Լուսինե Եղյան

Բանաստեղծություններ

lusine yeghyan2***
Ամեն օր սպանում են աչքերումս ապրող աղջկան,
հեկեկացող հայացքով տիրամորը,
բանաստեղծական շուրթերով այլախոհին,
թափթփված ներաշխարհով օրիորդին,

անքնության մտրակով հարվածում են նորածին նյարդերիս,
դառնացնում նկարչիս աչքերը,
կրակի մեջ թույն ավելացնում,
ու քաղցր մոխիրը կուլ է տալիս ինձ,
ես միշտ մեռնում եմ, որովհետև թույլ եմ,
որովհետև ես թույլ եմ…

արցունքները թափվում են ողնաշարիս
ու մեխի պես խրվում երակներիս մեջ,
ինքնասպանությունը ճմրթված ձեռագրով
փաթաթում է ինձ սպիտակ սավանի մեջ
ու կախում ամենաժանգոտ պարանից,
իմ մեջ չորացնում են մարդուն…

կանաչ ժապավենով փաթաթել են ճակատագրի գնացքից
ու քարշ են տալիս դեպի անջատում`
կիսաթարթ հատակագծով անապատ,
ուր կոկորդումս թանձր արցունք կա.
լայնեզր գլխարկով տիկինը.
նա վազում է ամենաերկար ոտքերով,
նա ինձ չի հասնի. ես արդեն հեռու եմ դրախտից,

մատիտը հիստերիկ դողով խազում է ինձ,
ու պայթեցնում ամենազուսպ հավատացյալին,
ես աղոթում եմ, ես աղոթում եմ,
թեկուզ կորցրել եմ դրախտ տանող այցեքարտը,
ես աղոթում եմ, որովհետև թույլ եմ

***
Թռչունը իջավ երկնքից ու չհասցրեց բացել օդապարիկը,
Քամին տիրանալով նրա մարմնին`
եղունգները խրեց աչքերի մեջ,
սևամորթ կատվի պոչը փաթաթվեց նրա կրծքավանդակին,
ու գիշերային որդերը օրորեցին մարմինը,
թռչունը պայթեցրեց իր մեջ մարդուն…
ու մեռավ առանց օդապարիկ…

առաջինը ինքնասպան եղավ հուդան` բարձունքում,
երկրորդը` ես` ինձանից մի քանի քայլ հեռու կանգնած սենյակում,
երրորդը` որդիս կլինի. նա կսպանի իրեն նկուղում,
ու երկնային թռչունը իր թևերի լայնքով կտարածի մեր ցավը…

հողը կչորոանա, Շամիրամը կմեռնի,
ու ծաղիկից դուրս եկած մարդուկը կմերկանա արքա լինելու
ու բոլորին ապրեցնելու համար…
կապրեն, բոլորը, իհարկե, կապրեն`
երազելով արևից տաքացող քարին իրենց անունը կարդալու,
իրենց տանջանքը նվագող շեփորահարին չպաշտելու,
ու բոլոր երկար միջանցքները վառելու մասին…

կերազեն, ուղղակի կերազեն…

իսկ մենք կգլորվենք հաճույքի հորձանուտը,
հանդեսը կվերջացնենք, ու մարդիկ,
որ երեկ թվում էր մարդիկ են ,այսօր մատնացույց կանեն մեզ,
ու կհրճվեն մեր թուլության վրա…

առաջինը ինքնասպան եղավ Հուդան, երկրորդը` ես, երրորդը` որդիս,
սա անվերջ նվազող պրոգրեսիա է, որտեղ վերջը արյունն է, արյունը…
թռչունը բացեց թևերը ու հասկացավ , որ ներքևի անդունդը կարմիր աչքեր ունի,
որ պատրաստ է ընդունել է իր մահը

Պատռված լեզվով աղջիկ
Չնայած մայրդ չտեսավ տեսիլներ,
բայց ընտրեց ամենագեղեցիկ հայրիկը քեզ համար.
այդպես էլ չօծեց քո ամենաթերի երազը,
հատակից մաքրեց տագնապի փոշին ,
շրջազգեստի տակից դուրս շպրտեց քեզ,
գիշերը սպասեց քո մանկական լացին,
բայց դու կարողացար միայն շարժել շուրթերդ,
ու արցունքներդ հավաքեցիր բիբերիդ մեջ` մինչև մահ…

աշունը քո բոլոր բառերը հավաքեց իր ուսապարկի մեջ,
ու առավոտյան վրաերթի ենթարկվեց անծանոթ մեկի հայացքից,
ձայնդ թանձրացավ կոկորդումդ 
ու ես չկարողացա քեզ համար ձայն նկարել,
չնայած որ հավատում էի, որ արվեստը կատարյալ է…

պատռված լեզվով աղջիկ, 
դու քո ձեռքերով թիավարում ես նավակդ,
հայելուն պատմում, որ դու հաղթահարել ես Բերմունդյան եռանկյունին
ու տիերեզերք իրականում սկիզբ չունի. Այնշտայնը սխալվել էր,
ու քո կյանքը ավելին է, քան ուղղակի ներկայություն… 

արևին սպասող աղջիկ,
ինչքան գեղեցիկ է աշունը քո նյարդային շարժումներում 
ու ինչքան հմուտ քանդակագործ էր մայրդ, որ կարողացավ արարել քեզ…

իմ Պատռված լեզվով աղջիկ,
ես չկարողացա քեզ համար ձայն նկարել,
մեղքերց փախչելով` ես կորցրեցի իմ բոլոր վրձինները
ու հիմա չստացված կտավի պես եմ նայում տիեզերքին,
ու շուտով էլ ինչ-որ կենասաբանակ ցնցումից իմ մարմինը կմեռնի,
ու ես չգիտեմ, քեզ արդյոք պետք են տագնապի ցավից դողդղացող իմ ձայնը… 

գրողը տանի, եթե ես կարողանայի ձայն նկարել….


***
Երբ հարբած մոլախոտի պես կծնվեմ քո մեջ,
կպատռեմ որովայնդ ու կցցեմ արմատներս
քո ամբողջ մարմնի երկայնքով,
երբ կանաչը էլ սիրելի գույն չի լինի
ու նավապետը կհրամայի մեռնել,
հիշի՛ր ինձ…

նյարդաթելով կախված եմ պարանոցիցդ
ու կմախքիդ վերջին մնացորդներն եմ վերացնում իմ մարմնից,
խաղարկում վերջին ուժերս` հավաքված եղանակի անդորրում,
ու վերջին անգամ թիավարում դեպի պարտություն,
որ ծովը նետեմ քեզ էլ, երազդ էլ, հորս աղջկան էլ…
երբ մայրամուտը կքանդի քո բոլոր բառերը,
ու ձեռքերդ առանց գույների կսկսեն նկարել,
առատաղը ավելի կմգացնի վշտիդ գույնը,
ուրվականներդ կհիշեն, որ հիվանդ ես,
ու կսկսես հայհոյել ողջերին,

նկարի՛ր ինձ
իմ ամենամեռելային վերնաշապիկով,
տաքարյուն երակներով,
չարդարացված սպիներով
ու հոգեբույժի հոգեբանությամբ,
որը սահմանափակեց քեզ էլ, արևն էլ, հորս աղջկան էլ…

երբ կքնես ամենաուրախ երազի հետ,
ամենաթերի տարերքդ կորոշի որդեգրել քեզ,
գրասեղանիդ կավելանան փոքր խաղաքարտեր
ու կլսվի մանկան հեծկլտոց…

սպանիր ինձ…
ասում են, մի օր բոլորս էլ մեռնելու ենք.
Ես էլ, դու էլ, հորս աղջիկն էլ…

***
Մի՛ լացիր, դու արդեն մեծ աղջիկ ես
ու երևի ավելի մեծ, քան պետք է…

Պա՛պ, սա լիրիկական բանաստեղծություն է քո աղջկա մասին,
նրա, ով ցերեկ որոնեց, բայց հիվանդ գիշեր գտավ,
ով իրեն անդունդը գլորեց` առանց դժոխքի փոխելու,
վիրակապեց իր սաղավարտը, բայց մեռավ առաջին փամփուշտից,
նրա, ում մասին մենք դեռ երկար կխոսենք, բայց` ոչ հիմա…

ես երբեք չզգացի կոպերիս զանգվածը,
ինչպես դատարկություն չստացա, երբ ինձ բաժանեցի զրոյի,
և արդեն մայրամուտ է, մայրամուտ է, պա՛պ,
իսկ ես չեմ հասկանում արևածագի իմաստը…

մի՛ կեր, շատ դառն է. մենք տառապում ենք շաքարախտով,
իսկ մեռնելը երկնային լեզուն սովորելու միակ տարբերակն է,
մենք ուրիշ մեկին կփոխանցենք մեր ձեռքերը...

Այս չժանգոտվող բառերի մեջ ես էլի մենակ եմ
ու առաջին անգամ չեմ փնտրում ցավազրկողներ,
որովհետև սա բանաստեղծություն է քո առողջ աղջկա մասին,
նրա, ով երազանքներ չկառուցեց միայն մեկ կյանք ապրելու համար…

մի՛ տխրիր, սրանք հեռացումի խոսքեր չեն.
ես արդեն թափահարում եմ թևերս
ու նույնիսկ զգում եմ կոպերիս ծանրությունը,
սրանք ուղղակի նախադասություն չդարձած բառեր են ,
որտեղ ես չեմ կարողանում ժպտալ,
որտեղ իրականությունը մոխրագույն երանգ ունի,
իսկ ես կանաչ էի սրում…

Ստեղծագործություններ