• cultural.am
  • Գրադարան
  • Տեսություն
  • Արմինե Պետրոսյան. Մահվան սարսափը սպառողների հասարակության մեջ Դ. Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպում»

Արմինե Պետրոսյան. Մահվան սարսափը սպառողների հասարակության մեջ Դ. Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպում»

    Ամերիկացի հայտնի գրող Դոն Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպը տեսաբանների կողմից համարվում է պոստմոդեռնիստական գրականության վերջին արժեքավոր վեպերից մեկը:
    1989 թվականին գրված «Միլիարդոտնանի հրեշի որսը» հոդվածում Թոմ Վուլֆն արդեն հայտարարում է արձակում ռեալիզմի նոր դրսևորումների մասին, ըստ այդմ՝ պոստմոդեռնիզմի վերջին նշանակալից վեպեր են Սալամ Ռուշդիի «Սատանիստական բանաստեղծություն» և Դոն Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպերը:
    Պոստմոդեռնիստական գրականությունը, որի գոյությունն անգամ մինչ այժմ որոշ գրականագետների կողմից հարցականի տակ է դրված, 60-70-ական թվականներից սկսեց իր հաղթարշավը մոդեռն գրականության հիմնական սկզբունքներին դեմ կանգնած փիլիսոփաների ու գրողների շնորհիվ՝ Ժան Ֆրանսուա Լիոտար, Միշել Ֆուկո, Ռոլան Բարտ, Ժակ Դերիդա, Ջոն Բարտ, Թոմաս Պինչոն, Սալամ Ռուշդի, Դոն Դելիլիո և ուրիշներ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ուղղությունը:
    Պոստմոդեռնիզմ կամ հետմոդեռնիզմ՝ տերմին, որը բնութագրեց 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային արվեստի, փիլիսոփայության, գրականության ու հասարակության մտածողության վիճակը: Եթե կարդանք Վիքիդարաններում, ապա «գրական պոստմոդեռնիզմը՝ ֆր. Postmodernisme, մոդեռնիզմից հետո, նկարագրում է 20-րդ դարի երկրորդ կեսի գրականության առանձնահատկությունները՝ մասնատվածություն, հեգնանք, սև հումոր և այլն, ինչպես նաև վերաբերմունքն է Լուսավորականության գաղափարների նկատմամբ՝ բնորոշ մոդեռնիստական գրականությանը: Պոստմոդեռնիստական գրականությունը, ինչպես նաև ընդհանուր պոստմոդեռնիզմ երևույթը, հստակ սահմանումներ չունի: Հաճախ այն բնութագրում են՝ համեմատելով նախորդող ուղղության, ոճի հետ»:
    Եգիպտացի գրող, գրականագետ Իհաբ Հասանը երկու տասնյակից ավելի առանցքային տարբերություններ է նշում մոդեռն և պոստմոդեռն գրական ուղղությունների միջև: Օրինակ՝ սինթեզ-հակասինթեզ, ներկայություն (հեղինակի)-բացակայություն (հեղինակի), ժանր-տեքստ, մետաֆիզիկա- իրոնիա, որոշակիություն- անորոշություն և այլն[1]:
    Իտալացի գրող, փիլիսոփա, գրականագետ Ումբերտո Էկոն նշում է. «Պոստմոդեռնիզմը պատասխանն է մոդեռնիզմին. եթե անցյալը հնարավոր չէ ջնջել, քանի որ նրա ոչնչացումը կբերի համրության, ապա այն պետք է վերաիմաստավորել՝ հեգնանքով, առանց միամտության»[2]:
    Որո՞նք են «Սպիտակ աղմուկ»-ի՝ որպես պոստմոդեռնիստական վեպի առանձնահատկությունները:
    «Սպիտակ աղմուկը» (անգլ. White noise), Դոն Դելիլոյի ութերորդ վեպն է, որը շահել է ԱՄՆ-ի Ազգային գրական մրցանակը (National Book Award for Fiction): Այն համարվում է 1923-ից 2005 թվականների անգլերեն գրականության 100 ամենալավ վեպերից մեկը: Դելիլոն նախապես որոշել էր վեպն անվանել «Panasonic», բայց «Panasonic» ընկերությունը դեմ եղավ: Վեպն անվանվեց «Սպիտակ աղմուկ», որն էլ բնորոշում է ստեղծագործության տողերից հոսող մահը խորհրդանշող սպիտակ աղմուկը:
    Սյուժեն հետևյալն է. Ջեք Գլեդնին ամերիկյան փոքր քաղաքներից մեկի՝ Այրոն սիթիի քոլեջում դասախոս է, իր իսկ մտահղացմամբ 1968 թվականին ստեղծված հիտլերագիտության ամբիոնի վարիչ: Ամուսնացել է հինգերորդ անգամ իր նախկին կանանցից մեկի՝ Բաբետտայի հետ: Երեխաներ ունի նախկին կանանցից և հայրություն է անում Բաբետտայի՝ այլ ամուսիններից ունեցած երեխաներին (ամերիկյան ընտանիքի մոդելի սուր ծաղր): Նրանց առօրյայում մեծ տեղ են գրավում շոփինգն ու տեղեկատվական աղբյուրները՝ թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը: Նա սպառող հասարակության մի մասնիկ է, որը չի էլ կարող պատկերացնել իրեն այդ հասարակությունից դուրս: Ջեքի միակ մտատանջությունը մահվան մասին սարսափն է, որը հատկապես ուժեղանում է հիսուն տարեկանից հետո: Ինչքան էլ ձգտում է խուսափել, բայց նրա առօրյան կազմող ամեն ինչ հուշում են այդ մասին ու հիշեցնում անխուսափելին: Ամեն օր միտքը կրծող հարցը՝ «Ո՞վ մեզանից շուտ կմեռնի» (նկատի ուներ իրեն կամ կնոջը), նրան հետևում է քուն թե արթմնի: Հետագայում պարզվում է, որ նույն հարցը տանջում է նաև Ջեքի կնոջը՝ Բաբետային: Դա կնոջ մոտ հասնում է այն աստիճանի, որ վերջինս գնում է իր սկզբունքներին դեմ քայլերի՝ միայն թե չհիշի մահվան գոյության փաստը, որն էլ բերում է իր հետևից անխուսափելի խառը հետևանքների:
    Պոստմոդեռնիզմին բնորոշ սև հումորի, մահվան մասին թեմաների, ապոկալիպսիսյան ու պոստմոդեռնիստական մտածողության, համադրման միջոցով ընթերցողին է ներկայանում դելիլոյական բազմաշերտ նարրատիվը, որի հիմնական շերտերից մի քանիսը փորձել ենք ներկայացնել այս հոդվածի շրջանակներում:
     Սև հումորը, հեգնանքը այս վեպի առանցքն են կազմում: Ընթերցողներից ոմանք վեպն համարում են ամերիկյան հասարակության ու ընտանիքի մոդելի սատիրիկ նկարագրում, ոմանք՝ աբսուրդային կատակերգություն, մյուսները՝ հակաուտոպիա, ֆանտասմագորիա:
Վեպում առկա են աբսուրդային երկխոսություններ: Սամյուել Բեքեթից ու աբսուրդի թատրոնից եկած այս ոճը հարազատ է նաև պոստմոդեռնիստական գրականությանը:
Ահա Ջեքի և որդու՝ Հենրիխի խոսակցությունից մի հատված:
    «- Հիմա անձրև գալի՞ս է, թե՞ ոչ,- հարցրի ես:
    - Ես չէի ուզի այդ հարցին պատասխանել:
    - Իսկ եթե ինչ-որ մեկը քունքիդ ատրճանակ դներ ու ստիպեր պատասխանե՞լ: …Նրան պետք լիներ քո կարծիքով ճիշտ պատասխանը:
    - Ի՞նչ իմաստ կա իմ ճշտի մեջ: Իմ ճիշտը ոչ մի արժեք չունի: Իսկ եթե նա արևային համակարգի այլ մոլորակի՞ց է: Այն, ինչ մենք անվանում ենք անձրև, նա անվանում է օճառ: …Այդ դեպքում ես ի՞նչ պիտի պատասխանեմ:
    - Նա Ֆրենք Ջ. Սմոլլին է՝ Սենտ Լուիսից:
    - Նա ուզում է իմանալ, թե հենց այս վայրկյանին անձրև գալի՞ս է այստեղ:
    - Այստեղ և հիմա: Բոլորովին ճիշտ ես:
    - Իսկ կա՞ նման հասկացություն, ինչպին «հիման» է: …Ամենաշատ բանը, որ կարող եմ անել, դա ենթադրությունն է:
    - Բայց դու տեսնում ես, որ անձրև է գալիս:
    - Իսկ դու տեսնո՞ւմ ես, որ արևը շարժվում է երկնքով: Բայց արև՞ն է շարժվում, թե՞ երկիրն է պտտվում արևի շուրջը»[3]:
    Այսպես էլ հարցը կոնկրետ պատասխան չի ստանում, որի կարիքը չկար էլ: Գրողի և ընթերցողի համար կարևոր են եղած հարցադրումները, դրանց հետևանքով առաջացած նոր մտածումները:
    Մյուս աբսուրդային երկխոսությունը տեղի է ունենում Ջեքի և կնոջ միջև:
    «- Ինչո՞վ զբաղվենք,- հարցրեց Բաբետտան:
    - Այն ամենով, ինչ ինքդ կուզես:
    - Ես ուզում եմ անել այն, ինչը քեզ ամենաշատն է դուր գալիս:
    - Ամենից շատ ինձ դուր է գալիս քեզ գոհացնելը:
    - Ես ուզոuմ եմ քեզ երջանկացնել, Ջե՛ք:
    - Ես երջանիկ եմ, երբ քեզ գոհացնում եմ:
    - Ես ուզում եմ միայն անել այն, ինչ դու ես ուզում:
    - Իսկ ես այն, ինչը դու ես ամենից շատ ուզում:
    - Դու ինձ գոհացնում ես, երբ թույլ ես տալիս գոհացնել քեզ:
    - Որպես արական սեռի գործընկեր՝ գտնում եմ, որ գոհացնելը իմ պարտականությունն է» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Վեպում առկա հեգնանքի միջոցով ծաղրվում է մարդու, այս դեպքում ամերիկացու առարկայապաշտությունը, կախումը իրեն շրջապատող հարմարություններից, շոփինգի նկատմամբ թուլությունը, որն արդեն առօրյայի հիմք է կազմում:
    «Ուսանողները դուրս էին թռչում մեքենաներից, նետվում էին դեպի հետևի դռները, որպեսզի բեռնաթափեին այն ամենը, ինչ կար ներսում՝ ստերիոհամակարգերը, ռադիոընդունիչները, անձնական համակարգիչները, փոքր սառնարանները և էլեկտրական թիթեղները, ձայնասկավառակների, ձայներիզների տուփերը, վարսահարդարիչները և արդուկները, թենիսի ռակետները, ֆուտբոլի գնդակները, հոկեյի ձողիկները, նետերն ու աղեղները, ազատ վաճառքի համար արգելված դեղերը, հակաբեղմնավորիչները և այլ սարքավորումներ, ուտելու համար ոչ պիտանի տարբեր տեսակի դեռևս փաթեթավորված ապրանքներ ՝ սոխով և սխտորով չիպսեր, նաչո, գետնանուշի միջուկով թխվածքաբլիթներ, վաֆլի՝ «Վաֆֆելո» և քաղցրավենիք «Կաբումը», մրգային մաստակը… և անանուխով կոնֆետը՝ «Միսթիկ»»:
     Արդեն քսանմեկ տարի յուրաքանչյուր սեպտեմբեր ես հետևում եմ այս ներկայացմանը (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган, մեջբերումների՝ ռուսերենից-հայերեն թարգմանությունը ըստ Ա. Պետրոսյանի ):
Կամ՝
    «Մյուս սենյակները համարում ենք կահույքի, խաղալիքների, անպետք իրերի (որոնք մնացել են նախորդ ամուսնություններից և տարբեր ծնողների երեխաներից), նախկին հարազատների նվերների, օգտագործված հագուստի և ամեն տեսակի անպետքության՝ շորեր, արկղեր, դնելու տեղ»( http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Սուպերմարկետները, գնումների ձևը, արդյունքը, պարունակությունն այնքան էական են ամերիկացիների համար, որ Դելիլոն չէր կարող դիպուկ չանդրադառնալ այս հարցերին:
    «Սուպերմարկետում մենք պատահաբար հանդիպեցինք Մարրի Ջեյ Զիսկինդին: Նրա զամբյուղում միատեսակ ուտելիք ու խմիչք էին, ցածրորակ ապրանքներ `հասարակ սպիտակ փաթեթավորմամբ և սովորական պիտակներով: Սպիտակ անագի վրա գրված էր. «Պահածոյացված դեղձեր», ծխահարված կրծքամսի սպիտակ տուփին բացակայում էր պլաստիկ պատուհանը, որի վրա պիտի երևա օրինակը: Բոված գետնանուշի սպիտակ փաթեթավորմամբ տուփին գրված էր «Չտեսակավորված գետնանուշ» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Կամ՝
    «Այսքան մեծ, մաքուր, ժամանակակից սուպերմարկետները ինձ համար հայտնություն են (Մարրի Ջեյ Զիսկինդ): Ես ամբողջ կյանքս այցելել եմ ընդհատակյա փոքր խանութներ՝ ապակե բլրակներով, շարված սկուտեղներով, որոնց վրա դրված էին գունաթափ ինչ-որ բաներ՝ փափուկ, խոնավ, գունդ-գունդ, այնպիսի բարձր վաճառասեղաններով, որ մի բան գնելու համար պետք էր ոտնաթաթերի վրա կանգնել» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Եվ կամ՝
    «Ամեն մեկս մեր ճանապարհով գնացինք խանութի խորքը: Հսկա տարածքը խլանում էր ուժեղ աղմուկի արձագանքից, ասես այնտեղ մեռնում էր կոտոշավոր անասունների մի ամբողջ կենսաբանական տեսակ: Մարդիկ գնում էին յոթմետրանոց հենվող աստիճաններ, վեց տեսակի հղկաթղթեր, ծառահատման սղոցներ: Երկար, վառ լուսավորված մուտքերը խցանված էին տորֆի ու գոմաղբի պարկերով, «Ռաբբերմեյդ» ֆիրմայի հսկա աղբարկղերով: …Ես գնեցի հիսուն ֆունտ մանիլական կանեփ, որպեսզի ձեռքիս տակ ունենամ, որդուս ցույց տամ, խոսեմ այն մասին, թե ինչից և ինչպես է այն ստացվում» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Սև հումորի մյուս սլաքը ուղղված է դեպի թերթերը, ռադիոն, գովազդային վահանակները, հեռուստատեսությունը, մի խոսքով՝ տեղեկատվական բոլոր աղբյուրները, որոնք դարձել են մասսաներին կառավարող ու զոմբիացնող ուժ:
    Այստեղ է, որ ավելի պարզ են երևում զուգահեռները ֆրանսիացի սոցիոլոգ, պոստմոդեռնիստ փիլիսոփա Ժան Բոդրիյարի 1970 թվականին գրված «Սպառողների հասարակություն» աշխատության և Դոն Դելիլոյի «Սպիտակ աղմուկը» վեպի միջև:
    Ընդհանրապես, Բոդրիյարի այս աշխատությունն ամբողջապես ընկած է Դելիլոյի վեպի հիմքում:
    Ինչքան էլ Բոդրիյարը դեմ է իրեն վերագրվող պիտակներին, բայց, այնուամենայնիվ, նրան կոչում են պոսմոդեռնիզմի «հոգևոր հայր»: Բոդրիյարը պոստմոդեռնիզմը համարում է ավելի շատ հետընթացային, խառը ձևերի յուրահատուկ համագումար, որի հետ ինքը կապ չունի, սակայն հենց դա էլ հաստատում է իր աշխատությունների փիլիսոփայական մտքի կապը պոստմոդեռնիստականի հետ:
    Գիտական առաջընթացները մարդկանց ավելի շատ վնաս են բերում, այսինքն՝ հետընթացային են, ցույց է տալիս Բոդրիյարը: Ձևավորվել է սպառողների հասարակություն, որը կախվածության մեջ է տեխնոլոգիական և տեղեկատվական աղբյուրներից:
    «Տնտեսական գործունեության հետևանքով տեղի է ունենում ընդհանուր ապրելավայրի դեգրադացիա՝ աղմուկ, ջրի և օդի աղտոտում, լանդշաֆտի ոչնչացում, նոր շինարարական օբյեկտների կառուցման դեպքում (օդանավակայաններ, ավտոճանապարհներ և այլն) բնակավայրերի վնասում: Ավտոտրանսպորտային համակարգը թողնում է շատ ծանր տեխնիկական, հոգեբանական, հումանիտար վնասներով հետևանքներ: …Չնայած այս ամենին՝ այն ցույց է տրվում որպես պահանջարկ ապահովող գործոն, այսինքն՝ թաքցնում են ազգային արդյունաբերության և տարբեր վիճակագրությունների աճի և հարստության ցուցանիշ անվան տակ: …Եվ այսպես շարունակ, անհնար է թվարկել արդյունաբերողների և սպառողների գործունեության բոլոր ձևերը, որոնք նպաստում են ներքին համակարգի վնասի աճին»[4]:
    Ամեն ինչ սեփականացվում է և վաճառքի հանվում՝ դրանով իսկ կորցնելով իր սկզբնական արժեքը, նշանակությունը: Անգամ ժամանակը «կարող էր լինել կոնկրետ մի մշակույթի արտադրանքը, ավելի ճիշտ՝ արտադրության մի տեսակ: Այդ դեպքում այն կունենար նույն կարգավիճակը, ինչ նույն համակարգի սահմաններում գտնվող մյուս բարիքները» (http://lib.rus.ec/b/153916, Жан Бодрийар, перевод: Е. А. Самарская, издано в 2006 г.):
    Հասարակությանը ղեկավարելու և ուզած արժեքները քարոզելու գործում մեծ դեր ունեն տեղեկատվական աղբյուրները, որոնք ամեն օր մեծ ու փոքր չափաբաժիններով ցանկացած միտք, դատողություն ընդունել են տալիս, հանգիստ ազդում են բարոյական նորմերի, հոգեբանական վիճակների վրա, անսովորը, անընդունելին սովորական ու բնական դարձնում:
«Գովազդային գործընթացը հսկա խաբեություն է, որն ունի հստակ ֆունկցիա՝ ստիպել մոռանալ իրական գործընթացը, այսինքն՝ քննադատական գործընթացի արմատական վերլուծությունը: Էրոտիկ մեխանիզմով գովազդի իրական ազդեցությունը չի ներառում «խորքային» համոզմունքներ, կամ անգիտակցականի ներշնչանք, այլ, ընդհակառակը, սեռական արժեքների կենդանի արտահոսք: Այս խաղում ջնջել են սեռական կոդավորված նշանները, փոխարինել ամեն տեղ հոսող սեքսուալությամբ: …Այս պարբերական ահաբեկչության ուժով, որն հանդես է գալիս իր նշանակության ամենաբարձր մակարդակով, ցանկացած սեքսուալություն կորցնում է իր նշանակությունը՝ դառնալով սպառման առարկա: Ահա հենց սա է գլխավոր տեղը «սպառման գործընթացի», ու սա ավելի լուրջ է, քան միամիտ էքսհիբիցիոնիզմը, տոնավաճառային ֆալլիզմը և զավեշտախաղային ֆրեյդիզմը» (http://lib.rus.ec/b/153916, Жан Бодрийар, перевод: Е. А. Самарская, издано в 2006 г.):
    Բերենք թեմային առնչվող օրինակներ նաև «Սպիտակ աղմուկը» վեպից:
    «- Երեկոյան անձրև կգա:
    - Արդեն գալիս է:
    - Ռադիոյով ասացին՝ երեկոյան:
    - …Նայի՛ր առջևի ապակուն,- ասացի ես,- անձրև՞ է, թե՞ չէ:
    - Ես ասում եմ միայն այն, ինչ ասացին ռադիոյով,- ասաց Հենրիխը:
    - Ռադիոն չի կարող մեզ ստիպել չհավատալ մեր զգացումներին:
    - Զգացումնե՞ր: Ախր, դրանք ամենահաճախն եմ մեզ խաբում» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Կամ՝
    «-Քեզ ասեմ, որ այդ աղբից լաբորատոր կենդանիները քաղցկեղով են հիվանդանում:
    - Չէ՞ որ ինքդ էիր ուզոuմ, որ ես ծամեմ առանց շաքարի ծամոն, Դենի՛զա: Դա քո գաղափարն էր:
    - Այն ժամանակ տուփի վրա չկար նախազգուշացում: Հիմա նախազգուշացում է գրված, ու ես չեմ հավատա, թե դու չես կարդացել դա» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Եվ կամ՝
    «Մի՞թե նա այնքան հեշտ է ներշնչվում, որ նրա մոտ կհայտնվի յուրաքանչյուր ախտանշան, որի մասին հայտնել են ռադիոյով: Ես ցավով եմ մտածում մարդկանց մասին և այն տարօրինակ դերի, որ խաղում ենք սեփական դժբախտությունների մեջ» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Տեղեկատվական աղբյուրները ոչ միայն գրավող ու ազդող միջոցներ են, այլև ընտանիքի միասնականացման խորհրդանիշ, որոնց հաղորդած կամ ցույց տված ինֆորմացիայի շնորհիվ տարբեր մտածելակերպ, աշխարհայացք ու կարծիքներ ունեցող մարդիկ՝ մի բազմանդամ ընտանիքի անդամները, կարող են միավորվել նույն հարցերի շուրջ: Դա էլ պատճառ է, որ հենց հեռուստացույցների միջոցով ձգտեն հնարավորինս ավելի կառավարելի դարձնել զանգվածներին:
    «Ես արդեն հասկացել եմ, որ ամերիկական ընտանիքի համար հեռուստացույցը առաջնային ուժ է: …Այն նման է լեգենդի, որ ծնվում է հենց մեր հյուրասենյակներում՝ նման երազում տեսածին, ենթագիտակցորեն ապրածին» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    «Այդ ուրբաթ երեկոյան, ինչպես միշտ, հավաքվել էինք հեռուստացույցի շուրջ՝ ճաշակելով չինական ռեստորանի ճաշերից: Հեռուստացույցով ցույց էին տալիս նավաբեկությունները, փլուզումներ, երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ: Երբևէ այդքան ուշադիր չէինք մեր ուրբաթօրյա հավաքների պարտականություններին: Հենրիխը չէր փակվել իր ներսում, ինձ համար ձանձրալի չէր: Սթեֆֆիին կարծես բոլորովին գերել էին վավերագրական ֆիլմի՝ աղետների ու մահվան մասին հատվածները» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Այստեղ նոր գիծ է մտնում Դելիլոյի ուսումնասիրության շրջանը՝ աղետների, մահվան նկատմամբ մարդկանց գերուշադրությունը, հրապույրը, պարադոքսային՝ այդ պահին առաջացող միասնության գաղափարը: Տեղեկատվական աղբյուրները միջոց են, որ այս ամենը ավելի բնական դառնան մարդկանց համար՝ չկորցնելով իրենց կախարդական հմայքը:
    «Բաբետտան փորձեց ալիքը փոխել, որպեսզի դիտեինք կատակերգական շարքեր… բայց նրան անակնկալի բերեց մեր ակտիվ բողոքը: Մինչ այդ մենք լուռ դիտել էինք `ինչպես են տները սահում դեպի օվկիանոս, հրաբխի հոսքում մնում ամբողջ գյուղեր: Յուրաքանչյուր աղետ մեզ մոտ ցանկություն էր առաջացնում տեսնելու նորը, ավելի մեծը, վիթխարին, կործանարարը» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Հոգեբանական նուրբ դիտարկումների շնորհիվ մարդկային էության այս գիծը ոչ միայն թունավոր ծաղրի առարկա է, այլև վեր հանված ու խորությամբ նկարագրված հոգեբանական երևույթ:
    «- Մեր ուղեղները ամբողջ օրը ինֆորմացիայով են լցնում, որպեսզի այդ գործընթացը երբեմն կանգ առնի, մեզ պետք են աղետներ: …Մեր ուշադրությունը գրավում են միայն աղետները: Դրանք մեզ պետք են, առանց դրանց մենք չենք կարող, մենք դրանց ենք հաշվի առնում: …Մենք հաճույքով հետևում ենք, թե ինչպես են այդ մարդիկ ստանում իրենց պատիժը անհոգ ապրելակերպի համար:…Ոչ մի սարսափելի վայրկյան աննկատ չի մնում,-ասաց Ալֆոնսը» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    «- Ուրեմն՝ ըստ ձեզ, հեռուստատեսային աղետները բոլորի՞ մոտ են սուր հետաքրքրություն առաջացնում:
    - Ամբողջ աշխարհում մարդկանց մեծամասնության համար կա երկու տեղ. տեղը, որ իրենք են ապրում, և իրենց հեռուստացույցը:
    - Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, որ իմ այդ զգացումները կիսում են զանգվածները:
    - Տխրի՛ր: …Մենք բոլորս ենք տանջվում, միայն թե այնպես, որ դրանից հաճույք ենք ստանում» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
Բոդրիյարը ևս անդրադառնում է նույն տեղեկատվական աղբյուրների միջոցով հեշտությամբ ու ամեն օր տարածվող վախերին, սարսափներին, մահվան թեմային, որոնք արվում են հատուկ նպատակներով:
    «Միլիոնավոր մարդկանց, ովքեր չունեն պատմություն և դրանով իսկ երջանիկ են, պետք է զրկել մեղքի պասիվությունից: Ահա այստեղ էլ խառնվում է լրատվամիջոցների կողմից իրագործվող տեսողական դրամատիզացիան (որևէ պատահար կամ աղետ՝ բոլոր հաղորդագրությունների տարածված թեման): Որպեսզի թույլ տրվի պուրիտանական բարոյականության ու հեդոնիստական բարոյականության հակամարտությունը, պետք է, որպեսզի մասնավոր ոլորտի հոգեկան հանգիստը երևա որպես պոռթկող արժեք՝ մշտապես սպառնալիքի տակ գտնվող, միշտ աղետային ճակատագրերի կողքին: Արտաքին աշխարհի բռնությունն ու կոպտությունը պետք են ոչ միայն սեփական անվտանգությունը ավելի խորը զգալու համար, այլև որպեսզի յուրաքանչյուրը իրավունք ունենա ընտրելու անվտանգությունը որպես այդպիսին» (http://lib.rus.ec/b/153916, Жан Бодрийар, перевод: Е. А. Самарская, издано в 2006 г.):
    Կամ՝
    «Ավտոմոբիլային մահերի մասին պատմությունները մրցակցում են օդերևութաբանական կանխատեսումների հետ: Երկու դեպքում էլ գործ ունենք միֆական զույգի հետ. արևի նկատմամբ մոլուցքը և մահվան նկատմամբ ցավակցությունը անբաժան են» (http://lib.rus.ec/b/153916, Жан Бодрийар, перевод: Е. А. Самарская, издано в 2006 г.):
    Անդրադառնանք աղետներին առնչվող ապոկալիպսիսյան թեմային, որը բնորոշ է պոստմոդեռնիստական գրականությանը: «Սպիտակ աղմուկը» վեպում այն կարող էր լինել տեխնոլոգիական աղետի` օդատոքսինային երևույթի հետևանքով առաջացած աշխարհի վերջ, սակայն Դելիլոն այս նյութը միջոց է դարձնում ավելի խորը ուսումնասիրելու մահվան տեսակներն ու ձևերը, բնապահպանական հարցերը, ներկայացնելու մարդկային մտածողության, վախերի ու վերջավոր լինելու հետ կապված ֆոբիաները:
    «Անկասկած, կյանքին սպառնացող երևույթը կարող է ներշնչել սոսկում, կարող է թվալ ինչ-որ տիեզերական ուժ՝ շատ անգամ հզոր մարդուց, ծնված տարերքի անսասան ներդաշնակությունից»³:
    Մարդիկ տագնապի մեջ էին, նրանց վրա ազդում էին հայտարարվող ու մարդկանց մեջ տարածվող ցանկացած լուր, նրանք այդ բոլոր ախտանիշները զգում էին իրենց վրա, խուճապն ավելի էր ուժգնանում, երբ հաղորդում էին տարբեր տեղերում մահացող մարդկանց, վիժումների, ժամանակից շուտ ծննդաբերությունների, դեժա վյուների, հոգեբանական տարաբնույթ խախտումների մասին:
    «Հասարակությունն այնպես է ձևավորված, որ բնական ու արտադրական աղետների ժամանակ ավելի շատ տուժում են աղքատ ու կրթություն չունեցող մարդիկ»³:
«Երևում էր, որ մեր անօգնական վիճակը անհամատեղելի էր տեխնածին երևույթ հասկացության հետ»³:
    Հասարակության մեջ իշխում են ապոկալիպսիկ տրամադրությունները, բայց կա նաև ամերիկյան ֆիլմերին ու հոգեբանությանը բնորոշ անհայտ ուժերի կամ գերհզոր անհատականության օգնության հույսը:
«- Ամեն օր հեռուստացույցով հայտարարում են թունավոր նյութերի նոր արտահոսքի մասին: …Ինչքա՞ն մեծ է վտանգը, եթե այն տեղի է ունենում ամեն օր: Մի՞թե վտանգավոր երևույթը չպիտի լինի ոչ սովորական:
    - Իրական խնդիրը ճառագայթումն է, որն ամեն օր մեզ վրա է ազդում տարբեր կողմերից: Ռադիոն, հեռուստատեսությունը, միկրոալիքային վառարանը, տան մոտ գտնվող էլեկտրահաղորդման գիծը…Մեզ երկար ժամանակ վստահեցնում էին, որ այդ փոքր չափաբաժինները անվնաս են, սակայն…» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Կամ`
    «Հուլիսյան մի անձրևոտ գիշեր կպայթի Լուսինը՝ Երկիր մոլորակի միակ արբանյակը, որի արդյունքում մեր ամբողջ մոլորակը ամայի կդառնա հեղեղների, տեղատարափների և քաղաքի փլուզումների հետևանքով: Սակայն աղբահավաքների թիմերը ՉԹՕ-ի հետ միասին կկանխարգելեն համաշխարհային աղետը՝ ազդարարելով համատարած խաղաղություն ու ներդաշնակություն» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Բնական է, որ օդի մեջ տարածված է համընդհանուր վախը, որը մարդկանց մեջ միտումնավոր ներարկում են, այն պետք է ինչ-որ իշխող ուժերի, ու դա նրանց հաջողվում է. «Սարսափ տարածող ինֆորմացիան արդեն ինքն իրեն վերածվել է արդյունաբերության: Տարբեր ընկերություններ մրցակցում են իրար մեջ՝ փորձելով պարզել՝ ինչքան ավելի ուժեղ մեզ վախեցնել» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган): Այս մասին ասում է վեպի հերոսներից Հենրիխը, ով կարծես ապրիոր գիտելիքների հսկա աղբյուր ունի, որը հատկապես ավելի վառ է երևում աղետի շրջանում:
    Աղետից փախչող մարդիկ հավաքվում են ճամբարներում, այստեղ է, որ ավելի սուր է ծաղրվում սպառող հասարակության դեմքը, ամբոխ, որը սովորել է գնել արդեն պատրաստվածը, որը ունակ չէ իր ձեռքով անգամ լուցկի ստեղծելու, և մեկուսացման դեպքում կարող է հայտնվել ավելի վատ վիճակում, քան իրենից հազարավոր տարիներ առաջ ապրած նախնիները: Հասարակությունը դարձել է ստրուկը հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծված գիտական նորամուծությունների, տեխնոլոգիական սարքերի, առօրյայում օգտագործվող ցանկացած իրի: Նա դարձել է ուղղակի սպառող, կորցրել է ստեղծելու ունակությունը, գաղափար անգամ չունի, թե ինչպես և ոնց են ստանում ամենահասարակ իրերը, որոնք ամեն օր օգտագործում է:
    «Մենք հայտնվել ենք քարե դարում՝ մեր կուտակած գիտելիքներով հանդերձ, բայց ինչ կարող ենք անել մենք, որպեսզի թեթևացնենք քարե դարում ապրողի կյանքը: Մենք կարո՞ղ ենք սառնարան ստեղծել: Գոնե կարո՞ղ ենք բացատրել, թե ինչպես է այն աշխատում: Ի՞նչ է էլեկտրաէներգիան:…Մենք ամեն օր առնչվում ենք դրանց հետ, բայց իմաստը ո՞րն է, եթե հանկարծ հայտնվելով անցյալում, մենք չենք կարող մարդկանց բացատրել դրանց հիմնական սկզբունքները, ուր մնաց ստեղծել ինչ-որ իրական բան` նրանց հոգսերը թեթևացնելու համար: Անվանի՛ր թեկուզ մի բան, որ ինքդ կարող ես պատրաստել» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Թվարկված օրինակները լիովին ցուցանում են բոդրիյարական փիլիսոփայության ազդեցությունը «Սպիտակ աղմուկը» վեպի վրա:
    Ավելի մանրամասն անդրադառնանք վեպում գերիշխող մահվան թեմայի մասին, որը պոստմոդեռնիստական գրականության շոշափելիք գլխավոր հարցերից մեկն է, ու որը հաճախ ներկայացված է սուր հեգնանքով: Ինչպես տեսանք, Բոդրիյարի աշխատության մեջ ևս քննարկվում էին այս հարցերը: Ընդհանրապես մահվան մասին թեման մեկն է հավերժական թեմաներից, որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անդրադարձների է ենթարկվում: Դելիլիոյի մոտ այն բազմակողմանի է վերլուծված, վեպի առաջին տողերից մինչև վերջինը այն ուղղակի թե անուղղակիորեն առկա է. մահվան սարսափը` ըստ Դելիլոյի ժամանակի հասարակության, ըստ սպառող հասարակության, որը նաև մեր ներկան է, վեպի կարևոր գաղափարներից է:
    «Ո՞վ ավելի շուտ կմեռնի: Սա հարց է, որ ծագում է ժամանակ առ ժամանակ, այն հարցի նման, թե որտեղ են մեքենայի բանալիները: Նա մեզ ստիպում է խոսքը կեսից կտրել և երկար նայել միմյանց: Գո՞ւցե այդ միտքը ինքնին մարմնական սիրո բնույթներից է, դարվինիզմին հակառակ մի բան, որի համաձայն առողջացողին բաժին է ընկնում թախիծ և վախ: Իսկ գո՞ւցե օդում եղած ինչ-որ հազվագյուտ տարր է, որը մենք շնչում ենք, հազվադեպ նման նեոնին, ունի իր ընթացքը, ատոմային քաշը» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Կամ՝
    «Տիբեթցիները փորձում են ընկալել մահը այնպիսին, ինչպիսին կա: Մահը առարկաների նկատմամբ կախվածության վերջն է: Այս պարզ ճշմարտությանը հանգելը հեշտ չէ: Հենց մենք դադարենք ժխտել մահը, կարող ենք մեզ համար հանգիստ մեռնել, իսկ հետո երկրորդ ծնունդ ապրել կամ հայտնվել հուդայաքրիստոնեական գերեզմանային աշխարհում կամ անմարմին գոյության փորձ ձեռք բերել կամ ուղևորվել ճանապարհորդության ՉԹՕ-ի միջոցով և այսպես շարունակ՝ անվանեք, ինչպես կցանկանաք» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Այստեղ է, որ բացվում է Ջեկի՝ հիտլերագետ դառնալու պատճառը:
    «Կան մարդիկ, որոնք հսկաներ են թվում, որ կարող են փոխել կյանքը: Հիտլերը ներկայանում է որպես հսկա, ով կարող է հաղթել մահին: Դուք մտածում էիք, որ նա ձեզ կպաշտպանի» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
Ջեքն օգտագործում է Հիտլերին, որպեսզի մի կողմից թաքնվի նրա անվան ու չարագործությունների ստվերի տակ, մյուս կողմից՝ ավելի հայտնի և ուժեղ դառնա, երրորդ հերթին՝ փրկության օգնություն ստանա վախերի, հատկապես՝ մահվան դեմ՝ անարդյունք, բայց հասկանալի, համարձակ քայլ:
    Ամերիկյան հասարակության վախերը, ֆոբիաները, պարանոյիկ վիճակները գնալով բնորոշ են դառնում այդ քաղաքակրթության ազդեցության տակ ընկած և ընկնող բոլոր հասարակություններին: Դելիլոյի պես հմուտ գրողի խորը ներթափանացումներն օգնում են ավելի հեշտ բացելու մարդկային էության ամենամութ ծալքերն անգամ: Վախերի վախը, սարսափներից ամենասարսափելին մահվան մասին ամենօրյա մտածմունքն է: Մարդը պատրաստ է գնալ իր շատ սկզբունքների դեմ, կատարել զոհողություններ, միայն թե ամեն վայրկյան չմտածի մահվան մասին, չհիշի հաստատուն փաստը, որ մի օր այն այցելելու է, ու գուցե այդ վայրկյանը շատ մոտ է:
    «- Մահվան մասին միտքը չի դադարում ինձ տանջել, Ջե՛ք: Ոչ մի կերպ չեմ կարողանում մտքիցս հանել: Գիտեմ՝ չպիտի այն զգամ, հատկապես՝ այսքան գիտակցաբար, անընդհատ» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган): Բաբետտայի մոտ այդ վախը այն աստիճանի է հասնում, որ, տեսնելով մի թերթի վրա գրված «Մահվան սարսափը» վերնագիրը, միանգամից հետաքրքրվում է դրանով, գաղտնի պայմանագիր կնքում ինչ-որ անվստահելի մարդկանց հետ՝ դառնալով նրանց փորձաճագարը՝ ստուգելու «Դիլար» կոչվող դեղահաբի ազդեցությունը: Այս հաբը ուղեղում մահվան մասին մտքերի ոչնչացման համար էր ստեղծված, միտք, որ գրավում է սպառող հասարակության անդամների մեծ մասին, եթե ոչ՝ բոլորին: Բաբետտան անգամ սեռական հարաբերության մեջ է մտնում թեսթերն անցկացնող գյուտարարի հետ, որպեսզի հենց ինքը արժանանա դեղահաբի փորձարկմանը ենթարկվելուն: Նա, իմանալով հանդերձ, որ կարող է «Դիլարի» ընդունումից հետո ֆիզիոլոգիական վնասներ ունենալ, հետ չի կանգնում իր որոշումից՝ փաստելով դրված հարցի առաջնայնությունը՝ չնայած արդյունքը զրոյական է լինում:
    «Մենք որոշեցինք փորձարկումն ինքներս անել: Ես կբուժեմ իմ ներկա վիճակը, իսկ նրան կտրվեն բժշկության ոլորտում աննախադեպ նվաճման համար բարձր գնահատականները: …Հանուն դրա՝ ես արեցի մի անզգույշ քայլ: Միայն այդ դեպքում Միստեր Գրեյը թույլ կտար ինձ ընդունել դեղը: Դա իմ վերջին միջոցն էր, վերջին հույսը: Սկզբում նրան առաջարկեցի գիտակցությունս, իսկ հետո՝ մարմինս» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Ջեքը ևս չի դիմանում «Դիլարի» գայթակղությանը, որին խառնվել էր նաև տղամարդկային սեփականատիրության զգացողության նկատմամբ ոտնձգության համար պատիժը: Այս դեպքում ևս որևէ ցանկալի արդյունքի հերոսները չեն հանգում:
    Մահվան մասին այս տարաբնույթ զգացումներին, մտորումներին ամեն օր տարբեր կերպ բախվում է սպառող հասարակության ամեն մի անդամ՝ փողոցում, աշխատանքի վայրում, մարդկանց հետ շփվելիս, սպանվածների ու մահացածների մասին լուրեր լսելիս. իսկ դրանք պարբերական բնույթ են կրում: Մարդը ձգտում է լինել ամբոխի մեջ, որպեսզի միայնակ չմնա մահվան հետ դեմ առ դեմ, մենակ մարդը կռվում է մահվան դեմ՝ որպես առանձին անհատ, իսկ դա շատ ռիսկային է . «Հենց այդ պատճառով են ամբոխները հավաքվում: Մարդիկ գալիս են, որ ձուլվեն ամբոխին» (http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган):
    Քանի որ մի հոդվածի շրջանակներում դժվար է ամբողջովին ներկայացնել այս վեպը՝ իր փիլիսոփայական ու գեղարվեստական բազմաշերտությամբ, ապա կարծում ենք, որ կարողացանք այս մի քանի էջերում հստակ պատկերացում տալ կոնկրետ նշված թեմայի՝ մահվան սարսափի՝ սպառողների հասարակության մեջ դրսևորման ձևերի, պոստմոդեռնիստական ուղղության հատկանիշների մասին:
    Այսպիսով, վերլուծեցինք պոստմոդեռնիստական ուղղության վերջին արժեքավոր վեպերից «Սպիտակ աղմուկը» ստեղծագործության հիմնական շերտերը, ցույց տվեցինք Բոդրիյարի փիլիսոփայական հայացքների ազդեցությունը՝ բերելով մի շարք օրինակներ երկուսից էլ:

[3] http://lib.rus.ec/b/198693/read#t1, перевод: Виктор Ильич Коган.
[4] http://lib.rus.ec/b/153916, Жан Бодрийар, перевод: Е. А. Самарская, издано в 2006 г.

Օգտագործված գրականության ցանկ 
1. Дон ДелиллоБелый шум (пер. Коган), http://lib.rus.ec/b/198693/read#t1
2. Жан Бодрийяр Общество потребления, перевод: Е. А. Самарская, издано в 2006 г., http://lib.rus.ec/b/153916
3. Культура ХХ века - от модерна к постмодерну, http://www.jourclub.ru/22/291/9/
4. Ihab Hasan, Hassan's table of differences between modernism and postmodernism, http://en.wikipedia.org/wiki/Ihab_Hassan
5. Postmodern literature, Wikipedia, the free encyclopedia, http://en.wikipedia.org/wiki/Postmodern_literature

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: