banksy-origami-street-art-1-537x387օրիգամի
(Տանյա Հովհաննիսյանի համար)


ա.
մատներիդ մանիկյուռի կարմիրի մեջ ճաքճքել էր կիրակին՝
հանգիստը՝ մարմնի, հոգու, մտքի,
ու ամեն մեկը իր ուղղությամբ լողում էր հոր տուն,
իսկ դու մենակ էիր ու խելառ,
իսկ դու չգտար հորդ տունը,
ընթերցում էիր մարմինների ուրվագծից պոկված
դեմքերը մարդկանց,
մինչ դեմքդ մնաց մատիտովդ խզբզած
ժպիտների մեջ անհասկանալի

սպիտակ վերնաշապիկով,
դու բակի ավազակույտերի մեջ թռչկոտող աղջնակն էիր
ու գիժը, որին զսպաշապիկը այնքան լավ սազեց

թղթե քաղաք թղթե մարդկանցով,
հոսող ջրին պատմած թղթե երազներ
ու գրպաններ` ճղճղված ու անփող…
…ոչինչ չի փոխվել, ամեն ինչ շարունակվում է

ինչպես գիտեիր
տեսար Աստծուն, որ թափ տվեց ձեռքը ու հեռացավ
ու ալկոհոլը խորթ մոր անտարբերությամբ շպրտեց քեզ փողոց,
շոյեց դատարկ որովայնդ ինչպես տղամարդու ձեռք՝
ստերոիդներից դուրս փքված երակներով

իսկ կանայք նորից սեր էին անում փափուկ բառերի անկողիններում,
ու խելագարի պես փախչում էին
չմխիթարող գիշերներից,
կծու ծամոնի պես չծամծմված՝
ինչպես սովորական կին,
ինչպես սովորական տղու բերանում

երբեք ձեռքդ թափ չտվիր ու չհեռացար,
և հենց դրա համար ճակատագիրդ այդքան դաժան
ատեց քեզ

բ.
կապույտ խելոք աչքերով,
բարակ նկարելու ձեռքերով,
երկու կլոր կրծքերով աղջիկ,
ու վառված թղթե ծաղիկների հետ
շրխկացիր դեմքերին՝ ինչպես ապտակ,
որ դանակ, պատառաքաղով հոթդոգ էին ուտում,
որ փակ էին ինչպես կոպ,
և անհաղորդ մեռելի պես

ու թղթե ծաղիկները ավելի բնական թույնով ճչացին,
սուր արմատները խրեցին մարմնի մեջ հողի,
հողը ցնցվեց,
ինչպես պատռված մկան,
ու մահն անգամ չզգացվեց քո մահով լուռ

տունդ սպասեց քեզ,
մոռացար, գնացիր թեթևասահ թեթևսոլիկ,
հետո վախից ցցցցցնցվեց, ցնցցցցցվեց,
և տանդ շեմին մոռացար
երկնքում մաշած ամպոտ կոշիկներդ
ու շորի պես հանած մարմինդ,
գնացիր

պարանից կախ մնացին
առավոտվա սպիտակ լվացքը,
դատարկ սպիտակ թղթերը,
սպիտակ քաղաքը,
որ քար ու փոշու պես պիտի թափվեիր նրանց վրա՝
կոպիտ
ու կոպիտ

25-րդ կադրի պես խարդախ ու արգելված օր,
որպես փնթի լափ շպրտված ափսեն կենսագրության
ու վեջին բանաստեղծությունից հետո շարունակվող աղջիկ՝
չստացված պոեզիայի ամենալավ տողի տակ ընդգծված,
չստացված պոեզիայի ամենալավ տողի մեջ
կծկված, սպասող ու սպասող,
որ փոքր, մեծ քաղաքի,
պուճուր ու մեծ մարդիկ՝
փոքր, մեծ ցույցերից հոգնած,
պուճուր ու մեծ մատները տողերի տակ սահեցնելով,
բառ առ բառ,
հնչյուն առ հնչյուն
կսրբեն փոշին, քարն ու հողը տողերի տակից
ու թավալգլոր կտան այնտեղ, ինչպես անկողիններում,
ու կսիրեն իրար, ու կդավաճանեն,
ու կսիրեն իրար, ու կդավաճանեն

Ստեղծագործություններ