Արամ Պաչյան

Եվ ոչ ոք չէր համարձակվում դուրս նայել պատուհանից

Hovhannes Grigoryan-Aram Pachyan
      Հանդիպում Հովհաննես Գրիգորյանի հետ
    Ծաղկավաճառը բացատրում է ծաղիկը ջրելու ձևերը: «Վերևից ջրել չի կարելի, ծաղկամանը պիտի դնել ջրով լի ափսեի մեջ: Արմատները բացվածքներից կխմեն: Չթողնեք սառչի»: 

    Գրկում եմ ծաղկամանով ծաղիկը:

    Վաղը ես կայցելեմ Հովհաննես Գրիգորյանին: Կնվիրեմ ծաղկամանով ծաղիկը: Ուզում եմ գրի առնել իր մանկության ամենատպավորիչ ապրումներից մեկը:   

    «Ես հիշում եմ հորս հետ միասին Սևան էինք գնացել: Նա ողջ այդ շրջանի հաշվապահն էր, կարևոր ու պատասխանատու աշխատանքի  մարդ, իսկ ես` նրա երես առած որդին: Իմ մեջ այս պատմությունը հաճախ է կրկնվում: Գյուղի երեխաներով գնում էինք գազարի դաշտեր, գողություն  անելու: Գյուղի երեխաները բարեկեցիկ ընտանիքներից էին և գողություն անելը պարզապես հետաքրքիր էր: Հետո նրանցից ոչ մեկը գող չդարձավ ցավոք սրտի, որովհետև եթե գող դառնային գուցե ինչ-որ բանի հասնեին: Ճանապարհին ճակնդեղով ու գազարով բարձված սայլեր էին գալիս ու անցնում: Բեռը տանում էին Երևան: Եվ մի անգամ ես թռա գազարով բարձված սայլերից մեկի վրա, բայց ուժս չհերիքեց, թուլացա և կախվեցի սայլի պոչից: Իսկ ետևից գալիս էին եզներով լծված տասնյակ ծանր սայլերը: Ես ընկա: Սայլերը եկան ու անցան: Մոտ տասնհինգ սայլ անցավ: Հորս վազել, ասել էին, որ «տղեդ սելի տակն ա ընկել»: Երբ ուշքի եկա, տեսա, որ ողջ գյուղը հավաքված է շուրջս: Եվ տասնհինգ եզան սայլ չէր վնասել ինձ, ոչ մի եզ չէր դիպել: Երեխային խնայել էին: Մեծ լինեի, երևի կճզմեին, ոտնատակ կտային: Զգացել էին, որ ընկածը փոքր մարդ է: Ոչ մի քերծվածք, ոչինչ չեղավ ինձ, բացի հորս ապտակներից` իհարկե»: 

    Առավոտյան ես սկսել եմ երկար քնել ու զարթնում եմ այն ժամանակ, երբ մայրս փոքր սափորով ջրում է պատուհանագոգին դրված ծաղիկները, որոնք ժամանակին նայում էին անտառին, թփից թուփ հրավառվող թիթեռնիկներին, մորեխներին, գնացքի գծերով դպրոց ձգվող երեխաներին: Հիմա պատուհանագոգին դրված ծաղիկների հայացքների ներքո շենքեր են, լայնարձակ մայրուղով սրընթաց վազող մեքենաների  թանձր պարսեր: 

    Ես գիտեմ՝ գիշեր ու ցերեկ նրանք դուրս են նայում` հավատալով, որ մի օր կտեսնեն իրենց ձեռքով անող այն փոքր տղային, որ ընկնում է, ելնում, հուսահատվում է, կռվում, քաշում աղջիկների մազերը, կոնֆետի փայլուն թղթեր հավաքում, գերվում է թռչուններով, սպասում գարնանը, կանաչ սեզին ու իրենց փողոցում ապրող շան նորածին քոթոթներին: Գուցե կա սաստիկ ցավ ու բերկրանք պատճառող քնքուշ վերհուշի ճանապարհ, վերադարձի արահետ, որ հիմա գծվում է հորինվածքում ու անհետանում հալվող ամպի պես`անվերադարձ:
Սենյակային ծաղիկներ` շարված կողք-կողքի, լուսամուտի
գոգին` հիվանդ երեխաներ, որոնց բակ չեն թողնում խաղալու –
նայում են դուրս սենյակային ծաղիկները:
Եվ մինչ ըսիկ-ընիկ ասելով մեծանում էի Գյումրվա փողոցներում-
անվերջ նույնն էին մնում սենյակային ծաղիկները, անվերջ
նույնն էին մնում: Բայց նշված օրերին երբեմն հիվանդանում էի:
Եվ մայրս, աթոռների հետ միասին ինձ դնում էր սեղանին
և հատակն էր լվանում, հետո անցնում էր սեղանը սրբելուն-
աթոռներն իջնում էին հատակին, իսկ ես նույն կարգով
տեղափոխվում էի լուսամուտի գոգ, որովհետև հատակը
դեռ խոնավ էր, իսկ ես` դեռ հիվանդ, իսկ ես չնայած
շատ փոքր էի, բայց կարդալ գիտեի արդեն, և մայրս
ջղայնանում էր, որովհետև դժվար էր ինձ տեղից տեղ տանելը
ՙԴոն Կիխոտի՚ ծանր հատորի հետ միասին, իսկ ես
հակառակի պես սիրում էի հաստ գրքեր կարդալ,
հատկապես լուսամուտի գոգին, սենյակային ծաղիկների
արանքում, որովհետև մայրս գործերով ընկած, հաճախ
մոռանում էր ինձ իջեցնել, և ես երկար մնում էի ծաղիկների
արանքում:
 
    Վաղը ես կտեսնեմ Հովհաննես Գրիգորյանին: Ուզում եմ ծաղկամանով ծաղիկը դնի իր սենյակի պատուհանագոգին, որ ծաղիկը անվերջ սպասի այն հեռավոր` չարաճճի, բանաստեղծություններ գրող ու արտասանող փոքր տղային:
   Երազում եմ, որ նրանք հանդիպեն:
  

[*] Հովհաննես Գրիգորյանի «Կիրակի» բանաստեղծությունից

Ստեղծագործություններ