Lusine-Yeghyan-magma
    Սիրով ընթերցողին ենք ներկայացնում Լուսինե Եղյանի բանաստեղծությունների նոր շարքը: Կայքում կարող եք ընթերցել նաև նրա էսսեները՝ «Գրավիտացիոն բառ», «Մատերիայի և գիտակցության արանքում», «Անշարժ ձայն», ինչպես նաև նախորդ բանաստեղծական շարքերը


  *

դու ծովի գույնն ես, իմ ներսի ամենաերկար բանաստեղծությունը,
և էնքան ներդաշնակ է փողոցում քայլող մեր ոնտաձայների մենակությունը,
երբ թարթիչներիս քսվող քնքշանքը կադր առ կադր մերկացնում է ինձ,
ու դանակի շեղբը անցավ մխրճվում է շուրթերիս մեջ,
ես արնոտված ծնկներով,առանց կողմնացույցի վազում եմ քո ետևից,
հավատալով, որ եթե կանգնենք բաց երակի վրա դու կդադարես ծերանալ,
ու մեր սերը՝ որպես համաճարակի միակ դեղորայք կհորդա բոլոր ակնունքներից,
ու սերը՝ իբրև փոքր հաղթանակ, կբացի իր թևերը կլանելու կապույտը…

ես այնքան երկար եմ քայլել անապատում աճող կակտուսների կողքով,
որ հիմա բարձրացնում եմ գլուխս, որպեսզի զգամ քո դիմագծերի մեկօրյա փոփոխությունը,
որպեսզի ոսկորներիս մեջ արմատացած կարոտը չսպանի այս վայրկյանը,
ու մենզանից չմնա մի քանի թաց տող սեղանի վրա շպրտած՝ միայնակ ու հուսահատ,
որդերը՝ ձյունոտ ոտնաթաթերով կքայլեն մեր լքած մարմինների վրայով,
ու մահվան բույրը ամենակարճ տողը կլինի բաժանումը կոծկելու համար…

և կրկին ու կրկին մեղանչել քեզ հետ՝ մագլցելով օվկիանոսի սառած կրունկները,
ու հարբել այնքան, որ կարողանամ չզգալ աչքերիս մեջ լցված ցավի ողորկ շերտը, որը դու ես,
այս անիծյալ լքումը, որ սերտաճում է արյանս մեջ ու հոսում սենյակի պատուհանից,

ես էն նավերի գույն եմ, որոնք նավարկությունից առաջ ռմբակոծվեցին,
ինձանից մի քանի քայլ վերև թռչունների փոքր երամը սահուն սուզվում է կապույտի մեջ,
իսկ ես պառկել էի թաց քարերի վրա
ու մտածում էի օվկիանոսում եղած լռության մասին,
որովհետև ես շատ թույլ եմ, քեզ այսքան շուտ սպանելու համար,
և շատ փխրուն ձեռքերիդ կոշտությունը չզգալու համար

*
մի սպանիր ինձ. ես ցավին ամենամոտ կանգնած լռությունն եմ,
ես վախենում եմ. դու կարողանում ես զգալ ձեռքերիս մեջ սառած մագման,
երեկ, երբ վառում էիր արցունքներս ու տանիքից գարեջրի շշեր ներքև շպրտում,
ու թվում էր՝ հողը միակ խարիսխն է, որը կարող է փոշիացնել մեր մեջ կառուցվող քաղաքը,
ես նստել էի հիվանդասենյակի պատի տակ ու խաղում էի լուցկու տուփերի հետ,
հետո դիտավորյալ վառում ձեռքիս ափը,
որպեսզի չվնասեմ կարոտը՝ քեզ փոքր քաղաքում կորցնելու, հետո նորից գտնելու
նույն դեղին վերնաշապիկով՝ մինչև վերջին կոճակը կոճկած,
ինքնվստահ քայլվածքով, իբր դու կարողանում ես կառավարել մեզ դեֆորմացնող ցավը,
ու էլի նույն ձանձրալի պատմությունը, որ իմ տարիքում սիրահարված ես եղել ինչ-որ աղջկա,
որն ի ծնե կարմիր ու ահավոր գայթակղիչ մազեր է ունեցել,
որ հույս ունես, որ մի օր մետրոյում կհանդիպենք ու ինձանից կխոսեք,
որովհետև ես ամենամոտ դուռն եմ տառապանքը հետ տանելու համար,
ու միակ թիվը, որ չօգտագործվեց ոչ մի բանաձևում, ու մնաց միայնակ տետրի վերջին էջում

ես սկսում եմ սիրել այն նավերը, որոնք փտում են նավամատույցներում,
նրանք այն ծովն են, որի մասին քնելուց առաջ երբեք չեմ մտածել,
որովհետև երբ ածելիով պատռեցի ծովը քեզ գտնելու համար,
Մովսեսը դեռ շարունակում էր փրկել իր ժողովրդին,
իսկ ես գլուխս դրել էի անձրևաջրին
ու երազում էի մանրանալ,
լուծվել քո մեջ, չլինել…

որովհետև երբ քեզ փնտրեմ ու չգտնեմ իմ մեջ մեռած ձկներ կթպրտան ,
երևի ջուրը ամենահարմար վայրը կլինի առանց քեզ խեղդվելու,
հետո սպիտակ միջանցքով քստքստացնելով մաշելու մեր սերը՝
սուզվելով շնչառությանդ մեջ ու ծածուկ անհետանալու,

դու իմ ներսի ամենազիլ տողն ես,
ուրեմն թույլ տուր լցնել քեզ արյանս մեջ
ու լինել երջանիկ, մինչև հաջորդ հանդիպում

  *
թույլ տուր բյուրեղանալ քո մեջ, ինչպես քաղաքում աճող լեռ,
ու չտեսնել ցավը, որ ճյուղավորում է մեզանից դուրս ու քայքայում սերը,
որ կառուցում ենք անփութորեն՝ հաշվի չառնելով սեղմվածությունը մեր ստվերների,
փողոցում լցվող տիղմը, որն անգթորեն տարածում է կարոտը միասին մեռնելու,
կնոջ ծերացող աչքերը, որն ինձ անընդհատ մոռանում է դատարկ ըթերցասրահում,
մետրոյի ռելսերի տակ, հայրիկի գլխացավի մեջ….

ես գլուխս դրեցի ուսիդ՝ ատրճանակը դանդաղ մոտենցնելով քունքիս,
վստահ լինելով, որ եթե խտանամ քո մեջ կսկսվի ճանապարհորդությունը,
որից փախչում ենք շարունակ՝ թողնելով, որ ջրիմուռները փաթաթվեն մեր ոտքերին
ու ջուրը երբեք այնքան թափացիկ չեղավ, որպեսզի հեռացումը չկարծրանար կոպերիս մեջ,
ախր, դու հենց այն տարածությունն ես, որտեղ ցանկանում եմ լցվել,
հասկանակով, որ գուցե ես միակ մոլորակն եմ, որտեղ մեռնող թռչունների հառաչ կա

գրողի տանի, նվաստանալու չափ դժվար է խոստովանել, որ մաշկս օր օրի փտում է,
որ ցերեկը պատին մեխեր էի մեխել՝ ողջ գիշեր փորձում էի դրանք ձեռքերով հանել,
որպեսզի կսկիծը՝ քեզ հենց այնպես սպանելու, հիվանդության պես չտեղավորվի մարմիս մեջ,
ինչպես պատերազմից մնացած փամփուշտները՝ քերծված, ավելորդ, սառը…

սերս՝ թավշյա մահ, քներակիդ վրա նստած,
սերս՝ կիսատ ստվեր, ընկած մարմնիդ ուղղությամբ.
թույլ տուր նորոգել ցավը, որը կավիճով խզբզեցինք նկուղի պատերին,
ու ծխեցինք արթնությունը՝ նոր ու կատարյալ թմրությունը վերագտնելու համար

  *
մինչ ես սովորեմ կոճկել վերնաշապիս կոճակները,
առավոտները լվացվելիս չատեմ հայլուց ինձ նայող դիմագծերը,
ընտելանամ, որ գլխացավը ինձ արտագրելու է դեղին սևագրի վրա,
ու դու ամեն օր կարդալու ես այն, քաղաքի անցուդարձին ծանոթ լինելու նպատակով,
մինչ մահճակալիս տակից հանեմ թղթերս, ու բառ առ բառ վերհիշեմ հպման ձայնը,
դու այնքան ծերացած կլինես,
որ կսարասափես վախենալ ուրվականի մուգ կարմիր ոտնահետքերից,
որոնք ըստ սովորության թողնում է ննջասենյակի պատերին,
ես քեզ ամեն օր ցույց կտամ մեր երակներից սնված օվկիանոսի ուռած աչքերը,
ու կպատմեմ վտիտ աղջկա մասին, ոը անձրևաջուր էր վերցնում ջրափոսերից,
ու կպատմեմ ամոթխած պարոնի մասին, որ գիշերները վառում էր ընտանեկան ալբոմները

ու այնքան կարևոր է խաղալ այս սերը ձնաբուքից առաջ,
երբ մահը անգույն ստվերով ընկած է գետնին,
ու շենքերի ռիթմիկ շարժը ուժգնացնում է վարակի տարածումը,
ու հետաքրքիր է վազել ոտքերիդ տակից փախչող ասֆալտի վրայով,
և ունենալ կեսգիշեր՝ մի քանի բառ չարաշահելու համար…

գռեհիկ ցանկությունը տիղմի մեջ խեղդվելու ու արևածագին վիկսկի խմելու,
ցավի ճառագայթներում գտնել երջանկությունը ավերված քաղաքների,
ու լսել քո ձայնը՝ ինչպես անձրևանոցի վրա պառկած ջրի կաթիլ,
ու մանրացնել հիվանդությունը՝ հաջորդ կյանքում լիալուսին նկատելու համար…

մինչ դու սովորես քայլել մագմայի վրայով,
ու երեկոները անարցունք ու անբառ տրորել նոր բողբոջած ծաղիկները,
նաև կսկսես հեռուստացույցը օգտագործել Հայլուր նայելու համար,
ողջ լինելու իլյուզիան դանդաղ բաց կթողնի ձեռքս,
ու պատմիր ինձ նեղ միջանցքներով վազողների ազատության մասին

Հ.Գ.
*
ասում է՝
ես իսկապես նախանձում եմ էն մարդկանց,
ովքեր չունեն գերեզման,
նրանք մի օր բաց ծով դուրս եկան ու հրաժարվեցին ցամաքից
ինձ դուր են գալիս օվկիանոսի քարերը. դրանցից ջրիմուռի հոտ է գալիս,
երբ գլուխս դնում եմ ջրին, էլ չեմ մտածում մեռնելու մասին,
թվում է՝ շուրջս մոխրագույն վիշապներ են լողում ու ես նրանցից մեկն եմ,
ես սկսում եմ մտածել սիրելու մասին,
ոնց որ մսագործը մտածում է մորթված անասունի քաշի մասին,
թույլ լռության մեջ երազել ջրի ալիքներ մասին,
երբեմն քո մասին…
իսկ ձմռան պառկել մերկասառույցին,
ու թույլ տալ, որպեսզի քամին մանրացնի մարմինդ,
ու ոչ ոք, ոչ ոք չիմանա,
որ մենք գոյություն ենք ունեցել…

Ստեղծագործություններ