Օսկար Ուայլդ. Կարդալ թե չկարդալ (էսսե)

oscar wilde
    Գրքերը իմ պատկերացմամբ կարելի է բաժանել երեք դասի.
    1. Գրքեր, որոնք արժի կարդալ, այդպիսիք են` Ցիցերոնի «Նամակները», Վազարիի «Նկարիչների կյանքի մասին»-ը, Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, Ջոն Մանդեվիլ, Մարկո Պոլո, Սուրբ Սիմոնի հուշագրությունները, Մոմզեն և, մինչ ավելի լավը կգտնենք, Գրոտայի «Հունաստանի պատմություն»-ը:
    2. Գրքեր, որ արժի վերընթերցել, օրինակ` Պլատոնի և Քիթսի գրքերը: Պոեզիայից արժի կարդալ վարպետներին և ոչ աշուղներին, իսկ փիլիսոփայությունից` մարգարեներին և ոչ գիտնականներին:
    3. Գրքեր, որ ընդհանրապես չարժի կարդալ, օրինակ` Թոմսոնի «Տարվա եղանակներ»-ը, Ռոջերսի «Իտալիա»-ն, Փեյլի «Վկայություններ»-ը, Սուրբ Օգոստինոսից բացի եկեղեցական հայրերի բոլոր ստեղծագործությունները, Ջոն Ստյուարտ Միլլի բոլոր գործերը, բացի ազատության մասին էսսեից, Վոլտերի բոլոր պիեսները առաց բացառության, Բաթլերի «Անալոգիա»-ն, Գրանտի «Արիստոտել»-ը, Հումայի «Անգլիան», Լյուիսի «Փիլիսոփայության պատմություն»-ը, տրամաբանական բոլոր գրքերը և նրանք, որոնք փորձում են ինչ-որ բան ապացուցել:
    Երրորդ դասն ամենից կարևորն է: Մարդկանց ասել` ինչ պետք է կարդալ, որպես կանոն, կա՛մ անօգուտ է, կա՛մ վտանգավոր, քանի որ գրականության արժևորումը խառնվածքի հարց է, և ոչ թե ուսուցանման, Պառնաս հասնելու համար դասագիրք պետք չէ, և ոչ մի գիտելիք էլ այստեղ պետք չի գա: Բայց մարդկանց պատմել, թե ինչ չարժի կարդալ, շատ տարբեր բան է, և ես համարձակվում եմ առաջարկել, որպեսզի այն ընդգրկվի համալսարանական ընդլայնված ծրագրում: 
    Վստահ եմ, դա միակ բանն է, որ մեր այս դարաշրջանում միանգամայն անհրաժեշտ է, մի դարաշրջան, որտեղ այնքան շատ են կարդում, որ ժամանակ չկա հիանալու և այնքան շատ գրում, որ ժամանակ չի մնում մտածելու: Ով էլ որ  ժամանակակից ուսումնական ծրագրի քաոսից ընտրի «Հարյուր ամենավատ գրքերը» և ցուցակ կազմի, երիտասարդ սերնդին իրական և տևական օգուտ տված կլինի:
    Այսպիսի տեսակետներ հայտնելուց հետո, ենթադրում եմ, որ չպետք է որևէ առաջարկ անեի «Հարյուր լավագույն գրքեր»-ի առնչությամբ, բայց, հույս ունեմ, թույլ կտաք ինձ զգալ անհետևողական լինելու հաճույքը, քանի որ իմ պարտքն եմ համարում տեր կանգնել այն գրքին, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել բարձրակարգ գնահատողների մեծ մասի աչքից, ովքեր նպաստել են ձեր ցուցակները կազմելուն: Նկատի ունեմ Հունական անթոլոգիան: Այս հավաքածուում ներառնված գեղեցիկ բանաստեղծությունները, ինձ թվում է, նույն դիրքն ունեն հունական դրամատուրգիայի հանդեպ, ինչ որ Տանագրայի նուրբ արձանիկները` Ֆիդիայի մարմարների համեմատությամբ, և հունական ոգին լիովին հասկանալու համար քիչ բան չեն նշանակում:
Ես նաև զարմացած եմ, որ շրջանցել են Էդգար Ալան Պոյին: Անշուշտ ռիթմիկ արտահայման հրաշալի վարպետը արժանի էր ինչ-որ տեղի:
Եթե նրան տեղ հատկացնելու համար, անհրաժեշտ լինի դուրս հանել մեկ ուրիշին, ես դուրս կթողնեի Սաութիին[1], և կարծում եմ, որ Բոդլերը կարող էր շահեկանորեն փոխարինել Քեբլին[2]:
Անկասկած, թե՛ «Քեհամայի անեծքում»[3] և թե՛ «Քրիստոնեական տոներում»[4] որոշ տեսակի բանաստեղծական որակներ կան, բայց գրականության ճաշակի բացարձակ ունիվերսալությունը վտանգավոր է: Ի վերջո, միայն ակցիոներներն են հիանում արվեստի բոլոր դպրոցներով:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը


[1] Ռոբերտ Սաութի (1774 – 1843), անգլիացի բանաստեղծ:
[2] Ջոն Քեբլ (1792 –1866), անգլիացի եկեղեցական, բանաստեղծ:
[3] The Curse of Kehama - Ռոբերտ Սութիի էպիկական պոեմի անվանումն է:
[4] The Christian Year - Ջոն Քեբլի բանաստեղծական շարքի անվանումն է:  

Ստեղծագործություններ