Մոհամմադ Ռեզա Աբդոլմալեքյան. Հիմա երբ հեռացել ես

abdolmalekian2
Գիրքը նվիրվում է երջանկահիշատակ բանաստեղծ ՂԵՅՍԱՐ ԱՄԻՆՓՈՒՐԻՆ  


       




 
1. Հիմա երբ հեռացել ես
Անունդ կգրեն մի քարի վրա
Եվ նույն հեշտությամբ
Կսկսվի ձմեռը
 
2.  Հիմա երբ հեռացել ես
Այլևս բառերին չեմ դիմում
Նրանք հոգնած և անտրամադիր են
Չեն երգում երկ չեն դառնում
 
3. Հիմա երբ հեռացել ես
Մի թռչուն է եկել
Մեր դիմացի այգին
Ոչինչ չի ուզում
Միայն ասում է. «Կու-կու»
 
4. Հիմա երբ հեռացել ես
Նստում եմ կողքին
Բայց նա չի արտասվում
Ձեռքն եմ բռնում
Բայց նա չի արտասվում
Ոտքերն եմ ընկնում
Բայց նա չի արտասվում
Չլինի՞ թե բան է պատահել
Որ բանաստեղծությունս չի արտասվում
 
5. Հիմա երբ հեռացել ես
Քեզ եմ վերհիշում
Այն մոխրագույն բաճկոնով
Մոխրագույն մազերով
եվ ծիծաղիդ մոխիրներով
որոնց վրա քամի է փչում
 
6. Հիմա երբ հեռացել ես
Կրկին զանգահարում եմ
Համարդ նույնն է
Հեռախոսը վերցնում են
Հեռախոսը դնում եմ
 
7. Հիմա երբ հեռացել ես
Պատուհանագոգի ծաղկամանը դատարկ է
Վերադառնում եմ և
Շապիկիցդ մի ծաղիկ քաղում
Այսպես ավելի լավ է
Հիշողությունները չեն ծերանում
 
8. Հիմա երբ հեռացել ես
Քամին չի փչում
Իսկ տերևը ձեռքով չի անում
Ինձ համար որ առանց բանալու
Փակ դռների հետևում եմ մնացել
Կարծես ժամանակը կանգ է առել
 
9. Հիմա երբ հեռացել ես
Չեմ կարծում թե կվերադառնա
Այն կապուտակ ամպը
Որը գալիս էր լեռների վերևից քեզ տեսնելու
 
10. Հիմա երբ հեռացել ես
Հավատա
Տարիներ շարունակ
Քեզ չէինք համբուրել
Շատ ափսոս
Որ քեզ չէինք համբուրել
 
11. Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Թե ինչո՞ւ կոշիկներդ չես հագել
 
12. Հիմա երբ հեռացել ես
Ոչ աստղերն եմ սիրում
Ոչ էլ արևը
Ինչպես են առանց քեզ մահանում ու ծնունդ առնում
 
13. Հիմա երբ հեռացել ես
Սիրտս պատճառներ ունի
Իսկ սերս լալիս է
Այդուհանդերձ
Ոչ մտածմունքով և ոչ էլ հիշողությամբ
Քո դատարկությունը չի լցվում
 
14. Հիմա երբ հեռացել ես
Կմնամ հենց այս կանգառի մոտ
Որ քեզանով է բուրում
Կմնամ ու ձեռքով կանեմ
Այն ճամփորդներին
Որոնք քեզ կորցրեցին
 
15. Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Բոլոր բառերս մատիտ են վերցրել
Բոլոր բառերս պոետ են դարձել 
 
16. Հիմա երբ հեռացել ես
Հենց այնպես եմ ընթերցում
Հենց այնպես եմ հագնվում
Հենց այնպես գնում եմ փողոց
Հենց այնպես վերադառնում եմ
 
17. Հիմա երբ հեռացել ես
Դեռևս չգիտեմ
Արևածաղիկը մեծ պոե՞տ է
Թե մեծ մարդ
 
18. Հիմա երբ հեռացել ես
Որքան անհանգիստ և մոլորված են
Այն բոլոր վշտերը
Որոնք կորցրել են քո բանաստեղծությունները
 
19. Հիմա երբ հեռացել ես
Անձրև չի գալիս
Իսկ լուռ աթոռն
Ինձանից աչք չի կտրում
 
20. Հիմա երբ հեռացել ես
Անիծում եմ աշխարհի բոլոր ներարկիչները
Այն բոլոր ներարկիչները
Որոնք քո արյունատար անոթներում
Իրենց հետքն են թողել
 
22. Հիմա երբ հեռացել ես
Այս օրերին տխուր եմ
Տխուր եմ որ
Անցել են այն օրերը
 
23. Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Ախր ինչո՞ւ չես հեռացել
Այս ակնոցը
Այս հայացքը
Այս ժպիտը և
Դիմացի օդամղիչից շարժվող նույն մազերի պարը
 
24. Հիմա երբ հեռացել ես
Այն մեծ պայուսակն
Այլևս չի խոսում
Մեծ իրադարձությունների մասին
Այն սև բռնիչով պայուսակը
 
25. Հիմա երբ հեռացել ես
Նորից եմ զանգահարում
Հեռախոսահամարը նույնն է
Լսափողը վերցնում են
Ես լսափողը դնում եմ
 
26. Հիմա երբ հեռացել ես
Վախենում եմ բոլոր դեղերից
Բոլոր անհամ ուտելիքներից
Բոլոր անգույն թելերից
Հարբուխից
Հազից
Ներարկիչից
 
27. Հիմա երբ հեռացել ես
Կրկին կարոտել եմ
Այն քարերին ու ստվերներին
Այն ձյունահյուսքերին որ
Ձեռքերիդ վրա էին
 
28. Հիմա երբ հեռացել ես
Արմատներդ հանձնել են գետերին
Ասա այս անգամ ասա
Թե ծովերի և օվկիանոսների միջով
Ո՞ւր պիտի գնանք
 
29. Հիմա երբ հեռացել ես
Օդամղիչը պտտեցնում են դեպի
Այն երրորդ նստարանը
Իսկ ճակատդ քրտնած է
 
33. Հիմա երբ հեռացել ես
Պատուհանի համար միևնույն է
Թե անձրև կտեղա
Անրև կտեղա
Անձրև
Անձրև
Անձրև
 
34. Հիմա երբ հեռացել ես
Նորից քեզ նամակ են գրում
Գնում եմ անտառ
Բայց նոր հասցեդ չգիտեմ
 
35.  Հիմա երբ հեռացել ես
Բանաստեղծություններիդ մանկությունն
Առանց իմ ու մեր մասին մտածելու
Օդապարիկն ավելի ու ավելի է բարձրացնում
Մինչև…
 
36. Հիմա« երբ հեռացել ես
Բոլորը եկել են
Զարմանում եմ
Այդ որտեղացի՞ էիր
Որ մենք չիմացանք
 
37. Հիմա երբ հեռացել ես
Քեզ նորից կընտրեն
Քեզ նորից կկանչեն
Նորից մեկ ուրիշը
Քո փոխարեն աստիճաններով կբարձրանա
Քեզ նորից կշահարկեն
 
43. Հիմա երբ հեռացել ես
Առավոտյան սենյակի երկու այտերն էլ մթագնած են
Մթագնած չհեռացող գիշերվա խավարից
 
44. Հիմա երբ հեռացել ես
Եկել է բարձրահասակ պարտված և սիրահար
Գլուխը հենել է պատին
Եվ երանի խոսի իր հեռավոր հիշողություններից
Եվ երանի թե արտահայտվի
 
47. Հիմա երբ հեռացել ես
Բոլորը եկել են
Բոլորը քեզանից ինչ-որ բաժին են պահանջում
Բոլոր նրանք
Ովքեր հոգուդ գրքից անգամ մի տող չկարդացին
 
48. Հիմա երբ հեռացել ես
Ավելի եմ մոտենում այն ծառին
Որն իր արմատների հետ է խոսում
Եվ պատից այն կողմ է անցկացնում ճյուղերը
Որպեսզի իր պտուղները հրամցնի
 
49. Հիմա երբ հեռացել ես
Միայն ասա թե ո՞րերորդ ծառից
Պետք է քեզ հարցնեմ
Եվ ո՞րերորդ թռչնակին կուտ տամ
Որպեսզի միանգամից գամ ու նստեմ այն քարի վրա
Որը բազմել է քո կրծքին
 
50. Հիմա երբ հեռացել ես
Ամպն աստիճանից ներքև է իջնում
Եվ թափվում է այն առվակների մեջ
Որոնք աշնան կողմն են գնում
 
51. Հիմա երբ հեռացել ես
Քարավանի մոտ մի միայնակ մանչուկ կա
Նա էլ է նկարում
Նա էլ է բանաստեղծ
Նա էլ է ցանկանում սիրահարվել
Նրա ձեռքին էլ օդապարիկ կա
 
52. Հիմա երբ հեռացել ես
Հանգիստ եղիր
Ոչ մի նորություն չկա
Օրը նույն օրն է
Օրաթերթն էլ նույն օրաթերթը
 
53. Հիմա երբ հեռացել ես
Գլուխս դնում եմ բոլոր այն կակաչների ուսին
Որոնք այս տարի առանց քեզ են արտասվել
Ու առանց քեզ չեն ապրել
 
54. Հիմա երբ հեռացել ես
Մի զույգ թափառական աղավնի է եկել
Կրկին նստում են պատուհանի գոգին
Կուտ են ուտում
Պատուհանը նույն պատուհանն է
Սակայն հատիկներից բանաստեղծության հոտ չի գալիս
 
57. Հիմա երբ հեռացել ես
Նույն հեշտությամբ բերել են վերնաշապիկդ
Նույն հեշտությամբ անձնագիրդ են որոնում
 
58. Հիմա երբ հեռացել ես
Տխուր եմ
Հաֆեզին եմ դիմում իսկ նա ասում է.
«Հեռացել է իմ սրտից սակայն սիրտս չի լքում»
 
60. Հիմա երբ հեռացել ես
Մի կին է եկել
Այսքան տարի հետո
Այսքան ժամանակ անց
Եվ ոչինչ չի խոսում
Միայն գրկելով կրծքին է
Սեղմում իր երկու տարեկան մանկիկին
Եվ չքանում հարավում
 
61. Հիմա երբ հեռացել ես
Այսօրվա դատարկ փողոցներում
Տերև է տեղում և անձրևն է թափառում
 
62. Հիմա երբ հեռացել ես
Միայն այս բառերն եմ հիշում.
«Դիալիզ գրասենյակ համալսարան և
Հինգշաբթիներ, որոնք քեզ մոռացել են»
 
82. Հիմա երբ հեռացել ես
Արթնանում եմ և
Առանց մահվան մասին անհանգստանալու
Հագնում հագուստներս
Եվ իմ ու այս տարվա մեռելների միջև
Որևէ տարբերություն չկա
 
83. Հիմա երբ հեռացել ես
Եղեգը քեզ մի նամակ է գրել
Անտառից անտառ ընկած
Մեզ է որոնում
Քաղցր խոսքերով և շաքար շաղ տալով
 
90. Հիմա երբ հեռացել ես
Գարնան գալուն պես այգում
Ինչպե՞ս մանուշակներ տնկեմ
Սովորել են մշտապես
Բանաստեղծության տակ քնել և արթնանալ
Սովորել են
 
105. Հիմա երբ հեռացել ես
Ոչ մի ճամփա մեզ
Ինչ-որ տեղ չի տանում
Որոնում եմ հիշողություններիս մեջ
Սակայն բոլոր բանալիները կորցրել եմ
 
108. Հիմա երբ հեռացել ես
Քաշում է վարագույրն ու
Միայնակ և անտրամադիր գնում մի անկյուն
Գլուխը դնում է ծնկների վրա և
Մտածում այն օրվա մասին որ
Չի գալու
 
119. Հիմա երբ հեռացել ես
Ոմանք կողքովդ են անցնում
Ոմանք կանգնում են նկարիդ մոտ
Քեզանից են հարցնում
Իսկ ոմանք էլ չեն վարանում
Եվ խոնարհվում են
 
126. Հիմա երբ հեռացել ես
Մենք ենք մնացել
Եվ բոլոր անավարտ խոսքերի հետ
Որևէ ելք չի մնացել
Սիրելի Ղեյսար
Նորից բարև:
 
Ինձանից էլ պարզ մի բարև
Սիրո առաջին բարևը
Գյարուսի կորած բարևը
ԲԱՐԵՎ
                       Պարսկերենից թարգմանեց Աշխեն Մակարյանը

Ստեղծագործություններ