Նորայր Սարգսյան

Կյանքը երկար ինքնասպանություն է

Norayr_Sargsyan
    - Մենք ոչ մեր ծնողների երազած տղերքն էղանք, ոչ էլ մեր, հըն ի՞նչ կասես, Ճուտո:
    - Լցրու` մի հատ էլ խմենք:
    Արմենը դանդաղ լցրեց օղու բաժակները ու մի տեսակ ժպտաց, վաղուց արդեն մարած ժպիտով, որը, եթե երեխաները տեսնեին, կվախենային, բայց որը մանկական ժպիտ էր Ճուտոյի համար: Նույն ժպիտը, որը տեսել էր 40 տարի առաջ, նույն ժպիտը, որովհետև նրա աչքերն էլ քառասուն տարի մեծացել էին այդ ժպիտի հետ: Բաժակները սովորության համաձայն վերև բարձրացրին, Ճուտոն փորձեց մի բան ասել, չկարողացավ, ուղղակի խմեցին: Օղին դառը թվաց, ոչ թե շատ էժան ու վատը լինելու պատճառով, այլ որովհետև օղի էր բառի բուն իմաստով: Ոչ թե այն օղին, որ մի ժամանակ խմում էին ուրախանալու, պարելու կամ խիզախության համար, այլ նստելու, տխրելու համար: Ուղեղները մեկ-մեկ պայծառանում էր, մարմինները մի քիչ տաքանում ու սկսում էին անվերջ խոսել: Ափսոսանք արդեն չկար, դրա փոխարեն ինչ-որ դիտորդի հայացք էր իրենց ապրած կյանքին:
    - Ես գիտեմ, հաստատ գիտեմ, թե ինչն էր պատճառը, որովհետև մի մարդու համար կործանարար է մի քանի հոգու երազանքը իր վերաբերյալ,- մի տեսակ հոգնած ասաց Արմենը, կարծես հասկացել էր մի բան, որ էլ ընդհանրապես կարևոր չէր:
    - Չէ, էէէ, ես հաստատ գիտեմ, որ պատճառը իմ բոյն էր: Ֆուտբոլիստ չդարձա բոյիս պատճառով, նորմալ կնիկ չկարողացա ճարել նույն բանի պատճառով, ու տենց մինչև հիմա: Փոքր ժամանակ անընդհատ երազում էի էնքան բոյովանալ, որ հասնեմ պահարանի վերջին դարակին, լիքը կանֆետ կար էդ դարակում: Երբ հասա այդ բոյին, արդեն կանֆետ չէի ուզում, ուզում էի հասնել հորս սիգարետներին, որոնք պահարանի գլխին էին դրված ու ըտենց մինչև էսօր:
    - Ի՞նչ ես խոսում, դու ինձնից էնքան էլ կոլոտ չես:
    - Բա ինչի՞ եք ինձ Ճուտո ասում, չնայած, հա, հենց տենց, լավ էլ բոլով եմ, ինձնից կոլոտներն էլ են ֆուտբոլիստ դարձել,- Ճուտոյի դեմքի արտահայտությունը հուշեց, որ նոր բաժակի հերթն է:
    - Արի էս մեկն էլ խմենք աղջիկների կամ սիրո կենացը:
    - Ի՞նչ, հաստա՞տ ես որոշել::
    - Ճուտ, հիշո՞ւմ ես,- խոսքը հատուկ ձգելով սկսեց խոսել Արմենը, վախի նման մի բան կար նրա տոնի մեջ, կարծես մորը ասում էր երկուսի մասին,- որ մի հատ աղջիկ կար է, Անի էր ոնց որ անունը, սիրում էիր գժի պես:
    - Անիին մոռանալ կլինի՞, ինչի՞, ի՞նչ կա որ:
    - Մի անգամ պաչել եմ,- հայտարարեց ու վճռական նայեց ընկերոջը:
    Պատասխանը երկար չսպասեցրեց մի քանի հուժկու հարվածներ տեղացին Արմենի դեմքին: Նա ցավից մի քիչ գալարվեց, մի քանի թունդ հայհոյանքների կրակահերթ եղավ երկուստեք կորուստներով: Հետո Ճուտոն ձեռքը մեկնեց, բարձրացրեց ընկերոջը:
    - Կներես, ապեր,- երկուսով իրար հետ ասացին, ժպտացին, ծիծաղեցին ու տխրեցին, ուղղակի ապրեցին այդ պահը մի խոսքով:
    - Սաղ էս արաղնա, ախր ես քեզ ո՞նց կարողացա խփել, լրիվ կենդանի ենք դարձել:
    - Համաձայն եմ, արաղնա միակ մեղավորը, չթողեցիր շարունակեմ: Ուրեմն էդ աղջիկը մի անգամ էկավ մոտս ու ասեց, որ ինձ ա սիրում, դեմքը էնքան մոտիկ բերեց, որ չդիմացա: Բայց հետո ինչ պետք էր, ասեցի, քֆուր տվեցի մի քանի հատ, լացելով գնաց:
    - Ինչի՞ ես տենց բան արել:
    - Դե, դու էիր սիրում իրան, եթե ես սիրեի էլ, տենց կանեի մեկ ա, դու էլ հաստատ տենց կանեիր:
    - Էտ էլ ես ճիշտ ասում: Մենք հո մի հատ քածի համար չէի՞նք կռվելու, տղերքը տենց բան չեն անի, իսկական տղերքը: Բայց մեղք ա էդ աղջիկը, գոնե ներողություն խնդրել ես՞:
    - Դրանից հետո չեմ էլ տեսել:
    - Գիտե՞ս որ տան համարը պիտի ունենամ, մի հատ հին համարների գրքույկ ունեմ, ձեր հին տան համարն էլ կա մեջը: Արի զանգենք էդ աղջկանից ներողություն խնդրի, միանգամից ձեր հին տուն էլ զանգենք, տենանք՝ ո՞վ ա ապրում:
    Սենյակը տակնուվրա արեցին երկու ընկերով, ինչպես մի ժամանակ էին անում, երբ խաղում էին այս նույն սենյակում: Հետո Ճուտոյի մայրը գալիս, Արմենին տուն էր ուղարկում ու Ճուտոյին մի լավ ծեծում: Դրա համար մի տեսակ վախով էին նայում ճաշասենյակ տանող դռանը:
    - Գտա, ապե, հեսա, սովետի հոտը քաշի հլը: Հիշո՞ւմ ես կարմիր վզնոցները:
    Կուշտ ծիծաղեցին, կուշտ լացեցին, կուշտ ապրեցին մի պահ: Հազվադեպ պահեր ենք ապրում այս կյանքում, մնացած ժամանակ տարված ենք հիմար մտքերով, հիմար գործերով ու ավելի հիմար հետևանքները մեզ վրա կրելով: Կյանքը երկար ինքնասպանություն է, կարմիր ավազով լցված հին ժամացույց, որտեղ ոչինչ նշանակություն չունի, ամեն քայլը մոտեցնում է վերջին, ամեն քայլը: A- ից B ճանապարհ ու ոչինչ իմաստ չունի, ու ոչ ոք իմաստ չունի: Բոլորը ունեն իրենց պատկերացումները, բոլորը ունեն գաղափարներ, բոլորն էլ նույնն են, ոչ մեկն էլ տարբեր չէ ընդհանուր առմամբ: Ու ամենավատ բանը, որ կարող է պատահել քեզ հետ, երազանքն է: Բարի ու չար, սև ու սպիտակ, ոչ մի տարբերություն: Բնական բան է լինում է, մեկին սպանում ես, մեկ ուրիշն է ծնվում քո մեջ, մեկը հեռանում է քեզնից, թողնում է հիշողություն, որը անկասկած ավելի թանկ է, քան հենց ինքը: Բոլորս էլ եսակենտրոն ենք, եսասեր ու մենակ, անկատար ու չձևավորվող: Անգույն ու անհոտ, անհամ ու որոշակի տեսք չունեցող արարածների հավաքածու: Կարմիր աչքեր նկարների մեջ, դեղին դեմքեր ու նեգատիվի մեծ չափաբաժին:
    - Դե զանգի:
    Զանգը չգնաց, հետո կանացի ռոբոտացված ձայնը հայտնեց, որ պարտքերի պատճառով հեռախոսը անջատված է: Տխրության ստվերը կախվեց սենյակի մեծ, սովետական ու անճաշակ ջահից ու սկսեց ճոճվել սենյակով լույսի հետ, լույսի արագությամբ լցրեց ամբողջ սենյակը ու Ճուտոն համարյա լացեց:
- Տղերքը չեն լացում, Արմ, գիտես ինչի՞, որովհետև վախենում են: Հիմա հաստատ հասկացա: Բայց հին սովորություն ա, էլ չի փոխվի, մենք չենք լացի ախպերս:
    - Հիշում ե՞ս Ղարաբաղը:
    - Հիշում եմ:
    - Էդ ա մնացել, չնայած էդ էլ արդեն չկա, բայց կարևորը էդ ա, բոլոր հարցերի պատասխանը: Բոլոր ծնված ու չծնված հարցերի պատասխանը կա մեր հիշողության մեջ: Մեր գոռոցները, ոռնոցները, կյանքի ձգտումը մնացել ա էդ լեռների արանքում, ու բոլորը կարան լսեն էդ, մենք էլ ենք մնացել էնտեղ, տղերքի հետ, մենք հո իրանց մենակ չէինք թողի, իրանք էլ կգային մեր հետ, եթե կարողանային, բայց չկարողացան, չկա էլ էն հոգին էս քաղաքում, դրա համար մենք ըստեղ չենք:
    Ճուտոն երկար ինչ-որ բան էր նկարում թղթի վրա: Ինչ-որ վախեցնող անշտապություն կար նրա գործողությունների մեջ: Արմենի քունը արդեն տանում էր: Պտտվեց ու քնեց: Իսկ Ճուտոն միշտ աչքի էր ընկել իր անհամբերությամբ, դրա համար գիշերները համարյա չէր քնում: Ղարաբաղում դրա պատճառով Բու մականունն էին դրել: 
    Առավոտը եկավ գիշերվա վերջից մի քիչ շուտ, մի 15 րոպե: Ձայն լսվեց, ոչ ձայն չէր, ինչ-որ զգացողություն էր: Արմենի սիրտը սկսեց ահավոր խառնել գիշերվա վերջից 10 րոպե առաջ, 5 րոպե առաջ հասկացավ, որ չի կարող դիմանալ: Անշտապ վեր կացավ, բայց հասկացավ, որ գերագնահատել է իր դիմացկունությունը ու պետք է առնվազն վազի զուգարանակոնքին հասնելու համար: Արագ, մեկը մյուսի հետևից ոտքերի շարժը հիշեցնում էր մի սար, որը բարձրացել էր մի ժամանակ, վերջապես հասավ կոնքամանին ու դուրս թափեց կարմրավուն մաղձ, արյունախառը ինչ-որ բան: Հանգստացավ մի պահ, ուզում էր լվացվել: Ոտքի կանգնեց գնաց լվացարանի կողմ, սովորության համաձայն նայեց հայելուն ու մի պահ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Արագ պտտվեց ու տեսավ Ճուտոյի՝ օդից կախված անշարժ մարմինը, արագ վազեց, ստուգեց պուլսը, վաղուց է, ինչ մահացել էր արդեն: Ոչ վախ կար, ոչ զարմանք ու անակընկալի ոչ մի նշան, ուղղակի ջղայինություն: Ջարդեց հայելին, ատեց իր աչքերը, ամեն ինչ տեսել էր այս կյանքում, բայց այսքան չէր ուզեցել կույր լինել: 
    Երկար նստեց սառած գետնին, նյարդային շարժումներ արեց ինչքան կարող էր, հետո նորից հետ տվեց: Անմիտք նստած էր, ոչինչ չկար ուղեղում, խումհար էր, ահավոր խումհար, ամենաուժեղը իր կյանքում: Հայելու կտորտանքների մեջ տեսավ իր դեմքը, վերցրեց, ուժեղ սեղմեց, այնքան, որ արյուն գա: Ցավ չէր զգում, մահացել էր վաղուց արդեն, հետո քաշեց դաստակի վրայով՝ կտրելով երակները: Պառկեց ուղիղ Ճուտոյի ոտքերի տակ, նայեց վերև ընկերոջ հպարտ դեմքին ու ժպտաց՝ մի կերպ խոսելով: Չնայած դժվար է ասել ընդհանրապես խոսում էր, թե իրեն էր թվում:
    - Ինչ-որ մեկն էլ կա հեռվում, որ զգում ա էս ամեն ինչը, ախպերս, ինքը կարողա հլը չի էլ ծնվել, բայց կա, այսինքն՝ լինելու ա, կամ եղել ա, կապ չունի: Բոյդ հերիքեց, որ կախվես, իմ կոլոտ կամանդիր, սպասի գալիս եմ, մերն էլ ք…… - չկարողացավ ասել վերջին խոսքը, անշունչ մնաց գետնին…
 

Ստեղծագործություններ