Статьи и обзоры nachodki.ru
Խորխե Լուիս Բորխես

Քողարկված հայելիներ

    Իսլամը պնդում է, թե որևէ կենդանի էակի պատկեր հեղինակողը Ահեղ դատաստանի օրն իր գործերի հետ հարություն կառնի. նրան կհրամայվի կյանք տալ նրանց, ու կձախողվի, և պատժի կրակին կհանձնվի գործերի հետ միասին: Իրականության այդ կրկնապատկման կամ ուրվականային բազմապատկման սարսափը ես փոքրուց ճանաչեցի, բայց մեծ հայելիների առջև: Հայելու անսխալական ու անընդհատ գործունակությունը` իմ շարժումներին հետապնդելը, տիեզերական հզոր մնջախաղը, այդ ժամանակ` իրիկնանալուն պես, չնաշխարհիկ էին: Աստծուն և իմ պահապան հրեշտակին ուղղած խնդրանքներիս ամենահամառներից մեկը հայելիների հետ չերազելն էր. ես գիտեմ, որ նրանց անհանգիստ հսկում էին: Քանի անգամ զարհուրեցի, թե ահա կսկսեն տարբերվել իրականությունից, իսկ ուրիշ անգամներ վախեցա նրանց մեջ տեսնել տարօրինակ աղետներից այլափոխված իմ դեմքը: Բայց իմացա, որ այդ վախը հրաշալի կերպով նորից աշխարհում է. պատմությունը չափազանց պարզ է ու տհաճ:
     Հազար ինը հարյուր քսանյոթին մի մելամաղձոտ աղջկա հետ ծանոթացա` սկզբում հեռախոսով (քանի որ Խուլիան նախ անանուն և անդեմ ձայն էր), հետո` երեկոյան, մի խաչմերուկում: Աչքերը մեծությունից մտահոգ էին, մազերը սև ու հարթ, մարմինը` նիհար: Ֆեդերալների թոռ ու թոռնուհի էր, ինչպես ես`միապետականների, և մեր արյունները կապող այդ հին անհամաձայնությունը հայրենիքի առավել խորունկ տիրականություն էր մեզ համար: Տերերի կողմից լքվածի տպավորությունը թողնող բարձր առաստաղով մի մեծ տանն էր ապրում, ոխի և աղքատիկ համեստության դառնության մեջ: Առիթից առիթ գիշերով, իսկ հիմնականում երեկոյան երկուսով քայլում էինք իր Բալվաներա թաղամասում: Քայլում էինք կայարանի հաստ պատի կողքով. մի անգամ այդպես Սարմիեանտո փողոցով հասանք մինչև Սենտենարյո այգու մացառախեղդ ծառերը:
     Մեր մեջ սեր եղավ, ոչ սիրո երազ. ես նրա մեջ զգում էի մի ահագնություն, որն ամբողջովին օտար էր էրոտիկային և ինձ ահաբեկում էր: Մտերմանալու համար բնական է աղջիկներին մեր պատանեկան անցյալի ճշմարիտ թե հորինովի գծերի մասին պատմելը. ես երևի մի անգամ պատմել եմ հայելիների մասին: Եվ այդպես հազար ինը հարյուր քսանութ թվականին թելադրեցի մի զգայախաբություն, որը պիտի ծաղկեր հազար ինը հարյուր երեսունմեկ թվականին: Լսել եմ, որ հիմա խելագարվել է, և ննջասենյակի հայելինեը քողարկված են, որովհետև նրանց մեջ տեսնում է իրեն հափշտակող իմ արտացոլանքը, և դողում է ու լռում և ասում, որ ես հրաշալի կերպով հետապնդում եմ իրեն:
    Դժբախտ ծառայությունը իմ դեմքի, իմ հին դեմքերից մեկի: Իմ դիմագծերի այդ ատելի ճակատագիրը պիտի որ ինձ ևս ատելի դարձնի, բայց ես արդեն դրանից հետո եմ:
 
«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» գրքից
իսպաներենից թարգմանությունը Հովհաննես Բուդուկյանի
ընտրեց և թվայնացրեց Նելլ Սահակյանը