Էլֆիք Զոհրաբյան

հայ
elfiq zohrabyan
    Դրամատուրգ, արձակագիր և թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում: 1995թ.-ից աշխատում է նաև Հովհ. Աբելյանի անվ. պետական թատրոնում: Որպես առաջատար արտիստ` խաղում է մի շարք գլխավոր և հիմնական դերեր:
    2000թ.-ին որպես ստեղծագործող (արձակագիր)` արժանացել է «Դարավերջի համաքաղաքային փառատոնների» դափնեկրի կոչմանը (Վանաձոր):
    2005 թ.-ից դարձել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:
    1997-2001թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը:
    2001-2003թթ. ծառայել Հայաստանի ազգային բանակում` որպես ավագ սերժանտ:
    2003թ.-ից մինչ այսօր դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում («Անգլերեն», ապա՝ «Դրամայի տեսություն», «Դրամատուրգիայի հիմունքներ»):
    2005թ.-ին ընտրվել է որպես ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ:
    2006թ.-ին «ՀԱՅԱՏԱՆ-2020» գրական համահայկական մրցույթում ճանաչվել է հաղթողներից մեկը` ստանալով դրամական պարգև և տպագրվել նույնանուն գրքում:
    2008թ.-ին «Զարթոնք» երիտասարդական գրական մրցույթում (ք. Գյումրի) ևս դարձել է մրցանակակիր և տպագրվել նույնանուն հանդեսում:
    2008թ.-ին մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպած «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» միջազգային գիտաժողովին` հանդես գալով «Վ. Սարոյանի կարճ պիեսները. «սարոյանականը» զեկուցմամբ: Նա հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների, ինչպես նաև սատիրաների, որոնք տպագրվել են ավելի քան տասը անթոլոգիաներում, ալմանախներում, ինչպես նաև հանրապետական գրական մամուլում` «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք», «Պըլը Պուղի» և այլն:
    2009-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010 թ.-ին Շուշիում բեմադրվեց Է. Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-ներկայացումը, իսկ Գորիսի թատերական ինստիտուտում` նրա «Սոխակը» հեքիաթ-պիեսը:
    Թարգմանել է Վ. Սարոյանի, Օ. Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի և այլ գրողների երկեր, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում և հանդեսներում:
    Երիտասարդ դրամատուրգի ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում («Կռունկ» հանդես), Ռուսաստանում («Գործ Արար» հանդես) և Իրանում:
    2009թ.-ին նա նշանակվել է Հայաստանի թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար: Նրա նախաձեռնությամբ վերաբացվեց Վանաձորի 40-ամյա պատմություն ունեցող դրամատիկական ստուդիան, որը ղեկավարում է նա և դասավանդում «Բեմական խոսք» առարկան: Նրա շնորհիվ ստեղծվեց նաև երկրորդ կուրս:
    2010թ.-ին Է. Զոհրաբյանը նկարահանվեց ռուսալեզու «I’m going to change my name» գեղարվեստական ֆիլմում` խաղալով սեքսուալ մոլագարի էպիզոդիկ դերը:
    2011թ.-ին «թատերարվեստին մատուցած ծառայությունների համար» արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միավորման բարձր պարգևին` ոսկե մեդալի, ինչպես նաև ՎՊՄԻ-ի շնորհակալագրին` («ակնառու հաջողությունների համար»):
    2011թ.-ին տպագրվեց Ռ. Դավոյանի խմբագրությամբ «Մուգ կապույտ վառ կարմիր» գրական տարեգրքում, ինչպես նաև Իրանի «Նաիրի» տարեգրքում:
    2012թ.-ին պետական պատվերով տպագրվեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով և գրականագիտական հոդվածներով: (Թարգմանության համար արժանացել է «Մաշտոց» կրթամշակութային հանդեսի պատվոգրին):
    2012թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է:
    2012 թ.-ին Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնը բեմադրեց նրա` նոր մեկնաբանությամբ գրված «Բժիշկ Այբոլիտ» պիեսը (ըստ Կ. Չուկովսկու համանուն հեքիաթի), որտեղ նրան տրվեց գլխավոր դերը:
    2012թ.-ին իր արձակի համար արժանացավ «Նարցիս» հանդեսի մրցանակին: 2012թ.-ին նկարահանվեց «Գարեգին Նժդեհ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով գերմանախոս դոկտոր Դե Լուիսի դերը:
    2012թ.-ին նշանակվեց Հայաստանի թատերական գործիչների միության պատասխանատու քարտուղար երիտասարդության հարցերով: