levon-khechoyan

    Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկատեց: Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց` թմբի բարձրությունը փորին հասավ: Նա իր դեմ` նորածագ պայծառ լույսի և թանձր ստվերների մեջ, ավելի ուշ տեսավ արևածաղկի հատիկների մեծության, հողի երեսին շաղ եկող, սև պեծկլտացող մեջքերով մրջյուններ, որոնք գետնի տակից զարկող ջրի նման դուրս էին թափվում: Ելենը չշարժվեց, նայում էր, թե ինչպես են նրանք թմբի բարձունքից իջնելուց հետո որոշակի կարգ պաշտպանելով միավորվում` անանձրև կարծր հողի վրա բացած հունով հոսում այգու խորքերը: Նա այդպես որոշ ժամանակ կանգնած մնաց, հետո գնաց նրանց ետևից: Չհասած խնձորենիներին` ուշադրություն դարձրեց արձագանքին, որն ուղեկցում էր իր բոլոր քայլերին դեռ այն պահից, երբ երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց, թմբի կողքին կանգնեց: Ելենն առավոտյան լռության մեջ, միաժամանակ, կրծող հազարավոր մրջյուններից ելնող ձայնի արձագանքն էր լսել: Նա մի ծառից բռնեց, մտածեց, որ նրանք շատ են վերև-ներքևում: Քաղաքապետարանի երկու աշխատակից իրենց ձեռքով երկաթե դարպասի դռան սողնակը բացելով` ներս էին մտել, բարևելով եկան: Տանը, երբ Ելենը գույքահարկը վճարեց, նկատեց, որ անդորրագիրը լրացնող տղայի մի ձեռքը հաշմանդամ է: Այնուհետև դարպասի դուռը կրկին իրենք բացել-փակելով՝ գնացին:

    Սաղարթախիտ ծառն ամբողջովին տերևազուրկ էր: Ելենը տարբեր կողմերից եկող ստորգետնյա անցուղիներ տեսավ: Մերկ ճյուղերի ոստերին գնդված` դեղնակարմիր խեժ էր բոցկլտում: Նա նկատեց, որ մրջյունները երթուգալով, քանոնի ճշգրտությամբ ուղիղ, արմատից մինչև գագաթը ածելու պես կտրել են ծառի կեղևը: Նրանց շարասյունը բացվածքի միջով շարժվելիս կարգապահության էր ենթարկվում` մի եզրով կեռ ծնոտների մեջ տերևաթերթեր բռնածներն էին գալիս, մյուսով` բեռներն արդեն մրջնանոց հասցրածները վերադառնում: Ելենը ծառի կողքին կանգնեց, որը` փորը սեղմած, չորս կողմը ձկնկիթ շաղ տված կապտավուն ձկան նման, խոտերի մեջ կիսակարմիր խնձոր էր թափել, նրանց վրա կնճիթավոր ճպուռներ, կանաչաթև ճանճեր էին շրջում: Մտածեց, որ տարվա այդ ամսին խնձորները թթու են լինում: «Տեսնես մրջյունների ինչին է պետք` ծառն այդպես դատարկելը»,- մտքում ասաց Ելենը:

    Նա զարմանում էր` նրանք իր այգում առանց իրեն հաշվի առնելու` անտարբեր, արագ անցնում էին կողքով: Ելենը հանկարծ սկսեց բահով խոնավության և արմտիքի հոտ ունեցող մրջնանոցը քանդել: Երբ կանգնեց, նկատեց, որ մրջյունների մնացած մասը հեռանում է այգու խորքերը` դեսուդեն փախչելով ներծծվում ամենուր:

    Բահը գցեց տանից լսվող հեռախոսազանգն ընկալելուց հետո: Լսափողը վերցնելու պահին գլխի ընկավ, որ զանգը շատ երկար է հնչել: Հակոբի մոր հետ խոսեց: Նա հարցնում էր` արդյո՞ք Ելենն էլի լուր չունի Հակոբից: Կամ` արդյո՞ք հեռախոսով որևէ բան պարզել հնարավոր չէ: Ելենն ասաց, որ կամ զանգերն են անպատասխան մնում, կամ էլ լավագույն դեպքում, եթե այնտեղ լսափողը վերցնում էլ են` ինչ-որ բան հասկանալն անհնար է:

    Նա մայրուղով անցնող խոշոր բեռնատարի շարժիչի հռնդյունից սթափվեց, մտածեց, որ մի քիչ էլ նստած մնար` կքներ, բայց դրսում արդեն մութ էր,գլխի ընկավ, որ լավ էլ երկար բազմոցին քնած էր եղել:

    Ելենը հեռախոսը ծնկներին դրեց, հեռուստահաղորդում դիտելով` մի քանի ընկերուհիների հետ շատ խոսեց: Վերջում նրանք Հակոբի վերաբերյալ համարյա նույն հարցերը տվեցին: Ելենը մեխանիկորեն անգիր արած միանման նախադասություններով պատասխանեց:

    Նա առավոտյան այգի գնաց: Տեսավ` մրջյունները դարձյալ դուրս են գալիս գետնի տակից, իրար պոչի շարվելով` հոծ մարմին դառնում, արևի տակ շողշողալով` առվի նման հոսում են դեպի ծառերը:

    Ելենը գազօջախին եռացող թեյնիկն արագ քայլքով տարավ` քլթքլթացող ամբողջ ջուրը դատարկեց մրջնանոցի անցքից ներս: Տպավորված էր` միանգամից ամենուր տիրող լռությունից: Նա աղմուկն ավելի ուշ` թեյնիկի կափարիչը խոտերի մեջ ընկնելու հետ լսեց, մտածեց, որ կարող է` հենց կափարիչի խոտերի մեջ գլորվելն էր: Տեսավ, թե ինչպես են մրջյունները ուրիշ անցքերից դուրս թափվում: Մի քանիսը տեղ չհասցրած տերևաթերթերն են դեռ բռնած` բնազդով իրենց հետ դեսուդեն փախցնում: Ելենը դատարկ թեյնիկը գցեց` լցնելուց ետադարձ գոլորշին ձեռքն էր այրել: Նա հասցրեց նկատել իր ստվերը, որը կեսով ցանկապատին էր թռել, մյուս կեսով ցատկել էր ավտոտնակի պատին: Կրկին լսեց նույն աղմուկը, որը քիչ առաջ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ գլորվելուն էր նմանեցրել: Այգու կեռնեխը խխունջ որոնելով` շրջում էր թփերի տակ:

    Նա ձեռքի երեսին այրվածքի համար քսուք քսեց: Բազկաթոռի մեջ ոտքերը տակը ծալած` ծխախոտ ծխելով սուրճ խմեց: «Ոչ կեռնեխն էր, ոչ էլ խոտերի մեջ գլորված թեյնիկի կափարիչը` պարանի վրայի լվացքին զարկող քամին է աղմկում»,- գլխի ընկավ Ելենը: Նա սպիտակ ակացիաների կողքով անցավ, մի շուրթը կոնքին դրած` պլաստիկե թասի մեջ հավաքեց սպիտակեղենը: Քնելուց առաջ լազերային նվագարկիչի ձայնը մինչև վերջ բարձրացրած` մի շատ լավ օպերա լսեց:

    Ելենը բազկաթոռի մեջ գիշերվա երեքին-չորսին արթնացավ, լսեց, թե ինչպես է ցեմենտի գործարանից` ամայի դաշտերի ու մանր բլուրների միջով երկաթգծերին զարկվելով, հեռանում հարյուր հազարավոր տոննանոց ծանր գնացքը, ամառային չոր հողը դողէրոցքով և լուսադեմի նոսր օդը ալիքվելով արձագանքում էին նրա հռնդոցին: Անկողին տեղափոխվելու ճանապարհին խոհանոցում ջուր խմեց, այդ ընթացքում վերջնականապես արթնացավ, հասկացավ, որ ոչ թե գնացքը` իրականում փոթորկոտ քամին է անցնում քաղաքամերձ կարմիր լճի վրայով:

    Նա միջքաղաքային կոդ հավաքեց` Հակոբի հետ կապվելու համար, համաչափ ազդանշաններ գնացին, սակայն այնտեղ լսափողը չվերցրեցին: Ելենն անկողնում երկար գիտակցում էր, որ չի կարողանում քնել: Առավոտյան, մայրուղուն զուգահեռ, ջրատարի խանդակ փորող բուլդոզերի շերեփով քարերի վրա թխկթխկացնելուց արթնացավ: Նա ծխելով ու սուրճի բաժակը ձեռքին` գնաց այգի: Մրջյունները, թելի վրա շարված ուլունքների նման, ուղղագիծ ձգվել էին ծառից մինչև թումբը: Նրանք, ծնոտների մեջ բարձր բռնած, տերևաշերտեր էին տանում, արևի տակ փայլատակում էին սև օբսիդիանե կողերը: Ելենը մտքի մեջ ասաց. «Ինչի՞ են դատարկում այգին», -զարմանում էր` («Ինչու՞ են եկել »): Նա հայելու դեմ մազերը սանրելու հետ` մտքով կրակ անցկացրեց, միաժամանակ, հրկիզման մասին մտածեց: Բայց լավ չէր հիշում, թե տանը բենզին ունեին, սակայն սպիտակ նավթ ունենալը հաստատ գիտեր: Ելենը փողոցում առանձին-առանձին մի քանի ծանոթների հանդիպեց, զրուցեցին: Նրանցից մեկը մինչև լուսաֆորը ուղեկցեց: Հարցնում էր, թե հո փոստ չի գնում, որ առավոտյան ինքն արդեն եղել է: Հայտնեց, որ իմացել է` գիշերը տարբեր տեղերից չորս-հինգ հեռագրեր է ստացվել` գուցե այնտեղից էլ լինի: Ելենը մտածեց, որ Հակոբից հեռագիր ստանալը քիչ հավանական է, ասաց, թե շատ ուրիշ գործեր ունի, բայց հենց հարմար պահ գտավ, փոստ էլ կմտնի: Մինչև ավտոբուսի կանգառը ծանոթը կողքով էր քայլում:

    Անասնաբուժական դեղատունը թունաքիմիկատների խանութի հետ նկարչական դպրոցի կողքին` չորս քարերի վրա դրված «Ուրալ» մեքենայից հանված թափքում էր գտնվում: Ելենը խանութին և ծառին կից, մի քառակուսի մետրանոց, մետաղե ցանցով ցանկապատի մեջ պառկած` քնկոտ նոխազին նկատեց:

    - Սա ի՞նչ է անում այստեղ,- հետաքրքրվեց նա: Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը պատասխանեց, որ գյուղերից բերվող այծերին հղիացնելու համար է պահվում:

    - Հասկանալի է,- ասաց Ելենը:

    - Այծերին արտասահմանյան սպերմայով արհեստական բեղմնավորելը գյուղացու վրա թանկ է նստում: Հիմա այծի պանիրն ու այծ պահելը մոդա է դարձել: Ելենը զարմանում էր, թե ինչ պարտադիր էր` անասնաբուժական դեղատան տիրոջ այդքան մանրամասնորեն գյուղացու դժվարությունների, այծերին թանկ կամ էժան սպերմայով բեղմնավորելու և մոդայիկ պանրի մասին իրեն պատմելը: Այդպես նրանք մի որոշ ժամանակ խոսում էին: Նոխազը երբեմն-երբեմն աչքերն էր բացում, հոնի հատիկների նման կարմիր վառվող բիբերով չորս կողմը դիտում: Ելենը միայն այդ ժամանակ նկատեց` մետաղալարե ցանկապատին կարկատանի պես կպցրած, կանաչ գուաշով գրված ստվարաթղթե ցուցանակը, որ հայտարարում էր` «Չմոտենալ` խփող է»:

    Նա նախազգուշացումը կարդալուց հետո տեսավ նոխազի ոչ սովորական` համաչափ ետ շրջված սլացիկ պոզերը: Այնուհետև աշխատակցուհին, որ Ելենի ծանոթն էր, գյուղատնտեսը դուրս եկավ:

    Հասմիկն ասաց, որ ոչ թումբ քանդելը, ոչ էլ եռացրած ջուրն է օգնում:

    Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը գնաց ներս: Ելենը ցանկապատի ցանցից բռնեց: Հասմիկն ասաց. «Նրանց մանրությանը նայելով` երբեմն մեզ թվում է, թե բույնը մոտերքում է: Այնինչ` նրանց հասնել ոչ միշտ է հնարավոր… »: Ելենը ներսից տղամարդու և կնոջ խոսակցության ձայներ լսեց, երբ կենտրոնացավ, Հասմիկը բացատրեց, որ ավագ աղջկան սակավամտության պատճառով դպրոց չի տվել` առավոտից իրիկուն հեռուստացույցի ալիքներն է ետ-առաջ տալիս: Աղջկան ամեն օր աշխատանքի բերելը խանութի տիրոջ հետ կոնֆլիկտի պատճառ է:

   Այնուհետև Հասմիկն ասաց. «Իրականում նրանց բույնը գտնել գրեթե չի հաջողվում, հատկապես, երբ այն կարող է բետոնե կառույցի հիմքերի տակ կամ տասը մետր խորության վրա լինել, երբեմն` նույնիսկ հողաշերտեր կտրելով, գրունտային ջրերին են հասնում: Թեյնիկով եռացրած ջուր լցնելը կամ բահով թումբ քանդելը ծիծաղելի է անգամ»: Ելենը չընդհատեց:

    Հասմիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միայն նրանց մի չնչին մասն է ոչնչացվում, իսկ այդ ընթացքում մյուս ստվար զանգվածը հարյուր, հարյուր հիսուն մետր հեռու է. «Ձեր տան կողքի մայրուղու տակով անցել` հարևանի այգու ունեցվածքը բերելու է գնացել»: Հասմիկը բացատրեց`ծառից ծառ, այգուց այգի ինչ բարդ կառույցներով ստորգետնյա անցուղիներ են ձգում, որոնք կարելի է իսկական լաբիրինթոսի հետ համեմատել: Նա ներսում խանութի տիրոջը վճարեց թունաքիմիկատների համար: Այդ ժամանակ էլ տեսավ փոքրիկ գլխով, կոճակի պես շրջանաձև դեմքով երեխային:

    Ելենը դրսում կանգնած մնաց մետաղե ցանցով ցանկապատի մոտ` բաց դռնով նայում էր կիսամութ դեղատան ներսը` այն հավանական տեղին, որտեղ դեռ նստած կլիներ սակավամիտ երեխան` բութ մատը ծծելով: Նա շուկայից մի երկու կիլոգրամ լոլիկ գնեց, վաճառողուհու հետ երկար խոսեցին: Ելենը երբ աղցան էր պատրաստում, միջանցքում հեռախոսը զնգում էր: Նա գնում էր, որ լսափողը վերցնի, սակայն արդեն գիտեր, որ այնտեղից է: Ելենը ճիշտ էր գուշակել` նրանք էլ էին հաստատում, որ այդպես է: Ինչքան էլ նա ցանկանում էր իր տված հարցերին կոնկրետ պատասխան ստանալ, իզուր էր, չնայած, որ այդ ամենը Հակոբի հետ էր կապված: Պարզապես այնտեղին հասկանալն անհնար էր:
    Այդ ընթացքում Հասմիկը եկավ, թակեց մետաղե դարպասները: Ելենը դուրս եկավ, Հասմիկը ցատկեց թափքից, երկուսով բացեցին ճռնչացող դռները, նա սանձից բռնած` ձիուն քաշեց ներս, ֆուրգոնը մտավ, Ելենը դարպասները տեղը դրեց, գնաց ետևից: Հասմիկը արձակել` տնքտնքացող ձիուն արածելու համար տանում էր այգու խորքը, դնչկալի մի կողմից բացած սանձի կաշեփոկով կապում էր ծառից: Վերադարձավ, գնաց ֆուրգոնի ետևը, կիսաշրջազգեստը հանեց: Ելենը եկավ, արմունկով հենվեց անիվին: Հասմիկը կռացավ` բանվորական տաբատը հագնելու: Ելենը նկատեց դեռահասի հետույքը: Հասմիկը ուղղվեց, մազափունջը դեմքից ետ գցեց: Տպավորվել էր` կարմիր, առաձգական վարտիքից դուրս մնացած ազդրերի փայլատակած ճերմակը: Ելենին քսվելով անցավ, ֆուրգոնի հակառակ կողմից անվաճաղերը ոստնելով` մագլցեց վեր: Երկու հարյուրական լիտրանոց տակառների մեջ պահեց ծորակին միացրած ռետինե փողրակը: Ելենը նստեց բետոնե ելուստին: Հասմիկը ֆուրգոնի փայտե նստատեղի տակից ցելոֆանե տոպրակը հանեց: Սպիտակ դեղափոշին հավասար բաժնեմասերով տակառների մեջ էր դատարկում` անասնաբուժական դեղերի վատ առևտրից գանգատվելով, միաժամանակ, թունաքիմիկատը լուծելու համար, հարիսա եփող խոհարարի նման` փայտով փայլատակող ջուրը տակառների մեջ անընդհատ կլոր էր պտտեցնում:

    Ելենը հարցրեց. «Ինչի՞ են այգին դատարկում, ի՞նչ են ուզում»:

    Հասմիկը ութ հարյուր լիտր նեոցեդոլով թունավորած ջուրը մրջնանոցի անցքից ներս հոսեցրեց: Անցավ մյուս մետաղե տակառի ետևը, ռետինե փողրակը կախեց մեջը, ասաց, որ նրանք էլ կենսատարածք են ցանկանում ունենալ: Ապրելու տեղի համար են եկել: Նա ցամաքած փողրակի ծայրը բերանը դնելուց առաջ լավ սրբեց ափի մեջ ու մի քանի անգամ քաշեց: Ելենն ասաց, որ զգույշ մնա: Հասմիկը շտկվեց, մեջքով դարձավ նրա կողմը, թքեց խոտերի մեջ, հավատացրեց, որ դեռ երբեք այդպիսի բան չի պատահել, որ անգամ մի կաթիլ ջուր կուլ տա: Պարզաբանեց, որ ռետինը տհաճ համ ունի, փողրակն է լեղի: Այնուհետև Ելենին ասում էր, որ մրջյունները մարդու չափ հին են, ո՞վ գիտի` երկրագնդի որ կետից են սկսել շարժվել. անհաշվելի դարերի ընթացքում հարյուր հազարավոր կիլոմետրեր են կտրել, ո՞վ գիտի` քանի օվկիանոսներ են լողացել, քանի անապատներով են անցել, քանի սերունդներ են կորցրել ճանապարհներին, որ հասնեն այստեղ:

    Ելենն ուզում էր ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում ընդհատել` մեկ տակառների, մեկ էլ ֆուրգոնի ետևն էր անցնում: Այդ ընթացքում հեռվում մի քանի անգամ ձիու փայծաղը ղռղռաց:

    Հասմիկը Ելենին թմբի մոտ կանչեց. մրջյունը բրնձահատիկի չափ սպիտակ թրթուրը բերանին փախչում էր: Ասաց, որ հասցրել են, եթե իրենք չմիջամտեին` մի քանի օրից նոր մրջյուն կծնվեր, մի ուրիշ ընտանիք կստեղծվեր, երկրորդ, երրորդ մրջնանոցները կբուսնեին այգում: Այն ժամանակ ավելի դժվար էր լինելու առաջն առնելը:

    Այգու խորքից վրնջաց ձին: Հասմիկը գնաց այնտեղ ու նրա սանձափոկի մեջ խճճված ոտքն արձակեց: Երբ նա վերադարձավ, Ելենն արդեն հիշել էր` ինչ էր ուզում ասել մրջյունների մասին:

    - Եթե եկել են, ըստ երևույթին նրանց համար ոչ մի օրենք գոյություն չունի,-ասաց նա: Բայց որտեղ էին նրանք, երբ իրենցից էլ առաջ այստեղ առաջացավ ջուրը և հողը: Փոշեհատիկ էին, երբ հորիզոնում աճում էր մեծ լեռը: Ընդհանրապես չկային, երբ կառուցվում էր իրենց առանձնատունը: Ուր էին, երբ Հակոբի հետ մշակեցին հողը: Աներևակայելի հեռուներում էին, երբ այգու վրայով առաջին անգամ անցան տան էլեկտրալարերը: Որտեղ էին, երբ այստեղ սկսվեց կյանքը:

    Ելենն իր դիմաց մրջյուններ տեսավ, որոնք գետնի տակից բոլոր անցքերով դուրս էին նետվում: Փախչում էին` սպիտակ բոժոժները բերաններն առած: Վերջից ելնողները թրթուրներն էին փախցնում, սակայն նրանք կամ բեռի ծանրությունից, կամ թունաքիմիկատի ազդեցությունից կորցրել էին հավասարակշռությունը. հանկարծ իրենք իրենց առանցքի շուրջն էին դարձդարձիկ պտտվում: Ելենը սկսեց նայել, թե ինչպես են մրջյուններն ընկնում, ինչպես են դուրս ելնողներն անընդհատ նվազում. հետո միանգամից դադարեց շարժումը:

  

Ստեղծագործություններ