Նահիդ Թաբաթաբայի «Մայրուղի»

NahidTabatabai

    Կինը ճիշտ ժամը ինն անց քսանհինգ րոպեին կանգնեց վեցհարկանի շենքի իր բնակարանի պատուհանի դեմ ու հայացքը հառեց ներքև: Ներքևում՝ Չահրբանդե մայրուղու վրա, հեղեղի պես՝ խայտաբղետ ու փոշոտ մեքենաներ էին անցնում: Արդեն ճիշտ երեք տարի ութ ամիս ինն օր էր, ինչ կինը ճիշտ ժամը ինն անց քսանհինգ րոպեին մոտենում էր լուսամուտին ու ինչքան կարողանում, կանգնում ու մեքենաներին էր նայում: Սկզբում երկու ժամից ավելի կանգնել չէր կարողանում: Ժամ ու քառորդից հետո ոտքերը ցավում էին: Բայց հիմա՝ երեք տարի ութ ամիս ինն օր հետո, կարողանում էր տասնչորս ժամ նույն տեղում կանգնել ու նայել դուրս: Որորշել էր գերազանցել իր սահմանած ռեկորդը:

    Չորս տարի ութ ամիս ու երկու օր առաջ հայրը մահացավ: Չորս տարի յոթ ամիս երեք օր առաջ վաճառվեց հայրական տունը: Չորս տարի հինգ ամիս ինն օր առաջ իր խնայած փողերով գնեց այս բնակարանն ու կյանքն առանց հայր, առանց ամուսին ու երեխա շարունակելու համար, տեղափոխվեց այստեղ:

    Սկզբում այս փոքր բնակարանն ու լայն մայրուղին տհաճ էին, իրականում մայրուղուց վախենում էր: Երբեք չէր հատում այն, անգամ երբ ստիպված էր երկու կիլոմետր քայլել: Տանը եղած ժամանակ ուզում էր բոլոր լուսամուտները ծածկել, ռադիոյի ձայնը այնքան բարձրացնել, որ իր կյանքի մեջ մայրուղուց ու մեքենաներից ոչ մի հետք չմնա: Բայց մեքենաները միայն աղմուկ ու պատկերներ չէին: Մեքենաները հոտ ունեին, ծուխ ունեին, նրանց շարժումից ոտքի տակ ցնցում էր զգում: Մեքենաները ժամանակի, օդի և ընթացի մեջ էին: Կինն այս ամենից փախչելու համար փախչում էր տնից: Գնումների պայուսակը ձեռքին, հեռանում էր մայրուղուց ինչքան հնարավոր էր: Այնքան էր քայլում, որ վերադարձին արդեն տանը նյարդայնանալու էներգիա չմնար, այնքան, որ մի բան ուտեր ու ընկներ մահճակալին: Սկզբում երբեմն էլ ազգակիցներին էր այցելում, հետո զգաց, որ ոչ ինքը նրանց հավեսն ունի, ոչ էլ նրանք` իրենը: Ամբողջ յոթ ամիս սա էր նրա առօրյան: Մի օր երբ արթնացավ, երկինք ու երկիր ծածկվել էին ձյունով: Սենյակի ջերմությունը նրա մոտ տանը մնալու ցանկություն առաջացրեց: Ձյունը մայրուղու աղմուկը կրճատել էր, մեքենաների ընթացքը դանդաղել, նմանվել էր սառցակալող գետի ջրին: Բայց կինը չհամբերեց, նորից գնումների պայուսակը վերցրեց, վերարկուն հագավ ու դուրս եկավ: Հազիվ մի քանի քայլ էր մնացել փողոցի վերջին, ձյան վրա ոտքը ոլորվեց, սահեց ու ընկավ: Աջ ձեռքը սարսափելի ցավեց: Դժվարությամբ ոտքի կանգնեց: Ձեռքն ահավոր ցավում էր, պայուսակը վերցրեց և փողոցի գլխի հանրային հեռախոսից զանգահարեց քրոջը: Մինչև քրոջ հասնելը տասնհինգ րոպե ձյան տակ նստեց մայթեզրի նստարանին ու միալար նվվաց ու նախատեց ինքն իրեն: Հիվանդանոցը մոտիկ էր, բայց նա վախենում էր: Ցավից ուշքն արդեն գնում էր, երբ քույրը վրա հասավ: Նրան տարան հիվանդանոց ու ձեռքը գիպս դրին: Անտանելի ցավեր էին, ջարդված ձեռքով տանը մենակ մնալու միտքը ցավերն ավելի էր սաստկացնում: Քույրն առաջարկեց, որ նա իրենց տանը մնա: Կինն ուզում էր գնալ. այդ ձեռքով տանը մենակ չէր պատկերացնում, բայց քրոջ տանը մնալու հավես չուներ, ցավի առկայությունն ու մենության նկատմամբ ատելությունն անգամ նրան չտարան քրոջ տուն:

    Քույրը նրան ստիպեց խոստանալ, որ մինչև ձնհալը տնից դուրս չի գա: Հավաստիացրեց, որ ամեն օր կգա ու գնումներ կանի:

    Հաջորդ առավոտ մի քիչ ուշ արթնացավ, նախաճաշեց, մի տաք շալ գցեց ուսերին ու կանգնեց լուսամուտի դեմ: Ներքևում՝ ավտոկանգառի կողքին, երկրորդ հարկի հարևանը փորձում էր անիվներին շղթա հագցնել, չէր հաջողում: Կինը փորձեց պատկերացնել, թե հարևանը ինչպես է հևում, ինչպիսի ուժ է գործադրում, և քթի ծայրն ինչպես է կարմրել: Փորձեց նույնիսկ կանգնած տեղից որսալ նրա քիթը: Աչքերը կկոցեց ու քիթը հպեց ապակուն, պատկերացրեց հարևանի քիթն ու ծիծաղը տարածվեց սենյակում: Ինքն իր ծիծաղի ձայնից ցնցվեց, ակամա նայեց շուրջբոլորը՝ ստուգելու՝ լսե՞լ էր ինչ-որ մեկը ծիծաղի ձայնը, թե ոչ: Իրեն ուղղված մի ճենապակյա արձանիկի հայացքից բացի ուրիշ հայացք չգտնելուց ծիծաղի ձայնն ավելի բարձրացավ, ձախ ձեռքով հարվածեց աջ ձեռքի գիպսին ու ցավ զգաց:

    Այդ օրը մինչև ճաշ նույն տեղում կանգնած նայեց դուրս: Նայեց ոտքերի թաթերի վրա շարժվող մարդկանց, սողացող ու օրորվող մեքենաներին, ձյան մեջ խրված, տանիքներին երկու թիզ ձյուն դրած մեքենաներին… Այս բոլորից նեղվեց, ծիծաղեց, ջղայնացավ ու երբ քաղցից սիրտը թուլացավ, նոր գլխի ընկավ, որ քանի ժամ է, ինչ կանգնած այնտեղ զբաղեցնում է ինքն իրեն: Ճաշը կերավ, քնելու համար պառկեց մահճակալին, տրամադրությունը բարձր էր, որոշեց երեկոյան ևս կանգնել լուսամուտի դեմ:

    Այդ օրն արևոտ էր, ձյունը հալչում էր, մայրուղին պատված էր ցեխաջրով: Նախաճաշը կերավ, գլխաշորը գցեց, հագնվեց, պայուսակը վերցրեց ու, ըստ սովորության, ուզեց տնից դուրս գալ: Դուռը բացվելուն պես տեսավ, որ հարևանը կողպեքն է բացում: Բարևեցին, ու հարևանն ասաց, թե Աստված վկա, մայրուղին ամբողջությամբ ջրով է լցվել և եթե արևը շարունակի այսպես տաքացնել, հավանաբար ջրհեղեղ կլինի: Կինը փոշմանեց, վերադարձավ տուն: Հագավ տնային խալաթն ու փռվեց մահճակալին: Վերցրեց սեղանին դրված պարբերականը, թերթեց. տրամադրություն չուներ: Հայացքը հառեց առաստաղին, միտքն ու սիրտը պղտորվում էին, վեր կացավ, մի բաժակ թեյ լցրեց ու մոտեցավ լուսամուտին:

    Այնտեղ` ներքևում, մայրուղով հոսող ջուրը գնալով բարձրանում էր: Մեքենաների անիվները չինական հսկա հովհարների պես ջուր էին շփում: Տղամարդիկ տաբատները վեր քշտած, չփչփալով քայլում էին, կանայք փոքր երեխաներին գրկած, թռչկոտում էին ցեխաջրերի վրայով: Ինչ-որ մեքենա արագ սուրաց ու ջրով ողողեց հետիոտներին: Այս անգամ ինքն իր ծիծաղի վրա չզարմացավ:

    Կնոջ կյանքն ամբողջովին փոխվեց: Առավոտյան ժամը ութին արթնանում էր, նախաճաշում, ճաշը դնում գազօջախին ու կանգնում լուսամուտի դեմ: Մի քանի անգամ փորձեց նստել, բայց նստած չէր կարողանում կենտրոնանալ, կանգնած բոլոր մեքենաները կարծես իր հսկողության տակ լինեին: Նայում էր մարդկանց, որոնք երբեմն մեքենաների արանքներից կտրում էին մայրուղու լայնքը, գիտեր, թե ինչ սարսափ էին ապրում նրանք և ուրախ էր, որ ինքը բավականին բարձր տեղում է կանգնած: Մինչև ետմիջօրեի ժամը մեկը լուսամուտից դուրս էր նայում և աչքերը փողոցից կտրում էր միայն այն պահերին, երբ հարկ էր լինում զբաղվել անհրաժեշտ գործերով, ինչպիսին օրինակ ճաշ եփելն էր: Ժամը մեկից մինչև չորսը փռվում էր մահճակալին կամ քնում էր: Գնումների համար ժամը չորսին դուրս էր գալիս և այնպես էր ծրագրում, որ երեկոյան ստիպված չլինի նորից անցնել մայրուղու ջրերի միջով: Այդքան մեքենաներ ու նրանց արագությունը տեսնելուց ինչ-որ հաճելի վախ էր համակում նրան: Վախ, որ նման էր տանուլ տված այն խաղամոլին, որն իր վերջին ունեցվածքն է հանել մեկ խաղաթղթի համար ու շահելու հավանականությունը մեկ տոկոսից ավելի չէ: Քիչ-քիչ կինը սիրահարվում էր մայրուղուն: Ներքևում մեծ թվով մարդիկ ու մեքենաներ էին ապրում: Գնում ու գալիս էին, և նա ի վիճակի էր վերևից հետևել այդ ամենին: Ոչ ոք, բացի նրանից, չէր կարող տեսնել այս բոլորը: Չանցած մի քանի ամիս նա արդեն կարողանում էր առավոտյան ժամը վեցից մինչև տասներկուսը և ճաշի ժամը մեկից մինչև երեկո կանգնել լուսամուտի դեմ: Առավոտյան ժամը վեցին դեռևս աղոտ արևը հազիվ էր լուսավորում մայրուղին: Մայրուղու մյուս կողմը դպրոց կար: Տեսնում էր, ինչպես է հավաքարարուհին բացում դռները, ջրջնկում դպրոցի շեմը, և հետո հատ ու կենտ մարդատար մեքենաներ էին հայտնվում: Ճիշտ վեցն անց կեսին դպրոցի վերակացուն իր մոխրագույն պիջակով ու սև պայուսակով հասնում էր դպրոցի դռանն ու սովորության համաձայն մինչև բակ մտնելը մեկ անգամ ևս հայացք էր գցում մայրուղուն:

    Շատ չանցած տան տիկինները իրենց կանաչ ու կարմիր զամբյուղներով գնում էին կանաչեղեն ու կաթ գնելու: Կաթի հերթը հետաքրքիր երևույթներից էր: Երբեմն տեսնում էր, թե ինչպես են երկու կին մի շիշ կաթի համար բռնում միմյանց միմյանց օձիքից:

    Հետո մուգ կապույտ համազգեստով ու գույնզգույն կոշիկներով դպրոցական երեխաներ էին հայտնվում: Բոլորին սիրում էր, շատ էր սիրում, այնպես, որ եթե որևէ մեկն ընկնում էր, զգում էր նրա ցավը: Որոշ երեխաներ քայլում էին մինչև դպրոց, ոմանք գալիս էին ծնողների մեքենաներով:

    Կինը վերևից տեավ, թե ինչպես մեքենայի մեջ ծնվեց երեխան, ինչպես ամուսինները կռվեցին, ինչպես մեկը գողացավ մի կնոջ պայուսակը:

Կինը կանգնում էր և տեսնում, որ ամռանը մեքենաները ավելի արագ են սլանում, կարծես փախչում են շոգից: Ձմռանը անձրևի տակ հանգիստ գալիս ու չարաճճիություն էին անում, սառույցի վրա սողում, երբեմն էլ մարդկանց համբերությունից հանելու համար դիտավորյալ մի անիվը փոսաջրի մեջ էին գցում: Երբեմն ոտները մի մաշիկի մեջ դնելով` տեղից չէին շարժվում, երբեմն հարվածում էին միմյանց, երբեմն պոչ էին խաղացնում: Մեքենաները ևս իգական ու արական ունեին, հարուստ ու աղքատ, ամաչկոտներն ու հպարտները կային, երբեմն հարս էին դառնում, հիվանդանում ու մահանում էին:

    Արդեն բոլոր հարևանների մեքենաները ճանաչում էր: Առաջին հարկի հարևանի Փեյքանը քրոջ պես էր` մաքուր, կարգին, բայց նվնվացող: Մյուսի Րենոն իր եղբոր տղայի նման էր` մանր ու սրտամոտ: Վեցերորդ հարկի հարևանի հին բենզը եղբոր պես էր՝ հաստատուն ու պատկառելի քայլվածք ուներ: Ծիծաղել էր ուզում, երբ հիշում էր, որ մյուս հարևանի կանաչ Տոյոտան նշաձև աչքերով ու բարակ շորերով հորաքրոջն էր հիշեցնում, այն Տոյոտան, որը, երբ ուզում էր մայրուղի մտնել, այնքան երկար էր սպասում, որ իրեն համբերությունից հանում էր:

    Մի օր փողոցը դիտելիս նկատեց մի երեխայի, որի վզին հեռադիտակ կար: Սա հենց այն էր, ինչի կարիքն ինքը զգում էր: Հիշում էր, որ հանգուցյալ եղբայրը մի լավ հեռադիտակ է ժառանգություն թողել: Քրոջը խնդրեց այդ հեռադիտակն իրեն տալ: Քույրը, մտածելով, թե նա ուզում է այն պահել որպես եղբորից մնացած հիշատակ, չմերժեց: Հիմա նա օրը տասներկու ժամ շարունակ լուսամուտի մոտ կանգնում, ամեն ինչ հսկողության տակ էր առնում, զգում էր, որ տիրապետում է ամեն ինչին:

    Նա արդեն մայրուղու բոլոր գաղտնիքները գիտեր: Գիտեր՝ որ մեքենան է հյուր գնում, որը հիմնարկ, իսկ հիվանդանոցի բակում կանգնած մեքենաներից՝ որը ծնունդ ունի, որը վիրահատման հիվանդ, նա անգամ գիտեր՝ որ մեքենայի հիվանդը հիվանդանոցից տուն չի վերադառնա: Շտապօգնության մեքենաները, ծառայողների ու բժիշկների մեքենաները -բոլորը ճանաչում էր:

    Մեկ տարի երեք ամիս հետո նա մայրուղին այնպես ճանաչեց, որ կարող էր մեքենաներին հրամայել, թե ուր գնան: Եթե ինչ-որ մեքենայի ասում էր՝ գնա հիվանդանոց, ուրեմն այդ մեքենայում հիվանդանոցում տեղափոխելու հիվանդ կար: Եթե որևէ մեքենայի ասում էր ծակվիր, տաս-տասնհինգ մետր վարելուց հետո անպայման ծակվում էր:

    Հազվադեպ էր պատահում, երբ որևէ մեքենա խուսափեր նրա հրամանից, այդ դեպքում կինը նրան կանիծեր ու առավելագույնս մեկ ժամից ինչ-որ տեղ այն վթարի կենթարկվեր: Սա անխուսափելի էր:

    Մի օր երեկոյան վերևից տեսավ, թե ինչպես մի տաքսի հարվածեց ու մի կողմ շպրտեց մայրուղին անցնող մի ծեր կնոջ: Վարորդն իջավ, պառավին վերցրեց, տեղավորեց ետևի նստարանին ու մեծ արագությամբ պտտվեց հիվանդանոցի կողմը: Կինը, ականատես լինելով այս տեսարանին, պարզեց նաև վերջին գաղտնիքը՝ մահը մայրուղու վրա: Դրանից հետո ավելի մեծ խաղաղություն իջավ վրան, ու սերը մայրուղու հանդեպ խորացավ: Հիմա նա կարող էր տասնչորս ժամ շարունակ կանգնել լուսամուտի մոտ:

    Եթե այդ կողմերից անցնելու լինեք, քաղցկեղի հիվանդանոցին չհասած մեքենայի լուսամուտից նայեք բնակելի հարկաբաժիններին, անպայման նրան կտեսնեք լուսամուտի մոտ կանգնած, եթե նրան կարողանք հրապուրել, անպայման ձեռքը կթափահարի:

                                                                          Պարսկերենից թարգմանեց Խորեն Արամունին

Ստեղծագործություններ