Khanjyan

ՇԱՐԼՈՏԱ

Չամուրն ավերակների վրայով փախավ, ժամանակ առ ժամանակ կանգ առնում` ետ էր նայում, ասես չէր հավատում կատարվածին, սակայն էքսկավատորը երախաբաց առաջ էր գալիս` փլցնելով պատերը, վերջնականապես հույսը կտրած` Չամուրը վերվարող սև ալիքով սլացավ դեպի Լալայանց փողոց, ուր դեռ կանգուն տներ կային: Շարլոտայի գերդաստանի վերջին կատուն էր:

Թումանյան 21/4, Տերյան-Թումանյան խաչմերուկի երկհարկանի տուն, նախանցյալ դարավերջի շինություն` սև տուֆից, ընդհանուր փայտաշեն միջանցքներով, կիսավեր տանիքներով, խոնավ, լքված նկուղներով, ուր ապրում էին մեծ առնետները:

Գորշ էգ կատուն աշնանային մի երեկո հարևան տանիքներով եկավ, մեր տան միջանցքի տանիքից հենասյունով փափուկ սահեց, կաթեց ճռռան հատակին, զգուշավոր գնաց-եկավ` տնտղեց շրջակայքը, շրջվեց` կանչեց. հենասյան ետևից հայտնվեցին չորս պստիկ ականջներ, աջուձախ դարձան, ետ գնացին, հաջորդ կանչին կատվիկները վերջապես համարձակվեցին` դուրս եկան, վազեցին մոր մոտ, մայրը նրանց տարավ փայտաշեն խորդանոցի տանիքի տակ, ապսպրեց դուրս չգալ, ինքն իջավ բակ, այնուհետև` նկուղ, ուտելիք էր փնտրում: Նկուղից նա այլևս դուրս չեկավ: Որբուկները տանիքի տակ ծպտված մնացին ամբողջ գիշեր, ժամանակ առ ժամանակ աղեկտուր մլավոցներով կանչում էին մորը, առավոտյան, սակայն, քաղցը նրանց դուրս բերեց միջանցք:

Գորշուկ Բերլագան շուտ ընտելացավ, չալ եղբայրը` ոչ, զգուշավոր էր, ֆշշացնում էր` ընկրկում: Կատվիկներն արագ մոռացան մայրիկին, էլ չէին կանչում գիշերներով, խաղում էին, ուտում, մեծանում: Բերլագայի սիրած հանգստատեղին միջանցքի բազրիքն էր, Չալիկինը` քիչ հեռու` առաջին հարկի կցակառույցի տանիքը: Ամռան մի առավոտ, արդեն հասունացած եղբայրները տանիք բերին փոքրամարմին, ամբողջովին սև, պոչատ էգին: Շարլոտան հետազոտեց, հավանեց տարածքը, տեղավորվեց` մնաց: Հայաթավորները ծաղրում էին. «ՙԷսի ոնց որ սև կռիս ըլնի...»: Սակայն նրանց ծաղրը փոխվեց խորին հարգանքի` երբ Շարլոտան բռնեց-խեղդեց բակով մի նկուղից մյուսն անցնող խոշոր առնետին: Առնետորս Շարլոտայի համբավը տարածվեց թաղով, Թումանյանի` Տերյանից Աբովյան հատվածի կրպակատերերը` գազ լցնող Գուգոն, կոֆե աղացող Սաշիկը, կոշիկ ծախող Մարգուշը, նրան տանում, գիշերով թողնում էին կրպակում. եթե այնտեղ առնետ էր հայտնվել, առավոտյան առնետին գտնում էին սպանված, Շարլոտային կերակրում` վերադարձնում էին բակ: Միայն առնետները չէ` նրանից զգուշանում էին նաև շները. երբ ընկերս` Անգլինցյան Ռուբենը` Կոնստանտին Օրբելյանի նվագախմբի առաջին տրոմբոնահար Սերգեյ Անգլինցյանի կրտսեր եղբայրը, իր գերմանական հովվաշան հետ հյուր էր եկել, աստիճաններին նստած Շարլոտան մեջքն ուռցրել, սպառնացել էր, ճանկով խփել էր շան քթին, ահռելի գամփռը վախեցել, բակի ասֆալտին նստել` չէր գալիս, միայն առաջին հարկի բնակիչների ակտիվ միջամտությունն էր, որ ստիպել էր Շարլոտային լքել պահակակետը` վեր թողնելով Էմիրին:

Ամիսներ անց Շարլոտայի հինգ չալպտուրիկ ձագերը վազվզում էին միջանցքներով, տանիքներով, մագլցում բակի հաստաբուն ծառին, սաղարթների միջից կախում սիրուն մռութները, կլոր աչքերով նայում ցածի անցուդարձին: Դատելով գունավորումից` Չալիկն էր նրանց հայրը: Ինքը` Չալիկն արդեն չկար, պիտբուլ Ռասկլը նրան խեղդել էր Կարապի լճին հարակից այգում, կատուն հասցրել էր փախչել շնից` ծառը բարձրանալ, բայց Ռասկլի տերը քարերով խփել էր, ծառը թափահարել` գցել էր կատվին: Բերլագան էլ երկար չապրեց, հարևաններից մեկը Կատվախոտի թուրմի էր վարժեցրել նրան, մտնում էր տները, անսխալ գտնում բաղձալի սրվակի տեղը, նստում ու կարոտագին մլավում, ճանկռում պահարանի դուռը, թմրամոլ էր դարձել, հիստերիկ, անհավասարակշիռ, ձմռանը բակի երեխաները վրան դույլով ջուր էին լցրել, թրջված փախավ` մտավ-կծկվեց տանիքի տակ, գիշերային ցրտահարությունից մորթին սառցակալեց` կպավ տանիքի թիթեղ-գերանին, պոկվել չէր կարողացել, ուշ հայտնաբերեցինք, երբ հանեցինք, բերինք միջանցք, արդեն հազիվ էր շնչում:

Մնաց Շարլոտան` օր օրի բազմացող իր գերդաստանի հետ. առատորեն կերակրում էինք, ի բարեբախտություն իրենց` սառեցրած էժանագին ձկնեղենով լեցուն էին այն ժամանակվա մթերային խանութները: Արբունքի շրջանում Շարլոտային, հարևան տանիքներից, փոխնիփոխ այցելում էին սևաթույր, շեղաչ Մոնղոլը և շիկավուն Վարազը` խոշոր, առողջ կատուներ, որոնց տռուզ ամորձիները փայլում էին մկանուտ ազդրերի միջև: Վարազը հայտնվում էր նաև ծննդաբերության ժամանակ, ժամերով հերթապահում, որպեսզի Շարլոտան դեռ ուշքի չեկած` հափռի-փախցնի նորածիններին, սակայն Շարլոտայից ձագ փախցնել նրան այդպես էլ չհաջողվեց, հաջողվեց փախցնել Շարլոտայի դստեր` Սիլվայի ձագերին. երբ վերջին ձագի արնակաթ մարմինը կախվել էր նրան գլխից բռնած Վարազի երախից, Սիլվան, հուսահատության հասած, պոկեց-խլեց սպանված ձագին ու... ինքը կերավ: Մոնղոլն ու Վարազն աշխատում էին չհանդիպել, այնուամենայնիվ պատահում էր` նրանց ուղիները խաչվում էին, բախումն անխուսափելի էր դառնում, կատաղի մռլտյուններով միմյանց կառչած, գունդուկծիկ դարձած` գլորվում էին տանիքով, ընկնում միջանցք, բակ, պոկոտված մազափնջերն այս ու այն կողմ էին թռչում, հաղթող-պարտվող չկար, եթե Վարազն ավելի հաղթանդամ էր, Մոնղոլն ավելի արագաշարժ էր, ճարպիկ, հավասարների կռիվ էր, վերջում, ուժասպառ, պոկվում էին իրարից, լիզելով արնոտ վերքերը` երերուն քայլքով հեռանում: Շարլոտան և իր հասունացած դստրիկները հետաքրքրությամբ էին հետևում որձերի մարտերին, երբեք չէին միջամտում, իրենց հոգսը չէր, իրենց հոգսը նրանցից թմբլիկ, առողջ ձագեր բերելն էր:

Երբեք տարածքում ավելի կատու չէր մնում, քան տարածքն ի վիճակի էր կերակրելու, ծնողները մեծացնում, ապա վռնդում էին` ավելորդ ուտող բերան չէին հանդուրժում: Թավամազ, գիրուկ Սամսոնը Մոնղոլի և Վարազի սարսափից կծկվում` տակը թրջում էր, մայրն արդեն չէր պաշտպանում, ինքը փախչում էր հեռու կտուրի տակ, սպասում, մինչև սպառնալիքն անցնի, մի քանի անգամ անողոք ծեծ էր կերել, բայց համառորեն չէր հեռանում, ի վերջո գտավ ձևը` մարդկանց հետ բարեկամացավ, պառկում էր նրանց ոտքերի մոտ, քսվում, մտնում տները` պատսպարվում, փաղաքշանքներից` պլաստիլինի պես կակուղ էր դառնում, գետնին գցած փալասի պես անկամ. բնականաբար, երկար չապրեց, մայթի վրա մոտեցել մարդկանց` քսմսվել էր, ուժեղ աքացի ստացել` շպրտվել բանուկ մաս` ուղիղ մեքենայի անիվների տակ. մարմինը գետնին ծեփված` թավամազ պոչը քամուց բարձրանում, աջ-ձախ էր տարուբերվում:

Ցուրտ օրերին Շարլոտան տուն էր մտնում, ցատկում բազմոցին, տեղավորվում ոտքերիս մոտ. որսում էի նրա դեղնականաչ աչքերի հայացքը` սեր չկար, կարոտ չկար, մտերմություն չկար. բնազդ, բնազդ, բնազդ... բիբերն իմ յուրաքանչյուր շարժմանն անհապաղ արձագանքում` մեծանում-փոքրանում էին, աչքերի փայլի մեջ ուժ կար, թվում էր` եթե ածելիով փորձեմ հատել աչքերը, չի ստացվի, ածելին սոթ կտա:

Անհավատալի էր, սակայն փաստ` Շարլոտան սովորել էր դռան զանգը տալ, հավանաբար նայել-տեսել էր` մարդիկ գալիս են, փակ դռան առաջ կանգնում, սեղմում կոճակը, քիչ անց դուռը բացվում է: Երբ զանգով կանչված` դուռը բացեցի, շեմին ոչ ոք չկար, միայն Շարլոտան էր հարևանի պատուհանի քիվին նստած, զանգի կոճակին մոտ, ցատկեց հատակին` սահեց տուն, օրեր անց` նույնը, սակայն հարևանուհի տիկին Տիրունը նկատել էր, ասաց. ՙԿուզես հավատա, կուզես` չէ, անպոչ սև կատուն ա, քթով սխմում ա ձեր զանգը՚:

Եկան ժամանակներ, երբ սառեցրած ձուկը վերացավ խանութներից, խանութներն առհասարակ դատարկվեցին: Մութ փողոցներում` քաղցած մարդիկ, ով` հացի հերթի, ով` նավթի: Աղբանոցների մոտ կենաց-մահու կռիվներ էին մղում շները, կատուներն ու առնետները, քաղցից կատաղած շները կատու և առնետ էին խժռում, քաղցած կատուները ճանկռում էին նրանց քիթմռութը, աչքերը, առնետները հարձակվում էին թույլ կատուների, նրանց ձագերի վրա: Կատուների քանակը բակում պակասեց, մնացել էին Շարլոտան և իր զույգ դստրիկները` դարչնագույն Շողոն, սև-սպիտակ Խանումը: Խանումը, շներից փախչելով, մեքենայի տակ ընկավ, հոգեվարքի մեջ մի կերպ մագլցեց աստիճաններով, մտավ միջանցք, ուզեց բարձրանալ հարազատ տանիք, բայց չկարողացավ. խռխռացնում էր, արյուն թքում, ցավատանջ գալարվում, սողաց խորդանոցի մոտ ու անշնչացավ: Շողոյի մարմնում ճիճուներ բնավորվեցին, ճակատը փտեց-ծակվեց, անցքից ճիճուները կախվում, ոլորվում` ետ էին գնում, աչքերը թարախակալում էին, ինքը նախկինի պես մոտ էր գալիս, ուզում էր քսմսվել, տուն մտնել, բայց ո՞վ կթողներ, խռոված գնաց տանիքների տակ, էլ դուրս չեկավ, գարնանը կաշին ու ոսկորները հայտնաբերեցին` երբ տանիք էին բարձրացել վնասված հեռախոսալարը նորոգելու: Վարազը չքվել էր, իսկ Մոնղոլը, Շարլոտայի արբունքի բույրով կանչված` մի վերջին անգամ էլ հայտնվեց, ապա կորսվեց անվերադարձ: Ամիսներ անց Շարլոտան տանիքի տակ ձագեր ծնեց, ողջ մնաց մեկը` Չամուրը, ծնողների պես սևաթույր, նրանց պես ճարպիկ ու ռազմատենչ, մի տարին դեռ չբոլորած` արդեն առնետներից չէր վախենում, չէր փախչում, մեջքն ուռցնում էր, մարտական ֆշշացնում, թաթով խփում, ճիշտ ժամանակին ընկրկում` դարձյալ ֆշշացնում: Շարլոտան ծերանում էր, անտարբեր էր դառնում, առնետներից, կատուներից ու մարդկանցից հեռու էր պահում իրեն, մի երեկո էլ տանիքներով ինչ-որ տեղ գնաց` ետ չեկավ:

Շատակեր էր Չամուռը, բայց այդ մի կատուն էր մնացել, լիուլի կերակրում էին, մեծացավ, հզոր կատու դարձավ, մենակ էր տնօրինում տարածքը, պառկում էր արևից տաքացած տանիքին, ձգվում, սև պոչը եզրից կախ գցում, ծուլորեն տարուբերում, ճիշտ` մոր նման, միայն թե մայրը պոչ չուներ, պոչարմատն էր տարուբերում: Սպասում էինք` ուր որ է կհայտնվի մի էգ կատու, և կշարունակվի Շարլոտայի սերունդը: Սակայն չեղավ... Ապագայի մեծ պողոտան, որ օպերայի առջևից անկյունագծով ճեղքելու էր հին Երևանի կենտրոնը` մինչև Հանրապետության Հրապարակ, նախագծային թղթերից իջավ, թրթուրավոր մեքենաներ ուղարկեց իր զոհերի վրա, առաջիններից` Թումանյան քսանմեկ, կոտորակ չորսն էր` նախանցյալ դարավերջի երկհարկանի տունը, սև տուֆից, որի պատին միշտ փակցված էր «Պիոներ» կինոթատրոնի աֆիշը: Ատամնավոր ահռելի շերեփը տնկած` էքսկավատորը փրթփրթալով եկավ-կանգնեց, արհամարհական փնչացրեց ու անցավ գործի: Բնակիչները օր առաջ լքել էին տունը: Չամուրն անելիքը չգիտեր, շփոթված-անվճռական` գնում-գալիս էր տանիքով, տագնապած մլավում: Շերեփի հզոր հարվածից ցնցվեց արտաքին պատը, տանիքը ճռռաց` նստեց, փոշի բարձրացավ, կատուն վերջապես կռահեց` սա վերջն է, փախչել է պետք, տանիքներին սև ալիք գծելով` վազեց դեպի Լալայանց փողոցը:

Երախաբաց մեքենան դանդաղ ու վստահ գնալու էր նրա ետևից:

Ստեղծագործություններ