Գրիգոր Հակոբյան. Հպանցիկ նկատառումներ (հատվածներ)

   …Թե ընթերցողական, թե գրական-քննադատական դաշտերում Հովհաննես Գրիգորյանը իրավամբ ընկալվում և գնահատվում է իբրև վերջին հիսնամյակի հայաստանյան գրականության տաղանդավոր դեմքերից մեկը: Նրա բանաստեղծությունն արդի պոեզիայի համապատկերում ներկայանալի երևույթ է: Ներկայանալի և հանգրվանային` նորագույն բանաստեղծության կառուցաբանական, ստեղծագործական-գեղագիտական համատեքստում: Գրիգորյանի ստեղծագործությունների բանաստեղծական ձեռագիրն ըստ իս նորարարական-նշանակալի է այսպես կոչված` անտիպոեզիայի ժամանակակից հարացույցում: Նրա` այսպես կոչված անտիպոեզիայի կառուցման ռազմավարությունը հատկանշող հեգնանքը, երբեմն գրոտեսկը, բնագիր կենցաղագրական տարրերի ինչ-որ առումով ծրագրային ներթափանցումը, առանց չափազանցության գերսաստկացման հասցրած կատակերգականի և ողբերգականի (հասկացությունները տվյալ պարագային կիրառում եմ գոյաբանական-ստեղծաբանական առումով) համադրությունը մի կողմից, մյուս կողմից բանաստեղծելու աֆորիզմի հանգույն եղանակը, պատմողական կերպն արդյունքում ապահովում են ուրույն, կարծում եմ կրկին չափազանցություն չէ` անկրկնելի գրականություն: Հենց այդ անկրկնելիությունն է, որ Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը պահում է ընթերցման կիզակետում:
  Հատկապես արգասավոր է նրա ստեղծագործական ուղին ետանկախացման շրջանում: Գրիգորյանը հայաստանյան գեղարվեստական ընթացում այն եզակի արվեստագետներից է, որ մեր բարդ ու դարձդարձումներով առլեցուն ժամանակաշրջանի համապարփակ և ընդհանրական բանաստեղծական վկայագրությունը ապահովագրեց: Ըստ այդմ գրական դաշտում բանաստեղծության արդիական կերպն ու բնույթը, լեզուն և ստեղծաբանական գերակայություններն ամրագրելը դարձնելով անընդհատական ընթացք:
  XX դարավերջի և XXI դարասկզբի անհատ-քաղաքացու սկզբունքային կեցվածքը, առհասարակ քաղաքացիական դիրքորոշման համապարուրվածությունը, ինտելեկտուալ շերտի հարակայությունը, արդի գոյակերպի հրամայականների և մարտահրավերների առկայությունը, դրանց հիմնականում պարոդիկ կերպընկալումը, ինչը հաճախ շաղախվում է անթաքույց էլեգիականությամբ, նրա բանաստեղծությունների արժեքայնության, գրական պահանջվածության և արդիականության պերճախոս վկայություններն են: Եվ եթե առաջին ժողովածուներում մատնանշված իրողությունները ստեղծագործական-գեղագիտական առումով տակավին ելքի, կուտակումների տիրույթներում էին, ապա սկսած «Կես ժամանակ»-ից, դրանք ըստ ամենայնի բյուրեղացել են, գրողական վարպետության առումով դարձել այցեքարտային: Գրիգորյանի, օրինակ, թեկուզ հենց վերոնշյալ ժողովածուն ժամանակակից արվեստի և արվեստագետի վկայություն է: նրա բանաստեղծական անդրադարձումները ժամանակների և ժամանակի միջակայքում /օրինակ` «Ժամանակներ, ժամանակ և կես ժամանակ»/ նշում են նոր հազարամյակ մուտք գործած մարդուն հաճախ ուղեկցող կիսկատարությունը, ժամանակների և ժամանակի միջակայքում հայտնված ժամանակակցի համար գոյության սոսկական կրկնություն լինելու ընդգծված ահազանգը: Միաժամանակ, նրա ստեղծագործական անդրադարձումները դրանք պատնեշելն է, «գերեզմանացված» կենսոլորտը, կիսկատարությունը զանցելու բանաստեղծումն է: Այդ զանցման տիրույթներում է Գրիգորյանը ժամանակագրում ժամանակի և ժամանակների, պատմության և արդի շրջանի մնայունն ու ամբողջականը, լիակատարն ու ավարտունը, վերստեղծում արժեքների այն հանրագումարը, ինչն ապրելը և բանաստեղծություն գրելը ազատագրում է ինքնանպատակ կրկնվող /անգամ ամենադրական իմաստով/ տեղապտույտից, ավելին` տեղապտույտն իր բանաստեղծություններով դարձնում է շրջապտույտ: Այսպես է վկայագրվում ժամանակակից արվեստագետը, անհատը, մտավորականը, քաղաքացին: Հիրավի, նրա բոլոր գրքերը, իսկ վերջին շրջանի ստեղծագործությունները հատկապես, մի կողմից շարունակում են ժամանակակից Հայաստանի հասարակական-քաղաքական, հոգևոր կյանքի բանաստեղծական աննախադեպ քրոնիկոնը, մյուս կողմից համադրում են արդի աշխարհի քաղաքական, բարոյական-մտավորական, գոյաբանական տագնապներն ու մարտահրավերները, սրանք էլ ներդաշնակորեն ագուցում մեր պատմության և ներկայի կենսոլորտին: Գյումրվա նախա և ետերկրաշարժյան պատկերագրումներով, այսպես կոչված` անտիպոեզիայի հղացումա-պատկերավորման սկզբունքներով գրված «նոր սիրերգությամբ» կամ «հակասիրերգությամբ» և քնարական բանաստեղծության կերպափոխումներով, նրա գեղարվեստական համակարգի համար վստահաբար գեղագիտական-փիլիսոփայական-ստեղծաբանական կոդի գործառություն ունեցող աշնան հարացույցի ընդլայնումով, վարպետ ռեցեպցիաներով (միֆեր, Աստվածաշունչ, Ջոյս և Գինզբերգ, միզերաբիլիստական և էկզիստեցիալիստական պոստմոդեռնիստական փիլիսոփայություններով) ինտելեկտուալ բանաստեղծական ձևերով ստեղծում իր տեսակի մեջ նշանակալի պոետական համանվագայնություն (սիմֆոնիզմ): Իր բնույթով արդի բանաստեղծության մեջ այս խիստ ինքնատիպ համանվագայնության գերակայությունն է թե հայրենիքի և հայոց պատմության, մեր ժամանակի, թե քաղաքացիական, թե ինտելեկտուալ ստեղծագործությունների հղացումա-բովանդակային, ստրուկտուալ առանցքը:
Ահա այս իմաստով վստահաբար կարելի է ասել, որ Հովհաննես Գրիգորյանի լավագույն բանաստեղծություններից շատերը XXI դարի հայոց բանաստեղծության ընթացքը ուղենշող արտահայտություններից են:
                                                                                                              ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ
                                                                                                Բանասիրական գիտությունների դոկտոր

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: