Արամ Պաչյան

Ամաչելու և կոշիկների մասին

aram pachyan
Սկզբում ամաչելու մասին
 
    Ամաչելու գույնը կարմիրն է, որ ազգակցական կապ ունի արյան հետ, իսկ արյունը ծավալի սնունդն է: Հիմա դժվար թե փողոցում մի հին ծանոթի բարևելիս կամ զրուցելիս կարմրեն մեր լղար կամ չաղլիկ թշերը. մի տեսակ կնեղվենք, չնախատեսված շարժումներ կանենք, կփախցնենք մեր հայացքները: Մենք սկսել ենք ամաչել ամաչելուց: Գրվել են ու էլի գրվում են գրքեր, հանրագիտարաններ, վեպեր ու պատմվածքներ, որոնց գլխավոր թեման ամոթն է: Ամոթը դեռ ամաչել չէ ու հակառակը. լինում է, որ անամոթը ամաչում է, իսկ ամաչողը` անամոթանում: Սրանք երաժշտական տարբեր գործիքներ են` ծնված նույն հայրենիքում, պատրաստված, տարբեր ծառատեսակներից, բայց համարյա նույն եղանակով. գլխավորը կատարողն է, նրա տաղանդի չափը:
 
    Հնդկացին, առաջին անգամ իր պատկերը հայելում տեսնելով, ամաչեց: Հնարավոր է նրան հուզեց իր զվարճալի տեսքը կամ մարմնի մերկությունը, համենայն դեպս նոր թրթիռը ցուցադրվեց առանց ամոթի: Եթե Աստված կա, կարծում եմ` տրուսիկներից չի հրաժարվում, իսկ եթե Աստված կին է, ինձ թվում է` նա կրում է շատ գեղեցիկ կրծկալներ: Երևի Ադամն ու Եվան նույնպես քողարկում էին իրենց մերկությունը` փորձելով կտցել ամոթխածության հմայքից:
 
    Մի օր սրճարանում նստած իմ ծանոթ շախմատիստներից մեկը մի նախադասություն ասաց, որ երբեք չեմ մոռանում. «Գիտե՞ս, ես շատ ժամանակ ամաչում եմ, որ մարդ եմ»: Տխմարի պես սկսեցի հարցնել պատճառների մասին: Եկար լռությունից հետո նոր ծխախոտ վառեց ու էլի սուրճ խնդրեց մատուցողից:
 
    Տանը երկար-բարակ ու անիմաստ գլուխ կոտրելուց հետո հասկացա, որ այդ միտքն իր մեջ չի կրում որևէ հոգեբանական կամ փիլիսոփայական հարցադրում, ու հենց դա է նրա իսկական արժեքը` որպես ի սկզբանե մարդու ենթագիտակցության մեջ ամրագրված ինչ-որ անորսալի արքետիպ: Ինձ թվում է` ժամանակն է «Գինդում» հայտարարություն տալու: Ասենք` «Հրավիրում եմ ամաչելու դասընթացների, շաբաթը երեք անգամ, գինը 10.350 դրամ: Ցանկացողները կարող են մասնակցել նաև մեկամսյա արագացված դասախոսությունների, գինը` 20.350 դրամ, վերջում տրվում է ավարտական արտոնագիր: Դիմել տիկին Պուպկո Բեֆանյանին, Ֆուչիկի 59, տուն 23, հեռախոս 135-107»:
 
    Պատկերացնում եմ դասասենյակում քայլող տիկին Պուպկոյին` հնդկահավի փքվածությամբ, հսկա հետույքը գլվլացնելով, թելադրում է իր հերթական գլուխգործոցը. «Երեխաներ կամ մարդի’կ, մի’ ամաչեք, երբ ամանորյա ձեր սեղանին բացակայում է ավանդական խոզի բուդը, դա ամոթի հետ կապ չունի, ամաչեք, որ գրաճանաչ չեք, հենց հայտնաբերեք, որ գրաճանաչ չեք, մի քիչ ընկճվեք, մի քիչ տխրեք, մի քիչ դուրս եկեք պատշգամբ, մի քիչ մաքուր օդ շնչեք, մի քիչ նայեք աստղերին, մի քիչ հոգոց հանեք, մի քիչ փորփրեք ձեր սիրտը, ախր դեռ ոչինչ ավարտված չէ. հետո դուրս եկեք, գնացեք բառարաններ գնեք, սկսեք օրը կես ժամ պարապել, ու այդ կլինի ամաչելու իսկական մարզանք: Կամ էլ այսպես` «Երեխաներ կամ մարդի’կ, ոչ միայն արտերկրներում ամաչեք ձեզ լավ պահել, այլ նաև մի փոքր ամաչելով քայլեք մեր քաղաքի փողոցներում: Ամաչելով դուք կհարգեք քաղաքի կյանքը, իսկ քաղաքի կյանքը հարգելով` կհարգեք ձեր կյանքը: Գործ չունեք ուրիշ երկրների հետ, մի ամաչեք նրանց փոխարեն, սովորեք ամաչել սեփական երկրի համար, դա այնքան էլ մեղսալի չէ: Եվ այսպես` Ամաչելու Երրորդ Կարգի Մագիստրոս, վաստակավոր ամաչող տիկին Պուպկո Բեֆանյանը մանրամասնորեն շարունակում է շարադրել իր մտքերը ըստ ենթավերնագրերի`
 
1. Ամաչելու պատմությունը
2. Ամաչելու հիմնախնդիրները
3. Ամաչելը որպես կենսաձև
4. Ամաչելու արվեստը
5. Ամաչելու մեթոդները
 
    Ես անհամբեր սպասում եմ «Գինդում» տիկին Բեֆանյանի հայտարարությանը ու անպատճառ մասնակցելու եմ նրա դասախոսություններին` (կընտրեմ արագացված տարբերակը), իսկ մինչ այդ առաջարկում եմ ամաչելու իմ տարբերակը:
 
    Հիմա կոշիկների մասին
 
    Մենք ծնվում ենք առանց կոշիկների, բայց չգիտես ինչու, մեզ թաղում են կոշիկներով, հետաքրքիր կլիներ հանգուցյալին պատկերացնել  կոստյումով ու ոտաբոբիկ: Բայց կոշիկներն ասես կոծկում են մարդու անցած ուղին, բոլոր ոլոր-մոլոր ճանապարհները, գորշ ու լուսավոր օրերը. նրանք մարդկային կյանքին վերջին հարգանքի տուրքն են մատուցում:
 
    Վերջին զանգի օրը ես հագել էի հորս կոշիկները: Ոտնաթաթերս լողում էին նրանց մեջ: Օրվա ընթացքում, անընդհատ ոտքերիս հին կոշիկներ տեսնելով, շատ էի ընկճվում, բայց երբ դահլիճ բարձրացա, սկսեցի մի տեսակ հանդիսավոր ամոթխածությամբ քայլել: Ինձ դուր եկավ իմ անվստահ ու ամիջական քայլքը: Կոշիկները ինձ վստահություն էին ներշնչել, ամաչելու վստահություն:
Հորս հին կոշիկները ամաչելով` հավատում էին ինձ:
    Ջոյսը տձև ու մաշված կոշիկներ էր հագնում` փորձելով սեփական ամոթի միջով հեռացնել իր կողքից հիմար մարդկանց: Նրան հաջողվում էր:
    Երբ կարիք եք զգում ամաչելու, իմ առաջարկած տարբերակը ամենահին կոշիկներով փողոց դուրս գալն է: Քայլում եք, որսում անցորդների արհամարհական հայացքները, ամեն քայլի հետ սկսում եք ամաչել: Եթե մենակ եք զգում և ուզում եք տեսնել ձեզ նման ամաչող մարդկանց, լինել նրանց մեջ, կարող եք իջնել մետրո, հարմարվել մարդաշատ վագոնում և միանալ դիմացը նստած տխուր կանանց ու տղամարդկանց: Մեր մետրոյից հիմնականում օգտվում են մարդիկ, ովքեր մաշված կոշիկներ են կրում և ամաչել գիտեն: Մետրոյում ես տեսել եմ ու տեսնում եմ հազարավոր կոշիկներ` ծռմռված քթերով, գունաթափ, խորը քերծվածքներով, առանց կապերի: Միայն կոշիկներ, կոշիկների մակերեսներին ընկած գլխիկոր ստվերներ:
Քոչարի ցուցահանդեսին ես կանգնել էի հայտնի լուսանկարներից մեկի առջև և նայում էի  նրա լայն, փոշոտ, լխկած կոշիկներին, որոնք այդքան էլ համահունչ չէին օձիքին մեղմ հպված քնքուշ թիթեռնիկին և ձեռքի ծխամորճին: Թվում էր կոշիները երբեք հագից չի հանել: Եվ նրանք են Քոչարի ճշմարիտ կենսագիրները:
 
    Օրերից մի օր երբ հեռուստացույցի էկրանին պատկերվում էր Հրանտ Դինքի ճաքած ներբանը, մայրս ցավով տարուբերում էր գլուխը. «Խեղճ մարդ, մի զույգ կոշիկի եղածը ախր ինչ էր»: Արտասվում էր ու մի քանի անգամ կրկնում` խորը ազդված Դինքի անընդհատ ցուցադրվող կոշիկի ներբանի ճաքից: Իսկ ես ժպտում էի: Նա ճիշտ էր ընտրել կոշիկները, և կոշիկները ճիշտ էին ընտրել նրան: Այդ ճաքը հենց ամաչելու ողջ վեհությունն էր:
 
    Ժամանակները փոխվում են: Հիմա ամաչելու գույնը ոչ թե կարմիրն է, այլ` կոշիկը, մաշված կոշիկը: Նախընտրելի է տձև ու ցեխոտ, ընտրված փողոցը` լուսավոր ու մարդաշատ, որ ամաչելուց տեղը տեղին ամաչենք: Փորձել եմ: Ստացվում է: Բացի դրանից, ասում են, կոշիկների պատճառով ամաչելը օգտակար է: Ուրեմն դեպի մաշված կոշիկներ:

Ստեղծագործություններ