանձին: Ի՞նչ էր անելու, եթե Սարգսյանը մեռներ: Էն կինը, որ  ամուսնուց բաժանվելու օրը իրեն հետը տարավ այգի, երկու բաժակ սուրճ առավ, մեկը խմեց, մեկը իրեն տվեց ու նստած նստարանին՝ պատմեց, թե ոնց էին իրենք իրար սիրել, ոնց էր ինքը իր ամուսնուն պահել, հետո նույնիսկ երգեց էն երգը, որի տակ բաժանվել էր մարդուց: Իսկ ինքը լսելու փոխարեն, ավելի շատ նայեց էդ լացող կնկան, մտածեց, որ հաստատ չգիտեր, թե  ինչ էր անելու, եթե Սարգսյանը մեռներ:  Գուցե  ուրախանար, հաստատ կուրախանար: Գլուխը կդներ ծնկներին, ձայն չէր հանի: Կթողներ, որ իր կողքին նստեն: Ծնոտը կքսեր սրունքներին, մազերը կարճ կկտեր: Տերևի մեջ թար կփաթաթեր, կդներ բերանը, կուլ կտար:
    
    Մաս վերջին
    - Ինչի՞ ես 4-րդ մատդ ծուռ նկարել,-հարցրեց Սարգսյանը:
    - Չեմ պատասպանում հարցին,- մերժեց ինքը:
    - Մտածում ես՝ վա՞տ հարց է,- ժպտաց կինը,- արի գնանք տուն:
 
*շպերունգ - երբ շիզոֆրենիայով տառապող հիվանդները գլխում զգում են դատարկություն

Ստեղծագործություններ