Հովհաննես Գրիգորյան

Գիշերահավասար (Հրեշտակներ մանկության երկնքից)

gisherahavasar
Հովհաննես Գրիգորյան
Գիշերահավասար
բանաստեղծությունների ընտրանի
Երևան 2005
խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:


Հրեշտակներ մանկության երկնքից

/1986 – 1992/

* * *
…Ահա հեռու Եվրոպան: Լույսը, որ մեկ նվաղում է
և մեկ էլ պայծառանում, հիվանդի թույլ սրտի
անհավասար բաբախյունի նման:
Ահա, ձեռքերս արյունոտված և ոտներս քրքրված`
դժվար է ճանապարհն այս լեռների ու քերծերի միջով,
ուր գայլերն են հետապնդում որսորդներին
և դարանակալ սպասում են թփերի ետևում
և փոսերի մեջ ապահով թաքնված:
Ուր ծառերը գլխիվայր են աճում` արմատները
երկինք պարզած և պտուղները հողի մեջ,
ինչ-որ տեղ, խորքերում, իսկ գետերը
հոսում են լեռն ի վեր և հանգստանում են միայն
հասնելով ամենա-ամենաբարձր գագաթին…
Ուր մարդիկ ծնվում են ծերացած, և ապա,
տարիների հետ դանդաղ մանկանում:
Ուր սկզբում պատիժն է,
իսկ հանցանքը հետո է լինելու,
ուր սկզբում ծափերն են,
իսկ երգը հնչում է հետո,
ուր սկզբում քանդում են ամեն ինչ
և Աստված շրջում է անտուն…
Ահա նորից մի քար: Հեռվում էլի քարեր:
Ահա հեռու Եվրոպան և լույսերը մոտեցող`
գայլերի վառվող աչքեր…


ՄԻ ՔԱՆԻ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ 
Հարցրեք ինձ երջանկության մասին և ես ձեզ կասեմ,
որ այդ անունով ծառ չկա աշխարհում,
չկա աշխարհում այդ անունով թռչուն
և կա միայն գազան, որն ուտում է մյուսին առավոտյան,
նաև կեսօրին, ապա` երեկոյան…
Հարցրեք ինձ արդարության մասին և ես ձեզ կասեմ,
որ այդ անունով ծաղիկ չկա հողի վրա,
որ այդ անունով ձուկ չի լողում ծովերում,
և կա միայն գազան – մնացածը կրկնվում է նույնությամբ`
առավոտյան, կեսօրին, երեկոյան…
Հարցրեք ինձ խաղաղության մասին և ես ձեզ կասեմ,
որ այդ անունով աստղ չեք գտնի երկնքում,
որ այդ անունով լեռներ չկան հողի վրա,
և կա միայն բնազդը, որ խենթանում է արյան բույրից,
իսկ հետո…շատ ճիշտ է…նույն պատմությունն է սովորական`
առավոտյան, կեսօրին, երեկոյան…
Ահա, լսո՞ւմ եք, որսորդական փողը հնչեց,
ազդարարելով օրվա սկիզբը, ահա, լսո՞ւմ եք,
ձիերի սմբակների դոփյունից դողում են ծառերը սմքած,
ահա, լսո՞ւմ եք, պայթում է սիրտս տագնապից ու վախից
և օղակն է սեղմվում կամաց-կամաց, օղակը,
որը շարժման մեջ էր արդեն վաղուցվանից… Իսկ եթե
չկան էլ ուրիշ հարցեր, ապա, հարցրեք ինձ, ի վերջո,
ո՞վ ես դու - և ես ձեզ կասեմ,
որ ես ոչինչ եմ` փոքրատառով, սովորական մի ոչինչ,
որը ոչ հպարտ է հնչում և ոչ էլ որևէ մի այլ
տոնայնությամբ… Ավելի ոչինչ, քան թե նրանք, ովքեր
գնում կամ գալիս են ավտոբուսներով, ովքեր քաղաքային
թերթերն են կարդում` առաջինից մինչև վերջին տառը, 
ովքեր խանութից խանութ են անցնում անվերջ, դատարկ
տոպրակները գրպանները խրած, ովքեր գլխահակ ու արագ
անցնում են պատերին ու սյուներին փակցրած ազդագրերի
կողքով, գույնզգույն աֆիշների և իմ կողքով, չնայելով
ու չնկատելով ինձ, նույնիսկ երբ իմ միջով են անցնում –
Դժվար է, ասում եք, ապրել այսպես, ինչ խոսք, հեշտ չէ
ամենևին, բայց հավատացեք, ամենադժվարն առաջին
հազար տարին է, հետո ամեն ինչ դառնում է սովորական,
հետո սկսում է կրկնվել անվերջ`
առավոտյան, կեսօրին, երեկոյան…


ՍԻՐՏ
Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
դու, թեև այնպես
խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու ամենազգայունն ու նաև
անհրաժեշտն ու միաժամանակ, խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել, իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
բայց քեզ հաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու, անզոր ու անօգնական,
ինչպես երեխա`բարուրի մեջ ամուր փաթաթած…



* * * 
Հնարավոր չէ այս ամենը պատմել հին լեզվով,
հին բառերով, որոնք անվերջ կտրատվում են
փթած թելի նման:
Հնարավոր չէ ուղիղ կանգնել հին ոտների վրա,
կոշիկներով, որ կարվել են մ. թ. ա.
դինոզավրի կաշուց, որի վրա դեռ պարզ երևում է
անհայտ եղանակով դաջված սիրտը` նետով խոցված…
Ի վերջո, հնարավոր չէ մոռանալ քեզ, այստեղ,
այս ավերված քաղաքում, ուր մոմեր են 
թափառում խավարի մեջ, և բոլորը քեզ են որոնում
ծնկի իջնելու քո խոցված մարմնի առաջ`
բռունցքներում սեղմած արցունքի մի քանի կաթիլ,
և լացը խնամքով փաթաթած նորածնի բարուրով:
Որովհետև հնարավոր չէ պահել արցունքն այս հին
աչքերի մեջ, լացը կոկորդի մեջ,
մինչև նոր օր բացվի վարագույրների նման
և երևա մարմինդ
նետերով խոցված


ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐ
…Մի բարձր տեղ կանգնած պատմում էր:
Ոչ մի խոսքին չէին հավատում, բայց
լսում էին ուշադիր, որովհետև նա առաջին մարդն էր,
որ վերադարձել էր: Մենք գիտեինք, որ ոչ ոք
չի վերադառնում: Ոչ ոք: Թեև շատերն են 
հեռացողներին համոզել, խնդրել,արտասվել,
համառել են, ապացուցել… բայց ոչ ոք
չի վերադարձել: Կա մի խիստ թաքուն
ենթադրություն: Ոչ ոք չի խոսում այդ մասին:
Ոչ ոք չի գրում: Բայց բոլորն էլ խիստ թաքուն
ենթադրում են, իբր, չեն վերադառնում, որովհետև
դրա համար չեն գտնում ոչ մի հիմնավոր պատճառ:
Իսկ նա առաջին մարդն էր: Մի բարձր տեղ
կանգնած պատմում էր: Ձեռքերը բարձրացնում էր
վեր, հետո դանդաղ իջեցնում էր, տարածում էր
մեկ աջ, մեկ ձախ, հետո դանդաղ իջեցնում էր:
Աչքերը փակ պատմում էր և աչքերը բացեց
միայն այն ժամանակ, երբ առաջին քարը
թափով հարվածեց թիկունքին (դառնությամբ
նայում էր մեզ իր բաց աչքերով, բայց երևում էին
նրա մյուս աչքերը փակ, որ ավելի էին դառնացած…)
և երկրորդ քարը, հետո մնացած բոլոր քարերը
տեղացին նրա վրա և նա դանդաղ իջեցրեց 
ձեռքերը և դանդաղ տապալվեց գետնին
և դառնությունը ծորում էր նրա բոլոր`
բաց ու փակ աչքերից…


ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ
                                                            ՌՈւԲԵՆ ՖԻԼՅԱՆԻՆ
Վերջին անգամ եմ երգում,- բռի մեջ հազալով զգուշացրեց 
կարապը, նախքան վիզը վեր ձգելն ու հայացքը երկինք
հառելը, չնայած հիմա լավ չեմ հիշում` նրա աչքերը
բա՞ց էին, թե` փակ, այդ պահին, որը սովորաբար վճռական է
կոչվում: …Վերջին անգամ է երգում,- վստահաբար 
տմբտմբացրին գլուխները ոմանք` նրանց մեջ կային
նաև թռչուններ և զանազան այլ մարդիկ, չնայած հիմա
լավ չեմ հիշում` վիշտը նրանց հե՞տ էր, թե՞ սովորականի պես
անձրև էր գալիս իրիկվա այդ ուշ ժամին: Իսկ ընդհանրապես
առավոտ էր` ձմեռային պարզկա մի գիշեր, խոշոր փաթիլներով
ձյուն էր գալիս և անձրևի առաջին կաթիլները թմբկահարում էին 
ավտոյի մետաղյա տանիքը, վերջին դեղին տերևները 
պոկելով հետզհետե սմքող ծառերի անպաշտպան 
մարմիններից… Իսկ ընդհանրապես, սիրում եմ օրվա այս պահը,
երբ դեռևս այնքան մութ չէ, որ չտեսնես լճի վրա չգիտես թե
որտեղից հայտնված ճերմակ բարձերը, այնինչ, դրանք
կարապներ են, գլուխները թևերի տակ թաքցրած, սակայն
դու արդեն հասցրել էիր խորանալ մանկությանդ անկողնու
ծալքերի մեջ և գլուխդ վիթխարի բարձին դրած, լսում էիր
անձրևի առաջին կաթիլները, ձյան փաթիլները խոշոր`
ձմեռվա պարզկա մի գիշեր, երբ ընդհանրապես առավոտ էր
և սովորականի պես անձրև էր գալիս իրիկվա այդ ուշ ժամին…
…Վերջին անգամ եմ երգում,- բռի մեջ հազալով 
զգուշացրեց կարապը և վերջացավ ևս մի օր
ու տարին դարձավ ամիս:


* * * 
Հեռվում կան ուրիշ քաղաքներ, համոզվեցի ես, երբ ինքնաթիռը
բարձրացավ երկինք, իսկ երկինքը բարձրացավ ավելի վեր:
Ներքևում ամպեր են ճերմակ, տեղ-տեղ թուխ
երանգավորումներով և ես երկնքի ու ամպերի արանքում
անհանգիստ շուռումուռ եմ գալիս փափուկ բազկաթոռի մեջ
ընկղմված: Ծանր է բաժանումը հողից, և առավել ծանր է
թռչել` երկնքի և երկրի արանքով, երբ քեզ հետ չէ Աստված:
Եվ ես որոնեցի աստղերը և տեսա, որ բոլորն էլ իրենց
տեղերում են` ահա Ցիցերոնը պայծառ շողերի մեջ: Թևերը
հանդիսավոր տարածելով աջ ու ահյակ` խոսում էր ծերության,
բարեկամության, բայց հիմնականում 
պարտավորությունների մասին: Զարմանալիորեն 
ուրախ էր Ջոն Կիտսը – մեզ տես-
նելով ձեռքը վեր պարզեց և կանչեց` ողջույն ցնծություն,
տխրություն ողջույն, սակայն ողբերգական էր Էսքիլեսի տեսքը,
կանաչ ճաճանչների մեջ էր Բորխեսը, որը երազում էր
Նոբելյան մրցանակ ստանալ, ինչից համառորեն հրաժարվում էր
Սարտրը, իսկ Բունյուելը առիթը չէր կորցնում չարախնդալ
այդ առիթով, և չկար միայն Նիցշեն - ամենաջերմեռանդը
հավատացյալներից` զի չես կռվի նրա հետ, ում չես տեսնում,
զի չես ատի նրան, ում չես սիրել երբևէ,
զի չես կորցնի այն, ինչը չես ունեցել բնավ…
Հեռվում կան ուրիշ քաղաքներ` համոզվեցի ես, երբ ինքնաթիռը
բարեհաջող վայրէջք կատարեց Կահիրեում, և օդակայանի
բարձրախոսը կանացի ձայնով խոսեց
անտարբեր ու անծանոթ լեզվով: Եվ անցավ ևս մի օր:


ԱԹԵՆՔ
Վերջին գիշերը պիտի անցնի առանց փորձության:
Ես հետո իմացա: Չեղան երկրաշարժեր: Եվ ոչ մի հրաբուխ
չփորձեց խախտել խաղաղությունը համատարած:
Մի հին մեքենայի մեջ խցկված գնում էինք քաղաքից
դուրս, իսկ ճանապարհի երկու կողմերում սկավառակ էին
նետում ու գունդ էին հրում բարեկազմ, մկանուտ ու բոլորովին
մերկ տղամարդիկ:
Ինչպես նաև ծառեր, որոնք հազիվ էին զսպում աճելու
անզուսպ ցանկությունը, որովհետև գիշեր էր, որովհետև
պետք էր հանգստանալ:
Ինչպես նաև անցորդներ, գեղեցիկ ու թարմ ժպիտներով`
բավականին հին հունական դեմքերի վրա:
Ինչպես նաև տաճարներ, բերնեբերան լցված տուրիստներով,
որոնք անվերջ լուսանկարվում էին ու անվերջ զարմանում
հույն աստվածների, կիսաստվածների խստակյացության 
ու համեստության վրա, որ ահա, քանի հազար տարի ապրում են
այս չոր ու ցամաք կացարաններում` առանց կոմունալ
հարմարությունների, առանց էյրքընդիշնների, առանց
փոխառությունների և կարևորը` առանց բողոքելու,
գործադուլների – օլիմպիական հանգստությամբ:
Եվ ո՞րն է անմահության գաղտնիքը, հարցրեցի ես
մեքենայի վարորդին, որը բարեգործականի նախագահն էր,
և բժիշկ էր աշխատում բարի գործերից ազատ ժամերին:
Եվ ի՞նչ գործ ունի բժիշկն այս անմահ մարդկանց մեջ, այս
համատարած անմահության մեջ:
Բժիշկը ոչինչ չգիտեր անմահության մասին, նա մի
սովորական հրաշալի մարդ էր, որի սիրտը ցավում էր
անբուժելի կարոտից, իսկ լյարդը լցված էր քարերով,
և իր ծայրահեղ հայրենասիրության պատճառով,
ենթադրում էր, որ դրանք կարող են նաև խաչքարեր լինել…
Ինչպես նաև հայեր և համատարած կարոտ, որը ոչ մեռնում է
և ոչ էլ բուժվում այս համատարած անմահության մեջ: 


ԳՆԴԱԿԱՀԱՐՈւԹՅԱՆ ՄԻ ՊԱՐԶ ԱՌԱՎՈՏ
…Եվ էլի նույն գրքերը, տարբեր տարիքի մարդիկ,
ինչ-որ խառը շորերով, կողք-կողքի շարված,
զննում էին ինձ անթարթ աչքերով:
-Նայիր ալ Կահըրա, ով հայ,- ինչ-որ տարօրինակ
հայերենով բացականչեց ծերունի արաբը, որն ինչպես
հետո պարզվեց, ընդամենը քառասուն տարեկան էր,
պարզապես, անսպասելի գիրացել ու ծերացել էր
իր անհեթեթ շորերի մեջ, և անտանելի շոգ էր
և այսպես կարելի էր ավելի ու ավելի ծերանալ:
Ինչպե՞ս մոռանալ այս քաղաքը: Սբ. Գևորգ հյուրանոցը
որի պատուհաններին գրեթե քսվելով կայծակի
արագությամբ բարձրանում էր մի պատ` վաղ առավոտյան
և ապա` երեկոյան ժամը հինգից հետո: Իսկ
մնացած ժամերին պատը անշարժանում էր, որովհետև
անտանելի շոգ էր և ամեն ինչ անշարժանում էր:
Եվ մի առավոտ, երբ բացեցի պատուհանը, իմ դեմ
բացվեց մի հրաշալի տեսարան` ամենուր պատ էր,
սքանչելի, հասուն և ավարտուն մի պատ:
Նայիր պատին, ո՜վ հայ,- զարմանալի մաքուր հայերենով
բացականչեցի ես, որ հասցրել էի ավելի շուտ ծերանալ,
մինչև քառասուն հասնելս, թեև քաղաքը ուր ծնվել եմ
նախքան բոլոր այս պատմությունները, չուներ գիրացնելու
որևէ հատկություն և աչքի էր ընկնում խայտառակ
ձմեռներով…
Նայիր պատին, ո՜վ հայ,- զիլ ձայնով ճչացի ես, երբ
ծնվում էի, երբ, ընդհակառակը, ամառ էր և շոգ
և պատն աճում էր ինձ հետ, բարուրից տեղափոխվում
օրորոց, և, նույնիսկ, քայլել սովորեց ինձանից արագ,
աճում էր, մինչ ես ոտանավորներ էի սերտում,
վազվզում էի փալաս-փուլուսից սարքած գնդակի ետևից,
տակառի օղակ էի գլորում և կարդում էի զանազան գրքեր…
Եվ էլի նույն գրքերը:
Տարբեր տարիքի մարդիկ` ինչ-որ հեռավոր նմանությամբ,
զարմանալիորեն ծանոթ շորերով, զննում են ինձ անթարթ
աչքերով, կողք-կողքի շարված պատի տակ`
գնդակահարության մի պարզ, սովորական առավոտ:


* * *
Նորից օր է:
փողոցները նորից լցվել են տարբեր
չափսերի կոշիկներով, վերնաշապիկներով,
տաբաթներով, տարբեր մակնիշի ժամա-
ցույցներով: Ահա,ավտոբուսի կանգառում
դանդաղորեն մաշվում են երեք վերնաշապիկ,
վեց կոշիկ, երեք թաշկինակ և երեք
ժամացույց, որոնք իրարից անտեղյակ
նույն ժամն էին ցույց տալիս:


* * *
Մի կյանքը քիչ է:
Երկուսն ավելի է քիչ- կարճ լռությունից հետո
ասաց մյուս ծերունին:
Սակայն ամենաքիչը երեքն է:
Ամենալավը մեկն է, բայց մի քանի անգամ,-
նկատեց մյուս ծերունին,
որն ինչպես երևում էր, ամենևին զուրկ չէր
հումորից….
……………………………………
Ամռան արևը տաքացնում էր
հազարամյա տապանաքարերը զույգ`
հայր ու որդի նրանց տակ, կողք-կողքի
խաղաղ զրուցում էին
հավերժության մեջ…


ՊԻԵՍ
Աշունը բարձրացնում է իր դեղին վարագույրները,
և մի պառավող օրիորդ է երևում բեմի խորքում.
որ լացակումած կարդում է Կաֆկայի օրագրերը,
որոնք կարող էին նաև իրենը լինել:
Սա մի նոր պիես է, որի մանրամասները մտմտալիս
ես նայում էի լուսամուտից, ուշադիր նայում էի,
թե ինչպես է փողոցն անցնում մի մանկամարդ տիկին,
որին ես սիրել եմ շատ տարիներ առաջ…
Ընդամենը մի փողոց, որը պիտի անցնի նա խուսանավելով
արագընթաց ավտոների արանքով, և կյանքը, որի
հաճույքների միջով անցա ես - երբ աշունը
բարձրացնում էր իր դեղին վարագույրները –
անցա ես հմտորեն խուսանավելով և ուժասպառ
հասնելով ձմռան պատին, և հերոսներից մեկը
գունավոր թասակը գլխին պիտի դուրս գա բեմ
ու պիտի ասի. կյանքը մի արատ է, որը բուժվում է մահով,
կամ ընդհակառակը, եթե դուք դասական ողբերգության
սիրահար եք: Եվ ընդհանրապես, կուզենայի մի քանի
խոսք ասել աշնան մասին, քանի դեռ մանկամարդ
տիկինը չի անցել փողոցը, քանի դեռ ես նայում եմ
լուսամուտից դուրս, քանի դեռ պառավող օրիորդը
դեռևս չի պառավել վերջնականապես:
Բայց դա կլինի 
բոլորովին ուրիշ ողբերգություն:


* * *
…Եվ հավը կխոսի երկրորդ անգամ: Հեռվից կլսվեն
անորոշ ձայներ և մուրճերի թխկթխկոց: Կերգեն քարերը:
Ծառերը կկանաչեն և առատ ձյուն կտեղա:
Կհնչեն կրակոցներ և հրավիրյալները հյուրասենյակից
աղմուկով կտեղափոխվեն գրադարան: Ընդհանրապես
աղմուկ է, սակայն ուշադիր լսելու դեպքում, նույնիսկ, 
առանձին նախադասություններ կհասնեն ականջիդ,
զգացվում է, որ ծանր իրեր են տեղափոխում
վարագույրից այն կողմ: Կա էլի մի վարագույր:
Եվ գրադարանում թաքնված մարդիկ վախեցած կնայեն
կանաչող ծառերի արանքից, որոնք փարթամորեն աճել են
ինչպես մորուքը մեռած մարդու դեմքին`
քառասուներորդ օրը:
Վարագույրից այն կողմ: Կհնչեն կրակոցներ
և առատ ձյուն կտեղա… ավելի հեռվում, ուր
իսկական կյանք է նկարված անվարժ ձեռքով և ուրեմն, 
մահն էլ է իսկական – կա էլի մի վարագույր`
ամբողջովին արյան մեջ կորած:
Եվ թռչունը կխոսի վերջին անգամ:


ԳՈւՑԵ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆՆԵՐ
Իհարկե, հիմնական պատճառը ոտքն էր, ավելի ճիշտ,
ոտքի մի թեթև կաղությունը, որը, թեև, ինչպես ինքն էր
ճգնում պնդել, իբր, առնականության որոշ հմայք էր տալիս
իրեն, բայց, իհարկե, հիմնական պատճառն էր, որ ստիպեց
նրան թողնել փոստատարի աշխատանքը:
Հատկապես անձրևոտ օրերին նվվում էր անտանելի:
Եվ թոշակառուների մի-մի ռուբլիները, որ օրվա վերջին
բավականին պատկառելի գումար էին կազմում, այլևս
դադարել էին իրենց սրտառուչ ջերմությամբ մեղմել
գնալով խորացող ցավը` հատկապես անձրևոտ օրերին:
Հետո նա սկսեց ավտոբուսի կտրոններ վաճառել,
ինքնաշեն խաչեր և զանազան հմայիլներ: Եվ նրա
փոքրիկ կրպակը, որն ընդամենը փայտյա մի կոպիտ
աթոռ էր, տեղափոխվում էր փողոցից փողոց, թաղայինի
աչքից հեռու անկյունների որոնումներում` բայց և մոտիկ
բանուկ մասերին, հանրախանութների և զանազան
շուկաների մուտքերին: Բայց ոտքը շարունակում էր 
նվվալ:
Հատկապես անձրևոտ օրերին:
Զարմանալին այն է, որ նրա թաղման օրը բավականին
մեծ բազմություն էր հավաքվել` եկել էին թոշակառուները,
որոնք մի-մի ռուբլի գումարելով շքեղ պսակ էին գնել,
թաղայինը, որի հետ հանգուցյալը հանդիպեց վերջապես
երես առ երես, եկել էին վարորդներ, հոգևորականներ…
Ամենավերջում եկավ անձրևը: Հետո սկսվեց մի անտա-
նելի նվվոց և բոլորը զարմացած իրար նայեցին, իսկ
տեր հայրը շփոթմունքից խառնեց աղոթքի բառերը, ինչը
երբեք չէր պատահել նրա չափից դուրս ձգձգվող կյանքում:
Եվ միայն բժիշկը, որ վերջին պահին կարողացավ գլխի
ընկնել, հասցրեց դեղահաբերի երկու տուփ խցկել 
հանգուցյալի ցավերից ջղաձգվող մատների մեջ,
գերեզման իջեցնելուց պարզապես մի քանի
վայրկյան առաջ… 


ԱՇՈւՆ
Փողոցներում
ծառերից կախված
օրորվում են բանաստեղծները:
Դեղին ժպիտ կա դեմքերին նրանց
ձեռքերին` հանգած ծխախոտ:

Քամին գալիս է, օրորում դանդաղ
և վայր են թափվում նրանց դեմքերից
դեղին դիմակներ`
ժպիտներ վրան:
Հետո դիմակներ
հռհռացողի բաց բերան
վրան:
Իսկ դիմակները թափվում են ներքև
դեղին խշշոցով,
և հետո հանկարծ բացվում է դեմքը`
մի խոշոր կաթիլ
անձրև է ընկնում փողոցի վրա:

Փողոցներում`
ծառերից կախված
օրորվում են բանաստեղծները:

1964թ.


* * *
Ես արդեն հասկացա, որ մենք նորից կհանդիպենք
արդեն մյուս կյանքում, աշնան մի գեղեցիկ իրիկուն…
…Սայլին լծված դաշնամուրը թեև այլևս չուներ
հմայքն իր վաղեմի, բայց, բարեբախտաբար, ճանապարհը
հարթ էր և երաժշտությունը գնում էր առաջ, իսկ
անիվների միապաղաղ ճռռոցն այն պատրանքն էր ստեղծում,
որ բոլորս` երիտասարդ ու ծեր, նույն երազն ենք 
տեսնում, թեև ոմանք ընկողմված էին հարմարավետ բազկաթոռներում,
շատերը թերթ ու թաշկինակ էին փռել ու նստել աստիճաններին,
իսկ մի քանիսը կանգնած էին` սյուներին հենված:
Մի կին բարձրաձայն հեկեկաց և բոլորը հիացմունքով
նայեցին նրան` կինը հիշել էր անցած կյանքից մի դեպք,
թե ինչպես աշնան մի գեղեցիկ իրիկուն կորցրեց իր
կուսությունը, բայց գտավ երջանկությունը առատորեն
կիտված դեղին տերևների շեղջի մեջ…
Դաշնամուրը շարունակում էր ընթացքը հարթ ճանա-
պարհով` եզրին շարված տարօրինակ ծառեր ու թփեր,
որոնք վաղուց չկան, ինչ-որ գունավոր թռչուններ,
որոնց մենք առաջին անգամ էինք տեսնում, և ընդհանրապես,
օդը համակված էր 18-դ դարի առաջին կեսի 
տառապանքներով:
Երևի ինչ որ տեղ պատերազմ է,- հարցրեցի ես
հատկապես երիտասարդներին:
Ինչ որ տեղ ժամանակը կանգ է առել,- ասացին 
հատկապես երիտասարդները,- և դանդաղ վերադառնում է ետ…
Եվ ես հասկացա, որ չենք հանդիպի այլևս երբեք,
և կինը հեկեկաց առավել բարձրաձայն:


ՃԻՉԸ
Ճիչը տեղի ունեցավ իրիկվա անհայտ մի ժամի, երբ
դեռևս չէր վերջացել առաջին սերիան, սակայն
շարունակվում էին տպավորությունները` սև-սպիտակ
կովեր, որոնք արածում էին թունդ կանաչ խոտերում,
լինե՞լ, թե չլինել, իհարկե, լինել, թեև առավել
հավանականը չլինելն է, մանր անձրև և ասֆալտապատ
ճանապարհ, որն ավարտվում է բուռն ծափահարություններով… 
Սակայն ճիչն արդեն ի կատար էր ածված, արված էր
մի չնչին ու հուսահատ փորձ` ճեղքելու համատարած
խավարը, որն արդեն օգտագործել էր խտանալու բոլոր
ռեսուրսները և իր հասունության շրջանն էր ապրում,
իր լավագույն րոպեները, որ, ավաղ, անցողիկ են,
ինչպես տարիները ջահելության:
Ո՞վ էր դուռը թակեց,- հարցրեց կինը, ձեռքից
ցած չդնելով ճաղերը` շարունակելով գործել
հերթական սվիտերն իր հերթական զավակի համար,
որը վաղուց էր ծնվել նրա չմեռնող հուշերում…
Ո՞վ էր դուռը թակեց,- նորից հարցրեց նա, երբ
ճիչն անց էր հինգ րոպե, կամ գուցե մի քիչ ավելի,
և քանի որ խոսք գնաց ժամանակի մասին, ավելորդ
չենք համարում հիշեցնել, որ այն շարունակում է
սահել ավազի նման, հաճախ մատների արանքով`
առանց ցավ ու հոգնություն պատճառելու…
Ոչ ոք,- պատասխանեց տղամարդը, միակը, որը
որոշել էր չնահանջել ոչ մի քայլ, միակը, որն անթերի
լսողություն ուներ, և չնայած խորացող տարիքին,
շարունակում էր սոլֆեջիոյի մասնավոր դասեր տալ,
բավականին չափավոր գներով:
Ոչ ոք,- պատասխանեց արյունը, որը ծորում էր
դռների արանքով, թանձր առուներով իջնում էր
սանդուղքով ներքև և հետո դուրս գալով փողոց,
լցվում էր խավարի մեջ, մանր կայծկլտալով, ինչպես
հեռավոր ու խորհրդավոր համաստեղություն…


ՀԵՏՈ…
Կգան ուրիշ օրեր: Երևի կգան ձիավորները լեռը հատող
ճանապարհով, և ամենևին պարտադիր չէ, որ նրանք
վատ լուրեր բերեն: Նրանք կարող են բերել անմար
կրակը, որն աշխատում է միջուկային մարտկոցով,
սակայն, ավաղ, նրանց հարսնացուն վաղուց ի վեր
հրաժեշտ է տվել կյանքին` բարեհաջող ծերանալով
և ապա անցնելով վաստակած թոշակի /բավականին 
բարձր, ի վերջո, արքայադուստր է եղել/, և առանց
որևէ քաշքշուկի իր արժանի տեղը գրավել Գինեսի
գրքում, որպես ամենահամբերատարն աշխարհի
բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող հարսնացուներից…
Կգան ուրիշ օրեր, և ագռավները սև բոինգների նման
սահուն վայրէջք կկատարեն թևերը մեջքերին ծալած,
և կարկտի կրակահերթը կանցնի բերրի դաշտերի
վրայով, և գետնին կթափվեն խնձորները` մանկահասակ
պոռնկուհիների անբնական կարմիր այտերով,- միլիոնավոր
կարմիր խնձորներ, և անտանելի քաղցր բուրմունքը
կտարածվի մոլորակից-մոլորակ, անկառավարելի
պրոցեսներ առաջացնելով այլմոլորակայինների կուսական
հոգիներում և սրանք կհամակվեն ծխելու անզուսպ
մոլուցքով, ինչպես նաև, խմելու, հարբելու… և ի վերջո,
կփակեն դուռ ու լուսամուտ և խելահեղ կողբան
ու կանիծեն իրենց երջանիկ ու միապաղաղ կյանքը,
ուր ոչ կառավարություն կա, որի դեմ պայքարեն
և ոչ էլ նույնիսկ կուսակցություն, որը փորձեն
տապալել…Ինչպիսի՜ ձանձրույթ…Այսքան տարի
ապրել առանց հեղափոխության, առանց անհատի
պաշտամունքի, համակենտրոնացման ճամբարների,
առանց ժողովի, միտինգների, որոտընդոստ 
ծափահարությունների և, մանավանդ, առանց
գրաքննության…Կգան ուրիշ օրեր: Կվերադառնան
ձիավորները` հոգնած, տխուր, փոշոտ, պայուսակների
մեջ չոր հաց, մի ումպ ջուր` տափաշշերում, և հին
լրագրեր` ցեխաջրում լողացող, և հին երեխաներ,
որ անիվ են գլորում ծուռումուռ փողոցներում
և փողոցի ուղիղ կենտրոնում կանգնած մի հին մարդ,
որը մտածում է` գնա՞ տուն,
թե՞ շարունակի այդպես կանգնած մնալ… 


ԴԱՍԱԿԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Ինչ-որ միտք ծագեց ուղեղումդ և սկսեց դանդաղ
մարմրել, ինչ-որ միտք, որը գուցե կկարողանար այլ
պարագաներում հրաշալի վերջաբան ունենալ, եթե
ծաղկամանի մեջ ոչ թե սովորական ծաղիկներ աճեին,
այլ` վարդ, թեկուզ մեկը, ընդամենը մեկը, բայց որը
կհիշեցներ ձեր հին տան բակի անկյունը մոռացված,
ուր հին իրեր էին հավաքվում առանց որևէ նախաձեռ-
նության` զանազան փալաս-փուլուս, մաշված ավել,
ծռմռված հեծանիվ, ծակ գնդակ, Կասպից ծովի ափից,
հյուսիս-արևելյան Բանկից վաղուց ի վեր ստացված
ծանրոցի գրեթե լիարժեք արկղ` միայն թե արևից ու
անձրևներից խամրել էին կողին գրված անուն-ազգա-
նունը, հասցեն… Մի քանի անհասկանալի խաղալիք, 
որոնք կարող էին քաղցր հուշեր արթնացնել ծերունա-
կան հոգում, և երբ ես ուզում էի վերցնել դրանցից մեկը`
փուշը ծակեց մատս, փուշը վարդի, որը ենթատեքստի
նման թաքնվել էր այս ամենի տակ` և նրա ցավը ամե-
նաքաղցրն էր բոլոր հուշերից, որովհետև առաջինը
նա էր` վարդը, որն այնքան գեղեցիկ էր, որ ես չէի
կարող չգնալ նրա մոտ, ձեռք չտալ նրան` կրկնելու
դասական պատմությունը նույնությամբ, ինչպես
հազար անգամ կրկնված մանկություն, քերծված
ծունկ ու արմունկներ, և պիտի լիներ առաջին փշի
խայթը, և ես, որ զարմացած նայում էի արյունոտված
մատիս, և վարդը, որ խորհրդավոր քմծիծաղով
հետևում էր ինձ, ինչպես փորձված, հասուն կինը
կնայեր մատնաչափ լակոտին, որը դեռ չի հասկա-
նում ոչինչ, բայց ձգվում, ձգվում է նրան…


ԿԳԱ ՕՐԸ
Եվ հին սերը կարող է
ծաղկել հանկարծ
կակտուսի նման:
Հին նկարը կարող է
խոսել քեզ հետ
հասկանալի լեզվով:
Եվ ջահել մայրը կարող է
բացել դուռը
ծերացած որդու առաջ
և խունացած երկինքը լցնել
հրեշտակներով…


* * *

Կանաչ աչքերը ժպտում են տրտում
հանկարծ կանաչած ծառերի միջից:
Փողոցով դանդաղ անցնում է մի կառք 
ծաղկամաններով, որ ես ջրում եմ ընթացքի պահին,
և վանդակներով, որոնց մեջ կերն եմ փոխում
մերթընդմերթ: Կառքին լծված է մի կայտառ կատու,
և մի ձեռնափայտ վարում է կառքը:
Իսկ կառքի վերում ճերմակ պաստառն է,
ի լուր աշխարհի գրված է այնտեղ. «Խելքս
գնում է կանաչ աչքերով աղջկա համար`
ութն անց տասնհինգից մինչև հինգն անց կես,
առանց ընդմիջման»: Ի՜նչ թարմ կեսօր է`
մեքենագրուհի-քարտուղարուհիների մի գունեղ երամ
անցավ երկնքով, որպես ողջույնի հավաստի նշան
շաղելով վերից մեքենագրված ծաղկաթերթիկներ`
«Սև են ու կապույտ մեր աչքերն, ավաղ»:
Գլուխն օրորեց ծեր թոշակառուն, կաթի շշերը
դրեց ասֆալտին և ընկավ խորը մտածմունքի մեջ:
Դու նկատեցի՞ր,- հարցրեց կատուն,- կաթերը 
թարմ էին, ըստ երևույթին, նաև շատ համեղ:
- Բայց սերն է, սերն է մեզ տանում առաջ,-
ձեռնափայտն ասաց… 
…Հանկարծ կանաչած ծառերի միջով, 
ծաղկամաններով և վանդակներով, փողոցով դանդաղ
գնում էր խելքս կանաչ աչքերով աղջկա համար:



ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈւԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ
(տարբեր տարիների գրի առնված իրական պատմություններ)


ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ
Առավոտյան դու դեռ ոչ մի տարեկան ես,
ամեն առավոտ դու արթնանում ես օրորոցի մեջ,
և աչքերդ փակ` մորդ աջ ձեռքի
հաճելի սառնությունն ես զգում ճակատիդ:
Իսկ հետո շրխկոցով փակվում է բակի դարպասը`
հայրդ աշխատանքի գնաց,
և հետո դուռը նորից կբացվի ու կփակվի` 
քույրերդ դպրոց գնացին…
Եվ հետո լռություն կիջնի և տանը միայն
մորդ քայլերը կմնան և լացի ձայնը
(և դեռ աչքերդ փակ սթափվում ես քիչ-քիչ),
քո լացի ձայնը, որն ականջիդ մեջ է…
Քո լացի ձայնը…աղջիկդ է լալիս…օրորոցի մեջ…
կնոջդ քայլերը…ինչ-որ դռներ են փակվում ու բացվում
խոհանոցից ներս…Եվ սթափվում ես վերջնականապես,
հետո ծերանում
մի ակնթարթում…


ԱՆՎԵՐՋ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔ
Ես մոտենում եմ քեզ, ինչպես քնատ երեխա, որը մութ
սենյակում աչքերը փակ դեպի իր անկողինն է գնում
ձեռքերն առաջ պարզած: Պատերը տաք են, բայց ես
չեմ տեսնում քեզ, որովհետև հիմա աչքերս, թեև բաց,
բայց արցունքով են լցված, և չտեսնող աչքերով, ձեռքերս
առաջ պարզած` խարխափելով շրջում եմ քո փողոցներում,
զգուշորեն անցնելով մետաղյա օրորոցների, եռանիվ
հեծանիվների, շորե գնդակների, փայտե ձիերի արանքով,
և ոտներիս կատուներ են քսվում, Աստծու թաշկինակները`
մայրս այդպես էր ասում: Հետո հարազատ ձայներ
փաթաթվեցին դեմքիս, հարազատ մատներ
այտերս էին շոյում… ծանոթ քայլեր են – 
հայրս տուն եկավ… ծանոթ բառեր են – քրոջս ձայնն է`
դաս է սովորում,
ինչ-որ դուռ է փակվում,
ինչ-որ լույս է հանգում…
Եվ կեսգիշերին արթնացած մի երեխա է լալիս,
որ վատ երազ է տեսել` սիրտը պատռվում է վախից`
իբր դուրս է եկել տնից, խաղացել է մի քիչ, և հետո
վերադարձել տուն, իսկ տանը ոչ ոք չկա…
խաղով տարված չի նկատել, թե ինչպես է
մութն ընկել արդեն
և տանը ոչ ոք չկա…


ՀԻՆ ԳՈՐԳ
Եվ մատդ նորից նախշի վրայով սահում է կամաց` սկզբում
աղոտ, հետո պարզորոշ ինչ-որ ձայներ են հասնում շատ հեռվից-
վայրի աղմուկով պատուհանիդ տակ գնում-գալիս էր 
ավտոմեքենան, նախ մեկն էր, հետո դարձան մի քանի, հետո
շատացան, և փողոցային շների կյանքը թևակոխեց նոր,
հիրավի ծանր, դժվարին էտապ, որի նմանը չէր տեսել բնավ
անցյալ օրերի ոչ մի անտեր շուն:
Փողոցի շներ` մերկ ու անոթի, իմ ժամացույցներ փոշոտ
մանկության, ձեր աղեկտուր կլանչոցն ահա հասավ ականջիս,
ասել է` ժամը յոթն է, և տնից արդեն ելել է ժեշտանչի Վաղոն,
գործի է գնում, անտրամադիր քացահարելով ճամփին
պատահած քնատ շներին, որոնք այնպես էին վարժվել արդեն
սապոգին նրա` էլ չէին շարժվում պառկած տեղերից` պատերի
տակից, ուր մանր դողով սեղմված իրար անցկացրել էին
չարքաշ, անոթի ևս մի գիշեր:
Հետո վայնասուն մի անտանելի` ժամը ութն եղավ, վարսավիրները
անցան փողոցով, և խիստ գործնական, վարժ շարժումներով`
փորձելով ձեր պոչ-ականջի վրա սրությունն իրենց
մկրատ-ածելու: Եվ մատդ նորից նախշի վրայով սահում է
կամաց - և շունչդ պահած սպասում ես լուռ` կողքի սենյակից
ուր որ է մայրդ կկանչի հիմա.- Վեր կաց, այ տղա, ժամը 
տասն եղավ… Եվ ի հաստատումն մորդ խոսքերի` հայհոյանք, հաչոց
խառնվեցին իրար` մսագործ Ավոն, բնույթով բարի, բայց տեսքը
դաժան, բոլորի կողմից չսիրված, նաև անտուն շների, և
կրկնվում էր նույն պատմությունը ամեն առավոտ` ճիշտ ժամը
տասին մսի հոտ առած շներն հաչում էին, և հայհոյում էր
Ավոն կատաղի, շներից քիչ-քիչ անցում անելով նախ կնոջն,
ապա` զոքանչին, հետո հարևաններին, հետո` ընդհանուր…
Հետո մարում էին աղմուկ ու քայլեր, և մատդ նորից
նախշի վրայով սահում է կամաց.- ինչ որ քաղաքի,
ինչ որ մի բակում հին գորգ է կախված, և մի ջահել կին
երեխան գրկին, բարի հայացքով նայում էր, լռում,
գուցե հասկացավ, որ տարիները գնում են արագ,
և տարիքն առած օտարականն այս, ի՞նչ իմանաս, թե
ինչե՞ր է հիշել այս հին գորգի դեմ, որ խոնավացան աչքերը,
նույնիսկ արցունք հայտնվեց` նախ մեկը, հետո
դարձան մի քանի,
հետո շատացան…


ԿԻՐԱԿԻ
Սենյակային ծաղիկներ` շարված կողք-կողքի, լուսամուտի
գոգին` հիվանդ երեխաներ, որոնց բակ չեն թողնում խաղալու –
նայում են դուրս սենյակային ծաղիկները:
Եվ մինչ ըսիկ-ընիկ ասելով մեծանում էի Գյումրվա փողոցներում-
անվերջ նույնն էին մնում սենյակային ծաղիկները, անվերջ
նույնն էին մնում: Բայց նշված օրերին երբեմն հիվանդանում էի:
Եվ մայրս, աթոռների հետ միասին ինձ դնում էր սեղանին
և հատակն էր լվանում, հետո անցնում էր սեղանը սրբելուն-
աթոռներն իջնում էին հատակին, իսկ ես նույն կարգով
տեղափոխվում էի լուսամուտի գոգ, որովհետև հատակը
դեռ խոնավ էր, իսկ ես` դեռ հիվանդ, իսկ ես չնայած
շատ փոքր էի, բայց կարդալ գիտեի արդեն, և մայրս
ջղայնանում էր, որովհետև դժվար էր ինձ տեղից տեղ տանելը
«Դոն Կիխոտի» ծանր հատորի հետ միասին, իսկ ես
հակառակի պես սիրում էի հաստ գրքեր կարդալ,
հատկապես լուսամուտի գոգին, սենյակային ծաղիկների
արանքում, որովհետև մայրս գործերով ընկած, հաճախ
մոռանում էր ինձ իջեցնել և ես երկար մնում էի ծաղիկների
արանքում…և ինձանից ծաղիկների հոտ էր գալիս, 
իսկ ծաղիկներից` ասպիրինի… Հետո երևի 
շատ ժամանակ անցավ, որովհետև մայրս ծերացել է արդեն,
որովհետև ինքս էլ ծերանում եմ արդեն, բայց երբեմն
/միայն կիրակի օրերին/, երբ ուզում եմ ինչ-որ բան հիշել
և ինչ-որ բան մոռանալ, զգուշորեն հանում եմ գրքերիս
արանքից «Դոն Կիխոտը», զգուշորեն մոտեցնում եմ դեմքիս
և հեռու-հեռվից պարզ առնում եմ ծաղիկների հոտը
և պարզ տեսնում եմ հիվանդ երեխային ծաղիկների
արանքում նստած, և զարմանալիորեն ջահել մայրս
արդուկում է արտասվելու չափ փոքրիկ վերնաշապիկներս…


ԵՐԵՔ ԶՈւՌՆԱՉԻ
Կիրակին գոլ էր տվել վարսավիրանոցի դռան մոտ
ու չէր շարժվում տեղից: Մաքուր սափրված,
երեսները ալյուրոտ (վարսավիրը չէր խնայել դիմափոշին),
մնացած ամեն ինչը սև` կոստյումները սև,
աչք-հոնքերը սև, դռան մոտ շարված էին երեքով,
ծխում ու նայում էին իրար` երեսները ալյուրոտ:
պայծառ շողում էր արևը, և առավոտյան բաղնիք
գնացած պառավների կարմրաթուշ ու մաքրամաքուր
խումբն էր վերադառնում հանդիսավոր, ճխտած շորերով
վիթխարի զամբյուղները մանրիկ քայլքի տակտով օրորելով:
Ծխում ու նայում էին նրանց` երեք ալյուրոտ զուռնաչի,
անտարբեր նայում էին նրանց ու նվագում էին մտովի
Շոպենի հայտնի մեղեդին, հայտնի, բայց ներելի շեղումով…
Եվ հետո չհասկացան, թե ինչպես, առանց
մի բառ անգամ փոխանակելու, առանց իրար երեսի
նայելու, քայլեցին պառավների ետևից, մաքուր սափրված,
ալյուրոտ երեսներով երեք զուռնաչի, մտովի ձգելով տխուր
մեղեդին, մտովի` բայց լիովին տարված իրենց գործով,
մտովի` բայց առանց գլուխ պահելու, և կիրակին,
որ գոլ էր տվել ու լճացել էր վարսավիրանոցի 
դռան առաջ, դանդաղ ու ծույլ-ծույլ շարժվեց տեղից:
Եվ աղավնիների, որոնք ինչ-որ մի կտուրից նետվելով երկինք
լուցկու ճերմակ բոցի նման բռնկվում էին օդի մեջ,
և ագռավների, որոնք բոցի մեջ մոխրացած, սևացած
աղավնիներն են նախկին, և մեքենաների աղմուկի,
երեխաների զվարթաձայն ճիչ ու ծիծաղի միջով,
բանից անտեղյակ քայլում էին պառավները հանդիսավոր,
բանից անտեղյակ քայլում էին զուռնաչիները երեք,
և քրտինքը ծորում էր մաքուր սափրված դեմքերի վրայով,
թուխ առուներ գծելով նրանց ալյուրոտ թշերին…
Իսկ երբ պառավներն անհետացան բակերի և դարպասների
որոգայթում, կիսամթի մեջ միայնակ, մոլորված կանգնեցին
նրանք, մոլորված կանգնեցին ու նայեցին իրար հանկարծ`
սևացած երեսներով, սև կոստյումներով, աչք-հոնքերով սև-
այս ե՞րբ մոխրացավ կիրակին` լուցկու պես բռնկվեց
ու հանգավ, այս ե՞րբ մթնեց օրը…և այս ի՞նչ
փողոց է` անծանոթ բոլորովին…
Իսկ երբ փակ դարպասի ետևից մեկը քար շպրտեց`
կռավելով վախեցած երեք ագռավ թռան երկինք 
և թևերը դանդաղ շարժելով
լուծվեցին խավարում մթության…


ՇԱՐԱԴՐՈւԹՅՈւՆ
Պատերազմի մասին հնարավոր չէ պատմել,- ասում էր
հայրս և ջղայնացած գնում-գալիս էր սենյակում, իսկ ես
տետրակը ձեռքիս գնում-գալիս էի նրա ետևից, որովհետև
ուսուցիչն էր հանձնարարել շարադրություն գրել
պատերազմի մասին: Իսկ ուրիշ էլ ո՞վ պիտի ինձ պատմեր
պատերազմի մասին, եթե ոչ հայրս, որի մեդալները թաքուն
կպցնում կրծքիս իջնում էի բակ և հավասարը հավասարի`
շրջում մեդալակիր ընկերներիս հետ ուս ուսի տված…
Պատերազմի մասի՞ն, հնարավոր չէ՜,-ասում էր հայրս,-
ոչ մի կերպ հնարավոր չէ…- և ջղայնացած գնում-գալիս էր,
չնկատելով, թե ինչպես է իրար ետևից ծխախոտ կպցնում
և նորից ճմլում մոխրամանի մեջ, իսկ ես տետրակը
ձեռքիս գնում-գալիս էի նրա ետևից, թախանձելով անվերջ:
Հետո մայրս միացավ մեր խմբին, հետո քույրերս,
և թախանձում էինք…Եվ հայրս հանկարծ անշարժացավ
սենյակի կենտրոնում, դողացող ձեռքով ճմլեց վերջին
ծխախոտը մոխրամանի մեջ, հետո հանեց պիջակը
և խնամքով կախեց աթոռի թիկնակին…Զարմանքով
նրան էինք նայում, իսկ նա խոնավ հայացքով նայում էր մեզ,
իսկ դողդողացող մատները վերնաշապիկի կոճակներն էին
քանդում…Իսկ երբ անճարակ շարժումներով մի կերպ
հանվեց` մի տեսակ խեղճացավ, փոքրացավ` վերնաշապիկը 
ձեռքի մեջ բռնած, և մարմինը չգիտեր ինչպես թաքցնել, 
մարմինը` ամբողջովին սպիների մեջ կորած…:
…Մայրս արդեն լալիս էր անկյունում կծկված, իսկ մենք
փաթաթվել էինք ամբողջովին սպիներով պատված մեր հորը,
իսկ մենք լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ,
կարծես հենց նոր վերջացավ պատերազմի վերջին օրը,
կարծես հենց նոր բացվեց դուռը,
և հենց նոր տեսանք պատերազմից տուն դարձած
մեր հորը, և փաթաթվել,
լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ…


ԿԱՐՄԻՐ ԱՐՅՈւՆԸ, ՈՐ ՄԱՐՄԻՆ ՉՈւՆԵՐ
Փողոցում դարձյալ գարուն է, բայց նոր են հայտնվել
տերևները: Սև քարերով մի եկեղեցի, որ անչափ հոգնել է
ապրելուց, սև շորերի մեջ կուլուլված պառավներ,
որ բոլորովին չեն ուզում մեռնել և մի տարեց տղամարդ,
որ աղիողորմ լալիս է` այդ ի՞նչ պատահեց, միայն մի
պահ, ընդամենը մի պահ բաց թողեց մոր ձեռքը,
շրջվեց նայելու աղիողորմ ողբացող գառանը, որն այնքան
գեղեցիկ էր` ժապավենը ճակատին խաչ արած, միայն մի
պահ բաց թողեց մոր ձեռքը և ահա մնաց մենակ`
սև շալերով կուլուլված պառավների բազմության մեջ,
որ անտարբեր նայում էր աղիողորմ արտասվող տարեց
տղամարդուն և խաչակնքում արագ-արագ` Տեր,
փրկյա մեզ ի չարե…Եվ ի՜նչ արագությամբ մութն ընկավ,
և դու` դեմքդ արցունքների մեջ կորած, քսվելով պատերին,
մոլորված շրջում ես ճերմակ մոմերի մեջ և խորհրդավոր
փսփսոցների, անկյանք դիմակների և ճերմակ ձեռքերի,
որ բռնած տանում են մոմերը վառվող…Եվ այդ (ինչպե՞ս
պատահեց), դու տեսար հանկարծ – կարմիր ժապավենը
ընկել էր հեռու, կարմիր արյունը, որ մարմին չուներ,
զարմացած-անմեղ աչքերը, որ այլևս չեն փակվում,
և մարմինը, որ գնում է առանց աղիողորմ ողբի, և ողբը,
որ պտտվում է եկեղեցուշուրջը, մորդ ձեռից բռնած (միայն
մի պահ, ընդամենը մի պահ), և դու, որ վազում ես
նրանց ետևից, և ոտքերդ խրվում են հողի մեջ, և անցնող
օրերը քաշում են շորերիցդ, և անցնող տարիները,
որ քամու պես խփվում են երեսիդ և հերթով
փակում աչքերը զարմացած ու անմեղ մոմերի…


ԱՅՍ ԳԻՇԵՐ ԵՎ ՎԱՂԸ ՑԵՐԵԿԸ ՇԻՐԱԿԻ ՀԱՐԹԱՎԱՅՐՈւՄ ԵՎ
ԳՅՈւՄՐԻ ՔԱՂԱՔՈւՄ ՍՊԱՍՎՈւՄ Է ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈւԹՅԱՆ
ԵՂԱՆԱԿ…
…Եվ ծերունին, որն իմ պապն էր երևի, կամ էլ` 
պապի պապը, որն անմիջականորեն սերում էր Նոյից ու 
սիրում էր հաճախ, հատկապես անձրևոտ օրերին, 
պատմել ջրհեղեղյան իր հուշերը, ամեն անգամ սկսելով 
իր պատմությունը. «Մի այսպիսի մունդառ օր էր…» 
նախադասությամբ… ծերունին, որին
ամեն առավոտ ծանր ու հնամենի պահարանի նման 
քաշքշելով
իր բազկաթոռի հետ մի կերպ տեղավորում էինք մեր 
բնակարանի միակ լուսավոր անկյունում` պատուհանի դիմաց,
որտեղից երևում էր բակն իր բազմաթիվ պառավներով, որոնք
առավոտից իրիկուն պղնձյա կաթսաներ էին 
փայլեցնում անսպառ եռանդով, մի քանի հավ, որոնք 
անվերջ կտցում էին գետինը` կարի մեքենայի ասեղի 
նման նույն ռիթմով վերուվար անելով գլուխները, և 
մայրս, որն անընդհատ ինչ-որ բան էր
կարում, և մենք բոլորս միասին սպասում էինք հորս…
Եվ սպասվում էին էլի ինչ-որ բաներ:


2…Գալիֆե հագած մռայլ տղամարդիկ, բեղերով, որոնց 
ձևավորման եղանակը պարզ էր չափազանց` վարսավիրը
բութ մատը դնում էր անմիջպես քթերի տակ, մնացած 
տարածությունը սափրում մաքուր, և օրը միջին հաշվով
քսան Լավրենտի էր դուրս ելնում վարսավիրանոցներից`
չորս մատը բլուզների միջկոճակային բացվածքների մեջ
խրած, մյուս ձեռքով ջանասիրաբար թափ տալով ուսերին,
կրծքերին թափթփված մազմզուկները և հայացքները հառած
ապագային, հատու քայլերով մտնում էին օրվա մեջ`
երջանկությունն ու դժբախտությունն իրար խառնած…
Թեև սպասվում էին էլի ինչ-որ բաներ:


3. …Մնաք բարով, ռելսերի վրա նստոտած հարազատներ, 
ապրեք խաղաղ` բանտախցերում և հոգեբուժարաններում,
գարշահոտ գարեջրատներում և նկուղներում առնետներով լի:
Եվ քաղաքի միակ բաղնիքը, որն աշխատում էր անխափան,
հալից ընկել է, բայց ի՞նչ կարող է անել այսքան կեղտ ու փոշու
մեջ, և հերթը երբեք չէր նվազում, որովհետև լավրենտիները
վարսավիրանոցներից դուրս գալով, հատու քայլերով
մտնում էին բաղնիք, այնուհետև` գարեջրատուն, որտեղից
դուրս գալով, մի կարճ ժամանակ ճոճվելուց հետո, 
երկար ու ձիգ պառկում էին կեղտ ու փոշու մեջ,
կողք-կողքի, չորս մատը բլուզների միջկոճակային 
բացվածքի մեջ խրած… Հետո նրանց քարշ էին
տալիս բաղնիքի պատի տակ և նորից կողք-կողքի 
շարում…Եվ պատմությունը կրկնվում էր շարունակ:
Բայց էլի ու էլի սպասվում են նոր բաներ:


4. …Ախ, հա, ծերունի՜ն… Նա գողունի կնայի չորս կողմը
և համոզվելով, որ դուրս է մնացել ուշադրությունից, կեպիի
միջից կհանի ջրհեղեղից մնացած ծխախոտի կոթուկն ու քիչ
հետո սենյակը կլցվի նախնադարյան ծխով, և պահ անց`
չորչորուկ կուրծքը բռնած կսկսի ծանր հազալ, և հազի վրա, 
կեսերջանիկ-կեսդժբախտ դեմքերով կհավաքվեն մահվան
հրեշտակներն ու սրբերը դալկադեմ, թերահավատ կզննեն
ծերունուն, որը դարեր շարունակ խաբել է նրանց մահվան
կեղծ նշաններով, հավաքել է շուրջբոլորը, կտրելով գործից,
բանից, և ապա, աչքերը կիսախուփ, իր հին պատմությունն է
սկսել. «Էսօրվա պես մի մունդառ օր էր…»: Սակայն այս
անգամ, կարծես թե կեղծիք չկար և հրեշտակները 
ազդարարեցին` բաց պահել երկնքի դռները, և ահա, հանկարծ,
իր տաղտկալի ու սմքած կացարանից դուրս նետվեց հոգին` 
ցնծությունից խելակորույս` ցմահ բանտարկության հետ 
հաշտված կալանավորի նման, որին անսպասելիորեն
ազատություն էին պարգևել…

…Դառնաղի ողբալով պառավները շարունակում էին
փայլեցնել կաթսաներն անսպառ եռանդով, սգավոր ռիթմով
տկտկում էր կարի մեքենան, դարպասի երկայնքով 
մռայլադեմ շարվում էին լավրենտիները` չորս մատը
միջկոճակային բացվածքի մեջ խրած… Եվ վերջապես
եկավ հայրս, որին անվերջ սպասել եմ և որը առաջին անգամ
տուն եկավ ցերեկով, և միայն մի քանի վայրկյան, գուցե մի
քանի րոպե կարողացա նրան տեսնել, որովհետև 
անսպասելիորեն իջած խավարը վարագույրի նման
հապշտապ թաքցրեց այս տխուր տեսարանը
օտար աչքերից: 


* * *
Ես ահա, նորից խոսում եմ պատերազմի մասին
և վերքերի մեջ կորած հայրս
նորից տնքում է այս տողերի մեջ…
Եվ նորից վազում ենք երեխեքի խմբով
փողային նվագախմբի ետևից
առաջին մայիսների քաղաքում:
Եվ ի՜նչ երկար էին տևում շքերթներն այն տարիներին
և ի՜նչ դանդաղ էին գնում շարասյուները մարդկանց…
Եվ ինչպե՞ս կարող էին արագ քայլել միոտանի,
հենակավոր տղամարդիկ,
և ինչպես կարող էին արագ քայլել
թեկուզ երկու ոտով, բայց երկուսն էլ պրոթեզ…
Եվ ինչպես կարող էին արագ քայլել կանայք,
երբ բոլորն էլ թերսնված ու թուլակազմ էին, գունատ ու սմքած,
և ի՜նչ շատ էին նիհար մարդիկ…
Եվ դանդաղ գնում էին շարասյուները
և մեդալների զնգզնգոցն էր համաչափ տարածվում
և ասֆալտին խփվող հենակների թխկթխկոցը չոր…
…Բայց ո՞վ է կարդալու այս բանաստեղծությունը,
որի տողերի միջից խուլ տնքում է հայրս
անվերջ ցավող գլուխը ձեռքերի մեջ առած,
բայց ո՞վ է լսելու ձայնս, որն անվերջ կերկերում է,
երբ հիշողություններիս խորքում հանդիպում եմ ինքս ինձ,
որ վազվզում էի կարկատած շալվարավոր ընկերներիս հետ,
հենակների ու պրոթեզների արանքում, հիացմունքով նայելով,
թե ինչպես են միթևանի տղամարդիկ հմտորեն լուցկի
վառում` պիջակի մյուս, դատարկ թևքը
գրպանի մեջ խնամքով սուզած….
…Իսկ երբ երեկոյան խտացող մթության մեջ
երեխեքի հրճվանքից սրտապատառ ճիչ ու աղաղակի հետ
բռնկվում էին ու մարում հրավառության բոցերը կանաչ-կարմիր,
հենակներին հենված տղամարդիկ անձայն արտասվում էին
…կանաչ-կարմիր…
իրենց ավերված կյանքերի համար
…կանաչ-կարմիր…


ՇՐՋԱՆԱԿ ԼՈւՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ
Փայտյա հասարակ շրջանակի մեջ պարզ երևում է
հայացքդ մարած, գլուխդ թեքած աջ ուսիդ վրա,
ցանցառ մորուքդ արդեն ճերմակող,
մագաղաթագույն դեմքդ անլվա: Խելառ Սարգի՜սը,
Խելառ Սարգի՜սը….և ոտաբոբիկ երեխաների բազմությունն ահա
ճիչ ու աղմուկով սուրաց փողոցով –
սակայն տխուր է հայացքդ մարած, ոչ ոք չգիտե`
երրորդ գիշերն է, որ դու չես քնում,
երրորդ գիշերն է սատկել է կատուդ` ընկերդ միակ
և գաղտագողի թաղել ես նրան քաղաքային մեծ այգու
անկյունում, երրորդ գիշերն է, որ դու ջրում ես 
գերեզմանն առատ, փխրեցնում հողը, մաքրում քարերից,
մոլախոտերից, և կողքին նստած սպասում ես լուռ,
թե արդյոք ե՞րբ էդուրս գալու ծիլը քո կատվածառի…
Հուսով նայում էիր երկնքին խավար և կրկնում էին
շուրթերդ ակամա` եթե գարունը անձրևոտ լինի,
եթե աշունը բարեսիրտ լինի,
եթե ձմռանը առատ ձյուն տեղա…Խելառ Սարգի՜սը,
Խելառ Սարգի՜սը…և ոտաբոբիկ երեխաների բազմությունն ահա
սուրաց փողոցով…և գիշերն իջավ` երկու ձեռքերով
հենվեց տաք հողին…իսկ դու չես հոգնել, թեև հայացքդ
մարած է լրիվ, նստել ես ինչ-որ դարպասի կողքի,
գլուխդ թեքած աջ ուսիդ վրա… Ու հանկարծ տեսար`
ինչ-որ տեղ մութը ավելի էր մութ, և այդ մթան մեջ
երկու կանաչ կետ, լուսավոր կանաչ, մերթ մոտենում էին
ու մերթ հեռանում, և քո մարմինը ձգվեց, վեր ելավ`
և սրտապատառ վազում էիր արդեն քաղաքային մեծ այգու
ուղղությամբ, և հենց դռան մոտ քեզ դիմավորեց Կապույտ
Դանուբի ալիքն առաջին, և թաքնվելով մթնում խտացած
ստվերների մեջ, առաջ գնացիր. թփերի միջից երևում էին պարզ
վալսի ներդաշնակ տակտով զբոսնող քայլքը զույգերի`
ի՜նչ հրաշալի տեսարան էր դա - այրեր պատվարժան,
և զինվորական նվագախմբի գործիքների պես պսպղում էին
մաքուր սափրված այտերը նրանց, իսկ ճարմանդները,
կոճակներն հապա… Եվ տիկնայք փարթամ, լիքը կրծքերով,
ադամանդների, ոսկյա, արծաթյա գոտիների ու մատանիների,
ժանյակ, շղթայի, ապարանջանի, ականջօղերի սահուն-
շարժական ճոխ ցուցահանդես` ի՜նչ հրաշալի տեսարան էր դա.
անցնում էին հպարտ տատեր-պապերի, աղջիկ-հարսների
և փեսաների իրար սեղմված շարքերն համերաշխ, բոլորը
խմբով, բոլորն ուս-ուսի, միայն դու մենակ, ցանցառ մորուքով,
գլուխդ թեքած աջ ուսիդ վրա, մարած հայացքով թփերի միջից
նայում էիր նրանց, և ձեռքդ ակամա թաց գերեզմանն էր շոյում
քո միակ, մեռած ընկերոջ, և կրկնում էին շուրթերդ ակամա.
եթե գարունը անձրևոտ լինի, եթե ամառը լինի արևոտ,
եթե աշունը բարեսիրտ լինի, եթե ձմռանը առատ ձյուն տեղա…


QUIDNAM FUTURUM EST?*
Գուցե մի օր կհիշեմ, թե ես որտե՞ղ եմ տեսել այս նկարը հին.
հարթ, սև մազերը գորշ գլխաշորով կոկիկ փաթաթած,
ձեռքերը խաչած կրծքերի վրա, շարված էին կանայք
դարպասների դեմ և բաց աչքերով անթարթ նայում էին
իրար ու հեռու: Օրվա ավարտն էր` մթի գոլորշին ծորում էր
կամաց դուդուկի թանձր մեղեդու նման, սևքար տների
պատերից փափուկ և խտանալով նախ գետնի վրա, քիչ-քիչ
ելնում էր, տարածվում վերև: Օրվա ավարտն էր` վերադարձի
ժամ, և հեռվում, ահա, փողոցի ծայրից լսվում են ծանր
քայլերի ձայներ, ապա, երևաց խումբը միաձույլ, մեկ մարմին
դարձած խումբը օրորվող, հենված ուս-ուսի, իրարից կառչած,
ծալվող ոտները շարժելով մի կերպ, լարված հայացքով
ու կենտրոնացած, փաթ ընկնող լեզու, շշուկներ խեղդված,-
Հակոբին պահեք…ուստեն վատացավ…դրոշակները 
պինդ բռնեք, տղերք… Եվ դրոշները` Ենովքը, ահա,
գայթակղության միրգը ճզմելիս, և ծխի նման դուրս է
սողոսկում դալուկ սատանան… Էլի դրոշներ, պատկերներ
էլի` Դավիթ Մարգարե, Հովսեփ ու Աբել…
…Տուն էին դառնում հաղթության դաշտից հռովմեական
զորավարները, և Տիգրան Մեծի հզոր բանակն էր
հեռու-հեռավոր անապատների փոշին ուսերին` հաղթած
ու հոգնած վերադառնում ետ` հողը հայրենի: Եվ փարավոնը`
աջ ձեռքը պարզած, ուղիղ-ձիգ կանգնած իր մարտակառքում
փոշու ամպերը երկինք հանելով սուրում` ցնծության
ճիչ ու աղմուկին անհաղորդ, հպարտ… և ծնծղաների,
շեփորի զվարթ կանչերի միջով… Հետո ծաղիկներ, նվագ,
երգ ու պար և գինու հեղեղ: Հանուն Սուրբ Կույսի մարտի
դուրս ելած երկաթակուռ ու հպարտ ասպետն էր զինված
գլխովին, գունատ ժպիտով արշավում դանդաղ` հրեշտակներ էին
թևածում օդում և արևն ինչպես ոսկեզօծ պսակ, նշան հաղթության
շողշողում նրա գլխավերևում…
Միգուցե մի օր կհիշեմ, թե ես որտե՞ղ եմ տեսել այս նկարը հին`
չկային ծնծղաներ ու արև չկար, չկային ծաղիկներ,
և օրորվելով խումբն էր մոտենում, և խմբից, ահա, զատվեց
մի մարմին` ձեռքին դրոշակ, կանգնեց մի վայրկյան ու հետո
փլվեց իր դարպասի և ձեռքերը կրծքին խաչած իր կնոջ
ոտների առաջ… Եվ կինը անխոս կռացավ վրան, վարժ 
շարժումներով դարպասի դեմից ներս քաշեց մարմինն իր
փարավոնի, որը քթի տակ մրթմրթում էր, թե` էս մեկն էլ
խմենք մեր նամուսի ու թասիբի կենաց…
Իսկ երբ խավարում խումբը վերացավ, երբ տուն քաշեցին
ասպետին վերջին, նկարի մեջ պարզ ագռավն երևաց սև
սերթուկավոր, հազաց մի թեթև, նայեց աչքերիս և հրաշալի
լատիներենով հարցրեց հանկարծ. «QUIDNAM FUTURUM EST?»- 
տարակուսանքով լռեցի մի պահ, հետո ուսերս վերև
քաշեցի` այսինքն, եղբայր, ես ինչ իմանամ,
ես ինչ իմանամ…

----------------------------------
*Ի՞նչ է լինելու հետո /լատ./ 


ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ
Ծերունին խորամանկ ժպտաց ու թաքցրեց դեմքը
չորչորուկ ուսերի արանքում: Աստված իմ,
բայց չէ՞ որ դու ճանաչում ես նրան, ծերունուն,
որը ծնվել է այս գիպսե արձանների հետ, ծերունուն,
որին ամեն գարնանամուտի ներկում են վառ կանաչ
գույնով, աթոռների, ցանկապատների, կարուսելների,
փայտե ձիերի, փայտե արջերի, փայտե փղերի և մյուս
չափազանց անհրաժեշտ և չափազանց փայտե 
և չափազանց կարևոր մանրամասների հետ միասին,
ծերունուն, որը խորամանկ ժպտաց և գլուխը թաքցրեց
չորչորուկ ուսերի արանքում: Աստված իմ, բայց չէ՞ որ
դու ամեն ձմեռ աշխարհի բոլոր ծայրերից գալիս ես
այս հեռու ընկած քաղաքը և տեղ ես հասնում
ճիշտ այն պահին, երբ բոլոր փողոցներից թաղման
տխուր թափորներ են ելնում քո դեմ և բոլոր
դագաղներից խորամանկ ժպտում է հենց նույն այս
ծերունին և դեմքը թաքցնում ծաղիկների, էժանագին
օդեկոլոնների և հատկապես, չորչորուկ ուսերի
արանքում: Բայց քո աչքերում հիմա չկա ոչինչ
արցունքից բացի, որովհետև հեռու-հեռվից եկել
և կանգնել ես քո քաղաքի շեմին և թակում ես նրա
դարպասները, թակում ես ուժգին ու ուժգին, բայց
ոչ ոք չի լսում քեզ, բայց ոչ ոք չի ելնում քո դեմ,
և գիպսե արձաններն են միայն խորամանկ ժպտում 
և թաքցնում դեմքերը
չորչորուկ ուսերի արանքում:


ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ
Առաջին սերը, որը թաքնվում է ստվերների մեջ,
քաղաքում, ուր ոչ ոք քեզ չի հիշում, ուր ոչ ոք
չի նայում քեզ, բայց ասում են առանց նայելու`
տխուր է, և ավելի է տխուր, երբ շրջում ես հայացքդ
և զըրընգ - զընգ - զըրընգ… ղողանջում են քաղաքի
բոլոր եկեղեցիները, և պատերի տակ մորթվող 
ճերմակ աղավնիների հայացքում արնաքամ է լինում
առաջին սերդ, որը թաքնվում է ստվերների մեջ,
փափուկ փետուրները քսելով սև ու հարթ պատերի
կույր ու սգավոր աչքերին…
Իսկ նրանք չեն նայում քեզ, բայց ասում են առանց
նայելու` իզուր է, բայց ավելի է իզուր, երբ շրջում ես
հայացքդ և գլխիվայր նետվում տարիների ջրհորի մեջ
և լացն ու հեկեկոցը ծանր հոգոցի պես պոկվում են
մարմնիցդ ու կնճիռներն են պոկվում մարմնիցդ,
և մանկությունդ լցվում է աչքերիցդ ներս և սեղմում է
սիրտդ… սեղմում է սիրտդ… Եվ խեղդվողի պես`
զարմանքից ու հիացմունքից բացում ես բերանդ 
ճչալու համար, որովհետև տեսնում ես նրան… Նրան…
խորքում, ամենահեռվում, ամենավերջում,
ստվերների մեջ` ճերմակ աղավնին – սերը առաջին,
որը մեկիկ-մեկիկ պոկում է իր փափուկ փետուրները,
մեկիկ-մեկիկ բացում է իր արնածոր վերքերը,
և խեղդվողի պես` ցավից ու կսկիծից բացում ես բերանդ
ճչալու համար և… զըրընգ-զընգ-զըրընգ
ղողանջում են քաղաքի բոլոր եկեղեցիները…



ԻՍԿ ՊԱՏԿԵՐԸ ՄՆՈւՄ Է ՆՈւՅՆԸ

Եվ ոմն Ջորջո դե Կիրիկո ուզեց մտնել 
անմահների շարքը և դու այդ մասին իմացար
բավականին ուշ, օ՜, ինչ տխրություն,
օ՜, ինչ տխրություն…
Իսկ պատկերը մնում է նույնը` միայն չնչին
փոփոխություններ: Գավառական փոքրիկ քաղաքում
այսօր մանր ձյուն է գալիս, թերթի կրպակները
լի են անիմանալի նորություններով, այնտեղ 
ամսագրերն են դեղնում գույնզգույն պատկերներով,
իսկ վաճառողն հպարտ է իր անուրանալի գոյությամբ:
Ներեցեք, բայց չէ՞ որ այս ամենը ճիշտ է, ճիշտ է ամեն օր,
ճիշտ է ամեն տեղ, և երբ քայլում ես փողոցով ներքև
և հրապարակն է բացվում քո դիմաց, դու մտածում ես`
ահա տխրություն, և դու այդ մասին իմացար շատ ուշ:
Գավառական փոքրիկ քաղաքում այսօր մանր
ձյուն է գալիս, իսկ դու թերթում ես գրքի մյուս էջը
և ականջի ծայրով լսում, թե ինչպես լուսամուտի տակ
մի փոքրիկ տղա սուլում է անհավատալիորեն ուրախ մի երգ:
Եվ հետո պատկերը մթնում է կամաց-կամաց և դու 
գիրքը ծալում-դնում ես մի կողմ և գլուխդ առնում
ափերիդ մեջ և մտածում ես երկար,
շա՜տ երկար… Երկար:


ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Այն տարիներին անձրևներն ավելի շուտ-շուտ էին գալիս,
և կինոյի հերթերն ավելի երկար էին: Դրանք այն տարիներն էին,
երբ ծխում էինք ոչ թե ինչ-որ պատճառով, ասենք, ուրախանալիս,
կամ տխրելիս, այլ` ծխում էինք, որպեսզի մի քիչ ուրախանայինք,
իսկ տխրում էին սովորաբար մեր ծնողները: Ես հիմա չգիտեմ`
սիրո՞ւմ եմ, թե՞ չեմ սիրում այդ տարիները, երբ տղամարդկային
ամենակարևոր զբաղմունքը մարմնի ամենատարբեր մասերի վրա
դաջվածքներ անելն էր, և հանրային բաղնիքները մեր առաջին
գեղանկարչական ցուցահանդեսներն էին, ուր կտավները
ոչ թե պատերից էին կախված, այլ` ազատորեն շրջում էին
աղմուկով ու գոլորշով լցված սրահում, և մենք 
պտտվում էինք թաց ու օճառապատ մարմինների արանքում,
և Երվանդ Քոչարից անկախ հայտնագործելով Փենթյուղ դեն լա
սպասի գաղտնիքները, անսքող հիացմունքով զննում և 
հենց տեղում էլ, ոտի վրա մանրակրկիտ քննարկում էինք
վիշապօձերով, ծովահարսերով, դաշունահար սրտերով,
կարապներով ու հրեշտակներով պատված կտավները
լպրծուն… Այն տարիները, երբ նույնիսկ հարազատ
քրոջ հետ փողոցում շրջելը հերոսություն էր աներևակայելի,
հավանական հետևանքները` խայտառակ ծեծն էր ու
կապտուկները աչքերի տակ ու մարմնի զանազան այլ մասերում:
Բայց ես լավ հիշում եմ, անձրևներն ավելի շուտ-շուտ էին գալիս,
և շենքերի շքամուտքերում խմբված` սիրահարվում էինք
առավոտից իրիկուն, որովհետև դեռևս հեռուստացույց չկար,
և ինչքան ասես ժամանակ ունեինք սիրահարվելու: Բայց
անձրևները երբեմն դադարում էին, և դասերը սերտած,
մաքուր լվացված, կոկիկ սանրված աղջիկները դուրս էին
գալիս պատշգամբ, և մենք տեղնուտեղը սիրահարվում էինք
և հետո նրանց անուններն էինք դաջում մեր մարմինների
վրա, որովհետև դեռևս հեռուստացույց չկար, իսկ կինոյի
հերթերը չափազանց երկար էին, և մեր դաջած թևերը
ցուցադրաբար մերկացրած, օրնիբուն ցցվում էինք
պատշգամբների տակ, ծխում էինք, որպեսզի մի քիչ
ուրախանայինք և նայում էինք մեր սիրած աղջիկներին,
որոնք կարդում էին տառասխալներով լցված իրենց
անունները մեր թևերի վրա, քչփչում էին իրար ականջի,
ծիծաղում և մի օր էլ հանկարծ անհետանում էին
պատշգամբից… և մենք երկար մորմոքվում էինք,
և կորստի տիրոջը` մեր անչափահաս տարաբախտի
թևերն ընկած, որպես մխիթարություն ամենավերին`
տանում էինք կինո և հազարերորդ անգամ նայում
«Առաջին սիրո երգը», մինչ մեր ընկերը բարձրաձայն ողբում էր`
մութ դահլիճում նստած… Իսկ մենք լալիս էինք բոլորս
միասին, որովհետև գիտեինք, գալու է նաև մեր օրը,
անխուսափելիորեն գալու է, պատշգամբից տանելու են
նաև մեր սիրածներին, որոնց ամիսներ անց տեսնելու էինք
փողոցում` կլորացած փորերը հաղթական ցցած, տարիքավոր
ինչ-որ տղամարդկանց հետ թև-թևի շրջելիս… Հետո
պատշգամբները դատարկվեցին բոլորովին: 
Դատարկված սրտերով, դաջված թևերով երկար
կանգնեցինք դատարկ պատշգամբների տակ, ծխում էինք
ու չէինք կարողանում ուրախանալ… Հետո գլխիկոր
հեռացանք` առանց իրար նայելու: Իսկ հետո
անձրևները դանդաղեցին հանկարծ և ապա`
կտրվեցին անվերադարձ:


ԵՐԵԽԱՆ, ՈՐ ԱՐԹՆԱՑԵԼ Ու ԼԱԼԻՍ ԷՐ
Մարմանդ անձրև էր մաղում Բոշի թաղում և օրը երեքշաբթի էր:
Գորշ մութուլուսի միջով գալիս ու տեղ չէր հասնում Յոթվերքի
ղողանջը հեռավոր, գալիս էր ու խառնվում արթնացած 
երեխայի լացին, դարպասների ճռնչոցին ու հազին
տղամարդկանց, որ ծանր քայլերով ելնում էին տներից
ու հանդիսավոր, դանդաղ մարում անձրևի մեջ միալար:
Բոշի թաղում երեքշաբթի էր` անթիվ, անժամանակ, անհույս:
Մի պառավ պիտի մեռներ` ծոռներով, թոռներով շրջապատված,
և իր գործն իմացող տան շունը վայում էր բարեխղճորեն,
վայում էր առանց հաճույքի` հալից ընկել էր արդեն…
Շաբաթից ավելի էր` պառավը մեռնում էր ու չէր մեռնում,
իր մեծ որդուն էր սպասում, որին հեռագիր էին տվել
հեռավոր մի քաղաք, մի քանի օրվա ճանապարհով,
որտեղ անվերջ ձյուն է գալիս և գորշ մութուլուսի միջով
գնում-տեղ չի հասնում Յոթվերքի ղողանջը հեռավոր, լացը
երեխայի, դարպասների ճռնչոցն ու հազը տղամարդկանց…
…Եվ օրերը, որ անձրևի նման մաղում են միալար,
անվերջ շարանը երեքշաբթիների… Եվ կյանքը, որ անցնում է
գորշ մութուլուսի միջով, և ծերունին - երեխան, հիշո՞ւմ ես,
որ արթնացել ու լալիս էր Բոշի թաղում, երբ օրը
երեքշաբթի էր 
և մարմանդ անձրև էր մաղում…


ԹՂԹԵ ՆՈՐ ՏԱՐԻ
Եվ երբ անցնում էի փողոցով, հիշեցի զարմանալիորեն պարզ
Նոր տարվա վաղուց անցած մի գիշեր: Սա բոլորովին էլ
սովորական պատմություն չէ, և բավականին դժվար է
վերակենդանացնելը, բայց այս անգամ, չգիտես ինչու,
չափազանց հեշտ ստացվեց… Պայծառ վառվեցին
հսկայական տան բոլոր լույսերը և պատերը դարձան
թափանցիկ: Ահա, հայրս գալիս է` հսկայական եղևնին
քարշ տալով (ես մտնում եմ մի անկյուն, որպեսզի ինձ
չնկատի, թե չէ շատ կզարմանա, թե ինչու եմ այսքան ծերացել),
ահա, նա մտնում է բակի դռնով (ձգվում եմ ոտիս մատներին
և լուսամուտից նայում եմ ներս), քույրերս սոսկալի
ուրախացած թռչկոտում են, ես էլ եմ թռչկոտում` մի փոքրիկ,
մինուճար տղա… Մյուս սենյակից դուրս է գալիս մայրս, 
նա վերցնում է հորս` դեռևս պատերազմից շատ առաջ
գնված վերարկուն, և գլխարկը, որն արդեն ետպատերազմյան
ծագում ուներ, և հետո ինչ-որ բաներ է ասում, որոնք վաղուց
մոռացել եմ: Սեղանի վրա օղու շշեր էին` ջրով լցված, և
լիմոնադի շշեր`լցված ջրով, շշերը պարպված էին պատերազմից
շատ առաջ և միայն ջուրը ետպատերազմյան ծագում ուներ:
Հետո եղևնին ամրացնում ենք հատակին, իսկ ես քարշ եմ
տալիս խաղալիքների արկղը և պետք է որ սոսկալի աղմուկ
լինի (ականջս մոտեցնում եմ լուսամուտի ապակուն, բայց
ոչ մի ձայն չի հասնում ինձ): Մայրս բարկանում է քույրերիս վրա,
իսկ հայրս ինչ-որ բաներ է որոնում գրպաններում, հետո ես
բարձրանում եմ աթոռին, եղևնու ճյուղերին շարում խաղալիքները`
թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ, թղթե
կոնֆետներ և մի Ձմեռ պապի` շքեղ ու հրաշալի, որ գնված էր
պատերազմից շատ առաջ, իսկ մնացյալ թուղթը 
ետպատերազմյան ծագում ուներ:
(Քիչ հետո ես պիտի ընկնեմ 
աթոռից, դա լավ եմ հիշում, ճակատիս սպին մինչև 
հիմա կա):
Եվ ահա, կռանում եմ խաղալիք վերցնելու, և ահա քույրերս
ճչում են վախից և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից,
և հայրս, որ կարկամած նայում էր իր վիրավոր ձեռքին, որով 
չկարողացավ ինձ պահել, երբ ընկնում էի, վիրավոր ձեռքին,
որը դեռ նվվում ու ցավում է վիրակապերի մեջ, վիրակապերը`
նվերը միակ, որ հայրս բերել է պատերազմի դաշտից, և հիմա
փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի… Եվ հետո
հանկարծ լույսերը հանգում են, և հսկայական տունը 
թաղվում է մթության մեջ… Հետո, ես շարունակեցի քայլել
փողոցով, շփելով ճակատիս սպին, որը խճճվել է կնճիռների
մեջ, զարմանալիորեն պարզ հասկանալով, որ ուր որ է
բարձրաձայն կհեկեկամ:


ԻՍԿ ՀԱՅԱՑՔԸ ՄԻՇՏ ՆՈւՅՆՆ Է ՄՆՈւՄ
Եվ մարդկանց միայն դեմքերն են փոխվում, իսկ հայացքը`
երբեք: Մանրամասները փոքր-ինչ խախտելով, ահա,
վերականգնում եմ իմ մեջ: Եվ ամեն օր, երեկոյան
ժամը 20-ն անց 30-ին մայրս կանգնում էր կողքիս
և ձեռքերը կրծքին խաչած անխոս նայում էր ինձ, ասել է,
թե արդեն պետք է տուն գնալ: Իսկ հենց այդ նույն ժամին
հնչում էր զինվորական նվագախումբը, և մարդու տալու
աղջիկներին շուրջկալ արած, ծնողական զույգերն էին
աչալուրջ շրջում փողոցներով, աներևույթ ցանցերը
միշտ պատրաստ պահած: Վառվում են լույսերը, և ես
թեքվում եմ սեղանին, իսկ հայացքս հոգնած սփռոցի
զարդանախշերից, շրջում եմ ներս և ուղեղիս ծալքերում
որոնում հեռու գնացող մտքեր:
Օ՜, իմ քաղաք,
Արհեստների աստվածը միշտ էլ բարի աչքով է նայել քեզ,
և քո երկնակամարում առատությամբ վխտացել են
թիթեղյա վառարանների և մանկական օրորոցների վտառները:
Օ՜, շոգ ամառների և ցուրտ ձմեռների քաղաք, ես հիմա էլ
սիրում եմ քո սևտուֆ տների միհարկ շարանը ուղիղ
և վայրի փայլը հումորիդ, որը տարօրինակ խանուրդ է
գիշերային կատաղի կատվի և կոկորդ չանգռող օղու,
և չսափրվող քեռիների, որ միշտ սև կոստյումներ էին հագնում
և տեղի-անտեղի հայհոյում` նվաղելով մեծագույն հաճույքից…
Իսկ հայացքը, հայացքը միշտ նույնն է մնում, այն չափազանց 
բարի է և միշտ սահում է քո կողքով, լուսավոր երիզ գծելով
օրերի և տարիների մեջ… Եվ ի՜նչ պայծառությամբ
հանկարծ հիշեցիր խոշորկուրծք մի աղջկա, որին հետամտում էիր
անվերջ` անորոշ ու տարտամ տենչանքով – մինչ Դոն Կիխոտը
կխոցեր հերթական հողմաղացը, Սամվելը կսպաներ հորը և ապա`
մորը, և Նյուտոնի գլխին խնձորներ կտեղային…
Իսկ մարդկանց միայն դեմքերն են փոխվում, այնինչ նա` մարդը
երեխա է մնում միշտ, չի ծերանում երբեք:
Եվ ամեն օր, երեկոյան ժամը 20-ն անց 30-ին,
վառում լույսերն ու թեքվում եմ սեղանին
և օրերի ու տարիների խորքում որոնում ու գտնում եմ ինձ
և երկար ու անխոս նայում
ձեռքերս կրծքիս խաչած…


ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈւ ԵՍ, ԱՅ ՄԱՐԴ…
Երեխան լալիս է,- ասում էր հայրս:
Եվ մայրս շտապ կանչում էր ինձ տուն,
որպեսզի հայրս համոզվեր, որ
ոչինչ չի պատահել որդուն: Իսկ
ընդհանրապես, նրա լսողությունը ծանրացել էր
պատերազմից հետո, գրեթե ոչինչ չէր լսում`
իմ լացից բացի: Եվ հաճախ կտրում էր հայացքը
լրագրից, լարված նայում էր լուսամուտից դուրս.
-Երեխան լալիս է,- ասում էր ու անհանգիստ
մի կերպ կանգնում էր ցավող ոտների վրա, 
գնում-գալիս էր սենյակի անկյունից-անկյուն…
Եվ մայրս վազում էր փողոց, կտրում էր ինձ խաղից
ու բերում էր տուն, որպեսզի հայրս համոզվեր, որ
ոչինչ չի պատահել որդուն: Թեև, ինչպես 
հետագայում խոստովանեց մայրս զարմանքով,
հայրս հաճախ ճիշտ էր դուրս գալիս և հարյուրից
իննսունինը դեպքում մայրս ինձ գտնում էր աղիողորմ
ողբալիս` ծնկներս արյունած կամ գնդակս կորցրած…
…Իսկ երբ հետո, տարիներ անց հայրս մահացավ 
և նրա դագաղի կողքին լալիս էի բարձրաձայն, մայրս
մշուշված նայելով ցավերից հանդարտված հորս դեմքին,
դառը կշտամբանքով ու տարակուսած ասում էր.
Այս ինչքա՜ն հեռու ես հիմա դու, այ մարդ,
որ երեխան կողքիդ լալիս է աշխարհով մեկ,
իսկ դու չես լսում բոլորովին…


ՀՐԱԺԵՇՏԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆ ՀԱՅՐԻԿԻՍ
Գլխիկոր վազում էի քո ետևից,
իսկ դու շատ արագ էիր քայլում,
թնկթնկում էի,
իսկ դու չէիր լսում`
ծանրացել էր լսողությունդ պատերազմից:
Տարիներն անցնում էին աննկատ
և կարծես թե ոչինչ չէր փոխվում –
դու դարձյալ արագ էիր քայլում,
վազում, չէի հասնում քո ետևից:
Եվ հիմա գնում ենք նույն կարգով`
առջևից դու,
իսկ ես գլխիկոր` ետևից…
Դու հիմա շատ դանդաղ ես գնում,
քարացել է սիրտս զարմանքից,
էլ ինչո՞ւ եմ ետ մնում գլխիկոր,
լալիս ու կանչում քեզ նորից…


ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ
Երբեք չմեռնես – մահվան մահճում թախանձագին
հորդորում էր ինձ հայրս: Եվ նայելով ցավերից
մշուշված նրա աչքերին` ես դառնությամբ հասկացա,
թե ինչ ծանր է մեռնել ցերեկվա պայծառ լույսերի մեջ
ողողված, երբ պատուհանից պարզ երևում է դիմացի
պատշգամբը և մի կին պատշգամբում պարանից
կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը, հետո 
զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է` որ այն, ինչը
վերցրել է վաղուց, հենց հիմա չի կարող վերադարձնել,
որովհետև… Հետո վերևի հարկում շրխկոցով 
բացվում է դուռը և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում աջ ու ահյակ, 
այնուհետև` աշխարհով մեկ, և դրանից երկնքի
կապույտն ավելի է պայծառանում և ավելի է
թանձրանում դառնությունը մեռնողի աչքերում…
Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ,- խնդրեց հայրս
վերջին անգամ և փակեց աչքերը
վերջնականապես: 


ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԻ ԾԱՌ
Իսկ երբ հայրս իջավ գերեզման, ես հանկարծ զգացի,
որ այլևս չեմ կարողանում շարժվել, որովհետև
ինքս էլ կիսով չափ հողի մեջ էի:
Դա տեղի ունեցավ ցերեկը, պայծառ արևի տակ,
բոլորի աչքի առաջ.- դուդուկները տխուր նվագում էին,
մայրս ու քույրերս լաց էին լինում,
իսկ ես դանդաղ խրվում էի հողի մեջ…
Իսկ երբ իրենց թաց ու ջղաձիգ մատներով,
անհնարին ուժով արցունքները սեղմեցին կոկորդս,
ես հանկարծ պարզորոշ տեսա, թե ինչպես
անաղմուկ բացվեցին դռները հայրիկիս առաջ,-
և նա վերջին անգամ շրջվեց, նայեց բոլորիս,
նա շատ մոտ էր ինձ կանգնած, բայց երբ տվեց իմ անունը,
նրա ձայնը լսվեց չափազանց հեռվից,
և հետո շուռ եկավ և իր սովորական արագ քայլվածքով հեռացավ:
Եվ դռները նորից փակվեցին անաղմուկ:

Ես հիմա կիսով չափ հողի մեջ եմ.
սովորական մի ծառ, որը խոսել գիտի,
բայց շատ ավելի գերադասում է
լռել:


* * *
Դուռը թակում են, ասաց հայրս, և ես հանկարծ հիշեցի`
մահվանից մի քանի ամիս առաջ ինձ ժամացույց նվիրեց,
որ ես երբեք չմոռանամ իրեն` իսկ ես ի՞նչ իմանամ,
թե ինչքան եմ ապրելու,- ասացի նրան, երբ նայելով
աչքերիս, խնդրեց` ինձ երբեք չմոռանաս:
Իսկ հիմա դուռը թակում են, ասաց նա, տես ո՞վ է
գիշերվա այս ուշ ժամին, մինչդեռ կեսօր էր,
և ես հանկարծ հիշեցի, որ վաղուց չեմ նայել ժամացույցին,
թեև վստահ էի, որ հենց հիմա կեսօր է այն ցույց տալիս:
Իսկ հիմա մենք բոլորս քայլում ենք ավերակների միջով,
ահա, մի պատ, որը կիսով չափ է փլվել, մեկ ուրիշը`
փլված է լրիվ, միայն մի պատն էր կանգուն` Անիի
ավերակների կտավով, Մայր Հայաստանը ողբում է
ավերակների վրա… Ավերակների կտավը` ավերակների մեջ…
Ամենուրեք փոշի, բայց պարզ տեսնում եմ մի կնոջ,
որը ծնկի իջած արագ-արագ խաչակնքում էր,
և այնպես էր շտապում, կարծես զգում էր, որ շուտով կգան,
կբռնեն թևերից և շղթայակապ կտանեն քաղաքի միջով…
Դուռը թակում են, ասաց հայրս, իսկ ե՞րբ են զանգերը ղողանջելու:
Եվ ես ծնկի իջած աղաչում եմ` երբևէ կգա՞ մի պարզ,
սովորական առավոտ, երբ երանելի հանգստությամբ 
կսափրվես, սուրճ կխմես և կշփես պլպլացող այտդ, 
ոչինչ չես մտածի
և անորոշ կնայես պատուհանից` կտեսնես և չես տեսնի
երեխաների, որ դպրոց են գնում, մեծահասակների, որ
աշխատանքի են գնում, կամ` մի ուրիշ տեղ, և մի ծերունու,
որը ոչ մի տեղ չի գնում, բայց ճշտապահորեն արթնանում է
առավոտյան վաղ` երանելի հանգստությամբ սափրվում է,
սուրճ է խմում և շփում է պլպլացող այտերը և ապա, խառնվելով
մարդկանց բազմությանը գնում է ինչ-որ ուղղությամբ, 
և քիչ հետո
վերադառնում է` մեկ այլ բազմության խառնված…
…Երևի կգա ժամանակը մոռացության` ժամանակներ 
և կես ժամանակ հետո, կաճեն տերևներ` կանաչ ու 
երջանիկ երեսներով,
նոր անձրևներ կթափվեն երկնքից և մարդիկ կվազվզեն
դեսուդեն ու կցրվեն միանգամից… միայնակ ու մոլորված
թողնելով ծերունուն անձրևի տակ` խրված բոլորովին նոր
մտքերի մեջ… Նոր լռություն կիջնի և անսահման 
լռության մեջ, ինչպես սրտի զարկերը, հանկարծ պարզորոշ
կլսես, թե ինչպես են հատ-հատ ու խնամքով 
դուռը թակում:
Ուժեղ: Իսկ հետո ավելի ու ավելի ուժեղ - և սթափվելով 
վերջապես կելնես ոտի, թափ կտաս ծնկներիդ փոշին
և լացակումած կնայես ժամացույցիդ և կտեսնես, թե 
ինչպես է
արևը դանդաղորեն բարձրանում գիշերվա այս ուշ ժամին:
Եվ զանգերը ճիշտ ժամանակին կղողանջեն:


…ԵՎ ԻՆՉ Է ՈՂԲԵՐԳՈւԹՅՈւՆՆ ԱՌԱՆՑ ԱՆՁՐԵՎԻ 
…Փոս իջեցնելուց առաջ ծերունուն երկար համոզեցին,
խոսում էին փսփսոցով, ականջին հակված և հնարավոր չէր
լսել` և նույնիսկ մոտ կանգնածներին առանձին, անկապ
բառեր էին հասնում, սովորական, շարքային բառեր, որոնք
մաշվել ու հղկվել էին ամենօրյա գործածությունից…
Գլուխը կախ լսում էր ու չէր նայում ոչ մեկին, միայն դունչն էր
դողում մանր, աննկատ դողով և անձրև չէր գալիս հակառակի 
պես, թեև օրն ամպած էր առավոտից և ցուրտ քամին տհաճ
կսմթում էր սևազգեստ կանանց ու տղամարդկանց, 
որ խմբված էին փոսի շուրջբոլորը` ձեռքերը գրպանները
խրած, շատերը ծխում էին, երբեմն-երբեմն կարճ հայացք
նետելով հանգուցյալի վրա, որը գլուխը կախ լսում էր,
և ամեն ինչ նոր էր հագին` կոշիկները, կոստյումը,
վերնաշապիկը, փողկապը… և ամեն ինչ մեծ էր հագին,
թերևս ինքն է նիհարել, այո, այսպես ոտից-գլուխ նոփ-նոր
հագնվել է մանկության տարիներին, երբ մայրը ձեռից բռնած
առաջին անգամ տարավ դպրոց…
Հիմա չկա դպրոցը, փլվեց հենց առաջին ցնցումից: Հիմա
շատերը չկան: Իսկ թաշկինակն ինչո՞ւ են դրել գրպանը`
խնամքով չորստակ ծալած: Եվ օծանելիքի այս սուր հոտը,
որը չի սիրել երբեք, հիմա ծակում է քիթը և գնալով 
դժվարանում է շնչելը, բայց ո՞ւմ է հետաքրքրում հիմա`
շնչո՞ւմ ես, չես շնչում…
Գլուխը կախ լսում էր ու չէր նայում ոչ մեկին, և ի՞նչ էր
տեսնելու` անթրաշ, մռայլ դեմքեր, որ մեկ իրեն են նայում
և մեկ էլ երկինք, որը թեև առավոտից ամպած էր, բայց
անձրև չէր գալիս հակառակի պես:
Եվ ի՞նչ էր տեսնելու` անտանելի փոշի, թորշոմած ծառեր,
երկու անծանոթ տղամարդ փոսի գլխին, որ պարանները
ձեռքերին գործնական տեսքով կարգադրության են սպասում:
Քիչ հեռվում փողային նվագախումբն է` խայտաբղետ 
անձնակազմով, պիջակների օձիքները միշտ վեր ցցած,
գործիքները թևերի տակ, նշված պահին կնվագեն 
սովորականի պես անտանելի վատ - դեմքերին նայելիս
այն տպավորությունն ես ստանում, որ նրանք կարծես մահից
խուսափելու ինչ-որ հնար են գտել, սակայն գաղտնի են
պահում միայն մի պատճառով` թաղումները կվերանան 
և իրենք էլ, հետևաբար, կզրկվեն եկամտի աղբյուրից, իսկ
հիմա երեխաների պես իրար են բոթբոթում, խնդմնդում են
քթի տակ, թփթփացնում են ոտները գետնին և քիչ հետո,
իրենց պարտքը կատարած, կվերցնեն վարձն ու կհեռանան…
…Կհեռանան բոլորը` ինձ թողնելով մենակ, իմ նոր
վերնաշապիկով, կոստյումով ու կոշիկներով, փողկապով,
խնամքով չորստակ ծալած թաշկինակով, որ չգիտես 
ինչու են գրպանս դրել… Եվ երբ բոլորը հեռանան, կանցնեն
երկար օրեր ու տարիներ, մինչև որ կգա մայրս, վերջապես,
կխոզանակի շորերս և ձեռքս բռնած ինձ կտանի դպրոց,
շտապեցնելով, որովհետև ուր որ է ամպերը կգոռան,
և անձրևի առաջին կաթիլները սև-սև կետերով կծակծկեն
փոշու մեջ կորած գետինը, և ողբերգությունը 
կդառնա կատարյալ… 


ՆՈՐ ՎԵՐԱԴԱՐՁ
Դու գիտես, որ նորից ու նորից ես ծնվելու
այս ցուրտ քաղաքում,
անքուն գիշերներ ես անցկացնելու
այս թրթռիկ վրանի տակ, և մայրդ
գիշեր-ցերեկ նստելու է օրորոցիդ կողքին`
անտաշ փայտի ձողով քշելու առնետներին վխտացող…
Եվ փոշու մեջ կորած հայրդ վերադառնալու է տուն
կաթի շիշը ձեռին, որի համար հերթ է կանգնել
եսիմ քանի ժամ… Դու գիտես, որ նորից
ու նորից ես ծնվելու այս գորշ քաղաքում,
որովհետև նրա ծվատված մարմինն է խաչվելու
քո մարող աչքերի առաջ, և նրա
ցավն է կայծկլտալու քո բորբոքված ուղեղում`
հրաժեշտի ու բաժանման պահին…


ԿՑԿՏՈւՐ ԽՈՍՔԵՐ
Ինձ ոչ ոք այնպես չի տանջել, ինչպես դու,
դու, որին սիրել եմ, ինչպես ոչ մեկին…
Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ ես,
իմ սևավոր քաղաք, այս վիթխարի
գերեզմանոցը սրտիս մեջ:
Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ ես,
որ մոլորված քայլում եմ քո փողոցներով,
գլխահակ, որովհետև ինչպե՞ս նայեմ
մարդասպան շենքերին,
դպրոցներին – մանկասպան,
ծննդատներին, որ ավերմունքի փոշով
խեղդեցին նորածիններին` թշնամու
ատելությամբ… Անհաղորդ ու սառն է հոգիս,
ինչպես շիրմաքարը ձմռան կեսգիշերին:
Ահա, մի օր էլ անցավ: Կանցնեն էլի
բազմաթիվ օրեր: Բայց ես երբեք
չեմ ների քեզ այս օրը, երբ նայեցի
դեմքիդ
և չճանաչեցի…


* * *
…Դեկտեմբերյան այն գիշեր դու արտասվեցիր
քաղաքի պարիսպների տակ` չթաքցնելով
արցունքներդ, ինչպես տարիներ առաջ, երբ
հայրդ հրաժարվեց ապրել այս աշխարհում:
Դեկտեմբերյան այն գիշեր` ծալվող ծնկներով,
պարիսպների տակ կանգնած - ես չգիտեի,
մեծ ցավը միայնակ չի գալիս:
Ես էլ էի արտասվում բոլորի հետ: Իսկ հետո,
օրեր և ամիսներ հետո, երբ չարչարվում էի
ու ոչինչ չէի կարողանում գրել, հասկացա,
որ իմ ամենակարևոր բառերն արտասվել եմ
ավերված քաղաքի պարիսպների տակ…


* * *
Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և 
երեխաների համար, ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,
և ոչ էլ դուդուկը; - Չէ, - հանկարծ ասաց կինը,- մի փոսը
հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,
թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,
չվախենան հանկարծ… 
…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը 
շարունակում էր ճերմակել… իսկ մենք, սևացած
սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ… 


ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ
Կարծում եք, հե՞շտ է ապրել,
երբ քաղաքն ուր ծնվել ես – չկա,
իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք, հե՞շտ է հիշել,
երբ մոռացումն է փրկություն – չկա,
իսկ դու շարունակում ես հիշել:
Կարծում եք, հե՞շտ է քնել,
երբ աչքերդ արցունքով են լցված,
երբ ուրախ պատկերները հիմա
տեսնում ես միայն երազում –
կարծում եք, հե՞շտ է արթնանալ…


ԳՅՈւՄՐԻ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ, ՀԱՅՐԻԿԻՍ
Առաջ էլ մի կարգին չէի կարողանում քեզ այցի գալ,
իսկ հիմա արդեն` բոլորովին, ամեն ինչ
թանկացել է անտանելի, իսկ ես առաջվա պես
էլի քիչ եմ վաստակում, դե, գիր ու գրականությամբ
ի՞նչ պիտի վաստակես մի երկրում, ուր ոչ ոք
այլևս գիրք չի կարդում- ժամանակ չունեն`
օրվա մի կեսը հացի հերթում են, մյուս կեսը`
միտինգներում ու ցույցերում, և կրակոցներ են
ամենուրեք` հեռու և մոտիկ սահմաններում, բանուկ 
ու խուլ փողոցներում, պատուհանիս տակ անմիջապես…
Եվ թաղման տխուր թափորներ են, հայրիկ, բոլոր
շեներում ու քաղաքներում,- տանում են թաղելու ջահել
ու գեղեցիկ տղաների, ու ես չգիտեմ` ո՞ր մեկի ետևից
գնամ ու ո՞ր մեկին սգամ, հայրիկ, ես, որ քո մահից 
հետո ոչ մի ուրախ օր չեմ ապրել, ոչ մի թեթև օր…
Առաջ էլ չէի կարողանում մի կարգին զրուցել քեզ հետ`
ծանր էիր լսում, և գոռգոռալով, մի կերպ կարողանում էի
խոսքս քեզ հասցնել, իսկ հիմա խոսելն էլ դարձավ
անհնարին, որովհետև արցունքները լցվել են
կոկորդս և խեղդում են անգամ առանց խոսելու…
Ահա, թե ինչու նամակ եմ գրում քեզ, որի բոլոր
տողերում նույն սիրտն է, որ ցավից ու կարոտից
պայթում է գոռգոռալով` 
թե այս և թե այն աշխարհում…

Ստեղծագործություններ