Արամ Մամիկոնյան

Բանաստեղծություններ

Aram Mamikonyan
Բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում





նավթ
փոքրիկ աղջնակը կմեռնի քաղցկեղից,
աստծո անրակները կկոտրվեն
աղջկա սպիտակ խալաթի ծանրությունից,
աստված կմեռնի…
…դիվահարված կփախչեմ հիվանդասենյակներից,
ու բորենիները կուտեն իմ վերջին ոսկորները

փոքրիկ աղջիկ,
դու կպոկես տիկնիկիդ գլխի երկար մազերը,
որ հայելին չնկատի ձեր տարբերությունը,
ու ոչ մի անգամ չմեռած հոգեբանը
քեզ մեռնել կսովորեցնի

ակցանները արգանդներից դուրս կքաշեն երեխաներ,
անթիվ երեխաներ թափանցիկ ակվարիումերի մեջ,
գիշերը նրանց ձայնը բորենու կսմստոցից չես տարբերի,
ու պատերի միջով հարկ առ հարկ բարձրացող
լացն ու ծիծաղը
դայակի ձեռքերի պես
կխեղդեն քեզ խավարի մեջ

փոքրի աղջիկ,
այս սև լացը քեզ համար չէ,
անգամ երբ ներարկիչը կխրվի փուխր երակի մեջ,
ու քաղաքը կխեղդվի դեղահոտից,
աշխարհը երբեք հորդ խորհուրդների չափ ճիշտ
չի դառնա

ու թռչուններ կթափվեն կարմիր երկնքից,
ու ձկներ կխեղդվեն խորը ջրերում,
ու սև մաղձի մեջ վառվող մարդիկ կվազեն փողոցներով,
ու բորենիներ կհավաքվեն նրանց ծխացող ոսկրակույտերի շուրջ,
տես, ինչ ձանձրալի կինոնոկար է կյանքը,
ու դու ընդամենը նա ես,
ով դուրս է գալիս դահլիճից
ֆլմի առաջին անհաջող կադրերից հետո


արյուն
չի ստացվում ավելի ճիշտ ապրել, որդիս,
մի քաղաքում,
ուր ժամերը նման են
մոխրամանի մեջ մոռացած սիգարետի
մոխրացող երկարությանը

ոմանք սիրեցին
պարապ կիրակիներ,
տխուր բանաստեղծություններ
ու ծխախոտ,
մենք էլ սիրեցինք, որդիս

այստեղ պատուհանները
ամեն օր նույն հաղորդումն են ցույց տալիս,
ու շաբաթը պտտվում է
ինչպես ատրճանակի փամփշատակալը,
որտեղ միայն մի փամփուշտ կա…
…հաշվիր դատարկ կրակոցները,
ուր որ է ուղեղս ցրիվ կտամ
դիմացի պատին

այս քաղաքում
մոխրամանում մոռացած սիգարետի
բարակ իրանի վրա
մոխարնում է սերը,
իսկ բառերը ինձ էլի սխալ են թարգմանում,
ու դրանից ես ավելի դատարկ եմ դառնում,
ու ավելի մենակ,
քան ինչ-որ մեկը աշխարհի ամենամարդաշտ քաղաքում

ոմանք մեռնում են,
խաղատանը տանուլ տված վերջին դրամի պես
թողում անտեր
ու հեռանում անվերադարձ,
ոմանք գալիս են ու առանց հարցնելու
տնավորվում իմ մեջ,
գլուխդ առ ու փախիր դրանցից, որդիս

այս քաղաքի բետոնե ակվարիումների մեջ
մահը մոտենում է թիկունքից՝
կատվի փափուկ ոտնաթաթերի վրա,
ու դու հո գիտես, որ վերջին կրակոցը դատարկ չի լինի,
ու վերջապես
այս անհույս նախադասությունների վերջին կետը
խուլ դրմփոցով կխրվի
ուղիղ հոնքամիջում


լիմոնադ
բայց և աշուն չէ,
ու ժամանակը դեռ չի գոլորշիացել արմատներիս միջից,
արմատներս՝ կանաչ, հողի մեջ,
թառամած չեմ,
ճմռթված ու ծեր,
ու սպասելու մեջ դեռ բավականաչափ
իմաստ կա

պետք է վազել ուշացած բոլոր գնացքների հետևից,
պետք է լինել վայրերում,
ուր մարդկանց ոտնահետքերի մասին
լեգենդներ են պտտվում,
պետք է լինել արևոտ օրվա պատուհանի չափ բաց
ու չճռճռալ պատահական քամիներից,
ու չբորբոսնել անձրևներից,
որ գլխիդ կթափվեն

մաշկս քոր է տալիս նոր բաների անուններով՝
երբեք չտեսած ու անշոշափելի,
ու ամբողջ արյունս բաժակների մեջ,
ու լիքը ծակծկող պղպջակներ
երակներում

բայց և ափսոս չէ մեռնել այսքան ջահել,
երբ դեռ թարմ է քներակը ծնոտի տակ,
երբ իրոք հավատում ես, որ քո մահը
մի տեսակ ուրիշ է լինելու,
քան այն սպասուհունը, ում խեղդված մարմինը
լքեցին գետափի ջրիմուռներին հյուսված,
կամ մայրուղուն ընկած շան ձագինը,
որի ուղեղը դուրս էր ծորացել
փշրված գանգատուփից

պետք չէ, և հերիք է վրաս գոռգռաք,
թե կոտրված ակնոցս է աշխարհն այլանդակում,
քանի՞ անգամ եք պոկել ձեր մաշկը,
համոզվա՞ծ եք, որ դրա տակ
երակների փոխարեն որդեր չեն գալարվում…
աչքեր պետք չեն
հասկանալու համար,
որ խեղդվում եմ դիակահոտի մեջ

գրողը տանի, ախր մահվան դեմքին ժպտալու համար
ինձ ընդամենը մի քանի բավարարվածության կնճիռ է հարկավոր
դիմագծերիս մեջ
ընդմիշտ փակվող կոպից
առնվազն մի ակնթարթ առաջ
                                                                      Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի

Ստեղծագործություններ