lilit karapetyan2
    Ինձ ասել էին, որ այնտեղ աստիճաններ կան, ու բարձրանալու դեպքում կգտնեմ նրան:
    Երբ վարորդին խնդրեցի սպասել աստիճանների մոտ, նա առանց երկար մտածելու արգելակեց: Ես աստիճաններ չգտա. կորել էին, անհետացել կամ ի սկզբանե չէին եղել:
    Ես քիչ ժամանակ ունեի, և ամբողջ օրն ապարդյուն անցկացնելը զգալի կորուստ էր ինձ համար: Որևէ կերպ պիտի նշանավորեի օրս, որ չմոռանայի: Վերջապես, երբ հայրս, որպես կանոն, հարցներ, թե ինչ եմ արել այդ օրը, կարողանայի պատշաճ պատասխան տալ: Մոտակայքում կտրած ծառ կար: Ես չափեցի բնի տրամագիծը: Ես հորս կպատասխանեի, որ այսօր սովորեցի չկտրել ծառերը, ու մի կտրած ծառ տեսա հիսուն սանտիմետր տրամագծով:
   Առաջին փորձի ձախողումից հետո որոշեցի հետևել մեկ այլ խորհրդի. նրան հարկավոր է փնտրել մութ վայրերում, արագ լույս վառել, որ հանկարծակիի գա ու չհասցնի նախօրոք հեռանալ:
  Մթնել էր: Ես վառեցի լույսը: Այստեղ միայն տարբեր տեսակի ու գույնի կոմպոտներ, փոշիով քողարկված տարաներ ու համապատասխան կափարիչներ էին: Նա չկար: Չէր եկել. ոչ մի ոտնահետք կամ նշան չկար: Նա նույնիսկ կոմպոտներից չէր համտեսել:
    Պատուհանից դուրս նայեցի: Սառը քամին հարվածեց դեմքիս: Երկինքն անամպ էր, կենտրոնում` լիալուսինը:
Անհաջողակ լինելու զգացումը համակել էր ինձ: Ամենայն բծախնդրությամբ հիշեցի աստիճանները, կտրած ծառը, բնի տրամագիծը, հիսունի զրոն, տարայի կափարիչը:
    Մտովի բնի շրջագիծը, զրոն և կափարիչը կիսեցի երկու մասի. կիսալուսին ստացվեց: Շուրջս ամեն ինչ` առարկաները, մարդիկ, իրար նման են: Դրա համար էլ փնտրում եմ նրան: Ո’չ, սխալ կլինի կարծել, որ կարոտել եմ: Այսինքն` ես չէի կարող կարոտել, որովհետև երբեք չեմ տեսել նրան: Համոզված եմ, այսպես թե այնպես, մի օր դեմառդեմ հանդիպելու եմ: Պարզապես վերջերս հարցերի լուծման ժամանակ երիտասարդական շտապողականություն եմ ցուցաբերում:
    Այս ամենից հետո հուսահատության ու թախծի համակումը կարծում եմ բնական է: Օրերով տանից դուրս չէի գալիս, չնայած շտապում էի, ու չգիտեի որտեղ փնտրել:
    Ինձ նույնիսկ առաջարկեցին փնտրել գմբեթի տակ: Ես արագ, առանց երկար մտածելու, որոշեցի գնալ` թաքցնելով շտապողականությունից արթնացած թախիծը, հուսահատությունը և հավատի բացակայությունը:
   Չորս ողորկ սյուները կրում էին կամարները, դրանց վրա հենվող գմբեթը ու ճաճանչավոր խաչը: Հետո երկինքն էր, իսկ ավելի վերև` Ամենակարողը:
    Հարկավոր էր բարձրանալ ու Աստծուց անձամբ հարցնել, կամ կանգնել գմբեթի վրա ու փնտրել նրան հեռու հորիզոնում:
    Ամբողջ մարմնով` որովայնով, ձեռնափերով, ոտքերով, գրկեցի սյունը: Անհնար ոչինչ չկար, կարելի էր նմանվել պարան մագլցող մարզիկին: Ընկա ցած, որովհետև ես մարզիկ չեմ: Անկարողության զգացումը նորից համակեց ինձ: Որոշեցի լինել ամբարտավան և հայտարարել իմ անհավատության մասին: Երբ չես հավատում, շարունակում ես փնտրել…
    Փողոցով քայլեցի, շտապեցի, բայց ոչնչից չուշացա: Եղանակը սկսեց ցրտել, կարծես անձրևելու էր: Ավտոբուսի կանգառում կողքիս կանգնած տիկինը անսպասելի ասաց.
    - Գնա բախտագուշակի մոտ:
    Առաջին հայացքից նկատեցի նրա սև գլխարկը, հետո, որ շտապում է, այնուհետև նրա խոհարարական գիրքը:
    Կինը փորձեց բացատրել: Երբեմն հայտնվում էր անելանելի իրավիճակներում, դիմում էր գուշակների օգնությանը ու խորհուրդ էր տալիս բոլորին:
    Կինը մի քանի նորություններ ասաց խոհարարության մասին:
    Սոխը օգտակար է առողջությանը:
    Սխտորը անհրաժեշտ է օրգանիզմին:
   Կաղամբ: Այստեղ երկար խոսեց: Ասաց՝ ընթրիքի համար դոլմա է պատրաստելու: Հարցրեց՝ ինչ դոլմա եմ սիրում:
    - Նախընտրում եմ ածուխն ու երջանկությունը փաթաթել կաղամբով, ու մոտ քառասուն րոպե դնել կրակին:
    - Հետո՞:
    - Ստացվում է եփված ու ածխացած երջանկություն:
    - Իսկ հորթի մի՞սը:
    - Այո: Երջանկությունը նոր մորթած հորթի մսի համ կունենա:
    Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց, ու ես բարձրացա ավտոբուս:
    Պատուհանից դուրս էի նայում ու մտածում: Համենայնդեպս կարելի էր փորձել: Դա գերադասելի էր անորոշությունից ու ոչինչ չանելուց: Կարծում էի` կհայտնվեի կիսամութ սենյակում ու ծաղրածուի նման շպարված գուշակը կխնդրի մեկնել ձեռնափս` գուշակությանն օժանդակելու համար:
    Երբ ներս մտա, իմ դիմաց կանգնեց սափրած գլխով աղջիկ` վանդակավոր գնդակը ձեռքին: Նա մոտավորապես իմ կոնքերից էր կամ մի փոքր ավելի: Աղջիկն ինձ ծանոթ թվաց: Նրան որևէ տեղ տեսել էի` ինչ-ոչ հին լուսանկարում: Հագել էր տափակ կոշիկներ, բամբակյա կիսագուլպաներ, հաջորդաբար կիսաշրջազգեստ, բլուզ , իսկ աչքերը… Նրա գնդակ աչքերում զվարթ արտահայտություն կար:
    Ես առհասարակ լավ չեմ խոսում, հատկապես երբ հանկարծակիի եմ գալիս: Ընդամենը մի քանի կցկտուր բառեր կարողացա ասել, որից նա ոչինչ չհասկացավ: Անկեղծ ասած` ես նույնպես : Ուժերի գերլարումով հայտնեցի այցիս նպատակը: Կարծես մի փոքր տխրեցրեցի նրան, որովհետև ասաց.
    - Իսկ ես կարծում էի` եկել ես ինձ տեսնելու:
    Նա կանգնել էր իմ դիմաց ու գնդակը հանդարտ խփելով գետնին` բռնում էր: Այս գործողությունը կրկնվեց մի քանի անգամ: Նրա պահվածքի մեջ հաստատակամություն կար:
    - Հիշո՞ւմ ես, երբ դու ծնվեցիր, ոչ ոք չհավատաց:
  Ինձ միշտ հաճելի է հիշել ծննդյանս օրը: Նույնիսկ ուզում էի, որ պատմի ապրիլի մեկի, հորս երկմտության և ուշացման, վերջապես հիվանդանոց գալու, հետո տոնախմբության ու արդեն անցած-գնացած անեկդոտների ու կատակների մասին:
    Աղջիկն աշխույժ հայացքով հետևում էր գնդակի թռիչքին, որ հանկարծ չվրիպի: Գնդակը նույնպես ծանոթ թվաց:
    Առաջին անգամ երբ հղի կին տեսա, վախվորած հայացքով նայեցի ընկերներիս: Նրանք հանգստացրին ինձ, ասելով, որ կինը գնդակ է կուլ տվել: Այդ պատասխանն ինձ լրիվ բավարարեց: Դրանից եզրակացրի, որ նմանատիպ գնդակից ծնվել եմ և ես:
    Աղջիկն ինձ առաջարկեց գնալ խաղալու:
    Մերժեցի: Ես դեռ չէի մոռացել, թե ինչու եմ եկել:
    Նա քաշեց ձեռքս:
    - Ես փնտրում եմ նրան,- ասացի, - պետք է օգնես գտնել:
    - Մի’ անհանգստացիր, նա կգա:
    - Ե՞րբ:
    - Ես կասեմ, եթե խաղաս ինձ հետ:
    Խաղահրապարակը բացօթյա էր: Նա միանգամից բաց թողեց ձեռքս ու սկսեց այս ու այն կողմ վազվզել: Ես ինձ լքված զգացի: Այստեղ ոչ մեկին չէի ճանաչում: Եկել էի գտնելու, բայց աղջիկը հուսահատեցնում էր: Ակնհայտ է, որ գուշակների հետ դժվար է, երեխաների հետ` առավել ևս:
    Առաջին անգամ մտածեցի հեռանալու մասին:
    Խաղահրապարակում ծառեր ու շատրվաններ կային, օդը մաքուր էր, աղմուկ չկար: Կարելի էր փոքր-ինչ մնալ այստեղ, թեկուզ ամբողջ թոքերով թթվածին շնչելու համար:
    - Ինձնից երկու տարի հետո, սեպտեմբերի մեկին առաջին անգամ դու գնացիր դպրոց,- ասաց նա:
    - Հիշում եմ: Սպիտակ վերնաշապիկը համադրել էի մուգ մանուշակագույն կիսաշրջազգեստի հետ: Գեղեցիկ էր ստացվել:
    - Սպիտակ կոշիկները մոռացար:
    - Այո՛, բայց վաղուց էր: Ինձ դպրոցում սովորեցրին օղակ պտտեցնել: Դասընկերներիս մեծ մասը բակում էր սովորել: Ես չգիտեի, որովհետև հազվադեպ էի խաղում բակում:
Խաղահրապարակում փորձեցի օղակ պտտեցնել: Ստացվեց: Դեռ չէի մոռացել: Աղջիկը հետևեց իմ օրինակին: Նա դեռ չձևավորված կոնքերն անկանոն շարժեց, բայց երկար չկարողացավ պահել որովայնի հատվածում: Բացի այդ ես ծնկներով էլ էի օղակ պտտեցնում: Մի բան, որ աղջկան լրիվ անհավանական թվաց: Մի քանի անգամ կրկնեցի, որ դպրոցում կսովորի. նրա թափառող ուշադրությունը հեռուներում էր: Նա ինձ չլսեց:
    - Հիշո՞ւմ ես, քո դասընկերները որոշել էին ծեծել քեզ:
    Գլխով դրական նշան արեցի:
    - Որովհետև դու ամենասպիտակն էիր: Իսկ նրանք սևամորթ չէին:
    - Բայց թուխ մաշկ ունեին,- ասացի ես:
    Ես ամենայն մանրամասնությամբ կարող էի թվել դեպքերի հաջորդականությունը:
    Առաջին դասամիջոցից հետո ինձ հայտնեցին համընդհանուր որոշման մասին: Մինչև վեցերորդ դասաժամը ապրեցի միայն սպասելով: Ֆիզկուլտուրայից հետո աղջիկների հանդերձարանում նախատեսվում էր իրագործել: Բայց ոչ մեկը չհամարձակվեց հարվածել ինձ: Չնայած վախենալու պատճառ չկար. ես ամենացածրահասակն էի, նիհարը և ընդամենը սպիտակ մաշկ ունեի:
    Ես երկրորոդ անգամ մտածեցի խաղահրապարակից հեռանալու մասին:
    Նրան կարող էի գրկել, ու միասին դուրս կգնայինք: Ես կշարունակեի փնտրել նրան: Կդիմեի իսկական գուշակների. նրանք չէին հիշեցնի անցյալը:
    Աղջիկը որոշել էր ինձ ցույց տալ ամբողջ խաղահրապարակը: Ընթացքում խնդրեց ճոճել իրեն, սղարանից իջնելիս բռնել: Պատմում էր, որ պահեստներ ու ապաստարաններ ունի: Նարինջներ ու կիտրոններ է պահում` թթո՜ւ, թթո՜ւ: Խոստացավ հյուրասիրել, բայց չասաց` երբ: Շատրվաններից ամենամեծի մոտ նա կտրուկ կանգ առավ: Իրականում շատրվանը այդքան էլ մեծ չէր: Հենց մանուկների համար էր նախատեսված: Վայրկենապես հանեց շապիկն ասելով.
    - Ես լողալ եմ ուզում:
     Թույլ ճչացի:
    Ամռանը գնացել էինք լճափ: Որոշեցի լողալ: Ալիքներից ամենախոշորը մի հարվածով առավ ինձ իր գիրկը: Եթե հայրս չլիներ, հնարավոր է խեղդվեի: Հետագայում մոլբերտի առջև կանգնած հայրս նկարեց լիճը ու մայր մտնող արևը: Երբ նայեցի նկարին, ամուր բռնեցի հորս ձեռքը, որ չխեղդվեմ:
    - Մի՛ անհանգստացիր,- ասաց աղջիկը,- մինչև լճափ գնալը չորս տարի ժամանակ ունեմ: Ես դեռ չեմ վախենում ջրից:
    Իսկապես վախենալու կարիք չկար: Ջուրը հազիվ իմ ծնկներից էր: Նույնիսկ ցանկության դեպքում չէի խեղդվի: Մենք ջուր ցողեցինք միմյանց վրա` հիշելով, որ մկրտված չենք: Հետո աղջիկը խնդրեց օճառել գլուխը: Ասաց` ուզում է մաքրվել: Օճառը քսեցի նոր աճած մազերի հակառակ ուղղությամբ: Փրփուրով լի ջրի շիթերը ցայտում էին այս ու այն կողմ: Մենք ուրախ էինք ու ծիծաղում էինք: Այժմ աղջիկն ինձ ավելի հարազատ էր, քան նախկինում:
    Ես նրան ասացի.
    - Լողանալուց հետո լա՛վ սրբվիր, որ չհիվանդանաս:
    Ես նրան ասացի.
    - (Քանի որ գիտեի ծիրան շատ է սիրում): Ծիրանը խակ չուտես, փորիկը կցավի:
    Աղջիկը մոտեցավ ինձ ու գլուխը հպեց որովայնիս: Ձեռքերով փաթաթվեց ինձ: Նրա` փշերի պես աճած մազերը ծակեցին վերնազգեստիս կտորը ու հասան մաշկիս:
    Ես հոգ տարա նրա մասին:
    Ես աղջկան որովայնով սիրեցի:
    Նա հարցրեց.
    - Հիշո՞ւմ ես,- ու շարունակեց:
    Ասացի.
    - Հիշում եմ:
    - Հիշո՞ւմ ես,- ու պատմեց:
    Ես հերթականությամբ հիշում էի բոլոր դեպքերը` ամենաուշագրավ մանրամասներով: Արդեն հոգնել էի փորփրել այն, ինչ գնացել էր ու միգուցե չէր կարող վերադառնալ: Արդեն անէացել էի միջավայրից, որովհետև ծերուկին ներս մտնելիս չէի նկատել: Նա հանկարծակի հայտվեց: Շատ պատահական` չկար, հետո կար: Մի քիչ հոգած էր երևում: Աղջկա գլուխը հպանցիկ շոյեց ու կհեռանար, եթե աղջիկը չխնդրեր կոճկել իր կոշիկները: Կոճկելուց հետո ծերուկը նույն գորովալից հայացքով նայեց ինձ, հետո` կոշիկներիս:
    - Հիշեցի՞ր:
    - Հիշեցրիր,- ասացի աղջկան:
    Ամեն առավոտ Նշան պապիկը տանից դուրս էր գալիս ու միայն երեկոյան վերադառնում: Աննկատ անցնում էր մեր պատուհանի մոտով, երբ արդեն քնած էի լինում: Ես վաղ էի արթնանում, որ հասցնեի տեսնել նրան, ու խնդրում էի կոճկել կոշիկներս:
    Երբեմն հարբած էր տուն վերադառնում: Ժամերով անօգնական ընկնում էր ծառի տակ: Սկզբում երեխաները ծաղրում էին, նա հայհոյում էր: Հետո սկսեցին քարերով խփել. վերջապես իրենցից թույլին էին գտել:
    Մի անգամ ինձ քաշելով բերեցին նրա մոտ: Ասացին, որ եթե իրենց հետ եմ, ուրեմն պիտի քարով խփեմ:
    Ես դեռ փոքրուց սիրում եմ Նշան պապիկին:
    Հիշեցի ու բարկացած նայեցի աղջկան: Ես փնտրում էի նրան: Աղջիկը պետք է օգներ ինձ:
    - Ես չեմ գուշակելու քո ապագան:
    Աղջիկը կարդաց մտքերս:
    - Գիտե՞ս՝ ինչ կանեմ: Ես կանցնեմ ծիածանի տակով ու տղա կդառնամ:
    Նայեցի երկնքին: Վերևում իսկապես ծիածան կար: Վայրկենապես վախը համակեց ինձ: Ես կարող էի կորցնել աղջկան ու գուշակին: Նա վազեց դեպի ծիածանը, ես ընկա ետևից: Աղջիկը ցատկեց քարի վրայով, մի քանի շրջան պտտվեց սղարանի շուրջը, ու նրան բռնեցի: Մտածեցի` վերջ: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Աղջիկն ավելի ճարպիկ դուրս եկավ, քան կարծում էի: Նա դուրս պրծավ ձեռքերիցս ու վազեց ծիածանի կողմը: Չհասցրեց. ծիածանը թաքնվել էր ամպերի ետևում:
    Այսպիսով` ես համոզված եմ, որ ուզում եմ ազատվել հիշողություններից: Վախենում եմ դատարկության զգացումից ու մենությունից: Աղջիկը նույնպես ցանկացավ լքել ինձ:
    - Աչքերդ փակի՛ր,- ասաց նա` ներում հայցող աչքերը հառելով վրաս:- Ես սկսում եմ գուշակել ապագադ:
Համոզված եմ` ուշադրություն գրավելու համար արեց կամ պարզապես ուզում էր մեղքը քավել: Հոգնածությունից աչքերս փակեցի: Մի տեսակ ուզում էի քնել:
    - 22,- ասաց աղջիկը,- դու ժպտալով դուրս ես գալիս երկհարկանի շենքից թղթապանակը ձեռքիդ:
    26:
    Հաճախում ես բժշկի: Բողոքում ես ականջացավից: Բժիշկը հավաստիացնում է, որ ականջի հետ ամեն ինչ կարգին է: Հարկավոր է հիվանդության օջախը գտնել: Հիմա ինքդ շարունակիր հաշվել:
    - 28: 29: 30…
    - Ո՛չ: Մի՛ շտապիր, ավելի դանդաղ սկսիր հաշվել:
    Ամբողջ թոքերով թթվածին շնչելով` ասացի.
    - 33:
    - Քեզ պատգարակի օգնությամբ իջեցնում են ցած: Սպիտակ մեքենան աղմուկ հանելով` ճանապարհ է պահանջում բոլոր մեքենաներից ու հետիոտներից:
    - 35:
    Ես այլևս չէի լսում: Ես փնտրում էի նրան: Ոչինչ չի կարող ինձ խանգարել: Ես իրավունք ունեմ նրան գտնելու: Այստեղ ծառի բունը նման է օղակի, օղակը` արևի, արևը` տարայի կափարիչի, իսկ կափարիչը` զրոյի: Եթե կիսենք բունը, օղակը, արևը, կափարիչն ու զրոն, կստացվի ծիածան, ծիածան կամ կամար:
    Կիտրոնը նման է նարնջի, նարինջը նման է գնդակի: Եթե կիսենք, էլի կիսենք, կստացվի կիսալուսին: Նույնն է` ինչ կամար կամ ծիածան:
    36:
    Աղջիկը տխուր ձայնով ասաց.
    - Բժիշկները պայքարել են քեզ համար, ի սկզբանե չեն հանձնվել: Այժմ հուսահատ են ու բացասաբար տարուբերում են գլուխները:
    - Ես սայթաքում եմ: Կարծես կանգնած լինեմ արագ գլորվող գնդակի վրա` նման կրկեսի ծաղրածուի կամ խեղկատակի: Հողը փախչում է ոտքերիս տակից: Ոտնաթաթերով զգում եմ հենարանիս ողորկությունը, ու չկա ոչ մի ճեղք կամ ելուստ` բռնվելու համար: Ես այդպես էլ չսովորեցի կառչել:
    37:
    Բացեցի աչքերս: Աղջիկը չկար: Ես տեսա նրան: Ամբողջ մարմնով սարսռացի: Նա կատարյալ էր:
    Ու խոնարհվեցի շատ դանդաղ, խորը ու կոր:

Ստեղծագործություններ