Վարդան Հակոբյան

հայ
vardan-hakobyan
    Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից: Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել):
    1969թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցել Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար:
    Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս» «Պըլը Պուղի» «Հարություն» «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը:
    Բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում:
   Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակայանի անվան, ՀՀ նախագահի, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակներին:
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում:
    Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով:
    ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
    Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները»), պրոֆեսոր:
    Պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ. Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ. Շոլոխովի, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով:
    Վ. Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործիչ է:
    Ամուսնացած է, ունի երկու զավակ: