Շուշան Սարգսյան

հայ
shushan sargsyan
  Կոմպոզիտոր և երաժշտագետ Շուշան Սարգսյանը ծնվել է Հայաստանում: Ծնողները երաժիշտներ չեն: Նրա հայրը՝ Աշոտ Սարգսյանը, մասնագիտությամբ գյուղատնտես է, ով իր կյանքի զգալի մասն աշխատել է որպես տնօրեն տարբեր կազմակերպություններում: Շուշանի, կրտսեր քրոջ և երեք եղբայրների դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը՝ Կարինե Շադոյանը` մասնագիտությամբ ուսուցչուհի: Ծնողները կիրթ և գրագետ մարդիկ էին և երեխաներին մեծացրել են բարձրաճաշակ արվեստի մթնոլորտում: Նրանց տանը հաճախ էին կազմակերպվում երեկոներ, որոնց մշտապես ներկա էին հանրաճանաչ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տաղանդավոր նկարիչ Թենգիզ Վարդանյանը, դերասան Ազատ Գասպարյանը, հեռուստահաղորդավար Վարուժան Օլքինյանը և այլոք: Անշուշտ այսպիսի արվեստի մթնոլոլորտում անցկացվող երեկոները դրական ազդեցություն թողեցին Շուշանի վրա: Վեց տարեկան հասակում նա հաճախում է երաժշտական դպրոց՝ ընդմիշտ կապվելով երաժշտության հետ: Դպրոցական տարիներին Շուշանը ընտանիքի հետ տեղափոխվում է Ուկրաինա: Մի կարճ ժամանակ կիսատ է մնում նրա ուսումը երաժշտական դպրոցում, քանի որ պետք էր սովորել ուկրաիներեն ու կատարելագործել ռուսաց լեզուն, որպեսզի կարողանար սովորել տեղի դպրոցներում: Լինելով նպատակասլաց երեխա՝ նա հաղթահարում է բոլոր դժվարությունները, բացի այդ նա չէր սիրում որևէ բան անել թերի, առաել ևս՝ վատ: Ուստի, որոշվում է մի կարճ ժամանակով թողնել երաժշտական դպրոցն ու զբաղվել լեզուների խորացված ուսուցմամբ: Սակայն մեծ սերը երաժշտության հանդեպ կրկին բերում են աղջկան երաժշտական դպրոց: Նա մեկ տարում հաղթահարում է բաց թողնված երկու դասարաններն ու անցնում առաջ: Շուտով դպրոցում սոլֆեջիոյի ուսուցչուհին հայտնաբերում է աղջկա մոտ ստեղծագործելու ունակություններ և առաջարկում է զբաղվել կոմպոզիցիայով: Շուշանը սկսում է ստեղծագործել 14 տարեկանից: Նա մասնակցում «Одаренные дети надежда Украины»մրցույթին և 100-ից ավելի կոմպոզիտորներից անցնում է լավագույն տասնյակի մեջ և ստանում մասնակցի դիպլոմ ու հատուկ մրցանակ: Սա նրա առաջին լուրջ հաջողությունն Էր: Գերազանցությամբ ավարտելով թե՛ հանրակրթական և թե՛ երաժշտական դպրոցները՝ 1997-ին ընդունվում է Կրիվոյ Ռոգի (Ուկրաինա) պետական մանկավարժական ինստիտուտի երգչախմբային դիրիժորություն բաժինը: Երկու տարի այնտեղ գերազանցությամբ սովորելուց հետո տեղափոխվում է Խարկովի (Ուկրաինա) Կոտլյարևսկու անվան արվեստի ինստիտուտը /կոնսերվատորիա/ և ավարտում է այն 2003-ին՝ որպես երաժշտագետ: 2000-ին NN ձայնագրման ստուդիան թողարկել է նրա «Լուսնի տակ» ձայնասկավառը, որտեղ ընդգրկվել են 11 գործեր: Այնուհետև ստեղծագործական դասեր է առել հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանից: 2003-ին իր «Հայաստան երկիր» երգով հաղթել է «Սայաթ-Նովա» հանրապետական երգի մրցույթում, 2004-ին աշխատել է «Նոր Ալիք» հեռուստատեսությունում՝ «Երաժշտական լուրեր» ծրագրում՝ որպես լրագրող: 2005-ին հիմնադրել է «11-րդ մոլորակ» երաժշտական հեռուստանախագիծը, որը եթեր հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստաալիքով: 2008-ին ավարտել է ԵՊԿ-ի ստեղծագործական բաժինը`կոմպոզիտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանի դասարանը: 2010-ին հունիսի 23-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ՀՀ մշակույթի նախարարության, ԵՊԿ-ի Գյումրու մասնաճյուղի և մի շարք խոշոր կազմակերպությունների աջակցությամբ տեղի ունեցավ «Պրեմիերա» խորագրով հեղինակային համերգ-երեկոն, որի ընթացքում հնչեցին նրա «Նամուս» սիմֆոնիկ սյուիտը՝ ըստ Ա. Շիրվանզադեի համանուն վեպի, և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ «Սիրո երգերը»՝ Ա. Տերտերյանի խոսքերով: 2012-ին ստացել է Մեծ մրցանակ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում «Մտորումներ» կամերային-վոկալ ստեղծագործության համար: 2012-ին կոմպոզիտորների հանրապետական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի «Արևելք և Արևմուտք» կամերային գործիքային ստեծագործության համար: 2014-ին համագործակցության պայմանագիր Է կնքել ուկրաինական «MOON RECORDS» հեղինակավոր երաժշտական ընկերության հետ: 2014-ին գրել է «Золотые ворота» երգը, որը նրան լայն ճանաչում է ձերք բերել Ուկրաինայում: Եվ նույնիսկ մի շարք քննադատներ այն անվանել են ՈՒկրաինայի ՞երրկրորդ՞ հիմնը: Հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնցից առավել նշանակալի են հետևյալ երկերը` դաշնամուրային պիեսներ, խմբերգեր, սոնատ-վարիացիաներ` «Եռմիասնություն» մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար, կվարտետ, կամերային նվագախմբի համար գրված սյուիտը` «Մոնեի պատկերասրահը», երգեր` «Սիրո երգեր» մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար, «Մտորումներ» սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար, «Արևելք և Արևմուտք» հայկական վիոլայի, թավջութակի և դաշնամուրի համար: Հեղինակ է նաև մի շարք էստրադային երգերի, որոնք մշտապես կատարել են հայ էստրադայի հայտնի կատարողներ: Նրանցից առավել հայտնի են «Հայաստան երկիրը»` Անի Քրիստիի կատարմամբ, «Իմ քաղաքը»` Սյուզան Մարգարյանի կատարմամբ, «Հեյ-նայը»` Լայանայի կատարմամբ,«REVIVE JAPAN»-ը՝ հայ աստղերի կատարմամբ, «ENEGIZE»-ը՝ Լանա Խաչատրյանի և Վիլհելմի կատարմամբ, «Золотые ворота»- ն ուկրաինացի աստղերի կատարմամբ և այլն… Ստեղծագործություններից շատ-շատերը կատարվել են մի շարք երկրներում արհեստավարժ կատարողների կողմից և արժանացել բարձր գնահատականի: Գրել է նաև երաժշտություն գովազդային հոլովակների, ֆիլմերի և թատրոնի համար: Նա բարձր արվեստի կրողն ու ջատագովն է, խանդավառ ու պրպտուն խառնվածքի և վառ երևակայության կրող, ով ամենուր փնտրում ու գտնում է ճիշտը, ազնիվը, գեղեցիկն ու բարին: