Arpi Voskanyan
    Երկնաքերի ամենավերջին հարկում ապրում են կանացի սեռի երկու մարմին։ Ամեն առավոտ արևը ներխուժում է պատուհանով և բռնացնում նրանց մահճակալի վրա խճճված, սավանով ծածկված, ասես՝ հերձարանում միմյանց վրա նետված մարմնամասերի կույտ։ Ամեն առավոտ քաղաքն արթնանում է նրանց ականջախեցիների մեջ, և սավանի տակից ուրվագծվող կորությունները սկսում են շարժվել՝ ճռճռացնելով մահճակալի երկաթյա ողերը։ Մահճակալի դիմաց, հատակին դրված մեծ հայելին արտացոլում է աշխարհի արարման պատկերը. քանդվում է մարմնամասերի կծիկը, և սավանի տակից դուրս են գալիս երկու մերկ, երիտասարդ, առողջ մարմին։ Այդպես մերկ ու բոկոտն, ցատկոտելով միջատասպան կավճով հատակին նկարված տների, արևի, ծառերի արանքներով, աշխատելով չտրորել դրանց շուրջը փռված խավարասերների դիերը՝ նրանք նետվում են պատշգամբ՝ տրվելու արթնացող քաղաքին։
   Առավոտվա այդ ժամին քաղաքը իր բոլոր բջիջներով խոյանում է վեր։ Քաղաքը առնական է, հզոր, դաժան, մղող պայքարի և կյանքի։ Նրանք բարձրացնում են ձեռքերը, ասես պատրաստվելով առավոտյան մարմնամարզության, բայց ծուլությունից, թե քնկոտությունից, ձեռքերը կանգ են առնում կես ճանապարհին, և նրանք նմանվում են ֆիլմի հերոսների. պատշգամբում, ինչպես նավախելին կանգնած, ձեռքերը կողքի տարածած, աչքերը արևից ու գլխապտույտ բարձրությունից կկոցած ու փակ՝ նրանք ասես առագաստներ լինեն քաղաքի անծայրածիր օվկիանում։ Երկնաքերների արանքներով վզզացող միջանցիկ քամին ծածանում է նրանց չսանրած մազերը և ճկում բարակ, արևից շողշողացող մարմինները։ Կուլ տալով օդի զովությունը և սառը արևը, թարմություն նախաճաշած՝ կանացի մարմինները նետվում են ցնցուղի տակ՝ խաղացկուն ու ծիծաղկոտ, ստույգ՝ ողջ գիշեր միմյանց սիրո հեղուկներով ցայած սիրեկաններ։ Շտապելով ու շտապեցնելով իրար՝ նրանք հագնվում են, սանրվում. արդեն լսվում են աշխատանքային օրվա սկիզբն ազդարարող՝ անվերջ վերանորոգման ձայները։ Նրանք ժամանակ չեն ծախսում վերելակի կոճակը սեղմելու և անսարքության մեջ համոզվելու վրա, սուրում են աստիճաններով ցած՝ աշխատելով հնարավորինս քիչ շնչել. աղբատար խողովակից վաղուց աղբը չի հեռացվել և ամբողջ շքամուտքում, առաջինից մինչև վերջին հարկ, գարշահոտություն է կանգնած։ Ճանապարհին հանդիպում են պերեկիսի հոտ արձակող, հաղթանդամ կանայք՝ գլուխները սրբիչներով փաթաթած, ցեմենտի և ավազի պարկերի տակ ճկռած բանվորներ՝ ամբողջովին փոշու մեջ կորած, կատաղած շներ, որ տերերին վզափոկեր հագցրած տանում են զբոսանքի, անտեր ու միշտ քաղցած առնետներ, գործազուրկ տղամարդիկ՝ ծնկների մասում լոճված շալվարներով, ճակատի մասում նոսրացած մազերով, դեմքի չսափրած, ցանցառ բոսականությամբ։ Շքամուտքի դռան մոտ, որտեղ մի քայլ է բաժանում նրանց թթվածնից, սովորաբար մաքսավոր է լինում՝ խոզը կամ կռվարար աքաղաղը, կամ ջղային սագերը, կամ կծող շունը… Բայց կանացի մարմինները չեն ընկրկում, նրանք գիտեն, որ քաղաքի իսկական բնակիչը ամեն օր կյանքի ու մահու կռիվ է մղում բնության դեմ։ Նրանք հաղթահարում են անցակետը և հայտնվում գյուղական տան բակում՝ մրգատու ծառերով, ջերմոցով, բանջարանոցով, լոբու մարգերով, գոմով, հավանոցով, խոզանոցով, ցախանոցով, ուր կտրտած փայտեր են շարած, ծառի կոճղեր ու ճյուղեր աթարի դեզի հարևանությամբ։ Հավերը որդ են փնտրում քանդված ասֆալտի արանքներից բսնած խոտերի մեջ, իսկ աքաղաղը հսկում է նրանց խաղաղ քուջուջը։ Սագերը թռչելու անհաջող փորձեր են անում և բակի մի ծայրից մյուսն են վազում՝ թռիչքի համար թափ հավաքելով։ Բակում ծաղկանոցներ էլ կան՝ գոյացած մուրաբայի վարդի անկանոն աճից։
   Ցածում քաղաքը բոլորովին այլ է՝ լուռ ու տխուր գավառական ավան, որտեղ երիտասարդ դեմք հազվադեպ է պատահում, և ծերերը, պատերի տակ նստոտած, թզբեխ են գցում։ Ամեն օր կանացի մարմիններն աշխատանքի տեղավորման գործակալություն են գնում՝ բարձրուբարակ կրունկների վրա մեծ֊-մեծ քայլեր անելով՝ թրիքի և ջրափոսերի մեջ չընկնելու համար։ Նրանք անցնում են Կայարանի կիսավեր շենքի կողքով, որ քաղաքապետարանի որոշմամբ վերածվելու է երկաթուղու պատմության թանգարանի, կիսով չափ հողի մեջ սուզված վագոնների կողքով և ցատկում ժանգոտ, ցցված ռելսերի գետակների վրայով։ Քաղաքի թշվառ լանդշաֆտի ֆոնին նրանք նման են գունավոր ամսագրից կտրտած և հին, սեվ-սպիտակ լուսանկարների վրա սոսնձած ֆիգուրների, որոնց եզրերին սոսնձի չորացած մնացորդներ կան։
    Աշխատանքի տեղավորման գործակալությունից նրանք ամեն օր ուղևորվում են այս կամ այն սրճարանը, որտեղ մատուցողուհի կամ աման լվացող է պահանջվում։ Քաղաքում միայն սրճարաններում է աշխատանք լինում։ Սրճարանի դռները հյուրընկալ բացվում են նրանց առջև, բոյով դռնապաններին, մատուցողներին, բարմենին հաջողվում է ժպտալ նրանց ներքևից, ասես կանացի մարմինները դեռևս բարձրահարկի ամենավերջին հարկի իրենց պատշգամբում լինեն։ Հաստափոր, հաստավիզ, իր բոլոր անդամների չափերով առինքնող սրճարանատերը վավաշոտ հայացքներ է նետում նրանց կողմ՝ ամեն անգամ գրպանից հեռախոսը հանելիս մերկացնելով գոտու մեջ խրված ատրճանակի կոթը։ Երբ պարզվում է կանացի մարմինների այցելության նպատակը, բոլորը միանգամից մի քանի սանտիմետր բոյ են քաշում, և սրճարանատիրոջ վավաշոտ դեմքին նոր արտահայտություն է ավելանում։ Նրանց պատվիրվում է աշխատանքի անցնել անհապաղ, փորձնական ժամկետով։ Կանացի մարմինները ընդունում են առաջարկը առանց երկմտանքի, նրանք գիտեն՝ աշխատելու են միայն այսօր, իսկ վաղն օրը կսկսվի աշխատանքի տեղավորման գործակալությունից։ Քաղաքում սրճարանները շատ են։ Նրանք աշխատում են բաց չթողնել հաճույքի ակնթարթները, որ հնարավոր են մատուցողի աշխատանքում՝ այցելուներին տեղը դնելու և շեֆերին ծաղրելու առիթները։ Արդեն իսկ միայն այն, որ վաղն այս ամենը չի լինելու, մեծ հաճույք է։ Նրանք ապրում են անցողիկության երանելի զգացումով, չմտածելով վաղվա մասին, ապրելով այսօրն ու հիման որպես խաղ, որպես ուրիշի կյանք՝ իրենց հետ ոչ մի կապ չունեցող։
    Նրանք աշխատում են մինչև ուշ երեկո, իսկ երեկոյան փայլատ, քաշքշված, յուղոտ մատնահետքեր՝ զգեստների, մազերի, դեմքի, ոտքերի վրա, քանդված սանրվածքով, բարձրակրունկ կոշիկները ձեռքներին, բոբիկ ոտքը դնելով թրիքի, ծերտի, շան կեղտի, ջրափոսի մեջ, հոգնածությունից հարբած ու երերալով՝ վերադառնում են տուն մթության, տղամարդկանց, հայհոյաշատ խոսակցությունների միջով՝ ապահովության համար միանալով հանդից տուն վերադարձող նախիրին։ Երկնաքերը, որ պանելային շենք է և մյուսներից տարբերվում է թեքվածությամբ ու առավել վթարայնությամբ, օրվա այս ժամին հատկապես թշվառ է։
    Տուն մտնելուն պես կանացի մարմինները նետվում են դեմ-դիմաց դրված մահճակալների վրա, մտնում վերմակի տակ ու փակում աչքերը՝ անջատ և օտարացած, մոռանալով միմյանց բարի գիշեր մաղթել։ Պատուհանից այնկողմ գիշերային քաղաքն է եռում իր կաթսայի մեջ՝ մեքենաների արտանետումների մառախուղի տակ, ինչպես ճաշը՝ գոլորոշու։ Բլթբլթում է քաղաքը հազարավոր լուսարձակների ու մեքենաների ազդանշանների մեջ, հազարավոր մահճակալների ճռճռոցների, հազարավոր մարդկանց հառաչների, ժամանող և հեռացող գնացքների հևքի ու սուլոցների մեջ։ Առավոտվա կողմ կանացի մարմիններից մեկը միշտ վատ երազ է տեսնում և քնի մեջ սկսում է հեծկլտալ։ «Ամեն ինչ լավ կլինի,- ասում է մյուսը մահճակալի դիմաց դրված մեծ հայելու միջից,- ամեն ինչ շատ լավ է»։ Գիշերային տապից ուժասպառ քաղաքը մի պահ համրանում է ծագող արևի դեմ, և վաղորդյան լռության մեջ արտույտի երգի պես են հնչում կանացի մարմնի հեկեկոցները։ «Սըս,- ասում է հայելու միջինն ու գրկում մայրաբար,- մենք ապրում ենք մեծ, շատ մեծ քաղաքում, ուր մարդ հանգիստ կարող է կորչել, իսկ դա արդեն իսկ հրաշալի է»։
    Լայն պողոտաներով անարգել-անազդանշան հատուկենտ մեքենաներ են սլանում, ու թվում է՝ ծովի ալիքներն են բախվում վաղորդյան ծովեզրին:

Ստեղծագործություններ