Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

f-scott-fitzgerald
    Անշուշտ, ողջ կյանքն անկման ընթացք է, և ահարկու են այն հարվածները, որ գալիս են կամ թվում է, թե գալիս են դրսից: Դրանք են անկման դրամատիկ կողմը: Այդ հարվածներն են, որ հիշում ես, մեղադրում, տկարության պահերին պատմում ընկերներին: Նման հարվածների հետևանքները միանգամից չեն երևում: Կա հարվածի ևս մի տեսակ, որ գալիս է ներսից, որը զգում ես այն ժամանակ, երբ չափազանց ուշ է ինչ-որ բան փոխել, երբ վերջնականապես տեսնում ես, որ ինչ-որ առումով երբեք նորից չես լինի առաջվանը: Անկման առաջին տեսակը արագ է կատարվում, երկրորդ տեսակը` գրեթե աննկատ, սակայն իրականանում է հանկարծակի:
    Նախքան այս կարճ պատմությանն անցնելը, թույլ տվեք կատարել մի կարևոր դիտողություն. մեծ խելքի նշան է կարողանալ մտքում պահել միաժամանակ երկու հակադիր գաղափարներ և դրանով հանդերձ չկորցնել գործելու ունակությունը: Ասենք, անհրաժեշտ է, գիտակցելով իրավիճակի անհուսությունը, հավատարիմ մնալ կայացրած որոշմանը, չփոխել այն: Այս փիլիսոփայությունը որդեգրել եմ վաղ չափահասության տարիներից` տեսնելով, թե ինչպես են իրականություն դառնում անհավատալին, անհավանականն ու հաճախ նաև անհնարինը: Կյանքն այն է, որ պետք է իշխես, երբ ինչ-որ բանում պիտանի ես: Նույնիսկ երբ օժտված չես ո´չ խելքով, ո´չ ջանասիրությամբ, միևնույն է, այդ հատկությունների որոշ չափաբաժին քո մեջ կգտնվի, ու կյանքն էլ մի օր տեղի կտա: Թվում էր, թե շատ ռոմանտիկ է գրականության մեջ հաջողակ մարդ լինելը (երբևէ մտքովդ չի էլ անցել կինոաստղի պես հանրահայտ լինել, բայց այն հանրաճանաչությունը, որին հասել ես, հավանաբար երկար կապրի, և մտքովդ երբեք չի անցնի ունենալ այնպիսի ուժ, որն ունեն քաղաքական և կրոնական ամուր համոզմունքների տեր մարդիկ, բայց դու, անկասկած, ավելի անկախ կլինես: Իհարկե, քո աշխատանքային պրակտիկայում կլինես հավերժ չբավարարված, բայց ես անձամբ չէի ընտրի այլ բան:
    Քսանականներն անցան, և նրանց հետ անցան նաև իմ «քսանականները» և մտա երեսունի մեջ, բայց ափսոսանքը պատանեկան երկու ցանկություններիս համար մնաց: Առաջինը, որ այդպես էլ չկարողացա խաղալ քոլեջի ֆուտբոլի թիմում՝ բավականաչափ մեծ չլինելու (կամ բավականաչափ լավ չխաղալու) պատճառով: Երկրորդն էլ, որ պատերազմի ժամանակ արտասահման չմեկնեցի: Ու երկուսն էլ մնացին սխրագործություններով լի մանկական երազանքներ, որոնց հետ քնելը բավականին լավ էր անհանգիստ գիշերներին: Կյանքի մեծագույն խնդիրները կարծես սկսեցին իրենք իրենց լուծվել, ու դրանց վրա կենրոնանալն էլ դժվար մի բան դարձավ: Իսկ կարևոր շատ խնդիրների մասին մտածելն ուղղակի հոգնեցուցիչ էր:
    Տասը տարի առաջ կյանքն ինձ համար մեծապես անձնական բնույթ էր կրում: Ես պետք է հավասարակշռության մեջ պահեի ճիգերի ապարդյունության զգացումը և պայքարելու անհրաժեշտությունը, համոզմունքը, որ ձախողումն անխուսափելի է, և վճռականությունը հաջողության հասնելու համար: Եվ ավելին, քան նշվածներն են` հակասությունը մեռած անցյալի և ապագայի վեհ մղումների միջև: Եթե կարողանայի անել դա սովորական՝ ընտանեկան, մասնագիտական և անձնական դժվարություններին զուգահեռ, ապա էգոն կսլանար ինչպես ոչնչությունից դեպի ոչնչություն արձակված նետ, այնպիսի ուժգնությամբ կսլանար, որ միայն ձգողականության ուժով հնարավոր կլիներ բերել նրան երկիր:
    Անցավ շուրջ տասնյոթ տարի, ընթացքում մի տարի պարապ-սարապ թրև գալով ու հանգստանալով: Դժվարությունները շարունակական էին, սակայն վաղվա օրվա համար հիանալի զբաղմունք էին ինձ թվում: Իմ կյանքը հեշտ չէր, բայց ինձ ասում էի. «Մինչև 49-ը ամեն ինչ լավ է լինելու: Կարող եմ հույս դնել դրա վրա: Իսկ այնպիսի մարդու համար, ով իմ պես կյանք է ունեցել, ուրիշ ոչինչ այլևս պետք չէ»:
    Եվ ահա, դեռ տասը տարի կար, որ հասնեի 49-ին, հանկարծ հասկացա, որ վաղաժամ խելագարվել եմ: Հիմա տարբեր կերպ է լինում խելագարությունը. կամ ինչ-որ բան է կատարվում ուղեղումդ և որոշում կայացնելու մենաշնորհդ ուրիշները վերցնում են քեզանից, կամ մարմնիդ հետ է ինչ-որ բան կատարվում, և մնում է հպատակվել հիվանդանոցի սպիտակ աշխարհին, կամ էլ նյարդերդ չեն դիմանում: Ուիլյամ Սիբրուքն իր հերթական գրքերից մեկում հպարտությամբ և ֆիլմերին հատուկ վերջաբանով պատմում է, թե ինչպես ինքն ընկավ հասարակության խնամքի տակ: Ինչը դրդեց նրան ալկոհոլիզմի, ինչ պատահեց նրա հետ, ինչը խլեց նրա նյարդային համակարգը: Ու թեպետ ինձ խորթ է այս ամենն, ու վեց ամսվա ընթացքում նույնիսկ մեկ գավաթ գարեջուր էլ չեմ խմել, զգում եմ, որ նյարդերս քայքայվում են, զայրանում եմ, հաճախ լաց լինում:
    Բացի այդ, անդրադառնալով իմ թեզի տեսությանը, որ կյանքը զանազան հարվածներ է գործում մեզ վրա, խելագարված լինելու գիտակցումը եկավ ոչ թե հարվածի հետ միաժամանակ, այլ անկման ընթացքում:
    Ոչ շատ առաջ մի անվանի բժշկի գրասենյակում լսում էի նրա դառը դատավճիռը: Դրանից հետո ինձ հատուկ որոշ սառնարյունությամբ շարունակեցի քաղաքում զբաղվել իմ գործերով, այն քաղաքում, որտեղ այդ ժամանակ ապրում էի: Գրքերի հերոսների պես ես ևս շատ չէի մտահոգվում և մտածում այն մասին, թե որքան շատ անավարտ գործ կա դեռ անելու, և ինչ կլինի իմ այս կամ այն պարտավորությունների հետ: Ես բավականաչափ ապահովված էի, բայց դե նախկինում էլ այդքան հոգատար չէի այն ամենի նկատմամբ, ինչը կար ձեռքումս, նույնիսկ իմ տաղանդի հանդեպ:
    Ու հանկարծ մի ուժեղ բնազդով հասկացա, որ ինձ պետք է մնալ մենակ: Մարդկանց հետ շփումից կտրականապես հրաժարվեցի: Այնքան շատ մարդիկ էին եղել իմ կյանքում: Ես հիմնականում այնքան էլ շփվող ու մարդամոտ չէի, ավելի շատ հակված էի ճանաչելու ինքս ինձ, իմ մտքերը, իմ ճակատագիրը, այն բոլոր խավերը, որոնց հետ անմիջական շփում էի ունեցել: Միշտ ինչ-որ մեկին փրկում կամ փրկվում էի: Մի առավոտ այնպիսի ապրումների միջով անցա, որոնք, հավանաբար, զգացած կլիներ Վելինգտոնը Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ: Ապրում էի անհասկանալի թշնամանքի և հարազատ ընկերների, աջակիցների աշխարհում:
    Բայց հիմա լիովին մենակ էի ցանկանում մնալ, և այնպես էի կազմակերպում ամեն ինչ, որ սովորական հոգսերից հեռու մնայի:
    Սա վատ շրջան չէր: Ես հեռու էի քաշվել, և այնտեղ քիչ մարդիկ կային շուրջս: Հասկացա, որ շատ եմ հոգնել: Հիմա անգործությունից կարող էի պառկել, և դա ինձ ուրախություն էր պատճառում: Օրվա ընթացքում երբեմն 20 ժամ էի քնում, ընդմիջումներին փորձում էի ինձ շեղել մտածելուց, փոխարենը  սկսեցի ցուցակ կազմել, կազմեցի, հետո անմիջապես պատռեցի այն, հարյուրավոր ցուցակներ` հեծելազորային առաջնորդներ, ֆուտբոլիստներ, քաղաքներ, հայտնի մեղեդիներ, նիզակ նետողներ, երջանիկ ժամանակներ, հոբբիներ, տներ, որտեղ ապրել եմ, բանակից բերած կոստյումներ, և որքան զույգ կոշիկ (չեմ հաշվում այն կոստյումը, որը Սորենտոյից էի բերել, որը հագիս նեղացել էր, նաև կոշիկները, զգեստները, մանյակները, որոնք տարիներ շարունակ քարշ էի տալիս ճամպրուկում և այդպես էլ չկրեցի, որովհետև այդ կոշիկները ցավեցնում էին, իսկ վերնաշապիկն ու մանյակը դեղնել էին և օսլայից փչացել): Նաև կանայք, ում համակրել եմ, այն դեպքերում, երբ թույլ եմ տվել, որ ինձ հանդիմանեն, երբ ո՛չ բնավորությամբ, ո՛չ էլ ունակություններով ինձանից առավել չէին:
    Հետո, հանկարծակի, ի զարմանս ինձ, կազդուրվեցի:
    Հին ամանի պես ջարդուփշուր եղա, երբ տեսա, թե ինչ է կատարվում շուրջս:
    Ահա և ավարտն այս պատմության: Այն, ինչ պետք է նախաձեռնեի, դեռ անհայտ է: Կասեմ միայն այն, որ մոտ մեկ ժամ բարձերով գրկախառնված մնացի, հասկացա, որ երկու տարի իմ կյանքը անցել է այն ռեսուրսների հաշվին, որոնց չեմ տիրապետում, թե ֆիզիկապես, թե հոգեպես պարտքերի մեջ էի: Եվ ի՞նչ է սրա համեմատ ինձ վերադարձված կյանքը: Չէ որ առաջ կար բռնածս ուղու հանդեպ հպարտություն և վստահություն այն բանի համար, որ պահպանում եմ անկախությունը:
    Հասկացա, որ այդ երկու տարիների ընթացքում, փորձել եմ ինչ-որ բան պահպանել: Հնարավոր է ներքին հանգստության զգացումը, հնարավոր է`ուրիշ մի բան: Հոժարակամ հրաժարվում էի այն ամենից, ինչ սիրում էի, իսկ առօրյա հոգսերը ճնշում էին ինձ` նույնիսկ ատամ լվանալն ու ընկերոջ հետ ճաշելը: Ես հասկացա, որ փորձում եմ, թեպետ ապարդյուն, ապացուցել ինձ հակառակը: Հասկացա նույնիսկ, որ ամենամտերիմների հանդեպ իմ սերը