Արամ Պաչյան

Խոսք անազնվության

Aram Pachyan--
    2013թ. հուլիսի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցած Արվեստի եռօրյա ակադեմիայի ժամանակ Արամ Պաչյանի խոսքը՝ ուղղված երտասարդ գրողներին:

    Երկար ժամանակ փորձում էի խոսքս բանավոր կազմակերպել: Ուզում էի ինքս ինձ վստահություն ներշնչել: Ձեզ հետ շփվելու, մտքերս փոխանցելու ձևեր էի ընտրում: Ոչինչ չհաջողվեց: Ընդհանրապես ոչինչ էլ չի հաջողվում: Բայց անհաջողությունից հետո սկսելը ծիծաղելի խիզախություն է: Չի հաջողվում նաև, որովհետև ճիգ եմ անում ազնվորեն մոտենալ հարցին: Այսպես թե այնպես, ինչ-որ ձևով ես կգտնեմ լեզուն, որը հնարավոր կլինի արտահայտել ու ճանաչելի դարձնել, որովհետև ուզում եմ հետաքրքել` չարաշահելով ձեր լռությունը:
    Գրելու մասին ես ոչինչ չգիտեմ, գրելու երկարամյա փորձ չունեմ: Բայց արի ու տես` ասելիք կա: Ես կարող եմ պատմություններ պատմել, անել հարցադրումներ իմ ունեցած մժեղային փորձից` աշխատելով չկորցնել լեզվի անմիջականությունը, աշխատելով  զերծ մնալ ակադեմիզմի ու փիլիսոփայության տեղատվությունից և իհարկե խորհուրդներ տալու մտադրությունից:
    Բեկետը ֆրանսերեն էր գրում, պատումը ոճի վերջին բեկորներից ազատագրելու համար: Թող բառերի փոխարեն ստվերներ լինեն: Կործանելով ոճի մասին հնարավոր բոլոր պատկերացումները՝ Սեմ Բեկետը վերջինն է, ով ստեղծում է նոր խոսքի քաղաքակրթություն:  Հիմայի ու հետոյի ասեղնագործները խորհուրդների ակնկալիք սքանչելի իռլանդացուց թող չունենան: Որովհետև ամենավերջում բառերը, գրողի լավագույն խորհրդատուները, լքեցին նրան՝ հեղինակից վերցնելով ասելիքի բացարձակությունը, նրանք անհատականացան: Այսպիսով՝ խորհուրդը բառի մեջ է մեռնում:
    Ոչ մի խորհուրդ օգնելու կարողություն չունի:
    Գրելու մասին բոլոր խորհուրդները գործնականում դատապարտված են, գուցե այն պատճառով, որ դրանք գրականություն դառնալու հավակնություն ունեն: Այն բոլոր ցուցակներ, կետերը, պարբերություններն ու նախադասությունները, որոնք բևեռված  են գրելու արվեստին, թվում է` շտապօգնության անվճար ծառայություններ են, ինքնակենսագրական խոկումներ, գեղարվեստելու միջանկյալ մի պատմություն: Առաջարկելով` հեղինակը կասկածի տակ է առնում իր իսկ խորհուրդը: Դրանք նման են ճանապարհորդի նոթատետրում արված գրառումների, որոնք պետք են գալիս հետո, երբ նա, տուն դառնալով, նստում է սեղանի մոտ վերականգնելու իր անցած ուղին:
    Այս տողերին գուցե հանդիպած լինեք.
    «Պիտի գրել ամեն օր, չսպասել ներշնչանքի, գրողը պիտի ունենա վատ ճաշակ, նախադասության մեջ նույն բառն երկու անգամ օգտագործել չի կարելի: Սյուրռեալիստները հետաքրքիր տեխնիկա էին մշակել, առավոտյան, երբ գրելու փորձերը ձախողում էին, գրում էին ինչ մտքներով անցներ՝ բառեր, դեֆորմացված պատկերներ, թերի պարբերություններ, անկատար մտքեր, միայն թե չմիջահատվեր դատավարությունը, օգտվեք սրանից ու կունենաք հրաշալի արդյունք: Ինչ էլ լինի, աշխարհն էլ շուռ գա, ամեն օր նստել սեղանի առջև ու գրել հազար բառ: Գրել միայն այն ժամանակ, երբ այլևս անհնար է չգրել, երբեք չբռնանալ: Հեռանալ աշխարհից նրան ավելի լավ տեսնելու համար: Անհապաղ գրել, եթե թարմ մտքեր կան, որովհետև միտքը ապագայում չի հասունանում, ընդհակառակը խամրում է»: Եվ այսպես շարունակ, մինչև փորձարկման հաջողությունը կամ ձախողումը, մինչև խճճվելը, մինչև խորհ արմատը, որից՝ խորհելն է և պարզապես մինչև ուշագրավ նախադասության պոլիֆոնիայի վայելումը, որից հետո վերադարձ դեպի նախակետ:
    Գրելու մասին հեղինակների խորհուրդների ցանկերը տեղադրվում են կայքերում, տպագրվում ամսագրերում, ոգևորությամբ վերատպվում թերթերում: Ըստ էության, դրանք հետաքրքրական են: Համոզված եմ՝ այդ խորհուրդներին հետևելու գայթակղությանը շատերը չեն դիմանում, հիմնականում նրանք, ովքեր գրականության շեմին են, որովհետև լինել գրականության շեմին նշանակում է շփոթվել, իսկ բաց ծովի վրա միայն ջուրն է տեսանելի: Ուրեմն փրկանավի հույս չունենալ, չթպրտալ, ավելորդ շարժումներ չանել, չսպառել ուժերը, լինել ջուր, կապույտ մակերես, լինել այն, ինչը մոռացել էիր:  Ինչ-որ ժամանակ խորհուրդներին հետևելը տալիս է երկրային խորանին մոտենալու որոշակի զգայունություն: Ստեղծագործությանը արդեն հերկված ճանապարհով հասնողներ եղել են, բռնել են հետագիծն ու դրոշմված ոտնահետքերով շարժվել առաջ: Բայց դժվար է ասել՝ ճանապարհի վերջում բացվող ստեղծագործությունը ո՞ւմն է: Արդյոք սա ճշմարիտ ճանապարհ է: Փոքր հասակում, երբ առատ ձյուն էր տեղում, փորձում էինք քայլել մեզնից առաջ տպված հետքերով, այդպես քայլքի ընթացքը մատչելի էր, ձյան մեջ խրվելու հավանականությունը քիչ, բայց  հանկարծ հոգու խորքում առաջինը լինելու ցանկություն էր վառվում, նոր ոտնահետք բացելու խիզախում, որովհետև մեր ցամաքը չէր, մեր ծանրության արդյունքը չէր: Մենք ոտք էինք դնում ուրիշի տարածք և հենց այդ տարածքն էր, որ թելադրում էր իր խորությունը, չափագրում իր սահմանը:    Եթե մերժում ենք բոլոր ճանապարհները, մերժում ենք հիշողության արվեստը, մերժում ենք ստեղծագործության տեղը:  Եթե մերժում ենք թողնված ոտնահետքերը, պիտի մտածել խտությունից զուրկ թեթևության մասին, որ չի սահմանում իր տարածքը և չի տալիս ոտք դնելու ոչ մի առիթ: Եթե մերժում ենք, ուրեմն համաձայն ենք: Ճանապարհի խորհուրդը նույն ինքը ճանապարհն է: Պատմել ճանապարհ գտնելու խորհուրդը կնշանակի հեգնել այն:
    Ժուան-Ցզին ասում է.
 
                    Ովքեր գնացել են,  նրանց ես էլ
                    չեմ տեսնելու
 
                    Ովքեր գալու են, նրանց
                    ես էլ չեմ հասցնի սպասել:
 
                    Ճանապարհը-չի գործում և չունի կերպ,
                    Նրան կարելի է ընկալել, բայց ոչ փոխանցել,
                    Նրան կարելի է հասնել, բայց ոչ տեսնել,
                    Նա ինքն իր փողն է, ինքն իր արմատը,
                    Նա բարձր է աշխարհի բարձր կետից, բայց բարձրահասակ չէ
                    Նա աշխարհի հատակում է, բայց ցածր չէ
 
     «Բոլոր հնարավոր ճանապարհները բացվել են»:
     «Բոլոր հնարավոր ճանապարհներով քայլել են»:
    Պոստմոդեռնիստական այս խաղի մեջ գնահատելի է միայն հումորը, մնացածը անցյալի ներբողագրություն է: Թերակերտության մեջ պոստմոդեռնը այնուհանդերձ կարողացավ չափագրել իր դամբարանը ու միանալ մեռյալներին: Նրա չդադարող խոստովանության ձայնը այլևս քնահարամ չի անում, որովհետև ձայնը հողի տակ կորցրել է իր վճիտությունը:
    Հռոմեացի մեծ պոետ Վերգիլիուսը տասնվեց տարեկան հասակում գրում է մի քանի բանաստեղծություն, որոնցից մեկի` «Մոծակի» բովանդակությունն այս է. հովիվը քնում է, օձը մոտենում է նրան: Ճահճից թռչում գալիս է մոծակը, խայթում հովվին: Նա արթնանում է, ճզմում մոծակին, հետո նկատում է մոտեցող օձին ու սպանում: Մոծակին տապանաքար է դնում, վրան գրում.
                         «Փոքրիկ մոծակ, ըստ արժանյաց քեզ թաղում է անում
                         հոտ պահպանող հովիվը, որ կյանքով քեզ է պարտական մնում»:
    Խորհուրդը, փորձը, դպրոցը - ընդունել բոլորի օգնության խայթը, այնուհետև հուղարկավորել արժանիորեն, առանց մեղքի ու ափսոսանքի:  Թիկունքին փչող արվեստի, մասնավորապես գրականության մեծ պատմությունը մի պահ մելամաղձություն, անորոշություն ու հիասթափություն է սփռում,  պարզվում է որպես թանձր «ճահիճ», բայց սա մարդկության մեծ հաղթանակն է, այն փայլող ասեղը, որ արթնության մեջ է պահում նոր տարածություններ զավթող առաջամարտիկներին:
    Գրելու մասին լավագույն խորհրդատուները ստեղծագործություններն են, որտեղ ամփոփված է հեղինակի կեցությունը, որտեղ հեղինակը այլևս գոյություն չունի, որտեղ բնագիրը ինքնաբեմադրվում է:
    «Բայց ահա կաթիլները մանրացան, ամպը բաժան-բաժան եղավ ալիքաձև քուլաների, այնտեղ, ուր արևը պիտի լիներ, լուսավորվեց և ամպի գորշ-սպիտակավուն եզրերի տակից նշմարվեց մի պատառ մաքուր լազուր: Մի րոպե անց արևի երկչոտ շողն արդեն փայլում էր ճանապարհի ջրափոսերում, մանր, ինչպես մազից ուղղահայաց թափվող կաթիլների շերտերում և լվացված, ցոլցլացող կանաչ խոտերին: Սև ամպը նույն ահարկու տեսքով տարածվեց երկնակամարի հակառակ կողմում, բայց ես արդեն չէի վախենում նրանցից: Հույսի և կյանքի անասելի ուրախ զգացում ունեցա, որն արագորեն փոխարինեց վախի ծանր զգացմանը: Հոգիս ժպտաց ճիշտ այնպես, ինչպես թարմացած, զվարթացած բնությունը: Վասիլին ետ գցեց շինելի օձիքը, հանեց գդակը, թափ տվեց, Վոլոդյան ետ ծալեց ծածկոցը, ես գլուխս հանեցի սայլակառքից և ագահորեն ներծծեցի թարմ, բուրավետ օդը»:
    Լև Տոլստոյի ապրոպից հետո բացվող այս պատկերի նկարագրության մեջ ավելի մեծ խորհուրդ կա քան նրա տեսական բոլոր գրքերում: Այլևս իմաստ չունի պարզել, թե ինչ ճանապարհով է հասել, ինչ միջոցներ է օտագործել: Ամեն ինչ բնագրի մեջ է, բնագրից դուրս ոչինչ չկա:
    Իմ այս խոսքի մեջ թաքնված խորհուրդներ կգտնեք,  դրա համար ես այն վերնագրել եմ «Խոսք անազնվության»: Շրջանցեք նաև այս խորամանկ քայլը, աղբարկղը նետեք ինչ լսեցիք: Գրականության մեջ ազնվությունն ու անազնվությունը  էսթետիկական բանաձևումներ են: Պատմություններն ու բանաստեղծությունները ազնիվ կամ անազնիվ չեն լինում: Ամբողջության մեջ նրանց կամ հաջողվում է ապացուցել սահմանված ճշմարտության վարկածը կամ չի հաջողվում:
    Խորհուրդները ստեղծելու հատկություն չունեն, նրանք կարող են միայն կարճ ժամանակով հույս ներշնչել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Իսկ իմ այս անազնիվ խոսքը ձեռք չի մեկնելու ձեզ: Եվ ընդհանրապես ձեզ ոչ ոք ձեռք չի մեկնելու, ոչ ոք չի օգնելու: Ոչ ոք: Որովհետև դուք մենակ եք և դա միակ անուրանալի խորհուրդն է:
                                                                                                       Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի

Ստեղծագործություններ