Արտավազդ Փելեշյան

Armenian
    Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ծնվել է 1938-ին, Հայաստանի Գյումրի (այն ժամանակ՝ Լենինական) քաղաքում, մեծացել է՝ Վանաձորում (այն ժամանակ՝ Կիրովական): 1963-ին ընդունվում է ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին: Դեռևս սովորելու տարիներին նկարում է 5 ֆիլմ, այդ թվում՝ «Սկիզբը» (ՎԳԻԿ-ի ուսանողական ֆիլմերի փառատոնի Գրան- պրի և Լոձի կինոդպրոցի հատուկ մրցանակ): 1968-ին Փելեշյանն սկսում է աշխատել Հայաստանում: Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում նա ստեղծում է «Մենք» (սև-սպիտակ, 1969), «Տարվա եղանակները» (սև-սպիտակ, 1975), «Մեր դարը» (սև-սպիտակ, 1982) ֆիլմերը: Նրա հետ աշխատում են այնպիսի հայ օպերատորներ, ինչպիսիք են՝ Լաերտ Պողոսյանը, Կարեն Մեսյանը, Միքաել Վարդանովը, Բորիս Հովսեփյանը, Գևորգ Չաուշյանը: 1970-ին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նա նկարում է «Բնիկներ» (օպերատոր՝ Եվգենի Անիսիմով) ֆիլմը: 1984-ին Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետության հեռուստատեսության պատվերով «Ցենտրնաուչֆիլմ» կինոստուդիայում (Մոսկվա) Ռ. Ցուրցումիայի հետ համատեղ նկարում է «Աստված Ռուսաստանում» լիամետրաժ ֆիլմը: Այնուհետև՝ «Հայկ» և  «Հայֆիլմ» կինոստուդիաներում՝ «Վերջ» (սև-սպիտակ, 1992) և «Կյանք» (գունավոր, 1993) ֆիլմերը, որոնց օպերատորն է  Վահանգն Տեր-Հակոբյանը:
     «Մենք»-ը Կիևի Պրոմեթեյ-69 կինոփառատոնում ճանաչվեց լավագույնը և ստացավ երեք մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն հնչյունային լուծման և լեզվի նորարարության համար: Մեկ տարի անց ֆիլմը հեղինակին ճանաչում բերեց խորհրդային երկրի սահմաններից դուրս՝ արժանանալով Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին(1970):
   1988 թվականին նա հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին նրա տեսական աշխատանքներն ու սցենարները: Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:
    1996 թվականին պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, 2006 թվականին՝ «Փարաջանովյան Թալեր» («Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան):
Ֆիլմոգրաֆիա

    1994 - Վերջը
    1993 - Կյանք
    1983 - Մեր դարը 
    1975 - Տարվա եղանակները
    1972 - Աստղային ժամ (համառեժիսոր)
    1970 - Բնակիչները
    1969 - Մենք
    1967 - Սկիզբը
    1966 - Մարդկանց երկիրը
    1964 - Լեռնային պարեկ
    Նյութը վերցված է Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին» (2011թ.) գրքից և Վիքիփեդիա կայքից:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: