Արտեմ Հարությունյան

Հեռուստապոեմներ...

artem harutyunyan
 Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից





ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ`
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ-ԹՈՒՐՔԻ
«ԳՐԱԴԻ» ՀԱՐՎԱԾԻՑ ՀԵՏՈ

Շրջելով
քաղաքում
տեսա`
 
կողպեք
կար
ամեն
ավերված
տան
դռան
վրա-
 
Բաց
էին-
 
տանիքները…

  
ԱՅՍՔԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ՝ ԿԱՎԱՇՈՒՐԹ ԱՂՈԹՔԻ ՀԵՏՔԵՐ
Տե՛ր,
քո ստեղծած
կավաշուրթ մարդը՝
վավաշոտ-վավաշուրթ մարդը,
Շնորհի քամուց քշված-հալածված,
ջրով՝ մկրտված-փրկված,
նորից ու նորից
Հարություն առած
հինավուրց աճյունի առաջ,
 
և չնայած Որդուդ
անասելի ճիգերին,
Չարչարանաց Սուրբ
Չորեքշաբթվա մոխրոց օրերին,
 
Կավը որդնոտել է...
 
Մեղա՛, մեղա՛, մեղա՛, մեղա՛,
մեղա՛, մեղա՛, մեղա՛, մեղա՛...
 
Տեր՝
Քո ծնած կավաշեն սաղմոսը,
որ հայտնվել է
սատանայի և կորպորացիաների
կճղակի տակ...
 
Մեղա՛, մեղա՛, մեղա՛, մեղա՛,
մեղա՛, մեղա՛, մեղա՛, մեղա՛...
 
Որդնոտել է...
 
Անհոգի աճյունն է
հիմա
պալատներ սարքում՝
 
Հյուսիս
ու
հարավ
տանող
ուրվականացած
որովայնաձև
պողոտայի
ցցուն
քիմքի
վրա..
 
Կիսատ սիրո,
անբավարար
սիրո,
փշրված
տաճարի
կիպ կողքին...
 
 
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՐՅՈՒՆ
Անտառից վերադարձը
հրաշեկ ծես է,
իսկ քաղաքը նստած է
պատահական արկածի ուղղությամբ,
բրոնզե առավոտը
սևացնում է ամենաազնիվ արցունքն անգամ,
և ինտերմեդիաների հրապարակում
քամին փախցնում է
մարդակերպ քարոզչի
թիկնոցն ու գլխուղեղը:
 
Փողոցից փողոց՝
ընկնավոր-նշան,
հողը գծագիր է ստանում հենց այնտեղ,
ուր ամպը կիսված է կրակի լեզվով
և քաղաք է մտնում բաց երակներով,
ինչպես ուժասպառ մուրացկան:
Այստեղ վերքը բուժում են խոսքի քսուքով
և ձգում հագուստը աղքատության
հալչող մարմնի նեղ երկայնքով:
Բայց ամպը բացվում է ձեռքով աճպարարի,
կամուրջների շարքը քնում է անմեղ ջրերի վրա
և քշում սառույցը հանգանակության դեպի աղքատներ,
որ քարացած առարկա են
և կորսվելու են պատահաբար:
Գաղտնի արևը մնալու է փակ, ինչ-որ տան վրա,
բայց այնտեղ սեր կար, օրորոց, կարգ-կանոն,
հիմա լույսի մոտ՝ թափոնների մի կույտ,
աչքի հիվանդությամբ տառապող հայացք
և ճիչ՝ ում լքել է քնքշանքը կանաչ հասկի:
Ես կյանքս եմ բերել ուրիշի համար,
ուր միշտ երկինք կա բացված փեղկերով,
ուր հույսը ջրհոր է, և փշրվում է
պատկերը դեմքիդ:
Հողը վերջանում է երազում:
Դժվար ծաղկունք և սեղմ լուսին:
Խոր արմատներ գիտակցության մացառուտում,
ուր պահպանվող կյանք կա թաքուն
և փողոցներ՝ ուր Գորիլլան ուղեկցում է
հարուստ մարդուն,
որ անփույթ է թվում կարծես,
բայց հսկում է ամեն մի տուն,
իսկ սպիդը քողարկում է
իր սոսկանքով ամեն մի բան,
արև, հրաբո՛ւխ, նման բաներ անիրակա՛ն,
ա՛հ, սա ժամն է սուրբ մենության,
ուր թաղամասը միշտ արթուն է
իր մտքի մեջ
և շարժվում է առա՛ջ, առա՛ջ,
մինչև հասնի իր կառուցած արձանների
համառոտված կատալոգին,
ուր միշտ մեռնող ինչ-որ բան կա,
և արևը գիշերային
մեզ շարժում է քնի խորքից,
դեպի մայթը գերիրական,
ուր մի տղա, ասես Ռեմբոն Փարիզի բանտախցում,
աչքերի մեջ քամահրանք, խռիվամազ,
անփույթ խոսքով ճիշտ պատկերն է տալիս սրտիս:
 
 
ԼՈՒՅՍ ՏՎՈՂ ՓԱԿԱՆՔ
Ես սպասեցի
մինչև ապրիլը գա
և նոր փականք դրի
դրսի դռանը,
բայց նա
լույս տվեց գողերին,
որ լի էին
կյանքի ավյունով
և հասկանում էին
ամեն ինչ…
կես խոսքից,
և փույթը չունեին
այն մարդու,
որ փականքներ էր
ամրացնում,
և մահը
շփոթել էր
կյանքի
հետ…
 
 
ԱՆԿԱՍԵԼԻ ՍԱՌՆԱՄԱՆԻՔ
1
Հանկարծ վրա հասնող սառնամանիքը
Մասիս լեռան հսկա սառնարան-ագրեգատից
ձյուն է դնում ընձյուղվող բույսերի դեմքին-
(մինչ այդ Արարատյան դաշտը
բզզում էր հանց ժրաջան մեղու),
ծակում յասամանի բուրումնավետ մշուշը
իր թաց, սպանիչ ասեղներով
(բաց միկրոֆոնը լցվում է տեղական մամուլի
գավառական ճաղատ, ճղճղան ձայներով`
նրանց աշխատավարձը կտրել է բոսը-
որ ընտանիք է պահում Լոս Անջելեսի
Գլենդել քաղաքում
և հույս ունի նույնպես մի օր ճողոպրել ԱՄՆ՝
բաղձալի երկրի քյունջում սթրվելու…,
հենց որ հայտնվի սառը պատերազմի նշանը)…
 
2
Իսկ քաղաքը դարձել է քրիստոնյա խաչ,
աղանդների իրարամերժ ճիչ,
որոնց ծանրությունը Երևանի բնակիչը
անկարող է այլևս իր ուսերին տանել-
խիստ վտիտ է նրա կառուցվածքը,
ոմանք ծանր դրությունից փրկվելու համար
իջել` չորեքթաթ վազող շուն են դարձել.
Մայակովսկու ստիխի շան նման,
որ տեսնելով, որ ժանիքի հետ մեկտեղ,
օրեցօր փարթամացող պոչ է հայտնվել,
սուրում է քաղաքով մեկ, որ չճանաչվի,
և բախվում ԼՏՊ-ի անգլուխ,
սոսկ ոչխարի գեղմ ունեցող ցուցարարներին:                               
3
Չափը հավատքի`
ահա վտիտ կազմվածքի փրկությունը
(եկեք մի քիչ զիջենք ձմռան ընթացքին,
նա դեռ մարդակերպ ունի ծոցում պահած,
որ պարում է հովտում մոխրացած,
իսկ սիրտը մագլցում է
գիշերվա խորխորատից վաղ լույսին ընդառաջ-
շոշափում երազի պես թաց կոշմարը,
մի կողմ շպրտում սատանայի ռետուզը`
դրոշ դարձած խավարում ծածանվող):
 
 
ԱՊՐԵԼՈՎ ՔԼԻՎԼԵՆԴՈՒՄ, ՖՈՒԼԲՐԱՅԹԻ ԻՐԱՊԱՇՏ ՕՐԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ,
ԵՐԱԶԻ ԿԻՊ ԿՈՂՔԻՆ                 
1
Ապրելով Քլիվլենդում, հունվարի դաժան
ծառերի արանքում հայտնված մի տան մեջ,
իբր բարձր դասի համար կառուցված ապարանք,
ուսանողական պանսիոնատի խորքում,
երբեմն հանդիպում էի երազների տրցակի
տարօրինակ հոսքի,
որ այցելում էր ինձ ձյունոտ ծառուղու երկայնքով,
եղանակի շուրթին լսվող սուլոցին համընթաց,
խումբ-խումբ կամ մենակ,
պատռում դուռ ու պատուհան,
ասես թղթե տոպրակ,
անարգել խուժում մաքրամաքուր սենյակ,
գիշերը ջարդում ամեն մի փականք,
պտտում ակնախոռոչը՝ ձյունից էլ ճերմակ,
որ պաշարել էր Քլիվլենդի սև խոռոչները՝
արդյունաբերական ծխի քուլան և մարդկանց,
ընդգծելով մարդու օտարացած հոգին,
էգոիզմից կարծր, հանց անտրացիտ,
բայց որոնց մի օր հրկիզելու էր հալյուցինացիան՝
գերիրական հարթավայր՝ խևոտ էակներով լեցուն,
որոնք հողի հետ գժտվել են վաղուց,
բայց չեն կարող առանց նրա…
 
2
ԱՄՆ-ն պատրաստվում էր հերթական նոր պատերազմի՝
շռնդոցով, շարժում զրահապատ մարմինը
և կցագունդք շպրտում աջ ու ձախ,
բարձր երկնքով անցնող ինքնաթիռները
սագի պես լեցուն էին ռումբի պաշտետով,
որ տանում են գցեն անփող բոմժերի
մի կերպ կարկատած պետության գլխին…
 
3
Ես այցելու պրոֆեսոր եմ Հայաստանից,
և այստեղ՝ Քլիվլենդում
հողից դուրս եկած սերմ եմ ասես
(բայց արմատներս Արցախում են՝ Շուշի քաղաքում),
այստեղ, ուր դոլարը կնճռապատ տեսքով
ամեն ինչ մեղմում է կաթվածի ձեռքով,
և ճակատագիրը՝ կճղակոտն, հիվանդ,
սատանայի ռետուզը հագին,
բիրժայի վերջին լուրերը ձեռքին,
համակարգչի մեծաչվի դեմքին
կտրուկ դաջում էր ինչ-որ մի կապուկ
առատ թվերի,
որոնց մեջ բախտ կար և արյուն
և գործի դնում ազգը ակնթարթում…
 
 
ԱՅԼ ԿՅԱՆՔԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ              
1
Հոլիվուդյան տիկնիկները
շարվում են էկրանի վրա
ասես անձրևի ուլունքաշար,
անկյունային փողոցում եփվում է
մշուշը մոտակա ձմռան,
շքամուտքում հրճվում է
անորոշացող մահվան ցուրտ վերարկուն,
սերիալները անց են կենում հանց անատամ բերան...
2
...Մինչ սիրտս սկսում էր տխրել
տարօրինակ քաղաքական դեպքերի համար,
իմ անզորության և չվերջացող սպանությունների համար,
որի դիրիժորը միշտ մնում է քողարկված,
և իմ մասնակցությունը կյանքին
օրեցօր դառնում է ուրվականային,
որի համար իբրև պատասխանատու չէր և ոչ ոք՝
անգամ այս ոստիկանը-
պետության կողմից գաղտնի լքված,
պատասխանատու էին (ասում էին նախագահի օգնականները)
աստղագուշակները փնթի հագնված...
3
Նորից ու նորից, թվում էր`
նոր ազգային կյանքը հնարավոր է
հիմա, հետո, անգամ վաղը
(վաղը և վաղը և նորից վաղը-
ասում էր շեկ Մաքբեթը արնակոլոլ),
իսկ ես փորձում էի չխաբվել
բարձր դիրք ստացող ամբոխից,
որի ոչխարագեղմ առաջնորդը
հեռուստացույցի կենտրոնական ժամին
ծաղրում էր աղքատացած երրորդ դասին,
ասելով՝
-պա՛րտք արեք
ձեզնից ավելի աղքատներից
և կփրկվեք անգութ սովից...
 
 
ԹԱՓՈՆԻ ՄԵՋ՝ ՄԱՔԱՌՈՂ ՍՐՏԵՐ
Թափոնի մեջ
քաղքենի մի կնոջ
ձեռքի պայուսակի,
որ գողը նետել է վերև
(փրկվեց փախուստով),
ասես մանկության գնդակ,
ասես քամելեոնի օդում ամրացող
ժանգոտ գույն,
հնչում է Բեթհովենի արագ ձևավորվող
«երջանկության ներբողը» որպես բջջայինի հեռախոսազանգ:
 
Սառը պատերազմից մնացել է իբրև
այս հատվածը մարդու մաքառող սրտի…
 
 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԸ
1
Ով ո՞ւմ է ընտրում, անհայտ է, հույժ գաղտնի,
բայց արդյունքները վստահ են` կոնկրետ,
ինչպես իրավական օրենք նշող կետ,
որից ոչ ոք չի օգտվում` չկա՜,
-չի էլ լինելու, էսպես եկել է, էսպե՛ս կգնա,-
ասաց մահվան մոտ կանգնած մի բիձա...              
2
Թատրոնը դարձավ... փողոցային ժխոր,
գործարանի շչակը լուռ է, տմարդի,
բանվոր դասակարգը վերջապես մտավ
խոստացած դրախտի ինչ-որ պարունակ,
որ քողարկված դժոխք դուրս եկավ...                      
3
Իսկ այն պաշտոնյային հօդս ցնդեցրին
հենց իր պետական մեքենայի հետ
և նրա հոգին մեկնեց քավարան...
- Հերթի կանգնե՛ք, «Սատանի մայլի» անգլուխ գյադե՛ք,
ձեր վերջն եկել է, թե ծպտուն հանեք...
Դժոխքի ենթապետն է հանկարծ գազազում`
հարկայինում բաժին էր վարում,
հիմա դարձել է Ապոլիների Բեստիարիայում
երգած թախտաբիթին,
այնտեղ, Երևանում, Երկաթգծի վարչության հոգին
բռում էր պահում,
էստեղ ցեխի մեջ քացախ է սարքում,
համարյա ոչինչ է Բեհեզբուղի առաջ,
համարյա ոչինչ` չնչին մի հոգի, սեղմված ծայրեծայր
ասես լեղապարկում մոռացված սև քար...
 
 
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՈՍԿԵԳՈՒՅՆ ԻՆՏԵՐՄԵՑՑՈ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՎ ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՐ...
Իսկ ես Ժողովրդի դեղնած-բազմաձայն
աշնան հետ եմ քայլում...
Աշունն ինձ կոփում է, օրեցօր մխիթարում,
ասես հռոմեական բանակի կոփածո շարժում,
յոթ մղոնը կյանքի կտրում եմ
դեղնած պուրակների ակնթարթում,
խմում եմ Հայաստանում արտադրվող
դեղին գարեջրի փրփրուն այն տեսակը,
որից դեմոկրատիան դառնում է համարյա դեղին,
համարյա շոշափելի,
ցած թափվող դեղին տերևների պես ճմրթված-մատչելի..
 
Ավելին՝
աշնան հագուստներս միշտ մեծ են վրաս,
և ներսից գաղտնի կարկատած,
կոշիկներս դեղնել են շեկ կավահողից
և անմարդամոտ ճամփեքից...
Յոթ մղոնը, ասացի, կտրում եմ ակնթարթում,
երբ փողի փոխարեն կտրոն են բաժանում
(ընտրաձայնի, սև հացի, ջրի, օդի և «ՍՏսոՈրօ»)
դեղնող պուրակի դիմացի խանութում,
ուր սովյալը փորձում է նորից մարդ դառնալ,
դեղին բուխանկայի միջուկը խժռելով ակնթարթում...
բայց մի՛ք մոռանա,
որ ես հպարտ և անբասիր մտավորական եմ,
ես «стих» եմ գրում ամիսը մեկ անգամ,
աշնան ամիսներին` երեք անգամ և ավելին,
բանկում չունենալով ոչ մի գրվանքա ոսկի,
ես հավատում եմ իմ կեցությանը,
բայց ոսկին նույն աշունն է,
միայն թե դասակարգային արյունոտ պայքարից հետո
քիչ մը խտացած-կարծրացած,
ճգնաժամ ապրող հասարակության համար՝ թանկացած,
նա նույն աշունն է, միայն թե խոժոռ հողի ընդերքում,
նրա տերևաթափը կործանարար է բոլորիս համար,
նրա գեղմը ցնդող միֆ է դարձնում ապրող մարդուն,
երբ վերջինս որոշում է անմահանալ...
 
Հիմա... ձեզ հետ միասին,
ես Ժողովրդի հերոսացած-դեղնած
աշնան հետ եմ քայլում...,
քայլում եմ մինչև լուսինը ցույց տա՝
աներես իր դեմքը դեղին...
Ես մինչև կոկորդս քնքշանք եմ ապրում...
երկիրս ինձ տրամադրել է համարյա ձրի
իր դեղնած աշունը համատարած...,
բայց նա կատարյալ է և բարի...
 
Ոսկին նույն աշունն է,
միայն թե հողի ընդերքում թաքնված,
բայց երբ վեր է մագլցում լպրծուն ընդերքից
հայտնվում են ձմեռ և դատախազ...
 
Ոսկին որպես հողի
միներալների պայքարի
կարևոր հնչերանգ,
որ վեր մագլցելով
լպրծուն ընդերքից,
մարդուն դարձրել է իրեն
կարկատան...
միայն թե Աշնան
դառը քրթմնջոցը
կարող է մի օր
կործանել աշխարհը`
տեղը թողնելով մերկ տարածք...
 
Իսկ ես հավատում եմ բնության խռպոտ երգեհոնին
(ինքս նվագում եմ նրա վրա երազիս խորքում),
կյանքի հետագա զարգացումները
աշունը կդարձնեն
հասարակության  հետ միասին՝
կատարյալ դեղնող մի պուրակ...
որովհետև աշնան գույների մեջ,
հավերժը դառնում է օխրայագույն կասկած,
և խորհուրդ վերջին...
 
 
ՀԵՌՈՒՍՏԱ-ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ
ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԸՆԴԵՐՔԻ
NON STOP ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
1
Հեռուստա-
ինտերնետային
անպատժելիությունը
դարձել է կոշմար
(սովորական խա՜ղ),
չհասկանալով վտանգը`
խաղը տևում է տասնամյակ,
հրաշալի գյուտը հակապատկերն է
իր նպատակի,
ամեն գիշեր հրեշները խուժում են սենյակդ,
փողոցով փախչող պատահական մարդը
քիչ անց էկրանի վրա
դառնում է երկրի նախագահ,
հետո բացատրում իր երկրից
փախչելու պատճառը,
արցունք բաց թողնում պլուզ աչքերից
(հետո վեր նայում` որպես դիակ),
որ ինտերնետից կաթում է սենյակդ,
և հորդալով ջրհեղեղի պես`
հասնում Արարատ:
Հեռուստա-
ինտերնետային
անպատժելիությունը
համազգային վիճակախաղ է
հրամցնում-խաբում-հիմարացնում
աղքատացած մի ողջ դասակարգ,
նրան վաճառելով սոսկ
ընտանեկան ճաշի թղթի կտրոններ,
ինտերնետային
անպատիժ լուրերի հոսանքը
թույլ է տալիս
մաֆիոզ խմբերին
շքամուտքում
(և ուզածդ վայրում)
խփել 30-ից ավելի
ջահել հայ գործիչ,
և մտնել հիմնարկ,
ասես մարդ չէր խփվողը,
այլ որբ կատվի ձագ:
Եվ շքամուտքում կատվի ձագի
սովյալ մլավոցն է, որ արթնացնում է
սովյալի խղճմտանքը,
որի փույթը չունի և ոչ մի տականք…
Ինտերնետի վառվռուն թույնը
այլասերում է սիրահարների ննջասենյակը,
կեղտոտում մարդու սեքսակարոտ տունը…
 
2
Այսպես,
ինտերնետի անպատժելիությունը
պատկեր առ պատկեր լցվում է
հասարակության բոլոր անկյունները,
ծեփում զարմացած բերանը
քրջոտ պատյանից դուրս եկող մարդկանց,
որ ճոճվում են ճիգից,
ինչպես նորելուկ շիվ`
հողից վեր ճգնող,
իսկ ես ինտերնետի կատաղի ներխուժմանը
որպես հակաթույն
օգտագործում եմ տեսիլքի ժանրի եփուկի
նորացված սրվակի կտրուկ
զիգզագումը,
որից ծնվում են տարօրինակ տողեր,
իբր`
«ոտքերս դեռ թաց են
չորս մայրցամաքների դաժան ցեխից
(որ ես կտրեցի ակնթարթում,
մտքիս ինտերնետը միացնելով),
ցողը թափառում է սրտիս
չորս անկյուններում,
և առավոտ փնտրում
միֆական ծաղկի չռված աչքերում,
լեզուս «Երեք մանկունքի» կողքով անցնող
մաքուր գետակի կարմրախայտի պես
կարմիր է, ճկուն,
չնայած շուրջս փառակալած է ամեն ինչ`
աննկատ ստի հաստ շերտով,
որից թունավոր բլիթ են թխում երեսփոխանները`
շլմորած մարդկանց ականջից կախելու,
աչքիցս դուրս են թափվում
անձրևող ամպի չորս տեսակ
և շտապ մտնում երկնային քավարանի
քնքշադեմ դատախազի մոտ`
ներողություն խնդրելով
Արարչից,
առանց այն էլ հիվանդ հայ հասարակության վրա
անվերջ անձրևելու համար»…
 
Այսպես կյանքի կինոնկարում
(և ինտերնետի հետնաբակերում)
ամեն ոք վազում է մյուսին ընդառաջ,
ճչում անունը հոգեհողից առաջ,
նշում թվերը անձնական ինտերնետային կայքի
 
և…
վրիպում…
non stop
կյանքի
հորձանուտում…
]
 
 
ԱՇՏԱՐԱԿ՝ ԱՅՑ ԲԱԲԵԼՈՆ...
Բաբելոն
աշտարակը
մառախուղ է հիմա,
պատմության փոշու
աղբահավաք...
 
Իսկ առաջ սարքած էր
հուշից և հողից,
մարդու չընդհատվող արցունքից,
որ կարծր էր հանց բյուրեղ,
և սպասում էր իր արևի շեղբին,
մինչև անձրևը կուրանա հանց անձրև...
 
սկզբում նա հպարտ էր՝
նահանգապետ,
որին լսում էր ամեն ոք,
հիմա բարդ մի ցանց է
մարդու վրա նետված¬
ամենուր՝ ցանցապատ համակարգեր,
որի տակ թպրտում են ապրողն ու մեռյալը,
և մեկ էլ աստղը քոչվորի
կավը կերել է ամեն ինչ ակնթարթում,
կրաքարը՝ խփել կնիքն իր սպիտակ,
որի տակ ժամանակների հորը
անտակ երախ է հիշեցնում...
 
Մնացել է սոսկ
մաքուր կրաքարը
հսկա շինության
կմախքի,
որից ակոսվող ամեն մի երկիր,
չունի փույթն անցյալի...
 
 
ԾՐԱԳՐԵՐ, ՀԱՃՈՒՅՔՆԵՐ, ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ
Ողջունել
արևի շողը,
որ չի ալարում հայտնվել
Տերյան փողոցի վրա`
նորից ու նորից, Արարատ լեռան դեմ-դիմաց,
աչքերը մտերմաբար կկոցելով,
մինչև որ ձյունը կհալածի գունդը
տանիքի դեղին թիթեղից
դեպի անհայտ…
 
Հետո`
ի՞նչ կա թերթերում,
որ լի են կրկնվող,
թերխաշ «սուպեր» լուրերով,
«սուպեր», «սուպեր» նախարարներով,
կեսօրին`
Ռիլքեի հատորի փնտրտուք,
ուր ապրող հին, կաշվեպատ գոթական աստվածները
բարձրացրել են գերմանացուն,
և նա տեսիլքներ է ունենում`
եկեղեցու պես ամրակուռ…
(իսկ ջահել Հիտլերը
բանակցում էր Թուրքիայի հետ
և սառը գարեջուր խմում
Մյունխենի պանդոկում,
մինչև որ գործերը կշտկվեն)…
 
Գնումներ`
կաշվե ծանր,
բայց որակով կոշիկներ,
քրոջս ուղարկած համով մսով ճաշ,
ուր տավարի ընդերքից պոկված մսի կտորը
լողում է սպառնալից հանց Վերմախտի ռազմանավ…
Հանդիպումներ`
պոեզիայի երեկո,
ուր լսողները նման են
հեռուստաէկրանի,
կուլ տալ մսի համեղ կտորը,
չհիշել գերեզմանի հրեշտակին…,
 
որ ազատ ժամերին այցելում է ինձ,
խոստանալով անմահության պես անորոշ մի բան,
երկու ժամ
թափառել
պուրակի ստերիլ եզրով,
օդում` դանդաղ կուտակվող մանրէների
միգամածություն,
որ գարնանը կդառնա
ծաղկած թուփ և խոժոռ ամբոխ,
որ ցույց կանի ցասկոտ` սկած պետությունից
պահանջելով հաց և կարտոլ…
 
քնել`
արթնանալ,
դասի գնալ,
տուն գալ,
գրել`
զարմացած հետևել
գրչի ծայրից հայտնվող
Աշխարհին,
որ մինչ այդ պառկած էր մեջդ
հանց անմեղ մանուկ,
բայց թաքուն սպասում էր
չարության իր հարմար պահին,
 
մինչև որ կյանքի դիալեկտիկան
ճռռոցով ներս մտավ
(մի ոտքը` վիրահատված,
տեղը` փայտ),
ինքն էլ չհասկանալով`
ում կողմից
և ինչքան կմնա
անկոչ հյուր`
ցրտից փոքրացած սենյակում…
 
 
ԵՐԿՐԻ ՃԻՉԸ
1
Գողերը (գրում են թերթերը) գողացել են երկրի հուսահատ  ճիչը,
գողերը չգիտեն` ում հանձնել այդ ձայնը սոսկահար,
«բիրիկ» տալ, թե հատով,
իսկ ես իմ արցախյան կենսական ճիչը
տեղադրում եմ Պանդորայի հաստակող տուփի մեջ
և հանձնում գալիք սերնդին,
նա շատ բան կիմանա՝ բացելով տուփը հետագայում,
կիմանա, կիմանա
իմ դեգերումները Մռակածի ստորոտում,
ուր Աստված դեռ մաքուր մանուկ է,
և չի շնչել մարդու անկման դառը ճենճահոտը,
իմ այցելությունները սինեմա,
ուր կինոթատրոնի մգլոտած օդը
պատրանքի փոխարեն հրամցնում էր
կատարված սոցիալական հեղաշրջման
թանձր մախորկայի մուխը
(դահլիճում դարդիման գործազուրկները
«մխավատ» էին անում բոլոր կողմերից,
երբ տեսնում էին վաղուց անհասանելի դարձած կնոջ մարմին),
իմ վեր հառնելը Մոսկվայի Համաշխարհային գրականության
ինստիտուտի քարաձայն միջանցքներում,
դեպի դոկտորի կարծեցյալ-փրկիչ դիպլոմը կարմրավուն,
որ ինձ պետք է պաշտպաներ Սովետի
թշվառ տնտեսական կյանքից,
կարմրագլուխ հնգամյակի ցեցը կերած տռուզ թվերից,
որի տակ որդը աղքատության առաջին քայլն էր անում՝
հիվանդ աչքերի կկոցումով զննելով
մարդկային ցեղի անտեղյակ հոսքը  դեպի աշխատանք:
Այդ ինստիտուտում սոցռեալիզմը
«կոպչյոննի» ձկան պես կախված էր բոլոր պատուհաններից,
իսկ ռուս քարոզիչները՝ կարմիր թասակներով,
Ստալինի դիմակով,
 
պարտիական տոմսերը բարձր պահած, ճեղքում էին ժողովրդի դիմադրությունը Կարմիր հրապարակում,
որ մոտենան-տեսնեն կառափնարան տարվող
Զատիկյան-դիսիդենտի արնածոր գլուխը,
իսկ հետո մոտենան վերջին պարտիական համագումարի
Տռուզ Ուրվականին,
որ Ապստամբության Սֆինքսի հետ եղբայրացած,
սեմուշկայի պես բաժանում էին
ինքնավար մարզերի հրեշավոր տոպրակից
խռովության-արյան հրեշավոր սերմերը,
փոխարենը ոչինչ չտալով աղքատ և ճնշված ազգերին:
Իսկ քաղաքում վխտում էին բազմաթիվ աղանդներ,
սոցռեալիզմով լեցուն գրականության ինստիտուտների
տափակաշիշ-գլխով դիրեկտորներ,
սատանայական ռեալիզմի քարոզիչներ, մահվան սիմվոլներ,
կեղծիքի ակրոբատներ, խաչագողի հիշատակարաններ,
ցասումի էժանագին ամոքիչներ, խոսքի ժոնգլյորներ,
Աժ-ի «քյանդըրբազներ», օդեղեն ապուր բաժանողներ,
այսինքն՝ վտիտ սովյալի տռզած մատակարարներ,
որ փշրվում, օդ էին բարձրանում, թե քամին փչեր Արևմուտքից...,
ուր ասում են Աստված բրեզենտե ժամանակավոր վրան է խփել...
Այդ քարոզիչները, հացի և մսի տալոնները վզից կախած,
հսկում էին կոմունիզմի ուրվականի մուտքի դուռը,
հետնաբակից քշելով իրական գրականության
անպաշտպան «բոմժերին»,
որ բաղկացած էին Միշկինի տեսիլքից
և ցարական թրմօղու հուժկու շերտից...,
որով պարում էր երկիրը անթարթ բոցի առաջ ալկոհոլիզմի,
աչք չթարթելով ոչ մի բանի առաջ,
անգամ մարդկային դժբախտության կարծր տալոնի,
որով տերևաթափի պես ծածկվում էր երկիրն անհավատ...
Եվ հանկարծ երկրում նորից հայտնվեցին
Սֆինքսն ու Ուրվականը,
որպես երկու թափանցիկ-սառնասիրտ դեսպան,
որպես երկու գրոտեսկ պացան,
որոնց հեռահար զարկից հետո
պոլիտբյուրոն ցրվեց հանց թռչնի չու,
հանց գաջած դեմքերի շուրջպար,
որոնց սմքած մարմինը թեփով լեցուն,
հանկարծ ճայթեց բոլոր կողմերից՝
մայիսմեկյան փողոցը լցնելով գաղջ թեփով...
... Որովհետև նորից հաստատվեց
(թերթերը տպեցին նրա մոտավոր լուսանկարը,    
պարտիական սիստեմը ցրելու պահին,
ատամների տակ՝ Բերիայի,
Արուտյունովի-Սուսլովի գլուխները),
որ կոմունիզմի ուրվականը լքված բոմժ էր,
(որի մարմինը մառախուղի մի տեսակ էր՝
նոսր, շուտ ցնդող),
որին Մարքսը Լոնդոնում գաղտնի մորուք կպցրեց,
բայց երբ ռուսական նոր հեղափոխությունը ճայթեց,
Գորբաչովն իր կճատ քթով կնոջ հետ
լրիվ մոռացել էր նրա մասին,
իսկ նա վերածվեց՝ ամեն ռեսպուբլիկայի
անհետացումից հետո,
հրեշավոր աղքատ մի թոշակառուի,
որի շեղաչվի կինը շշեր էր հավաքում բակերում,
ուրախ, որ խմողները շատացել են:
Սովետը փլվեց, իր տակ ճզմելով 15 ռեսպուբլիկաները
                                                                            թորշոմած,
Հայաստանը ծածկվեց դժբախտության հաստ շերտով,
և ես երևակայական կոպեկներ էի ստանում
համալսարանի միշտ փակ դրամարկղի առաջ,
ունենալով գրպանումս սոսկ աշնան գույների մխիթարող ոսկին,
և հերթական աղջկա՝ սուտ սիրո հեռախոսի համարը
ճմրթված թղթի վրա,-
որ պետք է ինձ օգներ խիստ բարոյական
ընտանիք ստեղծել և դառնալ առաջադեմ մարդկության մեծ 
                                                                                  գրող...
Իսկ հետո Երևանի հիմնարկները դատարկվեցին,
մնացին աղքատին սոսկ փող խոստացող տարօրինակ նախարարություններ,
ուր կեղծ օգնության թղթերը դեղնում էին
սուտ ոսկե կոպեկներ թափող, վերջին շրջանում
արդյունաբերական մագնատ դարձած արևի շողից,
որ հիմա միակ բոսն է հսկա հիմնարկում,
մուրացկան պառավների միակ ստնտուն,
բայց որ կաթի փոխարեն փոշի է ամբարում
լաքաթափ հիմնարկ-խաբեբայանոցում...
 
 
ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԱՐՆԱՀՈՍՈՒՄ ԷՐ ԱՆԳԱՄ ՕԴԸ
1
Իսկ աշխարհը թվում էր
հեշտ հաղթվող,
արնահոսում էր անգամ օդը,
բայց դա խաբուսիկ էր՝ անցողիկ,
մնում էր ջրափոսը ժանգոտվող,
ուր շերեփուկներ կային ապագայի
և սուտ կոչերի մեծ տրցակ,
որով գնում ենք ընտրության,
որ դեղնող ջուր են տենչում՝
Երևան, Փարիզ, Հընդստան,
ամեն տեղ նույնը, նույն մարդը,
որ խոհանոցում գաղտնի,
փնտրում է իր մյուս կեսը,
մյուսը՝ հանձնելով սատանային,
«պարադ» է կազմակերպել փողոցում,
և հետո նվերներ է բաժանում՝
կճղակի նման սուր մի բան,
որով իրար ենք մենք հաշմում,
երկրային կյանքի այս փոսում,
գաղափարի համար սուտ կռվում...
 
2
Իսկ այս աղջիկը գրկելիս
բուրում է ծաղկած լորենու դեղնագույն դեմքով,
ուր մանկություն կար և Շուշի,
պատահական սեր, կենակցում,
ձվաձև, երկարուկ երկնքի տակ,
մորուքավոր երկրի անտառում,
որ չի թրաշվում դարերով,
և մնացել է անտերունչ...
 
Եվ իմ գոյությունը հայտնվող՝
ծղրիդաճիչ սահմանում,
ուր թվում է՝ հետ գալու ոչ մի հույս,
այս ճամփան խուսափուկ՝
հանց վաղուց մոռացված չոր մի բան՝
կծկված-սևացած ավելուկ,
որ զմռսվում է գաղջ պատին,
երևանյան սուտ շենքերում...
 
Հիմա կոշտ հնչյունն է ինձ պահում,
և ցորնագույն է ամեն բան,
երբ արթանանում ես երազի
վաղուց մոռացված նրբանցքում...
 
Սովորական է այս ամենը թվում,
ծառերը աղոթում են
իրենց նոր դուրս եկած տերևով,
այնտեղ, ուր սպանել են Չարենցին և թաղել
կորսված մի բակում,
անանուն մի ծառ մաքառում է
իր վտիտ ճյուղերով,
փորձելով իմաստ տալ կատարվածին,
Չարենցին սպանողները հիմա դժոխքում
քրքրվում են կոմունիստական կրակներից
և մոխրագույն են հանց առնետ,
որ կռվի մեջ է մինչ չքվելը
այն մեծ կոյուղում Պետական...
 
Գնանք, թափառենք քաղաքով,
ուր մեռնողները չեն չքվում,
ուր մեխված է մարդը իր քնում,
մինչև որ մահը արթնացնի...
 
 
ԽՃԱՆԿԱՐ-ՊԱՐՏԱՄՈԻՐՀԱԿ
Ազգային
ժողովում
ինչպես միշտ ուշացած
վեց գեր երեսփոխան
(որոնց ձեռքում է երկրի հարստության 80 տոկոսը
և գանգստերների խմբի 50 տոկոսից ավելին),
որոնց ներդրումը հարկային և ուժային սիստեմում
էապես հարստացրեց նրանց ընտանիքների
հեղինակությունն ու կարգավիճակը,
հզոր փորի կտրուկ ցնցում-հրումով
տեղավորեցին-խցկեցին
իրենց ծանր, մսոտ հետույքը
 
կաղնեփայտից սարքած,
ընտիր լաքած, մարդկային թշվառ ցեղի
արցունքի աղով փայլեցրած
(նրանց մարմնի համար արդեն նեղլիկ)
նստարանի արանքը,
հետո երանյալ դասի անհոգ ժպիտը դեմքին,
արագ, առանց մտածելու,
թեթև, անբռնազբոս սեղմեցին
«Աղքատներին, ծերերին, միայնակ մայրերին
ոչ մի ղուռուշ ավել թոշակ չտալ»
կառավարական հույժ «հրատապ-գաղտնի-մարդասիրական»
նախագծի
ընդունման-հաստատման հաստաբեստ կոճակը,
վերջնական հավանություն տալով նախագծին`
որն է` ոչինչ չտալ
երկրի թշվառներին
(Հյուգոն գերեզմանում զարմացավ.
այնքան անհեթեթ էր աշխարհն այնտեղից,
և դաժան,
և նրա «երգած» թշվառները
այնքան արագ են բազմացել,
որ հիմա ամբողջական հանրապետություններ են կազմել, ընտրելով «Թշվառ» մեկին նախագահ),
որով և ջնջվեց այդ աներես,
միշտ անփող դասի ըղձանքը`
բորբոսնած տարեկանի հաց ունենալ,
գոնե շաբաթվա վերջում,
երբ աղբանոցները, չգիտես ինչու,
հանկարծ լցվում են սև, ծակոտկեն հացով,
որոնց վրայով արդեն մի անգամ
անցել-խմբագրել են
անտրացիտի պես կարծր
սևկտուց ագռավները
և գիշերապահ առնետները բեղավոր`
խոշոր անցք թողնելով
բզկտված «բուխանկայի» կենտրոնում...
Իսկ Լոս Անջելեսում`
Գլենդելում, ուր հայերը (ներսի և դրսի)
խմբվել-դարձել են տարօրինակ
համայնք-պետություն
(միրաժ-պատմություն,
ղարիբ աստվածության կիսակույր աչքի տակ),
որոնց նպարավաճառը
Վանից Է գաղթել` հետը բերելով 4 թոռ և 5 ծոռ
(արյան ծարավ թուրքերը 1915-ին մորթեցին նրանց ծնողներին),
ահա այս կանաչ,
հեքիաթային բլրի վրա տնկված
ցավից և անհայտությունից փշրված
պատուհանից
(որից ԱՄՆ-ը թվում Է հովվերգության կենտրոն
և խարտյաշ կանանց իմպերիա),
 
տեսնում եմ հանկարծ
կանոնավոր կտրտված,
ասես կաթնաշոկոլադի «պլիտկա»,
այդպես հավասար բետոնապատված
անծայր ռազմական «աերոդրոմից»
ոնց է օդ ելնում գերհզոր,
գերիրան-թիկնեղ
հեռահար ռմբակոծումների համար
գերձայնային ծանր ռմբակոծիչը` ոտքից-գլուխ սև,
որի ամեն թևի տակ
կախված ծանր հյուլե ռումբը,
Հայաստանի
պետական բյուջեի
6-ամյա արժեքն է
ամբարում...
մինչև որ ռումբը կպայթի մի օր
որևէ խարխափող-լքված
ազգի գլխին...
տեղը թողնելով
(երկրի փոխարեն)
ժանգոտ անձրևաջրով լեցուն
խոր ձագար...
և հանուն մարդկության ասված
նախագահի երեկվա ճառը,
որտեղ մարդիկ, դեպքերն ու տնտեսությունը
ինչպես ենթատեքստից պարզվեց,
պետք է աշխատեն միայն
նախագահի կնոջ ադամանդների համար,
որ պահվում էին ազգային բանկի
խորխորատում, որպես սև օրվա դեղամիջոց...
 
1.
 
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ СССР ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ,
ՈՐ ՀԻՄԱ ԴԱՐՁԵԼ Է «ДЕРЖАВНАЯ»
(մոսկովյան գործուղում)                              
1
Օդում, Կրեմլի մոտ,
ուրվականացած քաղաքական ձայներ՝
հոգիներ, որ դեռ բանտարկված են
մարդկային մտքի բռնակալ զնդանում:
 
Հայտնվելով «Державная» հյուրանոցում,
Մոսկվայի անանցանելի փողոցներից հետո,
տասնյակ տարիների ընդմիջումից հետո,
Մոսկվայի բռնատիրական զայրույթից ցրտող,
ժամանակների շեղաչ հայացքի ներքո,
ուր կոմունիզմի մոխրացած-գորշագույն չամչացած
նույն ուրվականներն են ներս ու դուրս անում,
թողնելով հյուրանոցի համարներում
չիրականացված պետական թվերի շեղջեր,
անցած կրքոտ ճառերի գաջոտ մնացորդներ,
իսկ դրսում պետության ձմեռային աչքը
Ձերժինսկու քննիչն էր դարձրել
ցեխի մեջ սուրող ամեն խաչմերուկ,
և ափսոսանք՝ որ քիչ մարդ հասցրեց
բռնել-բանտարկել ճտքավոր Սատանա
Իոսիֆ Ջուղաշվիլու արյունոտ տարիներին,
և այսքան ազատ մարդ դեռ սուրում է փողոցում,
չենթարկվելով մարդ որսող սահմանադրության
բռնիչ ճանկերին,
ամեն ոք ունի ընտանիք և հոգս
և ամեն ոք ձևել է հիմա հոգին ու մարմինը՝
ըստ իր բանկային հաշվի և տոկոսի,
չեկի տեղ ստանալով ունայն կրքերի
մսխված վերջնահաշիվ
և եղևնու փայտից սարքած ընտիր խաչ
(Փարիզի և Մոսկվայի «կաֆեներում»
նոր սերունդը գաղափար չունի պատերազմի մասին,
XX դարի պատերազմներն ավարտված են,
բայց հողը դեռ լիզում է մարդկային մարմնի մնացորդները,
շեֆ խոհարարը պատմության պատրաստում է մի նորը):
 
2
Իսկ կոնցլագերի մեռյալի տղան
մուրում է հիմա Ազատության փողոցում՝ ազատություն,
նաև՝ փողոցի կոյուղու վանդակից վեր շատրվանող
սպառված-հանգչող գոլորշու փամփլիկ ծվեն,
որ տաքացնի սիբիրյան աքսորից մնացած
յուր փխրուն-քայքայվող ոսկորը,
մուրում է նաև՝ գթության «սուպի» թերմացք,
որ բացիլի պես բազմանում է Մոսկվայի խավար հետնաբակերում
(և նույնը՝ Երևանում), ուր բռնադատված,
ԿԳԲ-ի Սիբիրում կորած ծնողների երեխան,
կորցնելով կապը ծնողների հետ,
մի կերպ հագնված, քաղաքակիրթ բոմժի պես մի բան է,
քամուց էլ թեթև թափառող սարի սմբուլ՝
նույն հետնաբակի խավար «դալանում»:
 
3
Այս ակտը խոսքի՝
սիբիրյան սապոգ հագած կրեմլյան աշտարակների մոտ,
հզոր պետության դատարանների մգլահոտում,
իմ մասին իր դատավճիռն է կարդում
վաղուց հոգեվարք ապրող պետության դեմ-դիմաց,
որ դեռ բասով երգում է
հանցագործ օվսաննան
Ստալինի ժանիք դարձող բեղի մասին,
որի հետ անհնար է բանակցել…
 
Միայն եկեղեցու գմբեթի խաչն է,
որ հիշեցնում է մեզ մեր մեղքերը,
և սպիտակ ներկած, աղյուսե հիվանդանոցների
այս լուռ և խոնարհ շարքը,
որի պորտալարը գաղտնի կարած է
մարդու կարևոր օրգանների լիրիկական շրջապտույտին…
 
Այստեղ մտնողը հազվադեպ է դուրս գալիս
դեպի լույս աշխարհ
և ոչ էլ ցանկություն ունի վերածնվել նորից:
 
2.
 
«ДЕРЖАВНАЯ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ…
(Վարիացիաներ նախորդ բանաստեղծության թեմաներով)
 
 
1
Առավոտյան, պատուհանից տեսա
ցրտից անէացած փողոց,
սառնամանիքում՝
արդեն ընկեցիկ սիստեմն էր գալարվում,
մրոտ ձյան քառակուսին՝
նույն պատուհանում,
որ կառափնարան էր
մի օր դառնալու...
                          
2
Նույն պատուհանում՝
մեռած գաղափարների ցնդող տրցակ,
որ կրում էր վզնոցի պես
հավաքարարը շիկահեր,
տխուր հայացքը մեկնելով հոգնած հյուրին,
ասես հանցագործ էր ինքը մինչ հիմա,
և հիմա փորձում է ապրել ազնիվ,
բայց ապրում է լուռ՝
հանց  Քրիստոս փնտրող թափառական:
 
3
Ոչինչ չստացվեց
արյան գետերից հետո,
ոչ մի կարմիր ուտոպիա,
ոչ մի դեղին շեղջ՝ ձուլածո ոսկու,
օլիգարխն է միայն շրջում
փողոցն ի վեր,
«Աուդի» մեքենայի անվադողի
ծանր շուրթով
նա հարթում է իր անցյալը,
որպես հսկա թյուրիմացություն,
որպես կույրի անցած ուղի,
հիմա «որակյալ»-ուրիշ են կրքերը
«Державная» կոչվող հյուրանոցում,
ուրիշ է թիրախը քսերոքսված չարիքի,
ուրիշ թույն է գալարվում
էմբրիոնի սուրբ խոռոչում:
 
Եվ նայելով հյուրանոցից ներքև՝
սփռված քաղաքին,
ես ձայն տվի ընկերոջս.
- Տեսնո՞ւմ ես, հսկա քաղաքը
ցեխի մեջ պալատներ է սարքում,
իսկ մեր խեղճ հոգիները
մոլորված բզզում, պատեպատ են խփվում
անարգել աճող հրեշի առաջ,
բայց որ մարդկային է, նաև՝ հուզիչ.
եկող սերունդը՝ ագահ և կամային,
չի ճանաչում անցյալում կորսված սերունդներին,
հետապնդում է սոսկ
կապույտ բանկի գաղտնի թռչնին…
 
4
Երեկոյան խանութները կեղծ լույսերից
լուռ ուռչում են,
հանց հիվանդի գեղձի տեսակ.
ուռչող գեղձը պաշտպանության ֆունկցիա ունի.
դա փրկության հույս է տալիս-
էլ չենք տեսնի
«Սովետ»-կյանքի մսխում-անկում,
բայց այս ներկան լոկ ստվերն է
մեր տեսածի սուտ տեսիլքի,
որ զմռսվեց գաղտնի նյութով
վառ «սուրգուչի»
(-պետական է,- ասում է ինձ փոստատարը),
սա նույն մարդն է,
բայց փախել է իր երազի մացառուտից՝
սև տրիկո հագած հոգի,
որ ժպտում է իր անկողնու լեռնաշխարհից:
 
Հայաստանի պատկերազարդ պատմությունը
մոտենում է իր ավարտին,
թշվառության պատկերազարդ գիրքն է հայտնվում՝
-«hot dog»1 կուտե՞ս,- հարցնում է խեղկատակը թագավորին,
արքա Լիրի թափուր բազկաթոռն է
դեր ստանձնել խորհրդարանում,
իսկ տիրոջը հալածում են
մարդասպաններն իր դստրերի,
պալատական
հայելիներում նա փնտրում է
հին հայկական թագը ոսկե,
հայելիները սնափառի կյանքն են ուտում,
տեղը թողնում ձվի կճեպ,
եկեղեցու զայրույթ-անեծք,
և իր մթնող գիտակցության
խիստ գալարուն,
բայց մարդկային
մեղքի
ասեղ,
որ  սուրում է
նրա արյան թագը կորցրած
բավիղներում…
 
1.         Hot dog - (անգլերեն)-նրբերշիկ:
 
 
ՀԻՄԱ, ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ...
Հիմա,
ամեն առավոտ, արթնանալով (2004 թվի ավարտին,
միլիոնավոր տարիների խորքում սեղմված իմ անկողնում,
որ մղձավանջի ծաղիկ է և մարդու սպասումների հրկիզման վառարան),
տեսնում եմ նույն Պատերազմի անթառամ ծաղկեփունջը
հեռուստացույցի էկրանին պլպլան,
փնտրում եմ երեկվա մնացած նախաճաշս
սառնարանի մարմրող խորշերում,
ուր հստակ գծագրվում է սոցիալական վիճակիս
քաոսն ու ապաշխարանքիս թրմօղին ցնդող,
փորձում եմ դեղերի քանակը կուլ տալ առանց ջղաձգման,
մոռանալ մորթվածների թիվը ցեղասպան Թուրքիայում,
խոհանոցում դեռ կիսամութ է, համարյա խավար,
խավար ուրվականների սահանք՝
խոհանոցից դեպի գաղջ լողարան,
լողարանից՝ Տիեզերք (որ մայթն է անդեմ դեմքերով լեցուն),
Տիեզերքից՝ սառած լսարանները համալսարանի,
ուր ինձ սպասում է դեմքերի լարված շուրջպարը հույսով լեցուն,
արևը խաղում է աչքիս մեջ ինչպես երեխա,
ճանապարհին ինձ լուռ բարևեց կլասիցիզմի գոսացած դասախոսը,
կասկածելով, որ ես հանճար եմ,
հետո հետ` ինքնահալած սենյակ,
մահճակալը դատարկ է, խոհանոցը` սմքած,
կտրած եղունգի կիսալուսինը՝ անորոշ անկյունում,
օրվա օսլայված դևերը դեռ հանգստանում են
կենտկոմի նախկին շենքում (որ Ազգային ժողովինն է հիմա,
նրանց հնգամյակը սուտ որոշումների մոտեցավ ավարտին,
բայց գոտեկապված իրենց երկարուկ շեֆի սուտ լոզունգներով,
որ ժողովրդին խոստանում է ևս տասը տարի դաժան սառնամանիք
(հիմք ընդունելով 1992թ. գեհենը),
և պարտքեր անելու նոր որակ (որի համար նա ուներ պատենտ),
հիմա կնետվեն ընտրապայքարի` տափակ ու «քյասիբ» հոգի փնտրելու,
(չէ՞որ Մեֆիստոն հիմա շեֆն է ներքին գործերի
և մարդ է խփել տալիս ամիսը մեկ
ի փառս Անկախության և նոր սիրուհու),
իսկ հրաժարական տված քաղաքական խևոտ մի անձ,
անցած տարվա փտող տերևաթափով փաթաթված
(անձրևաջրից պաշտպանվելու լավագույն թիկնոցը նախկին Սովետի տարածքում), սոցիալական շարժումներ է տեսնում ամենուրեք
(ինքը վաղուց ուրվական), բյուրոկրատիայի թղթահորեր`
ուր խրվել¬մնացել է նախկին պարտիական ժողովից
դուրս նետված խեղճ մի մարդու կմախք,
որի ճերմակությունն ասում է, որ պարտվել է
և ոսկորների սպիտակ դրոշն է ծածանում
գալիք խռովության անգլուխ մարդկանց վրա...
Հիմա դիմածռությունը
դարձել է մարդկության հիմնական զբաղմունքը,
բայց ոչ հայելու առաջ՝
իրար դեմ առ դեմ,
ջանադրաբար ոչնչացնում ենք մարդ արարածին,
դրա հետ մեկտեղ, ջրերն ու անտառները,
նաև՝ նախշուն ու տարօրինակ գազանները բնության,
որ հանգիստ ապրում էին, մինչև մարդ-գազանի հայտնվելը,
սրանք ո՛չ նամակ կարող են գրել
երկնքում պինդ թաքնված Արարչին,
ո՛չ էլ բողոքել վճռաբեկ դատարանին՝
մոտեցող Ապոկալիպսիսից, որ թունավոր
քիմիական կեղտաջրի տեսքով մոտեցել¬հասել է զրահապատ դռանդ,
որից այն կողմ կանգնած, մերկացած հոգիդ է սրթսրթում,
ասես ունաբի սուրսայր տերև...
 
 

Ստեղծագործություններ