Կուրտ Վոննեգուտի ութ կանոնները` ինչպես կարդալ գեղարվեստական արձակ

    Սուզան Մաքկոննելը (Suzanne McConnell)՝ Կուրտ Վոննեգուտի ուսանողուհիներից մեկը, որ ներկա է եղել Վոննեգուտի «Գեղարվեստական արձակի ձևը» թեմայով դասընթացին Իովայի գրողների արվեստանոցում, պահպանել է այս նշումները՝ բացատրելով, որ Վոննեգուտը «գրել է այս դասախոսությունների կուրսը նամակների տեսքով՝ լսարանում յուրաքանչյուրին անհատապես դիմելու եղանակով»: Արդյունքում ստացվել է կիսով չափ մեթոդաբանական աշխատանք, կիսով չափ նամակ, կիսով չափ ուղեցույց գրելու և կյանքի մասին:

    Կիսամյակային աշխատանքի նշումներ գեղարվեստական արձակի ձևի վերաբերյալ
    Նոյեմբերի 30, 1965թ.
    Սիրելիներս,
    Այս դասընթացը սկսվեց որպես «Գեղարվեստական արձակի ձևը և տեսությունը», հետո դարձավ «Գեղարվեստական արձակի ձևը», այնուհետև` «Գեղարվեստական արձակի ձևն ու կառուցվածքը», հետո` «Մակերեսային քննադատություն» կամ «Ինչպես արտաբերել բառերը ինչպես իսկական պրոֆեսիոնալ», հնարավոր է՝ մինչև «սև փետրվարի» որոտալը այն լինի նաև «Անասնաբուծություն»: Ինչպես սիրելի ընկերներիցս մեկն ասաց ինձ տարիներ առաջ. «Մի´ հանիր գլխարկդ: Շատ մղոններ կան տեղ հասնելու համար»:
    Ինչ վերաբերում է ձեր կուրսային աշխատանքին, կցանկանայի, որ դրանք միաժամանակ ցինիկ և կրոնական լինեին: Կցանկանամ, որ պաշտեք Տիեզերքը, որ հեշտությամբ հիանաք, բայց դրա հետ մեկտեղ լինեք անհանդուրժող այն արվեստագետների հանդեպ, ովքեր կվիրավորեն ձեր խորը անձնական պատկերացումները այն մասին, թե ինչ է Տիեզերքը կամ ինչպիսին պետք լինի: «Սա ամենից առաջ…»:
    Առաջարկում եմ ձեզ կարդալ 15 պատմվածք «Ժամանակակից պատմվածքների վարպետները» գրքից (Հեվիգհերսթի խմբագրություն, 1955, Harcourt, Brace, 14,95 դոլլար, փափուկ կազմ): Կարդացեք այն ձեր հաճույքի և բավարարվածության համար՝ յուրաքանչյուրը սկսելով ասես յոթ րոպե դրանից առաջ շատ լավ խմիչք էիք մի քանի կում արել: «Եթե փոքր երեխայի պես չեք պահի ձեզ…»:
    Հետո մի մաքուր սպիտակ թղթի կտորի վրա վերարտադրեք գրքի բովանդակությունը՝ բաց թողնելով էջերի թվերը, դրա փոխարեն օգտագործելով Ա-ից մինչև Ֆ աստիճանավորումը: Այդ աստիճանավորումը պետք է լինի ձեր ուրախության կամ տխրության մանկականորեն եսասիրական և անամոթ չափանիշները: Թե ինչ գնահատականներ կտաք, դա ինձ չի հետաքրքրում: Պնդում եմ, որ մի քանի պատմվածք ավելի շատ հավանեք, քան մյուսները:
    Հետո երևակայեք, որ դուք երկրորդական, բայց օգտակար մի խմբագիր եք մի լավ գրական պարբերականում, որը կապ ունի համալսարանի հետ: Վերցրեք երեք պատմվածք, որը ավելի շատ եք հավանել, և երեքը, որն այդքան էլ չեք հավանել, այսինքն` ընդհանուր առմամբ վեց պատմվածք, և պատկերացրեք, որ ձեզ առաջարկվել է դրանք հրատարակել: Յուրաքանչյուրի համար գրեք զեկուցում, որը պետք է ներկայացվի իմաստուն, հարգարժան, սրամիտ և ամբողջ աշխարհից հոգնած վերադասին:
   Մի արեք դա ո՛չ որպես ակադեմիկական քննադատ, ո՛չ որպես արվեստով հարբած մի անհատ, ո՛չ որպես գրական շուկայի բարբարոս: Եղեք պարզապես խելամիտ մարդ, ով ունի փոքր-ինչ պրակտիկ նախազգացումներ այն մասին, թե ինչպես կարող են պատմվածքները հաջողված ստացվել կամ ձախողվել: Գովաբանեք կամ փնովեք, ինչպես ձեզ հարմար է, բայց արեք դա բավական պրագմատիկ, կտրուկ, անհանգստացնող կամ ուրախացնող մանրամասների հանդեպ խորամանկ ուշադրությամբ: Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Եղե՛ք ինքնատիպ: Եղե՛ք լավ խմբագիր: Տիեզերքն ավելի շատ լավ խմբագիրների կարիք ունի, Աստված վկա:
    Քանի որ 80 հոգի եք, և ես միտք չունեմ կուրանալու և միտք չունեմ ինչ-որ մեկին սպանելու, ուստի գրե՛ք շատ սեղմ՝ յուրաքանչյուրդ մոտ 20 էջ: Մի´ խաբեք: Մի´ դոփեք տեղում: Եվ օգտագործեք այն բառերը, որոնք ես գիտեմ:
                                                                                     Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: