Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ

Mher Arshakyan







Դավաճանի և հերոսի թեման
Առաջին անգամ նա ժպտաց մարտի 1-ին,
ըստ պատմաբանների, զորամասում սեղմել էին նրա ձեռքը,
հետո խփել ուսին՝ հիմա կամ երբեք,
նախկին դասղեկը պատմում է՝ աչքերում
խավար կար, նստում էր աղջիկներից հեռու,
ծանոթ բանաստեղծը չի ստի՝
շարքերում անեկդոտ էին պատմում,
քահանան կլրացնի ոստիկանության ամփոփագրերում՝
ձեռքը ձգանի վրա էր, սիրտն Աստծուն էր լսում,
ամբոխից մեկը տխուր կավելացնի՝
հրաշալի հրձիգ էր, երկու հոգու
փռեց գետնին փակ աչքերով...
Մնացածն, ինչպես հեքիաթում՝
նախորդ օրը գրկել էր մորը, քրոջը,
երազում տեսել էր ծառից ծիկրակող մառախուղ,
որն աչքերի մեջ գծում է մինուճար Հայրենիքի
անզորությունը,
և փակ աչքերով, անկասկած փակ աչքերով
վայելել էր զորամասի հրամանատարի
քաջալերանքը՝ զինվոր, քու մերը...
Տղաների համար նա օրինակ էր...
Եվ միայն մայրը գերեզմանոցում կվերծանի որդուն՝
նա ժպտացել էր փակ աչքերով
և դադարել ժպտալ...
Մինչև թիկունքից կհասներ
բաց աչքերով միակ փամփուշտը...
 
* * *
Ահա հողը՝
բոլոր անդունդների տարողությամբ,
փոքրիկ թրթուրների մազանոթներով վազող
նախկին մի մահվան վրա, որի
առաձգականությունն է ննջում մոտեցող
բահերին:
Ահա թրթուրները՝
վերջապես ծառերից իջած...
Անկումը հրավերք է
ավելի խորը չիջնելու,
և սպասումն անկման
միայն երկնքի հերթական գույնն է՝
կուտակվող որպես առաջին դարձ:
Ահա բահերը՝
վերջապես ծառը անվանած,
բնազդով անապատների ու անհայելի
ջրերի շեղբով,
լուռ կուտակվում են
մահարձան փառքի հաջորդ օրվա շուրջ՝
սրբագործելով տարածությունը:
Ահա ծառը՝
թրթուրների մասին աղոտ հիշողությամբ...
Վերևում երկինքը՝ Տիեզերքից եկող...
Հողը անդունդ դառնալու հոգնած առավելությամբ
սեղմվում է
բահերի մեջ...
Ի դեպ՝ ահա Տիեզերքը՝
Աստծո միակ կիսադեմով...

Էպիտաֆիա
Երթ-
երգից է ելքը,
երբարկած ընկերքի
դերերը երկինք են հերկում-
 ընդ երկիր:
 
...երբ
տարերքը՝ ներքին,
և կրակահերթը՝ ներքուստ
քներակ, մերկ մի կին
դեռ՝ կույս,
 
երեկ
ալեհեր այսկողմերի՝
գեշերին պարտվեց-ձմեռը,
ուր պտղերից բերրի
ես եմ մեռել...
               31.01.2013
 
* * *
Սիրտը դրկից մայրամուտին,
աշնան խնամք տեսած բառեր,
երկու աշխարհ այս կողմ մտիր,
տես, Կայենը գույն է բռնել:
 
«Կյանքն ապրելու բան չէ»,- ասաց
ասացողը ապրեցնողին,
ու մի սև քուն ժանտահալած
երազի մեջ տեսավ մոխիր:
 
Կիսատ անուն կիսատ եղբոր
կիսատ մահվան կիսատ վճիռ
տեսավ, տեսավ ելքը ծեփող
հույժ ընդառաջ եկող ողջի:
 
Լուսաբացի հաջորդ պահին
տեսավ ձյունը ճեփ-գառնարյուն,
կիսատ եղբոր միակ մահը
տեսանվանած մյուս աշխարհում:
 
Որտեղ սիրտը վճիռ չունի՝
թաթախվելու բառերի մեջ,
որտեղ ելքը մի հնչյունի
առասպելն է արարչամերձ:
 
Որտեղ մի կյանք պակաս եղած
երկու երազ դարձան հասցե,
որտեղ խաղն է վխտում մեղաց՝
չտեսնըված անմիզանսցեն:

* * *
Նոր մարդ չկա,
փընթփընթոցն է մեկի ողջը,
ո՞ւմ դեռ սերն ենք կրկնում աստեղց,
հույզն՝ ո՞ւմ,
աղավաղված այստեղ գրքի
միակ տողը
հիմա արդեն հայելի է ուզում:
Հնի մարդը գուցե
խորամանկում է
կիրք,
փնփնթոցի լուռը՝
սոսկ արյան եռք,
տիեզերադարձի
այս կողմերում ձիգ
հաջորդ գիրք է դառնում
մի մահ, մի ելք:
                4.03.2013 

Ստեղծագործություններ