Տաթև Չախչախյան

Բանաստեղծություններ

tatev-chakhchakhyanԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԻՐ

*
Թե երկիրդ քարքարոտ է ու չորային,
բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի:

Մեր նախագահը, որ բանասեր է կարծեմ
պայմանագրերի ետևում ոտանավոր է գրում
մենության, տխրության,
իսկ հուսահատ պահերին` հրաժարականի մասին…
ու ընդդիմությունը հայհոյում է հանգավոր,
ու մենք գոռգոռում ենք ռիթմով:
Պաշտպանության նախարարը տաղեր է ձոնում պատերազմին,
որ անհաջող հարևանի սիրտը փափկի,
որ ռումբն անաղմուկ ընկնի:
Կենտրոնական բանկի նախագահը վերլիբր է կարդում
ճգնաժամի մասին,
և լրագրողը ոտքի վրա գրում է քառյակներ
վերջին վթարների ու հատկապես ինքնասպանների մասին,
որ բանաստեղծություն են թողնում գրպանում:
Պատերի տակ բոմժերը
աքրոստիկոս են նվիրում ցրտին ու սովին:

Երբ կյանքը շատ է ծանրանում,
տողատիր, որ հեշտ ապրվի:

Ու մանավանդ-
թե չգիտես ոնց խոսել ցեղասպանության,
հայրենիքի ու թշնամու մասին,
անպայման բանաստեղծություն գրիր,
որ պատմության դասագիրքը հեշտ մարսվի:

Երևի կարիք չկա ասել-
թե երկիրդ քարքարոտ է ու կավահող,
մեռելներիդ բանաստեղծությամբ ճամփիր, որ հողը թեթև լինի:

   
*
եթե ես ուզում եմ ապրել 9-րդ հարկում,
ուրեմն 2-ում անպայման պիտի լինի Բուկովսկին,
որ ջարդուխուրդ եղած առավոտներին, երբ լվացքի պարանին ճոճվում է 
միակ ընտրությունս -ո՞րն ավելի նուրբ կսահի սիրտս.
դանակը խոհանոցի, թե՞ գրպանի,
երբ մտքերով ընկած հանկարծ ոտքս պատշգամբից սահի,
(նախապես հաշվարկած 18 մ/ժ արագությամբ),
Բուկովսկին հասցնի սրտի ծակոցից վեր թռնել, 
գլուխը ծորակի տակ խոթել,
կոշտացած բութ-ցուցամատով ֆսսոցով բարլուսի գարեջուրը բացել,
մի հատ ծխել,
մահճակալի տակից գտնել վարտիքն ու նետվել պատշգամբ,
որ հասցնի բռնել:
ու կասի – հը՞, սիրտդ ոնց է:
ու սիրտս կհանեմ սառնարանից
ունեցածս կես սոխի գլխի հետ կփռեմ սեղանին, կասեմ –էս է:
 
Բուկ, էս անգամվանն իրավաբան է,
այսինքն չստացված պոետ,
դատավորների պալատի չստացված արքայազն,
որովհետև իրավունքը չստացված գրականությունն է,
որովհետև երկուսիս գրածն էլ ոնց ապրելն է,
բայց ինքը տաղանդավոր լինելու ժամանակ չունի,
որովհետև պիտի հասցնի ամեն օր գրողի ծոցն ուղարկել նրանց,
որ սպանում են, մեռնում ու գոռում -քո բանաստեղծությամբ ապրել չի լինի
որ սպանում են, մեռնում ու փտում սխալ բանաստեղծության պատճառով:
ու ամենասովորական գրողագողական խանդով 
ինքն ամեն օր գրքիս յոթ գլուխները կտրում, փոխարենը շարում է հոդվածներ
դիտավորյալ ծանր հոգեկան վնասվածքներով կյանք սովորեցնելու մասին:
կեսգիշերին փոքրանում է,
ձեռքերը մեջքին խաչում,
ասում – կապիր,
ու կատվի պես կծկվում բանաստեղծությանս ոտքերի արանքում:
ամեն առավոտ (ամեն մահապատժի առավոտվա պես,
երբ սավանը քաշում ես գլխիդ ու խնդրում հինգ րոպե ավել քնել),
բոլորից թաքուն քրեական օրենսգրքից թափ է տալիս էջանիշ-բանաստեղծությունս,
խնամքով ծալում ու թաքցնում ծոցագրպանում
թաքուն
շատ թաքուն
ամենաջահել դատապարտյալի գրպանը թաքուն խոթելու համար:
 
Բուկը սոխից հոտ կքաշի 
ես սոխից հոտ կքաշեմ
ու ջարդուփշուր առավոտվա ավերակի մեջ 
չապրվող բանաստեղծության չափ տխուր դրմբոց կլսվի:
 
 
ՏՊԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ
*
Ինձ ուրիշ քարտեզ տվեք. էստեղ սխալ կա:
 
Ու՞ր են մրջյունները – անուն առ անուն, հասցե առ հասցե:
Ու՞ր են ծառերը վառվող ու սգո թափորը սև անտառում քայլող:
Ու՞ր են չղջիկները, ու՞ր է աղմուկը նրանց:
Աշխարհագրության դասերն անգիր արի, բայց
չգտա քաղաքներն իրենց տեղում,
բոլորովին ուրիշ տեղում
բոլորովին ուրիշ մարդիկ
քարտեզիս նայեցին, զարմացան, ուսերը թոթվեցին, անցան:
Ո՞ր գույնով գտնեմ ընկերներին,
ինչու՞ սերերը նշված չեն շեղով,
որտե՞ղ են սրիկաները,  միամիտները, կործանվածները,
ու՞ր է աստված:
Ինչու՞ չեք գրել հեռավորությունը երազանքներից. կիլոմետրով, միլիմետրով:
Որտեղ է տունս, խոհանոցի սեղանը, մոխրամանը սեղանին, ծխախոտը մոխրամանում
ու ծուխը.
ինչու՞  ծխի հոտ չի գալիս:
էսքան կապույտի մեջ ու՞ր են երեխեքը հեռավոր գյուղերի, ու՞ր են աչքերը նրանց:
Կետագծով պիտի լիներ սպասումը ու լացն ալիքաձև. ո՞վ է խբզբել:
Անուններ իրար գլխի, հաստ ու հնչեղ, ասես հերիք են ճանաչելու համար:
Ակնոց տվեք, դրոշակներ,
ուզում եմ նշել երկիրն, ուր ապրում են
երկիրն, ուր մեռնում եմ
երկիրը, որ անուն չունի:
 
Ինձ ուրիշ քարտեզ տվեք. էստեղ կյանք չկա:
 
 
ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿԵՆԱՑ
*
հեյ, Հիտլեր,
հիմա, երբ աղմուկը լռել է
երբ ես` նախկին սովետական երկրի քաղաքացիս
չափահաս, առողջ, պատերազմին պիտանի, խաղաղ օրերին անպիտան
հիմա, երբ հանգիստ նստած եմ Օդեոնպլացի սալահատակին
քեզ հրավիրում եմ մի կռուգ գարեջուր չխկացնելու ու բամբասելու
պատերազմից բացի ցանկացած բանից
 
Մարիենպլացում մի տղա տեսա, որ թաքնվում էր բոլորից
ու մի կին, որ կարմրեց հանկարծ
ու երեխաներ վազվզող գլխիկոր
ու սիրահարներ աչքերը փախցնող
ու մի ամբողջ ազգ որ ամաչում էր սարսափելի
համարյա չհիշելով թե ինչի...
ու հիշեցի օրերը Մոսկվայում փռված
ոնց էի էժան կաֆեյի ճոճաթոռից նայում մարդկանց, որ ամաչելու պատճառ չունեին...
Հիտլեր, ես վախենում եմ անասելի նրանից, ով ամաչելու պատճառ չի գտնում
հերոսներ փայլուն աչքերով, փայլուն ատամով, շքանշքանով
գլուխդ առ ու փախիր հաղթողներից
նրանց ցնծությունից
նրանց դատարկությունից
Հիտլեր, նրանք հիշում են միայն կրակոցը վերջին
ու մի համարյա մի կյանք պարապ են մնում
պատերազմի մասին կատակներ են անում
տագնապ կա նրանց հռհռոցի մեջ
հաղթողներ, որ մոռանում են
հաղթողներ, որ ծերանում են
հաղթողներ, որ սպառվում են ձանձրույթից
 
Հիտլեր, հանգիստ շունչ քաշիր
շարունակվելու համար պարտվել է պետք
ու մի քիչ մեղք՝ ապրելու համար
 
Հիտլեր, հիմա ես մի կողմ եմ դնում դասագրքերս
ես ամաչում եմ բոլոր հաղթողների փոխարեն
ես հրավիրում եմ քեզ գարեջրի
 
 
*
                                                                    Շունը. ես այդ շան մասին ոչինչ չեմ ասում…
                                                                                                       Ռեյմոն Քընո 
սիրածիս հետևից քայլում էր շունը
որ պիտի ուտեր նրան մի խաղաղ կիրակի առավոտ...
.
.
.
դասական ապրիլ էր
կարծեմ Զատիկ էր
փռի ճամփան նույնն էր
հացի հոտը նույնն էր
ինքը նույն հայրն էր
նույն ամուսինը
ում կանչում էին – պա՜պ
կանչում – սիրելի՜ս
ամեն խաղաղ կիրակի առավոտ
 
կյանքն ընդմիջվում էր գովազդով
եռաչափ
զատկի կարմիրը յուղի պես սառում էր տան պատերին 
ու վազեվազ փախչում էր գիրկս
(ոչ զատկական, բայց այնուամենայնիվ կարմիր)
որ փսփսամ իր համար Քընո «արտ. գրակ.»-ից
2001, շապիկը` կարմիր
.
.
շունը խաղում էր կոշիկների հետ
հետո լիզեց
հետո քաշեց
հետո կծեց
հոտո ճչաց
հետո լացեց.
- ինձ տալու բան չունե՞ս
ու լսափողից վնգստում էի Քընո
ու գոռում ականջին.
- շուն, քեզ տալու բան չունի
շունը հայհոյում էր, ոռնում էր.
- ինձ տալու բան չունե՞ս
ես հաչում էի, ճղվում էի, հեկեկում էի.
- ինձ տալու բան չունե՞ս
շունը խեղդում էր, ապտակում էր
ինքը լռում էր.
- ձեզ տալու բան չունեմ:
 
 
ՇԱԲԱԹ ԳԻՇԵՐ, ԼՈՒՅՍ ԿԻՐԱԿԻ
*
հարգելի Քրիստոս
հետաձգիր գալուստդ մեկ օրով
որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ
 
սիրելի աստված
կանգնեցրու հրաբուխները
երկրաշարժները
ջրհեղեղները
մյուս աղմկոտ խաղերդ
ու աշխարհի վերջի պլաններդ
ետ գցիր մի օրով
 
պարոն քաղաքապետ
դադարեցրու շինարարությունը
արգելիր երթևեկությունն
ու հայտարարիր լռություն րոպե
իմ հիշատակին
 
թող Համասը չնետի ռումբեր
ու Ալիևը չկրակի Ացախի վրա
գոնե վաղը
ու հարգելի Ալ-Քաիդա
վերջացրու հակամարտությունն
արաբաիսրայելական
եվ մեծ ու փոքր հսկաներ
զինադադար կնքեք էս գիշեր
որովհետև վաղը կիրակի է ու ես պիտի քնեմ
 
խնդրում եմ փակել Տոկիոյի բորսան
մեծ քար խցկել Բաքու-Ջեյհան նավթամուղում
կողպել BMW-ի գործարանը դրսից
 
հարգելի TV-ներ
հայտարարեք պրոֆիլակտիկա
ու թող Բոլիվուդը միայն երազներ նկարի
էս գիշեր
 
բարեկամ հեղափոխականներ
հակահեղափոխականներ
աջեր, ձախեր ու մեջտեղներ
լքեք հրապարակն ու լռեք լռությամբ
գա-ղա-փա-րա-կան
 
եղբայր հավատացյալներ
սիրեք ձեր մերձավորին գոնե էսօր
երբ Հիպնոսի հետ եկել ու խնդրում եմ լռել
 
ու մի օրով
ջնջեք անունս մարդկանց ցուցակից
անտուն շների ցուցակից
ընտրացուցակից
Նոյի ցուցակից
պոետների ցուցակից
անցյալ կամ ապագա հանցագործների
սրիկաների ու բարեպաշտների
քաղբանտարկյալների
կամավորների
կամազուրկների
սպառողների
սիրողների
ապրողների
մեռնողների ցուցակից
որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ
 
վերջապես
սև թուղթ ուղարկեք տնեցիներիս
չհիշվող երազի պես սև
ու բացակա դրեք ինձ մոլորակից
որովհետև շաբաթ է
կեսգիշեր
կանգնած եմ օրվա եզրին
ու գցվում եմ ներքև
 
բարի գիշեր
 
"Tea for one"
*
Դողացող քաղաք Էդինբուրգ,
առաջին պատահած թեյարան,
շոտլանդական թեյ ու Zeppelin "Tea for one"…
 
Դեղին կետերով կավե բաժակը տաք է երևի
դեկտեմբերյան կանգառում կանգնածի երազանքի պես…
 
Ես չգիտեմ ջերմափոխանակության սահմանումը,
բայց զգում եմ ոնց է գոլորշին անցնում մաշկիս տակ,
ես շնչում եմ թեյը ու բաժակի մեջ արտաշնչում ինձ,
թեյը շնչում է ինձ ու արտաշնչում թոքերումս...
…Խեղդվում է թեյը մարմնում,
մարմինը սուզվում է բաժակում,
թեյախմությունը սկսվում է,
երբ ամեն բան հեղուկ է դառնում…
Քրտինքը` թեյահամ ու տաք,
մարմինը` կանաչ ու խոնավ,
և իմաստները հոտերի հետ
թռչում են սենյակում,
խորն է շնչում տղամարդը կողքիս,
ու կուլ տալիս հայացքս մի ումպով:
 
Սառած Արևմուտքի հալոցք`
արևելյան ոճով,
թաց կոշիկներից հոսող ցեխաջուր,
գոլորշիացող Էդինբուրգ,
թեյում լուծվող տղամարդ
ու Zeppelin "Tea for one"…
 
 
ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ
*
սենյակս բերնեբերան բառ է
ես քացով բացում եմ դուռն ու ղժժոցը թափվում է դեմքիս
լցվում շնչափողս
ընկնում ոտքիս տակ
 
կոկորդս լիքն է տողերով
ու թե թիթիզ լինեի կգոռայի հանդիսավոր
թե տաղանդավոր լինեի կգրեի վեպեր շատախոս
ուժ ունենայի կկիսեի Աճառյանի Արմատականը մեջտեղից
 
(ապրելու համար չորս բառը հերիք է
մեկով էլ յոլա կգնամ
իսկ սոված օրերին լռություն շատ կա)
 
կոյուղիս խեղդվում պայթում է
ես չինական մահապատիժն ընտրեցի
ինձ փակեք խցում ու կերակրեք գրքերով
մինչ շնչահեղձ լինեմ բառաթորանքից
 
իրերը ստիպում են զրուցել իրենց լեզվով
Հայկին հարցրի -նկարի մասին ինչ լեզվով պատմեմ
ասաց -նկարի
թողեք օտար լեզու սովորեմ
 
ոնց ազատեմ տեքստերս ձեզնից
որ անտառ տանեմ կորցնեմ
որ գրքում փակեմ մոռանամ
որ թիթեռի հետ չորացնեմ
դեղնած ֆոտոների տակ պահեմ
մակուլատուրա դարձնեմ
ճղեմ
փչեմ
թռցնեմ
 
որ լեզվով կաշառեմ հեռանաք
որով հայհոյեմ հասկանաք
որով տղա բերեմ վախենաք
որով ծեծեմ նեղանաք
որով համոզեմ պոկ գաք
որով երգեմ զզվեք գնաք
.
.
.
բառի դեմ կռվողի համար էս բլբլոցը շատ է
ուղեղս լվացեք
բերանս լվացեք
ձեռքերս լվացեք
էս էջն էլ կեղտոտվեց դրանցով
աչքիցս հեռու տարեք

Ստեղծագործություններ