Էդուարդ Հարենց

Բանաստեղծություններ

eduard-harenc






 

* * *
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
որովհետև այն իրեն պետք չէր.
նա արդեն լսե՛լ էր Հանճարը:
 
Ալ-Մա’արրին իրականում տեսնում էր այնքան,
որ այլևս
աչքերն այնքան էլ կարևոր չէին:
 
Չարենցը գերեզման չունեցավ,
քանզի
նա դեռ չի՛ էլ մեռել:
 
Ես մարդկանց ձախո՛վ եմ բարևում,
որովհետև
աջով արդեն բարևե՛լ եմ Աստծուն…
 
 
* * *
Կյանքն ապրում է ինձ իմ բոլոր
մանրամասներով,
իսկ ես պտտվում եմ նրա շուրջը,
ինչպես գույնը` օտար վրձնի:
Կտավներս ծակ են,
ինչպես ճապոնական մետաղադրամ,
որի միջով միշտ դեպի դուրս` հերթով
ինձնից փրկվում են բոլոր սերերս`
հեռացող զրնգոցներով
իմ հրաշալիորեն կորստյան մասին…
Ու ծափահարություններս ավելի´
ծանր են կշռում ինձնից:
Ուստի ես հավաքել եմ դրանք
ափիս մեջ`
որպես ճմրթված թղթադրամներ,
և պահում եմ
վերջին` մահվան համար`
կարկատելու նրա դիմակները,
որոնք կծակվեն մի օր,
ինչպես կտավներն իմ,
ու ես դուրս կզրնգամ հավետ,
ու կյանքը կշարունակի ապրել ինձ`
իմ բոլոր մանրամասներով…
 
 
* * *
Ես հիմա
հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
ու կարկատում աղոթքս,
որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
որ քայլերս բախտիս
                   ձայներ չնկարեն:
Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
                   իմ աղոթքն է սիրուս,
որ երբեք չի՛ ավարտվում,
որովհետև չի՛ գունավորվում բառով...
Իսկ հիմա
գլխավոր գույնը այն է,
որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չե՛ն դառնում...
   
 
* * *
Բանաստեղծությո´ւն,
կուրծքդ թաքցրո´ւ
ուղղահայաց
և բութանկյուն լեշերից,-
 
հոտը օդակաթիլային հիվանդություն է…


* * *
Ես քեզ հիշում եմ,-
և գամերն ավելի´ խորն են զբոսնում,-
անունիդ միջով…
 
Ես քեզ հիշում եմ,-
և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-
մարգերում Կույսի համաստեղության…
 
Ես քեզ հիշում եմ,-
և սուզվում է շախմատիս Տապանը,-
Էշը Տապանում էր…
 
Չէ՞ որ սիրում ես ինձ:
Ուրեմն` հիշի´ր…
   
 
Գրաֆիտի
 
Իջեցնել ջերմաչափը
հրեշտակի թևի տակից`
ուղիղ կիտրոնի մեջ:
 
Ի´նքդ մաշվել
վերին ճնշման սանդղակն
ի վար`
դեղնակարմիր երախտիքի…
 
Անկատարյալ մեղքի շեղբով`
աղոթքներից դուրս սփրթնած
անեղանակ խազե՜ր քաշել
ապակուց ներս…
 
Սնդիկն առնել ափերիդ մեջ,
շնչել բույրը անվերջնական պատվիրանի,
լեզվով պեղել սիրո աղը…
 
Ու ջրերի վրա գլորել սնդիկը`
որպես
արամեական վարդի փշով ձկան աչք…
 
 
Տասնմեկերորդ պատվիրան 

Երբ Սերը բաց ես թողել ձեռքիցդ,
ծափահարի´ր
հոգուդ «տկարությանը»:
Եվ ի ներումն Լույսի, որ թռավ
թարթիչներիցդ,-
ծափահարի´ր` ափդ այտիդ,
որից պոկեցիր բույրերի սրինգը:
Սրի´նգն ապտակիր…
 
Մի ձեռքը նույնպես ծափ է տալիս:
 
 
Լոբաչևսկու երկրաչափություն
              (հատվող զուգահեռներ)
 
Քրիստո՞սն է որդի,
թե՞ Որդին է քրիստոս…
 
Ո´չ մեկը, ո´չ մյուսը…
 
Քանզի Մա´յրն էր միածին`
չնայած երկու արգանդափող
ուներ…
 
 
* * *
Վտանգավոր է երանգի ձայնը:
Գույնի աչք թարթելը
բանաստեղծություն է,
որից
ենթադրի´ր Աստծո «որպեսզի»-ն`
… փրկվե´ս…
 
 
* * *
Բառերիդ համար խեցիներ չունե՞ս:
Մի րոպե սպասի´ր,
ձեռքս տանում եմ` աչքերս հանեմ…


* * *
Մաշկային շնչարգելությանս
պահերին
սպիտակ թղթի մաշկից եմ
օգտվում:
 
Փայտը չգրված բանաստեղծություններ է
հիշում իմ մասին:
 
Քեզ մոռանալիս փնտրում եմ ծառդ… 


* * *
Սարդը տավիղ է նվագում
սեփական սարդոստայնի վրա:
 
Մանուկը տավիղ է նվագում
մոր կուսաթաղանթի վրա:
 
Աշակերտը տավիղ է նվագում
ընթրիքի սփռոցի վրա Ուսուցչի:
 
Ձկները տավիղ են նվագում
ծով նետած ուռկանի վրա ձնորսի:
 
Վրձինը տավիղ է նվագում
թմբկաթաղանթի վրա Վան Գոգի:
 
Ստվերը տավիղ է նվագում
անվան հիշողության վրա:
 
Որդը տավիղ է նվագում
երազիս որդան կարմիրի վրա:
 
Տավիղը ե´ս եմ,
ո՞վ է ինձ նվագում…
 
 
Զվարթնոց
 
Խոյակ առ խոյակ
ժամանակների ուսերը մաշող
քարե շուրջպար`
ինչպես քոչարին
անթաշկինակ օրիորդների…
 
Խաչքարերը թաշկինակներն են նրանց…

Ստեղծագործություններ