ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ

Առաջաբան

Ամերիկյան պոեզիայում 50-ական թվականների ֆորմալիզմին ներկայացված ամենամեծ պահանջն ու մարտահրավերը ծնվեց այն բանաստեղծների կողմից, որոնց քնարերգության մեջ ցավալի ճշմարտությունները հենց իրենց կյանքի ու անձի մասին հայտնվեցին թե՛ որպես մեղադրանք՝ ուղղված դարավերջին և թե՛ նոր միջոց՝ երևույթները «անձնական» ու իրական դարձնելու համար: Նրանց պոեզիան «խոստավանական» կոչվեց Ռոբերտ Լոուելի «Կյանքի ուսումնասիրություններ» ժողովածուի լույս տեսնելուց հետո: Եվ քանի որ այդ դպրոցի ներկայացուցիչների համար բանաստեղծի տառապանքն ու ապրումները ուշադրության կենտրոնում էին, ապա խոստովանական լիրիկան ընկալվեց ռոմանտիկական քնարերգության մի նոր՝ զարտուղի ճանապարհ: Բայց ավանդական ռոմանտիկական պոեզիայում բանաստեղծի վերաբերմունքն ու դիրքորոշումը իր արժանիքների նկատմամբ առաջնահերթ է եղել, և նա միշտ ներքին ակնածանքով ու հարգանքով է եղել իր անհատական գոյությանն ու ապրումներին: «Խոստովանական» պոեզիայում այս երևույթը ինչ-որ չափով բացակայում է, որովհետև քնարական հերոսի (որը մեծ մասամբ հենց ինքը՝ պոետն է, թեև անձնական թեման չպետք է շփոթել ինքնակենսագրության հետ) հոգեվիճակը հաճախ համարյա անկումնային վիճակում է, և այս փսիխոզը, որը երբեմն մտացածին է, երբեմն՝ իրական, շատ քիչ տեղ է թողնում ինքնահարգանքի համար: Ավելի ճիշտ բանաստեղծը,  անգամ միտք էլ չունի բարոյախոսելու իր վիճակի մասին կամ ինչ-որ կերպ այն արդարացնելու: Թվում է, թե նա խաճախ «հմայված է» իր հոգեկան խանգարման ախտանշաններով, և տեսլային պահերը երբեմն չեն համընկնում նրա իրական կենսափորձի հետ: «Խոստովանական պոեզիայում» երազն ու ենթագիտակցությունը իրենց «տրամադրությունն» ունեն: Բայց այս պոեզիայի յուրահատկություններից մեկն այն է, որ ասես հանպատրաստից ծնված տողերը, փշրված տաղաչափական ձևերն ու  ցաքուցրիվ շարադասությունը ոչ միայն ընթերցողին են հանձնում հեղինակի հոգեկան խանգարման նախանշանները, այլև հոսանքի պես բերում են սոցիալական միջավայրի այն մղձավանջները, որոնք ինչ-որ չափով հիմք են հանդիսացել այդ շեղումների ու տառապանքների համար: Հայտնի է, որ Ռոբերտ Լոուելը մանկության տարիների մասին իր օրագրերը գրել է հոգեբույժի խորհրդով, որոնք և հետագայում հիմք են հանդիսացել «Կյանքի ուսումնասիրությունների» արձակ բաժնի՝ «Ռիվեր Սթրիթ 91»-ի համար:

«Խոստովանական պոեզիայի» ներակայացուցիչներին անգլիացի քննադատ Ա.Ալվարեզը անվանել է   «ծայրահեղականներ»: Թե՛ խոստովանական և թե՛ «ծայրահեղական» տերմինները ունեն իրենց սահմանափակումները, բայց նրանք ինչ-որ չափով արտահայտում են  այն պոետական միտումների սահմանները ու բնույթը, որոնք ձևավորվեցին 50-60-ական թվականներին: Բացի Ռոբերտ Լոուելից «խոստովանական պոեզիայի» խմբին են հարում Ջոն Բերիմանը, Սիլվիա Պլաթը, Վիլյամ Սոնդգրասը և Էնն Սեքսթընը: Նրանց պոեզիայի զգայական, հոգեկան «շիկացումներն» ու շեղումները երբեմն հիշեցնում են Լոուելի բանաստեղծության մեջ վտանգավոր թափառումների դուրս եկած այն ամուսնուն, որը «քայլում է ածելու շեղբի եզրով»: Եվ չնայած այս բանաստեղծների ստեղծագործական որոշ ընդհանրություններին, նրանց պոեզիան խիստ տարբերվում է թե՛ երևույթների ընդգրկման և թե՛ տաղանդի չափի առումով:

Սիլվիա Փլաթ

Հսկան
Ոչ մի կերպ չի հաջողվի մասերդ կցել իրար,
Հավաքել քեզ, սոսնձել ու կապկպել պատշաճորեն:
Անասնային բառաչ, խոզի խռմփոց ու անպատկառ բառեր`
Որ դուրս են թռչում քո հսկա շուրթերից:
Երախդ ախոռից էլ վատն է:

Գուցե քեզ մարգարեի տեղ ես դրել,
Մեռյալների խոսափողի, կամ ինչ-որ աստծու, կամ ուրիշ մեկի:
Երեսուն տարի ջանացել եմ
Դուրս քաշել տիղմը քո կոկորդից:
Գաղափար անգամ չունենալով, թե ոնց:

Սոսնձի սրվակներով ու Լիզոլի դույլերով մագլցում եմ փոքր սանդուղքները,
Քարշ գալիս, ինչպես մրջյունը սուգի մեջ
Մոլախոտով ծածկված հոնքերիդ աղեղներում,
Որ շտկեմ գանգիդ վիթխարի թիթեղները, որ մաքրեմ
Ճաղատ գլուխդ, սպիտակ գերեզմանաթմբերը աչքերիդ:

Մեր գլխավերևում սփռվում է լազուր երկինքը
Օրփեոսյան Կամկարների: Օ, հայր, դու քո ողջ էությամբ
ընդգրուն ես ու պատմական, ասես Հունական Դիցարան:
Ես բացում եմ իմ նախաճաշը սև սոճիների բարձրունքում:
Քո հնչեղ ոսկորները ու մինչև հորիզոն ձգվող ականթե մազերը

Կեղտոտված են իրենց ծեր անարխիայի մեջ:
Ավելին է պետք, քան ուղղակի կայծակի հարվածը
Նման կորածնում ստեղծելու համար:
Գիշերները ես կուչ եմ գալիս
Քո ձախ ականաջախեցու մեջ՝ պաշտպանվելով քամիներից,

Հաշվում կարմիր աստղերը ու մյուսները, որ սալորագույն են,
Արևը լեզվիդ սյան տակից է ծագում:
Ժամերս ամուսնացել են ստվերների հետ:
Ես այլևս չեմ լսում նավերի ճանկռոցները
Վայրէջքի ծանծաղ քարերին բախվելիս:


Կտրվածք

(ՍյուզընՕ՚ՆիլՌոուին)[1]

Ինչպիսի սարսուռ…

Բութ մատս՝ սոխի փոխարեն:
Գլուխը գրեթե թռցրի,
Բացի մաշկի մի փոքր

Լաթից,
Ճոճվում է գլխարկի պես՝
Մեռած սպիտակ:
Հետո կարմիր թավիշ է թափվում:

Փոքրիկ պելեգրիմ,
Հնդկացին կացնահարել է սկալպդ:
Քո թրքական գորգի կապոցը
Հենց սրտիցդ է

Բացվում-գալարվում:
Ես կանգնում եմ դրա վրա՝
Վարդագույն հյութի
Շիշը ձեռքիս բռնած:

Փառաբանումը հենց սա է:
Ճեղքից
Միլիոնավոր զինվորներ են վազում,
Կարմրագլուխ, ամեն մեկը:

Ո՞ւմ կողմից են նրանք:
Օ, իմ
Մարդակերպ գազան, ես հիվանդ եմ:
Հաբեր եմ խմում, որ սպանեմ

Նիհարիկ
Թղթե զգացմունքը:
Սաբոտաժավոր,
Կամիկադձե մարդ...

Բիծը քո
Կու Կլուքս Կլանի[2] շղարշի վրա,
Բաբուշկա[3],
Մթնում է ու խամրում, իսկ հետո

Կծկված
Կակղանը սրտիդ
Խախտում է
Լռությունն իր անձայն գործարանի:

Ինչպիսի ցատկ…
Տրեպանացված գանգով վետերան,
Կեղտոտ աղջնակ,
Բութամատի ծվեն:


[1] Սյուզըն Օ՚Նիլ Ռոու - Սիլվիայի դայակը
[2]Կու Կլուքս Կլան- գաղտնի ռասիստական տեռորիստական կազմակերպություն ԱՄՆ-ում
[3]Բաբուշկա- ռուս՝տատիկ (բանաստեղծությունում գրված է լատինատառ)


Ջոն Բերրիմեն

Երազ-երգ #14

Կյանքն, ընկերներ, ձանձրալի է: Մենք չպետք է էսպես ասենք:
Ինչ էլ որ լինի, երկինքը շողում է, հսկա ծովը՝ թախծում,
մենք ինքներս ենք շողում ու թախծում,
դեռ ավելին, երբ փոքր էի, մայրս ինձ ասում էր
(անդադար). «Երբեք չասես, որ ձանձրացել ես,
կնշանակի՝

Մեջդ Կյանք չկա»: Հիմա էդ կարծիքին եմ,
իմ մեջ կյանք չկա, որովհետև չափազանց հոգնած եմ:
Մարդիկ ինձ ձանձրացնում են,
գրականությունը ինձ ձանձրացնում է, հատկապես լավ գրականությունը,
Հենրին իր կասկածներով ու աններդաշնակությամբ,
իր աքիլեսյան խոցելիությամբ ինձ ձանձրացնում է:

Նրանք, ովքեր սիրում են մարդկանց ու անվեհեր արվեստը, որն ինձ ձանձրացնում է:
Հանդարտությունը բլուրների ու ջինը՝ նման մառախուղի
ու ինչ-որ տեղ մի շան,
որը քարշ է տալիս ինքն իրեն ու իր պոչը անսահման հեռու՝
դեպի սարերը, դեպի ծովը, դեպի երկինքը, հետևում
թողնելով ինձ՝ թափառականիս:


Հիասթափություն

Թվում է՝ անդադար ԽԱՎԱՐ է:
Ու ես դժվարությամբ եմ քայլում:
Գիտեմ՝ ինչ պետք է ասել սեմինարիս ժամանակ,
Բայց չգիտեմ՝ ուզում եմ արդյոք:

«Երգ»-ի մեջ մի անգամ ասեցի՝
Անասելի հոգնած եմ:
Կրկնում եմ, ու մի բան էլ ավելի.
Սիրտս խառնում է,
Այսօր ջարդուփշուր եղա K.365-ի դանդաղ երթևեկության մեջ:

Անկասկած, էսպես երկար չեմ ձգի,
Գրել եմ, որ սարսափելի բաներ կարող են պատահել,
Ու մի բան էլ ավելի:
(Կարծում եմ՝ մանրիկ կրծքերը հեռու է պահում):

Ես սիրահարված եմ մի հոյակապ աղջկա:
Կայծկլտո՛ց: Խավարի մեջ՝ ՀՈՒՅՍ, որն հետո անհետանում է:
Կորած արվեստներ:
Չքացումներ:

Թռի՜չք: Ու մենք մի հարկ ներքևում ենք:
Եթե անգամ չես սփոփում ինձ,
Մեկ է, իմ ընկեր, կմիանամ հանդգնությանդ ու կգամ քեզ հետ:
Լուցկիներ չկան,

Միայն մի անթերի բառ՝ Նրա Հայրը:



Էնն Սեքսթըն

Մեռնել ուզելով

Քանզի հարցնում ես օրերի մասին, որ չեմ կարող հիշել:
Ես քայլում եմ զգեստներիս մեջ՝ այդ աննկատ նավարկությամբ:
Հետո գրեթե անանուն կիրքն է վերադառնում:

Անգամ այդժամ ես ոչինչ չունեմ կյանքի դեմ:
Ասեցիր, որ լավ եմ ճանաչում տերևները խոտի,
կահույքը, որ տեղավորել ես արևի տակ:

Բայց ինքնասպանությունը մի յուրահատուկ լեզու ունի:
Նման վարպետներին, որ ուզում են իմանալ՝ որ գործիքներով:
Բայց երբեք չեն հարցնում՝ ինչու կառուցել:

Երկու անգամ պարզապես խոստովանել եմ ինքս ինձ,
տիրել եմ թշնամուն, կերել եմ թշնամուն,
հանձն առել իր նենգությունը, իր հմայքը:

Այս կերպ, ծանր ու մտախոհ,
ավելի տաք, քան յուղը կամ ջուրը,
դադարել եմ, մինչ լորձը ծորում էր բերանի ճեղքից:

Փոքր ինչ անգամ չեմ մտածել մարմնիս մասին:
Անգամ եղջերաթաղանթն ու մնացած մեզը դատարկվեց:
Ինքնասպանությունը արդեն իսկ դավաճանել է մարմինը:

Մեռելածիններ… միշտ չէ, որ մեռնում են,
անգամ կույր, բայց չեն կարող մոռանալ թմբիրն այնքան քաղցր,
որին անգամ երեխաները կուզեին նայել ու ժպտալ:

Խցկե՛լ ամբողջ կայնքը լեզվիդ տակ,
այդժամ ամենն ինքնին դառնում է կիրք:
Մահը ցավոտ Ոսկոր է, կապտուկ՝ կասեիր,

ու նա դեռ սպասում է ինձ տարեց տարի,
որ ծածկի հին վերքը անչափ նրբանկատորեն,
դատարկի շունչս իր անպետք բանտից:

Որքան էլ հավասարակշռված՝ ինքնասպանություններ երբեմն պատահում են,
կատաղելով մրգի մեջ, կախ հանած լուսնի,
թողնելով հացը, որ շփոթեցին համբյուրի հետ,

թողնելով էջը գրքի անփութորեն բաց,
ինչ-որ բան չասվեց, լսափողը՝ կողքն ընկած,
ու սերը, ինչ էլ որ էր՝ մի ինֆեկցիա:


Օսվենցիմից[1] հետո

Սև, ինչպես մանգաղը,
կատաղությունը
իջնում է վրաս:
Ամեն օր
ամեն մի Նազի[2]
առավոյան 8-ին մի նորածին վերցրեց
ու տապակեց իր թավայի մեջ
նախաճաշի համար:

Իսկ մահը հետևում է անխոհեմ աչքերով
ու կեղտեր հանում եղունգների տակից:

Տղամարդը չարիք է:
Բարձրաձայն եմ ասում:
Տղամարդը մի ծաղիկ է,
որ պետք է այրվի:
Բարձրաձայն եմ ասում:
Տղամարդը
մի թռչուն է լցված տիղմով:
Բարձրաձայն եմ ասում:

Իսկ մահը հետևում է անխոհեմ աչքերով
ու քորում հետույքը:

Իր փոքրիկ վարդագույն ոտնաթաթերով,
իր  հրաշալի մատներով
տղամարդը ամրոց չէ,
միայն մի տնակ:
Բարձրաձայն եմ ասում:
Թող որ տղամարդը երբեք չբարձրացնի թեյի բաժակը:
Թող որ տղամարդը երբեք գիրք չգրի:
Թող որ տղամարդը երբեք չհագնի իր կոշիկները:
Թող որ տղամարդը երբեք չբարձրացնի հայացքը
դեպի հուլիսյան հանդարտ գիշերը:
Երբեք: Երբեք: Երբեք: Երբեք: Երբեք:
Այս ամենը ես բարձրաձայն եմ ասում:

Տիրոջն աղաչում եմ՝ չլսել:




[1]օսվենցիմ - ֆաշիստական համկենտրոնացման ճամբար, 1939-1945թթ.
[2] նազի - ֆաշիստ


Ռոբերտ Լոուել

Միջին տարիք

Հիմա միջձմեռային ցուրտը ծածկում է
մարմինս, Նյու Յորքը
սղոցում-անցնում է նյարդերս միջով,
մինչ քայլում եմ աղավաղված փողոցներով:
Երբ քաասունհինգ ես՝
ո՞րն է լինելու հաջորդ քայլդ:
Ամեն անկյունում հորս եմ տեսնում՝
ասես ինձ եմ հանդիպում:

Պա՛պ, ներիր տղայիկիդ՝
վիրավորանքների համար,
ոնց որ ես եմ ներում
նրանց,
ում վիրավորել եմ:

Երբեք էլ չես բարձրացել
Սիոնի գագաթը,
բայց սարցադաշտերին
քո հետևից
դինոզավրի
մեռած ոտնահետքեր ես թողել,
որոնցից իմ ճանապարհն է սկսվում:


Հավերժություն

Կամացուկ խնորհված այս ժայռը, սիրելի այնքան,
ու ցանկապատը նրա եզրին,
որ բաժանում է ինձ վերջնագծից հորիզոնի:
Երբ կարելի էր նստել մենակ՝ մտքերիդ հետ,
ու պատճառներ հորինել անծայրածիր վայրերի համար,
որ սփռվել են սարերից այն կողմ, հրաժարման համար,
մինչ ջրհեղեղը կծածկեր նրանց,
ու լռության, որ հատում է
մարդկային հնարավորության սահմանը:
Այստեղ սիրտս փոքր-ինչ հանդարտ է բախում,
ու երբ քամին կոպտորեն խաղում է սաղարթների մեջ,
լռությունս համեմատում եմ աղմուկի հետ,
մտածում հավերժական, մեռնող եղանակների մասին,
իրերի մասին, որ այստեղ են՝ իմ ձեռքերում ու կենդանի այնքան,
ու բոլոր պատճառների ու ընտրությունների մասին:
Եվ որքան քաղցր է կործանումն իմ բանականության,
ու ցած նետվելը,
ու տատանումը ալիքներին, երբ խեղդված ես արդեն:


առաջաբանը՝ Արտեմ Հարությունյանի
թարգմանությունը՝ Արամ Մամիկոնյանի

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: