vahagn grigoryan

   Ես արդեն այնքան ջահել չէի, որ չտարբերեի կարևորն անկարևորից, բայց երևի դեռ այնքան հասուն չէի, որ գնահատեի ինձ տրված ժամանակը, և ահա հայրս, երևի մտածելով, որ արդեն ուշ է ինձ խրատելը, բայց երբեք էլ ուշ չէ մի փորձ ևս անել, զարթուցիչ ժամացույց նվիրեց:

 Սովորական զարթուցիչ էր, Երևանի ժամացույցի գործարանի արտադրության, մի քիչ ծանր ու կոպիտ, բայց իր գործը լավ գիտեր, ուզածդ ժամին ու րոպեին այնպիսի մոլուցքով էր իր պարտականությունը կատարում, որ խուլն էլ երևի չկարողանար չքմեղ ձևանալ:

  Չգիտեմ՝ ինչքան այդ զարթուցիչն անխափան աշխատեց: Բավականին երկար: Բայց ինչպես և պետք է լիներ, մի օր փչացավ: Ինձ համար էլ անհասկանալի պատճառներով ձեռքս չէր գնում փչացած զարթուցիչն իջեցնեմ պահարանի գլխից, թեև հորիցս, ինչպես թվում էր, ավելի կարևոր հիշատակներ ունեի: Մինչև որ մի օր հյուր եկած ծանոթներիցս մեկի աչքովն ընկավ:

  Միգուցե այն պատճառով, որ նա, իր կարծիքով, հասկանում էր ժամագործությունից, իսկ գուցե էլ ավելի շատ պարապությունից, որովհետև չէր մասնակցում մյուս հյուրերիս ծավալած գրական վեճին, նա պտուտակահան ուզեց, բացեց զարթուցիչս ու սկսեց քչփորել:

  Մեկ առ մեկ դուրս թափեց զարթուցիչիս փորոտիքը, ապա սկսեց հավաքել: Եվ զարթուցիչս աշխատեց, չնայած մի երկու պտուտակ ու էլի չգիտեմ ինչ նա այդպես էլ չկարողացավ ետ տեղավորել:

   - Բա սրա՞նք,-զարմացած ասացի ես:

 - Դրանք ավելորդ էին,-ասաց նա կեսկատակ-կեսլուրջ, բայց ժպիտը մատնեց, որ ինձնից ոչ պակաս է զարմացած:

  Դարձյալ ինչպես և պետք է լիներ, մի քանի տարի անխափան ծառայելուց հետո զարթուցիչս նորից կանգ առավ ու լռեց: Եվ մի որոշ ժամանակ նորից լոկ մասունք էր պահարանի գլխին: Այս անգամ էլ մինչև այն օրը, երբ պարապությունից հիմա էլ ես ինձ ժամագործ զգացի:

  Վերին աստիճանի զգուշությամբ էի քչփորում զարթուցիչս, որպեսզի գլխին նախկին օյինը չգա, բայց ինչքան էլ ուշադիր եղա, վերջում մի երկու մաս ձեռքիս մնացին: Ավելի զարմանալին, սակայն, այն էր, որ առանց այդ մասերի էլ զարթուցիչս նորից աշխատեց:

  Երևի ավելորդ է ասել, որ այդ հաջողությունից ոգևորված, ես ինձ ժամագործ զգացի, և հենց զարթուցիչս կանգ էր առնում, ձեռքս գցում էի պտուտակահանին: Վիրաբուժական յուրաքանչյուր միջամտությունից հետո ձեռքիս էլի մի երկու մաս մնում էր, բայց կարևորն այն էր, որ զարթուցիչը վերակենդանանում էր:

  Տարեցտարի, իհարկե, միջամտության կարիք ավելի ու ավելի հաճախակի էր ծագում, բայց ես չէի դժգոհում, որովհետև րոպեի գործ էր: Ես արդեն ժամանակ չէի կորցնում առանց այդ էլ խիստ նվազած փորոտիքը քչփորելու վրա, պարզապես բացում էի, որևէ մաս հանում, դեն նետում, կափարիչը տեղը դնում, և զարթուցիչս աշխատում էր ինչպես գործարանից քիչ առաջ դուրս եկած:

   Ես, իհարկե, զգում էի, որ զարթուցիչս բացահայտորեն իրեն ոչ թե ժամացույցի պես է պահում, այլ օդապարիկի, որի համար կարևոր չէ ինչ ես դուրս գցում զամբյուղից, միայն թե գցես, միայն թե շարունակի թռիչքը: Բայց ես չգիտեի, դա լավ է թե վատ, կամ ինչի նշան է, որովհետև գլուխս չէի ծանրաբեռնում ավելորդ թվացող խնդրով: Թափելու բան դեռ կար, ես էլ թափում էի:

   Բայց եկավ այն օրը, երբ հերթական անգամ բացելով նորից խափանված զարթուցիչս, ես պոկեցի ու դեն նետեցի վերջին մասը: Ոչինչ չմնաց ոչ մեխանիզմից, ոչ զանգից: Այնուհանդերձ, նույնիսկ այդ վիճակում զարթուցիչս աշխատեց:

   Նա աշխատում է հենց այս պահին էլ: Բացարձակապես դատարկ տուփ, վրան երկու անվրդով սլաք, որոնք դատարկ րոպեներ ու ժամեր են հաշվում, որոնք էլ գումարվելով դառնում են դատարկ օր ու տարի: Չեղած զանգն էլ առաջվա պես առույգ է ծեծում թմբկաթաղանթներս, որոնք էլ սակայն այսքան տարում բավականին անզգա են դարձել:

   Ես չէի նետում այս ժամացույցը, երբ նա դավաճանորեն կանգ էր առնում ու լռում այն ժամանակ, երբ ըստ իս կարող էր այդ չանել, ինչպես նետեմ հիմա, երբ լավ թե վատ, աշխատում է:

   Որքան էլ տարօրինակ է, այս անգամ նա սովորականից երկար է անխափան աշխատում:

   Ինչևէ, այս տողերը գրելիս ես մտածեցի, որ զարմանքս իզուր է, ամեն ինչ կորցրած ժամացույցս անպայման գիտի, որ վատնելու բան այլևս չի մնացել և այս անգամ վերջին անգամ է կանգ առնելու:
                                                       «Թռչունի հոգին» գրքից (Ե., 2002թ.)

Ստեղծագործություններ