դարձել է ընդամենը սիրելու փորձ, և որ իմ սովորական հարաբերությունները` խմբագրի, ծխախոտավաճառի, ընկերոջ երեխայի հետ, պահպանում էի միայն այն բանի շնորհիվ, որ այդպես է պետք` ըստ անցյալ օրերի հուշերի: Այդ նույն ամսվա ընթացքում հասկացա, որ կատաղում էի այնպիսի բաներից, ինչպիսիք են ռադիոյի ձայնը, ամսագրերի հայտարությունները, ռելսերի ճռռոցները, քաղաքի մահ լռությունը, որ արհամարհում էի մարդկային բարությունը, բայց ինքս պատրաստ էի կռվի բռնվել դաժան մեկի հետ, ատեցի գիշերը, որովհետև չէի կարողանում քնել, ատեցի օրն այն պատճառով, որ փոխվում էր գիշերվա: Քնում էի սրտիս կողմի վրա, ու գիտեի, որ որքան արագ ուժասպառ լինեմ, այնքան շուտ կժամաներ այդ գիշերային մղձավանջի օրհնված ժամը, որը նման էր կատարսիսի, և որն ինձ ուժ տվեց ավելի լավ դիմավորելու նոր օրը:
    Մնացին որոշակի պահեր և դեմքեր, որոնց դեռ ի վիճակի էի ընդունել: Միջին Արևմուտքի բնակիչներից շատերի պես ես առնչություն չունեի անմիտ ռասսայական նախապաշարմունքների հետ:  Ես միշտ գաղտնորեն հետամուտ էի հաճելի շիկահեր սկանդինավուհիներին, որոնք նստում էին Սուրբ Պետրոսի սյունասրահում և տնտեսապես բավական առաջադեմ չէին այդ ժամանակվա հասարակության մի մասը կազմելու համար: Նրանք թեթև ծանոթության համար չափազանց լավն էին, բայց երկնքում տեղ նվաճելու համար դեռ պատրաստ չէին: Հիշում եմ` ինչպես էի մեկ ակնթարթում ամբողջ թաղամասեր թափառում` շողացող մազերով հիանալու համար, ինձ պատճառած պայծառ հուզումով՝ մի աղջկա, որին այդպես էլ չհաջողվեց ճանաչել: Ես սկսեցի խոսել մայրաքաղաքի բնակչի պես, ինչը այդքան էլ արդիական չէր: Մի խոսքով, ես չէի կարողանում տանել իռլանդացիներին, անգլիացիներին, քաղաքական գործիչներին և օտարներին, վիրջինիացիներին, նեգրերին (և´ բաց, և´ մուգ), որսորդներին, նաև մանրամեծածախ վաճառականներին, հիմնականում բոլոր միջնորդներին, բոլոր գրողներին (ես համառորեն զգուշանում էի գրողներից, որովհետև նրանք կարողանում են հավերժացնել դժբախտությունը, ինչպես ոչ ոք), և հասարակական շերտերի բոլոր ներկայացուցիչներին, նրա համար, որ ինչ-որ շերտ են ներկայացնում, և մեծ մասամբ նրա համար, որ պատկանում են այդ շերտերին:
    Ինչ-որ բանից կառչելու համար սկսեցի հրապուրվել բժիշկներով, մոտ 13 տարեկան աղջիկներով, նաև ութ և բարձր տարիքի լավ դաստիարակված պատանի տղաներով: Խաղաղություն և երջանկություն էի գտնում մարդկանց սակավաթիվ խմբերի հետ, մոռացա նշել, որ սիրում էի նաև տարեցներին, երբ նրանց դեմքերը կոփված էին: Ինձ դուր էր գալիս Քեթրին Հեփբըրնի դեմքն էկրանի վրա, և կարևոր չէր, թե ինչ կասեին նրա հավակնությունների մասին: Սիրում էի Միրիամ Հոփքինսի դեմքը, հին ընկերների դեմքերը, երբ տեսնում էի նրանց տարին մեկ անգամ կամ փորձում հիշել, թե ինչպիսին են եղել առաջ:
    Չբավարարվածություն և չարություն, այդպես չէ՞: Բայց հիշե՛ք, երեխաներ, սա է կործանման իսկական նախանշանը:
    Տգեղ պատկեր ստացվեց: Անխուսափելի էր դրանից ձերբազատվելը, և ես դրեցի այն շրջանակի մեջ և ցուցադրում էի տարբեր քննադատների, այդ թվում` մի տիկնոջ, ում կյանքն այլոց հետ համեմատած մահվան էր նման: Նույնիսկ նա այս անգամ մխիթարելու փոխարեն, նախատեց ինձ, ու չնայած պատմությունն այս ավարտված է, թույլ տվեք, որպես հետգրություն, բերել այստեղ մեր զրույցը:
    - Լսի´ր,- ասաց նա (նա միշտ ասում էր` լսիր, քանի որ խոսելու ընթացքում իրոք մտածում էր):- Լսի´ր,- այսպիսով ասաց նա,- բավական է խղճաս քեզ, համարիր, որ ամեն ինչ կարգին է, իսկ կործանումն իրականում ինչ-որ տեղ Մեծ Քենիոնում է:
    - Ո’չ, այստեղ է, իմ մեջ,- հպարտությամբ ասացի ես:
    - Լսի´ր, աշխարհն այն է, ինչ տեսնում ես, կարող ես տեսնել այն շատ մեծ կամ շատ փոքր, ինչպես կուզես, իսկ դու նախընտրում ես ինքդ քեզ ոչնչության վերածել, իսկ եթե ես կործանվեի, ինձ հետ կկործանվեր ողջ աշխարհը:
    - Լսի´ր, աշխարհը գոյություն ունի միայն այն պատճառով, որ դու այն ընկալում ես, ինչո՞ւ ուրեմն չկարծել, որ կործանումը Մեծ Քենիոնում է:
    - Փոքրիկը կարդացե՞լ է Սպինոզան:
    - Ոչ մի Սպինոզա էլ չգիտեմ, բայց գիտեմ…
    Հետո նա սկսեց խոսել իր անցած վշտերից, որոնք պարզվեց ավելի տխուր էին, քան իմ դարդերը: Եվ թե ինչպես նա բախվեց դրանց հետ, համբերեց և հաղթահարեց:
    Նրա ասածները արձագանքեցին ներսումս, բայց ես դանդաղ եմ մտածում, և, միաժամանակ, մտքովս անցավ, որ բնության կողմից տրված բոլոր ուժերից կենսասիրությունը երևի ամենաանհաղորդելին է: Այն օրերին, երբ եռանդը ծնունդ է առնում քո մեջ, ինքնըստինքյան ցանկություն է առաջանում դրանով կիսվել, սակայն առանց հաջողության, քանի որ ուրիշի կենսախնդությունը չի մարսվում: Այն կամ ունես, կամ չունես: Ինչպես առողջությունը և դարչնագույն աչքերը, ազնվությունը և բարությունը: Ես կարող էի խնդրել նրան, որ տա ինձ իր կենսասիրությունից՝ մի կտոր փաթեթավորելով դրանից և բացատրելով, թե ինչպես պետք է այն օգտագործել, բայց իմաստ չուներ: Թեկուզ և գալարվեի ինքս ինձ խղճալով, և մի ամբողջ ամիս սպասեի անկյունում ընկած: Եվ կարող էի միայն հեռանալ նրանից, զգուշությամբ, հեռու տանելով ինքս ինձ, ճաքած ափսեի պես, հեռանալ տխրության աշխարհը, որն ինձ համար տուն էր դարձել և հյուսված էր հին աշխարհի նյութերով: Եվ հեռանալով հիշեցնել իմ մասին. «Դուք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ’աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի»: Մատթէոս 5:13
                                                Անգլերենից թարգմանեցին Անի Հակոբյանը և Վահե Ղուկասյանը

Ստեղծագործություններ