Սերգեյ Փարաջանով

հայ
parajanov
    Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում (Վրաստան), հայկական ընտանիքում: Նրա ծնողները հնավաճառներ էին, և ապագա ռեժիսորի մոտ վաղուց ձևավորվել էր որոշակի ճաշակ: Փարաջանովը մանկուց գեղապաշտ էր, տարված՝ երաժշտությամբ, պարով, նկարչությամբ: Դրա օրգանական շարունակությունը եղան պոեզիան և բանահյուսությունը, առհասարակ, առասպելաստեղծ ու ծիսական աշխարհայացքը, որ նրա զարմանահրաշ արվեստի առանցքն են:
    1945 թ.-ին ընդունվում է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի՝  ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ: Ավարտում է 1951-ին: Այս բարձրագույն հաստատությունն էին ավարտում գրեթե բոլոր խորհրդային կինոռեժիսորները: Նա սկսում է աշխատել Կիևի կինոստուդիայում, որը կրում է Ալեքսանդր Դովժենկոյի անունը: Այստեղ նկարված առաջին իսկ՝ «Անդրիեշ» (1954) ֆիլմում, որը ռեժիսորը բեմադրել է Յակով Բազելյանի հետ համատեղ, արդեն երևում է Փարաջանովի բանաստեղծական պատկերային կինոմտածողությունը:
    Փարաջանովին համաշխարհային հռչակ է բերում «Մոռացված նախնիների ստվերները» (1964) կինոնկարը, որը նկարվել է ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկիի վիպակի հիման վրա (օպերատոր՝ Յուրի Իլիենկո): Այն պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
    «Ստվերների» միջազգային ճանաչումից ու մրցանակներից հետո սկսվեցին Փարաջանովի դժվարությունները: Ինչպես ասում են, հաջողությունը չի ներվում: Նրա հաջորդ՝ «Կիևյան որմնանկարներ» (1966) ֆիլմի նկարահանումները կասեցվեցին: Պահպանված 13 րոպե տևողությամբ նյութը մոնտաժվել է Կիևյան կինոստուդիայում:
    1966-ից նա աշխատում է Երևանում: Այստեղ Փարաջանովը նախ՝ վավերագրական, քրոնիկալ և գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում նկարահանում է «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը: Այն նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:
    1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային(որը ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը: Սուրեն Հասմիկյանի վկայությամբ, սկզբում Փարաջանովը ցանկանում էր ֆիլմն անվանել՝ «Աշխարհումս»:
    1974-ին  Փարաջանովը «Հայֆիլմում» սկսել էր մեծ հեքիաթագիր Անդերսենին նվիրված «Հրաշք Օդենսում» ֆիլմի աշխատանքները: Հենց այդ ժամանակ Փարաջանովը Կիևի մարզի (Ուկրաինա) դատարանի որոշմամբ ձերբակալվում և դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման՝ մեղադրվելով արվամոլության մեջ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2): Միջազգային հանրությունը տարբեր ուղիներով փորձում էր օգնել ռեժիսորին: 
    Չորս ծանրագույն տարի բանտում անցկացրած Փարաջանովին ազատ արձակեցին միայն այն բանից հետո, երբ Խորհրդային Միություն այցելած ֆրանսիացի գրող Լուի Արագոնն անձամբ խնդրեց Բրեժնևին (ի դեպ, Կենտկոմի գլխավոր քարտուղարին ոչինչ չասաց Փարաջանովի անունը, և ենթակաները նրան տեղեկացրին, որ վերջինս կինոռեժիսոր է): 
    Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ.-ին նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցը» լեգենդը (1984), (1988), որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն են։
    Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
    Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում: 2010 թ.  Հոլիվուդում ստեղծվեց Փարաջանով-Վարդանով ինստիտուտը վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
 
    Նյութը վերցված է Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին» գրքից (2011թ.)  և Վիքիպեդիա կայքից

Ստեղծագործություններ