Հուսիկ Արա

Լուսանցքի մարդիկ

lusancqi mardikՀՈՒՍԻԿ ԱՐԱ
ԼՈՒՍԱՆՑՔԻ ՄԱՐԴԻԿ
Բանաստեղծություններ
ՀԳՄ հրատարակչություն
ԵՐԵՎԱՆ - 2003
ՀՏԴ     891. 981-1 Հուսիկ
ԳՄԴ    84Հ7-5
Հ         972 

Բովանդակություն
 
Ներշնչանք

ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ
 ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ
 1. Ուլիս
 2. Ոչ ոք
 3. Բառեր
 4. Տեղեկանք
 5. Ինքնագիր
 6. Կենսագրություն
 7. Այրած բանաստեղծություններ
 ԿԻՍԱՃԱՄՓԱ
 ՔԱՂԱՔԸ
 Մուտքագրություն
 1. Աղոթք ու բաց են
 2. ու հաց են կիսում
 3. առնետների հետ.
 4. նրանք շներն են մարդկային ցեղի.
 5. ապրում են ազատ
 6. և հենց փողոցում
 7. ու շնավարի:
 Ամփոփում
 Ավարտ
 ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
 1. Երկնքից կաթող ճշմարտությունը
 2. քո տեսքը ուներ՝
 3. փողոցից երբեք տուն չհասած կին,
 4. ես այն գնեցի մի կում օղիով՝ 
 5. պատահած ձեռքից:
 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
 ԹՌԻՉՔԱԴԱՇՏ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ
 ԹԵԹԵՎ ՏՈՂԵՐ ՓՈՂՈՑԻ ԱՂՋԿԱՆ
 ԱՂՋԻԿՆ ՈՒ ԱՅԳԻՆ
 1. Ուղիղ բառեր՝ աղջկան
 2. Աղջիկը, որ տեսավ այգին
 3. Աղջիկը, որ ունեցել է գիշեր
 4. Աղջիկը, որ փողոցի գույնն է
 5. Վերջին խոսք աղջկան
 ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
 1. Մաքուր, անվերջ մաքուր մի կին
 2. Տողերսփուշ-փուշ
 3. Քունքիս՝ փշրված վարդը պսակի
 4. Գին են դրել քեզ
 ԼՐԱՑՈՒՄ
 1. և մենք գրում ենք
 2. վախի տագնապից,
 3. ոչ թե սիրելուց
 ԱԾԱՆՑՅԱԼ
 1. Հուդայի աղոթքը
 2. Անդին
 ՀԱՎԵԼՎԱԾ
1. Վերջին աղոթք


   Ներշնչանք

 Ես բառեր եմ գրում նրանց համար, ովքեր
կյանքի լուսանցքում են ապրում - անդին.
մոռացված են երկրի վրա, ու երկնքում
քիչ է եղել իրենց բաժին սերը:
Ես նիշեր եմ գծում իմ մարմնաչափ հողին -
ապացույցներ ապրած իմ օրերի:
 
… Ամռան կծղած մերկ դաշտերում փոքրիկ գյուղի
մենք երկուսով բռնում էինք նույն ձին.
ու տիեզերքը այդ գյուղի չափ մի երկինք էր,
և մեզ համար աղոթում էր մի կին:
Միակ սերը ինձ և կյանքին առձեռն տրված՝
քո հպումն էր բառին, իմ ներշնչանք:
 
Մեր երկնքում արծաթ, ձիգ աստղերի շարքում,
ու վազքի մեջ չքնաղ -  կոխկրտեցին
սմբակների տակ մեզ՝ նույն մեր բռնած ձիու.
և մեզ մնաց կծղած մի դաշտ-ցամաք:
Ինձ պահպանող ձեռքը՝ չորս կողմերում կյանքի,
քո հայտնությունն էր ստույգ, իմ ներշնչանք:
 
Մենք լռեցինք անբառ՝ մեր խոսելու - տրված
պարգև - իրավունքի սահմաններում.
և այրեցի, այդ նույն օրը, քո մարմինը
չքնաղ՝ տողերի մեջ բառ-բառ շարված:
Եվ մատնողը միշտ քեզ, հաճախ առանց արծաթ,
ես եմ եղել, ո՛չ ոք, իմ ներշնչանք:
 
Բայց մենք պարտավոր ենք դառնալ բառեր ու տող
բաց թղթերին ու՝ սիրտ, քանի դեռ կան
մոռացվածներ երկինքներում, որոնց բաժին
սերը քիչ է եղել այստեղ՝ ցածում:
…Անվերջ, մի՛շտ եմ մենակ ճանապարհին իմ մերկ.
ինձ չթողես երբեք, իմ ներշնչանք:
 
 
ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

                      ԱՊՐՈՂՆԵՐԻ   

                                           ՔԱՂԱՔԸ
 
ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ

1. Ուլիս
Ծովը ցատկում է խորքը երկնքի: Ձկնկուլ-ճայ եմ.
էլ չի հմայում անաղ կերակուր պարսը ձկների … 
 
Երկրի հինավուրց դռանը նստած կեղծում եմ բառեր,
ճիշտ հազար տարի տաճար եմ մտնում բառանենգությամբ.
բառի ձեռնածու թեթև՝ տողերիս դատարկ պարկուճով,
իմ թուղթութանաք՝ ոչ ոք -  գոյության ոչինչն եմ տոնում:
Միշտ եմ խույս տվել իմ պաղ ստվերից - մարմնիցս շինծու.
մատնահետքերս նորից եմ տեսնում կեղծ տողի վրա:
 
Ես վախենում եմ ինձ հայելու մեջ ուղիղ նայելուց.
կյանքի - իմ միջև՝ ամեն օրը նոր խաղ է շողոքորթ:
Դիմահարդարված կին է երևում երկինքը միշտ Էլ,
ու բնությունն է ժամ առ ժամ դառնում զգեստափոխված:
Ինձ պինդ ցնցում եմ տերևաթափի անշեղ կանոնով,
բանաստեղծության երակն եմ մտնում մերկ ու անկեղև:
 
Ես սարսափում եմ տողի ջրերում մենակ լողալուց -
կեղծիքիս առաջ չմնամ հանկարծ առերեսման պես:
 
Օտարված եմ իմ կենսագրության բոլոր օրերում.
թափառումներիս սերս չի կարող լինել կշռաքար …
Իմ ձեռքերով եմ իմ քաղաքն այրել՝ փետուրից-թղթե,
ու թաց պառկել եմ մոխիրների մեջ՝ անվերադարձ-խորթ …
Ինձ սակարկել են ճիշտ այնքան՝ որքան իմ ստվերն արժե,
իսկ իմ իրական գինը ինձ ոչ ոք չի վճարելու …
Բառի սանդուղքով իջա քաղաքը՝ հողից շատ ներքև,
իմ ձիգ պարանը կապուտաչ տողն էր ճկուն ու դալար.
հմայում էին պաղ ստվերները - կիսատ բնագիր -
իմ բառախաղում ծնված ու չապրած բանաստեղծության:
…Բայց ինձ հաջողվեց անդրաշխարհից դուրս բերել ոգի,
նախագոյի մեջ շոշափել մարմին՝ դեռ չծնված խոսք:
 
 - Ինձ տեսնում եմ ճիշտ՝ այն հին մոգերի սիրո համեմատ,
որոնք անդինից դարձան ձեռնունայն՝ տողի կեղծ հունով:
 
  
2. Ոչ ոք        
             
                        - Իմ անունը Ոչ ոք է:
                       - Ոչ ոք, ես քեզ վերջինը կուտեմ:
                                                  «Ոդիսական»
 
Տողեր սպիտակ - ընտրում եմ գրել առանց բառերի,
ընդունել սերս՝ մորենու մարմին՝ անկեզ լռություն,
ինձ ազատում եմ բառի կեղևից - մեղքն է ինձ ներված
(տողի ձիգ մարմին՝ հրաժարվում եմ էջերին պառկել).
չեմ ընտրում լինել որդեգիր անուն տաճարի պատին:
 
… Իմ քաղաքում եմ ես վտարանդի. այլակերպ գիր է - 
ու պատեպատ են թափառումներս՝ նույն կարճ փողոցում:
Ինձ ժառանգել են մի պատառ երկինք, մի կտոր լուսին -
ու ոռնալու եմ՝ մինչև արձակվի նշանաժամը.
մի ծեր շնահաչ ընկած է հող ու երկնքի միջև:
 
Փնտրումներիս մեջ ինձ չտրվեց այն, ինչ սակարկեցի,
ավելին չեղավ ցատկս այն քայլից, որ սահմանված էր.
իմ լռությունը ավելի խիտ էր, քան փունջն է խոսքիս.
ծեր-բախտագուշակ, երկրի ստվերում կանչս մեկնեցիր - 
ունեմ ապագա, բայց չունեմ կյանքում ապրելու օրեր:
 
Ես ճամփորդել եմ մահացածների պաղ փոշու միջով,
մինչ այդ՝ միակը, ստույգ լսել եմ մոռացվածներին.
ես ունեցել եմ երկնքի հողում լինելու ժամեր,
և զրուցել եմ նրանց հետ՝ ովքեր կյանք նոր պետք է գան.
երկու ընթացքն էլ նույն տեղն են տանում - ուր ես եմ հիմա:
 
Սփյուռ լույսի ցանքս - ընտրում եմ լինել ճախրանքը սերմիդ.
ընդունել կամքդ՝ միակ գոյություն՝ չափումներից դուրս:
Ես Կանոնն էի՝ դարձա անապատ՝ կրկին Կանոն եմ.
(իմ երկրաբնակ պաղ ժամանակը իմ ավազներն են):
Վերջին ընթրիքն եմ - իմ նախա-վերջնա ածանցն է՝ Ոչ ոք:
 
 
3. Բառեր
 
                                 Նարինե Ավետյանին
 
Բառեր - լույսի բզեզներ են - պեծ-պեծ.
պարան, սանդուղք՝ մագլցում են երկինք -
ու շուրջպար է, շքերթ՝ տիեզերքը փունջ:
 
Բառեր - անիվ, էգ ձիեր են - գնացք,-
ինքնագլոր, դոփյո՜ւն-դոփյուն, չվերթ,-
ու կեղևն է երկրի գոտևորված:
 
Բառ-թռչուններ -  սավառնակներ-հրձիգ.
ծակծկված է հին թաղանթը՝ գնդակ -
ու շրջանը՝ կրակ, լույս է ամբողջ:
 
… Ու բառերն իմ կլուսանցեն Մեծ չուն,
քանի դեռ կան քո տողերը երկթև - 
իմ սկզբում իմ չունեցած հասցե,
ելք՝ պատի միջով - ինձ չտրված.
քանի դեռ կաս՝ հյուսված մատներ թղթին,
կա չքնաղը՝ երկինք-մարմնիդ - տաք հող:
 
Ապրողները կյանք չեն - բառեր՝ գոչ-գոչ,
ուղիները շարժ չեն - բառեր՝ գիլ-գիլ,
մեռածները հող չեն - բառեր՝ մունջ-մունջ:
 
(Բառեր - ու լուսինը պտտվում է
երկրի շուրջը: Բառեր - ու երկիրը
պտտվում է արեգակի շուրջը):
Բառեր - երկրից մինչև երկինք՝ բառեր …
 
 
4. Տեղեկանք
Արարատյան դաշտը ինձ հոլովեց՝
ինչպես ծիրան - օրինակը այդ նույն դաշտի.
ու քամվեցի՝ ողկույզ սև-խաղողի,-
ստույգ արյուն,- հին պտուղն է այդ հին հողի,
որ տաք խորհուրդն ունի իր մեկ ոտքով
արտում կանգնած արագիլի՝ օձը կտցին:
Ա՛յլ տեղ արևն այդքան կրակ չունի:
Մեր սուրբ լեռան սառույցներն են իմ մեջ հոսել՝
ճերմակ արև-կաթը մորս կրծքի,
և արմատս ձիգ բարդին է՝ սրված երկինք:
(Հետո՝ մի կին-ջլուտ, մեջքս առավ
իր մարմնից ներս ու դարձրեց ինձ այրամարդ):
… Արևելքն է եփվում իմ մեջ - տաք թուրմ,
և ասիական մի հին թախիծ՝ ծեր քարի պես:
 
Բա՛ռ-ներշնչանք - անվերջ գազան՝ ընկած
սրտիս: Հին հույներից մինչև այս խուճապը,
ներառյալ ինձ, չես խնայել ոչ մի
շրթունք պատգամախոս: Քո փեթակից հեռու
քամվող ուրիշ մեղր չեմ ճանաչում:
Ինը երկինք համաստեղող ինը քրոջ
կրքի մեղու. ինքնակամ եմ բերվում
ընծա՝ անվերջ թռչուն-գազան քո գիշերին:
 
…Վաղուց բառը անձև ու դատարկ էր,
նահանջ տարի ու երաշտ կար տողի խորքում.
 
 ու մեկնության խոսքը սահեց թղթին.
եղավ շարժում տեղատարափ իմ մատներով -
  
սերը բացվեց՝ ծածկոց, ամպհովանի,
ջուրը՝ ոգի և ունեցավ լույսը թաղանթ:
Իմ երակից արյուն էր պետք ու սերմ.
ծնվեց օրը ու կրկնվեց ճիշտ յոթ անգամ:
 
Էջը անձև ու դատարկ էր վաղուց.
ես ասացի՝ եղի՛ր ...  եղավ - բառեր ու տող:
 
Ներշնչա՛նք-բառ - ինը երկինք, ինը
խայթով մեղրամեղու. մատնահետքով քո բաց՝
իմ ճակատին ես գիր ունեմ արծաթ,
գիր կունենամ վերջին անգամ իմ կանգառին:
 
  
5. Ինքնագիր
Կրում եմ իմ ներսում մի գյուղ - իմ սկիզբն է, որ նշվում է
թղթերիս մեջ ծննդավայր բառով.
ինձ խնայված պատուհանը, որի կես-մութ շրջանակից
մինչև վերջս հսկելու եմ օրը:
Իմ մեջ՝ մի կին, լույս-անցքի պես - իմ ծեր մայրն է, ով որ արդեն
յոթ տասնամյակ Աստծո հետ է խոսում.
իմ ծալքերում՝ մի տղամարդ-հարբած, վաղուց այլ գոյություն -
հայրս, որ մահացավ օղու տենդից.
հիշողության իմ հագուստով դեռ քայլում է այն աղջիկը,
սերը որի խաղ էր, սիրտս՝ գնդակ.
նրանց միջև ե՛ս եմ - լույսի տաք սյուն, տաճար, և մեղավոր
աղոթքներն եմ իրենց դարձնում երկինք:
Իմ խորքերում իմ այսօրով փրկագնված այն տղան է,
որ ծնվելուց նախ ոտքերն է պարզել.
ու նույն գետը երկրորդ անգամ չմտնելու անպայմանով՝
այլ-ընտրեց՝ միշտ հակառակ ջրին -         
քայլեց բոբիկ. ասաց՝ երկրագունդը չի՛ պտտվում վաղուց …
ասաց՝ Նա հենց ե՛ս եմ, խնայեք ինձ:
 
… Ժամանակը սև-կատվի պես կտրեց անցավ իմ առջևից,
ու երկրուղիս գայլի ոտնահետքն էր.
հեշտ չէր ապրել ջնջոցին մերձ, խաղալ մաշված բառերի հետ,
և պահպանել - մերկ կյանք - տողի հետ քեզ:
Բայց ես ավելին եմ, քան իմ գյուղն է, մայրն իմ, և իմ հայրն է,
այն աղջիկը, ջնջոցն ու սև կատուն:
Ես քայլեցի բառի ձիով,-շատ էլ դժվար ու մեծ բան չէ,-
ու երկիրն է կրում պայտի հետքեր.
որովհետև նրանք կյանքը շատ սիրեցին և ցանկացան
շարունակվել բառի հիշողությամբ:
Ես ապրում եմ երկինքներում,-մոտիկներիս պարտադրանքն է,-
երկրի վրա իմ մարմինն է աղոտ:
Բայց մեկ-մեկ էլ շատ եմ ուզում իմ երկնքից հաչել երկրի վրա.
 - Ես հենց Նա՛ եմ… խնայեք ինձ:
 
 
6. Կենսագրություն
Հանդիպումը նշված կկայանա պահին -
Հարդագողի ճանապարհին կտեսնվենք նորից.
ես իմ հարդը պաղ շալակած, դու՝ հրաշքը
Լույսի. Քեզ կպատմեմ արդեն իմացածիդ մասին.
 
 - Գետնափորը կավե երերում էր - խորան.
պատուհանին լույսն էր ընկել՝ Ծննդյան տաք աստղի.
ու երազն էր շողում - մերկ ձայն - երկու սուրբ կույս
օրհնել էին պտուղը՝ դեռ հղի կնոջ - խորիզ:
(Տան պատին մերձ՝ հողն էր փորում արծաթ պայտով
հովատակ ձին՝ տաք ամռան մեջ. երկինքն էր թամբ մեջքին):
…Գյուղը դարձավ աշխույժ. հին ձանձրույթից հոգնած՝
իր հեքիաթը տաշեց - գույնը, երբ ծնվել էր տղան:
Գուշակությունը կար՝ թափառական այրի.
գլորվում էր տնից-տուն, թե՝ սա լույս պիտի վառի:
Կար երազը երկրորդ. կանգնել սառցե թմբին
Լեռան - միայնակ ու հաղթող՝ Նահապետին մոտիկ:
… Մայրը՝ ձեռքը բռնած, շրջում՝ խաչ ու մատուռ,
ու սաղմոսն էր շուրթին. «Տեր, պահպանիր մինուճարիս»:
Զատիկին՝ վարձք, բաժին, բերում էին փլավ,
ներկած ձվեր ու խաշած ձուկ - աղքատության նպաստ:
Ձմռան օրն էր կարծր. ջուրն էր կապտել դույլում,
կուլ էր տալիս ումպ-ումպ սառցե շունչը հունվար ամսի.
հին մոխիրը՝ շերտ-շերտ ծխնելույզում սառել,
իսկ ամառը,- մայրն էր ասել,- այն կողմում էր սարի …
Ու քայլում էր՝ սարին հասներ. ճանապարհն էր
անցնում հին շիրմատան մոտով՝ վախից դառնում էր ետ:
(Ճաղն էր կոտրած տանիք տանող ելարանի.
անհնար էր նայել խեղճությունից վերև գյուղի):
 
… Հետո՝ մորից հեռու, պիտի քայլեր երկար
հին շիրմատան միջով. «Վե՛ր կաց,- ասեր,- ե՛ս եմ ասում»:
Գետնափորում կավե՝ պաղ խորանում կյանքի,
ապրում էին երկու խորթեր - աչքերի մեջ երկինք.
խոսում լայն թևերով երազների լույսից,
բայց մոռացված Աստծուց - անդին, և անճակատագիր:
 
… Հարդագողի հեռվից ինձ հրեցիր ներքև
և մոռացար այս մի՜շտ ցածում քո եղբորը հսկել:
 
  
7. Այրած բանաստեղծություններ
Միակ ու մեկ -
որպես կնքած բնօրինակ.
այս խարույկը չի ունենա նմանակը …
 
Ես չգիտեմ, թե էլ ո՞վ է այդպես դաժան
այրել իրեն
ու ձեռքերն է տաքացրել իր կրակին:
 
Տե՛ր-ներշնչանք, մեղանչեցի քո մարմնին մերձ,-
իմ հաշիվն եմ ես վճարել թուղթուգրին,-
լուցկու մի պեծ - ու կրակին մթերք դարձավ
այն՝ ինչ ես եմ՝ իմ մարմինը բառ ու տողից …
 
 - Ու տեսնում եմ բաց ստվերս լեռան վրա:
 
(Եկող պահը,-
մեր գոյության ստույգ ընթացք,-
մերկ բառեր է՝ դատարկ տողի պաղ ստվերում,
ոչինչ ասող):
 
… Հետո որպես թաղման սուրբ ծես,
սև վարդերի ծորուն սաղմոս,
տաք մոխիրը շաղ տվեցի՝ բուռ-բուռ աղոթք -
 
սարսուռ աշնան կեսօրի մեջ՝
ուղիղ դիմացն
Արարատի -
իմ տնամերձ-այգու լայնքին,
այն երկնքում, ուր պայթել էր՝ ական-աստղեր - 
իմ մարմինը՝ բառ ու տողեր:
 
Իմ անցյալը ես զոհեցի իմ գալիքին -
բուռ-բուռ աղոթք, աշնան սերմեր ու ցանքս-սփյուռ
(կեղծ ես տաճարից ներս՝ առանց մատաղ-արյան).
պաղ ցողի մեջ ին՜չ վարդերի թափանցում էր՝
մեկ-մեկ պոկած արշալույսի երկինքներից …
 
(Ես ծննդի իսկությունը դեռ խորությամբ
չեմ ըմբռնել,
բայց զոհեցի մի բանաստեղծ - չքնաղ տարիք):
 
Ու կանգնել եմ՝ սարսուռ հագած,
արծաթ օրվա կեսօրի մեջ՝
ուղիղ դիմացն Արարատի:
 
(Ահավոր է
նույն ծավալում նույնանալը բառերի հետ
և դառնալ տող՝ էջի շուրթին):

 
ԿԻՍԱՃԱՄՓԱ
 
1.
Գնդակ,
ակնաձև,
այս կլոր դարում,
որ զրոների ուղիղ տողան է
ու նահանջ տարի,
ուր երաշտ եղավ տարվա ողջ ծիրով -
տարիքս է ճիշտ 33.
և ես գրում եմ մի երրորդ ձայնով,
որը չի հնչել իմ ոչ մի տողում մինչև այս օրը՝
9-ը ապրիլի:
 
«Ոչ ոքը» և «ոչինչը»
վերջին մեկ տարվա իմ նախընտրած բառերն են,
բայց ժամանակ հետո այս բառասիրությունը
համարելու են հնոտիք,
ինչպես ես եմ այսօր իմ նախորդների գիրը համարում:
 
Արդեն ոչ ոք չի զարմանա սույն այլախոհությամբ,
թե 59 ու կես կիլոգրամ քաշովս երկրի բեռն եմ հավելում
կամ 1 ու 78 հասակով տատանում եմ օդի հավասարակշռությունը,
թե սիրում եմ տգեղ ու կոպիտ կանանց,
թունդ խմիչքներ և սուր ծխախոտ,
որ ինձ հարազատ է շագանակագույնը,
ինչից խուսափում են շատերը՝ համարելով գորշություն:
 
Ես չեմ ասում՝ գրելն իմ ապրելակերպն է.
ես գրում եմ, որպեսզի մարդիկ ինձ հետ հաշվի նստեն՝
ինչպես օժտված մեկի …
Բայց չեմ կարող բացատրել,
թե ինչու գիշերվա ուղիղ 3 անց 30-ին արթնացել
և գրում եմ այս տողերը:
Ի դեպ, բանաստեղծությունը Աստծո հետ խոսելու
միակ բառապաշարն է.
 
օրվա մեջ կա մի ժամանակ,
երբ իմն է այդ լեզուն -
և մենք հաճախ ենք կանգնում դեմ-դիմաց՝
ես և Աստված:
 
Ես գրում եմ - ես ճշմարտությունն եմ:
 
2.
Գնդակ,
ակնաձև,
այս կլոր դարում,
որ զրոների առատություն է,
ուր երաշտ եղավ ու նահանջ տարի,
տարիներս են 33,
և, անտարակույս,
արդեն հասել է խոստովանելու իմ ժամանակը:
 
Իմ հավատը խաչն է:
Աշխարհի ամենահին քրիստոնյան եմ:
Իմ եկեղեցին կառուցվել է 303-ին,
այն վայրում, ուր իջել է Միածինը:
Ես միշտ ձգտել եմ դեպի Աստված,
բայց շատ անգամ եմ իմ Տիրոջ անունն անտեղի տվել …
 
Ծնվել և ապրում եմ Արարատյան դաշտում:
Ես ամեն օր տեսնում եմ Արարատը
և գիտեմ նրա բոլոր փոխակերպումները,
բացի այդ, գիտեմ, որ այն տեղադրված է
երկրի ուղիղ կենտրոնում:
Իմ այգում ունեմ Նոյից ժառանգած
խաղողի վազը:
Իմ տունը նայում է բիբլիական դրախտին:
Մի ծեր գաղտնիք կա իմ սերմի մեջ -
ես չեմ կարող ապրել առանց Մասիսների:
 
Պապերս գաղթել են Խոյից ու Վանից.
ես երբեք չեմ հանդիպել թուրքերի,
բայց Վանի ինքնապաշտպանության մասնակից պապս
պատմել է մորս,
մայրս էլ՝ ինձ,
որ թուրքերը անմեղ արյուն են թափել 1915-ին -
կոտորել են մանկանց ու ծերերի,
բնավեր արել …
և Տեր-Զորի անապատը լիքն է մերոնց կմախքներով.
բայց ես …  մարդկայնորեն ներում եմ նրանց:
 
3.
Գնդակ,
ակնաձև,
այս կլոր դարում,
որ երաշտը բարձրացավ լեռների կեսից էլ վեր
և իջավ ձորերի խորքը,
քանի որ տարին սկզբից մինչև վերջ էր նահանջում -
սկսվում է իմ ամառը՝
գարնանացանից հետո
ժամանակը բերքահավաքի.
ի՜նչ բերք է լինելու աշնանը,
երբ ամռան ցանքը ավարտվի:
 
Ես ապրում եմ տիեզերական ժամանակի
իմ հատվածը,
այդ հատվածի մարդիկ նույնպես պայքարում են
հինը փոխել նորով.
և իմ երկրում եղավ հեղափոխություն,
ինչպես միշտ և ամենուր է եղել.
տարա ցուցապաստառ,
ձեռքս՝ բռունցք արած, պարզեցի՝
ողջունելով իմ սպառված քաղաքների փլուզումը:
Հետո փլատակներից ծլարձակեց պատերազմ,
ճիշտ կրկնակը բոլոր պատերազմների.
և ես ծափ տվեցի այդ խեղկատակությանը,
քանի որ իմ երկրի զավակները փորձում էին
մի թիզ հող ետ գրավել թշնամուց:
 
Իմ ժամանակը չի տարբերվում
Հին Հռոմի, Եվրոպայի
և նոր Ամերիկայի ժամանակներից,
չի տարբերվելու ապագայի «Իքս» քաղաքի
օրագրությունից,
ինչպես ե՛ս չեմ տարբերվում …  Զրադաշտից:
 
Ես նույնպես, մահկանացուս,
անցա մի շարք ճանապարհներով
և ամեն խաչմերուկում թարմացրի ճակատագիրս.
եղա թույլատրված և անթույլատրելի վայրերում.
շատ բան ես ապրեցի, շատ բաներ էլ երազեցի
(որքա՜ն ամոթալի տեղեր կան իմ կյանքում):
 
Իմ ժամանակը ճանաչում է ինձ,
և օրվա մեջ կա մի հատված,
որ կրում է իմ անունը,
բայց ես բացական եմ վաղվա
և հար «չկան»՝ տիեզերական հաջորդ պտույտի,
ինչպես «չկա» են այժմ
նախորդ ընթացքի զավակները:
 
Ես տիեզերական իմ հատվածի կեռմանում եմ,
և ճշմարիտ է, որ իմ կյանքը վերադարձնեմ
իմ ժամանակին:
 
Իմ փոքրիկ հողակտորից երկար նայեցի աշխարհին,
այսինքն՝ 33 տարի,
և ճիշտն ասած՝ չզարմացա:
 
…Քանի որ գործել եմ իմ մեղքերը,
ուղիղ եմ ասում.
իրավունք ունեմ ապաշխարելու:
 
4.
Գնդակ,
ակնաձև,
այս կլոր դարում,
անկախ երաշտից, նահանջ ու զրոներից՝
իմ երկիրը փոքր է,
իմ լեզվով խոսում են քչերը,
և այդ մի բուռ տարածքում
արծվի ամեն ճախրանք
հավի ցատկ է դառնում.
ուստի չունեմ ոչ ոք և ոչինչ,
բացի իմ շնորհից:
 
Ես եկա աշխարհը փոխելու բուռն եռանդով
և համառորեն լծվեցի այդ ճիգ ու ջանքին,
բայց երբ մեջքս շտկեցի ճանապարհին իմ՝ կես,
տեսա՝ նույնն է ամեն ինչ,
և չկա անփոփոխ ոչինչ:
 
Լինելու բան չէ՝
ժամանակի միջով ետուառաջ անել:
 
Ես անկարող եմ անցած տարվա իմ այգուց
մի միրգ պոկել,
ինչպես Քարոնն էր անկարող իր տարած ոգիներից
գոնե մեկին ետ բերել:
 
Ինձ վիճակված չէր վեց օրում երկինք ու երկիր
նորից արարել,
իսկ յոթերորդ օրը անցնել վաստակած հանգստի:
 
Իմ և իմ նմանների
ճակատագիրը սրբագրելն
իմ ուժը չէր:
 
Ավաղ, ես նույնպես ինքնահոսինն եմ:
 
Հա՛յր իմ, որ երկրի վրա չես,
ինձ մի թող իմ կես ճանապարհին.
թույլ տուր տեղ հասնեմ և ամբողջանամ:
Ինձ անպայման տուր իմ ամենօրյա հացը.
ես նրանից բաժին կհանեմ բոլոր խեղճերին:
Ինձ տուր ուժը երկրի վրա,
իշխանություն՝ իմ ժամանակի մեջ,
և հաղթողի կամք՝ իմ տարածքում:
Դարձրու առաջինը, հարուստ և ապահով:
Ինձ փորձության մի տար ոչ մի անգամ,
թող երբեք չլինի աքլորականչ,
և չառաջարկեն 30 արծաթ …
Հա՛յր իմ, որ երկնքում ես,
մի՛շտ նայիր երկիր, այսինքն՝ ինձ,
որովհետև ես չեմ կարող
իմ գլխի մազերին գոնե մեկը ավելացնել
կամ նրանց սպիտակը դարձնել սև …
 
Ես հերկել եմ հող,
ծառ եմ տնկել
և էտել եմ խաղողի վազ …
 
Հա՛յր իմ, ինձ տուր մկանունքը՝ բերքահավաքի:
 
5.
Գնդակ,
ակնաձև,
այս կլոր դարում,
որ զրոների ուղիղ տողան է
ու նահանջ տարի,
ուր երաշտ եղավ տարվա ողջ ծիրով -
տարիքս է ճիշտ 33.
և ես խաչ ելա իմ միակ կամքով:
Մոտիկը հեռվից տեսնելու համար
ինձ հարկավոր էր մի ամբողջ ցերեկ
խաչին անցկացնել -
և, անակնկալ, Աստված ինձ սիրեց՝
իր երկրորդ որդի:
 
 - Ես միշտ ներկա եմ - ես ժամանակն եմ:
 
 - Ինձնից դուրս չկա ապագա.
իմ մեջ է գալիքը ամեն անցածի:
 
 - Իմ հիշողությունը ժամանակի երեք ձևի մեջ է:
 
 - Ես չեմ հեռանում,
ես անվերջ մոտենում եմ:
 
 - Իմ կամքը իմ իրավունքն է.
իմ իրավունքը իմ սահմանն է:
 
 - Ինձ երկիրն է սնում,
բայց միշտ նայում եմ երկինք…
 
 - Ես անհաշտ եմ ինձ պահող հողին:
 
 - Ես ինձ փնտրում եմ այնտեղ,
ուր երբեք չեմ եղել:
 
 - Իմ տարածքը նոր ծավալն է:
 
(Ժամանակի տեսքը հիշողությունն է): 
 
Երկրով անցնող իմ կյանքի կիսաճամփին,
ուր ամեն վայրկյան հեռանում են ինձ ճանաչողները,
և գալիս են նորեր՝ իմ ապրածին անտեղյակ -
ուղղախոս եմ՝ և՛ հեռացողին, և՛ մոտեցողին.
 
 - Չկա դժոխք և դրախտ.
մեր մեջ է և՛ մեկը, և՛ մյուսը:
Տիեզերքը, ինչպես ամեն չափման միավոր,
մի տեղ սկսվում է և ավարտվում մեկ այլ տեղում:
Որտեղ ծնունդն է, այնտեղ մահը չկա,
և որտեղ մահն է, այնտեղ չկա կյանքը:
(Կյանքն ու մահը երբեք չեն հանդիպում):
 
 - Երկու աշխարհների միջև սահմանը հեշտանալու է.
մարդիկ հասկանալու են՝ առանց խոսքի:
«Տարբերություն» բառը
մշտական հանգստի է անցնելու բառարաններում,
և այդպես՝ մի շարք բառեր,
փոխարենը՝ հանգստացողները
դառնալու են մշտակյաց:
 
 - Պատերազմներ լինելու են միայն պատմության ընթերցարաններում,
զենքերը հանգստանալուց հոգնելու ու մեռնելու են,
և մահը մոտենալու է առանց սարսափի:
 
(Խելքս չեմ թռցրել.
պարզապես այսօր նորից խոսել եմ Աստծո հետ
և բառ առ բառ կրկնում եմ
Նրա ասածը):
 
 - Երկինքը այնքան է մոտենալու երկրին,
որ հրեշտակները քայլելու են հողի վրայով
և մարդու հագուստը նրանց փետուրներից է կարվելու:
Այդ օրից երկնքում և երկրի վրա
լինելու է մեն մի ժամանակ -
ԱՍՏԾՈ ԺԱՄԱՆԱԿԸ.
  ես այդ ժամանակի բնակիչն եմ:

  ՔԱՂԱՔԸ  
Մուտքագրություն
Կիրակնօրյա զանգն է Սուրբ Սարգիսից խփում
ու տարածվում բլուրներին` պաղ ցող …
Օտար՝ պտտվում է քաղաքից ներս - խորթ ձայն,
ունկ կամ ականջ, չգտնելով բաց սիրտ,
աղբանոցում պառկում՝ հետկեսօրյա ձանձրույթ,
մթերք դառնում առնետներին ու` կեր:
1. Աղոթք ու բաց են ...
 
Մեծ քաղաքի պորտին՝ փոքրիկ անկյուն կեղտոտ.
կուչ է եկել - մի բուռ - կինը պառավ,
չորուկ ձեռքը պարզել անցուդարձին շուտ-շուտ
ու մուրում է՝ օրվա հացի համար:
 
Նրա ցամաք-խորշոմ կնճիռներում բարակ՝
մի քիչ, մի պուտ գեղեցկություն խանձված,
ինքնագրեր սիրո՝ վաղուց արդեն դեղին -
մատնահետքն է անցած ջահելության:
 
Չի նկատում ոչ ոք՝ այդ մուրողը պառավ
պիրկ աղջիկ է եղել ու կին ողորկ.
մետաքսամաշկ պառկել սավաններին թավիշ՝
տաք սիրո մեջ տղամարդու ու՝ ձիգ:
 
Նա էլ, ինչ խոսք, մի օր նույն փողոցով քայլել՝
անվիճելի հպարտություն ու փայլ.
ենթադրում եմ ասել՝ ինքն է ողորմացել
պարզած ձեռքին՝ նույն այդ տեղում նստած:
 
Իմ այսօրից՝ օրն եմ վաղվա ձգվում տեսնել.
կո՞ւչ եմ եկել՝ մի բուռ, այս կնոջ պես
պրծած, թե քայլում եմ՝ դեռ գրպանիս վստահ …
չի երևում, որքան փորձեմ նայել:
 
Ճանապարհից դուրս է, անցուդարձից այն կողմ,
ու մայթին է արդեն տեղը նրա …
գրություն կա դեմը դրված թղթե տուփին.
«Ողորմացեք, պառավ կին եմ, անտեր»:
2. ու հաց են կիսում
 
 
«Սև» շուկայի բակում՝ կիսամերկ ու բոբիկ,
երեխաներ՝ խումբ-խումբ - շրջում վախով
զգույշ, փոքրիկ ձեռքն են սեղաններին պարզում,
վիզը ծռած՝ խնդրում դեղձ կամ լոլիկ:
 
Կտացնում են նրանց գլուխներին փոքրիկ,
ասում բառեր՝ վավաշոտ ու անտաշ.
ծիծաղում են՝ մինչև մեջքով դառնան կամար,
ու զավեշտի համար՝ տալիս մի բան: 
 
Բերում են ջուր, մաքրում սեղան, անգամ կոշիկ.
դատարկում են բեռը մեքենայից …
շատ չեն սիրում փնթի լակոտներին այդ բիճ -  
մեկ-մեկ թռցնում են դեղձ կամ լոլիկ:
 
Փողոցներում նրանք սովորեցին կյանքը՝
աղբամաններ քչփորելով ու քիթ.
պատի տակ են քնում կամ շուկայի բակում -
խորթն են ու ընկերքը այս քաղաքի:
 
Ձեր չունեցած սիրո ու մանկության համար
քանի՞ օրեր ես վճարեմ առձեռն,
որ այսուհետ առանց վախի ու գողոնի
մեղքի՝ վերհուշն ապրեմ իմ մանկության:
 
Իրենց բաժին մի կում սերը գրավ դրած -
ութ-ինը տարեկան տղաներն այդ՝
փողոցներն են շրջում՝ ձեռքը պարզում զգույշ
ու վիզ ծռում. «Հացի փող տուր, քեռի»:
3. առնետների հետ.
 
 
Մի պուճախում քշված՝ հենց դարուփոս գետնին,
շաղ են տվել քուրջ ու փալաս անկապ.
և թափոնն ու հնոտիքն այդ վաճառում են -
աղբանոցի վարքագիրներ որպես:
 
Կյանքը երես թեքել, դուրս է գրել օրը.
աշխարհից են ցածր, փոսի մարդիկ ...
իբր ծախվող քրջ-փալասի - նրանց միջև՝
գիծ են դրել՝ հավասարման նշան:
 
Սև բիբերը նրանց՝ մատնաչափ ու փոքրիկ
երկրագունդն է - խիտ տառապանք որպես.
անկարող է հաշվել սրտագրող ոչինչ -
բաբախում են պաղ սրտերը թեև:
 
Նրանք՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի տեղ են նրանք,
անանձնագիր, անհասցե են, փոշի.
ընտրողների ճշտված ցուցակներում չկան,
հաշվառված չեն մարդ-համարում անգամ:
 
Ու ձեզ համար ժամանակը չունի ձևեր.
նույն կետում է թվացույցը օրվա.
ինչ եղանակ կամ ո՞ր դարն է - վաղուց ուշ է.
ո՞վ եք … մեկ այլ չափում - երկրից անդին:
 
Միջահասակ ու ծեր և նրանց մեջ անգամ
մեկ-երկու զույգ ջահել - ընդունել են
վաղուց՝ ամեն մի խաչ վաղուց, և վկան են.
«Հենց այստեղ, քիչ առաջ մեռավ աստված»:
4. նրանք շներն են մարդկայի նցեղի.
 
 
Անլվա են, փնթի, չսափրված դեմքեր.
անընտանիք, թափառական, անտուն:
Կյանքից չունեն պահանջ: Պպզում են՝ թռչուն -
աղբանոցում իրենց կերը գտնում:
 
Ոչ բարձ, վերմակ ունեն, ոչ անկողին կարգին,
փողոցներն են տանիքները նրանց.
կուչ են գալիս իրար այգիներում մի կերպ
ու գիշերում շների հետ անտեր:
 
Պաղ ստվերում մարդկանց ու ծնկներից ներքև
քարշ են գալիս՝ այլաշխարհ ու մանրէ.
կարկատան են փնթի այս քաղաքին կոկիկ՝
գորշ կենցաղով իրենց - տհաճ ու բաց:
 
Նիստուկացն է ուրիշ ու քաղաքը նրանց.
մի քիչ հացն են կիսում ու կում օղին,
բաժանում են անգամ հագուստներ ու ծածկոց…
բայց չեն ներում, իրենցից չես եթե:
 
Ես հաճախ եմ իջնում ձեր քաղաքը ուրիշ,
կիսում օղին ու ձեր հացը մի քիչ.
ոչ գտնելու ունեք, ոչ կորցնելու՝ կյանքում -
ազատ սրտեր ու հոգիներ միշտ բաց:
 
Այլաշխարհ են - այս քաղաքում՝ ուրիշ քաղաք,
ու մարդկանց մեջ՝ մարդկանց ուրիշ մի ցեղ:
Բան չեն ուզում կյանքից - մի քիչ հաց ու օղի.
աղոթում են - Աստծուց չունեն պահանջ:
5. ապրում են ազատ
 
 
Հին թաղերից գալիս, արվարձանից աղոտ,
հավաքվում են - վարձու մարդկանց շուկա.
գործիքները հատ-հատ ոտքերի մոտ փռում -
մոլոր սպասում են «խազեինի»:
 
Տերևների նման թափթփվել են մայթին
ու քշվում են ամեն անցնող քամուց.
ձեռքով մի կողմ հրված՝ հին օրերի թափոն -
ստեղծվել են տեսքով ո՞ր մի աստծո:
 
Օղու հոտ է փչում բերաններից նրանց,
հայհոյում են՝ ով օրենք է ու տեր:
Բարդույթ ունեն. չեն հանդուրժում մերպեսներին -
կյանքի վերին շերտում ճեմողների:
 
Բանեցնում են՝ տալով խոսացածի կեսը,
կամ էլ՝ մեկ-երկու շիշ օղու դիմաց.
պատահում այնպես՝ վճարում են ոչինչ,
ծեծով ճամփում՝ թե վատ գործն արեցիք:
 
Ձեր մեռնելուց առաջ չեք հասցրել ծնվել -
ժամանակի վրիպակ ու սխալ.
երեք հարյուր վաթսունհինգ-վեց օրերի մեջ
ձեր անվան դեմ նշված օրը չկա:
 
Առավոտից գալիս՝ սպասում են մինչ ուշ.
շեղ-ոտ քայլում,- ամեն օրվա ճամփա,-
հին թաղերը նորից, արվարձանը աղոտ՝
անխազեին, վաղվա մութով մոլոր:
6. և հենց փողոցում
 
 
Պատերազմի գինն է չեղած ոտքը նրա:
Ստորգետնյա անցուղիում նստել,
հենակները կողքին՝ զենքի նման դրել -
թե ո՞վ կտա մի կում օղու դրամ:
 
… Իսկ երկիրը նրա կրունկից էր գծվում
և ավարտվում՝ ոտնաթաթի ծայրին:
Բայց կանգնելու հիմա իր պաշտպանած հողին՝
մեկ ոտքի տեղ-իրավունքը ունի:
 
Վճարել է կանխավ այս օրերին կրված՝
իր կես մարմնով - մեր ապրելուն գրավ.
սպասում է խե՜ղճ-խորթ՝ ո՞վ կնետի մեկ օր
առձեռն տված իր կես կյանքի դիմաց:
 
Խմբվում էին շուրջը. ընտրվածը ինքն էր -
վերջին աստված - տալիս միակ քվեն,
և առաջին մոմը՝ ի սեր նրա վառում …
Բայց նա ո՞վ է հիմա, մեր մեջ՝ ի՞նչ մարդ:
 
Քո չունեցած ոտքի և այդ մեկի համար
իմ ոտքերն են ցավում՝ հողից վերև.
քոնն է այստեղ, հաստա՛տ, իրավունքը միակ,
դե, կրակի՛ր, վերջին անգամ … ու ճիշտ:
 
Ու ճոճվում է հարբած՝ հենակներով իր զույգ,
ո՞վ է արդեն - ավելորդից պակաս.
բեռ է դարձել երկրին՝ իր մեկ ոտքով անգամ,
իսկ մյուսը՝ մեր ապրելու գինն է:
7.  ու շնավարի
 
 
Փայլուն աչքեր - վավաշ - տարփանքի մեջ՝ ճեպ-ճեպ,
վազվզում են փողոցն ի վեր ու վար.
ու զույգ շներ՝ ճանկում տղամարդ կամ արու՝
այն վաստակով, որ մերկություն արժե:
 
Բուի պես են ապրում. հավաքվում են խումբ-խումբ
սև շուկայում բոզի ու մութի մեջ որսում:
Սակարկում են մի քիչ՝ ձևի համար, շուտ-շուտ,
և այն գնով գնվում՝ ինչ վճարեն:
 
Առուծախ է. կրվում՝ ոտքի վրա, վռազ,
առանց սեր ու հաճույք, անգամ՝ կրքի.
աշխատանքն է իրենց - լրբի հմուտ արհեստ,
վաստակում են՝ տալով մաս-մաս մարմին:
 
Երբ կդառնան պառավ՝ կիրք-հաճույքին անպետք,
մուրալու են փողոցներում այդ նույն.
և կաղոթեն իրենց մեղքի համար ու մեր՝
այս քաղաքի որպես վերջին սրբեր:
 
Ձեզ կբերեմ այդժամ օրեր մեղքով թաթախ,
որ կիսել ենք նույն կրքի մեջ, մեկտեղ.
հատ-հատ, որպես նշխար, կբաժանենք մարդկանց,
որ ճաշակեն … հաղորդվելուց առաջ:
 
Վաղվա սրբերն այսօր՝ խումբ-խումբ շներ վավաշ,
սակարկում են սև շուկայում բոզի.
այն աղոթքն են գրում, որ կարդալու են դեռ,
և վաստակում՝ տալով մաս-մաս մարմին:
Ամփոփում 
 
 
Րաբբին՝ Քրիստոսը Հիսուս, ամեն մի օր Աստծո
պտտվում է այս քաղաքում թեր-և …
 - Ցամաք ձեռքն է կնոջ՝ անցուդարձին պարզած,
շուկաներում միրգ ու լոլիկ խնդրող
փոքրիկ տղան բոբիկ՝ վիզը ծռած ուսին,
և անտունին՝ պատերի տակ պառկած:
 
Վարձու մարդկանց շուկայում է կանգնում մոլոր,
կամ վաճառում հնոտիք ու թափոն.
հենակներով քայլում՝ միոտանի զինվոր,
ու փողոցից հաց է մուրում, օղի.
և պոռնիկի տեսքով՝ որպես սուրբը վերջին,
սպառվում է՝ մարմնից մաս-մաս տալով …
 
Իսկ գիշերը - ստույգ - հսկում է, թե ինչպես
այս քաղաքում կրակում են շներ …
 
Ավարտ 

Աղոթք ու բաց են … ու հաց են կիսում
առնետների հետ. նրանք շներն են
մարդկային ցեղի. ապրում են ազատ
և հենց փողոցում ու շնավարի:
   
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
 
1.Երկնքից կաթող ճշմարտությունը

Կենաց այս բեմում
ես խենթ խաղացի ինձ տրված դերը,
ու հենց խելառ էլ ինձ ընդունեցին.
ձեռառնելու պես մի բան էր նետված փունջը ծափերի:
 
Մի պտղունց կյանք էր՝ ու համ չէր դառնում հացին ցանելուց:
 
Կիսատ էր կանչը բառի ընդերքից արձակվող լույսի.
այդպես կեսմարմին տողն էր թպրտում, կերկերում՝ աղոթք,
և անհնար էր գզրոցում պահել ամբողջական օր:
 
Աչքերը վաղուց ասեղ խրելու բարձիկներ են նուրբ,
ուսերն էլ, պարզ է, չեն ծնվել թիկնոց կրելու համար:
 
Նույն այդ ուսերին գլուխ պահելը իրոք մեծ բան էր.
հարվածն էր թմփում գոտկատեղից ցած ու ճիշտ թիկունքին,
ու մի հին մկրատ հատ-հատ կտրում էր՝ ինչ կար գծից վեր …
Հանաք չկարծեք՝ կուզ-կուզ ման գալը -
մայթերից մի կերպ հասցեներն էինք փեշերով մաքրում
սև-ցուցակների.
էլ ո՞ւր մնաց թե՝ պոետ մնայինք՝ այն էլ բոհեմով:
 
Ես վստահ էի,- անգամ ավելին՝ քան համոզմունքն է,-
թե տողերիս մեջ աշխարհն եմ փրկում՝
սառը, գունաթափ …
 
(Երեսուն տարի սրբագրում եմ այս կյանք կոչվածը):
 
 
Պիտո է գրվի մեր օրերի երգ - արծաթ կանոնն այս.
 
 - Երկնքից կաթող ճշմարտությունը քո տեսքը ուներ՝
 փողոցից երբեք տուն չհասած կին.
 ես այն գնեցի մի կում օղիով՝ պատահած ձեռքից:
 
 Ես խենթ ապրեցի՝ փշրանքի նման շպրտված կյանքը,
 քանի որ կարգ էր՝ իմ երկրում լուրջ ու խելոք տղերքին,
 ճակատի համբույր, շխկացնում էին մեկ-երկու փամփուշտ.
 ու  խե՛նթ ձևացա…
 բայց հենց այստեղ էր, որ չընդունեցին ինձ իբրև խելառ:
 
 Չեմ հիշում՝ ո՞վ էր, գրել էր մի տեղ,
 թե բուռն սերը կյանքն է կրճատում.
 
 դե հաշվիր,
 երկի՛ր,
 թե քանի՞ օր ես
 առձեռն ինձ պարտք:
 
2.քո տեսքը ուներ`

Թիթեղյա,
ցամաք կնճիռներդ մեջ
մեկ-մեկ փշրեցի հայելիների փունջը օրերիս,
կորամեջ քաղաք - իմ պառավ աղջիկ …
 
Բառերի դեղին տերևն է ընկնում հին ծոցատետրին.
աշնան մարմինը դարձել է մարմին՝ բանաստեղծության:
Մինչ ձյուները գան - թավշե ընթացքն է հող ու եղյամին՝
աշնան սարսուռում բառի տաք սերմեր սփռող տղերքի:
 
Նույն մարտակառքին լծված ձիերն ենք -
պախուրցն է արծաթ.
թինդ ու մարտակոչ - փողերի կանչն է՝ դեմուհանդիման.
հե՜յ, հոգնել չկա - վարգելու պահին ձիեր չեն փոխում:
 
Մեզ վիճակված էր լույս երկինքներում քայլելու պահեր …
միշտ թաց այս հողին պայտերն են սահում, բարի՛ ձիապան.
աստղ՝ ճակատին և ի՜նչ զամբիկներ՝ նժուգ չդարձան:
 
Տաք աստղալույսի մեր կապույտ վարգը ծանր փոթորկվեց
մութ նկուղներում՝ պղտոր օղու մեջ,
և մեր ճակատին, որպես դափնեվարդ, նշտարով դրվեց
վերջին մի դրոշմ - փնթի հարբեցող …
Վարձը գծուծ էր. կիսատ հաց մնաց ու կիսված մի սիրտ,
չլցվող բաժակ, կես սեր ու կես կին:
Շուտ-շուտ կանչում ենք Ծիր կաթինի մեջ. - Տղերք, պի՛նդ բռնեք
Լուսաստղի շողից՝ չկորցնենք իրար:
 
Կանգնեցինք - նոր տեր, փշրված արձան-պատվանդաններին՝
ո՞վ տվեց ծաղիկ,
 մեր սուրբ տաճարը փողոցն էր ու մեր աղոթքը հնչեց
թաց պատերի տակ,
և այն աղջկա անունը անվերջ փորեցինք ծառին,
որ երբեք չեկավ:
 
Բառերի դեղին տերևն է ընկնում հող ու եղյամին …
աշնան մարմնի մեջ - վերջին ձայն՝ հենված տողի հին պատին,
մի պահ հատակը, խորքը նայեցինք՝
մեր ցուրտ օրերի հայելիները փշրելուց առաջ,
և մեր լուսագիծ դեմքի փոխարեն՝
քո ցամաք մարմնի խորշոմը տեսանք,
քաղաք - ծե՛ր պոռնիկ:
 
 
3. փողոցից երբեք տուն չհասած կին,
  
Օրերիս թողած ստվերների տուփ -  
քաղաք - իմ անկում.
վարդերից հետո՝ ջրցողման տոնը
ու զարդար-ծառեր՝ դարձան մականուն …
 
Հատակում օրը օր դարձնողների մեր մի բուռ խումբն է
գծում նոր շրջան՝ այս նեղ փողոցի երկնակամարում,
ու միշտ համաքայլ -  մենավոր աստղ -  գնում է երկինք:
 
Հիմա էլ մե՛րն է բարաքների շարք - այս կարճ երկիրը.
և մեր մեջ շրջող ամեն լավ տղա
պատրաստ է մի շիշ օղիով ծախել այս հնոտիքը:
 
Օրվա նույն ժամն էր, գաճաճ իմ քաղաք,
երբ խաղաթղթին դրած հաշվի պես
ես քոնը դարձա …  Ու փոխվեց խաղը.
մենք հավակնեցինք խաղալ իրար հետ՝
մեկ այլ կանոնով:
Ու փութո՜վ, անհերթ սեղան հանեցինք ուրիշ արժեքներ,
իջեցված գնով և հենց փողոցում՝
էժան, շա՜տ էժան …
 
(Ես ինձ այլևս չեմ փնտրում, քաղաք):
 
Ինքնագրերս մնացին միայն թաց բաժակներին,
մատնահետքերս օր են մատնության:
 
Չունենք կորցնելու. հեծնենք ամպերին՝
վարգենք երկինքը - մի վերջին մեկնարկ.
 
   
միշտ էլ թշվառ է մի տկլոր երկիր,
որ պետք է միայն իր առնետներին՝ որպես աղբակույտ:
 
Սա իրականում դեռ քաղաք էլ չէ -
ծուռ ու նեղ փողոց.
ում տաք թրթիռը խելառ օրերի մեր պատմությունն է:
… Ու խենթ տղաներ, զրույցի կարգով,
դեռ պատմելու են մեր ամեն օրը -
աստղալույս բոհեմ ու տոն՝ մեծ երգի:
 
(Բայց ո՞վ էր, որ մեզ ապրելու համար
մի լավ խոսք ասաց):
 
Օղու իմ վերջին բաժակն եմ զեղում
տողերիս շիրմին.
 
 - Ո՛չ ոք,
երբևէ,
այսքան անանուն,
էժան
չի ծախվել …
 
Ստվերներիս տուփ -
քաղաք - իմ անկում,
որպես մարդ՝
վաղուց ես քեզ չեմ հուզում …
 

4. ես այն գնեցի մի կում օղիով`
 
Անտարբերության սև ձին ես թամբել,
հին սեր - իմ քաղաք.
ուրացումների մեծ վարգն է հիմա՝ հեռուն գնացող:
Իմ սիրտն եմ կիսել ու նշխար-հատիկ դրել եմ հիմքում՝
քո հին և քո նոր բարձրացող պատի…
 
Քո մենմիհատիկ թելից եմ կախված,
միշտ-սե՜ր - իմ քաղաք:
 
…Արև՜ են գծում լուսանցքի մարդիկ խորշի պաղ ծիրին.
հիմքերից էլ ցած՝ վարդի թռիչք չէր ու ոչ էլ տոն էր
ժամերիս հիմնը, որ միշտ էլ խշշաց ավազի ձայնով:
 
Մոռացվածների աշունն է դեղին-
ու տերևի չափ երկինք է բացվել այս ծառաստանում.
 
- Դե, վարգի՛ր, իմ ձի, քոնն է մատնաչափ տիեզերքը հիմա:
 
Օրը մթնում է.
ու կապ ու անկապ գալիս-լցվում ենք մեր պարունակը -
անտեսվածների աղմուկ ու բումն է մեր այս քաղաքի,
ու՝ մի թաց վերհուշ …
Աստղ է կաթում բարակ շուրթերիս -
ու տիղմի համ է.
օրերի շարքն ենք դատարկ գլորում մեր պաղ երկնքով:
 
 
 - Կանգնենք բարձր տեղ
ու մարդավարի մի շնահաչ տանք,
գուցե, կապո՛ւյտ ձի, դեռ լսո՞ւմ են մեզ …
 
Անտարբերության սև ձին ես թամբել,
հին սեր, իմ քաղաք,
ուրացումների մեծ վարգն է հիմա՝ հեռուն գնացող.
հաշիվը միշտ էլ նույնն էր քեզ համար - 
ես կա՞մ, թե՞ չկամ …
 
Իմ սիրտն եմ կիսել
ու նշխար-հատիկ դրել եմ հիմքում՝
քո հին և քո նոր բարձրացող պատի:
 
Իմ օրն էլ կգա -
կընկնեմ փողոցում՝ մի ծեր ծառի տակ,
և անգամ ծածկոց չես գցի վրաս:
 
(Թաքուն քեզ ասեմ. հարբած ժամանակ,
թե սիրո խոսքեր քեզ կշռայլեմ՝
ինձ չհավատաս):
 
… Լավն ու բարին քեզ, բանաստեղծություն,
փրկվելու այլ կերպ ես չգիտեի
այս բիրտ քաղաքում:
 
 
5. պատահած ձեռքից:

Ժամավարտ է, Տեր.
ձայներ են գալիս հող ու ընդերքից:
Ի՜նչ էլ երկարեց կյանքին համարժեք այս մեղքն ապրելը:
Արագ ավարտեմ տողս ու գնամ, քիչ մի համարեք:
Թող թեթև լինի ինձ ծածկող հողը,
շատ եմ ծանրացած:
 
… Եվ բացառվում է ամեն մի մեծարք
կամ բացառություն.
 
հավանական է,
որ քաղաքային մեծ աղբանոցում
դառնամ կերակուր գորշ առնետներին,
և չի գտնվի այս ամբողջ երկրում
մի կտոր ծածկոց,
որ պահված լիներ հատուկ ինձ համար:
 
… Ու թղթին է սոսկ բառ-բառ մնալու
տապանագիրն այս.
 
«Ինձ կեղև-ծածկոց՝ գրել եմ տողեր,
որոնք այլևս պետք չեն անգամ ինձ.
 
իմ փրկագինն էր,
թե ո՞ւմ լույսն է այն՝ իմ փրկանքը չէր …»:
 
(Գրախանութում իմ գրքույկը կա՝ փոշով ծածկված):
 
Մտքովս անցավ այս պահին ընտրել
մահվան մեկ այլ ձև.
 
դուռը կհանեն իր ծխնիներից,
բակում դես ու դեն թափված կլինեն իմ ծխուկները -
լրիվ չապրած օր.
կասեն ամեն բան՝
ինչ չեն խնայում մահացածներին,
ու կդառնա ձոն՝ ցող-ցող մարմինս -
մեծարում հողին:
 
Մահացածների մասին ես գիտեմ
էլի՛ պատկերներ.
 
մկրտված էի, բայց ես ո՛չ մի օր
ապրեցի վարքով քրիստոնյայի.
ամբողջը սա էր - մեղքի զգացում
և առանց Աստծո խոստովանություն:
 
… Ու քարշ եմ տալու
անկատար մարմնիս կիսակառույցն այս՝
դեռ այն կյանքում էլ -
քանի որ երկրում չի գտնվելու
շորի մի կտոր՝
ինձ փաթաթելու-պահելու համար:
 
(Թե որքան թշվառ ու խեղճ էի ես
իմ մենության մեջ - ո՛չ ոք իմացավ):
 
Գայթակղում է խաղը մահվան հետ,
կարելի է և ընտրել մեռնելու մի երրորդ ձև էլ.
 
մերոնք սիրում են մահացածներին
և գերադասում բոլոր ողջերից.
 
 - Ինչ լա՜վն ես, իմ մահ …

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ


Մանրիկ,
թավշետառ՝
ծխախոտիս տուփին ես գրված,
Երևան քաղաք …
Բայց կա մի հին օր,
երբ ստույգ հասցե – քո ազգանունը փորել են քարին,
որ դժվար հատված անձնագիրն է քո:

…Չճշտված քաղաք,
միշտ պայմանական իրականություն.
քեզ հիմա անդարձ բոլորն են լքում,
և փակ դռների ժամանակն է քո:

Օրվա ջրերում
սահում ես – փրփուր՝ մեր տաք ձեռքերից,
մնում է ասել, մի՜շտ պայմանական, շատ ես օճառված –
ու սոթ են տալիս ոտքերս, քաղաք,
ողորկ, լպրծուն, օսլայած դեմքիդ:

Օրվա ջրերում՝ փրփուր, որ նույնն է՝
մերը չես, քաղաք:

Քաղաք – լուսաբաց, միշտ կապույտ թռչուն,
քո հին երկնքում տաք շորորում է մի կլոր արև,
և քո ամպերը հասունացնում են կայծակ ու անձրև,
իսկ քամիներդ ողորկ ջրերին փռում են տերև.
դեռ ոչ ոք, քաղա՛ք, ուժ չի գտել քեզ մինչև վերջ գրկել:

Քո երակներում խշշացող տղերքը,
որ անպայմանական՝
քեզ սիրում էին ճիշտ ու իսկական,
մի օր վեր կացան
այգուց,
փողոցից
ու սրճարանից
և զենքեր առած՝
քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ,
բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում:

Մեկը հեռացավ՝ իր հայրենիքը այլ տեղ գտնելու,
մյուսը պառկեց օղու մշուշում,
երրորդը մեռավ նախընտրած մահվան իր եղանակով.
խելագարվեցի՛ն –
նրանցից՝ ովքեր
որ ողջ մնացին…

Անաղուհաց ու ուրացող քաղաք,
քաղաք՝ մե՛ծ լքման:

Կեսքուն, կեսմեռած ու կեսխելագար –
օղակից իբրև դուրս պրծածներն են.
բարձր շենքերիդ ստվերում նստել՝
անցած օրերի քո ժամանակն են, անդարձ Երևան,
կարոտով հիշում.
«Ուրի՛շ էր կյանքը ու քաղաքը մեր,-
ասում են նրանք,-
հիմա էլ չկան մեր գիշերներում սեր ու երազներ»:

Վաղուց ու կես դար
ջիղ ու մկանով քեզ Աստծո յոթ օր կառուցողները,
քաղաք, հո՛ւշ-քաղաք,
այսօր մոռացված և ավելորդ են
քո երկինքներում:

(Նրանց աղոթքը էլ լսելի չէ և ոչ մի աստծո):

Լախտի պես ամուր, պինդ են ձեռքերը վարպետ Գարուշի.
ի՜նչ որմնադիր էր,
և քո պատերը ո՜նց էին ուղիղ ու հարթ բարձրանում:
Բայց մի օր հացի խնդիր լուծելիս՝
տունը վաճառեց –
հիմա փողոցն է նրան կացարան:
Իսկ դարբին Սեթո՛ն,
հյուսն Թաթո՛սը,
ծեփագործ Շավո՛ն …
Հակոբի գինին ամենալավն էր ամբողջ քաղաքում.
ամեն սեղանի քո կենացն էին տղերքը խմում:

Բայց նրանք հիմա (և վաղուց) քեզ ի՞նչ,
քո ի՞նչն են, քաղա՛ք –
ջիղ ու մկանով իրենց կառուցած քաղաքում նստել
ու սպասում են միմիայն մահվան.
ի՜նչ տղերք էին,
և չհոգնեցին քեզ միշտ սիրելուց:

Մեր զարկերակից արտզատած քաղաք,
քաղա՛ք – դեռ ոչ ոք:

Կեցվածք-կերպերիդ ցուցասրահում,
ուր բնորդ ես միշտ,
կանգնում եմ – բաց ջիղ, քո այսօրն ուղիղ
ու ճիշտ պատկերող կոլաժի առաջ.
– Տղամարդն, ահա, շան հետ կողք-կողքի
աղբն է քչփորում՝
հացի մի կտոր գտնելու համար:
Մի մատղաշ աղջիկ ազդրը բացել ճամփաբաժանում
և սպասում է, թե ո՞վ գին կտա
(ք՛ո գինը, քաղաք).
առնի թևի տակ՝ մեկ ժամվա տիկնիկ, տանի ու խաղա:
Որպես հետևակ՝ քո պատերազմով անցած զինվորն է,
հարբած ու թշվառ,
զույգ հենակներով կետգծում մայթը,
հայհոյում՝ հավատ, հող ու հայրենիք:
Կինը, որ մայր է՝ գրկում երեխա,
մուրում է՝ ձեռքը պարզած փողոցին.
աստղ – կաթում է արցունքը մանկան՝
է՛լ ծանրանում է ծանր պտույտը այս հողագնդի …

Ու թշվառ կույրեր, ծերեր խարխլված ու անտունիներ,
ու փողոցի թաց հայհոյանքի մեջ կորչող դեռահաս,
ու փախեփախ է իրենց սերմը դեռ հարգող այրերի:

Երևա՛ն քաղաք,
խողովակի պես կլոր պատերով
բաց մեկուսարան –
կոկորդի չափով օղ է երևում քո հին երկինքը
ու ձեռնաշղթա՝
դաստակ առ դաստակ հասցեագրված:

Թափառումների անհանգիստ քաղաք,
քաղաք տագնապի –
ամեն վայրկյան ես խլխլվում մեզնից.
քո խեղճն ու խորթն ենք …

Մեր միջև աղոտ տարածությունն է
վերջին ուրացման.
մենք օտարության դառը կորիզն ենք հատիկ-հատ ծամում:

Մենք այս քաղաքում,
քաղա՛ք,
քայլեցինք երկար,
բայց երբեք չհասանք իրար …

Դու կացարանն ես մի քանի տռուզ-այլադավանի,
որ անհավատամք
քեզ մերկացնում են՝ ուր որ պատահի,
առանց միջնորմ ու վարագույրների միջամտության.
– Դե գի՛նդ ասա, Երևան քաղաք,
ծախո՛ւ էգեղեն:

Քաղաք – լուսաբաց, միշտ կապույտ թռչուն,
դեռ ոչ ոք, ո՛չ ոք ուժ չի գտել քեզ մինչև վերջ գրկել:

… Վերադարձնում եմ լուսանկարդ՝
կյանքս ամփոփող մակագրությամբ.
«Ամեն երեկո ինձ սեղմում պատին
ու հրազենի սև փողն ես ուղղում ավերված քունքիս.
երկար պահում ես ու չես կրակում,
թե՝ դեր ենք փորձում»:

… Քաղաք, քաղաք-հո՛ւշ,
շունչդ ապրում է իմ թոքերի մեջ –
ճանկռող սև կատու.
նույն մլավոցն է ունկս պաղ քերում,-
ամեն ցավի լաց լացել ենք վաղուց,-
քո ժամապահն եմ,
ե՛ս եմ,
կրակի՛ր:

… Չ՛քաղաք – միշտ անվերադարձ:


ԹՌԻՉՔԱԴԱՇՏ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Թռիչքադաշտում՝
օդային նավեր –
զույգ-զույգ
ու քսան-քսան …

Այժմ ուրիշ են աղոթատեղին ու միջնորդները –
դեսպանատներ՝
ճանապարհ ուղիղ Ավետյաց երկիր.

(լրացնում թղթեր,
հրաժարվում են կամ էլ՝ ուրանում):

Իմ մի մատ երկրում՝ օդային տագնապ,
խուճապ ու շփոթ,
իրարանցում ու հավաք ու կապ է,
անվերջ փախեփախ.

ա՛յլ կանոնով երթ:

… Փոխարեն՝ երկտող, թեյի հրավեր
ու նիշ ու համար հեռախոսների –
հուշ-ինքնագրեր են ծոցագրպանում ու մաշկի տակ իմ՝
թանկ-մոտիկներիս:

Աչքերիս դեմ խեղճ – չվացուցակ սև՝
կարոտախտով թաց այլաշխարհների:

Թռիչքադաշտում՝
գծին զուգընթաց վազքուղիների,
թափահարելով ձեռք ու թաշկինակ –
վերջին հրաժեշտ,

ճանապարհում եմ օդային նավեր՝
զույգ-զույգ, պոչ-պոչի,
որ ետ ստանամ կծղած մի երկիր
ու դատարկություն:

… Գնում են բեռնած օդանավերը անազդանշան,
հանձնվում նպաստ-օրապահիկով գթության ճամբար.
կարմիր կամ կապույտ խաչով սավանն է –
լույս-եզերքներ-ջինջ,
ժամանակավոր գրանցման քարտը՝ մարդու իրավունք,
ու կարմիր օղով՝ արգելոցի պես քաղաք-կացարան –
սահմանն աշխարհի:

Շենքերը հատ-հատ՝ դեսպանատներ,
բոլոր բառերը՝ մեկ բառ –
արտագաղթ,
ամեն տպագիր՝ սև չվացուցակ.
թռիչքադաշտ է իմ հայրենիքը,
ու երկրագունդը՝ գթության ճամբար:

Օ, կարմիր-կապույտ խաչերի ստվեր՝
ընկած իմ հողին:

… Ե՛ս եմ վերջինը –
պահնորդ-այցելուն նավակայանի.
թաշկինակով այս՝ օդապարիկն իմ, սավառնեմ երկինք
և լույս անձրևեմ ու բուռ-բուռ արև՝
կծղած արտի պես դուրան իմ երկրին …

(Բայց դեռ վստահ չեմ
այստեղ ձեռքառած իմ բառ ու տողին.

և ճիգ չեմ թափում,
մատնաչափ երկիր,
դնել
վերջակետ):

… Եվ մահից անդին որմնաշարում եմ
քո ընթացքը նոր –
ոսկեձեռիկ-լույս ու մելանագիր.

– Կվերադառնա՛ս՝
գինին բերելով, մեղրն ու կաթը
թափառումներիդ…

Մենք դեռ կբազմենք Լերան ժողովին –
պատգամներ խոսող ոսկե կոկորդներ
ու կանոնադիր.

և արշալույսի երփներանգի մեջ՝
հին գինով ցողված
մեղրահունց հացը
մեկտեղ կկիսենք:

…Երգո՜վ
կընդունենք
ու աղուհացով՝
Ծագող արևի
մուտքը
Մեծ քաղաք:



ԹԵԹԵՎ
ՏՈՂԵՐ
ՓՈՂՈՑԻ
ԱՂՋԿԱՆ

ԱՂՋԻԿՆ ՈՒ ԱՅԳԻՆ

1. Ուղիղ բառեր՝ աղջկան
Ծխախոտիս ծուխն է
ու կիսատ բաժակ՝ արնագույն գինու.
ոչինչ, որ ցրիվ ու տողերի մեջ խոտոր եմ գրում,
Լիա – թյո՛ւր աղջիկ …

Խոնավ աշուն է,
ու նոյեմբերյան դեղին, լուսավոր, ուշ տերևաթափ,
տաք անձրևներ են ու թաց քամիներ.

սպասիր, շուտով
փափուկ, մեղսական ձյուները կիջնեն,
խաղաղ կծածկեն սենյակներից դուրս տաք հետքերը մեր,
ու լուսաբացին կշրջենք ազատ, առանց սարսափի:

Հարբած եմ գրում,
որ ուղիղ լինի ձայնս բառի մեջ.
երբ գինուց թմրած ու մարդկայնորեն դառնացած, տխուր՝
ծանր կճոճվեմ այս մեծ քաղաքի թաց փողոցներում,
և էլ չի լինի կանգնելու համար ինձ պահող ոչինչ,
քեզ մոտ ես կգամ.
ու միշտ քո՛նն եմ ես իմ կյանքի հարբած բոլոր ժամերին:

Աղի, սարսռուն, տերևաթափված ուշ նոյեմբերին
ծառերն են փակվում կեղևների տակ.
աշունը վերջ է:

Սպասիր, շուտով
քաղաքը ողորկ ու հարթ կլինի,
ու հետքերը մեր գույներ կդառնան փողոցների մեջ,

ու կլինի էջք փափուկ երկնքի.
մինչև լուսաբաց կլսենք հեքիաթ ձյունաթիթեռից:

Ու ես խմում եմ
ուշ տերևաթափի,
տաք անձրևների
ու աշնան համար,
որ քեզ թողեցի քամիների մեջ,
իմ խենթ
տարփածու:


2. Աղջիկը, որ տեսավ այգին
Թեք բլրին՝
հատված ծառերի այգում –
սա՛ է ամբողջը:

Ավելի մեծ բան
չունեմ այս կյանքից վերցնելու համար.
աշնան գիշերը՝ թավիշ, դեղձ հասած,
ու մարմնիդ համն էր ցող՝ կաթիլ-կաթիլ.
քամին խառնում էր տերև ու մազեր, ու խալ էր ազդրիդ:

Մինչև լուսաբաց քայլերս երգ էր փխրուն քաղաքին.
սարսուռ էր ու դող. հազար ու մեկ օր …
և կարող չէի
մինչև վերջ զգալ ողորկ իմաստն այդ աշնան գիշերի:

Ազատ, բացօթյա, վայրի մաքրություն՝ սենյակներից դուրս.
գինու համ ուներ խոտերին իջնող այնտեղ ամեն գույն.
խոնավ արբի մեջ՝ մերկ, գալար-գալար, մատղաշ ու ճկուն …
և այրվում են դեռ խորը ափերը ծանր ձեռքերիս:

Այդքան մեծ երազ ինչպե՞ս ընդունեց գիշերն այդ աշնան:

Աշնան գիշերը՝
խոնավ արբի մեջ՝
թեք բլրի
հատված ծառերի այգում …

Մարմինդ՝ թավիշ, ցող՝ կաթիլ-կաթիլ:

3. Աղջիկը, որ ունեցել է գիշեր

Փխրուն ես՝
ինչպես հեքիաթի տողը –
նման ծաղիկի:

Դժվար է մարմնիս հիշողությունը, փողոցի աղջիկ,
խութ ու սարդոստայն.
մեր կիրքը՝ հին թուրմ, թավշյա երազ էր,
դառը ծխախոտ ու թթու գինի.
ու միշտ էլ տաք էր աշնան գիշերը Օղաձև այգում:

Եվ չի գրվելու այսուհետ տողս առանց քո բառի:

Այն, որ կյանքն է քո, կանխավ եմ ապրել՝
ցնորք ու երազ.
ինչ-որ տեղ ես էլ խենթ եմ ու մի քիչ փողոցի տղա.
այդպես էր գրված՝
գինն եմ քո մարմնի ու թիվը ծախվող:

Ճամփեզրի քարն ես.
ու վերցնում եմ քեզ, փողոցի աղջիկ:

Եվ ի՜նչ ավյուն կա երակներիդ մեջ,
առատ հորձանքի ի՜նչ տաք ջրեր են ափդ ողողում,
որ միանգամից կարողանում ես այդպես նվիրվել
ու տրվել մեկեն:

Մեծ
գիշերներիս
անքնություն ու

տանջանք՝
մեղավոր:

Մանրիկ գայթում ես, սահում ես – դյութանք
ու՝ քուչո-քուչո …
ու միշտ կո՛ւյս ես դու, փողոցի աղջիկ,
պարզ ու միամիտ:

Ու ես գնում եմ
կրկին խմելու՝
միայն
քե՛զ
համար:


4. Աղջիկը, որ փողոցի գույնն է
Այսպես՝
թափանցող,
ինչպես … ոչ մի կին:

Փունջ-փունջ կաթում է վարդը ոտքերիդ –
ոգի փողոցի ու սովորություն.
քաղաքի երգն ես՝ մութ ու լույսի մեջ, գտնված պատկեր,
ու չունես քեզ հետ մեկ այլ ծանրություն, բացի քո մարմնից:

Քամուց թրթռում ու խենթացնում է դողը հմայքիդ՝
դեմքիդ սև շղարշ՝ միշտ կողքից նետվող մազափնջիդ հետ.
և չեն բարձրանում խումհար աչքերս
քո այն տեղերից,
որ չի հասցնում հագուստդ ծածկել …

Ո՞ր գիշերն է այն՝ արծաթ ու եղեգ,
որ կարողանա քեզ՝ որպես երազ, ամփոփել իր մեջ:

Արձակ, ինքնահոս, բաց ու անկանոն,
օրենքներից դուրս.
և քո այդ տեսքով – հանցանք ու խախտում՝ մի աշխարհ արժես:

Ձեռքերիս՝ գույն է համը ազդրերիդ
ու ծաղկափոշի,
ափիս մեջ տաք է թրթռուն վարդը հալվող կրծքերիդ,
և անընդհատ է աչքերիս երգը՝
ձիգ կոնքերիդ շուրջ:

Գինին,
աշունը,
մութի խշշոցն ու
լիճը
Կարապի …

Առատ սիրտ ու լույս ու լիքը կյանք կա խոկումներիդ մեջ:

Եվ չես խաղում դու.
մի պատառ գիշեր, մի կտոր փողոց ու մի քիչ խմիչք –
սա է, ինչ ունես տալ ու առնելիք:

Հորդում ես միայն ու չես պահանջում.
բարի է լույսդ:

Եվ ի՞նչ մեծ բան են հղկած տողերս՝ կյանքիդ համեմատ:

5. Վերջին խոսք աղջկան
Գնում եմ,
ուշ է.
այսքանը և վերջ:

Աշուն է ու թաց.
ու թողնում եմ քեզ ու քո փողոցը՝ միրգ ու վարդաջուր –
երա՞զ էր, թե դող` գիշերների մեջ:
Գետը, ուռենին՝ թել-թել տաղավար, թեք՝ ինչպես կամուրջ.
ու չկար տանիք կամ ուղիղ ասած՝ բարձ ու անկողին –
անընդհատ երթն էր այգի սահմանող ամուլ ծառերի:

Եվ չես մոռանա,
ինչ որ դո՛ւ տեսար,
Երևան քաղաք …

Ուրիշ ի՞նչ անեմ, աշունն է նեղում, տուն պիտի գնամ.
գույն-գույն հավաքեմ գրպաններիս մեջ ցրիվ հեքիաթս,
որ լիուլի է մի կյանքի համար.
սա է՝ ինչ մնաց:

Անձրևը՝ թաց լույս, հետքը կողողի, ու կավլի քամին,
թավիշ-ձյուները փունջը կծածկեն տրորած խոտի,
ու նոր գարունը կպատմի գույներ, ուրիշ մի հեքիաթ:

Եվ այն
տողն ես դու,
որ միշտ գրվում է
խոտոր
լուսանցքում.


ու ես սիրում եմ գծերից այն կողմ, չափված խաղից դուրս:

Դե ինչ, գնում եմ …
դու միշտ տաք մնա քո հին փողոցում.
փոքրի՛կս, նաև լինում է այդպես, կյանք է, ի՞նչ արած:
Խմած չեմ, ոչ էլ սիրտ կա կատակի,
սթափ եմ ասում.

վե՛րջ
ամեն
խաղի …


ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Մաքուր, անվերջ մաքուր մի կին
Ծո՜ւյլ
պտտվում է կազինոն՝
հոգնած խաղից.
կանգնած ժամեր – թմբիրի տակ ու ձանձրույթի,
ու ծխի մեջ՝
խմիչքի հոտ թանձր բուրող
տղերքի:

Դուրս եմ գալիս՝
գրպաններս ներսից շրջած ու տակ տված,
ու փողոցում ուրվագիծն եմ փնտրում մարմնիդ՝
վերջին իմ ունեցվածք:

Քայլերս՝ դող, քեզ են բերում
հագուստի մեջ հազիվ պահված մի մարմին՝
երկնքի դեմ մեղավոր ու ընկեցիկն այս թաց հողի:
Բերում եմ քեզ՝ մարմինս լերկ,
գծուծ վարձը ինձ այնքան պետք մի գիշերվա,
որ ձեռքիդ մեջ կերակրվեմ՝
թռչուն կամ շուն:

Քշված կյանքից – դարձած անպետք ու թուլություն,
գիտեմ, հոգիս,
քե՛զ եմ միայն այս աշխարհում ես հարկավոր
և չեմ կարող տանուլ տալ դեռ
թանկ արժեքդ՝ խաղից կեղտոտ սեղաններին:

Այս քաղաքը հին վկան է իմ խոստումի.
միշտ չէ այդպես փախուստ տվել կյանքն ինձանից,

մորից ե՛ս էլ ծնվել եմ սուրբ,
շոյել լույսը,
խորունկ սիրել ու սիրվել եմ՝ փխրուն հեքիաթ.
ո՞վ իմանա՝ ինչ է պահված իր ընթացքին:

… Օրը փեղկվում է ստվերի մեջ՝ ծո՜ւյլ –
նույն պտույտն է.
ուրիշ մի կյանք՝ խուճուճ աշխարհ՝ սեղան ու խաղ:

Կո՛ւյս լինեիր,
մաքուր, անվերջ մաքուր մի կին.
դողով-դողով գուրգուրեի ծնկներդ տաք,
դեռ թավշեծածկ,
մեկ-մեկ, մութ օրերս մեկ-մեկ
արտասվեի պիրկ ազդրերիդ
ու կանչեի աղոթքիս մեջ՝
փոխարենը քո անունի.

– Իմ անառակ,
անառա՛կ
իմ աստված:


2. Տողերս փուշ-փուշ
Պես-պես բառերն այս,
որոնց ընտրել եմ այնպես եռանդով
ու հատիկ-հատիկ շարել կողք-կողքի՝ տողի կանոնով –

ո՞ւմ պետքն են արդյոք:

Մաս-մաս փրկեի օրերիս ասքը դեղին ավազից
ու բարկ մատներիս ծորուն կրակով
գրեի մարմնիդ՝

որպես
իմ միակ
բանաստեղծություն.

և ամեն անգամ՝ քո մերկանալուց,
կարդայի մարմնիդ տաք մագաղաթին
տողերս … փուշ-փուշ:

Այդպես ստացվեց.
ինչ ունեմ-չունեմ գրված է մարմնիդ,
ի լրում ցավի՝ մենությանս դեմ վճարված արժեք:

Կանգնի՛ր՝ անվերջ մերկ,
հո՜ւյլ տերևաթափ և առանց ծածկոց,
որպես կենդանի արձան-մագաղաթ՝ կորստյան հողիս:

Ու երբ կմաշվի բառը աղոթքիս,
կթողնեմ խաչս,
փափուկ կմտնեմ կեղևը մարմնիդ՝

ձայնս պահ տալով շերտ-շերտ փաթեթին տաք մագաղաթիդ:

… Այս փնթի կյանքում,-
որ վերցրել են ինձ անպետք իրի պես
ու մի կողմ դրել,-
իմ հենման կետն ես, շիփշիտակ պոռնիկ –
լրբությունն այս զեխ
գոնե մե՛կ անգամ շրջելու համար:



3. Քունքիս՝ փշրված վարդը պսակի
Ոչինչ,
ոչի՛նչ արժեցող
մատնաչափ մի կյանք …

Այս սնամեջ-մունջ հեքիաթից հետո
ինձ մնաց նստել պաղ ստվերի տակ կաթացող ցավի,
չափած-կտրածս խոթել բաժակը դառնահամ օղու
ու խմել կում-կում:

Ի՜նչ մեծ երազներ՝ իմ կոպերի տակ, որ սուտ դուրս եկան,
նույնքան էլ բարձունք, որոնց բաբախն էր տաք քունքերիս մեջ.
ու թվում էր, թե մեկ-երկու քայլ ու … կմտնեմ պառնաս:

Ինձ վկայեցին երկու հրեշտակ՝ փոխարեն մեկի,
ու պատգամախոս մի խումբ կանայք էլ ծեսն էին հսկում.
վիճակված էր ինձ իմ մութ հատակից միշտ վեր բարձրանալ,
դառնալ առագաստ ինձ երկար ծածկած ջրերի վրա:

… Քշել են գավիթ՝ վզիս ալ երիզ՝ մատաղացու գառ
(քարերին թափված արյան տաք գույնն է ծիրանի թվում),
ու կարծում եմ դեռ վարդը ափիս մեջ բանաստեղծ եմ ես –
տաճարի մասին ու քանդակների,
հենց դանակի տակ,
ծո՜ր-ծոր ոգում եմ բանաստեղծություն:

Պոկեմ մարմինս իմ ավեր հողից՝ քայլեմ ուղիղ քեզ,
ոչինչ արժեցող մատնաչափ կյանքս թերթեմ ծնկներիդ,
ու տողատակում անգիր պահվածը անգամ քեզ չասեմ:

Համբույրդ շուրթիս՝ միակ գաղտնիքը՝ ինձ հետ տանելու.
դու հուշը սփռիր՝ որպես տաք օրհներգ՝ իմ ճանապարհին.
հիշի՛ր, աղջիկս, էլ չեմ դառնալու այս փլվածքներին:
Ու երբ կհասնենք,- քունքիս՝ փշրված վարդը պսակի,-
այս մոլորակից մեր մարմինները նետելու գծին,
հետգրության պես մի տող կթողնենք սահմանաքարին.

- Երկիր,
նորի՛ց կոտրված խաղալիք,
քո ոչինչն եմ ես:


4. Գին են դրել քեզ
Սառը քաղաքի
ապակե դեմքից՝
լուռ ու աննկատ
ներքև գլորված
վերջին կին – իմ սեր:

Չոր թևերիս մեջ
ավերված մարմնիդ հո՜ւյլ ծանրությունը
երկար տանելու ուժը դեռ ունեմ:

Դարձս նման է քեզ ծանոթ այցի.
մտքո՛վդ չանցնի, թե գալիս եմ ես
խոստովանության,
թեպետ ծայրեծայր համբուրելու եմ
մարմինդ քամված…

Դու դեռ կարո՛ղ ես
ինձ հետ մինչև վերջ լինել անամոթ:

(Ես հոգնել եմ
ցամաք սերը սենյակներում գլորելուց,
և անկողնու փափկության հետ, գիշերվա մեջ,
սեր խաղալուց):

Լպիրշ աչքերով,
ճիշտ այնպես՝ կյանքը ինչպես տեսել ես –
թարմ վկայություն հասարակաց տան սպիտակեղենի.
գի՛ն են դրել քեզ՝ մի կես գրպանի պարունակություն ...

Վե՛ր կաց,-
ի վերջո պահն է՝
անշապիկ բառեր դուրս բերել տողան –
ուղիղ իմաստներ կավին չգրված նախնական լեզվի,-
էլ չունես (վաղուց) տիրոջ դռան հետ տալուառնելիք.
ամեն մի աղոթք ձեռագործել ես՝ հյուսկեն թաշկինակ,
այս քուրջ-աշխարհի ծանրութեթևը գիտես – կշռաքար …

Կախի՛ր ծածկոցդ դռան հետևում՝
նշխար ներքինուն,
ու ժայթքիր փողոց՝
բուռն պահերիդ նախընտրած տեսքով.

ի՞նչ է կնություն – երբեք չիմացար, ի սկզբանե՛ կին,
էլ ո՛չ ոքի սեր – քաղաքի հևքն ու քրտինքը մարմնիդ:

(Մերկությանդ դեմ
թող որ ամաչեն՝
հագուստների մեջ
խնամքով պահված
սրբուհիները):

… Բառին եմ տալիք.
անվերջ չմարվող մուրհակ է տողը.
պաղ ցողից դեռ թաց՝ փշի պես ազնիվ դափնու նոր պսակ –
քո ամբողջ-արժեք ոտնահետքերից աճած վարդերը
փշրեմ քունքերին՝
օրվա ընթացքը աղբակույտի մեջ ոտքով քչփորող
բանաստեղծների …

Միզելու դեղին թացությամբ պպզել խուճուճ քաղաքին –
ծալված ծնկներիդ, վերջին կին ու սեր, վճարված տողն է՝
տալիքդ բառին.

- Դուք սատկելո՛ւ եք, իսկ ես՝ կմեռնեմ:


1. Եվ մենք գրում ենք
Գոնե այս անգամ
արտակարգ ոչինչ ինձ չի պատահել՝
գրելու համար …

Ես օր-օրի եմ ստույգ համոզվում,
որ կատակ բան չէ այս կյանքն ապրելը.
և մենք գրում ենք վախի տագնապից,
ոչ թե սիրելուց.
քանի որ չունենք մեզ պաշտպանելու մեկ այլ տարբերակ:

… Ու եթե վերջն է հուզում բոլորին,
ես ստույգ կասեմ, թե ինչ կա այնտեղ.

իմ վերջին օրը այս երկրի վրա
շքեղ կլինի –
ես մեկ-մեկ, զույգ-զույգ կհավաքեմ իմ բոլոր էջերը
ու մեկ կույտի մեջ կրակի կտամ:

Իմ վերջին օրը այս երկրի վրա
ու միակ անգամ,
կլինի շքերթ-կրակահանդես
բանաստեղծության:

… Ինձ մերժեց հայրս,
չի ընդունելու նույնպես իմ որդին.
իսկ ես պարտավոր-դատապարտված եմ նրանց հասկանալ:

Կրունկների ի՜նչ հետքեր եմ տանում ջահել թիկունքիս …
այդ ե՞րբ էր մարդիկ որ դաժանացան:




Շանորդու տեղն է –
այդ օրից մինչև օրն այս՝ սոսկ-ածանց,
երբ ես գրում եմ.

– Անցյալով եմ, Տե՛ր, խոսում քո մասին:

Ու՝ ետ-ողորմա –
այստեղ կրկնում եմ իմ այս տողերը
մուսուլմանի պես.
որպես Ղուրանի ճշմարտություններ,
որ չմոռանամ.

– Ես օր-օրի եմ ստույգ համոզվում,
որ կատակ բան չէ այս կյանքը ապրել.

և մենք գրում ենք
վախի՛ տագնապից,
ոչ թե սիրելուց …



2. վախի տագնապից,
Կոկիկ ու մաքուր՝
ես բառի տեսքով կրկին կպառկեմ
տողերի միջև՝ իմ միակ խաչին –
առանց ավելորդ հագուկապերի:

– Հայր իմ,
ինձանից մի՛ հեռացրու
վերջին բաժակը.
իմ իրավունքն է այս երկրի վրա …

Ճիշտ բառի տեսքով
ինձ արարեցիր՝
օղու,
հաշիշի,
մեղքի արանքում.

ու գլլացրիր
փողոցից մինչև
փնթի գետնատուն
ու պոռնկանոց …

Եվ պայծառացման
քո տաք երկինքը
ափիս մեջ սեղմած –
դարձա թաշկինակ՝
մատ ու
շուրթերի
ու քթի համար:


Իմ բաց օրերում
քանի՞ աղբաման
դատարկվեց իմ մեջ
քո պայծառացման
չքնաղ երկնքում …

Դժոխքում
վարձս
կլինի
ուղիղ
ապրածիս
չափով:

Հա՛յր իմ, հա՛յր իմ, ի՛մ …
որպես բառի միս
ինձ շպրտեցիր
քո տաք երկնքի
աղբամաններին.
և ես երդվեցի
ձեռքս բառի տաք մարմնին՝
իմ մսին.

– Ավաղ,
բա՛ռն էլ մաշվում,
հնանում է:

… Չեմ հրաժարվում տողի ելնելուց՝
իմ միակ խաչից.

– Հայր իմ,
ի՛նձ թող իմ վերջին բաժակը՝
այս երկրի վրա:


3. ոչ թե սիրելուց:
Այս երկրի վրա
իմ աղոթքներին շրջված միակ ունկ՝
շեղված կին-մերժում.
կրունկներիդ տակ մեկ-մեկ ջարդոտիր
այն սև-վարդերը,
որոնք ծաղկում են՝ իմ հողաթմբին դրվելու համար …

Մաս-մաս վերջացա՝
Աստծո արանքում և սատանայի.
իմ օրն ապրեցի
օրինախախտ ու միշտ կանոնամերժ …
Եվ չեմ խոստանում, թե ես այսուհետ
կլինեմ շիտակ՝ մեկ տիրոջ ծառա:

Դեռ կասկածում եմ իմ պառկացույցին՝
տողի արանքում ու կոշտ թանաքի.
– Իմ բա՛ռ, ինձ ազատիր իմ ստվերից,
որ ծածկում է քեզ՝ իբրև իմ մարմին:

Տեղը-տեղին-ճիշտ՝ իմ պատերազմը
հայտարարում եմ –
ինքնասպանության իմ վերջին փորձը
հաջող կստացվի.
անվերադարձ եմ իմ օրը կորցնում՝
միշտ ծերանում եմ:

… Հին է իմ տոհմը,
և իմ արյունը հոգնած ու ծեր է.
չունեմ հայրենիք,

ժամանակի մեջ չունեցա սերունդ,
որին պատկանեմ:
Հողն ինձ մերժում է.
իմ աղոթքները չեն հասնում երկինք.
ես չեմ ավարտվի հոգեբուժարան-մահից հետո էլ …

Կրունկներիդ տակ մեկ-մեկ ջարդոտիր
այն սև-վարդերը,
որոնք ծաղկում են
իմ հողաթմբին դրվելու համար …


ԼՐԱՑՈՒՄ

1.Հուդայի աղոթքը
Ես գիտեմ բեմը
և վարագույրի խորհուրդը չքնաղ.
և խաղատունը, և այն գնդակը,
որի մեջ նստել … իմ երկրագո՛ւնդն է –
ես այն ճեղքել եմ, ներսի՛ց եմ պատռել.
մնում է խաղալ պարտադիր դերը՝ մինչև վերջաբան:

Չե՛մ հրաժարվում. 30 արծաթն իմ իրավունքն է –
պատրաստ եմ լինել դերակատարը այս անվերջ վերջի:

Մասունքատուփի իմ պահուստ-արժեք – միակ թալիսման.
ինձ տրված գինն ես,
ինձ շապիկ-ծածկոց – ծախու կին՝ իմ էգ.
նետում եմ սեղան՝ հնար-հաղթաթուղթ – ամենաարժեք՝
տանուլս դարձնեմ,
որ կրկին խաղամ հարկադիրը այս ու կորցնեմ էլի:

Դու գիտե՛ս խաղը – չկան կանոններ …
ու կուլ ես գնում. քո հաճույքն է այդ:

Այս տաք մեղքի մեջ երկար պառկեցինք՝ իմ կին-հրեշտակ.
ինչ-որ տրվել էր քամեցի սպունգ՝ քացախով ծծված.
(ի՞նչ պիտի ասես, որ ես զարմանամ,
ի՞նչ պիտի ասեմ, որ քեզ զարմացնեմ).
կյանքը շուտ-շուտ էր – ապաշխարելու օրը ճեպ անցավ.
իմ գի՛նն եմ խաղում.

– Մի գայթակղվիր, Տեր, 30 արծաթ իմ թուլությունով …

2. Անդին

Ծանր կլինի, նույնիսկ իր հողից, քարն այս – շիրմաթումբ:

Փունջ-փունջ երազներ … ու ողջը հողին՝ մի պատառ մոխիր:
Հեքիաթն էր թիթեռ – լույսի ստվերում՝ փշրված աղջիկ:

Կինը՝ ապրած կյանք, կգա շատ հեռվից –
անցած ճանապարհ.
դաշույն կխրի թաց մենության մեջ …
ու ճիչը՝ հեղձուկ:

Թղթեր խունացած, կես-ջնջած տողեր – մերկ ու ալանի.
ո՞վ էր, որ կանչեց… անո՞ւն էր ճշտում. ու բառ չէր ճիչը:
Փափուկ կթերթի կինը, որ երգ էր –
ժամադրություն՝
վերջին, այս չասված խոստովանության:

Հին պատերից ներս՝ գույներ փոշու մեջ՝
անփույթ ու դաժան.
օրը՝ ուղեկցորդ – սկզբին տանող դարձ ու հետևակ:

Կինը կթերթի, ուր կա և ինքը՝ դաշույն տանջանքի,
ու կամաց կասի.
«Ապրելու համար տրված ժամանակ՝ գնված բառերով –
թղթե երազներ,
որ չեն կշռում կյանքի մեկ օրը»:

Բակում ծխուկներ՝ տողերը կիսատ.
այգին՝ մացառուտ:
Իսկ կինը երգ էր, տանջանքի դաշույն ու հին ճանապարհ:


… Պառկած՝ տող թղթին – վերջին անկողին – մոխիր մի պատառ.
թաց կոպերի տակ՝ մոտիկ շիրիմներ, որ առաջ ընկան:

Ո՞վ էր, որ կանչեց …



1. Վերջին աղոթք
Անձրևներից
հետո, որոտներից
հետո ու ձնհալից
հետո՝

մի՛ կործանիր, Տեր,
այս քաղաքը միշտ …

Մեղավոր մի կին
մերկանում է դեռ
այս միշտ-քաղաքում.

մեղքի մեջ՝
ազատ, կրքի մեջ՝
անզուսպ, տրվելու մեջ՝ ճիշտ:

Իմ փոշոտ տեսքով,
երբ կպտտվես
քաղաքում այս միշտ.

եկեղեցին՝
փակ, խանութները՝
փակ, ու փակ՝ շուկան –

մեղքի այդ կինը
քեզ կընդունի, Տեր,
իր վերմակից ներս …

Կծկումներից
հետո, գոռոցներից
հետո, և անկողնուց
հետո՝

ավերված մի կին,
այս միշտ-քաղաքում,
փլատակի պես
աղոթում է դեռ…

Ոչնչից հետո
մի՛ կործանիր, Տեր,
ոչինչը այս միշտ…

Այս դե՜ռ-քաղաքում՝
(տրվելու մեջ ճիշտ),
իմ փոշոտ տեսքով
Քե՛զ պահպանիր, Տեր –

օղու կրպակում,
ծառի տակ պառկած,
մեղքի մեջ կնոջ:

… Պի՛նդ պահպանիր, Տեր,
մեղքի կնոջը,
որն ինձ
(քո՛ տեսքով ինձ)
իր միակ՝
ներվելու վերջին
հնարն է զոհել:

1997-2002 թթ.
 

Ստեղծագործություններ