Սլավիկ Չիլոյան

«Մենք մարդ ենք եղել» գրքից

Slavik-ChiloyanՊՈԵՏ ԷԻՆ ՆՐԱՆՔ
Պոետ էին նրանք.
անտառից փախած
արջերի նման
վայրի ոռնոցով
ու մռլտոցով
խուժեցին քաղաք,
հաստափոր ու կիրթ
մարդիկ խլացան,
տիկիններ կորան
այդ օրն աշխարհից.
պոետ էին նրանք:
 
Պոետ էին նրանք.
բամբասող ու չար
շների նման
հաչում էին այստեղ,
հաչում էին այնտեղ,
հաչում ամենուր
մի հոտած մսի
պատառի համար,
նույնիսկ այն պահին,
երբ առիթ չկար.
պոետ էին նրանք:
 
Պոետ էին նրանք.
ոչխարների պես
անմահ Հիսուսի
գայլի փարախում
նրանք ծնվեցին,
վերջին մայոցով
լուռ հոշոտվեցին,
պոետ էին նրանք:
 
Պոետ էին նրանք.
ամեն գիրկ ընկնող
պոռնկուհու պես
ընկնում էին, ելնում
շրթներին ժպիտ,
ջրում ցոլացող
փրփուրների պես,
իսկ մենակ պահին
լացում էին խեղճ,
լացում էին լուռ
Մագթաղինացու
աչքերով տխուր.
պոետ էին նրանք:
 
* * *
Եվ նա ուզեց երգել
ու սկսեց երգել.
նա երբեք չէր երգել,
երգեց.
երգեց իր ինչ-որ ժամանակ տեսած
թուխ կնոջ հրապույրը,
երգեց այն ժամանակները,
որ հին էին,
երգեց նրանց կորցնելու երգը.
նա կերգեր այսպես անընդհատ,
բայց այդ երգը հիմա այնքան
հեռացվել է, մոռացվել,
որ ամեն երգ երգելուց
նորից նույնն է երգվում,
երգվում է երկար ու տարտամ,
ինչպես անցած դարերը բոլոր.
իսկ հիմա այդ երգը
հին մի երգ է մնացել:
 
ՍԻՐԵՑՅԱԼՆ ԱՍՏԾՈ
ՎԱՂԱՄԵՌԻԿ Է
                                    Էլի, էլի, Լա՞մա սաբաքթանի:
                                                   ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
30 տարի հաց եմ կերել,
այսինքն՝ իմ մարմինը.
30 տարի մարդ փրկեցի,
այսինքն՝ ինձ.
ինձ փրկելն էլ քիչ բան չէր:
Եթե ոչ դիմացից,
այլ կողքից նայենք,
ա՛յ, այդպես կողքից՝
կողքից մի աչքիս
հազիվ կիսու-կեսն է երևում,
որով ապրել եմ
30 տարիմ
նայելով
իմ թափված-թուլացած թևերին:
 
ԵՎԱՅԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԽՆՁՈՐԸ
Երեխայի նման
քառասուն տարեկան կինը
որին դիպչում ես
գեղեցկության համար
կանգնել է մրգերի առաջ
մատը բերանին
և թուքն է կուլ տալիս
որովհետև մոռացել է
որ մրգերը հոտում են նաև
իսկ իր գեղեցկությունը
փչանում է
մրգերին
երկար նայելուց
իսկ կինը
իր գեղեցկության հաշվին
շարունակում է նայել մրգերին
մինչև որ վաճառողը
վռնդում է նրան
չնկատելով
որ կնոջ գեղեցկությունից է
որ մինչև օրս
չեն հոտել իր մրգերը
 
* * *
Տղան ընդամենը ութ տարեկան էր,
տղան ընդամենը բլուզ ուներ ու մի շալվար
և երկու խոշոր, վախվորած աչքեր.
իսկ այդ աչքերով
(որոնք սիրել էին իր ուսուցչուհին)
ուսուցչուհուն էր միայն տեսել,
որը պինդ կին էր,
առողջ թոքերով ու լիքը կրծքով:
Այդ ութ տարեկանը
որն հաց էր կերել քսաներկու տարի,
վիճաբանության ժամանակ սիրո
ասաց, որ ինքը սիրել է միայն
իր ուսուցչուհուն
և միայն նրան:
Ու ելավ գնաց,
դժվար չէր՝ գտավ,
փաթաթվեց նրան:
Ու էլ ոչ մի խոսք:
Այդպես էլ գիտեի,- մեղավորի պես
                                          քրթմնջաց կինը,-
որ դու պիտի գայիր:
Ու տղան, որը եղել էր ութը տարեկան
և ընդամենը ունեցել մի բլուզ, մի շալվար
և երկու խոշոր, վախվորած աչքեր,
ներս մտավ դանդաղ ավերակը այդ…
 
 
ՋՈՒՐ
Ջուր,
որ այնքան կոպիտ ես ու պարզ,
ինչպես ոչ ես,
ոչ էլ նախադռանը
դատապարտված Ադամ:
Դու դի
բոլոր դիերից էլ առաջ:
Ջուր,
դու եղել ես դրախտ,
նրա պես թանկ ու էժան,
ամեն ինչ,
առանց որի
չէինք գրի. բայց քո մասին
հենց նոր հիշեցի:
Ջուր,
դու այնքան ես իջել,
որ ամեն մի մոր փորից ելած,
որ կոչվում է բանաստեղծ,
անարգում է քեզ
և ասում,
թե՝ ջուր է:
Բայց, Ջուր,
իմ եղբայր,
ես ուզում եմ
քո շիրմին կանգնեցնել
բոլոր ստինքները դարերի,
աղոթել ու ասել.
իմ եղբայր Ջուրն է,
որ հանգչի
աստ հավետ:
 
ԵՍ
Ես էլ
եկա ու տեսա
1966 թվական,
գարուն,
մայիս:
 
* * *
Կինը,
այդ խոնջը,
ոչնչացել էր:
Ու նստել էր նա՝
      մարդը,
   մենակ,
կանգնել էր մենակ,
չէր տխրել գոնե, որ թեթևանար.
ո՞ւմ հետ էլ, էլ ո՞ւմ:
Մենակ էր մարդը,
ոչ տխուր,
ոչ ուրախ.
հենց այնպես
ինչպես մարդը:
Կինը չկար:
Վերացել էր աշխարհից կինը,
վերացել էր աշխարհի կեսը.
հիմա
կիսագունդ երկրի վրա
քայլում էր մարդը
ու հիշում,
որ կին եղել է մի ժամանակ,
եղել է,
ինչպես աչքերն իր զույգ,
ինչպես արյունն իր շրջանառու…
Եղել է գիշեր,
առանց որի
գիշերը հեչ էր:
Եղել է…
բայց ոչինչ,
բոլորը մի կողմ,
իսկ կինը չկար:
Ու մարդը
հենել էր ձեռքին այտը
և արցունքների տեղ
կին էր արտասվում…
Խմում էր նրան
          հիշողությամբ
ու զգում, որ կինը
գինի է դարձել,
որ կինը՝ օղի,
որ կինն ամեն ինչ,
բայց ոչ կին.
իսկ կինը չկար:
Ու մելանխոլիկ նա խմեց գինին,
նա խմեց օղին,
ամեն ինչը,
ու կինը չկար:
Բայց չէ՞ որ մեկ անգամ
տեսել էր նրան՝
          կնոջը.
այնքան չէր ուզում
ոչ ոք բարկանա.
չնայած, այս մոխիրը՝ երկրագունդը…
էլ չի վերադառնա,
տարել են կնոջը:
Մարդը վեր կացավ,
վառեց մի բան,
նայեց.
ամեն ինչ տեղն էր,
և ինքը, և բոլորը.
իսկ կինը չկար…
 
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱԶԱՐ ԽԵԼՈՔ ՀԱՆԵՑԻՆ
ԳԺԻ ԾՈՎԸ ԳՑԱԾ ՔԱՐԸ
(Լեգենդար լեգենդ)
 
Մի գիժ քարը գցեց ծովը
հազար խելոք հավաքվեցին
չկարողացան հանել
հազար խելոք քարը գցին ծովը
գիժը սուզվեց ու դուրս բերեց այն
բայց հազար խելոքները
գլուխներն օրորեցին
թե մեր քարը չի դա
դա քո գցած քարն է
մերն ուրիշ էր
գիժը ծիծաղեց ու նորից սուզվեց
և այս անգամ հանեց
իր գցած քարը
խելոքներն ուրախ ճիչ արձակեցին
այ դա է որ կա
գիժն հանձնեց քարը
և այդ օրվանից տխրեց…
Բայց դրանից հետո
երբ մեկ-մեկ հիշում էր
խելոքների քարը
ծիծաղում էր անվերջ
ու մենակ
որովհետև
դա պատմելու բան չէ:
 
* * *
Իմ արցունքների համար
դու պատասխանատու ես
չէ որ հարյուր անգամ կրկնեցիր
թե անպայման
կտանես
ինչ-որ տեղ կթաղես իմ արցունքները
բայց չէ որ
ես քեզ հարյուր անգամ կրկնեցի
թե իմ արցունքները
ոչ մի տեղ
չեն թաղվի
 
ԺԱՄԱՆԱԿԸ
                 Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին
                 իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ կպաշտպանվեմ:
                                                                                             ԱՊՈԼՈՆ
Բա որ ինձ տեսնեիք
այն ժամանակ,
երբ ես խնդում էի:
 
ԱՅ ԴՈՒ ԶՈՐԱՆԱՍ, ՍԱՆՉՈ,
ԱՅ ԴՈՒ ԶՈՐԱՆԱՍ,
ՎԱՐԺԱՊԵՏԱՑ ՍԱՆՉՈ
 
Աաաաաաաաաաաաա.
այսպես սկսվեց իմ ծանոթությունը.
կրկնվեց մի քանի անգամ,
իսկ այն սառը օտարականը
մի քանի անգամ
կրկնեց Ա-ն
ու ասաց,
որ հաստատ Ա-ն ձայնավոր է.
բացի դրանից
կամ դրանից չէ՞ր,
որ Ամերիկան հայտնաբերեցին,
իսկ Ալյասկան էլ գնաց Ամերիկայի մոտ.
էլ Ադամի մասին չեմ խոսում:
Այսպես հիմնավորում էր սառը օտարականը,
մեկ էլ դիմացի պատուհանից
պատերազմ սկսվեց
ու այդ առաջին տառի տերը
գնաց-մեռավ պատերազմում,
չմոռանալով,
որ առաջին ձայնավորը Ա-ն է,
Ա-ն Ամերիկա է,
Ա-ն Ալյասկա է,
Ա-ն Ադամ է,
Ա-ն Ա է. Աաաաաաաաաա:
 
* * *
Շներ,
թափառական, տանից վռնդված շներ
և այլ կենդանիներ.
մենք ձեր քայլող հուշերն ենք
պտտվող մագաղաթի վրա…
 
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
Երեք մետաղյա ձող,
կլոր սեղան
ու գարեջուր.
ցուրտ է,
կում-կում ենք խմում,
բան չենք հասկանում:
Այդպես մի անգամ:
 
ԿԱՊԻԿՆԵՐԸ ՇԱՏԱԿԵՐ ԵՆ,
ՄԱՐԴԻԿ՝ ՇԱՏԱԽՈՍ
Զինվորական էր նա
և զինվորական էր աշխարհը.
գեղեցիկ էր նա ու զինվորական
գեղեցիկ էր աշխարհը զորքի պես:
Գեղեցիկ էր նա,
բայց դա
նա ավելի քիչ գիտեր,
քան հրամայելը:
Պատերազմ չկար,
իսկ զինվորները էլի զինվորներ էին:
Մի օր էլ նրանք
և նրանց հետ գեղեցիկ զինվորականը
փոխեցին զինվորական կոշիկ ու զգեստ
ու իջան քաղաք:
Տեսան նրան,
գեղեցիկ, հրամայող զինվորականին.
առանց նրա խոսքը հարցնելու
տարան ու նկարահանեցին:
Նկարահանեցին
որպես մի թշվառ,
սենտիմենտալ սիրահար.
հետո հարբեցող կնամոլ 
նկարահանեցին
ու ստիպեցին, որ առանց խմելու
հարբի:
Նկարահանեցին որպես գող,
որ բարձրանում է ինչ-որ շենքի
վեցերորդ հարկ.
հարյուր անգամ նրան
գող դարձրեցին,
մագլցելուց ձեռքերն արյունլվա
հարյուր անգամ նկարահանեցին:
Այս բոլորից հետո նա էլ ոչինչ չէր հասկանում,
իսկ նկարահանողները ուրախացան՝
գտնելով,
որ նա ճիշտ է ու նման,
որ էլ ոչինչ չի հասկանում
ու նրան այդպես
չհասկացող
նկարահանեցին:
Հետո նրան արջ նկարահանեցին,
և քանի որ արջ էր դարձել,
այն էլ էգ արջ՝
ձագեր ունեցավ:
Եվ այսպես ամեն ինչ տոթ էր,
օդը քիչ.
կորցրեց նա լույսն ու մութը,
տարիները նրա համար
հետզհետե թանձրացող
մշուներ դարձան,
որոնց հետևից աղոտ
նշմարվում էին
իր ընկեր զինվորները:
Մի օր էլ նրան
արբանյակ նկարահանեցին
ու թռավ-գնաց
գեղեցիկ,
հրամայող
զինվորականը…
 
ՄԵԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԱ ԵՎ
ՄԵԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ.
ՄՆԱՑԱԾԸ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է ԴՐԱ
Միայն աչքերդ բավական չեն
քո թևերն էլ եմ ուզում
հենց այդպես
առանց թռչելու կարողության
և հենց երկուսը 
այնպես ինչպես կան.
և քո մատներն եմ ուզում
ճիշդ այդպես
հենց տասը.
և ճիշտ է որ դու
հենց այդպես ես սիրվում:
 
ԿԻՐԱԿԻ ՕՐԸ
ես այնքան կուզեի 
մարդկության այս լրջության քողը
հանել հագից,
լվանալ երկար.
հետո,
որպես մի սպիտակ խալաթ
մանկապարտեզի փոքրիկ աղջկա`
հագցնել նրան.
ու թող որ
թռվռար իմ շուրջը
այս մարդկությունը`
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
սպիտակ խալաթով...
 
* * *
Բանաստեղծները
մուկ են
որոնք
մարդկանց կորցրած ոսկին
իրենց բույնն են քաշում
և հետո
մեկիկ-մեկիկ հանում
շարում են
իրենց բնի առաջ
ու ժիր ճստվստոցով
անմեղ հիանում
ոսկին գտնելու
ուրախությունից
խելքները թռցրած
անմեղ մկներին են
հաճախ տրորում
դրա համար
մկները վաղուց
էլ չեն հիանում
և իրենց բների
մթության մեջ են
գտած ոսկիները
խորունկ թաքցնում
 
ՓՈՂՈՑԻ ՇՆԵՐԸ ՄԻՇՏ
ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ
Այնպես խաղաղ էր դրսում,
այնքան ցուրտ,
որ ոռնում էր մի շուն:
Մոտեցա նրան ու հարցրի.
շուն,
ի՞նչ կա աշխարհում.
ոչինչ, ասաց նա,
տաք տեղ եմ փնտրում:

ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՆՔ
Թե մեկն հրաշքով
այլ մոլորակից
մի օր իջներ ցած
ու հարցներ մեզ,
թե ինչ ենք արել,
թե ինչ ենք տվել
կամ ինչ է ծնել
երկրագունդը մեր
իր հսկա փորից,
կասենք՝ մենք մարդ ենք եղել,
ինչ արած,
 այդպես ենք ծնվել:
- Իսկ դո՞ւք:
 
 
ՎԱԼՍ
                Пора, пора, душевных мук
                Не стоит мир, оставим заблужденье.
                                              Александр Пушкин
Օխ, հեռավոր աղջիկ Ժասմեն,
գնացքի պատուհաններից պես ես քեզ տեսա,
ծովի փրփուրների պարի պես.
կանաչ դաշտերի վրա կախված օդի
ու իմ աչքերի պես քեզ նկարեցի
և այդ նկարդ
ես սպիտակ-սպիտակ շորով
ծոցիցս հանեցի
ու այս աշխարհում քեզ հետ
բոլորի աչքի առաջ
ես էլ այդպես ապրեցի,
բոլորի աչքը
երկրագունդ դարձրի
ու նրա վրա
քեզ թույլ գրկած
մունջ պտտվեցի...
 
ԱՐԳԵԼՔ
Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ,
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին,
որոնց չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված.
ու մեր համբույրը
դատարան տարան:
 
 
ՉԵ, ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
                        Մի մեռիր, տեր իմ:
                              ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱ
Արտաքսեք, մարդիկ,
ինձ երկրագնդից
արտաքսեք:
Երկրագնդից խոշոր
երկու արցունքներ
ծանր գլորվում են
իմ զույգ աչքերից:
Արտաքսեք, մարդիկ,
ինձ երկրագնդից՝
ձեր մոլորակից,
ծեր մոլորակից:
 
RONDO
Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
               գլխի
                       գլխի
                                գլխիկոր
Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
               գլխի
                       գլխի
                                գլխիկոր
Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
               գլխի
                       գլխի
                                գլխիկոր
 

* * *
 
Դու լաց մի լինի,
ճամփա եմ ելել,
ես տեղ եմ գնում
մի քանի օրով.
դու լաց մի լինի,
ես ետ կդառնամ
նույն ճանապարհով
ու երբ կծագի
արև քեզ համար,
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
արևի տեսքով.
իսկ երբ լուռ կընկնի
խաղաղ երեկոն,
ու դուրս կլողա
երկրի այն կողմից
մահիկը լուսնի`
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
լուսնյակի տեսքով.
դու լաց մի լինի,
երբեք մի տխրի,
ինչպես տեսնում ես
քեզ մոտ եմ ես միշտ:
 
* * *
Շնչառությունդ գրկել է ինձ տաք
ու գոլորշի էր հավաքում դեմքիս
լցվում աչքերս
այն ակոսները
որ տարիներն էին վարել իմ դեմքին
դանդաղ սահելով
շնչառությունդ
ջրում էին ակոս
իմ կնճիռները
բերք ստանալու ակնկալությամբ
այսպես ողջ գիշեր
իսկ առավոտյան
զարմանքից սառավ շնչառությունդ
աչքերիս վրա
կախվեցին երկար սառույցների պես արտասուքներս

Ստեղծագործություններ