Լիլիթ Կարապետյան

Ասֆալտի և երկնքի միջև

lilit-karapetyan
 
Բանալի

Սիրել, նշանակում է նայել ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի

   Գիտեմ, որ գալու ես: Հաստատ գիտեմ: Հիմա երևի քայլում ես մայթերով, աչքի անցկացնում խանութների ու պատերի ցուցանակները. «1կգ մազը 250 հազար դրամ» ու մտածում, որ կարող ես վաճառել իմ մազերը: Խուսափում ես փողոցներից և, ինչպես միշտ, օգտվում անցումներից:

   Ափսոս, շատ ափսոս:

   Նորից թթվածնի անբավարարվածություն զգացի: Վառեցի բուխարին ու սկսեցի խաղալ ածուխի հետ: Այո, դու նորից քայլում ես մայթով, բարևներ շռայլում այս ու այն կողմ, ժպտում ամենափոքր բանից. քեզ այնքան հեշտ է զարմացնելը:
   Ինձ տհաճություն պատճառեց մոխրի հետ խաղալը, որովհետև դրա գույնը քո աչքերն են հիշեցնում: Դու վախենում ես ամենափոքր քամուց, որովհետև հնարավոր է, որ հիվանդանաս: Ճշտապահ ես, քանի որ միշտ ել վերադառնում ես: Հագուստներդ միշտ մաքուր են, իմը` նույնպես, բայց դրանք երբևմն կեղտոտվում են քեզնով:

    Ախր ինչո՞ւ չես ուզում փողոցն անցնել:

    …Սենյակը թափթփված է, որովհետև ես երբեք էլ լավ տնտեսուհի չեմ եղել և մտադիր էլ չեմ: Կոշիկներս վանդակի մեջ են, իսկ քոնը` պահարանում, ցանկացած ժամանակ կարող ես վերցնել: Ձվածեղը պատրաստ է: Քանի որ վերադառնալու ես, ապա անպայման ձվածեղ կուտես:

   Ահա դուրս ես գալիս աշխատավայրից, նույն մայթից նստում ես երթուղային տաքսի ու վերադառնում տուն: Օ՜, ինչպիսի դժբախտություն, դու մոռացել ես ձեռնոցներդ:

    Այսօր ուրբաթ է` վերջին աշխատանքային օրը, մինչև երկուշաբթի չես կարող դիմանալ: Իջնում ես երթուղային տաքսուց ու, թանկագի´նս, ստիպված ես փողոցն անցնել, որովհետև մոտակայքում ոչ մի գետնանցում չկա: Արագորեն, մանկական անհանգստությամբ անցնում ես փողոցի առաջին կեսը ու կանգնում գծի վրա` ճանապարհ տալով մեքենաներին: Խումբ-խումբ անցնում են նրանք առանց ուշադրություն դարձնելու քեզ: Մի փոքր հեռվում մեքենա է հայտնվում, բայց որոշում ես խիզախել ու անցնել փողոցը: Այ այստեղ քո հաշվարկները սխալ են դուրս գալիս: Դու ընկնում ես մեքենայի տակ ու բնականաբար մահանում:

    - Չեմ ուշացել չէ՞, սիրելի´ս,- ներս մտնելով նա հարցրեց ինձ,- մետրոյով եմ եկել:

    - Դու միշտ էլ ժամանակին ես հայտնվում,- պատասխանեցի ես:

    Լռություն տիրեց: Մենք խոսելու ոչինչ չունեինք: Եթե ես խոսեի, կասեի, որ ուզում եմ լինել այն կինը, որն աշխարհում առաջինը համարձարկվեց տաբատ հագնել: Հենց այդ պահին նա ասաց.

    - Ի՞նչ էր մտածում այն մարդը, երբ հայտնաբերում էր փողկապը:

    Ես լուռ էի: Նա, վախենալով որ նորից անտանելի լռություն կտիրի, շարունակեց.

    - Հիշում ես այն կնոջը, որի մասին ասում էի, թե մեքենա է վարում, ծխում է:

    - Այո, հիշում եմ:

    - Դե´, իմացի´ր: Այսօր ես նրան տեսա և հենց երեսին էլ ասացի,- ու մի տեսակ հպարտությամբ արտաբերեց,- ասացի, որ տղամարդու բնավորություն ունի:

    - Ինչպիսի քաջություն, իսկ նա ի՞նչ պատասխանեց:

    - Նա հարցրեց թե արդյոք իմ մեջ կա այդ տղամարդկային բնավորությունից: Երբ ես նրան պատասխանեցի «այո», պատկերացնո՞ւմ ես, նա հեգնաբար հարցրեց. «Բա էլ ինչի՞ց ես վախենում»:

    «Ինչպիսի նրբանկատություն»,- մտածեցի ես:

    - Գիտե՞ս,- նորից նա սկսեց խոսակցությունը,- այսօր վերադառնալիս այնպիսի զգացողություն ունեի, թե մեքենայի տակ ես ընկել: Նույնիսկ պատկերացրի, թե ինչպես էիր անկանոն քայլում, երանությամբ նայում շուրջդ, կարծես արբած լինեիր: Հանկարծ դիմացի մայթին մի տղամարդու նկատեցիր: Առանց ուշադրություն դարձնելու լույսին, սլացար դիմացի մայթը, բայց ճանապարհին ավտովթարի ենթարկվեցիր ու…

    - Ու մահացա՞,- հազիվ ծիծաղս զսպելով` հետաքրքրված հարցրի ես:

    - Ոչ: Այդ պահին հասկացա, որ նույնիսկ մտքով դա հնարավոր չէ:

    - Ինչո՞ւ:

    - Որովհետև ես քեզ փակել եմ տանը և դու էլ բանալի չունես, այն բացելու համար:

    Երկուսս էլ ծալապատիկ նստել էինք հատակին ու նայում էինք միևնույն ուղղությամբ` դեպի բանալու կողմը` այդ շոկոլադե ատրճանակը, չնայած տաքությանը, չէր էլ ուզում հալվել: 

                                                 Տունը և մարդը


    Այնտեղ գտնվում էր տունը, և այդ տունը իր ուսերի վրա պահում էր մարդը: Արդեն քանի՜ տարի էր կային տունը և մարդը: Բայց օրերը լուսանում էին ու մթնում, և մարդն զգում էր, որ ուժերն այլևս չեն բավականացնում: Նա դիմավորեց իր կյանքի չգիտես որերորդ աշունը, որովհետև չգիտեր թե երբ է ծնվել:

    Մարդուն շատ էին խանգարում երեխաները: Իրար ետևից էին վազում, մեկ էլ պատահաբար դիպչում մարդուն, իսկ դրանից ցնցվում էր տունը: Էլ ինչ ասես չէին անում երեխաները` իրար շալակ էին թռչում ու գոռում` նո, նո: Իր հերթին մարդը փորձում էր ավելի ամուր կանգնել հողի վրա` տունը պատահական ցնցումներից պաշտպանելու համար:

    Մարդը ժպտաց, բայց ատամները չերևացին, որովհետև դրանք այլևս չկային, հիշեց թե որքան էր սիրում նստել ծառի տակ ու նկարել ոչ թե նապաստակ, այլ տուն, կամ թե ինչպես մի անգամ իր կատվից խլեց սառեցրած ձուկն ու կերավ:

    Լինում էին պահեր, երբ մարդը խիզախում էր մի ձեռքով պահել տունը, որպեսզի նայի ձեռքի ժամացույցին: Դա բավականին երկար արարողություն էր: Տունն ընկնում էր ուսերին, և նա ստիպված այնքան խորն էր կռանում, որ երկար ժամանակ չէր կարողանում ուղղվել: Այնուհետև նայում էր թևի մոխրագույն ժամացույցին ու ասում.

    - Դեռ ժամանակ կա, կհասցնեմ:

    Մի օր էլ նկատեց, որ հարևանի տունը ոչ թե տերն է իր ուսերի վրա կրում, այլ այն հենված է չորս սյուների վրա:

    Նրա` քամուց հալածված դեմքը հերթական անգամ ցնցվեց: Մարմինը սառը քրտինք պատեց, սկսեց դողալ: Կընկներ գետին, կթփրտար, աստված գիտի, թե ինչ ձայներ կարձակեր, եթե ուսերին դրված չլիներ տունը: Շուրջ բոլորը լռություն էր միայն ժամացույցի տկտկոցն էր լսվում:

    Մի հանդուգն միտք համակեց նրան. «Թողնեմ, գնամ լեռները և ապրեմ քարանձավում,- այնուհետև շարունակեց,- դուռ կպատրաստեմ քարայրիս համար, խոտից անկողին կգցեմ, խարույկ կվառեմ ու…»: Այստեղ կանգ առավ. չէր ուզում շարունակել, ավելի ճիշտ` չէր ուզում խոստովանել:

    Արևը ծագում էր ու մայր մտնում: Երեխաները խաղում էին, ու լսվում էր ժամացույցի տկտկոցը:

    Մարդը չոքել էր գետնին և փորձում էր կարգավորել շնչառությունը: Ձեռքերը դողում էին, դրանից ցնցվում էր տունը: Ինչ-որ անծանոթ ասաց.

    - Ձեր ժամանակն սպառվել է:

    Եվ ինչպիսի զուգադիպություն. մոխրագույն ժամացույցը կանգ էր առել:

    Եկավ հաջորդը (որովհետև հերթը նրանն էր), և տունը դրեց իր ուսերին ու այնքան բարձր պահեց, որ բոլորը տեսնեն, թե դա ում տունն է:

    Անծանոթը հարցրեց մարդու վերջին ցանկությունը: Նա խոնավ աչքերը, որոնք դեռ «տուն» էին արտացոլում, հառեց անծանոթին:

   - Այսօր ամսի քանի՞սն է,- հարցրեց մարդը:
    Ու երբ անծանոթը առանց նրա հարցին պատասխանելու մարդուն տանում էր այնտեղ, որտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել, մարդը կյանքում առաջին անգամ ամբողջ ուժով բղավեց.

    - Չհասցրեցի…

    Ու ձայնի արձագանքը լսեցին բոլոր ժամացույցները, կատուները և հարևանի տան սյուները:

Ստեղծագործություններ